Հայոց եկեղեցական իրաւունքը. Բ Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

1) ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԴԱՏԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

(Основание цер. суда Прав. Соб. 1858. О формах и началах дух. Суда Хр. Чт. 1870 г. )

 

Եկեղեցին, ունենալով օրէնսդրական իրաւունք, ունի եւ օրէնքները գործադրելու իրաւունք յանցաւորների եւ զանցառուների նկատմամբ: Իւրաքանչիւր յանցանք պիտի նախօրէն քննուի, պարզուի, յանցաւորի վրայ ապացուցուի եւ ապա ենթարկուի դատապարտութեան:

 

Ինչպէս եւ եկեղեցական կառավարութիւնը յանձնուած է եկեղեցական մարմնին որոշ հիմունքներով, այնպէս էլ դատելը եւ պատժելը կազմելով եկեղեցու կառավարութեան մասերից մէկը, ենթարկւում է եկեղեցու իրաւասութեան նոյն հիմունքներով: Դատելու իրաւունքը եկեղեցին ստանում է Յիսուսից, որը առաքեալներին պատուիրեց, թէ` «Եթէ մեղիցէ քեզ եղբայր քո, երթ յանդիմանեա զնա, յորժամ դու եւ նա միայն իցէք, եթէ լուիցէ քեզ, շահեցար զեղբայրն քո: Ապա թէ ոչ լուիցէ քեզ, առ ընդ քեզ միւս եւս կամ երկուս, զի ի բերանոյ երկուց եւ երից վկայից հաստատեսցի ամենայն բան: Իսկ եթէ եւ նոցա ոչ լուիցէ, ասասջիք յեկեղեցւոջ, ապա եթէ եւ եկեղեցւոյն ո՛չ լուիցէ, եղիցի քեզ իբրեւ զհեթանոսն եւ զմաքսաւորն: Ամէն ասեմ ձեզ, զոր կապիցէք յերկրի, եղիցի կապեալ յերկինս, եւ զոր արձակիցէք յերկրի՝ եղիցի արձակեալ յերկինս» (Մատ. ԺԸ գլ. ): Նոյն կրկնում է Յովհաննէս գլ. ) «Առէք Հոգի Սուրբ, եթէ ումեք թողուցուք զմեղս, թողեալ լիցի նոցա, եթէ զուրուք ունիցիք, կալեալ լիցի»: Նոյնը երեւում է Պօղոս առաքեալի գրած թղթերից հաւատացեալներին, մասնաւորապէս Բ Կորնթ. Ժ գլ. «Վասն այնորիկ զայս ի հեռուստ գրեմ, զի մի՛ յորժամ եկից, սաստկութեամբ վարեցայց ըստ իշխանութեանս»: Առաքեալները Յիսուսի տուած կապելու եւ արձակելու իրաւունքը յանձնեցին իրանց յաջորդներին, իբրեւ եկեղեցու պաշտօնեաների:

Այսպիսի ձեւով դատելու եւ արձակելու իրաւունքը ուղղակի ներքին է, հոգեկան եւ բարոյական, նա կապ չունի արտաքին իրաւաբանական դատական ձեւերի եւ պարգեւների հետ, որպիսի են քրէական եւ քաղաքացիական պատժական օրէնքները, այդ ձեւով դատողը գործ ունի միմիայն մեղադրուածի կամ աւելի լաւ ասած` մեղք գործողի հոգու հետ, խղճի հետ. որքան սրտանց լինի զղջումը, որքան անկեղծ լինի մեղք խոստովանուելը, այնքան էլ քիչ կլինի պատիժը եւ դիւրին արդարանալը: Արձակել մէկին նշանակում է ընդունել մեղանչողին կատարելապէս զղջացած եւ ազատած խղճի խայթից, նա դառնում է արդար եւ անարատ: Այսպիսի հոգեկան անարատ վիճակ առաջ է գալիս այն դէպքում, երբ մեղանչողը իւր յօժար կամքով, ներքին խայթից ստիպուած տանջւում է եւ ցանկութիւն է յայտնում անպայման ազատուելու այդ հոգեմաշ դրութիւնից, խոստանալով այլ եւս չմեղանչել:

Այսպիսի ձեւով ձեռք բերած հոգեկան մաքրութիւնը պիտի հաստատուած լինի անկեղծ, անարատ հաւատքի վրայ, որի վրայ եւ Յիսուս կառուցեց իւր եկեղեցին: Այստեղից առաջանում է այն, որ եկեղեցու, այսպէս ասած, ներքին դատական իրաւունքի հիմք կազմում են հետեւեալ էական կէտերը. 1) անկեղծ հաւատք, 2) Յիսուսի պատուէրը` «կապեցէք եւ արձակեցէք», եկեղեցուն տուած, 3) առաքեալներին եւ յաջորդներին շնորհուած «առէք Հոգի Սուրբ... » (Յովհ. Ի գլ. ) իրաւունքը, որով արձակողը պիտի լինի քահանայագործելու իրաւունք ստացած, այսինքն օծուած: Նոյն պատուէրը նոյն ոգով տալիս է Պօղոս առաքեալը Տիմոթէոսին. «Վասն որոյ յիշեցուցանեմ քեզ արծարծել զշնորհսն Աստուծոյ, որ են ի քեզ ի ձեռնադրութենէ Իմմէ» Տիմոթ. Ա գլ., 6): Կապելու եւ արձակելու դատը բարոյական լինելով, ներքին աշխարհի հետ կապուած, քան արտաքին պայմանների, հիմնուած լինելով միմիայն քրիստոնէական հաւատքի վրայ, արձակողը Հոգոյն Սրբւոյ ստացած շնորհքով է արդարացնում մեղանչողին, այդ հիմքով այսպիսի դատը կոչւում է ներքին, քանի որ դատի հետեւանքը այն է՝ զղջումը, մնում է բոլորի համար գաղտնի, մեղանչողը զղջաց սրտով, թէ ոչ, արդարացաւ, թէ ոչ, այդ մնում է իրան խղճին եւ Աստծուն: Շատ պարզ է, որ այսպիսի դատի ենթարկուել կարող է միմիայն քրիստոնեան, եւ այն քրիստոնեան, որ հաւատում է, իսկ ո՛չ քրիստոնեան եւ անհաւատը «կապելու եւ արձակելու» սահմանից բոլորովին դուրս են:

 

Եկեղեցու արտաքին համարուած դատաստանը բոլորովին տարբեր է, նա արտաքին աշխարհի հետ գործ ունի հաւատացեալ հասարակութեան, քահանայագործող անձանց վարքի, բարքի, յարաբերութեան, եկեղեցու պատուէրների կատարման հարցերով է զբաղւում, նա արդէն հասարակական դատաստան է: Արտաքին դատի հիմքը կազմում է Յիսուսի պատուէրը՝ եղբօր մեղանչելու դէպքում, որ եկեղեցու անդամը պիտի առանձին յանդիմանի մեղաւոր եղբօր, եթէ վերջինս կզղջայ, երկու վկայի ներկայութեամբ պիտի յանդիմանի մեղաւորին, եթէ նրանց էլ չլսի, պիտի յանդիմանուի բոլոր եկեղեցու (հաւատացեալ) առաջ, իսկ եթէ այս վերջին միջոցն էլ չազդի յանցաւորի վրայ, վերջինս զրկւում է եկեղեցուց եւ դառնում է իբրեւ հեթանոս (Մատթ. ԺԸ 15-18): Պօղոս առաքեալը իւր թղթերում նոյն ձեւով պատուէրներ է տալիս Տիմոթէոսին եւ Տիտոսին Կորն. Ե, Զ, է):

 

Թէ ներքին եւ թէ արտաքին դատաստանի դէպքերում եկեղեցին դատելու իրաւունք տալիս է միմիայն այն անհատներին, որոնք քրիստոնեայ են եւ անդամ եկեղեցու: 1) Հաւատի վերաբերեալ խնդիրներում դատելու իրաւունք չունին նրանք, որոնք եկեղեցուց հեռացրուած են եւ քրիստոնեայ չեն (Եփեսոս, 1 կանոն) գիրք, 129-130 երես) (Պօլս. 6 կ., 126 եր. ): 2) Դատաստանը այն ժամանակ է օրինաւոր համարւում, երբ դատը եւ վճիռը կատարւում են եկեղեցական կանոնների հիման վրայ (Նիկիայի 5 կ., Եփես. 5, տե՛ս Ա գիրք, 112-113, 130): 3) Դատաստանը լինում է հոգեւոր իշխանաւորների ձեռամբ, մասնաւորապէս եպիսկոպոսի (Նիկ. 5, Բ առ. 37, Ա գիրք, 112-113, 78-79): 4) Դատերը կատարում է հոգեւոր վարչութիւնը, ով կդիմի մարմնաւոր իշխանութեան` կպատժուի (Պօլ. 6 կ., Ա գիրք, 126): Վերոյիշեալ կէտերով ղեկավարուող դատարանը օրէնքների եւ կանոնների հիման վրայ քննում էր հասարակական կեանքում պատահած անկանոն երեւոյթները, գտնում էր յանցաւորներին, որոշում էր երեւած փաստերի հիման վրայ յանցանքների աստիճանները, յանցաւորների մեղաւորութեան չափը եւ նշանակում էր դրանց համապատասխան պատիժ-ապաշխարանք` յանցանքը եւ մեղքը սրբելու համար: Դատաստանը արդար կատարելու համար անհրաժեշտ է, որ նախնական քննութիւնը լինի բազմակողմանի, անաչառ. նախնական քննութիւնից թէ եւ չէ կախուած դատաւորների վճիռը, բայց նա կազմում է հիմքը: Բացի այդ դատաստանը լինում է դռնբաց, դատաւորների, մեղադրողի եւ մեղադրեալի ներկայութեամբ եւ հարց ու փորձով, որպէս զի վճիռը կայացնելու, փաստերի դասաւորութիւնը եւ յանցանքի պարզորոշութիւնը կանոնաւոր լինի արտայայտած եւ մեկնաբանած: Որովհետեւ դատաստանը ունի մեծ բարոյական նշանակութիւն թէ յանցագործի նկատմամբ, թէ շրջապատողների` իբրեւ խրատ միւս հաւատացեալների առմամբ, ուստի եւ նա պիտի կանգնած լինի բարոյական բարձրութեան վրայ, նա չպիտի ենթարկուի քմահաճոյքի, կամայականութեան, զանազան անձանց կրքերի, այլ լինի անկախ, հեռու անձնական յարաբերութիւններից, չենթարկուի եպիսկոպոսի կամ այլ նախագահի ճնշման. նոյն ձեւով պիտի վարուենեւ անդամները վճիռը կայացնելիս եւ յանձնեն ում որ հարկն է ի կատար ածելու առանց յետաձգման: