Նալբանդյանը եւ նրա ժամանակը(Ա)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/181/ ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ

ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈՒԵԼԻ «ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ»-Ը


«Հիշատակարան»-ի գրական ժանրը: Երգիծանքն ու գրոտեսկը նրա էջերում։ Լիրիկական եւ պաթետիկ մոտիվներ: Կոմս Էմմանուելի ներքին դրաման եւ դրա անդրադարձումը «Հիշատակարան»-ում։ Մարտնչող հայրենասերի տվայտանքը։ Ազատության երգչի քնարը: Նալբանդյան եւ Աբովյան:

 

«Հյուսիսափայլ»-ում տպագրված գրվածքներից ոչ մեկը չկատարեց այն դերը, որպիսին վիճակված էր Նալբանդյանի «օրագրական թերթերին»` Կոմս Էմմանուելի «Հիշատակարան»-ին: Այդտեղ է, որ ամբողջ իր փայլով արծարծվեց Նալբանդյանի հյուսիսափայլյան հրապարակախոսությունը: Բացառապես հեղինակի խոհերն ու ապրումները մտերիմների կամ հետնորդների համար արձանագրող հիշատակարան կամ օրագրություն չէր այդ: Ընթացիկ հարցեր ընդգրկող հրապարակախոսական դիրվագների մի շարք էր այդ, ուր գրողը, առանց միասնական սյուժեի, ու կոմպոզիցիայի, հասցնում էր լիրիկական իր հերոսի՝ Կոմս Էմմանուելի, խոսքը ընթերցող մասսային, նրա վրա ազդելու, նրան դեպի ներգործուն Հասարակական կյանք մղելու համար:

Նալբանդյանի հերոսին օտար էր ազգասիրական այն կեղծ պաթոսն ու ոճը, որ կնդրուկ էր ծխում ազգի եւ նրա անդամների «պակասությունների կողքին»: Այդպիսիների համար, ասում էր Կոմսը, «միեւնույն կշիռ եւ հարգ ունեն թե ազգը եւ թե նորա պակասությունքը եւ, եթե ավելի լավը կամիք, պակասությունքը ավելի նախընտիր են քան թե բուն ազգը» [1]:

Կոմսը քայլում էր տրորված պողոտային դիմադարձ առապարով: Նա մեկնում էր այն սկզբունքից, թե նոր առաքինության դրոշը պէտք է տնկվի հին հասարակայնության փլատակների վրա. «…ամենայն բանիմաց եւ ճշմարտասեր հայի վերա պարտականություն կա, շարունակում /182/ էր իր միտքը Կոմսը, պատժել եւ պատուհասել բերանով եւ գրչով ազգի պակասությունքը, հրապարակել նորանց այնքան, մինչեւ որ ազգը տեսնելով յուր վրայի կեղտը՝ զզվի, գարշի եւ խնամ տանե լվանալու եւ մաքրելու յուր անձը, որպեսզի արժանի լինի լուսափայլ դեմքով մասնակից լինել եվրոպական մարդկության բարիքին» [2]: Կոմսի ձայնը հնչելու էր որպես Նալբանդյանի դրվատած այն բանաստեղծի խոսքը, որը չվարանելով ոչ մի խոչընդոտի առաջ՝ սրի եւ հրի եռանդ էր հաղորդում իր գրչին ու լեզվին.

Նա այն ժամանակ սուր ունի հատու,

Կրակ է թափում այրող բերանից:

Ֆելյետոնն ու պամֆլետը, որպես մասսաների սերն ու ատելությունը հրահրող գործիք, Նալբանդյանի հրապարակախոսության նախասիրած ժանրն էր: Պամֆլետի նյութ էին հասարակական ստրատոսֆերայի վրիպած տիտանները, կղերի եւ մեծատունների այն պերսոնաժները, «որոնց երեսը վաղուց դարձել էր շինականի տրեխ», իսկ բռունցքը՝ անսահման հեղինակություն վաստակել ճնշվող «հասարակի» աչքում: Հրապարակախոսի գրչի տակ պամֆլետը մասսաներին սթափեցնելու միջոց էր, դեմոկրատական գրչապայքարի սուկ գործիք, որով ախտահանվում էր անցյալի նեխած շեղջը եւ քամուն տրվում փքուն հեղինակությունների մտավոր եւ բարոյական դարմանը: Երգիծաբանական ժանրը ազդանշում էր չարիքի կոնկրետ կրողների դեմ ձեռնարկվող պայքարի սկիզբը:

«Հիշատակարան»-ի էջերում, «Մեռելահարցուկ»-ում, «Սատանայի պաշտոնական մեծ հանդես»-ում, ինչպես նաեւ «Ալֆոնզո Ռոթթի» ստորագրված Նալբանդյանի պամֆլետում հեղինակը մտցնում է ֆանտաստիկ կերպարներ, դիմում չափազանցումների՝ գրոտեսկի հասցնելով գրական խոսքը: Պայքարելով հակառակորդների դեմ՝ Կոմսը խոշորացնում էր նրանց կոնտուրները, խտացնում նրանց դիմագծերը, ակնբախ դարձնելով նրանց վանիչ հատկանիշները: Հարկավ, պայքարի այդ միջոցն ուներ այն անհարմարությունը, որ ծակում էր իշխողների փքուն ինքնասիրությունը, կուտակում նրանց շուրթերին կատաղության փըրկուր: Սակայն հրապարակախոսն անդրդվելի էր անգամ թշնամական մոլուցքի դիմաց: Այն մարդկանցից չէր նա, որոնք ընկրկում են դաժան մարտադաշտից: Հակառակորդի զգաստությունը բթացնելու համար նա կարող էր փոխել հարձակման ուղին, բայց անընդունակ էր լռեցնելու, սրտի անկեղծ վկայությունը, ընկրկելու դժվարությունների առաջ:

Ազգի ախտերը պատկերանում էին Կոմսին դարերի ժանգով: Կու/183/տակված ապականությունը սրբելու համար նա զգում էր «մեծ հնարների» կարիքը: «Մեր համար, գրում էր Կոմսը, ազգությունը եւ ամբողջ ազգի կատարելության գաղափարը այնքան ծանր կշիռ ունի, որ դորան պահպանելու եւ օգնելու մտքով պատրաստ ենք ամենայն զոհաբերության, ինչ որ միայն կարող էր մի մատենագիր մարդ: Այս բաների մեջ ոչինչ են մեր աչքում մի քանի կռապաշտ հայերի պատվասիրությունը եւ անձնասիրությունը, ուստի մաքուր խղճմտանքով եւ ձեռքերս սրտերիս վերա ղրած, ոչ միայն զոհում ենք նորանց, այլ որպես քաղդեական սերմից հառաջացած ծնունդներ քարին ենք զարկում… Ժամանակ է, որ հայերը դուրս գան երեխայութենից եւ մի փոքր այրություն ստանան, սովորեն դատել եւ ճանաչել սեւը եւ սպիտակը. մինչեւ այժմ նոքա դատել են միայն գինու եւ պանրի արժանավորությունը: Ժամանակ է, որ մի փոքր մտածել ուսանին, որովհետեւ մինչեւ այժմ գտնվել են նույն դրության մեջ, ինչ վիճակում էր Նաբուգոդոնոսորը երազից հետո, «եւ բանն վերացաւ յինէն», ասում էր նա մարգարեին» [3]:

Գերցենին գրած մի նամակում Բելինսկին ասում էր, թե սրիկաները հենց նրա համար էլ հաջողություն ունեն իրենց գործերի մեջ, որ ազնիվ մարդկանց հետ վարվում են, ինչպես սրիկաների հետ, մինչդեռ ազնիվ մարդիկ վարվում են նրանց հետ, ինչպես ազնիվ մարդկանց հետ:

Ոմանք նշավակել են «Հիշատակարան»-ը եւ հեղինակի այլ գրվածքները՝ որպես հասարակական այս կամ այն «գործչի» դեմ սրված պասկվիլներ: Այդպես վարվողները անգիտացել են, որ իր ծաղրած գործիչներին Նալբանդյանը չէր շփոթում Բելինսկու հիշատակած ազնիվ մարդկանց հետ: Նրա երգիծանքի լախտը հալածում էր ոչ թե մասնավոր մարդկանց, այլ ժողովրդի նախապաշարումները կեղեքող հեղինակություններին:

Հայտնի է, որ երգիծաբանական ժանրի նմուշներ կան հայ միջնադարյան գրականության մեջ: Այդ ժանրին հանդիպում ենք տակավին Հայ նոր գրականության ռահվիրաների՝ Թաղիադյանի եւ Աբովյանի, մոտ: Սակայն Նալբանդյանին նախորդած գրականության մեջ սովորաբար բացակայում է երգիծանքի անհատական շեշտը. երգիծանքի առարկան է հանրային որեւէ արատ, առանց շոշափելու չարիքի կոնկրետ կրողներին: Խրատական ու բարոյախոսական իր տենդենցով այս տիպի երգիծաբանությունը ծագում է առակից կամ հանգում առակի: Աբովյանի, Թաղիադյանի տրտունջներն արտահայտվում էին հաճախ առակի կամ բացառիկ դեպքում շարադրվում մասնավոր նամակների ձեւով: «Անձնականը» չէր դարձել տակավին հրապարակային քննության նյութ: Ան/181/գամ Նազարյանցի ինվեկտիվները կրում էին գերազանցորեն վերացական խորհրդածությունների բնույթ: Միայն մտածության միջնադարյան կապանքներից ձերբազատված գրողը կարող էր հանդես գալ որպես երգիծող հրապարակախոսության հեղինակ: Միայն միջնադարյան պայմանականությունները հաղթահարած հրապարակախոսությունը կարող էր հանգել չարիքի մարմնացումը նշավակող երգիծանքի:

Արեւելահայ հրապարակախոսության մեջ այդ տիպի երգիծանքի հիմնադիր հանդիսացավ Նալբանդյանը, արեւմտահայերի մեջ նույն տիպի երգիծանքի տարրեր կան Ոսկանյանի մոտ: Լիակատար չափով երգիծանքի այդ տեսակը զարգացրին Սըվաճյանն ու Պարոնյանը:

Բավական չէր սոսկ հիշատակել չարիքի հեղինակներին, անհրաժեշտ էր նաեւ մերկացնել նրանց գործողությունների սոցիալական ու քաղաքական իմաստը: Միայն այդ ճանապարհով կարող էր մարտնչող դեմոկրատիայի հրապարակախոսությունը հասնել իր առաջադրած սոցիալականեւ քաղաքական նպատակին:

  «Անհնարին է բարիքը, եթե վիրավորանք չեն հասցնում չարիքին», ասում է Չերնիշեւսկին: Ռուս բյուրոկրատական եւ կապիտալիստական Ոլիմպոսի դեմ երգիծաբանական սուր սլաքներ էր ուղղում Նեկրասովը տակավին 60-ական թվականներին: Դոբրոլյուբովը սատիրայի եւ մերկացումների նյութ էր դարձնում չարիքն անձնավորող դեմքերին: Այս սկզբունքով էր ղեկավարվում 1859 թ. «Սովրեմեննիկ»-ին կից հրատարակվող «Свисток» երգիծաթերթը:

Կերտելով իրական մարդկանց կերպարներ՝ Կոմս Էմմանուելը իր հերոսներին հաճախ դնում էր «անիրական», «կախարդական» շրջանակների մեջ: Սակայն Նալբանդյանի ֆանտաստիկան ընդհանուր ոչինչ չունի ռոմանտիկական կախարդանքի ու ֆանտաստիկայի հետ: Նալբանդյանի ֆանտաստիկայի մեջ զգում ենք ռեալիստական երգիծանքի շունչը: Հակադրությունների սրումով նրա ֆանտաստիկան միջոց էր տալիս վերապատկերելու կյանքի իրական երեւույթները, մտրակելու ազատության եւ լուսավորության թշնամիններին՝ ըստ կարելույն ձեւական առիթ չտալով` գրական ոստիկանների հետապնդումներին:

Հիպերբոլան, ֆանտաստիկան եւ գրոտեսկը երգիծաբանական ժանրի պրիոմներ էին: Ֆանտաստիկ ոճը իրականի ժխտումը չէր, այլ նրա գրիմասների մերկարար, ակնբախ, ելունդավոր, համակենտրոնացած սեւեհումը: Ծաղրն ու քրքիջը տիրողների այլանդակ կերպարները թովչանքի լուսաշող գագաթներից իջեցնում էին հասարակական պատասխանատվության գորշ հրապարակը: Գրոտեսկը պիտի ցույց տար երեւույթի անբնական, անտրամաբանական էությունը, հուշելով ընթերցողին այն հաղթահարելու անհրաժեշտությունը: Չկա կռիվ առանց կրքի եւ ատե/185/լության: Կռվի այս օրենքն էր հենց, որ կենսագործվում էր լիովին Նալբանդյանի պամֆլետների մեջ:

Սակայն Կոմս Էմմանուելի երգիծանքը չէր կասեցնում նրա հույզերի եւ ապրումների լիրիկական ու պաթետիկ ընթացքը: Երգիծաբանական զայրույթը «Հիշատակարան»-ի տիրապետող մոտիվներից մեկն է, բայց: ոչ միակը: Կծու, այրող, մտրակող խոսքը փոխանցվում է գրողի ոգեշընչող, հրահրող, խրախուսող խոսքին: Կոմս Էմմանուելը գրի է առնում իր մտքերը ոչ միայն թույնով ու լեղիով, այլեւ արյունով ու արցունքով: Նրա հեգնանքը լի է թախիծով, նրա քրքիջը զսպվում է սրտի խորքից հորդացած էլեգիայով: Հրապարակախոսության լիրիկական ու պաթետիկ այդ էջերում է հենց, որ արծարծվում է «Հիշատակարան»-ի իդեական էմոցիոնալ լայտմոտիվը:

Կյանքն իր ներհակությունների միասնությամբ ներկայացնելու տաղանդը Կոմսի հրապարակախոսության հատկանշական կողմն է: Միահուն չէր, այլ երկփեղկված՝ հայ կյանքը: Միատուն չէր, այլ երկփեղկված՝ նաեւ հրապարակախոսի դիրքավորումը դեպի այդ կյանքը: Փշաքաղ երգիծանքը, ուղղված ժողովուրդը հարստահարողների, նրա միտքն ու կամքը կեղեքողների դեմ, փոխանցվում է սիրո ու գորովանքի լիրիզմին, երբ խոսքն իր՝ ժողովրդի մասին է: Երկճյուղ վերաբերմունքի արլ-- բյուրը հրապարակախոսի վերլուծող ու քննադատող գրիչն էր, ատելությամբ ու սիրով վառված նրա սիրտը: Նրա մոտ լեզու են առնում ոչ միայն հեգնանքն ու ծաղրը, այլեւ հուզմունքն ու դառնությունը՝ հաճախ սպառնալից ու ողբերգական:

«Հիշատակարան»-ի հեղինակին չի կաշկանդում գրական ձեւի կապանքը: Հասարակական գիտակցության նոր բովանդակությունը փըշրում էր գրական խոսքի դասական միաձեւությունը: Հեղինակի հրապարակախոսական միտքը ձուլվում է էմոցիոնալ, սուբյեկտիվ-իրիկական կերպարների կամ երգիծաբանական գրոտեսկների մեջ: Հրապարակախոսական էջեր են դրանք՝ վերածված գեղարվեստական երկի, կամ գեղարվեստական էջեր՝ վերածված հրապարակախոսական գրվածքի: Այստեղ կգտնեք ե՛ւ փաստեր, ե՛ւ հետեւություններ, ե՛ւ արձակ, ե՛ւ երգ, ե՛ւ երգիծանք, ե՛ւ մեծեծանք: Գրական ասոցիացիաների, համեմատությունների, նմանեցումների եւ հակադրումների բազմազանությունը նրա տիթող ոճն է: Եվ, այնուամենայնիվ, այս տեսողական քաոսն ուներ իր ձգողական կենտրոնը: «Հիշատակարան»-ի հեղինակն ու միաժամանակ նրա լիրիկական հերոսն է այդ՝ Կոմս Էմմանուելը:

Հրապարակախոսություն, քննադատություն, փիլիսոփայություն, բանաստեղծություն, նամակագրություն, ֆելյետոն, բնանկար եւ այլաբանություն, երազ եւ իրականություն ամեն ինչ միախառնվում է այս/186/տեղ, հաճախ միեւնույն ակնարկի մեջ կազմելով մոզաիկ մի ամբողջություն, որի կենտրոնն ու ներքին շաղկապը հեղինակի հանրային խոհերով խռովված անձնավորությունն է, նրա լուսավորական մտաշխարհը, նրա վառ հայրենասիրությունը, նրա լարված ու ցցուն, դինամիկ եւ նպատակասլաց հրապարակախոսությունը:

Գրական այս սինկրետիզմի մեջ կայուն է հեղինակի նպատակասլացությունը, մարտնչող դեմոկրատի անհաշտ պայքարը հասարակական-քաղաքական իշխող հարաբերությունների ու իշխող գաղափարախոսության դեմ:

* * *

Կոմսը կապված էր իր երկրին սրտի բոլոր թելերով: Նա ուներ մի բաղձանք՝ տեսնել հայրենի ժողովուրդին սնահավատքի եւ տգիտության անուրից լուծընկեց: Նրա հոգում բորբոքվում է ժողովրդի ազատության վառ երազը: Բայց սուր մի ցավ ակոսում է անընդհատ նրա կուրծքը: Ժողովուրդը ոչ միայն շղթայակապ է, այլեւ մտավոր ստրկությունից շշմած: Լուռ է նա, բռնատիրության անբարբառ մի զոհ: «Եթե ոչ Տեր շինե զտուն, ի նանիր վաստակին շինողք նորա»: Այս նանիկով ժողովրդի դայակները գոցում էին նրա բաց աչքերը եւ խլացնում նրա սուր լսելիքը: Անիծապարտ այս աշխարհը, ասում էին նրանք, այլ բան չէ, քան հովիտ տրտմության, որի բնակիչները գլխիկոր, ձեռքերը ծոցին եւ արցունքը աչքերին պիտի սպասեն «երկնային կոչման»…

Մերթ ուսուցող ու գորովալից, մերթ շանթարձակ ու հեգնող իր էջերով Կոմսը կամենում էր արթնացնել թմրած հայրենակիցներին, սթափեցնել, գիտակցության բերել շաբարձ ժողովրդին, կոչել նրան «ի գործս արիության», առաջնորդել նրան ասիական խավարից ու մրափից դեպի լուսավոր ու նորոգ կյանք: Բայց առայժմ՝ բոլորն իզուր եւ ապարդյուն: Երկրի նիրհող տարերքը խուլ էր տակավին ու անմռունչ: Ժողովրդդի լուսավորիչներին դիմավորում է միայն բռնավորների հալածանքն ու ստրկամիտների քսությունը: Սկսվում է «ազատության գրված զինվորի» ներքին դրաման:

  «Անմխիթար միայնության արդյունք», «առաջին եւ վերջին մխիթարություն, արդարամիտ եւ բարեգործ մարդերի սիրելի, իսկ հիվանդամիտների եւ չարագործների՝ մահու չափ ատելի». քանիցս այս խոսքերով է բնորոշում Կոմսն իր «տխուր հիշատակարանը»: «Հիվանդամիտների եւ չարագործների» դեմ «Հիշատակարան»-ի էջերում երբեմն պոռթկում է հեղինակի անսանձ քրքիջը: Սակայն այդ քրքիջը զայրույթի դիմակ էր լոկ: Դա գոգոլյան վշտալի այն ծիծաղն էր, որից թորում էր աղի արցունք։

/187/ «Մենք ծիծաղում ենք դոցա վերա, գրում էր Կոմսը, բայց այդ ծիծաղը արտասուքից դառն է մեր համար, ըստ որում այդ բաները գործնվում են մեր ազգի մեջ… Մեր սիրտը լցված է արյունով. մենք այստեղ չենք ծառայում մեր ախտերին, ինչպես մի քանի գիշերադեմ մարդիկ հայհոյեցին մեզ, այլ սպասավորում ենք ազգի օգտին. գուցե մեղավոր ենք նրանով, որ մեր աչքի առջեւ են հայոց ազգի համար սրանից հարյուր տարի հետո գալոց օրերը…» [4]:

Կոմսի բուն նպատակը չէր՝ հալածել ազգի գլխին ընկույզ ջարդողների բարոյական այլանդակությունը: Նրա արցունքը նման չէր բարոյախոսական այն օճառին, որով ճերմակեցնում էին մեղավորի սեւությունը: Նրան մտահոգում էր միայն ազգի բազմության մթարկված գիտակցությունը: Ճառագել այդ գիտակցությունը լույսի եւ ազատության գաղափարներով, ահա նրա հրապարակախոսության իմաստը:

  «Սրտի ցավը եւ կսկիծը, գրում էր Կոմսը, պատճառված իմ սիրելի ազգակիցների լուսավորության մասին անհոգությունից պիտի գերեզման իջուցանեն ինձ» [5]:

  «Իմ կյանքը, սկսած այն օրից, երբ հիշում եմ ինձ, գրում էր նա դարձյալ, մինչեւ ներկա րոպես, գտանվում է միօրինակ տխրության մեջ: Ինձ ոչ մի բան չէ կարող ուրախություն պատճառել բացի նորանից, որ եղած էր կամ լինում էր մեր տարաբախտ ազգի օգտի համար. իմ անձնականը եւ ստացականը այն օրիցն եմ ես ուրացել, երբ աչքը բանալով, բարոյապես նայել եմ մարդկության վերա: Այս պատճառով, որպես իմ մասնավոր, ինձ միայն վերաբերելի վիշտը չի կարող ավերել այն ուրախությունը, որ ուրախացել էի մի ազգային ուրախառիթ` գործի վերա, նույնպես եւ անձնական ուրախությունը չի կարող փարատել այն ազգաին տխրության խավարատեսիլ թանձր ամպերը, որ շատ անգամ նստեչով ծանրանում են սրտիս վերա» [6]:

Հայրենիքի սերը կեղեքում է Կոմսի սիրտը: Մի պահ թվում է, թե «եվրոպական լուսավորությունը» սկսում է շառագունել հայկական հոՄիզոնը, թե «Հյուսիսափայլ»-ի ճառագայթների տակ… անցնում են գիշերային մրրիկները, եւ փիլիսոփայական ծանրաչափը գուշակում է անգորր ու պարզ առավոտ: Բայց սա մթնոլորտում բեկված արեւի խաբուբիկ ցոլք էր միայն: «Հյուսիսափայլ»-ի երփնավառ լույսը չի փոխում իրականության պատկերը, չի խզում բռնակալության մահաբեր շունչը: Ցրվում է Կոմսի պատրանքը, ավերվում նրա ոսկի երազը, եւ նա զետեղում էր «Մեռելահարցուկ»-ում հուսաբեկ տողեր.

 

/188/ Ոհ, լոկ երազ էր, մի խռովեք ինձ,

Իմ մոլորության քաղցր պատկերներ,

Ինձ չէ թույլ տված երկաթե կյանքում

Խնդալ, վայելել ոսկի րոպեներ…։

 

«Շատ անգամ սրտիս նեղությունից գնում եմ ծովի ափը, կարդում ենք «Հիշատակարան»-ում, եւ տեսանելով Սեւ ծովի սպիտակ փրփուրները, որ շատ հեռու տեղերից երեւում են ալիքների գագաթի վերա եւ որոնք ազատությամբ շարժվում են հետ եւ հառաջ, ակամա երանի եւ տալիս մինչեւ անգամ այդ անշունչ էակի անգիտակից ազատության» [7]:

Ծովի տարերքը հիշեցնում էր Կոմսին ազատության լույսն ու ջերմությունը, հյուսիսի մրրիկը՝ բռնակալության խավարն ու սառը շունչը։ «Հյուսիսը մի տխուր աշխարհ է, գրում էր նա, նույն ինքը արեգակը - տեսանելով այդ աշխարհի անհամբույր բնավորությունը, տեսանելով նրա փոթորիկներից խռովված թանձր եւ մառախլապատ ամպերը, հետ է քարշում յուր ոգեւորիչ ճառագայթքը այդ աշխարհի վերայից, երբեմն-երբեմն հետաքրքրության համար նայելով նորա վերա: Բայց… ավա՜ղ… այդ ի՞նչ մեռելատիպ գունաթափություն է, որ բռնել է արեւի երեսը. ինչո՞ւ տխուր է նա, նա, որ ուրիշ աշխարհներում փեսայի պես դուրս է ելնում ծայրերից, յուր ոսկեղեն ճառագայթները ցոլացնելով կապույտ ալիքների վերա:

Հյուսիսում, դաշտերը ծածկված են հավիտենական ձյուներով. ծովերը գտնվում են սառցապատ բանտերի մեջ: Հյուսիսում, արջային շրջանակի տակ, բնակվում է ցրտաշունչ եւ դաժան Բորեասը, որ խլում է աղքատ շինականների տան ծածկը, որի զորությանը չեն կարող դիմանալ շատ անգամ հազարամյա կաղնիքը: Հյուսիսում, եթե հունիսի եւ հուլիսի մեջ, երկրի մակերեւույթը թեթեւանալով յուր սառն ծանրութենից, բուսուցանում է մի պարզ ծաղիկ, մյուս օրը ահա Բորեասը յուր մահաշունչ բեւեռային սառնությամբ կտրում է այդ ողորմելի բուսականի կյանքը։ Այդ ի՛նչ ողբալի ու տխուր աշխարհ է. մի՞թե նախախնամությունը հավիտենական դատապարտություն է դրել դորա վերա» [8]:

Այստեղ ակամա հիշում ես «խավար թագավորության» այն նկարագրությունը, որ արել էր Օստրովսկուն նվիրած նշանավոր իր հոդվածում Ն. Ա. Դոբրոլյուբովը:

  «Դա, գրում էր ռուս հանճարեղ քննադատը, թաքուն, կամացուկ հառաչող վշտի աշխարհն է, բութ, կսկծացող ցավի աշխարհը, բանտա-- յին, գերեզմանային լռության աշխարհը, որ երբեմն խուլ, անզոր տրտունջից աշխուժացած, երկչոտաբար խլանում է իր ծագման իսկ րոպեին:

/189/ Չկա ոչ լույս, ոչ ջերմություն, ոչ անարգել տարածություն. նեխածություն ու խոնավություն է մութ ու անձուկ բանտում: Ոչ մի ձայն ազատ օդապատից, ոչ մի շող արեւի լույսից չի թափանցում նրա ներսը. մերթ ընդ մերթ առկայծում է միայն սրբազան այն բոցը, որ վառվում է մարդկային յուրաքանչյուր կրծքի տակ, մինչեւ որ կծածկվի կենցաղային կեղտի նիստվածքի ներքո: Բանտային խոնավության ու գարշահոտության մեջ հազիվ է վառվել այդ կայծը, բայց երբ մի րոպեով բռնկում է նա, ճշմարտության ու բարության լույսով շառագունում են տառապող կալանավորների մռայլ դեմքերը: Րոպեական այդ լույսի տակ, մենք տեսնում ենք, որ այդտեղ տառապում են մեր եղբայրները, որ վայրենացած, անխոս, կեղտով ծածկված էակների մեջ կարելի է որոշել մարդկային դիմագծեր եւ մեր սիրտը կծկվում է ցավից ու սարսափից» [9]:

«Հիշատակարան»-ի 1859 թ. գրված էջերում այլաբանորեն պատկերված են ոչ միայն Դոբրոլյուբովի ակնարկած խավար աշխարհը, այլեւ երկրի ապրած ռեւոլյուցիոն տագնապի հույզերը: Զգալով կարծես տրամադրությունների բեկումը, մեր բերած տողերի վերջում հանդիպող հոռի հարցումին Նալբանդյանը տալիս է հուսադրող պատասխան:

«Չէ, գրում է նա, եւ եղանակները փոխվում են, եւ ինքը երկրագունդը ենթարկվում է հեղափոխությունների, որի հետ անտարակույս կապակից էին նորա շրջապատի հեղափոխությունքը: Զարմանալի ժամանակ է մեր ժամանակը. ասես այս փոփոխությունքը սկսված են արդեն, ասես թե մեզ էր պահված վկա գտանվիլ դորա սկզբին, ասես թե արեւը մի փոքր փոքրացել է այս աշխարհի վերա, մի փոքր մեղմացած են երեւում կործանական փոթորիկների գնացքը եւ հարձակմունքը» [10]:

Այս տողերը գրելու պահին այն վտանգը, որ սպառնում էր եվրոպա| կան կապիտալիզմը հայերի պապենական աշխարհին, հրապարակագրի հոգում ծայր է տալիս որոշ տարակուսանքի: Ռեւոլյուցիոն զարթոնքի շավիղը բռնած հայրենակիցներին՝ իր այդ տարակուսանքը Կոմսը հայտնում է այլաբանորեն.

«Այդ տունը, գրում է նա, ուր այժմ բնակվում եմ ես, եւ որ երբեմն եղած է իմ պապերի բնակարանը, տեսել է շատ ցրտաշունչ փոթորիկներ. բայց այս րոպեիս նորա ճակատը փորձում է արեւմտյան խոնավ եւ խառնափնթոր քամիների հարձակմունքը:

Մի քանի տարի է, որ ձմեռը այս կողմերում փոխել է յուր բնավորությունը. այստեղ ներկայումս, փոխանակ չոր ցրտի, թագավորում է մի խոնավ եղանակ, մարդու կազմվածքը տրամադրող դեպի մի անտա/190/նելի ռեւմատիզմուս: Ճշմարիտը պիտո է ասել, մեր համար, ըստ որում սովորած ենք, հյուսիսային Բորեայից շատ վատ են արեւմտյան խոնավությունքը. անտանելի էր մեր վիճակը ներկայումս, եթե չմխիթարվեինք հուսալով, որ բնության համար այդ մի փոխանցական միջոց էր կոշտ չորութենից դեպի մի քաղցր մեղմություն:

Բայց այս մխիթարությունը հիմնված է չոր հույսի վերա. նա չէ կարող փարատել իսկույն այն խավար ու տխուր տպավորությունը, որ մի անպիտան եղանակ կարող էր հառաջացնել մի մելամաղձության անձնատուր հոգու մեջ:

Ի՜նչ անսիրելի ներդաշնակություն. եղանակի անախորժություն, ֆիզիկական տկարություն, տան անպիտանություն, մելամաղձություն, հավելացուր սորա վերա եւ մի տաղտկալի միայնություն, եւ ահա կտեսանես ամենայն, որի մեջ, կամ որպես ապրում եմ ես» [11]:

Հոռետես իմաստասերներից չէր Կոմսը: Դժբախտ պատահարների մեջ անգամ նա ելք էր որոնում իր «տարաբախտ ազգի օգտի համար», մոռանալով անձնականն ու ստացականը՝ նրան ուրախություն եւ վիշտ էր պատճառում միայն իր ժողովրդի կացությունը:

Եթե երգիծական իր մոտիվներով նա ծառանում էր ժողովրդի վրա բռնացող անցյալ ու ներկա ուժերի դեմ, լիրիկական եւ պաթետիկ իր մոտիվներով նա ընթացք էր տալիս սրտի ազատաբաղձ բռնկումներին, պարզվում դեպի հայրենիքի ազատ ու լուսացայտ հորիզոնները: Խլացնելով Ապոլլոնի լալագին քնարը՝ նա հնչեցնում էր «Իտալացի աղջկա երգը».

Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի որ յուր ազգի

Ազատության կզոհվի:

Հարկավ, այդ բանաստեղծությունը, որ ճակատագրի քմահաճ խաղով դարձել էր հայ բուրժուազիայի ազգային հիմն», ընդհանուր ոչինչ չունի բուրժուական մարտնչող նացիոնալիզմի հետ: Բերված տողերով Նալբանդյանն ըստ էության արձագանքում էր ռուս մեծ բանաստեղծի` Նեկրասովի ռեւոլյուցիոն հորդորին:

Иди в огонь за честь отчизны

За убеждение, за любовь.

Иди и гибни безупречно,

Умрешь не даром…

Дело прочно,

Когда под ним струится кровь.

 

/191/ Պարզված դեպի պայքարի հեռանկարը՝ «Հիշատակարան»-ի հեղինակը հաղթահարում է իր հոգու տվայտանքը, իջնում կյանքի ու կռվի լայն ասպարեզ: Նա նմանվում է այն նավավարին, որ արհամարհում է ծովի կատաղությունն ու մրրիկը եւ խուսափում խաղաղ ու լուռ այն ծանծաղուտից, ուր ապրում են կրկռացող գորտերը՝ փափուկ ծովախոտերի եւ կանաչ բորբոսի մեջ ծրարված: Որոնումների իր ուղին ու նպատակը նա վերապատկերել է հռչակավոր իր այն երգի մեջ, ուր լիրիկական պաթոսը հասնում է լիակատար լարման ու բռնկման: «Հիշատակարան»-ի այդ երգը արտացոլում է իր մեջ Կոմսի բուռն նպատակասլացությունը.

Ազատություն, գոչեցի,

Թո՛ղ որոտա իմ գլխին

Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,

Թո՛ղ դավ դնե թշնամին.

Ես մինչ ի մահ, կախաղան,

Մինչեւ անարգ մահու սյուն,

Պիտի գոռամ, պիտ կրկնեմ

Անդադար ազատությո՜ւն:

Նալբանդյանի հոգեւոր դրաման նույնն էր ըստ էության, ինչ վերապրել էր նրանից առաջ Աբովյանը: Բայց տարբեր էին նրանց միջավայրն ու ժամանակը, տարբեր պիտի լինեին նաեւ նրանց ապրումների ընթացքն ու ելքը:

Երիտասարդ իր տարիներին Աբովյանը Արեւելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին պատկերում էր որպես հարավի խորշակից փրկված հայ ժողովրդի եւ նրա հայրենիքի վերածնության դարագլուխ: Ցայտուն կերպով նա արտահայտել է այդ տարիների իր հուսացումները «Մտածմունք ի տեսիլ հայրենեաց» չափածո տողերի մեջ։

Այս բազուկ հզօր՝ որ զմեզ տածէ,

Այս հողմ զուարթարար ի հիւսիսեան ծոցոյ,

Փրկեսցէ ամուր, հարցէ , մեղմեսցէ,

Ձայն ջերմ, հրաբորբոք խորշակ հարաւոյ:

Սրբոյն Ռուսիոյ զաւակք քաջաբան

Կրկին կանգնեսցեն զմեր քակ աւերակ:

Արծուոյն հիւսիսոյ ընդ թեւօք տիրական

Կրկին զօրասցուք որդիքս հարազատք:

Ռուս ժողովուրդը, ռուս պետությունը, Ռուսաստանի քաջաջան զավակները եւ ցարիզմի արծվանիշ տիրակալությունը Աբովյանին պատկերվում էին որպես անքակտելի ամբողջություն: Նա նշմարում էր ցարական չինովնիկների ոտնձգություններն ու անիրավությունները: Սակայն այդ երեւույթների մեջ նա չէր տեսնում իշխող սիստեմի անխուսափելի արտահայտությունը: Նշավակելով ռեժիմի հոռի ներկայացուցիչներին՝ նա /192/ վառ հույսեր էր կապում նրա «բարեմիտ» սպասավորների հետ: Այդ է պատճառը, որ երբ 1827-28 վառ թվականներին հաջորդեց երեսնական եւ քառասնական թվականների ցարիզմի գաղութային քաղաքականության մռայլ պրակտիկան, Աբովյանի զգայուն սիրտը տակավ առ տակավ սուզվեց հուսահատության անդունդը: Նիկոլաեւյան ռեժիմի խուլ գիշերին, կորցնելով անցքերն ըմբռնելու քաղաքական ստույգ կողմնացույցը, նա հասավ հույզերի ողբերգական լարման ու ողբերգական լուծման:

Քառասնական թվականների ռոմանտիկ լուսավորչից տարբեր էր Հիսունական թվականներին նրան հաջորդող ռեալիստ լուսավորչի ու մարտընչողի՝ Նալբանդյանի ճանապարհը: Կոմսի «Հիշատակարան»-ը իր ժամանակի հայ դեմոկրատական մտավորականության հոգեկան կենսագրությունն էր արդեն՝ խտացած մի մարդու մեջ, որի երգիծանքը եւ ռեալիզմը ոչ միայն անդրադարձնում էին նրա հոգու դառնությունն ու վիշտը, այլեւ դրսեւորում պայքարելու եւ հաղթանակելու նրա մեծ վճռականությունը:

Լայնածավալ Ռուսաստանում սկսում էին բռնկել գյուղացիական ապստամբության խարույկները: Երկիրը թեւակոխում էր տագնապի արգասավոր այն շրջանը, որից ելքի ուղիներ էր որոնում ռուս առաջավոր միտքը:

Հառելով իր հայացքը դեպի ռուսական ռեւոլյուցիայի բեւեռային աստղը՝ Նալբանդյանի հրապարակախոսության լիրիկական հերոսը, հրապարակ է ելնում ազատագրական պայքարի մարտական դրոշով:



[1]     Ե. Լ. Ժ., 1, եր. 314:

[2]     Ե. Լ. Ժ., 1, եր. 315։

[3]     Ե. Լ. Ժ., 1, եր. 443 եւ հետ»:

[4]     Ե. Լ. Ժ., 1, եր. 444:

[5]     Նույն տեղը, եր. 361:

[6]     Նույն տեղը, եր. 384:

[7]     Ե. Լ. Ժ., 1, եր. 327:

[8]     Նույն տեղը, եր. 395 եւ հետ.:

[9]     Н. А. Добролюбов, Собрание сочинений, М., 1951, II, եր. 177։

[10]   Ե. Լ. Ժ., I, եր. 396:

[11]   Ե. Լ. Ժ., I, եր. 396 եւ հետ.: