Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՌԱՋԱԲԱՆ

Քիչ կան մեզանում գրողներ ու գործիչներ, որոնց մասին գրված լիներ այնքան շատ, որքան Միքայել Նալբանդյանի մասին: Բայց եւ շատ չեն այնպիսիները, որոնց կյանքի ու գործերի ուսումնասիրությունը լիներ այնքան անհրաժեշտ, որքան նրանը: Նրա կենսագրության առավել հետաքրքրական էջերը լի են բացատներով: Հայտաբերված չեն բազմաթիվ նրա նամակներն ու երկերը: Նրա գրվածքներն ուսումնասիրելու, նրա մտավոր զարգացման ընթացքը, նրա հայացքների կազմավորման պրոցեսը հետազոտելու պատմա-բանասիրական խնդիրները լուծված չեն լիովին: Նրա գործունեության առավել այժմեական, ռեւոլյուցիոն-դեմոկրատական շրջանի գիտական-մարքսիստական ուսումնասիրությունը շատ անելիք ունի տակավին:

Չենք թերագնահատում Նալբանդյանին նվիրված կենսագրական հնօրյա ակնարկների ու նրա երկերի մասին հրապարակված աշխատությունների նշանակությունը: Առանձնապես արժեքավոր են վաստակավոր բանասեր Ե. Շահազիզի հավաքած նյութերը, առանց որոնց դժվարությամբ պիտի գլուխ գային Նալբանդյանի երկերի ժողովածուները կամ նրա կյանքի գիտական ուսումնասիրությունները: Նվազ նշանակալից չեն այն նյութերը, որ կես դար առաջ արխիվային փոշիներից թոթափելով լույս աշխարհ հանեց Մ. Լեմկեն: Ռուս այդ գիտնականի շնորհիվ է, որ ամուր կռվաններ ստեղծվեցին Նալբանդյանի ռեւոլյուցիոն գործունեությունն ուսումնասիրելու համար:

Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո սիստեմատիկ աշխատանք կատարվեց Նալբանդյանի անհայտ երկերի եւ նրա գործունեությունը լուսաբանող նոր վավերագրերի հայտաբերման ու հրապարակման գործում: Լույս ընծայվեց նրա երկերի քիչ թե շատ լիակատար ժողովածուն: Հրատարակվեցին բազմաթիվ աշխատություններ, որոնք այս կամ այն չափով նպաստեցին Նալբանդյանի կյանքի /6/ ու գործունեության հետ կապված այս կամ այն խնդրի պարզաբանությանը:

Դժբախտաբար, եղած հրատարակությունների զգալի մասը տառապում է սխեմատիզմով ու փաստագրական անճշտություններով: Մեծ գրողի ու գործչի կյանքն ու աշխատանքը լուսաբանվում է առանց աղբյուրների բազմակողմանի ընդգրկման ու քննարկման: Նրա երկերի ու մտքերի շարադրանքն ու գնահատականները տրվում են պատմական վայրկյանից ու իդեոլոգիական մթնոլորտից պոկված կամ առանց հաշվի առնելու երեւույթների առաջացման ու զարգացման կարեւոր ասպեկտները: Կար ժամանակ, երբ ոմանք, գիտության հետ ոչ մի առնչություն չունեցող հափշտակությամբ, կարծես սկզբունքորեն իսկ ժխտում էին Նալբանդյանի կյանքի ու հայացքների մեջ կատարված որեւէ բեկում կամ շրջադարձ, անտեսում դրանց զարգացման որակապես տարբեր էտապները: Այս կարգի հեղինակների մոտ Նալբանդյանը հանդես էր բերվում որպես` մեկընդմիշտ կազմակերպված գրող ու հրապարակախոս, որպես տրամադրությունների ու մտքերի հակասություններ ու վարակումներ չունեցած մի գործիչ, կամ գիտակցության դիալեկտիկայից զերծ մի բնավորություն:

Բարեբախտաբար, ներկայումս հազվադեպ են դառնում պարզունակ նման պատկերացումները: Նալբանդյանի կյանքի ու գործունեության քիչ թե շատ մտառու տեսությունը, նրա երկերի քիչ թե շատ բարեխիղճ ուսումնասիրությունն իսկ հերիք էր, որպեսզի ակներեւ դառնար իկոնոգրաֆիական եղանակով գրված այդ կարգի բնութագրումների անհուսալիությունը:

Հիրավի, Նալբանդյանի գործունեության միջավայրը փոխվում էր անընդհատ: Գավառային Նոր-Նախիջեւանից Մոսկվա կամ Պետերբուրգ մայրաքաղաքները, ճորտատիրական Ռուսաստանից կիսագաղութային Արեւելք կամ կապիտալիստական Արեւմուտք, այնուհետեւ՝ բանտ ու աքսորավայր:

Ապա աչքի առաջ առեք նրա ապրած ժամանակաշրջանի պատմական ելեւէջները. Նիկոլայ I-ի ռեժիմը ծայրամասերում եւ կենտրոնում: 1848 թվականի ռեւոլյուցիոն շարժումների իդեական արձագանքները Ռուսաստանում եւ ռեֆորմների նախապատրաստման լիբերալ էրան՝ Ղրիմի պատերազմից հետո (1855-1858 թ. թ. ): Վերջապես, ռեւոլյուցիոն կրիզիսի շրջանը (1859-1861 թ. թ. ) եւ ռեւոլյուցիոն կրիզիսին հաջորդած ռեակցիան:

Նալբանդյանի գործունեության սկզբնաշրջանը ամփոփված էր գավառային բախումների նեղ սահմաններում: Հասարակական շարժման ընթացքը գավառացի գործչին հանեց ազգային լուսավորության լայն /7/ ուղին: Գլխավորելով հայ դեմոկրատիայի առաջավոր ջոկատը, նա շեփորեց ազգության զարթոնքն ու աննահանջ պատերազմ հայտարարեց ժողովրդի գիտակցությունը կաշկանդող կղերա-աղայական ուժերին:

Համառուսական ռեւոլյուցիոն կրիզիսի սկզբին տագնապալից շրջան սկսվեց նաեւ Նալբանդյանի ազգային-լուսավորական գործունեության համար: Նա դուրս եկավ այդ տագնապից՝ լծորդելով հայ դեմոկրատիայի ազատագրական ջանքերը ռուս գյուղացիական ռեւոլյուցիայի հետ, Ռուսաստանում եւ Արեւմուտքում արծարծվող ազգային-ազատագրական շարժումների հետ:

Ժամանակն ու միջավայրը առաջադրում էին հայ դեմոկրատիային համապատասխան խնդիրներ ու հուշում դրանց լուծման կոնկրետ հնարներ: Պայքարելով կղերա-աղայական ռեակցիայի դեմ՝ Նալբանդյանը զինակցություն էր կնքում ազգային բուրժուազիայի պրոգրեսիվ տարրերի հետ: Նա չէր վարանում հրապարակ գալ սուր քննադատությամբ անգամ իր գործակիցների դեմ, երբ պայքարի ընթացքը սրանց ետ էր շպրտում առաջավոր դիրքերից դեպի իշխող ռեակցիայի փարախը: Փաստեր են սրանք, որոնք անտեսողները հաճախ վեր են հանել Նալբանդյանի գործակցությունը լիբերալների հետ՝ առանց նկատելու նրա պայքարը լիբերալիզմի դեմ, կամ, ընդհակառակը, մատնանշել նրա պայքարը լիբերալիզմի դեմ՝ առանց հաշվի առնելու նրա գործակցությունը լիբերալների հետ: Այս հանգամանքներից մեկի կամ մյուսի թերագնահատումն է հենց, որ հաճախ պատճառ էր դառնում Նալբանդյանի կյանքի կամ գործերի սխալ ու սխեմատիկ մեկնաբանության:

Ճիշտ նույն այդ եղանակով նշվել է հաճախ Նալբանդյանի իդեական այս կամ այն դիրքավորումը, չնկատելով դրա բացակայությունը կամ առկայությունը նրա զարգացման նախորդ կամ հաջորդ էտապում: Ծանրանում են, օրինակ, սուր այն քննադատության վրա, որին նա ենթարկեց փիլիսոփայական իդեալիզմը՝ ելման կետ ունենալով փիլիսոփայական մատերիալիզմը, չկամենալով հաշվի նստել այն փաստի հետ, որ նա ինքն իսկ եղել էր նախապես իդեալիզմի հետեւորդ:

Արհամարհելով պատմական օբյեկտիվ օրինաչափությունները եւ կամ ցատկումներ կատարելով «տհաճ» փաստերի վրայից՝ Նալբանդյանի մասին գրող հեղինակներից ոմանք փորձում են ընդհանրացնել նրա զարգացման առանձին էտապները հատկանշող իրողությունները, տարածելով սրանց ուժը նրա գործունեության բոլոր շրջանների վրա: Այսպես, բնորոշելով Նալբանդյանին որպես դեմոկրատական լուսավորչության գաղափարախոսի, հարկ պիտի լիներ շեշտել, որ դրանով հատկանշված է միայն նրա գործունեության այն շրջանը, որ ընդգրկում է մոտավորապես 1855-1858 թվականները: Կանգ առնելով, ընդհակառակը, նրա /8/ գործունեության ռեւոլյուցիոն-դեմոկրատական բնույթի վրա, չպիտի անգիտանանք, որ դրանով վեր ենք տանում այն, ինչ հատկանշական է Նալբանդյանի համար միայն 1859 եւ հաջորդ տարիների համար, առանց մոռանալու, որ դրանով ընդգծում ենք ու շեշտում միայն այն, ինչ դարձավ նա ի վերջո եւ ինչով առավել նշանակալից ու այժմեական եղավ նրա գործունեությունը մեզ համար: Հիրավի, Նալբանդյանի գործունեության ռեւոլյուցիոն-դեմոկրատական շրջանում ենք դիտում 60-ական թվականների հայ ազգային-ազատագրական շարժման ու մտավոր-կուլտուրական վերելքի նշանակալից այն իրողությունները, որոնք կենդանի ու անմիջական կապեր էին ստեղծում նրա գլխավորած Հայկական շարժման եւ Ռուսաստանի գյուղացիական ռեւոլյուցիայի ու ռուս ռեւոլյուցիոն-դեմոկրատական գաղափարախոսության եւ միաժամանակ նաեւ Ռուսաստանում եւ Արեւմուտքում արծարծվող ազգային-ռեւոլյուցիոն շարժումների միջեւ:

Պարզ է, որ Նալբանդյանի գործունեության մեր ընդգծած հատկանշումները պիտի տրվեն՝ ամեն անգամ աչքի առաջ ունենալով նրա զարգացման կոնկրետ շրջանը, նրա կյանքի ու մտածության կոնտեքստում՝ պարզելով մեծ գրողի ու հրապարակախոսի իդեական կազմավորման հարաճուն պատկերը:

Անգիտանալ Նալբանդյանի մտածության մեջ կատարված բեկումները եւ երբեմն նույնիսկ նրա հասարակական-քաղաքական առանձին վարանումներն ու խոտորումները իր իսկ պաշտպանած առաջավոր գծից, կնշանակեր քերել ժամանակի ու միջավայրի նստվածքը նրա վրայից, չհասկանալ նրա գործունեությունը պատմական իր կապերի ու փոխանցումների մեջ, չըմբռնել նրան իր կյանքի ու գործունեության կենդանի դինամիկայի մեջ: Նման թերացումներով հաճախ խեղաթյուրվում է նրա կյանքի իրական պատկերը, պարզունակացվում նրա հասարակական-քաղաքական հայացքների զարգացման ընդհանուր պատկերն ու անտեսվում նրա իդեական կազմավորման պրոցեսում նկատվող հակասություններն ու բարդությունները:

Բնավորությամբ ընկալուն ու խոհուն, հաղորդական ու ներգործուն՝ Նալբանդյանը ոչ միայն ենթարկվում էր փոփոխվող հանգամանքների ազդեցությանը, զարգանում ու կողմնորոշվում գաղափարապես, այլեւ ինքն իսկ ազդում շրջապատող իրադրությանը, միջամտում ընթացիկ անցքերին, դնում դրանց վրա աշխույժ ու վառ իր անհատականության կնիքը: Նրա կյանքի ու մտքի հորիզոնները ընդլայնվում էին շրջանաձեւ, ինչպես ծովի ալիքը տեղատվությունից հետո: Ինքը՝ Նալբանդյանն իսկ շատ լավ բնորոշել է ազատաբաղձ իր տարերքի զարգացման հարաճունպատկերը «Ազատն աստված» բանաստեղծության մեջ:

/9/ Էականն ու կարեւորն այն էր, սակայն, որ վերջին հաշվով կյանքի կամ մտածության բոլոր հակասություններից ու բեկումներից, բոլոր վարանումներից ու խոտորումներից անկախ Նալբանդյանը կարողանում էր մնալ ժամանակի առավել առաջավոր հայ հասարակական շարժումը ղեկավարողի դիրքերում: Եթե նրա առանձին վարակումների ու խոտորումների մեջ մեծ չափով արտացոլվում էր հայ կյանքի հետամնացությունը կամ հայ ժողովրդի բացառիկ բարդ վիճակն ու ճնշված կացությունը, նրա կատարած իդեական էվոլյուցիայի մեջ դրսեւորվում էր առկա բոլոր դըժվարություններն ու խոչընդոտները հաղթահարելու նրա անդիմադրելի մղումը: Նալբանդյանի մարտնչող գրականության ու հասարակական եռուն գործունեության մեջ անընդհատ շեշտվում էր դեմոկրատական նրա առողջ բնազդը եւ տրամաբանելու նրա մեծ ուժը:

Ծանրանալով Նալբանդյանի կատարած էվոլյուցիայի առանձին էտապների վրա, մեր նպատակը չէ անանցանելի անջրպետներ սահմանել նրա զարգացման առանձին փուլերի միջեւ:

Տակավին պատանեկության տարիներում Նալբանդյանը բախվում էր ռեակցիոն այնպիսի ուժերի հետ, որոնց հասարակական շահագրգռություններն ու նպատակադրումները դուրս էին գալիս քաղքենի տեղայնության շրջանակներից եւ միազոդվում ազգային եւ համապետական ռեակցիայի հետ: Նրա կատաղի թշնամիները՝ Խալիբն ու Այվազովսկին, իրենց գործակալներն ու թղթակիցներն ունեին ոչ միայն Էջմիածնում եւ Թբիլիսիում, այլեւ Մոսկվայում եւ Պետերբուրգում, Կ. Պոլսում եւ Զմյուռնիայում: Իդեական սերտ շփումներ ունեին դրսաշխարհի հետ հաճախ նաեւ դրանց դեմ պայքարող Նալբանդյանն ու իր զինակիցները: Այսպես, նաեւ հետագայում, հարդարելով ազգային-ազատագրական կամ ազգային-լուսավորական պայքարի ճակատ, Նալբանդյանը դնում էր խնդիրներ, որոնք ստանում էին համազգային արձագանք, կամ խնդիրներ, որոնք լծորդվում էին ռուս կամ արեւմտաեվրոպական ռեւոլյուցիոն հեռանկարների հետ, ճիշտ այնպես, ինչպես իր հերթին ցարիզմի դեմ մղվող Ռուսաստանի համադեմոկրատական պայքարը կապվում էր այն պայքարի հետ, որը վարում էին ռուս եւ արեւմտաեվրոպական ռեւոլյուցիոն շարժումների. ղեկավարները համաեվրոպական ռեակցիայի ներքին ու արտաքին ճակատների դեմ: Հանգամանքներ էին սրանք, որոնք դյուրացնում էին Նալբանդյանի եւ նրա հետեւորդների անցումը մտավոր-քաղարական պայքարի մի էտապից մյուսը:

Ցանկություն չունենք նաեւ անկամրջելի խրամատներ փորել Նալբանդյանի գործունեության առանձին մարզերի միջեւ, մեկուսացնելով Նալբանդյան-փիլիսոփային Նալբանդյան-տնտեսագետից կամ Նալբանդյան-հրապարակախոսին Նալբանդյան- բանաստեղծից: Այդ նպատակա/10/հարմար կամ անհրաժեշտ կլիներ թեմատիկ հետազոտությունների կամ դպրոցական ձեռնարկների մեջ, սակայն անտեղի՝ պատմա-կենսագրական մենագրության համար: Մեր հայացքը Նալբանդյանի խոհերի կամ գործերի մասին տալիս ենք նրա զարգացման հիմնական էտապների համապատասխան տեսության հետ կապակցված: Այնուամենայնիվ, այստեղ եւս մեզ զբաղեցնողը Նալբանդյանի ստանդարտ դիմապատկերը չէ, կամ նրա մտքերի սիստեմատիկ շարադրանքը, այլ նրա կյանքը, հույզերը, մտքերն ու գործերը՝ դիտված իրենց ծագման ու ձեւավորման կոնկհետ պայմաններում, տեղի ու վայրկյանի հետ ունեցած իրենց կապերի եւ արձագանքների առադրությամբ: Այլ խոսքով՝ մենք ծանրանում ենք նրա զարգացման առանձին էտապների եւ գործունեության առանձին մարզերի վրա միայն այնչափ, որչափ այդ անհրաժեշտ է նրա զարգացման ընդհանուր պատկերը տալու կամ նրա գործունեության իդեական մթնոլորտը հատկանշող հասարակական համապատասխան շրջադրությունը բնութագրելու համար: Բոլոր պարագաներում Նալբանդյանի կյանքն ու գործունեությունը ջանում ենք ընդգրկել շարժուն վիճակում, նման հոսուն այն մետաղին, որ կաղապարվելով դառնում է ամբողջական դիմաքանդակ:

Հիմնական մեր նպատակն է հետազոտել Նալբանդյանի իդեական-կազմավորման պրոցեսը եւ առաջին հերթին՝ վեր հանել նրա մեզ համար առավել այժմեություն ունեցող՝ ռեւոլյուցիոն-դեմոկրատական հայացքների լինելության պատմա-հասարակական աղբյուրները եւ դրանց զարգացման ընթացքը՝ լծորդված նրա ժամանակաշրջանի մտավոր եւ սոցիալքաղաքական հոսանքամարտերի հետ: Պիտի ջանանք հասնել այդ նպա- տ ակին, քննադատորեն ստուգելով առկա մեր աղբյուրները եւ այդ հիման վրա վերապատկերելով Նալբանդյանի կյանքն ու գործունեությունը՝ սերտորեն կապակցված նրա ժամանակաշրջանը հատկանշող փաստերի ուսումնասիրության հետ: Անհրաժեշտ պիտի լինի նկարագրել Նալբանդյանի կյանքն ու լուսաբանել նրա հայացքներն ու գործերը իրենց հասարակական ու գաղափարական կապերի ու ընթացքի մեջ: Հարկ պիտի լինի, մանավանդ, ծանրանալ նրա կատարած գաղափարական ու հասարակական-քաղաքական շրջադարձերի, դրանց պատմա-հասարակական նախապայմանների եւ շարժառիթների, դրանց ուղղության եւ նշանակության վրա: Այլ խոսքով՝ պիտի ջանանք գծագրել հրապարակախոսի զարգացման կոնկրետ պատկերը, որոշել նրա հայացքների կազմավորման կոնկրետ հանգամանքներն ու ազդակները, ցույց տալ նրա առնչությունները նրան ժամանակակից գործիչների հետ: Պիտի ջանանք պարզել, մանավանդ, նրա իրական կապերը ռուս ռեւոլյուցիոն-դեմոկրատական -մտքի ներկայացուցիչների հետ, ծանրանալով հատկապես նրա մտքերի /11/ կազմավորման փոթորկահույզ այն շրջանի վրա, որ նշանակալից անկյունադարձ կազմեց հայ հասարակական-քաղաքական առաջավոր մտքի սպատմության մեջ:

Մեր հետազոտության արդյունքները շարադրելիս ելնում ենք այն հայացքից, որ Նալբանդյանի շրջադրության եւ ժամանակի բնութագրությունը չպիտի առնչվի նրա կյանքին եւ գործունեությանը, նրա հայացքներին ու գրվածներին՝ որպես ուսումնասիրությունը հանձնարարող արտաքին ֆասադ, որպես «ներածող» պատմական տեսություն, որ կարող է բարեհոգիորեն մոռացության տրվել հետազոտության «ներսում», բուն նյութին վերաբերող էջերում կամ, հարկ եղած դեպքում, վկայակոչվել որպես իմաստության վաղածանոթ աղբյուր: Պատմական փաստը նշելու ենք այնտեղ, ուր առկա է նրա ներգործությունը եւ նրա ընդգըծումն անհրաժեշտ՝ զբաղեցնող նյութի պարզաբանության համար: Փաստագրման կարեւորությունը բխելու է բուն նյութից, ուսումնասիրվող երեւույթի զարգացման ընթացքից: Այսպես, Նալբանդյանի ժամանակաշրջանը հատկանշող եւ նրա զարգացումը պայմանավորող սոցիալ-տընտեսական տեղաշարժերի եւ հասարակական-քաղաքական մարտերի ընդհանուր պատկերը գծագրում ենք ոչ թե միանգամից եւ հենց մեր հետա(լոտության սկզբում, այլ աշխատության ընթացքում եւ մեծ մասով նրա գործունեության առավել նշանակալից՝ ռեւոլյուցիոն-դեմոկրատական շրջանը բնութագրելիս: Այդպես վարվում ենք այն նկատառումով, որ հենց այդ կապակցությամբ է առավել շոշափելի պահանջ առաջանում լուսաբանելու ժամանակի խոշոր իրադարձությունների պատմական հետնախորքը, տալու հասարակական համապատասխան հոսանքների ու քաղաքական խմբավորումների առավել ընդհանրացած տեսությունները: Նալբանդյանի ռեւոլյուցիոն հասունության բարձրակետից է նաեւ, որ Հետադարձ հայացք նետելով նրա անցած ուղիների վրա՝ նշելու ենք փաստեր, որոնք վերաբերում են հրապարակախոսի կյանքի նախընթաց շրջաններին, սակայն որոշիչ եւ գերիշխող նշանակություն ստացան ավելի ուշ, երբ տեղի ունեցան այն անցքերն ու գործողությունները, որոնք նրան հասցրին Պետրոպավլովյան բերդի նկուղները: Զարգացման նոր այդ շրջանում է, որ նման փաստերը դրսեւորեցին իրենց պոտենցիալ ուժը եւ վճռական դեր կատարեցին նաեւ հրապարակախոսի իդեական ժառանգության վերջնական ձեւավորման մեջ:

Այստեղից հետեւում է նաեւ, որ Նալբանդյանի ժամանակը, նրան ընթացակից կամ նրա հետ առնչվող իդեական մթնոլորտն ու իրադրությունները եւ սրանց թվում, մասնավորապես, նաեւ գրական-պատմական համապատասխան փաստերը շոշափելու ենք այնչափ միայն, որչափ դա անհրաժեշտ է նրա կյանքն ու գործունեությունը, նրա մտավոր-քաղա/12/քական էվոլյուցիան լուսաբանելու համար, կամ որչափ դա կարող է չամիանիշ լինել այդ էվոլյուցիան արժեքավորելու տեսակետից: Այդ կապակցությամբ էլ պիտի ջանանք դեմքերով ու դեպքերով բնութագրել նրա ժամանակի ու նրա գործունեության հետ առնչվող գլխավոր հոսանքներն ու իրադարձությունները, պարզել ըստ կարելույն դրանց դերն ու նշանակությունը:

Այսքանն այս աշխատության նյութի, մեթոդի ու շարադրման սիստեմի մասին:

 

* * *

Մի քանի խոսք մեր աղբյուրների մասին:

Մեծ հրապարակախոսը պատկանում է այն մարդկանց թվին, որոնց մանրակրկիտ կենսագրությունը չի սպառնում դաժան հատուցում դառ: ալ նրանց վարքագծի համար: Ընդհակառակը, որքան ավելի ես խորանում նրա կյանքի ու գործերի ուսումնասիրության մեջ, այնքան ավելի ես գիտակցում նրա մեծությունն ու զգում նրա հմայքը, այնքան ավելի ցանկանում մանրամասնություններ իմանալ նրա մասին: Մեր ուսումնասիրության մեջ չպիտի արհամարհենք կենսագրական «մանրուքը»: 10 ակայն «մանրուքի» կուտակումը չէ մեր խնդիրը, այլ կուտակածի արժե - քավորումը: Պիտի ի հայտ բերել մասնավոր փաստերի կապն ընդհանուրի եւ էականի հետ, իմաստավորել փաստերը մեզ ղեկավարող հարցասիրության տեսանկյունից: Չենք կամենում դարձնել առանձին փաստերն ու դիտողությունները ընթերցողի միտքը հոգնեցնող բեռ: Մեր ցանկությունն է, որ դրանք լինեն միայն իմացության արահետ դեպի ուսումնասիրության լայն ուղին:

Ներկա աշխատությունը պատրաստվել է տպագրության 1943-1946 թվականների ընթացքում: Հետագայում արել ենք որոշ ուղղումներ ու լրացումներ՝ հաշվի առնելով ռեցենզենտների արժեքավոր դիտողությունները, 1947-1954 թվականների ընթացքում հրապարակված կամ նույն տարիներին մեր իսկ կատարած լրացուցիչ հետազոտությունների մատակարարած մի շարք նոր փաստերը, առանց, սակայն, էական փոփոխություններ մտցնելու աշխատության ընդհանուր կոնցեպցիայի մեջ:

Հրապարակախոսի կյանքն ու գործը լուսաբանելու համար ուսումնասիրել ենք նրա ժամանակին վերաբերող մամուլն ու գրականությունը եւ ծանոթացել տպագիր ու անտիպ կողմնակի նյութերին: Սակայն գլխավոր աղբյուրն ինքը՝ Նալբանդյանն է: Հետազոտության ամենից արժեքավոր ատաղձը մատակարարում են Նալբանդյանի իսկ գրվածները: Այդ/13/տեղ է, որ կարդում ենք նրա մտքերը, նշմարում նրա կենսագրության կոնտուրները եւ անգամ լսում նրա կյանքի ընթացքը նշող ժամացույցի զարկերը: Նալբանդյանի գրականությունն է հենց այն հանքը, որ մատակարարում է նրա կերպարի կառուցման հիմնական համույթը: Մշակման կարոտ հարուստ մի սկզբնաղբյուր է այդ, որ դժվար է սպառել միանգամից:

Հրապարակախոսի մի հոդվածից տեղեկանում ենք, որ նա գրած է եղել «Մեր տեսած ու լսածը» վերտառած իր հիշողությունները, ուր շոշափել էր «մեր ազգի ժամանակակից ճիշտ պատմությունը»: Նրա այս ու մի շարք այլ գործերը չեն հայտաբերված տակավին:

Այնուամենայնիվ, մեծ կենսագրական արժեք ունեին հենց Նալբանդյանի առկա գրվածները: Մեզ հասած նրա երկերն ու նամակները միջոց են տալիս դիտելու գրողի կյանքի ու գործունեության ընթացքը։ նյութեր են դրանք, որ կապված են սերտորեն նրա ապրումների ու մաքառումների հետ: Դրանց մեջ արտացոլվում են ոչ միայն գրողի մտավոր էվոլյուցիան, այլեւ նրա միջավայրն ու ժամանակը: Անհրաժեշտ է, հարկավ, ոչ միայն կարդալ, այլեւ «վերծանել» այդ նյութերը, զբաղեցնող տեսանկյունից նշմարել դրանց մեջ կարեւորն ու էականը, չանգիտանալով ընդսմին այն ճշմարտությունը, որ դրանց հեղինակը պատկանում է այն մարդկանց շարքին, որոնք խորապես ապրում են իրենց ժամանակը եւ աճում նրան համաքայլ: Բացառիկ այն մտածողներից է նա, որոնց երկերի իմաստը բացահայտվում է հաճախակի ընթերցման միջոցով, ամեն անգամ երեւան բերելով նոր երանգ եւ հուզելով նոր միտք: Ահա թե ինչու ուսումնասիրողին շահագրգռում է ոչ միայն նոր նյութերի հայտաբերումը, այլեւ հին աղբյուրների մտառու քննարկումը, դրանց լուսաբանությունը ժամանակի կոնտեքստի մեջ: Աշխատանք է այդ, որ ժամանակին, Նալբանդյանի «Անտիպ երկեր»-ի խմբագրման կապակցությամբ, կատարել ենք միայն մասամբ: Այս գործի մեջ օգտագործված են «Անտիպ երկեր»-ին կցված կենսագրական նյութերն ու գրական-պատմական ակնարկները՝ ջանալով միաժամանակ հաղթահարել դրանց թերությունները եւ սրբագրել մեր նկատած սխալները: Ներկա ուսումնասիրության թեմաները շատ ավելի բազմազան են, եւ դրանց լուսաբանության համար ընդգրկված նյութերի շրջանն անհամեմատ ավելի լայն: Նոր թեմաներին ու նյութերին են գլխավորապես վերաբերում նաեւ մեր նոր «վերծանումները»:

Ի վերջո, ավելորդ չէ թերեւս դիտել, որ ներկա մեր ուսումնասիրությունը հավակնություն չունի բավարարելու ընթերցողների բոլոր պահանջները: Լիովին գիտակցում ենք, որ հնարավոր չպիտի լիներ հասնելու դրան, անգամ, եթե նույնիսկ այդ լիներ եղած մեր ցանկությունը: Մեզ /14/ ղեկավարել է միայն մի ձգտում՝ մեր կարողությունների ու հնարավորությունների սահմաններում ուսումնասիրել մեզ զբաղեցրած նյութը՝ հիմնված աղբյուրների քննական ուսումնասիրության վրա եւ առանց սակարկության մտնելու գիտական մեր խղճի հետ: Վարձատրված կզգանք մեզ բարոյապես, եթե ներկա մեր աշխատությունը առիթ ընծայի մարքսիստական-լենինյան լրջամիտ ուսումնասիրությունների համար հասունացած հետագա հետազոտողներին՝ շտկել հնարավոր մեր սխալներն ու վրիպումները եւ տալ առաջադրված նյութի մասին ավելի հիմնավոր ու նվազ թերակատար գործեր: