Հայոց եկեղեցական իրաւունքը. Բ Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ե. ՊՍԱԿԱԴՐՈՒԹԻՒՆ

(Церк. пр. Суворова)

 

Պսակադրութիւնը կատարում է քահանան եկեղեցու մէջ այն ժամանակ, երբ չի գտնում որեւ է մի արգելք այդ խորհուրդը կատարելու եկեղեցու կանոնների համաձայն: Պսակը իրաւունք ունի կատարելու քահանան. ա) եթէ հարսն ու փեսան փոխադարձաբար հաւանում են միմեանց եւ սիրում, եւ երկուսն էլ բոլորի՝ քահանայի ներկայութեամբ այդ բանը հաստատում են, բ) եթէ երկուսի ծնողները նոյնպէս ընդունում են եւ նրանց կամքի հակառակ չէ, գ) եթէ երկուսի տարիքն էլ հասած է եւ երկուսն էլ չափահաս են եկեղեցական կանոնների հիման վրայ, դ) եթէ պսակի կատարման մէջ որեւ է կողմից բռնութիւն, խաբէութիւն չկայ, ե) եթէ երկուսից մէկն կապուած չէ երրորդի հետ պսակով, ուրիշ խօսքով՝ պսակուողներից մէկի ամուսինը կենդանի չէ եւ պսակը լուծուած չէ, զ) եթէ պսակուողները կուսակրօն եւ փեսան քահանայ եւ սարկաւագ չէ, է) եթէ պսակը կատարւում է թոյլատրուած օրերում, ը) դաւանական կամ կրօնական արգելք եթէ չկայ, թ) եթէ չկայ ազգակցական, խնամական եւ կնքահայրական չհասութիւն ա, բ. պսակուող անձանց եւ ծնողների փոխադարձ համաձայնութիւնը անհրաժեշտ պայմանն է պսակադրութեան. Բարսեղի 38 կանոնով գիրք, 173) առանց հօր կամքի մարդի գնացած աղջիկը պոռնկութիւն արած է համարւում. եթէ հօր հետ հաշտուի, երեք տարի պիտի ապաշխարի, որ հաղորդուելու իրաւունք ստանայ: Շահապիվանի 7-րդ կանոնը ասում է` եթէ քահանան առանց ծնողների կամքի գաղտնի պսակ արաւ, զրկուի քահանայութիւնից եւ տուգանուի գիրք, 233): Ծնողների եւ պսակուողների փոխադարձ համաձայնութեան մասին սաստում են ս. Սահակի եւ Շնորհալու կանոնները. «Ոչ ոք չհամարձակի տղայի եւ աղջկայ կամքի հակառակ պսակ անել, այդպիսի պսակը անհաստատ է եւ լուծանելի. եւ պսակադիրը՝ եթէ բռնութիւնից մինչեւ անգամ ստիպուած արած լինի պսակը, էլի կպատժուի» գիրք, 405): Բարսեղը աւելի խիստ որոշում է տալիս ակամայ պսակի վերաբերմամբ. «Ակամայ պսակը անառակութիւն է» գիրք, 173): Յունահռոմէական կանոններով. 1) հայրը կարող էր ստիպել որդուն պսակուել, եթէ վերջինս անառակ կեանք էր վարում: 2) Աղջիկը կարող էր հակառակել հօրը, եթէ նրան անբարոյական տղայի էին կամենում տալ: 3) Եթէ ծնողները առանց յարգելի պատճառի չէին կամենում ամուսնացնել իրանց որդոց, սրանք կարող էին դիմել քաղաքացիական իշխանութեան միջնորդութեան: Ստրուկները առանց տիրոջ ցուցման իրաւունք չունէին նշանած ընտրել: Զինուորականները առանց իրանց մեծի իրաւունքի չէին կարող պսակուել: Գ. Պսակուողները պիտի լինեն չափահաս. նախորդ դարի եկեղեցական կանոններում ասում է ընդհանուր բառ, որ հարսն ու փեսան լինեն չափահաս, բայց ո՛ր տարիքն է համարւում չափահաս, անորոշ էր, մինչեւ Յուստինիանոս կայսեր հրամանը, որով որոշուեց չափահաս համարել 14 տարեկան տղային եւ 12 տարեկան աղջկան. Լեւոն Իսաւրացին որոշեց 15 տարի` տղայի եւ 13 տարի` աղջկայ համար: Նոյն կանոնները մտան եւ Ռուսաց եկեղեցու մէջ. նոյն կանոններով օգտուեցին եւ հայոց հայրապետները: Ներսէս Շնորհալին սահմանեց տղայի համար` 15 եւ աղջկայ համար` 12. «Անմեղ տղաներին ժառանգութեան եւ կամ այլ պատճառով չպիտի պսակել, այլ հասակն առածներին, եթէ տղան 15-ը լրացած եւ աղջիկը 12-ը լրացած կամ էլ աւելի հասակում, որպէս զի գիտակցաբար լինի նրանց ամուսնութիւնը եւ ո՛չ անգիտութեամբ» գիրք, 405 երես): Աւելի հին կանոն ունենք, այն է` ս. Սահակինը, որ ասում է. «Դուք էլ, քահանաներ, անչափահասներին մի պսակէք մինչեւ չհասնեն, միմեանց չհաւանեն, քննեցէք, տեսէք նշանածները միմեանց ընդունում են, եթէ ծնողների բռնադատութեամբ է, մի՛ պսակէք» գիրք, 365 երես): Զ դարի Դուինի ժողովի կանոնն ասում է. «Տղայոց պսակը չհամարձակուեն օրհնել եւ ո՛չ էլ չափահասներինը առանց միմեանց տեսնելու... այսպիսի պսակը կորուստ է ժողովրդի համար» գիրք, 269): Ներսէս Ե սահմանեց տղայոց համար` 16 տարեկանը, աղջկանց համար 13-ը լրացած: Սսի 13-րդ դարու ժողովի 7-րդ կանոնը Շնորհալու սահմանածը աւելի մեղմացրեց` «փեսան ոչ պակաս, քան տասն եւ չորս տարեկանը եւ հարսն` քան տասներկուսը» գիրք, 453): Ռուսաց պետական օրէնքը կովկասցիների համար որոշեց տղայի համար` 15 եւ աղջկայ համար` 13-ը լրացած:

 

Դ. Պսակը պիտի կատարուի առանց բռնութեան եւ խաբէութեան: Բռնի պսակը կարող է լինել ծնողների, բարեկամների եւ խնամակալների կողմից զանազան պատճառներով, կարող է լինել փեսայի կորմից, կարող է լինել առեւանկութեամբ, երբ աղջկայ կամքի հակառակ կամ նրա կամքով է լինում: Խաբէութեամբ պսակ լինում է, երբ փեսան, աղջիկը չեն լինում այն անձինք, որոնք պիտի լինէին. օրինակ, տղային ցոյց են տալիս աղջիկը, եւ պսակի ժամանակ տանում են եկեղեցի նրա տգեղ քոյրը, կամ փեսայի փոխարէն պսակելուս տանում են ուրիշ մարդ. խաբէութեամբ պսակ կլինի, եթէ աղջիկը կուսութիւնը խախտած լինի նախ քան պսակը ոչ իւր նշանածի յարաբերութեամբ: «Ակամայ պսակը պոռնկութիւն է», ասում է Բարսեղ եւ օրինաւոր է համարւում փոխադարձ համաձայնելուց յետոյ: Առեւանկութեան համար պատժի են ենթարկւում թէ պսակուողները եւ թէ օգնողները. իսկ «եթէ առեւանկութիւնը կատարուել է առանց բռնութեան, առանց գողութեան եւ առանց մեղանչման, պատիժ չի նշանակւում» գիրք, 243): Շահապիվանի ժողովի 7-րդ կանոնը բռնութեամբ եւ անիրաւութեամբ արած առեւանկութեան համար ենթարկում է տուգանքի յօգուտ բարեգործական հաստատութիւնների, թէ օգնողներին եւ թէ պսակուողներին կամ փեսային, գաղտնի պսակող քահանային էլ զրկում է քահանայութիւնից գիրք, 331): Վերոյիշեալ բոլոր դէպքերում եթէ հարս ու փեսայի կողմից ոչ մի թիւրիմացութիւն տեղի չի ունենալ այդպիսի ձեւով պսակուելուց յետոյ եւ ո՛չ մի գանգատ չի հետեւիլ, այն ժամանակ ոչ մի արգելք չի լինի պսակը համարել օրինաւոր (տե՛ս Լուսաւորչի 9 կան., Ա գիրք, 507 երես):

 

Ե. Պէտք է պսակուող անձինքներից ոչ մէկը կապուած չլինի ուրիշի հետ չլուծուած պսակով: Այս կանոնը բխում է Յիսուսի, առաքեալների արձակած պատուէրից, եկեղեցական կանոնների սահմանադրութիւնից, որով որոշւում է՝ պսակը լուծել պոռնկութեան եւ այլ թոյլատրելի պատճառներով, եթէ պսակը չի լուծուած, այն դէպքում ամուսինները համարւում են կապուած եկեղեցական լծով միմեանց հետ, որոնց նոր ամուսնութիւնը խախտւում է օրէնքով եւ ենթարկւում հալածանքի, իսկ քահանան կարգալոյծ է արւում, եթէ գիտութեամբ է պսակել: Քահանան պիտի պահանջի օտար, անծանօթ մարդու ծխական քահանայից յայտարարութիւն, եւ հաստատ իմանալուց յետոյ յօժարանայ պսակել: Հին կանոններով պսակը լուծւում էր միմիայն կնոջ անառակութեան պատճառով, այսպիսի դէպքում պսակը լուծուելուց յետոյ կինը իրաւունք չունէր մարդու գնալու իբրեւ մեղաւոր կողմ. ուրիշ դէպքերում մեղաւոր կողմն իրաւունք չունի պսակուելու նորից, նախկինի լուծուելուց յետոյ:

 

Զ. Պսակուողները չպիտի ունենան արգելառիթ հոգեւոր աստիճան` թէ կուսակրօն, թէ աշխարհիկ: Առաք. 26 կանոնը գիրք, 96 երես) ասում է. «Կուսակրօն հոգեւորականութեան մէջ մտածներից ամուսնանալ կարող են միմիայն գրակարդացները եւ սաղմոսերգուները»: Անկիւրիայի 19-րդ կանոնը գիրք, 189) ասում է. «Չպսակուելու ուխտ անողը եւ ուխտ խախտողը կենթարկուի երկապսակների ապաշխարութեան»: Նոյն ժողովի 10-րդ կանոնը ասում է. «Սարկաւագները ձեռնադրութեան ժամանակ եթէ կյայտնեն, որ պսակուելու ցանկութիւն ունին, կարող են ձեռնադրութիւնից յետոյ պսակուել եւ ծառայութեան մէջ մնալ, եթէ եպիսկոպոսը կթոյլատրի: Իսկ եթէ ձեռնադրելիս կլռեն, կխոստանան ամուրի մնալ, բայց յետոյ կամուսնանան, այդպիսիները պիտի դադարեն սարկաւագութիւն անելուց». կանոնս բոլորովին մեղմ է վարւում եւ աւելի թեթեւացնում ձեռնադրութիւնից յետոյ պսակուելու խնդիրը: Բարսեղ Մեծը խիստ է ընդհանրապէս եւ մասնաւորապէս այս դէպքում. «Աստծուն նուիրուած կոյսերի անառակութիւնը պսակով չպիտի միաւորել, այլ բոլորովին պէտք է լուծել նրանց ապօրինի կապը, եկեղեցու հաստատութեան համար այդ է օգտաւէտ համարւում»: «Մեղանչող սարկաւագը կարգալոյծ է լինում եւ աշխարհական դառնում, բայց եկեղեցուց չի մերժւում» գիրք, 238 երես): «Ուխտական մարդիկ ասելով հասկանում ենք վանականները, որոնք կուսակրօն կեանք վարել են ցանկանում: Նրանցից պարզ եւ որոշ խոստում պիտի առնել միշտ կուսակրօն մնալու, ով կմեղանչի՝ անառակների պատժին կենթարկուի»: Բարսեղը 60 կանոնով նոյն մտքով է արտայայտում իւր հայեացքները. «Կոյս լինելու խոստում անողը եթէ երդմնազանց լինի, շնացողի ապաշխարանքին ենթարկուի, նոյն պատժին ենթարկուեն կուսակրօնութեան խոստում տուողները» գիրք, 246): Մեր կանոններում նոյն միտքն է արտայայտում. «Կրօնաւորը եթէ կամաւոր ուխտած է եւ ո՛չ հարկից ստիպուած, եւ եթէ կամենայ ամուսնանալ նա իւր  քահանայական կարգը ուրացող  կհամարուի»  գիրք, 482): Լուսաւորչի կանոնը ասում է. «Քահանան եթէ կին ունի, 9 տարի ապաշխարի եւ ապա հաղորդուի» գիրք, 505 երես): «Կոյսը, միայնակեացը (մոնոզոն) եթէ նուիրում են իրանց Աստծուն, չհամարձակեն ամուսնանալ, ամուսնացողները հաղորդութիւնից մերժուեն, նրանց ընդունելութիւնը կախուած լինի եպիսկոպոսի մարդասիրութիւնից» գիրք, 509): Մեր կանոնների տրամադրութիւնից երեւում է, որ. ա) հոգեւոր աստիճանի մէջ եղածները կիսասարկաւագութիւնից սկսած դէպի բարձր իրաւունք չունին պսակուելու բ)  այդ  աստիճանում  եղած  ժամանակ  եթէ  կամուսնանան կը զրկուեն իրենց կարգից եւ աստիճանից եւ կ’ենթարկուեն եկեղեցական ապաշխարանաց, գ) եթէ նրանք եկեղեցական ատենական վճռով զրկուած են կարգից, իբրեւ աշխարհական կարող են ամուսնանալ:

 

Է. Պսակը պիտի կատարի քահանան թոյլատրուած օրերում: Մեր կանոններով պսակը պիտի կատարել առաւօտները մինչեւ ճաշ, որ պատարագից յետոյ հնար ունենան հարսն ու փեսան հաղորդուելու կամ պատարագի ժամանակ հաղորդութեան միջոցին սրբութիւն առնելու: Նոյնպէս Շնորհալին սահմանել է. «Քահանան պսակ պիտի անի առաւօտից մինչեւ ճաշը: Խմած մարդուն եկեղեցի թողնել չի կարելի, նոյնպէս եւ անառակ կանանց, որ պսակի օրհնութիւնը չաղտեղեն: Գուսանները նոյն միջոցին չերգեն: Բուն բարեկենդանից մինչեւ զատիկ, զատկից էլ մինչեւ Պենտեկոստէն եւ բոլոր կիւրակի օրերը պսակ անել չի կարելի» գիրք, 405-406 երես): Առաքելական 52 կանոնը նոյնպէս եւ 53-ը սահմանել էին. «Քառասնորդական պասին պսակ անել կամ ծնունդը տօնել չի կարելի»: «Քրիստոնեան պսակ գնալու ժամանակ չպիտի ձիարշաւ դուրս գայ, պարի, այլ գիշերը պիտի հանգիստ անց կացնի» գիրք, 225 երես): Դուինի ժողովի 5-րդ կանոնը նոյնպէս սահմանում է. «Չէ արժան քառասնորդական պասին, զատկին, մինչեւ Պենտեկոստէն հարսանիք անել... որովհետեւ ամէն օր կիւրակի է, եւ միշտ կատարւում է աստուածային խորհուրդը» գիրք, 410): Նոյն ժողովի 3-րդ կանոնը պսակը անվաւեր է համարում եւ պսակադիր քահանային պատժում է, եթէ ճրագալոյցի օրը պսակ է կատարւում գիրք, 409): Նոյն ժողովը պահանջում է` պսակ անել առանց խմելու, արբենալու, այլ միշտ աղօթքով եւ խորհրդաւորութեամբ: Ներսէս Ե-ի կանոնը. «Պսակ չանել՝ 1) բուն բարեկենդանից մինչեւ հոգեգալստեան առաջի յարութեան կիրակին, 2) կիւրակի օրերը, 3) տէրունական տօների պահոց օրերը, ութօրէի՝ զկնի ծննդեան եւ նաւակատեաց, իսկ մնացած օրերը անխտիր կատարել պսակի խորհուրդը» գիրք, 614): Քահանան պսակ չպիտի անի՝ ուրեմն` ա) բոլոր կիւրակի օրերը, 2) ուրբաթ եւ չորեքշաբթի եւ բոլոր պաս օրերը, 3) 5 նաւակատիքների պաս շաբաթներից յետոյ՝ եկող ութ օրերը, 4) Մեծ պաս եւ Ծննդեան պաս իւր ութօրէիցով, 5) զատկից մինչեւ հոգեգալստեան յաջորդող առաջի կիրակին: Թէ օրուայ որ ժամին է լինում այժմ, այդ կարգը հնի հակառակ կատարւում է այժմեայ սովորութեամբ, ո՛չ մինչեւ ճաշ, այլ երեկոյան, պսակը կատարւում է մինչեւ երեկոյան ժամի տասը:

 

Ը. Պսակը կատարւում է, եթէ դաւանական եւ կրօնական արգելք չկայ: Այս մասին ունինք Պօղոս առաքեալի պատուէրը, որով անխտիր՝ թոյլ է տալիս քրիստոնեային ամուսնանալ հրէայի՝ հեթանոսի հետ, առանց վերջիններիցս կրօնափոխութիւն պահանջելու, այն յուսով, որ քրիստոնեայ ամուսինը իւր անարատութեամբ եւ մաքրակրօն լինելովը բարոյապէս կճնշի ո՛չ քրիստոնեայ ամուսնուն քրիստոնեայ դառնալու: «Բայց ուրիշներին ես եմ պատուիրում եւ ո՛չ Տէրը. եթէ եղբայրներից մէկը անհաւատ կին ունենայ եւ նրան հաճելի է բնակուել նրա հետ, թո՛ղ չթողնի նրան, եւ կինը եթէ անհաւատ մարդ ունենայ եւ նրան կամք լինի ապրել նրա հետ, թող ապրի: Որովհետեւ սուրբ է անհաւատ մարդը՝ կնոջով, եւ սուրբ է անհաւատ կինը՝ մարդով, ապա թէ ո՛չ ձեր որդիքը պիղծ են, իսկ այժմ սուրբ» Կորնթ. Է գլ. ): Եկեղեցին յետոյ նոյն շաւղով գնալը դժուար համարեց, կանոնը աւելի խստացրեց եւ իսպառ արգելեց հրէի եւ հեթանոսի հետ ամուսնանալ: Լաւոդ. 31 կանոնը որոշեց «հերետիկոսների հետ խնամութիւն անել այն դէպքում, երբ կխոստանան քրիստոնեայ-հաւատացեալ լինել» գիրք, 222): Մովսէս Կաղանկատուացին պատմում է վրաց բաժանման մասին հայադաւանութիւնից եւ Աբրահամ կաթողիկոսի բոլոր գործ դրած ջանքերի ապարդիւն անցնելու վերաբերմամբ, կցելով կաթողիկոսի կոնդակը՝ արձակած Հայոց աշխարհին՝ արձանագրելով եղած վերջացած դէպքը եւ երեւի թէ երկնչելով դաւանափոխ վրացիների անելիք վատ ազդեցութիւնից հայոց վրայ, նզովում է նրանց, որոնք վրացիների հետ խնամութիւն, նոյն իսկ յարաբերութիւն կունենան: «Ամենեւին յարաբերութիւն չունենալ նրանց հետ, ոչ աղօթքով, ոչ կերակրով, ո՛չ խմելիքով, ո՛չ բարեկամութեամբ, ո՛չ դայեկութեամբ, ո՛չ ուխտ գնալ Մցխեթայ խաչը, ո՛չ Մանգլիսայ խաչը, չընդունել նրանց մեր եկեղեցին եւ ամուսնութեամբ բոլորովին հեռանալ, միայն առեւտուր նրանց հետ, ինչպէս հրէաների հետ» (Մով. Կաղանկ., 214 երես): Նոյնպիսի վերաբերմունք կար յոյների եւ ռուսների կողմից դէպի հայերը: Մինչեւ ԺԷ դարը ռուսաց եպիսկոպոսները եւ մետրոպոլիտները այսպիսի երդումն էին ուտում. «Չթողնել իւր վիճակում, որ ոչ մի ուղղափառ՝ հայերի հետ հարսանիք չանի, նոյնը եւ լատինների հետ. եթէ մի որեւէ քահանայ այդ անի, պիտի անմիջապէս իմ մետրոպոլիտիս յայտնեմ»  (1424, Акт. Эксп. 1): Հայոց եկեղեցու կարգերը այս բանի վերաբերմամբ հետեւեալ գործնականութիւնը ստացան. 1) հայ քահանան կարող է պսակել հրէայի, հերետիկոսի, մահմետականի հայադաւանի հետ, եթէ նրանք կմտնեն մկրտութեամբ Հայոց եկեղեցու ծոցը, 2) հայադաւանին կարող է պսակել հայ քահանան քրիստոնեայ այլադաւանի հետ, երբ պսակը երկուստէք համաձայնութեամբ լինելու է Հայոց եկեղեցում, 3) այս կանոնը բացառութիւն ունի Ռուսաստանում, յունադաւանների եւ հայերի վերաբերմամբ. ա) ռուսաց օրէնքը պահանջում է, որ հայադաւանի եւ յունադաւանի պսակը լինի ռուսաց եկեղեցում, բ) հայադաւանը ստորագրութիւն տայ, որ ծնուած որդիքը պիտի համարուեն ռուսադաւան: Հայ քահանան թոյլատրուած պսակը անելիս վերոյիշեալ անձանց հետ, պիտի ղեկավարուի Հայոց եկեղեցու օրէնքով պսակի արգելքների նկատմամբ, այն է՝ օտարները երկրորդ պսակով չկապուեն, եթէ առաջին պսակը լուծուած չէ, կամ եթէ զրկուած են պսակուելու իրաւունքից, կամ նրանք հոգեւորական են եւ չեն կարող պսակուել եւ այլն, եւ այլն:

 

Թ. Պսակը կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ չկան ազգակցական, խնամական  եւ  կնքահայրական  չհասական արգելքներ:

 

ա) Ազգակցական չհասութիւն. ազգ կամ ցեղ համարւում է մի որեւ է նախահօրից առաջացած արական եւ իգական արիւնակցական կապով միացած որդիքը, որոնք կոչւում են ազգականներ, արիւնակիցներ: Նախկին բոլոր հին ազգերի մէջ ազգակցութիւնը պսակման խնդրում միշտ որոշ չհասական աստիճաններ ունէր, ազգակից լինելը աւելի պատուաւոր էր, քան խնամի դառնալը: Մովսէսից սկսած հրէաները որոշ օրէնքներ ունէին ազգակցական պսակների մասին. յունա-հռոմէական շրջանում որոշուեց կանոնաւոր կերպով ազգակցական պսակների հեռաւորութեան մերձաւորութեան չափը, դրուեցին գծեր եւ աստիճաններ, որոնցով ամենադիւրին կերպով կարելի եղաւ չհասական աստիճաններ որոշել:

Աստիճան կամ պորտ անուանւում էր մէկի կապը մյուս անձի հետ ծննդեամբ. աստիճանների կապը անընդհատ շարունակուող` գիծ (լինիա, օրդօ):

 

Գիծը սկսւում է այն անձից, որից ծնւում է որդին, սրանից էլ յաջորդող անձը եւ շարունակաբար գնում է ցած դէպի թոռներ ծոռներ, այս գիծը կոչւում է ստորագիծ, դէպի ցած գնացող գիծ: Երբ հաշւում ենք ծոռնից սկսած դէպի վերեւ, հայրը, պապը, պապի պապը, այս գիծը կոչւում է վերագիծ, դէպի վերեւ գնացող գիծ: Երբ հաշւում ենք ո՛չ ուղիղ գծով, այլ դէպի կողքերը գնացող ուղղութեամբ, դէպի եղբայրներ, քոյրեր, հօրեղբայրներ, հօրաքոյրեր, այն դէպքում ստանում ենք կողագիծ, այսինքն կողքերը գնացող գիծ:

Առաջինի օրինակ. պապս, որդին, թոռը, ծոռը, թոռան թոռը, ծոռան ծոռը: Երկրորդի, օրինակ, ծոռը, ծոռան հայրը, ծոռան պապը, ծոռան պապի հայրը: Երրորդի օրինակ. հօրեղբօրս որդիքը, հօրաքրոջս աղջիկները, մօրաքրոջս թոռները: Աստիճանները եւ մերձաւորութիւնը հաշւում են շատ դիւրին կերպով. ամէն մի ծնունդը համարւում է մի աստիճան կամ մի պորտ հօրից սկսած. օրինակ՝ որդին հօր վերաբերմամբ մի աստիճան է, թոռը պապի վերաբերմամբ  երկրորդ  աստիճան է որովհետեւ  երկրորդ  ծնունդն  է Երկու եղբայր միմեանց նկատմամբ երկու աստիճան են, որովհետեւ երկու ծնունդ են, երկու պորտ են:

 

ա) Մարդ եւ կին չեն կազմում առանձին աստիճան, նրանք համարւում են մի մարմին, ուստի մարդ ու կին պիտի հաշուել միացած:

 

բ) Որդիքը՝ տղայ եւ աղջիկ, դէպի ծնողները մի աստիճան են:

 

գ) Որդիքը՝ տղայ եւ աղջիկ դէպի միմեանց երկու աստիճան են:

 

դ) Մի հօր եւ խորթ մօր, կամ մի մօր եւ խորթ հօր որդիքը բոլորը համարւում են մի մօր, մի հօր, հարազատի աստիճանով պիտի հաշուել:

 

ե) Կանայք եւ մարդիկ իբրեւ ծնունդներ հօր վերաբերմամբ միեւնոյն կանոնին են ենթարկւում: Օրինակ՝

 

 

1) Ա նախահայրն է, 2) Բ եւ Ե` որդիք, 3) Գ եւ Զ` թոռներ, 4) Դ եւ Է` ծոռներ: Ձախ կողմից՝ Բ կազմում է դէպի հայրը՝ Ա, մէկ աստիճան, Գ կազմում է դէպի Ա երկրորդ աստիճան, Դ կազմում է դէպի Ա երրորդ աստիճան:

Աջ կողմից՝ Ե կազմում է դէպի Ա մէկ աստիճան, Զ կազմում է դէպի Ա երկրորդ աստիճան, Է կազմում է դէպի Ա երրորդ աստիճան: Ուրեմն երեք աստիճան ձախ կողմումն է, երեք աստիճան` աջ, որ կանի բոլորը 6 աստիճան: Որովհետեւ Բ եւ Ե երկու եղբայր են, կամ երկու քոյր, երկու ծնունդ են, դէպի միմեանց երկու աստիճան են, Գ եւ Զ թոռներ են, երկու ծնունդ իրանք են, երկու ծնունդ էլ իրանց հայրերը, կլինի 4 աստիճան, Դ եւ Է ծոռներ են, երկու իրանք են, 4 էլ նախորդները, բոլորը` 6 աստիճան:

 

Վերոյիշեալ ճիւղագրութիւնը ազգակցական է, որի մէջ նախահայրը Ա կազմում է վեց աստիճանով մեծ ընտանիք, որդիք, թոռներ, ծոռներ, տղայի թոռներ, աղջկայ թոռներով նա կազմում է հարազատ ազգ, արիւնակից մեծ ընտանիք, որ խառն չէ ուրիշ ընտանիքի հետ:

 

բ) Խնամական չհասութիւն. պսակի միջոցով յարաբերութեան մէջ են մտնում երկու օտար ընտանիք, որոնք միմեանց վերաբերմամբ կոչւում են խնամի. ստանում ենք երկու ցեղի բարեկամութիւն, երկցեղ խնամութիւն: Խնամութիւնը կազմում է. 1) ամուսինը եւ կնոջ բարեկամները, 2) երկու ամուսինների երկու կողմերը, 3) մեկ ամուսնու եւ միւսի առաջին ամուսնութեան ստորագիծ ծնունդները (խորթ որդիք), 4) փեսան դէպի հարսի բարեկամները այն աստիճանի մէջ է, ինչ աստիճանի մէջ որ գտնւում է հարսը դէպի իւր արիւնակիցները, 5) հարսը դէպի փեսայի արիւնակիցները գտնւում է այն աստիճանի մէջ, ինչ աստիճանում որ գտնւում է փեսան դէպի իւր ազգակիցները: Այս երկու դէպքերում էլ հարսն ու փեսան մի մարմին՝ մի աստիճան են կազմում, 6) հարսը եւ փեսան ջոկ-ջոկ աստիճաններ են կազմում, եթէ երկու կողմի բարեկամների աստիճանները հաշւում ենք: Աստիճանները հաշւում են միշտ ուղղահայեաց եւ թեք գծերով, մարդ ու կնոջ պսակը միացնւում է հորիզոնական գծով: Օրինակ՝

 

մ. •-------------• կ.

 

1)        Ա.        2)        Դ.

          

 

Բ.        •Գ.       Ե.       •Զ.

Ա, Բ, Գ կազմում են մի ընտանիք, հայրը եւ երկու որդիք. Դ, Ե, Զ կազմում են մի ուրիշ ընտանիք` մի հայրով եւ երկու որդով: Երկու ընտանիքը ուզում են խնամի դառնալ. Գ առնում է Ե-ին. Գ տղայ է. Ե` աղջիկ. կստանանք այս.

 

Ա.        Դ.

          

 

Գ.        Ե.

Բ.                              •Զ.

 

 

Գ եւ Ե մարդ ու կին են, միացած հորիզոնական գծով: Ի՞նչպէս հաշուենք աստիճանները: Բ եւ Գ եղբայր եւ քոյր են, ուրեմն երկու ծնունդ՝ երկու աստիճան են: Ե եւ Զ եղբայր եւ քոյր են, ուրեմն երկու ծնունդ՝ երկու աստիճան են: Երկու կողմը միասին կը լինեն 4 աստիճան: Իսկ եթէ այսպէս լինի`

 

 

Ա.

 

 

 

Բ.   Գ.         Ե.

 

կունենանք երկու աստիճան, որովհետեւ եւ հարսը (Ե) փեսայի հետ մի է, փեսայի ազգականների հետ նոյն աստիճանում է, ինչ որ փեսան: Կամ թէ եթէ այսպէս լինի`

 

Դ.

 

 

 

Գ.      ╖Ե.     ╖Զ.

 

էլի կունենանք երկու աստիճան, որովհետեւ փեսան (Գ) հարսի հետ մի է, ուստի եւ հարսի ազգականների հետ այն աստիճանումն է, ինչ որ ինքը` հարսը:

Իսկ եթէ հարսն ու փեսայի ազգականները հաշւում են, այն դէպքում հարսը եւ փեսան դառնում են ջոկ-ջոկ աստիճաններ իրանց ազգի հետ (վերեւի քաշածի պէս): Խնամական բարեկամները կոչւում են. աներ, զոնքանչ, փեսայ, հարսը, տալ, քենի, սկեսուր, սկեսրայր, պատրոն, տէգր, տէգրակին, աներձագ, խորթ հայր եւ մայր, խորթ տղայ եւ աղջիկ:

 

Խորթութիւնը մտնում է թէ ազգակցութեան եւ թէ խնամութեան մէջ, նա կանգնած է երկուսի մէջ տեղը: Նրա աստիճանները պիտի հաշուել ընդհանուր կանոնով:

 

Օրինակ՝ Ա մարդն է, Բ` կինը. որդին է՝ Գ: Ա մեռնում է, Բ գնում է մարդու Դ-ին եւ տանում է հետը որդուն` Գ-ին: Գ կոչվում է եկովի, բերովի տղայ, խորթ տղայ նոր հօր (Դ-ի) վերաբերմամբ:

 

 

                 

 

Ա.        Բ.        Դ.

 

 

Գ.

 

 

Խորթ որդին (Գ) նոր հօր վերաբերմամբ (Դ) կազմում է մէկ աստիճան:

Գ պսակուեց Ե-ի հետ. Ե-ի եղբայրը` Զ, կլինի Գ-ի վերաբերութեամբ երրորդ   աստիճանում.   այստեղ

 

 

Ա.        Բ.        Դ.

 

                 

 

 

Զ.      Ե.      ╖Գ.

 

 

կայ երեք ցեղ, Դ-ի, Գ-ի եւ Ե-ի ցեղը, որ կոչւում է եռացեղ խնամութիւն:

Պսակների աստիճանների մերձաւորութեան եւ հեռաւորութեան կարգը եկեղեցին վերցրեց Մովսիսական օրէնքից: Մովսէս Ղեւտացոց ԺԸ գլխում սահմանեց, որ ոչ ոք իրաւունք չունենայ մօտենալ հօր, մօր, հօրը կնոջ (մօր), քրոջ` թէ հարազատ, թէ խորթ, որդու աղջկան, աղջկայ որդուն, հօրը կնոջ աղջկան, հօրաքրոջ, մօրաքրոջ, հօրեղբօր եւ սրա կնոջ, հարսին (որդու կնոջ), նորա տղայի աղջկան (ծոռան), եղբօր կնոջ, եղբոր աղջկան եւ թոռան, երկու քրոջ. ազգակցական մինչեւ չորրորդ աստիճանը եւ խնամական երկրորդ աստիճանը արգելեց Մովսէս: Ա առաք. 33 կանոնը գիրք, 66 երես) մատնացոյց արաւ Մովսէսի օրէնքը եւ հրամայեց կատարել: Այնուհետեւ Նէոկեսարիայի 2 եւ Բարսեղի 23, 78 եւ 87 կանոնները Մովսէսի սահմանումները հաստատեցին: Մեր մէջ առաջի վճիռը կայացրեց Ներսէս Մեծ Աշտիշատի ժողովում, արգելելով մերձաւոր ազգակցութեամբ եղած պսակները, առանց որոշելու աստիճանները. Շահապիվանի 447-ի ժողովը երկրորդ անգամ սահմանեց ժողովական կանոնով հետեւեալը. «Ոչ ոք չհամարձակի ամուսնանալ քեռորդու, եղբօրորդու կամ հօրաքրոջ, կամ ազգականի հետ մինչեւ չորրորդ ծնունդը»: Այսպիսի պսակը անվաւեր է հրատարակում եւ պսակադիր` թէ եպիսկոպոս, թէ քահանայ, կարգալոյծ լինում: Է. եւ Ը. դարերում չորրորդ աստիճանը իսպառ արգելուեց. Մովսէս Կաղանկատուացին 252 երեսում խօսելով Աղուանից իշխանի պսակը իւր թոռակցի հետ` ասում է. «Տէր Միքայէլը մերժում էր նրան, թէ` մի՛ յանդգնիր առնել, որովհետեւ թոռներ էք»: Պարտաւի 771-ի ժողովը նոյն վճիռը կայացրեց, որ չորրորդ զարմը պսակել չի կարելի գիրք, 302): Նոյն ժամանակներում ընդհանուր եկեղեցու մէջ համարեա թէ նոյն կանոններն էին պահպանւում. Ամբրոսիոս Մեդիոլանցին խօսելով այդ բանի վրայ՝ թէ կարելի է՞ արդեօք հօրը՝ պսակել որդուն իւր խորթ թոռան հետ, աւելացնում է, որ առաջին դարերում պսակը արգելւում էր ոչ միայն ուղղագիծ ազգականների մէջ մինչեւ չորրորդ աստիճան, այլ եւ կողագծերով մինչեւ չորրորդ աստիճան: Բարսեղը խօսելով նոյն արգելքների մասին, ասում է` այս կարգերը մտել են աւանդաբար, գործադրուել են կեանքի մէջ եւ օրէնքի ոյժ ստացել: Օգոստինոս ասում է. «Եղբօրորդիների մէջ մեր ժամանակ արդէն պսակը շատ հազիւ էր թոյլատրւում, ըստ սովորութեան եւ եղբայրական կապի մօտիկութեան պատճառով, թէ եւ դրա համար օրէնք չկայ, որովհետեւ Մովսէսի օրէնքը այդ չի արգելում, եւ քաղաքական օրէնքները դեռ չեն արգելել» (Обз. пост. ... Пр. Соб. 1858, 1859): Յունա-հռոմէական օրէնքներով ուղղագիծ ազգակցութեան մէջ պսակը անսահման կերպով արգելւում էր, օրինակ, հայրը՝ աղջկայ, թոռան, ծոռան, ծոռան ծոռան եւ այլն, եւ այլն հետ. եկեղեցին էլ ընդունեց նոյնը: Կողագիծ ազգականների համար քաղաքական օրէնքը արգելում էր մինչեւ 3 աստիճանը. իսկ եղբօրորդիների մէջ մինչեւ Թէոդոս պսակը արգելուած չէր, որը ոչ միայն արգելեց, այլ եւ մեծ պատիժ նշանակեց: Թէոդոսի որդիքը եւ Յուստինիանոսը թոյլ տուեցին նոյնպէս պսակը: Արեւմտեան եկեղեցու ժողովները արգելեցին պսակները Զ դարում մինչեւ 5 աստիճան: Է դարում Տրուլլի ժողովը 54 կանոնով արգելեց խնամական 4 աստիճանի պսակը երկու եղբօր եւ երկու քրոջ մէջ, իսկ արիւնակցականը թողեց հին կարգով, եղբօր որդիների մասին ոչինչ չորոշելով: Հռոմի եկեղեցին Է դարում պսակ թոյլ էր տալիս 5 աստիճանում, բայց 3 եւ 4 աստիճանում եղածները չէր լուծում: Թ. դարում Վասիլ Մակեդոնացու պրօխիրօնում եւ Լեւոնի ու Կոստանդինի էկլօգում եւ բազիլիկում մտցրուեց իբրեւ դրական օրէնք, որ ոչ միայն եղբօրորդիք չեն կարող պսակուել, այլ եւ նրանց որդիք, միայն նրանց թոռները կարող են պսակուել (պրօխ. 7, 39, էկլօդ. 12, բազիլ. 28, տե՛ս Пр. соб., 1858-59): Անպայման արգելուեց վեց աստիճանի պսակը եւ թոյլատրուեց ութ աստիճանինը, իսկ 7 աստիճանի վերաբերմամբ որոշ ոչինչ չասուեց: Այս մասին Թ դարում Պօլսում վէճ ծագեց 7-րդի վերաբերմամբ, որի համար Ալէքսի կայսեր հրամանով Պօլսում ժողով եղաւ եւ որոշեց, որ եթէ պսակը 7-րդումն է, կամ մի կողմից 7, միւս կողմից 6 աստիճան է, դեռ եւս կատարեալ չէ, պսակել չի կարելի, եթէ պսակը կատարուած է, չքանդել, այլ ապաշխարանքի ենթարկել (Кормч., 50 գլ. ): ԺԲ դարում Ղուկաս պատրիարքի օրով, 1168 թուին արգելուեց պսակը 7-րդ աստիճանում, պսակը լուծել եւ պսակադիր քահանային կարգալոյծ անելու սպառնալիքով. ժողովի վճիռը հաստատեցին Նիկիփօր եւ Մանուէլ կայսրները:

Խորթական չհասական աստիճանները չորս էին մինչեւ 9-րդ դարու վերջերը; Ժ դարում սահմանուեց յունական եկեղեցում վեցերորդ աստիճան (Кормч., 50 գլ. ), որը հաստատուեց Միքայէլ պատրիարքի կազմած ժողովում 1057 թուին, 7-րդ աստիճանը թոյլատրելի համարելով, այս կարգադրութիւնը հաստատուեց քաղաքական օրէնքով: Հայոց մէջ խորթութիւնը աւելի կապ ունի ազգակցականի, քան խնամականի հետ. խորթութիւնը նայելով որակին, մի երկու աստիճանով պիտի աւելի համարել, քան իսկապէս է. օրինակ. եթէ խորթական աստիճանները պարզ հաշուած 6 է, պէտք է համարել 7 եւ ո՛չ 6. խորթ ծոռները 6 աստիճանի են, խորթութիւնը մի աստիճան աւելացնում է եւ դարձնում 7. այնպէս որ խորթ ծոռները կարող են պսակուել: Խորթութեան մէջ նշանակութիւն ունի միայն հայրականը, այսինքն երբ երկու հօրից են եւ մի մօրից որդիքը. իսկ եթէ երկու մօրից են եւ մի հօրից, այդպիսի խորթութիւնը հարազատների աստիճանով պիտի հաշուել:

 

Խնամական աստիճանները նոյն կարգով ընթացան յունական եկեղեցում, մինչեւ 8-րդ դարը 4-րդ աստիճանն էր, 997-1001 թ. Պօլսոյ պատրիարք Սիսինի օրով արգելուեց մինչեւ վեցերորդը, որոշուեց 6-րդը թոյլատրել, 7րդը` ո՛չ, ԺԱ դարում թէ յունական եկեղեցին եւ թէ քաղաքական իշխանութիւնը փոփոխակի կերպով 6 եւ 7 աստիճանի պսակները թոյլատրում, երբեմն արգելում էին, բայց սովորաբար 6-րդը թոյլատրւում էր: Մեր եկեղեցին հետեւում էր ընդհանուր եկեղեցու քայլերին. մեր մէջ 7 եւ 8-րդ դարերում, ինչպէս ասացինք, չորրորդ աստիճանը արգելւում էր: Շնորհալին (1166-1173 թթ. ) որոշեց, որ երկու կողմից չորս-չորս աստիճանը լրանայ եւ ապա 9 եւ 10 աստիճաններում պսակ լինի, որովհետեւ, ասում է, մարմնի բնութիւնը չորս տարերքից է բաղկացած, երկու եղբայրները կէս են անում հօր արիւնը, թոռները հայրերի արեան կէսն են ընդունում, ծոռները` նրանց կէսը, իսկ վերջին ծնունդները արեան չորրորդ մասն են ստանում: Վերջնական ժողովական կարգադրութիւն այդ մասին մեր մէջ եղաւ 1243-46-ի Սսի ժողովում, որի 7-րդ կանոնն ասում է. «Պսակը ընտրութեամբ անեն, վեց ծննդով հեռացած ազգակցական արիւնից». այսինքն ազգակցական պսակ կարելի է միմիայն 7-րդ աստիճանում. այս կանոնը դարձաւ վերջնական եւ մինչեւ այսօր տիրող կարգն է, ժողովրդական «օխտը պորտը» այդ կարգադրութեան հետեւանքն է: Խրիմեան Հայրիկ 1899-ին հայրապետական կոնդակով վաւերացրեց նոյն կարգը (տե՛ս Ա գիրք, 316 եւ 467 երես): Վերջին կարգադրութիւնը նրա համար էր, որ կային մարդիկ, որոնք առաջնորդւում էին Շնորհալու կանոնով, ոմանք Յակոբ Խրիմեցու կազմած ճիւղագրութեամբ, ոմանք էլ Սսի վճռով: Խնամութեան մասին մեր եկեղեցական կանոններում որոշ կերպով ասուած կանոն չունենք. Շահապիվանի ժողովի կանոնները արգելում են երկրորդ աստիճանը. Ը դարու Դուինի ժողովի կանոնները ընդհանրապէս արգելում են 4-րդ աստիճանը, թոյլ տալով միայն 5-րդը` թէ ազգակցական, թէ խնամական: 18-րդ դարում ունենք պատմական փաստ, որով պարզ ասւում է, թէ խնամութեան 5-րդ աստիճանն է թոյլ տրւում: 1734ին Աբրահամ կաթողիկոսի «Հայր Յօհաննու վանից թեմին» անուամբ գրած կոնդակում ասում է. «Այլ եւ կանոնադրեմք եւ դուք հնազանդ լերուք, ազգականութեան Ժ ճիւղ, խնամութեան Ե ճիւղ եւ կնքաւորութեան Ը ճիւղ կոյս ընդ կոյսի եւ այր ընդ այրւոյ» («Տեղագիր Գեղարքունի գաւառի», 44 երես):

 

Այս կոնդակը պարզ սահմանում է խնամութեան 5-րդ աստիճանում թոյլատրել պսակը: Վերջին կարգադրութիւնն էր Խրիմեան Հայրիկինը 1899-ին, որով թոյլատրուեց խնամական 5-րդ աստիճանը գիրք, 669 երես):

 

գ) Կնքահայրական չհասութիւն. կնքաւորական չհասութիւնը կոչւում է նաեւ հոգեւոր ազգակցութիւն, սա սկիզբն առել է առաքեալների ժամանակից, երբ հեթանոսները քրիստոնեայ էին դառնում եւ մկրտւում, պիտի անշուշտ պատրաստուէին քրիստոնէական հաւատոյ գիտելիքների մէջ, քննութեան ենթարկուէին եւ ապա որոշ ժամանակից յետոյ իրաւունք ստանային մկրտուել եւ հաւատացեալ կոչուել: Երբ քրիստոնեայ ընտանիքներ բազմացան, նրանք պարտաւորւում էին իրանց որդիներին կրթել քրիստոնէական ոգով եւ ապա գիտակցաբար մկրտել տալ. բայց որովհետեւ շատ երեխայք կարող էին մեռնել առանց մկրտութեան, ուստի եւ սովորութիւն մտաւ նորածիններին ութ օրից յետոյ մկրտել ծնողների երաշխաւորութեամբ, այն պայմանով, որ նրանք անպայման մկրտուելուց եւ մեծանալուց յետոյ կրթեն նրանց հաւատոյ գիտելիքի մէջ: Եւ որովհետեւ շատ անգամ ծնողները անզօր էին գտնւում այդպիսի կարեւոր պաշտօն կատարելու վերաբերմամբ, եկեղեցին սահմանեց, որ երաշխաւոր լինեն եկեղեցում ծառայող սարկաւագը եւ աղջիկների համար` սարկաւագուհիները: Մկրտութեան ժամին երաշխաւորող սարկաւագը, որ խոստանում էր իւր գիրկը դրած մանկան պատրաստել քրիստոնէական հաւատի եւ աստուածպաշտական կարգերի մէջ, կոչուեց մկրտութեան հայր, կնքահայր. իւր գիրկը վերցրած մանուկը` սան, եւ ապա` սանամայր, սանահայր: Կնքահօր եւ սանիկի մէջ առաջացաւ ուղղակի հայրական յարաբերութիւն միւռոնի միջոցաւ, ուստի եւ կնքահայրութիւնը կոչուեց հոգեւոր ազգակցութիւն: Զ դարում Յուստինիանոսի օրէնքները սահմանեցին, որ պսակը արգելւում է սանիկի եւ կնքահօր մէջ. ապա եկեղեցին արգելեց կնքահօր եւ սանամօր պսակը. ապա քաղաքական օրէնքները արգելեցին կնքահօր որդու եւ սանիկի ու սրա ծնողների եւ սանիկի որդու պսակը (Кормч.,   50 кн. ): 1107-ին Նիկալայ պատրիարքի ժամանակ արգելուեց կնքահայրական պսակը մինչեւ 7 աստիճան, որը ընդունելութիւն չգտաւ յունաց ժողովրդի մէջ: Կնքաւորական աստիճանները այսպէս պիտի հաշուել. 1) կնքահայրը իբրեւ հոգեւոր հայր, դէպի սանիկը առաջին աստիճանումն է գտնւում, 2) կնքահայրը դէպի սանիկի ծնողները իբրեւ եղբայր երկրորդ աստիճանումն է, 3) կնքահայրը սանիկի եղբայրների նկատմամբ երրորդ աստիճանումն է` իբրեւ հօր եղբայր, 4) կնքահօր որդիքը սանիկի հետ երկրորդ աստիճանումն են` իբրեւ եղբայրներ, իսկ սանիկի եղբայրների հետ 4-րդ աստիճանումն են` իբրեւ հօրեղբօր որդիք: Հայոց եկեղեցական կանոններում ոչինչ չկայ այս խնդրի վերաբերմամբ գրուած: Ութերորդ դարու Սսի կանոնները ընդհանուր առմամբ խօսելով 7 աստիճանի հասութեան վրայ, ենթադրել տուին, որ կնքաւորական աստիճաններն էլ 7 պիտի լինեն: Վերոյիշեալ Աբրահամ կաթողիկոսի կոնդակով թոյլատրելի է ութերորդ կնքաւորական աստիճանը:

 

Ներսէս Ե 1851-ին Սինոդին արձակած հրամանով վերացրեց այդ անորոշ դրութիւնը եւ սահմանեց, որ կնքաւորական աստիճանն է երեք, որը պիտի հաշուել միմիայն կնքահօր եւ սանիկի մէջ ուղիղ գծով. որ սանիկի եւ կնքահօր կողագիծ աստիճանները` եղբայրներ, քոյրեր, հօրեղբայրներ, հօրաքոյրեր չեն մտնում այդ սահմանափակման մէջ (տես Ա գիրք, 429-430 երես): Օրինակ. Ա կնքահայրն է, Բ` սանիկ, Գ` սանիկի հայրը կամ մայրը, Դ` սանիկի որդի, Ե` կնքահօր որդի:

 

 

Ա.      Ծնողք` Գ.

 

 

Ե.      Բ. սանիկ

 

 

Զ.        Դ.

 

 

Կնքահայրը (Ա) դէպի սանիկը (Բ) հոգեւոր հայր է եւ եղբայր Գ-ին, որ սանիկի հայրն է, Բ եւ Ե եղբարք են` իբրեւ կնքահօր որդի եւ մարմնաւոր հօր որդի, Բ դէպի Գ եւ Ա առաջին աստիճանն է, Դ դէպի Ա երկրորդ աստիճանն է, Գ դէպի Ա երրորդ աստիճանն է` իբրեւ եղբարք, Ե դէպի Բ երկրորդ աստիճանն է, Զ դէպի Դ չորրորդ աստիճանն է, որոնց պսակը թոյլատրելի է Ներսէս Ե-ի կոնդակի զօրութեամբ:

 

Որդեգրութիւն: Քաղաքացիական օրէնքներով կնքաւորութեան փոխարինում է որդեգրութիւնը, որը կատարւում է այսպէս. որդի չունեցող հայրը օտարի տղային, վերջինիս ծնողների համաձայնութեամբ, բերում է իւր տունը, պատշաճաւոր թղթեր եւ փաստագրեր են կազմում, եւ ընդհանուրի վկայութեամբ վերցնում է իրան որդի, որ կոչւում է որդեգիր. այս գործողութիւնը կատարւում է առանց եկեղեցու օրհնութեան, թէ եւ ըստ կամաց կարող է լինել եւ օրհնութեամբ: Որդեգիրը՝ պարզ է չի կարող իբրեւ որդի պսակուել որդեգրողի աղջկայ հետ: Լեւոն Իմաստասէրը որդեգրութիւնը կատարեց եկեղեցու օրհնութեամբ եւ չհասութիւնը հասցրեց 7 աստիճանի, մինչեւ իսկ այն դէպքում` իբր մէկը իւր փեսային որդեգրում էր, պիտի վերջինս կնոջից բաժանուէր: Բայց գործնականութեան մէջ մնաց Յուստինիանոսի սահմանածը, որ որդեգրի եւ որդեգրողի մէջ ուղղագիծ պսակ լինել չի կարող մինչեւ երրորդ աստիճանը ինչպէս եւ կնքաւորութեան մէջ Որդեգրութեան մասին մենք կանոններ չունենք, քիչ յետոյ կբերեմ Յակոբ Խրիմեցու ճիւղագրութիւնը եւ այդ մասին արած դատողութիւնը, յամենայն դէպս որդեգրութեան եւ կնքաւորութեան վերոյիշեալ 3 աստիճանի սահմանումը պիտի համարել հաւասարազօր, եթէ որդեգրութիւնը եղել է օրինաւոր եւ վերջնական կարգով:

 

Եղբայրանալ: Թէ հներում եւ թէ այժմ պատահում է եղբայրանալու սովորութիւնը, երբ մէկը մի օտար տղայի կամ աղջկայ հետ եղբայրանում է քահանայի օրհնութեամբ. եթէ այդպիսի լուրջ դէպք պատահում է, թէեւ ոչ մի սահմանադրութիւն չկայ այս մասին ոչ մեր եւ ոչ օտար եկեղեցական կանոններում, բայց եւ այնպէս ոչինչ չի արգելում այսպիսի դէպքերում վարուել վերոյիշեալ կնքաւորական եւ որդեգրական կանոններով, այսինքն եղբայրացածների վերաբերմամբ ընդունել ուղղագիծ 3 աստիճանի չհասութիւն:

 

Չհասական աստիճանների վերաբերմամբ բացի կանոնական սահմանադրութիւններից կան եւ երկու մասնաւոր գրութիւններ, մէկը Մխիթար Գօշինն է, միւսը Յակոբ վարդապետ Խրիմեցու ճիւղագրութիւնը, բացի այս Էջմիածնի գրադարանի կանոնագրքերի յետեւներում պատահում են ճիւղագրութիւններ, որոնք ինքնուրոյն աշխատութիւններ չեն, բոլորը ընդ օրինակութիւն են Յակոբ Խրիմեցու:

 

Գօշը իւր «Դատաստանագիրքը» սկսեց 1184-ից եւ շարունակեց մինչեւ մահը` 1213 թուականը, ուստի եւ նրան յայտնի լինել չէր կարող Սսի ժողովի կանոնները, իսկ Շնորհալու «Ընդհանրականը» (1166-1173) երեւի թէ չէր ընկել Գօշի ձեռքը, կամ եթէ ընկել է, վերջապէս նա չի օգտուել Շնորհալու կանոններով ճիւղագրութեան վերաբերմամբ, այլ միմիայն Մովսիսական օրէնքներով, եւ որի վերջին չհասական աստիճանն է 5-րդը, ուստի եւ Գօշի հաղորդածը այդ կողմից նշանակութիւն չունի: Յակոբ վարդապետ Խրիմեցին Գէորգ վարդապետ Երզնկացու, որ աստուածաբանական գիտութիւններով պարապող էր, աշակերտն էր, ապրում էր 1400 թուականներին, «որ արար զլուծմունս կազմութեան մարդոյ, եւ զազգագրութիւն ի խնդրոյ Թովմայի Մեծոբացւոյ եւ զմեկնութիւն տումարի» (Չամչեան, Գ հատ., 453 երես), որը եւ կազմել է չհասական ճիւղագրութիւնը, գծերով, նշաններով, օգտուելով Շնորհալու կանոններից, սրա կազմած ճիւղագրութիւնը դարձել է ընդհանուր հրահանգ, որովհետեւ մանրամասն խօսում է ազգակցական, խնամական, կնքաւորական, խորթական եւ որդեգրական չհասական աստիճանների մասին:

 

 

ՅԱԿՈԲ ՂՐԻՄԵՑՈՒ ՊՍԱԿԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

«Իմանալի է, որ այս կանոնը նրանց համար է, որոնք սրբութեամբ սնւում են եւ լինում են տասն եւ հինգ տարեկան: 15 տարեկան կտրիճ տղան փեսացու է, եւ 14 տարեկան աղջիկը հարսնացու է: Եւ եթէ կը նեղուեն, 14 եւ 12 տարի դարձնեն, եւ ապա այս անցաւոր աշխարհի ամուսնութիւնը գլուխ բերեն: Եւ պէտք է քահանան քննի առաջ եւ իմանայ, որ կարեւոր, կամ կնքաւոր եւ կամ խնամի չլինեն: Որովհետեւ կարեւորը ազգականն է, որ չորս պորտն անցնում է եւ 5-րդում խնամանում են, եւ կնքաւորը երեք պորտն անցնում է եւ 4-ում խնամանում են, եւ այս է, որ գրում եմ, դու էլ մտքումդ պահիր:

 

Մի հօրից երկու եղբայրներ իրանց հօր արիւնը կիսում են, նրանց որդիքը երեք մասն արեան, նրանց որդիքը երկու բաժինն արեան եւ սրանց որդիքը օտարացան, չորս տարերքը բաժանուեցին: Պէտք է խնամանան, որովհետեւ չորս տարերքը միմեանցից հեռացան, եւ արիւնը վերջացաւ»: Բացատրութիւնը նոյն է, ինչ որ Շնորհալուն, 4 մի կողմից, 4 միւս կողմից, ութերորդին թոյլ չի տալիս պսակուելու, այլ 9 եւ 10 աստիճանները: Շարունակութեան եւ ճիւղագրութեան մէջ պարզում է այսպէս. «Իսկ որդիքը ունին բոլոր արիւնը, թոռները երրորդ մասն արեան, թոռների որդիքը երկրորդ մասն արեան, թոռների թոռները մի մասն միայն, այստեղ արիւնը վերջանում է, սրանց որդիքը՝ որ են ձագ թոռնեայք, առնում են միմեանց», այսինքն 9 աստիճանը տասներորդի հետ. նոյնը, ինչպէս վերն ասացինք, Աբրահամ կաթողիկոսը 1734-ին հրահանգեց, (10 աստիճան ազգակցութեան): «Կնքաւորութիւնը երեք ազգն նրա համար պիտի անցնի, որովհետեւ հոգին երեք մասից է բաղկացած, եւ մարմնի նման չորս տարերքից չի կազմուած: Նոյնպէս եւ կնքաւորութիւնը երեք պորտն անցնում է, հոգեւոր ազգակցութիւն է»: Սրա կանոնով կնքաւորական աստիճաններն են 6, վեցերորդը արգելում է, թոյլ է տալիս 7-ը 8-ի հետ, ինչպէս եւ Աբրահամ Կրետացին աստիճան կնքաւորութեան):

 

«Խնամութիւնը ոչ մարմնաւոր ազգակցութիւն է եւ ոչ հոգեւոր, դրա համար երկու պորտն անցնել` բաւական է, ... եւ երրորդ պորտը կարելի է փեսայանալ»: Պորտ ասելով Խրիմեցին հասկանում է 2 աստիճանը միասին, այսինքն երկու եղբայրը մի պորտ են, երկու թոռները մի պորտ, ուրիշ խօսքով` երկու կողմի համապատասխան աստիճանները մի է համարւում: Խնամական երկու պորտը, որ է 4 աստիճանը, թոյլ չի տալիս, 5-ին իրաւունք է տալիս պսակուելու. նոյնը եւ Աբրահամ կաթողիկոս աստ. խնամութեան):

 

Խորթութեանց համար հետեւեալն է ասում.

 

«Այս էլ պէտք է իմանալ, որ կան կիսաեղբայրներ եւ կիսաքոյրեր, որոնք խորդ են կոչւում, որ երկու կերպ է լինում: Կայ, որ երկու մօրից եւ մի հօրից է, սրանք հարազատ են, եւ ... սրանց ձագ թոռնեայքը առնում են միմեանց», այսինքն 9-ը 10-ի հետ կարող են պսակուել:

 

«Իսկ եթէ երկու հօրից է եւ մի մօրից, սրանք արեան կէսը ունին, որովհետեւ կինը կէս է, սրա որդիքը լրութեամբ հօր արիւնը չեն կարող ունենալ, որոնց թոռները խնամանում են եւ իրանց թոռնեայքն միմեանց առնում», որ ասել է` 8-ը 7-ի հետ, այստեղ երկու աստիճան է պակասեցնում:

 

Որդեգրի կամ հոգեզաւակի համար սահմանում է. «Թոռները խնամանում են եւ թոռնեայքը առնում միմեանց, որովհետեւ որդեգիրը խօսքով եւ կամքով է լինում», որ ասել է` 6 աստիճանն արգելում է եւ թոյլ է տալիս 7-րդ աստիճանը 8-ի հետ: Այս որդեգրական ճիւղը ուղղագիծ է, նա օտար է համարւում որդեգրի եւ որդեգրողի կողագիծ բարեկամներին, եղբարց, քոյրերին, որովհետեւ «հոգեզաւակն է միայն նրա օրինաւոր որդին, քոյրերը եւ եղբայրները օտար են... »:

Եղբայրանալ. «Այս պիտի իմանալ, որ չլինի, թէ հարսն ու փեսան մի մօր կաթ կերած լինեն, եւ եթէ կերել են, քոյր եւ եղբայր են», չեն կարող պսակուել:

 

Այս է ընդհանուր բովանդակութիւնը Յակոբի ճիւղագրութեան, որը հետեւելով Շնորհալու կանոնադրութեան, որը միայն վերաբերում է ազգակցութեան, նա դարձել է հիմք խնամականի, կնքաւորականի, խորթականի, որդեգրականի: Նա շօշափում է կնքաւորական եւ մի հարց, եթէ կնքահայրը գրկել է երկու օտար տնից երկու սանիկ, երկու օտար սանիկները կարո՞ղ են պսակուել միմեանց հետ, եւ վճռում է` ո՛չ, որովհետեւ մի հոգեւոր հօր զաւակ են, թէ եւ ջոկ-ջոկ տներից, սրանց համար նշանակում է 6 աստիճանի չհասութիւն, թոյլ տալով 7-ը 8-ի հետ ամուսնանալ:

 

ա) ԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ

 

1 աստիճան. ես եւ մայրս. ես եւ հայրս:

 

2 աստիճան. ես եւ պապս. ես եւ տատս. ես եւ եղբայրս:

 

3 աստիճան. ես եւ պապիս հայրը, ես եւ տատիս հայրը (մայրը):

 

4 աստիճան. ես եւ պապիս պապը. ես եւ տատիս տատը: Ես եւ հօրս եղբօր տղան, ես եւ մօրս քրոջ աղջիկը:

 

5 աստիճան. ես եւ հօրս եղբօրը թոռը. իմ որդիս եւ մօրս քրոջը տղան. իմ թոռս եւ եղբօրս որդին:

 

6 աստիճան. իմ թոռս եւ եղբօրս թոռը. իմ որդիս եւ եղբօրս թոռանը տղան. իմ պապը եւ պապիս եղբօրը թոռը:

 

7 աստիճան. ծոռս եւ եղբօրս թոռը. տատիս ծոռը եւ իմ թոռը:

 

8 աստիճան. հօրս եղբօրը թոռան ծոռը, երկու եղբարց ծոռներ:

 

 

1 2

 

         որդիք

3          4

 

         թոռներ

 

 

5          6

 

         ծոռներ

 

 

7          8

 

         ձագ թոռներ

 

բ) ԽՈՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ

 

1. ես եւ խորթ աղջիկս. ես եւ խորթ մայրս,

 

2. ես եւ խորթ թոռս. ես եւ խորթ պապս. ես եւ խորթ քոյրս,

 

3. ես եւ թոռանս խորթ որդին. ես եւ խորթ մօրս տատը,

 

4. ես եւ խորթ հօրս եղբօրը որդին, ես եւ պապիս խորթ աղջկայ որդին,

 

5. ես եւ խորթ տատիս քրոջ աղջիկը:

 

 

տատս                քոյրը

 

խորթ

 

 

հայրս         աղջիկը

 

 

ես

 

 

գ) ԽՆԱՄԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ

 

 

1. ես եւ զոքանչս. հարսը եւ պատրոնը,

 

2. ես եւ անորս տղան. հարսը եւ տէգրը,

 

3. ես եւ անորս թոռը. ես եւ եղբօրս կնոջ մայրը,

 

4. ես եւ եղբօրս կնոջը քոյրը. ես եւ փեսայիս քոյրը,

 

5. ես եւ եղբօրս կնոջ քրոջ որդին. ես եւ փեսայիս քրոջ աղջիկը:

 

 

ք.         փ.

 

ես                     քրոջ

 

 

աղջիկ

 

Այն հարցը, թէ պսակի խնդիրներում ումն է պատկանում բացառիկ իրաւունք «ոչ օրինակ այլոց» թոյլ տալու կարիքից եւ հանգամանքներից ստիպուած շեղումներ ընդհանուր կանոններից, այդ հարցը եկեղեցական կեանքում գործնականապէս զարթնել է եւ վճռուել ի դէմս Ամենայն հայոց կաթողիկոսի:

 

Կեանքը իւր բազմատեսակ պահանջներով եւ ընթացքով միշտ տալիս է այնպիսի բացառիկ օրինակներ ընդհանուր կանոնից շեղուելու, որոնք զանցառութեան տալ չի կարելի, պէտք է որ եւ է զիջմամբ լուծել խնդիրը, ահա առաջ է գալիս եկեղեցու մէջ բացառական իրաւունք ունենալու խնդիրը (դիսպենսացիայի իրաւունք диспензация):

 

Որովհետեւ մեր ընդհանուր կանոնները սահմանւում են ազգային ժողովով, պարզ է, որ այդ ժողովի սահմանումներից թեթեւ շեղումներ անելու իրաւունքը կարող է վայելել միմիայն այն անձը, որն որ նոյն ընդհանուր ժողովի մասնակցութեամբ ընտրուած է եկեղեցու պետ, կաթողիկոս Ամենայն հայոց. այդ հիմամբ դիսպէնզիայի իրաւունք չունին, ոչ առաջնորդները, ո՛չ Սինոդը, ո՛չ Պօլսոյ կրօնական ժողովը եւ ո՛չ պատրիարքները: «Ոչ օրինակ այլոց» ի միջոցով կարգադրութիւններ անում է կաթողիկոսը խնամական, ազգակցական եւ այլ չհասութեանց վերաբերեալ խնդիրներում:

 

ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆ. Նորերումս Էջմիածնի Սինոդը կարգադրեց, որ առաջնորդները «բժշկական վկայական պահանջեն ամուսնացող երիտասարդներից», «բժշկական վկայական պահանջել երկրորդ անգամ ամուսնացող այրի կանանցից եւ արգելել նաեւ թոքախտով վարակուածների պսակը» (տե՛ս «Արարատ», 1904 թ., դեկտեմբեր): Սինոդը այս կարգադրութիւնը կարող էր հրատարակել միմիայն Ամենայն հայոց կաթուղիկոսի կոնդակով եւ այն էլ Պօլսի կրօնական ժողովի համաձայնութիւնը նախօրօք առնելուց յետոյ: