Նալբանդյանը եւ նրա ժամանակը(Ա)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/158/ ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

ԼՈՒՍԱՎՈՐԱԿԱՆ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՆ ՈՐՊԵՍ ՀԱՅԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՍՈԼԻԴԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ

 

Դպրոցը որպես ազգային կոնսոլիդացման օրգան: Լուսավորության գործի եվրոպականացման պահանջ։ Նալբանդյան: մանկավարժական հայացքների էվոլյուցիան: Վաճառականական գիտելիքների ուսուցումից դեպի գյուղական եւ արհեստագիտական դպրոց: Մայրենի լեզվի մասսայական ուսուցման նշանակությունը:


Հայերի ազգային կոնսոլիդացման գաղափարը, ինչպես տեսանք, Նալբանդյանը շոշափում էր արդեն 1854–55 թ. թ. գրած հայ մատենագրության գնահատությանը նվիրած իր «Ճառ»-ում: Հանգամանորեն ու կոնկրետ մերձեցումով անդրադարձավ նա այդ հարցերին «Հյուսիսափայլ»-ում եւ հատկապես՝ Կոմսի «Հիշատակարան»-ում:

Կանգ առնելով հայրենի քաղաքի տնտեսական հետամնացության պատճառների քննության վրա, «Հիշատակարան»-ի հատվածներից մեկում Կոմսը հարցնում էր. «Ի՞նչ է պատճառը, որ ժողովուրդը միմյանցից բաժանված, փեռեկտված չկամի ունենալ մի որեւիցե ընկերություն, ինչո՞ւ այդպես հալածված է այդ քաղաքից ընկերասիրության հոգին, ինչո՞ւ նրա բնակիչներից շատերը պարապում են մի մեքենական վաճառականությամբ, որի հիմքն էր փոխառություն եւ փոխատվություն»:

Դրած հարցերին Կոմսը տալիս էր մի պատասխան, որ բնորոշ էր հրապարակախոսի մտածողության դեմոկրատական-լուսավորական էտապի համար:

«Գլխավոր պատճառը քաղաքի հետ մնալուն, ասում էր նա այդ ժամանակ, է ժողովրդի անդաստիարակությունը եւ անկրթությունը, սորանից հառաջանում է անմիաբանությունը եւ այն պատերազմը, որ լույսը եւ ճշմարտությունը պիտո է ունենային խավարի եւ ստության հետ» [1] ։ Առ/159/կա վիճակից ելնելու համար Նալբանդյանն առաջադրում էր ժողովրդական լուսավորության եվրոպականացման պահանջ։

«Այնտեղ, ասում էր նա, ուր չկա կրթություն եւ դաստիարակություն , չի կարող լինել եւ ընկերական կյանք, իսկ ուր չկա ընկերական կյանք, այնտեղ թագավորում են միմյանցից բաժանող եւ հեռացնող եսական սկզբունք… Որեւիցե գործ, որ պիտի պատկաներ ամբողջ ազգին, հարկ է, որ կատարվի հասարակաց ձեռքով եւ հասարակաց հոգու միաբան գործակցությամբ, բայց ուր իշխում է եսականությունը, այնտեղից հալածական է միաբանական աստվածային հոգին» [2]:

Լուսավորությունը իբրեւ ազգային կոնսոլիդացման միջոց ղեկավարող գաղափար էր տակավին «Յաղագս հայկական դպրութեան ճառ»-ը հեղինակողի համար: Լուսավորությունը իբրեւ ազգություն ցեմենտող գործոն է նաեւ Կոմսի «Հիշատակարան»-ում: «Ազգի դպրոցը, գրում էր Կոմսը, է այն գործարանը, այն արգանդը, որ հղանում է ազգի գալոց սերունդը. ինչպես բնական աշխարհի մեջ ծնածը պահում է յուր ծնողի տիպը եւ բնական որակությունը, այնպես եւ աշակերտը կրում է յուր վերա դպրոցի դրոշմը: Կառավարիչքը կամ դաստիարակքը դպրոցների, որ չպահպանելով ազգի օգուտը՝ չարաչար էին գործ դնում յուրյանց պաշտոնատարությունը, հանցավոր են լինում ազգի առջեւ, եւ այս հանցանքի գաղափարը միմիայն կարող է բացատրել այս զարհուրելի բառը՝ ազ– գասպանություն։ Եթե դպրոցի լսորհուրդը եւ նպատակը համաձայն չէ ազգի էական օգուտներին, եթե նա մի մեքենա է, հայ զավակի մեջ օտարություն պատվաստելու, լավ է մանուկներին տգետ հայ մնալ, քան թե դառնալ թերակիրթ չհայ» [3]: «Ազգային դպրոցները, շարունակում էր Կոմսը, պարտական են բանալ մանուկների միտքը, պինդ տնկել նոցա մեջ ազգության սերմը, վառել նոցա սրտում հայության կրակը. մի խոսքով, կատարել այն ընտանեկան պարտականությունը, որ ծնողք սլիտի կատարեն յուրյանց ազգի օգտի համար, եւ որ մնացած է երեւի վերա ընտանեկան դաստիարակություն չլինելով մեր մեջ» [4]:

«Եվրոպական լուսավորության» տեսանկյունից Նալբանդյանը քննադատում էր ոչ միայն հին խալֆայական դպրոցը, այլեւ նշավակում ժողովրդից ու նրա պահանջներից կարված Մուրադյան, Հայկազյան, Խըռմաճյան, Խալիբյան, Ներսիսյան դպրոցների, ինչպես նաեւ Լազարյան ճեմարանի վարչական ու դաստիարակչական սիստեմն ու ուղղությունը: «Ազգային» կոչված այդ դպրոցներից մի քանիսում հայերեն դասավանդ/160/վում էին միայն հայերեն առարկաներն ու կրոնը: Քննադատելով Մուրադյան վարժարանի սիստեմը՝ Նալբանդյանը հակադրում էր դրան դարձյալ դպրոցաշինարարության իր սկզբունքները: Դպրոցը, գրում էր նա, հարկավոր է հիմնել ու պահպանել այնտեղ, ուր է ազգը: Դպրոցը հիմնելուց առաջ ապահովել նրան նյութապես, ազատելով նրան ամեն տեսակի պատահարներից: Անհրաժեշտ է հոգ տանել դաստիարակներ պատրաստելու համար: Ազգային դպրոցը, աշխարհական լուսավորությունը չշփոթել կրոնի կամ կրոնավորների հետ, որոնք վարակում են աշակերտների սիրտը ֆանատիկոսության ախտով: Դպրոցի կառավարչությունը հանձնել ուսումնական աշխարհականներին: Մերժել եկեղեցականների միջամտությունը ազգային դպրոցների գործին: Դպրոցը վարել ճիշտ եվրոպական ուղղությամբ: Անհրաժեշտ է ստեղծել հասարակական ֆոնդ եւ կառուցել «մի հոյակապ բուն ազգային եվրոպական կարգերով» կամ, ինչպես գրում էր մի այլ տեղ, «մի ազգային կամ եվրոպական բազմակողմանի ուսումնարան» [5]: Նոր դպրոցը պիտի լիներ եվրոպական տիպի միջնակարգ կրթարան եւ հակադրվեր գոյություն ունեցող ազգային ուսումնարաններին, ուր, ինչպես քանիցս շեշտում էր հեղինակը, ազգային ոգին ենթակա էր բռնի օտարացման:

Քաղքենի հասարակության պառակտված վիճակն առիթ է տալիս Նալբանդյանին նշելու, որ քաղաքաբնակչության միաբան ուժը տրոհված է երկու կամ երեք մեծ հատվածի, որոնք մտահոգված մասնավոր շահախնդրություններով՝ արհամարհում են ընդհանրության շահը [6]: «Եվրոպական» կանոնի տակ դրված դպրոցը պիտի հաշտեցներ «երկու հակառակորդ բաժինները, ճշմարտություն քարոզելով նոցա, որ նվիրելու: յուրյանց անձը ստության եւ խավարի սպասավորությանը, քարաձիգ ու նետաձիգ էին լինում դեպի մյուս բաժինը, որի դրոշակի վերա լուսեղեն տառերով գրված էր՝ «ճշմարտություն» [7]: Դպրոցը քարոզելու էր՝ «սեր, ընկերություն, ազգասիրություն, մարդասիրություն, առաքինություն, աշխատություն, արիություն եւ այլն, եւ այլն»: Նրա նպատակն էր լինելու «պատրաստել կրթյալ եւ խելացի քաղաքացիք, գիտուն եւ լուսավոր վաճառականք, բանագետ երկրագործք, հմուտ բնագետք եւ այլն, եւ այլն» [8]: Ավանդվելիք առարկաները նպաստելու էին նախ եւ առաջ վաճառականական գիտելիքների յուրացմանը: Այդ նպատակով Նալբանդյանը մտցնում էր դասացուցակի մեջ վաճառականական ուսմունք, վաճառականության պատմություն եւ վիճակագրություն: Այս կետում նա ձայնակցում էր /161/դասատվության այն ծրագրին, որ արծարծում էր Գ. Պատկանյանը [9]: Գյուղական տնտեսությանը վերաբերող առարկաները հիշվում են երկրորդաբար:

Այս պահին Նալբանդյանը հետամուտ էր հայրենագիտական եւ վիճակագրական նյութերի ուսումնասիրությանն ու տարածմանը նաեւ դպրոցական դասատվությունից անկախ: «Մի քանի վիճակագրական եւ տեզեկագրական ծանոթությունք, գրում էր Կոմսը 1860 թ., որպեսզի եթե ժամանակով հոգ տարվելու լինի ազգին, իմանան հոգացողքը, թե ո՞րտեղ ինչ էր պակաս կամ ավելորդ, տեղեկագրությունը նույնպես հարկավոր է, որ հոգացողքը կարողանան բնության երեւույթներին հարմարել յուրյանց գաղափարը, որ պիտի ծառայեր ժողովրդին որպես աղբյուր նյութական շահաստացության: Ըստ որում, մեր ազգին, ուսման եւ լուսավորության հետքից հարկավոր է տալ եւ կանոնավոր տնտեսական, գյուղական եւ վաճառական գիտությունք, որպեսզի հաստատ հիմքերի վրա կանգնի նրա թե՛ երկրագործությունը եւ թե վաճառականությունը» [10]: Ակներեւ է, որ հրապարակախոսը հետաքրքրվում էր այս գիտելիքներով ոչ միայն ազգի նյութական շահաստացության, այլեւ նրա քաղաքական հեռանկարները ճշտելու համար:

Սակայն նրա միտքը չհանգստացավ զարգացման այս կետի վրա:

1860 թ. նա արծարծում էր ոչ միայն քաղաքային, այլեւ գյուղական տեսարրական դպրոցների խնդիրը: Պահանջում էր «Հայաստանի բոլոր գյուղերում հաստատել պարզ դպրոցներ, որոնց պաշտոնը էր լինելու լեզու եւ գիր ուսուցանել ազգի զավակներին: Այնպիսի գյուղերում, ուր ժողովուրդի չքավորությունը արգելառիթ է այս գաղափարի իրագործությանը…» [11]: Այստեղ ցենզորի մկրատը ընդհատել է հեղինակի միտքը:

Ընդառաջելով երկրագործության եւ երկրագործի պահանջներին, Նալբանդյանը հիմա արդեն դուրս էր ձգում Նոր-Նախիջեւանի համար մշա կած իր դասացուցակից վաճառականական գիտությունները եւ մտցնում դրանց տեղ բնագիտական եւ գյուղատնտեսական մի շարք նոր առարկաներ: Դասացուցակն աչքի է ընկնում բազմառարկայությամբ: Ուշագրավ է, որ չեն մոռացված նաեւ այնպիսի առարկաներ, ինչպես երաժշտությունը, պարը եւ «շարժողությունը» (մարմնամարզությունը) [12]: է։ Մանուկների բնական ունակությունները բազմակողմանիորեն զարգացնելու եւ նրանց կրթության գործը ժողովրդի գործնական պահանջնե/162/րին համակերպելու մարզում շարունակելով եւ զարգացնելով Աբովյանի եւ իր ուսուցչի հայացքները, հետեւողականորեն արծարծելով ժողովրդական լուսավորության աշխարհականացման պահանջը, Նալբանդյանը գործադրեց իր եռանդը առավելապես դպրոցի ժողովրդայնացման ազգային-քաղաքական նպատակադրման խնդիրների վրա ։

Կրկին ու անընդհատ մատնանշում էր նա դպրոցի ազգային դաս-, տիարակչական կոչումը: Այս կապակցությամբ ընդգծում էր առանձնապես մայրենի լեզվի մասսայական ուսուցման նշանակությունը: «Ազգությունը ունի յուր հոգին, եւ այս հոգին լեզուն է, առանց այս լեզվին չկա ազգ, սուտ բան է եւ առասպել, առակ» [13]: «Ազգը լուսավորելու գաղափարը, գրում էր Նալբանդյանը, միայն այն ժամանակ կարող է իրագործվիլ, երբ հիմնած ու պահպանված էին բուն ազգային դպրոցներ, որոնց մեջ պիտի լսվեր հայկական խոսքը, ուր հայոց բառերով պիտի ներս մտնեին ազգի զավակների մեջ զանազան լուսավոր գաղափարք… Ազգի հոգին եւ ազգի սիրտը կարող են յուրյանց հատկությունը եւ որակությունը մաքուր պահել միմիայն կերպարանագործվելով ազգային լեզվի ազդեցության տակ. այս ճշմարտությունը ուրացողը, ուրացող է ազգության» [14]: Այս տողերի ազգային-քաղաքական խորհուրդը պարզ է ինքյան: Ակներեւ է այդ մանավանդ այն տողերից, ուր Նալբանդյանը շեշտում էր, թե ազգության սերմը պետք է տնկվի մանուկների սրտերի մեջ «այնպիսի խնամքով եւ հոգաբարձությամբ, որ հյուսիսի ցրտաբեր մրրիկը կամ հարավի այրող տոթը չկարողանային չորացնել նորանից ծլելու բույսը» [15]: Ազգային դաստիարակությունը սրանով դառնում է ազգությունը ոտնահարող բռնակալությունների դեմ ուղղված պայքարի դրոշ:

Մայրենի լեզվից եւ հայրենի հողից կտրված մանկան ուսումն ու դաստիարակությունը Նալբանդյանը համեմատում է հարազատ հողից: ու կլիմայից պոկված տունկերի ու կենդանիների վիճակին, որոնք նոր իրադրության մեջ փոխում են միանգամայն իրենց կերպարանքը. «Վան քաղաքից Էջմիածին տարված երկայն բրդով մեծ-մեծ կատուները, գրում էր Կոմս Էմմանուելը, մի քանի պորտ անցնելով, կորուսին իրանց բրդի այդ հատկությունը եւ կամաց-կամաց ընկան տեղական կատուների կարգը, թեթեւ զանազանությամբ…» [16]: «Երեխան, որի բնավորու թյունը կերպ, պարանագործված չէր դեռեւս, մի հայելի է, որի մեջ կցոլանա այն, ինչ ով ցույց կտաս. նա միեւնույն է յուրյան շրջապատող արտաքին աշխար/163/հի եւ ընկերության ձեռքում, ինչպես կավը բրուտի ձեռքում, որին սա կարող էր ամենայն ձեւ տալ» [17]:

Այս մտքերի մեջ նկատելի է նորից բնական գիտությունների ազդեցությունը հրապարակախոսի աշխարհայեցության զարգացման վրա:

Ազգային տարրական դպրոցների հիմնարկությամբ, մայրենի լեզվի ուսուցմամբ Նալբանդյանն ավարտած չէր համարում ազգային լուսավորության ողջ ծրագիրը: Տարրական դպրոցը գործի սկզբնավորությունն էր լինելու միայն: «Անտարակույս, գրում էր նա, միմիայն հայոց լեզու ուսանելը մեծ բան չէ, եւ դորանով դեռ ազգը չլուսավորեցինք, եթե հասանեինք եւս այդ նպատակին, բայց դա այն աստիճանն է լուսավորության սանդուխքի, որի վերա չկոխած, չէ կարելի հետեւյալները կոխել» [18]:

Ազգի հետամնացությունը հաղթահարելու եւ նրա կոնսոլիդացման համար Նալբանդյանի առաջարկած դպրոցական ծրագրերը հատկանուշական են հյուսիսափայլյան շրջանի նրա գերազանցորեն լուսավորական հրապարակախոսության համար: Ճիշտ է, որ նա տակավին այդ ժամանակ գիտակցում էր ցարիզմի գաղութային քաղաքականության բացասական ներգործությունը հայերի հասարակական զարգացման եւ ազգային կոնսոլիդացման մարզում։ Սակայն կենտրոնացնելով հիմնական իր ուշադրությունը լույսի եւ խավարի, ճշմարտության եւ ստության մեջ եղած ներհակությունների վերացական բնութագրումների վրա, Նալբանդյանը դեռ ի վիճակի չէր բացահայտելու պառս կտված ազգի գոգում արծարծվող դասակարգային բախումների պատմական իմաստը, դիտելու այդ ներհակությունները որպես հասարակական զարգացման օրինաչափ ընթացքով պայմանավորված իրադրություն: Սրա պատճառն այն չէր, որ նա այս շրջանում ի վիճակի չէր ազատորեն շարադրելու իր հայացքները, այլ այն, որ նրա հայացքների կազմավորման պրոցեսը չէր ավարտվել տակավին: Դրան դժվար չէ համոզվել` համեմատելով 1858 թ. գրած նրա հոդվածները այն մտքերի հետ, որ նա արծարծում էր 1859 ու հաջորդ տարիներին, ստանալով հետզհետե ռեւոլյուցիոն -դեմոկրատական գաղափարների դրոշմ:

Այնուամենայնիվ, ոչ միայն իր հրապարակախոսության առաջին տարիներին, այլեւ հետագայում, իր ռեւոլյուցիոն-դեմոկրատական հասունության շրջանում, Նալբանդյանի գործունեության մեջ օբյեկտիվորեն իշխում էր միջնադարյան ֆեոդալիզմից դեպի նոր կապիտալիսսական Հարաբերությունները քայլող հայ ժողովրդի առաջ զարգացման լայն ճա/164/նապարհ հարթելու մտահոգությունը: Նրա գրչի տակ այդ իմաստն ուներ հայերին «եվրոպական» լուսավորությանը հաղորդակից դարձնելու խնդիրը: Նույն այդ խնդրին էին ծառայում նաեւ նրա քարոզած այն գաղափարները, որոնց մեջ նա արծարծելու էր հայերի ազգային վաճառականությունը» կազմակերպելու կամ նրանց ազգային-քաղաքական ազատագրման հարցերը: Ելնելով հայ դեմոկրատիայի շահերից, Նալբանդյանն առաջադրում եւ պարզաբանում էր հարցեր, որոնք օբյեկտիվորեն դառնում էին հայերին որպես բուրժուական ազգ կազմավորելու նպատակակետի շուրջը: Մասնավորապես, դժվար չէ համոզվել դրա մեջ՝ ծանոթանալով այն հայացքներին, որոնց վրա կանգ առավ հրապարակախոսը գլխավորապես «Հյուսիսափայլ»-ում տպված «Կոմս Էմմանուելի հիշատակարան»-ում հայ կանանց ազատագրման հարցերին նվիրած իր ասույթներում:



[1]     Ե. Լ. Ժ., 1, եր. 356:

[2]     Ե. Լ. Ժ., 1, եր. 256:

[3]     Նույն տեղը, եր. 455:

[4]     Նույն տեղը:

[5]     Ե. Ա. Ժ., I, եր. 358:

[6]     Հմմ. նույն տեղը, եր. 359:

[7]     Նույն տեղը, եր. 358, 441:

[8]     Նույն տեղը, եր. 358:

[9]     Վերջը կիմանաք, նույն տեղը, եր. 104 եւ հետ. ։

[10]   Ե. Լ. Ժ., 1, եր. 461:

[11]   Նույն տեղը, եր. 459:

[12]   «Անտիպ երկեր», եր. 251:

[13]   Ե. Լ. Ժ., II, եր. 408:

[14]   Նույն տեղը, 1, եր. 453:

[15]   Նույն տեղը, եր. 456:

[16]   Նույն տեղը, եր. 320:

[17]   Ե. Լ. Ժ., I, եր. 32:

[18]   Նույն տեղը, եր. 459 եւ հետ.: