Նալբանդյանը եւ նրա ժամանակը(Ա)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/367/ ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ


Սըվաճյանը Ազգային սահմանադրության մասին: Նալբանդյանի «Հրաշափառ խայտառակություն» հոդվածը: Հովհաննես Չամուռճյան: Պողոսյան եւ ապողոսյան խմբակցությունների բախումը: Նալբանդյանի ելույթը պոլսահայ «լուսավորյալների» դեմ։ «Երկու տող»: «Պոլսահայ լուսավորչական համայնքը»: «Ներսեն–դուրսեն» պայքարը: 1861 թ. Գում-Գափուի ցույցը եւ հակասահմանադրական ռեակցիան: Սահմանադրության 1863 թ. առկախումը եւ ժողովրդական բողոքի նոր ցույցը: Հալածանք դեմոկրատական մամուլի դեմ։ Ստ. Ոսկանյանի վերադիրքավորումը: Նալբանդյանի հաջորդ ելույթները: «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» եւ «Ազգային թշվառություն»:

 

Սահմանադրական գրոհի եւ նահանջի շրջադարձային 1860 եւ 1861 թվականներին զուգադիպեց Նալբանդյանի անմիջական շփումը պոլսահայ իրականության հետ: Նրա առաջին ժամանումը տեղի ունեցավ սահմանադրական պատրանքի այն վառ պահին, երբ ռեակցիայի կուսակցությունն արել էր արդեն պատրաստվող հակագրոհի ազդանշումները, բայց թվում էր տակավին, թե թյուրքահայ ժողովուրդը նվաճել է մեկընդմիշտ իր ազատությունը եւ իր ձեռքն առել ազգային բախտի տնօրինությունը: Կարծում էին շատերը, թե այլեւս մի հոտ եւ մի բերան է «ազգը» եւ խոսք չի կարող լինել հետաշարժ որեւէ տեղատվության մասին: Այս տեսակետից բնորոշ չե՞ն այն տողերը, որ գրում էր Նալբանդյանի գալստյան առիթով պոլսահայ «Մեղվի» խմբագիր Հ. Սըվաճյանը՝ թյուրքահայ դեմոկրատական հոսանքը գլխավորող հրապարակախոսն ու երգիծաբանը:.

«Անցած շաբթու Տրապիզոնի շոգենավով Կ. Պոլիս հասավ պ. Մ. Նալպանտյան: Շատուց ի վեր կճանչեինք պ. Նալբանդյանը իր հրատարակություններով` «Հյուսիսափայլ» ծրագրին մեջ եւ իր ոգվույն ու սկըզբանցը լավ ծանոթ ըլլալով հեռվեն, հեռվեն կօրհնեինք նաեւ իր եւ իր արժանապատիվ աշխատակիցներուն ջանքերը ի լուսավորություն ազգին եւ մասնավորապես ռուսաբնակ ազգայնոց: «Հյուսիսափայլ»-ը, գիտեն ընթերցողքը, մեկ հատիկ ազատ օրագիրն է Հայոց ի Ռուսիա. ազատ /368/ օրագիր Ռուսիո մեջ զարմանալի երեւույթ մըն է. հոն՝ ազգայնությանց զարգացումը նույն օժանդակությունը չգտներ, ինչ որ Թյուրքիո կառավարության կողքեն: Նազարյանց եւ Նալպանտյանց պահված էր ճշմարտությունն անդիմակ ըսելու արիության պատիվը, անանկ երկրի մը մեջ, ուր հանապազ մատենագրին գլխուն վրա Տամոկլեսի թուր կա կախված: Բայց «Հյուսիսափայլ»-ի հատկությունը այս չէ միայն. անի, աներկբա կրնանք ըսել, էն պատվական հայ օրագիրն է Ռուսիո մեջ ոչ թե միայն սկզբունքներով ու ազատամտությամբը, այլ նաեւ նյութերուն ընտրությամբն ու մեջը փայլած ամեն տեսակ գիտություններով: Ուստի հիրավի բախտ մը կհամարենք մեզի համար պ. Նալպանտյանին ի Պոլիս գալուստն ու մեր ճանչվորությունն իրեն հետ: Երջանիկ պիտի համարի ան ալ զինքը, որ ասանկ ատեն մը, ուր ազգը սահմանադրական կառավարության մը ներքո կգտնվի, ուր ընդհանուր շարժում մը կա դեպի հառաջդիմություն, ուր շշուկ բնավին չլսվիր ներքին խռովությանց ու երկպառակությանց, ուր մէկ հատիկ կողմնակցություն մը մնացած է, այն է բոլոր ազգը, որուն ձեռքը դրոշակն է լուսավորության. ուր չէ թե միայն լուսավորչական մասին մեջ չկա կողմերու բաժանմունք, այլ եւ ոչ լուսավորչականի, հռովմեականի, բողոքականի կռիվ կա, ուր զանազան կրոնքե հայերը մոռանալով իրենց երբեմն ըրած կրոնական անմիտ եւ ազգակործան վեճերը, ձեռք-ձեռքի կուտան, կմիանան ազգայնության ծառայելու համար: Ուրախ ենք դարձյալ մենք ալ, զի պ. Նալպանտյան մեր մեջ Ռուսիո լուսավորյալ ազգայնոց ներկայացուցիչն է եւ անշուշտ իր դարձին պիտի պատմե իր հայրենակցացը , թե ինչպես հայերը հոս անքուն կմնան. մեր իղձերն ու ջանքերը անոնց հասկցնելով զանոնք ալ մեզ գործակից ընելու պիտի աշխատի, որպեսզի միեւնույն հողի վրա եթե չկրնանք միանալ, գոնե միանանք սրտով ու տենչանոք, երկրով ու կրոնքով, վարատական հայքս, եւ օր մը աշխարհ տեսանե թե հայ ազգ մը կա, որ թեեւ ցրված ու աստանդական, այլ մի է բարոյապես եւ անբաժանելի» [1]:

O, Sancta simplicitas, կարող էր Հուսի նման մրմնջալ այս տողերը կարդալիս Նալբանդյանը: Տասը օր անց, «Մեղվի» հաջորդ՝ դեկտեմբերի 10-ի համարում լույս տեսավ «Հրաշափառ խայտառակություն» հոդվածը, ուր ռուսահայ հրապարակախոսը ծաղրում էր կախարդության եւ դեւերի մոլուցքով բռնված Տերոյենց-Չամուռճյանին: Հոդվածագիրը կամենում էր հուշարկել, կարծես, թե ազգաբար «հառաջդիմության» եւ «լուսավորության» դրոշակ բարձրացրած թյուրքահայ միջավայրում դեռ հարատեվում է միջնադարյան սխոլաստիկայի դիրքերի վրա հանգչող սնոտի աստվածաբանությունը: Ըստ Չամուռճյանի՝ հերքել դեւերի գոյությունը, /369/ կնշանակեր հերքել քրիստոնեական կրոնը եւ, մանավանդ, կործանել քրիստոնեական եկեղեցին, որին այնքան ձեռնտու էր եկամտաբեր այդ մեքիաթը: «Ընդհարումը, գրում էր հետագայում Նալբանդյանի՝ Պոլսում ունեցած անդրանիկ այդ ելույթի մասին արեւմտահայ գրականագետներից մեկը՝ Հ. Ասատուրը, տեղի կունենար Տերոյենցի հետ, որի շրջապատված իր պատկառելի` հմտության մեջ, երկնքի ու դժողքի գիտությանը պատվանդանի վրա, իբրեւ հին ժամանակներու Դիոսը, իր ծաղրը կարձակեր երիտասարդի մը վրա, որ տիրացուական մինչեւ գարշասլարը ելած շապիկեն բարձրացած էր եվրոպական նոր ու թարմ ըմբռնումներու, է. Անոնք երկու հակառակորդներ էին, ու ներհակ ուղղությունով ճամփա ելած, որոնք միշտ պիտի հեռանային իրարմե: Տերոյենց վեր կնայեր, իր մտավոր աշխարհը կլեցնեին ոգիները, երկինքեն իջած ըլլային կամ խորքեն վեր ելած, իսկ Նալբանդյանը կնայեր հողի վրա, կյանքի վրա, վերածնության վրա, մարդոց եւ իրերու վրա» [2]:

Սակայն Նալբանդյանի եւ Տերոյենցի գոտեմարտը՝ երկնքի ու երկրի, մարդու եւ դեւերի բախման ցոլապատկերը չէր, այլեւ հայտարարն այն իրողության, որ «սահմանադրական» Պոլսում եւս գոյություն չուներ իսկապես «ազգի» գաղափարական այն հաշտությունն ու միությանը, որի մասին գրում էր «Մեղվի» խմբագիրը: Պատահական չէ՝ այդ տեսակետից, որ Պոլսում Նալբանդյանն ուղղում էր առաջին իր խոսքը Տերոյենց-Չամուռճյանի՝ պոլսահայ ամիրաների եւ եպիսկոպոսների այդ գաղափարաբանի, ռեակցիայի տեսական պետքերին սպասարկող այդ «գնայուն մատենադարանի» դեմ:

Հովհաննես Տեր-Կարապետյան Տերոյենց Չամուռճյան Պրուսացի բազմանուն պատվելին վայելում էր «ներհուն բանասերի» եւ «ծանրախոհ գրողի» համբավ: Համարվում էր, մանավանդ, քաջ աստվածաբան, հայ եւ օտար եկեղեցիների պատմության եւ դավանաբանական տարբերանքներին լավատեղյակ գիտուն, հրապարակագիր, դիմաբան: Սովորած լինելով Արմաշու դպրեվանքում՝ հմտացել էր մանավանդ հայկաբանության, էին մատենագրության եւ, մանավանդ, եկեղեցական գիտանքներին: Ինքնակրթությամբ կամ գիտցողների մասնավոր առաջնորդությամբ սովորել էր բազմաթիվ լեզուներ: Գիտեր թյուրքերեն, արաբերեն, պարսկերեն, հունարեն, լատիներեն, իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, եբրայերեն ու վրացերեն: «Ոչ ոք ալ տաճկահայերուն մեջ, ասում է նրան մեծարող Մրմրյանը, իրեն չափ գիրք կարդացած, ոչ ոք ալ գրած է իրեն չափ գիրք»: Ինքնագիր եւ թարգմանական նրա գործերի թիվը հաշվում են 150 հատոր, սրանց թվում՝ 30 հատորից բաղկացած «Եկեղեցա/370/կան պատմություն»-ը: Երեւանի եւ Երուսաղեմի մատենադարաններում կան նրա ուրույն ու թարգմանական բազմաթիվ ձեռագրերը: Հավանորեն բազմահմուտ պատվելիից զատ ուրիշ ոչ մի միտք չի հոգնել տակավին այդ թերթերի վրա. անգամ Մրմրյանը՝ նրա կենսագիրն ու հիացողը, չի ժամանել ոչ միայն կարդալու, այլ նույնիսկ թերթելու Չամուռճյանի գրական ժառանգությունը… Ճարտարապետ` ամիրաների կողմից առաջ քաշվելով՝ Չամուռճյանը նախապես եղել էր Սկյուտարի ճեմարանի տնօրեն եւ դասախոս: 1846 -48 եւ 1850-58 թ. թ. խմբագրել էր պոլսահայ անդրանիկ լրագիրը՝ «Հայաստան»-ը, որը նրա ղեկավարությամբ նույն ամիրաների բերանն էր փաuտապես: 1855-56 թվականներին խմբագրում` էր թրքախոս «Զոհալ» հանդեսը, 1857-66 թ. թ. հայախոս «Երեւակ»-ը՝ թյուրքահայ ռեակցիայի գաղափարախոսության բերանը, որին լիբերալ-պահպանողական Ութուճյանը վերամկրտել էր «Ավերակ» անունով…

Չամուռճյանը «Երեւակ»-ի խմբագիրը չէր միայն, այլեւ նրա «շարագրողը»: Նրա գրչին են պատկանում այդ պարբերականի վտիտ տետրակներում լույս տեսած ուրույն կամ թարգմանական հոդվածները դեւերի գոյության, նրանց չարությւսն, աստվածածնի հղության եւ անեղծ կուսության, բողոքականության եւ քրիստոնեական այլ «աղանդների» մասին: Նա ինքն էր դարձյալ քմապատվաստ մեղադրականներ զետեղում Ռուսսոյի ու Վոլտերի եւ սրանց պոլսահայ «հետեւորդների»՝ լուսավորյալների ու սահմանադրականների դեմ: «Չկա Չամուռճյանի գործարանին մեկ արտադրությունը, գրում էր «Մասիս»-ը, որուն մեջ չտեսնվի, թե այս անձը ներկա դարուս մեջ գիտությունը շպար մը, փիլիսոփայությունը խայծ եւ կրոնքի դիմակ մը կամ, մանավանդ, իրեն սեփական մենավաճառ մը ընելով՝ չճգնի ազգին մեջ հուզմունք հարուցանելու, եւ գրականությամբ քիչ շատ ազգին մեջ համարում ստացողներն անխտիր արատավորելու, անկրոն եւ անհավատ բամբասելու, եւ եթե հնար ըլլա՝ ամենն ալ Սպանիո հավատաքննության խարույկներուն մատնելու» [3]:

Հիշատակելի է նրա գլխավորած կռիվը Ն. Զորայանի «Հիսուսի վարուց համառոտ պատմություն» գրքի դեմ, որ լույս էր տեսել 1849 թ. եւ գրված էր «քննադատական ոճով»: Հայտնի է 1851 թ. նրա ելույթը Կ. վ. Շահնազարյանի դեմ Պողոս Տատյան ամիրայի եւ Ներսես Աշտարակեցու թելադրությամբ դաստառակի եւ նման այլ «նրբին» խնդիրների շուրջը [4]: Ազատամիտների եւ բողոքականների դեմ Չամուռճյանը պատրաստ էր նետվելու անգամ հայ պապականների ու եզվիտների /371/ գիրկը՝ առաջ քաշելով հայ եկեղեցու համար անընդունելի այն թեզը, թե կաթոլիկների ու հայադավանների տարբերանքը սոսկ «ծիսական եւ բառական է»:

Արտահայտելով կղերա-ամիրայական վերնաշերտերի ծայրահեղ ռեակցիոն տրամադրությունները՝ Չամուռճյանը կատաղի արշավանք ձեռնարկեց, մանավանդ, «սոցիալիզմի» եւ «քոմյունիզմի» դեմ, որոնց մեջ մեղադրում էր դեմոկրատական «Մեղու»-ին եւ կասկածում անգամ «Մասիս»-ի լիբերալ-պահպանողական խմբագրին [5]:

Սահմանադրականների, լուսավորյալների եւ, մանավանդ, մեղվականների դեմ Չամուռճյանը հրապարակ էր ելնում քրիստոնեական կրոնի եւ ընդհանրական եկեղեցու դիրքերից: «Մեր ազգը միության կապ ունի միայն կրոնքը, եւ ով որ այս կրոնքը մեկ դի կձգե… աներկյուղ համարձակությամբ կըսեմ ազգին քակտիչ եւ կործանիչ է» [6]: Կրոնն է ամենից ապահով դարմանը ռեւոլյուցիայի դեմ: «Ապստամբելու միտք ունեցողները առաջ ժողովրդյան աչքեն եկեղեցականները հանելու եւ անոնք վռնտել տալու ճամփան կնայեն, եւ ասիկա հաջողեցան նե՝ մեկալ մտքերնին դրածնուն ալ կամաց-կամաց ձեռք զարնելու կսկսին» [7]: Կրոնը միակ սպեղանին է մանավանդ «քոմյունիզմի» դեմ: Հավաստիացնելով, թե «քոմյունիստ» Ռուսսոն «կուզե, որ ամեն պարտեզ, ամեն տուն իր բոլոր մեջիններովը ամենուն հասարակաց ըլլան, Չամուռճյանը հարում էր. «Համարձակ կըսեմք, թե այս սոսկալի հավասարութենեն մեզ ազատողը կրոնքն է. անոր հովանավորությանը տակն է, որ մենք հիմա քրտինքով վաստակածներուս տերն ենք» [8]:

«Համաքրիստոնեական» դիրքերից ելնելով՝ հակառակորդների դեմ՝ պայքարելիս Չամուռճյանը կամենում էր միասնական ճակատ ստեղծել հայադավան կղերի, մխիթարյանների եւ եզվիտ-պապականների միջեւ: Պատահական չէ, որ Ութուճյան —Չամուռճյան բանակռվի ժամանակ պատվելիի օգտին միջամտում էին Պոլսի ֆրանսիական «Presse d'Orient» եւ ճիզվիտական «Univers» թերթերը: Վերջինս նրա հակառակորդների՝ Հռոմին դիմադրելու իրողությունը համարում էր… անգլիական ազդեցության նշան [9]:

Կրոնը եւ եկեղեցին փրկարար զենք էին, մանավանդ, ազգային-ազատագրական մտքեր քարոզող Մաձձինիի եւ Գարիբալդիի հայ աշ/372/կերտների «կործանարար» մտադրությունների դեմ. «Կարիպալտի, բացատրում էր Չամուռճյանը, Մածծինիին գլխավոր կուսակիցը եւ աջ բազուկն է, իսկ Մածծինի՝ անսահման ազատության կուսակից է, որ ոչ թագավոր կուզե աշխարհի վրա եւ ոչ որեւիցե իշխանություն թե քաղաքական եւ թե կրոնական մասին» [10]:

Անհամբերողությունն ու մոլեռանդությունը չէին Չամուռճյանի միակ դրդիչները: Անհամբերողությունը կարող է լինել հաճախ անկաշառ համոզումի հայտարար, մոլեռանդությունը՝ ազնիվ մղումի արդյունք: Չամուռճյանը վաճառքի էր հանում սոսկ մոլի իր եռանդը եւ քսու իր գրիչը: «Ազգային ջոջեր»-ի մեջ Պարոնյանը գրում է նրա մասին, թե «Գրեթե միշտ ամիրա մը գտնված էր իրեն ձեռնտու… Ամիրաները… կքաջալերեին զինքը ոսկիներով, զորս անձնվիրաբար կառներ Պատվելին… կիրակի օրերը, եւ այդ գումարներով Հայաստանյայց եկեղեցին կպաշտպաներ» [11]: Սակայն ստակ ստանալու համար Պատվելին միայն ամիրաներին չէ, որ ձեռք էր մեկնում: Կա Հարություն Խալիբովի նրան ուղղած մի նամակը, ու Նոր-Նախիջեւանի Կրեսոսը հաղորդում էր, թե Սարգիս Ջալալյանից տեղեկանալով Պատվելիի ինչ-որ «հազվագյուտ մատենիի» մասին, հղում է սրա տպագրության համար 300 ռուբլի արծաթ» [12]:

Կա նաեւ մի գաղտնի գրություն, որ մերկացնում է նրա կապը… Պոլսի ցարական դեսպանատան հետ: Պաշտոնական մի զեկուցագիր է այդ, որ 1866 թ. հունվարի 4-ին Պոլսի ցարական դեսպան Իգնատեւը ուղղել է Ասիական դեպարտամենտի դիրեկտորին: Դեսպանը հաղորդում է, որ երկար ընտրություն անելուց հետո գտել է Պոլսի հայ խմբագիրների մեջ մեկին «խավարյալների» պարագլուխ Տերոյանին, որին որոշել է բաց թողնել ամսական 2 500 փարա, հնարավորություն տալով նրան ապահովելու իր «Երեւակ»-ի վերահրատարակումը (թերթը դադար էր առել 1865 թ. կեսերին՝ նյութականի պատճառով, Ա. Հ. ), պայմանով, որ այդ օրգանն ընդունի դեսպանատանը հարկավոր ուղղությունը՝ պաշտպանելով իրեն հաճելի դիրք կաթողիկոսական թեկնածուի նկատմամբ, այլեւ դիմակայելով «երիտասարդ հայերին» «Պոլոժենիյե»-ի խնդրում: Տերոյան-Չամուռճյանն ընդունում է նպաստի եւ հետին թվով լույս հանում «Երեւակ»-ի 1865 թ. պակասող տարեհամարները: Իգնատեւը հայտնում է, որ դեսպանատունն աշխատել է նաեւ հոդվածներ զետեղել հայկական ուրիշ թերթերում («дабы исподволь противодействовать западной пропаганде, которая стала принимать дело /373/ избрания католикоса с изменением, которое молодые армяне желали бы внести в положение» [13]:

Այս նյութերը ցույց են տալիս, թե որքան արդարացի էր Մ. Մամուրյանը, երբ իր պամֆլետներից մեկում ձայնեղ Ստենտորի դիմակի տակ հանդես հանելով Չամուռճյանին, գրում էր. «Ստենտոր որեւէ կարգյալ իշխանության խոնարհ ծառան է, հատուկ սկզբունք մը, աղեկ գեշ՝ չունի, այսօր թյուրք է, եւ թրքաց շահերը կպաշտպանե, վաղը ռուս է, եւ ռուսաց քաղաքականության հետեւիլ կհորդորե, ուրիշ օր մը կրնա թաթար լինիլ, եւ թաթարներու խանին առջեւ ծունր դնել: Եթե կապիկը, գայլն, աղվեսն իսկ իշխանական սրով կամ գավազանով իր առջեւն ելնե, Ստենտոր անոնց երկրպագություն կընե, վասնզի երկրի վրա արքունական իշխանություն երկնատուր ձիրք մ՚է իրեն համար: Ուստի որեւէ շարժում կամ հակում մ՚որ այս իշխանության ներհակ կգտնե՝ ապստամբական ցույց կհամարի եւ իսկույն անոր դեմ այնքան կգոռա, որ ձայնը տերության ականջը կհասնի» [14]:

Չամուռճյանը նյութական եւ «բարոյական» շփում ուներ նաեւ ռուսահայ համախոհների հետ: Այսպես, 1868 թ. նրա հրատարակած «Իրավախոհ»-ի առաջին հատորի սկզբին գրված է հատուկ ուղերձ՝ ուղղված Ջալալյան արքեպիսկոպոսին եւ Խալիբին, որոնք խրախուսել եւ հոգացել էին գրքի տպագրության ծախքը: Միաժամանակ նա գրագրության մեջ էր Մ. Մսերյանի հետ: Փոքր-ինչ հետո մեզ համար ակներեւ կդառնա այն փաստը, որ Նալբանդյանը ճանաչում էր Չամուռճյանին որպես մի մարդու, որ ընդունակ է քսության եւ գրչավաճառքի: Եվ հրապարակ գալով նրա դեմ, գիտեր, որ փաստորեն գործ ունի իրեն վաղածանոթ Խալիբ—Ջալալյան–Մսեր—Այվազովսկի խմբակցության արեւմտահայ ոսկեզօծ հրատարակության հետ:

Միայն «խավարյալների» դեմ չէ, որ Նալբանդյանը շարունակեց իր դիրքերի մարտական պաշտպանությունը: Նա աչք չգոցեց նաեւ սահմանադրական «ազգի» ընդդիմամարտ տենդենցների վրա: Ելնելով պոլսահայ «լուսավորյալների» դեմ, նա շարունակում էր դրանով իր պայքարը ռուսահայ լիբերալների դեմ, որոնց գաղափարակիցներն էին նրանք: Այս անգամ պայքարը վերածվեց Ազգային սահմանադրության հետեւողական-դեմոկրատական քննադատության: Իր հոդվածներում եւ ելույթներ րում նա հարվածում էր ոչ միայն հակասահմանադրական «խավարյալներին», այլեւ սահմանադրական «լուսավորյալներին»:

1860 թ. դեկտեմբերի 30-ի համարում «Մեղու»-ն տպեց Նալբանդյա/374/նի նամակը Սըվաճյանին, ուր նա քննադատում էր «սահմանադրական» կրոնական ժողովի կիսատ-պռատ վճիռը՝ վանեցի Պողոս վարդապետի՝ գործած բռնությունների ու բռնաբարությունների առիթով: Պողոսի խընդիրը զբաղեցնում էր հրապարակախոսին ոչ միայն կնոջ պատիվը պաշտպանելու տեսանկյունից, այլեւ թյուրքահայ հասարակական բախումների եւ, հատկապես, Ազգային սահմանադրության իրավական նորմերի գործադրման տեսանկյունից: Նալբանդյանը հաշվի էր առնում մասսայական այն հուզմունքը, որ առաջացրել էր Պողոսի գործունեությունը գավառում: Պողոսի արարքների մասին անընդհատ բողոքներ էին հասնում Պոլիս՝ Վանի վաճառականության եւ գյուղացիության կողմից: Բողոքները զարնվում էին նրա պաշտպանների դիմադրությանը: Պողոսին մերկացնում էին Խրիմյանն ու նրա աշակերտները՝ Սրվանձտյանը եւ ուրիշներ. արտահայտելով տեղական առեւտրի եւ ապրանքայնացող գյուղատնտեսության պրոգրեսիվ մղումները՝ դիմակայում էին հայ եւ օտար ֆեոդալնահապետական ուժերին՝ մի կողմից, եւ գաղութային արտոնյալ ու ընչավետ ռեակցիոներներին՝ մյուս կողմից: Հայտնի են այս հողի վրա առաջացած «Պողոսյան» եւ «Ապողոսյան» խմբակցությունների կռիվները Վանում եւ Պոլսում: Անդրադարձնելով գավառի ֆեոդալ-նահապետական տարրերի շահերն ու հայացքները եւ միաժամանակ հանդիսանալով գաղութահայ ռեակցիայի գավառային շոշափուկներ, պողոսյանները դիմադրում էին «ապողոսյան» Խրիմյանի եւ յուրայինների լուսավորական- վերանորոգչական գործունեության տենդենցներին: Հայտնի է, որ թյուրքահայ առաջնորդները կատարում էին դատաստանական եկամտաբեր ատյանների դեր, որից պիտի զրկվեին, եթե երկրում հաստատվեր իրավական կարգ ու սարք: Ռեակցիոն կղերի հետ կապված աղայական-ֆեոդալական դասը եւս դրական սպասելիքներ չուներ վարչական-քաղաքական ռեֆորմներից, որոնց հետեւանքով պիտի զրկվեր պետական եկամուտների հարկերի եւ տուրքերի շահարկումից: Այս պատճառով է ահա, որ գավառահայ ռեակցիոն կղերը, գլուխ ունենալով Պողոսին, դաշն է կնքում հայ չորպաջիների եւ քյուրդ շեյխերի ու դերեբեյիների հետ՝ կատաղորեն դիմակայելով գավառային բողոքարկումներին եւ ազգային-լուսավորական ջանքերին:

Քննելով Պողոսի ոռնացող գործերը, Պոլսի կրոնական ժողովը որոշել էր «քահանայությունից լռեցնել» բռնարար վարդապետին: «Մեղու»-ն մի քայլ առաջ գնալով՝ պահանջել էր իսպառ զրկել նրան եկեղեցականի կոչումից: Նալբանդյանին չէր գոհացնում ո՛չ կրոնական ժողովի վճիռը, ո՛չ «Մեղվի» առաջարկը: Խնդրի մի եւ մյուս լուծումը, ասում էր նա, լոկ «բարոյական» է: Պահանջում էր քաղաքացիական պատասխանատվության ենթարկել հանցագործին եւ պատժարկել նրան քրեական ոճրագոր/375/ծությունների համար: «Իրավադատության մեջ է ազգի կյանքը, գրում էր Նալբանդյանը, եւ այս օրենքի վերա միայն կարող է մի ազգ հառաջանալ: Մենք ուսանում ենք ազգերի պատմությունը, բայց շատ անգամ անհասկանալի կմնա մեզ որեւէ ազգի պատմության մի երեւույթ, Եթե ուսած չենք այդ ազգի օրենսդրությունը, որովհետեւ օրենսդրական առանցքի վրա կատարում է յուր շրջադարձը մարդկային բարոյական կյանքը: Ինչպես օրենքը, այնպես եւ կյանքը, ինչպես կյանքը, այնպես էլ պատմությունը: Եթե մի ազգի մեջ չկա օրենք, չկա իրավագիտություն՝ համարձակ քարոզում ենք այդ ազգի կյանքը բարբարոսական» [15]:

«Օրենքը պատժում է հանցավորը, շարունակում էր Նալբանդյանը. ասիացին տեսնում է այստեղ մի լոկ վրիժառություն, բայց մենք այդ արդարացի հատուցումի մեջ տեսնում ենք հասարակաց իրավունքի պաշտպանություն: Ոչ ոք չէ կարող հանցանք գործել առանց ուրիշի իրավունքը հափշտակելու. ոչ ոք չի կարող հանցանքը պաշտպանել առանց զրկվածի իրավունքը խեղդելու» [16]: Գավառային զրկված մասսաների անուննից Նալբանդյանը մերկացնում էր ու նշավակում Ազգային սահմանադրության այն տրամադրությունը, որով հանցավոր եկեղեցականը ենթարկվում էր կրոնական ատյանի իրավասության: «Հոգեւոր անձինք, գրում էր նա, եթե մինչեւ այժմ յուրյանց անձը համարել են ազգին անպատասխանատու, թող այժմ սովորին համոզվիլ, թե պատասխանատու են. թող սովորին այս գաղափարին, թե հոգեւորականք են ազգի համար եւ ոչ ազգը հոգեւորականների համար. ազգը ժառանգություն տրված չէ Պողոսին կամ Նիկողոսին, որ ինչպես կամենան, այնպես խաղան ազգի հետ: Հոգեւոր անձինք, որ արժանի էին դատապարտության, շատ անգամ անպատիժ են մնացել, որովհետեւ յուրյանց դասը վարում էին յուրյանց նմանների ձեռքով: Այդ շատ սխալ դրություն է, ամենեւին հակառակ նվիրելու ձեռնադրության պայմանին» [17]:

Նալբանդյանը պահանջում էր ոչ թե կրոնական ժողովի, այլ քաղաքական եւ քրեական ատյանների պատասխանատվության ենթարկել հայանուն շեյխին: Ելնելով մարդկանց իրավահավասարության սկզբունքից՝ պահանջում էր իրենց կատարած ոճիրների համար եկեղեցականներին ենթարկել միեւնույն օրգանների իրավասությանը, որոնց ենթակա են աշխարհականները: Հանցագործ վեղարը, նրա ըմբռնմամբ, կորցնում է տիրելու մայորատային արտոնությունը:

Ոչ մեկը «սահմանադրական» ազգի զավակներից չէր բանեցրել ռեւոլյուցիոն-դեմոկրատիզմի սկզբունքային եւ կտրուկ այս լեզուն: Նալ/376/բանդյանը ոչ միայն բանեցնում էր նոր այդ լեզուն, այլեւ ուղղում իր խոսքը մեծարված Սահմանադրության «լուսավորյալ» գաղափարախոսների դեմ: Նա քննադատում էր «սահմանադրական» բուրժուազիայի երերուն, անվճռական դիրքավորումը, մերկացնում նրա հակադեմոկրատական էությունն ու վարքագիծը:

  «Ոչ երբեք պիտի առողջանա ազգը, գրում էր նա, հետեւելով մի տեսակ մարդերի վարդապետության, որ թեեւ զգում էին անցածի եւ հնի ամլությունը, բայց սրտի եւ հոգու քաջության պակասութենից, վախենում են միանգամայն կտրել բաժանել յուրյանց անձը տխուր անցածից եւ ոտք կոխել վճռաբար նոր սահմանագլխի վերա, ուր մանուկ առույգուլթյամբ ծածանում է հառաջընթացների դրոշակը։ Չի կարելի միեւնույն ժամանակ ճանապարհ գնալ միմյանց հակառակ ուղղությամբ՝ իսկ երկուսի մեջը մեզ երեւում է մի անթարգմանելի մոլորություն:

Այո, պատմությունը վկայում է մեզ, թե վճռական հնարները բերում են առժամանակյա անախորժությունք. բայց նույն պատմության մյուս երեսի վերա տեսնում ենք, որ այդ առժամանակյա անախորժությունների գնով գնվում է ապագան: Կեսկտուր հնարները միշտ վնասեցին մարդկության, հեռացան հին դրութենից, բայց եւ նորին չհասանելով՝ պատկերացուցին մի խղճալի վիճակ վեհերոտության, մի անմերժելի ապացույց այն բանին, թե այդ հնարքների գործ դնողքը ազատված չէին դեռեւս անցածի ազդեցութենից:

Բոլոր բնական եւ մարդկային օրենքների մեջ գտնում ենք միայն այո կամ ոչ: երրորդը չկա: Չմոռանան այս խոսքը այն ազգասերքը, որ յուրյանց սերը դեպի ազգը հայտնում են նորա պակասությունքը քողարկելով, որով անուղղակի կերպով մեղանչում են ազգության ընդդեմ, ապա ուրեմն արժանի յուրյանց պաշտպանած հանցավորի հետ պատժակից լինելու:

Չէ կարելի իրավադատություն քարոզել եւ անիրավությունը պաշտպանել:

Չէ կարելի առաջադիմություն քարոզել եւ անդամալույծի պես բեվեռած մնալ մի կետի վերա:

Չէ կարելի լուսավորություն քարոզել եւ ամենայն ջերմեռանդությամբ խավարի մեջ թարթափել:

Չէ կարելի մաքրություն քարոզել եւ ապականության ծովի մեջ լողալ:

Չէ կարելի նորի շինությունը սկսանել եւ անցածի հիվանդանոցից օգնականք առնուլ:

Չէ կարելի ազատություն քարոզել եւ խղճմտանք բռնաբարել» [18] ։

377 Պոլսահայ լիբերալ բուրժուազիայի երեսին իջնող շռնդալից ապա տակներ էին սուր ու շիտակ այս խոսքերը, որոնցով Նալբանդյանը բարձրացնելով առաջընթացների «մանուկ առույգությամբ ծածանվող դրոշակը»՝ ձեւակերպում էր անմիջորեն Պոլսում դեգերող գավառահայ պանդուխտների եւ տակավին գաղափարապես չտարորոշված թյուրքահսյ դեմոկրատիայի տրամադրություններն ու պահանջները: Լիբերալների հաշտվողական ստրատեգիային Նալբանդյանը հակադրում էր այստեղ դեմոկրատիայի ռեւոլյուցիոն ստրատեգիան:

Պոլսահայ լիբերալները խոհեմություն համարեցին լռելյայն կուլ տալ իրենց հրամցված դառն դեղահատը: Նալբանդյանի նետած ձեռնոցը բարձրացրեց միայն Չամուռճյանը, որի մասին չի կարելի ասել առհասարակ, թե ի չարն էր գործ դնում նման դեպքերում լռելու խոհեմությունը: «Խայտառակ քննությունը» վերտառությամբ նա պատասխան ուղղեց «Մեղվին», ուր սոփեստաբար պաշտպանում էր իր դեւերին եւ միաժամանակ անդրադառնում Պողոսի խնդրին: Առանձնապես գրգռել էր նրան Նալբանդյանի հուշարկումը Պողոսի կողմից ոտնահարված «բնական օրենքի» մասին: Չամուռճյանը հոդված տպեց այս առիթով նաեւ «Երեւակ»-ում: Պաշտպանելով Պողոսին՝ մեղադրում էր Նալբանդյանին նրա «սոցիալիզմի», «ռուսսոյականության» եւ «կարմիր հանրապետականության» համար [19]:

Փոքր-ինչ հետո նա հրապարակեց «Մ. Ս. Այվատյանին նամակին քննությունը քրիստոնեական կառավարության վրա» բրոշյուրը, ուր ջանում էր ապացուցել, թե հայ եկեղեցին չէ եղած եւ չպետք է երբեք լինի սահմանադրական: Չամուռճյանի այս ելույթը տեղի ունեցավ Կ. Պոլսի Սարգիս պատրիարքի, Երուսաղեմի պատրիարքական տեղապահ Իսահակ վարդապետի ու մի շարք այլ բարձրադիր եկեղեցականների պահանջով եւ, ըստ էության, ուղղված էր դարձյալ Նալբանդյանի դեմ, որի մասին հեղինակն ասում էր, թե «աղեկ կտրամաբանե, բայց ծաղրաբանությամբ եւ կատակաբանությամբ, որոց մեջ մասնավոր վարժություն ունենալ կերեւի» [20]: Համառորեն պաշտպանելով այն միտքը, թե Պողոսի գործը ենթակա է միայն կրոնական ժողովի իրավասությանը, Չամուռճյանն ասում էր, թե այդ ժողովից զատ «ամեն ժողով եւ խորհուրդ՝ բողոքական է», այս բառն իր ընդարձակ նշանակությամբ առնելով՝ «թե ժողով, թե խորհուրդ, թե վարչություն, թե Մեղու, թե Դռնամիջյան ժողով, ասոնք ամենն… սահմանադրապես մերժելի եւ դատապարտելի /378/ են» [21]: Մերժելով ժողովրդի իրավասությունը՝ Չամուռճյանը համարում էր եկեղեցին «աստվածահաստատ միապետական» մի հիմնարկ, որի բուն հիմնադիրն ինքն էր ասել, թե «ձայնի իմում լուիցեն, եւ եղիցին մի հօտ եւ մի հովիւ»: «Բուն հոտը մեկ կճանաչես, ասում էր Չամուռճյանը Այվատյանին, հովիվները կշատցնես, մանավանդ թե նույնիսկ հոտին ոչխարները հոտին հովիվ կընես» [22]: Ելնելով եկեղեցական միապետության բացարձակ այս սկզբունքից, Չամուռճյանը հարում էր. «Կրոնական բաները քաղաքականեն բոլորովին զատ են. եւ այնպես ըլլալու են: Ազգի մշտնջենավոր թշվառություն կըլլա այն ամենը, երբ որ եկեղեցին անկարգության զոհ ըլլա եւ քաղաքականին խառնվի, որ քաղաքականին մեջ ընկղմիլ ըսել կըլլա, որովհետեւ մեր ազգը չէ թե քաղաքական, այլ կրոնական ազգ մըն է. եւ ազգայնոց հավատքը պակասելով ազգն ալ կտակարանա եւ իր կործանմանը կմոտենա: Գիտություն ալ պետք է մեր ազգին. բայց զարգանալնիս եւ զորանալնիս գիտությունով չըլլար. մեր ազգության հիմքը՝ որ է կրոնքը, խախտի նե, ազգությունն ալ կխախտի, որովհետեւ անոր տեղը դնելու ուրիշ հիմ չունի» [23]:

«Խավարյալների» եւ «լուսավորյալների» դեմ Նալբանդյանի սկսած երկճակատ պայքարը ոչ միայն դադար չառավ նրա Պոլսից հեռանալուց հետո, այլեւ գնալով խորացավ: Չամուռճյանի իմաստակություններին ու պրովոկացիոն ելույթներին նա պատասխանեց 1861 թ. ապրիլին Փարիզում լույս հանած «Երկու տող» նշանավոր պամֆլետով, ուր, ի դեպ, նրան որակում էր «եզվիտների գործիք» եւ «փտած ու վաճառված գրիչ» բառերով: Վերջին որակումը, որ վավերական հաստատում՝ գտավ միայն մեր օրերին, ցույց է տալիս նորից, թե որքան լավ էր ճանաչում Նալբանդյանն իր հակառակորդներին: Նույն պամֆլետում նա մերկացնում էր նաեւ Չամուռճյանին գաղափարակից ու արհեստակից Այվազովսկուն՝ ակնարկելով նաեւ վերջինիս քսությունները: Վերադառնալով վանեցի Պողոսի կատարած բռնաբարություններին՝ Նալբանդյանը գրում էր. «Մենք մեր ամբաստանված նամակով այդ չարագործությունների համար մեր կարծիքը Պողոսի մասին հայտնեցինք այնպես, որ ավել ասելու չէինք, եթե այն բռնաբարված աղջիկը լիներ մեր քույրը, եթե այն ծեծված կինը լիներ մեր ամուսինը, բայց կարծում ենք, թե պ. Չամուռճյանը այնպես խոսելու չէր, ինչպես այժմ խոսեցավ, եթե Պողոսի չարագործության ենթակա եղածը լիներ յուր քույրը կամ կինը: Ինչի՞ համար է այս խտրությունը, ի՞նչ բանով ավելի ունի պ. Չամուռճյանի պատվելի դուստրը կամ ամուսինը, քան թե մի վանցի լլկված ու բռնաբարված անմեղ /379/ աղջիկ, քան թե մի նահատակված կին, քան թե մի զավակ, որ, դեռ հրապարակի լույսը չտեսած, սպանվում է պ. Չամուռճյանի վարդապետի ձեռքով եւ մոր արգանդից տեղափոխվում է դեպի գերեզման» [24]: Բնորոշը ոչ միայն այն է, որ Նալբանդյանը պաշտպանում էր այստեղ կնոջ իրավունքը, այլեւ գավառացի խեղճ ու կրակ կանանց ու աղջիկներին: Նա ծավալում եւ խորացնում էր պոլսահայ կղերի ու բուրժուազիայի դեմ ուղղած հետեւողական-դեմոկրատական քննադատությունը՝ ռեւոլյուցիոն լարման հասցնելով սկզբունքային իր պայքարը: «Մեր համար, գրում էր նա, օրենքի եւ իրավունքի առջեւ, ոչ եկեղեցական կա, ծայրահեղ իրավունքով եւ ոչ անհագագ ստրուկ, զրկված ամենայն իրավունքից եւ արտոնութենից. երկու դիպվածում եւս տեսանում ենք լոկ մարդ, բոլոր մարդկային կատարելություններով եւ թերություններով… Օրենքի եւ իրավունքի առաջ քննվում է եւ դատվում է նախ գործը եւ ապա գործողը… Հոգեւորականք նախ եւ առաջ քաղաքացի են եւ ապա հոգեւորական, ուրեմն, որպես կցորդ քաղաքական իրավունքների, պատասխանատու հասարակաց օրենքի առաջ» [25]: Ելնելով սկզբունքային այս ըմբռնումից՝ Նալբանդյանը նորից կրկնում է, որ «եկեղեցականը քաղաքական եւ քրեական գործերի պատճառով պիտի դատվի քաղաքական եւ քրեական ատյանների առջեւ» [26]: Կրոնական ժողով կոչվածը, եթե դա խրտվիլակ չէ լոկ, կազմված չէ անիրավությունը՝ «հարստահարված ազգին թշվառության մրուրը մինչեւ տակը խմեցնելու համար, այլ այգի ապականող աղվեսները բռնելու եւ հոտը գիշատող գայլերը ջնջելու համար», ասում է նա [27]:

Քրքրելով «ազգի թշվառությունների տարեգիրքը»՝ Նալբանդյանը մատնանշում է, որ կղերի չարաչար կառավարությունն է եղել հենց նրա դժբախտությունների գլխավոր պատճառը» [28]: Թվելով այնուհետեւ նրա ոճիրների երկար ցանկը եւ հերքելով նրա ազգապահության լեգենդը՝ Նալբանդյանը ցույց էր տալիս, թե բավական չէ ձեւականորեն կամ վարչականապես սահման քաշել ազգի եւ եկեղեցու միջեւ, այլեւ հարկ է նախապես ռեֆորմ մտցնել եկեղեցի կոչված հաստատության մեջ: այս կապակցությամբ կրկնում էր «Հյուսիսափայլ»-ի պահանջը՝ Հայոց եկեղեցին ոտքից ցգլուխ ռեֆորմի ենթարկելու մասին:

«Այո, շեշտում էր նա, րեֆորմ խնդրում ենք այն սկզբունքների մեջ, որոնցից կախված են հոգեւոր մարդերի որեւէ պաշտոն ստանալը:

/380/ Րեֆորմ պահանջում ենք եկեղեցու տնտեսական կառավարության մեջ, որպեսզի այսուհետեւ գեթ եկեղեցական գանձերը չհափշտակվին, չգողացվին եւ եկեղեցական ոսկի ու արծաթ սպասքը հրեա ոսկերիչների քուրաների մեջ չհալվին…։

Րեֆորմ պահանջում ենք հոգեւոր իշխանների եւ առհասարակ եկեղեցականների դեպի ազգը ունեցսսծ հարաբերության մեջ: Պարտական են նոքա ուղղել յուրյանց ընթացքը. մինչեւ այժմ վարձկան պորտաբույծ եւ ոչ հովիվ հոտաբույծ, մինչեւ այժմ նոցա համար բողոքել է մարգարեն. «Ո՛հ, հովիւք, որք զանձինս արասծէք եւ ոչ զխաշինս»:

Րեֆորմ պահանջում ենք եկեղեցականների կրթության եւ դաստիա. , րակության մեջ: Քահանա ունինք, որ կարդալ չգիտե, քահանա ունինք, որ հայերեն չէ կարող խոսել:

Ռեֆորմ պահանջում ենք եկեղեցականների ձեռնադրության սլայմանների մեջ, մինչեւ այժմ «Առ մեզ անպէտ առ ամենայն կացութիւն մարդ, պիտանացու դատի առ հոգեւորականութիւն», մինչեւ այժմ սիմոնականությունը վերջին տեղը չունի…

Րեֆորմ պահանջում ենք առհասարակ եկեղեցական կառավարության մեջ, որ խառնիխուռն եւ անկարգությամբ կառաջանալով, մեծ մասով պատճառ է եղել ազգի դարավոր թշվառության» [29]:

Եթե կրոնական ժողովը չկամենա ոտքի ելնել եկեղեցական բռնաբարությունների դեմ, Նալբանդյանն ասում էր, թե հարկադրված պիտի լինի դուրս գալ կրոնական ժողովի դեմ հատուկ շրջաբերականով՝ «նորանից ծագելու հետեւանքը, հանցանքը եւ մեղքը, այս օրերից դնելով Կրոնական ժողովի զանցառության վրա»: Թող որ միայն, ավելացնում է նա, սպառնալիք չհամարվի այս. «Այժմ եւ մինչեւ մեր գերեզմանի ափը վրեժխնդիր եւ նախանձավոր ենք հասարակ ժողովրդի իրավունքը պաշտպանելուն եւ այս խորհուրդով ամենայն բանի ընդունակ» [30]:

Առայժմ ռեֆորմ պահանջելով «վերից», նախազգուշացնելով, որ, հակառակ դեպքում, ռեֆորմ իրագործողը լինելու է քաղաքականապես արթնացող մասսաների վճռական սուրը, նա սպառնում է ժողովրդական ապստամբության հեռանկարով:

«Ուրիշ ազգերի նահատակների ուրվականքը հալածեցին հարստահարվողների կյանքը, մինչեւ մի ժամանակ, իսկ երբ մինչեւ բերանը լցված էր փորձության բաժակը, այնուհետեւ նոցա սգազգեստ ժառանգների վերարկուների տակից դուրս շողացին պողովատիկները» [31]:

Այս տողերն ուղղակի արձագանքում էին նույն այս պահին Ռուսաս/381/տանում ծավալված ագրարային շարժմանը: Մի տարի անց, նույն կարգի նախազգուշացում արվելու էր նաեւ «Երկրագործության» էջերից՝ Ռուսաստանում լինելիք ագրարային ռեֆորմների՝ կապակցությամբ, որոնց Տապաղման դեպքում հարցը վճռելու էր ապստամբած գյուղացիների կացինը… Այս կետում իդեական կապը «Երկու տող»-ի եւ «Երկրագործության» միջեւ ակներեւ է միանգամայն: Պոլսահայ Ազգային սահմանադրությունը նրա աչքում նույն կարգի կիսատ-պռատ մի պրեֆորմ» էր, ինչպիսին ձեռնարկելու էր ռուսական ցարիզմը 1861 թ., հրատարակելով փետրվարի 19-ի մանիֆեստը…

«Երկու տող»-ի դեմ բարձրացավ կղերամոլների կռռոցը: Կ. Պոլսում լույս տեսնող «Արեւելյան Դար»-ի խմբագիր Մ. Տեյիրմենճյանը տպեց «սադայելյան եւ տարտարոսաբուխ» այդ գրքի մասին հատուկ հոդված, նըշավակելով նրա հեղինակին, որպես հայությունից հեռացած նորաձայն աղանդավորի, որպես «հերեսիոսացյալի եւ անհավատացյալի»: «Դեվախրոխտ» այդ գիրքը, հավաստիացնում էր «Արեւելյան Դար»-ը, կամենում է առաջնորդել հայերին դեպի «քահանայական ս. կարգը» մերժող նորաղանդություն, անհավատություն եւ անկրոնություն: Հոդվածագիրը Հայտարարում է, թե հայ եկեղեցու կառավարությունը սահմանադրական հռչակող այդ գիրքը գրված է Պոլսի «Մեղվի» շուրջը խմբված համախոհների կամ, ինչպես գրում էր հոդվածագիրը, «նալբանդյանացեղ անձանց» գործակցությամբ, ինչպես մեղվականները, «Երկու տող»-ը եւս կամենում է ենթարկել Հայ եկեղեցու երկնապարգեւ անկախ եւ միապետական վարչությունը ազգի աշխարհային իշխանությունների իրավասությանը: «Արեւելյան Դար»-ը հրավիրում է գրքի վրա պոլսահայ կրոնական գերագույն ժողովի եւ Էջմիածնի Սինոդի ուշադրությունը: Սրանք պիտի նզովեն գիրքը, իսկ նրա հեղինակներին եւ կուսակիցներին բանադրեն ու արտաքսեն հայ եկեղեցուց, որպես հերետիկոսների [32]: Նույն թերթում լույս տեսավ նաեւ Չամուռճյանի նամակը, որը պաշտպանության տակ էր առնում Այվազովսկու «Վարդապետարան»-ի ուղղափառությունը: Պաշտպանողի դերից արձակման անցնելով՝ Չամուռճյանը պնդում էր, թե Նալբանդյանն ինքը հրաժարվել է ուրիշների հավատքը քննելու իրավունքից, որչափ «Երկու տող»-ի մեջ ազդարարել է, թե «հավատ չունիմք» եւ որչափի նա կապում է իր հավատը «ազատ խղճմտանքի եւ գիտակցության հետ» [33]: «Երեւակ»-ի էջերում «Երկու տող»-ի մասին իր ասելիքը Չամուռճյանը սրանից էլ ավելի կարճ կապեց: Տպագրելով «Հյուսիսափայլ»-ի մասին Էջմիածնի Սինոդի հանած որոշումը՝ Չամուռճյանն ասում էր, թե /382/ Նազարյանցի եւ նրա գործակցի՝ Նալբանդյանի պաշտպանած հայացքների մոլորական լինելու փաստը պարզված է արդեն, քանի որ «Հյուսիսափայլ»-ի խմբագիրները «Հայաստանեաց սուրբ եկեղեցւոյ ուղղափառ վարդապետութենէն խոտորած եւ հերետիկոսութեան մէջ ընկած են» [34]:

1861 թ. վերջերին Նալբանդյանը կրկին անդրադարձավ Ազգային սահմանադրության հետ կապված խնդիրներին՝ ռուս դեսպանատանն ուղղված «Պոլսահայ լուսավորչական համայնքը» վերնագրված ռուսերեն իր տեղեկագրում: Տեղեկագրի մեջ նա տալիս էր պոլսահայ հին ռեակցիոն վարչության բնութագիրը՝ նշելով միաժամանակ ընդհանուր այն շրջադարձը, որ կատարում էր վերահաս ռեակցիայի ուղղությամբ պոլսահայ լիբերալ բուրժուազիան: Կանգ առնելով Երուսաղեմի պատրիարքական ընտրությունների շուրջը ծագած տարաձայնությունների վրա՝ Նալբանդյանը նկարագրում էր դասակարգային սուր այն կռիվները, որ տեղի ունեին Ազգային սահմանադրության շուրջը 1860-61 թվականներին, կռիվ, որին մասնակցում էին Պոլսի պատրիարքարանը, Երուսաղեմի վանքը, Էջմիածնի կաթողիկոսը, ամիրաները, լիբերալները, վերջապես՝ բուն ժողովուրդը, որ խուռներամ թափվել էր պատրիարքարան եւ ցրել պատրիարբի նախագահությամբ տեղի ունեցող հակաժողովրդական ընտրական ժողովը:

Սահմանադրության թշնամիները պնդում էին, որ պատրիարքական գահին բազմելու իրավունքն ըստ ավանդության պիտի վերապահված լինի միայն Երուսաղեմի վանքի միաբաններին: Սահմանադրականները, ընդհակառակը, պահանջում էին, որ պատրիարք ընտրվելու իրավունք ունենան նաեւ դրսի վանականները: «Ներսեն», «դուրս են» մարտակոչերով արծարծված այս վեճի լուծմանը Նալբանդյանը մոտենում էր ազգայինքաղաքական տեսանկյունից: Պահանջելով, որ պատրիարքական թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահված չլինի միայն Երուսաղեմի կամ՝ նույնիսկ միայն Թյուրքիայի հայ եկեղեցականներին, նա դիմակայում էր Թյուրքիայի քաղաքականությանը, որի ձգտումն էր անջատել իր հայ Հպատակներին ոչ միայն հայ ազգային ամբողջության, այլեւ Ռուսաստանի ազդեցությունից: «Բարեխնամ կառավարության» եւ արեւմտաեվրոպական դիպլոմատիայի անտեսանելի հուշարկումով՝ պոլսահայ լիբերալները Սահմանադրության մեջ կետ մտցրին այն մասին, թե Երուսաղեմի պատրիարք ընտրվելու իրավունքը վերապահված է բացառապես սուրբ Հակոբի վանքի թյուրքահպատակ միաբաններին [35]: Երուսաղեմի խնդրում Նալբանդյանը դրսեւորում էր ոչ միայն իր կողմնորոշումը դեպի Հայ ազգային-դեմոկրատական շարժումը, այլեւ իր վերաբերմունքը դե/383/պի ռուս ռեւոլյուցիոն շարժումը, որի մոտավոր հաղթանակին խորապես համոզված էր այդ պահին:

1861 թ. հուլիսին պոլսահայ սահմանադրականները (մեծ մասամբ այլեւայլ ընկերությունների անդամներից ու դպրոցականներից բաղկացած) ներս են խուժում Գում-Գափուի եկեղեցին՝ պահանջելով պատրիարքի հրաժարականը: Պատարագի ժամանակ սահմանադրականները բղավելով հարկադրում էին, որ պատարագիչ քահանան չհիշատակի պատրիարքի անունը: Միջադեպն անակնկալ չէր հակասահմանադրականների համար. սրանք նախապես հոգ էին տարել այն մասին, որ` իրենց կողմից վարձված թուլումբասջիներն ու բեռնակիրները տեղնուտեղը զսպեն բողոքավոր սահմանադրականների ձայնը: Բղավոցները սկսվելուն պես բալացի բեռնակիրներ, մյուսներ եւ որմնադիրներ, որը կոշիկով, որը ուրագի կամ մուրճի կոթով, որը թաշկինակի մեջ հավաքած քարերով հարձակվում են նրանց վրա: Կռվին մասնակցող գավառացի թուլումբաջիները մոխիր են ստանում բողոքավորների աչքերին եւ իրենց մեջքի փոկերով, որոնց ծայրին ամրացրած էին պղնձե ճանկեր, անխնայորեն հարվածում նրանց: Կռիվը շարունակվում է նաեւ եկեղեցու բակում ու փողոցում: Տեղի ունեցավ սահմանադրականների եւ հակասահմանադրականների բռնցքամարտ, եղան տասնյակ վիրավորվածներ, կռիվը ստացավ այնպիսի կերպարանք, որ առիթ տվեց թյուրք հեծելազորի միջամտությանը: Սելիմ փաշան 25 զափթիեների գլուխ անցած՝ վրա հասնելով, տեղնուտեղը ձերբակալեց ոմանց, սակայն տեղի տալով ժողովրդի հուզմունքին՝ ստիպված եղավ ետ քաշվել [36]: Այս դեպքերին հաջորդեցին քաղաքական ռեպրեսիաներ: Առժամապես խափանվեցին սահմանադրականների դեմոկրատական թեւի օրգանները՝ Հ. Սըվաճյանի «Մեղու»-ն եւ Կ. Փանոսյանի «Մյունատի»-ն. Զմյուռնիայում պահ մի գոցվեց Տետեյան եղբայրների տպարանը եւ դադարեցվեց «Ծաղիկ» պարբերաթերթը [37]:

Առաջին անգամ այս պահին է, ըստ երեւույթին, որ գոցված պարբերա թերթերի տեղը Հայ գրական հրապարակում երեւում են թռուցիկ թերթեր: «Սահմանադրության արդի վիճակը», «Հայտարարություն առ հւսմայն ազգայինս», «Հայտարարություն չի դիմաց Կ. Պոլիս գտնվող ողջամիտ վանեցոց առ ընդհանրություն ազգիս», «Կղերին կատակը», «Մունետիկ Սահմանադրության» (հրատ. Զմյուռնիայում), «Հայտարարություն առ համորեն ազգն», «Ստորագրություն եւ հետս կոչումն» (ստորագրություն՝ Հ. Պ Մ. Չամուռճյան Տերոյենց), «Ազդ առ ազգն», «Հավելված ի /384/ Մեղուի» (ստորագրություն՝ Յ. Գ. Սըվաճյան). այս թռուցիկները ձեռքից ձեռք էին անցնում 1861 թ. հուլիսի վերջերից մինչեւ նույն տարվա սեպտեմբերի սկզբները [38]:

Բ. Դուռը նշանակեց հատուկ հանձնաժողով, որին պիտի միանար «ազգից ընտրված» մի այլ հանձնաժողով Ազգային սահմանադրությունը վերաքննելու համար: Կառավարական հանձնաժողովի մեջ մտնում էին Սերվիչենը, Հակոբ Նորատունկյանը, Գր. Աղաթոնը եւ ուրիշներ: Ազգային Հանձնաժողովի մեջ ընտրված էին Գր. Օտյանը, Մ. Աղաթոնը, Ստ. Ասլանյանը, Նահ. Ռուսինյանը եւ ուրիշներ [39]:

Քննադատելով նրանց գործունեությունը՝ Նալբանդյանը նշում է սրանց երկդիմի դերը, դատապարտում, մանավանդ, կառավարության է գաղտնի հրահանգով սրանց արած հակաժողովրդական քայլերը՝ սահմանադրության վերաքննությունը, Քաղաքական ժողովի պատվիրակների կրճատումը եւ նրանց իրավասությունների սահմանափակումը: Նոր Սահմանադրությունը, ինչպես եւ հինը, գրում է Նալբանդյանը, շարունակում է լինել գավառի ձայնը խլացնող մի օրգան: Նա հեգնում էր նրանց, ովքեր «սահմանադրության» պիտակ կպցնելով ազգային-եկեղեցական կանոնադրության պոչից, տրամադիր էին հրամցնել այն որպես քաղաքական մի սահմանադրություն, որով, իբր, երաշխավորվում էր Թյուրքիայում ազգի լիակատար ազատությունը [40]: Նալբանդյանն ըմբռնում էր, ըստ երեւույթին, որ նման դիվերսիայով լիբերալ բուրժուազիան ի դեմս «լուսավորյալ» սահմանադրականների՝ կամենում էր ոչ միա յն վանել քաղաքական ռեւոլյուցիայի, այլեւ նույնիսկ մեղմացնել քաղաքական ռե ֆորմների պահանջը:

Սահմանադրություն կոչված ազգային-եկեղեցական կարկատանը, բոլոր իր թերություններով մեկտեղ, առաջադիմության մի քայլ էր հին ամիրայական ռեժիմի համեմատությամբ: Թե ինչպիսի հույսեր էին կապում ժողովրդի վարի խավերը Սահմանադրության սկզբնաշրջանում աշխուժացած լուսավորական շարժման հետ՝ երեւում է այն մասնակցությունից, որ ունենում էին պոլսահայ բեռնակիրները դպրոցաշինության մեջ: Հրաժարվելով կիրակնօրյա հանգստից՝ նրանք խուռներամ գնում էին Պալաթի թաղը կառուցվող դպրոցական շենքի վրա աշխատելու համար [41]: Նալբանդյանը գիտեր, որ Սահմանադրությունը նվաճվել էր մոտ 15 տարվա ժողովրդական պայքարի գնով: Ուստի եւ չէր վարանում պաշտ/385/պանել այդ նվաճումը լիբերալ երերածուփ բարեհոգության եւ կառավարական մերկապարանոց ռեակցիայի դիմաց [42]:

Ժողովրդի սահմանադրական պայքարը շարունակվում էր նաեւ կառավարության միջամտությունից հետո: 1862 թ. օգոստոսի 1-ին ներս խուժելով պատրիարքարանը, գազազած ամբոխը դուրս քշեց այնտեղից ազգային գործերը վարելու համար Բարձր Դռան նշանակած խառն ժողովի անդամներին ու պատրիարքի տեղապահին: Հուզված բողոքավորները ջարդուփշուր էին անում ժողովասրահի կահ-կարասիքը եւ կողպեքի տակ դնում նրա դռները: Խառն ժողովի նախագահ Բարունակ պեյ Ֆերուհանը, ըմբռնելով կացության փափկությունը, դիմադրելու փորձ չարեց: Ջանում էր հավաստիացնել, թե Սահմանադրությունը կենդանի է դեռ եւ մոտ ժամանակներում պիտի վերադարձվի ազգին տերության վավերացումով: Մի շաբաթ անց՝ Սելիմ փաշան մի գունդ զորքով մտավ պատրիարքարան, դարբնի ձեռքով կոտրեց պատրիարքարանի կողպեքը եւ ներս թողնելով խառն ժողովի անդամներին՝ ազդարարեց կառավարական մի հրամանագիր, որով վերահաստատելով ժողովի իշխանությունը, «դատապարտում էր խռովության հեղինակներին՝ սպառնալով պատասխանատվության ենթարկել նրանց: Հրամանատար փաշան, 60 զինվոր թողնելով պատրիարքարանի պաշտպանության համար, հեռացավ: Սակայն չկամենալով հակառակ կենալ «ազգի կամքին»՝ պատրիարքի տեղապահը եւ Բարունակ բեյը հրաժարական են տալիս: Կառավարությունը մերժեց հրաժարականները, խոստանալով հաստատել վերաքննված Սահմանադրությունը [43]: Այս դեպքերին արձագանքում էր, մանավանդ, պոլսահայ դեմոկրատական մամուլը: Նկարագրելով օգոստոսի 1-ի դեպքերը, «Մեղու»-ն գրում էր. «Հայերուս այս շարժումն ալ կմխիթարե մեզի եւ հույս կուտա, թե այս փափաքը եւ աշխատությունը հարատեւելու ըլլա նե՝ թերեւս երջանիկ ապագա մը ունենա, մինչդեռ այսօր ապագա կորուստի «Ավելի երեւույթ կա, քան վերակենդանության» [44]:

  «Երանի թե համոզվեին ամենեքյան, թե հայերը իրենց անբերելի ցավոց կատաղութենեն կրնան տակավին ավելի հանդուգն ձեռնարկությանց դիմել, թեպետ ցավն ի խոր իրենց սրտին» [45]:

Հայերի կողմից «ավելի հանդուգն ձեռնարկությունների դիմելու» սպառնալիքով հրապարակ եկավ այս պահին նաեւ Կարապետ Փանոսյանի խմբագրությամբ թյուրքերեն լեզվով լույս տեսնող հայատառ «Մյունատի»-ն: 1862 թ. սեպտեմբերին, նկարագրելով «Զեյթունի անցքերը, /386/ «Մյունատի»-ն «փարավոնական բարբարոս» էր կոչել Զեյթունը պաշարող Ազիզ փաշային եւ խիստ խոսքերով մեղադրելով Բ. Դռանը՝ պահանջել էր անմիջապես պաշտոնանկ անել փաշային: Թերթը սպառնացել էր, որ հակառակ պարագային՝ հայ «ազգային վարչությունը» եւ «համայն հայաստանցիք» հարկադրված պիտի լինեն խնդրել եվրոպական տերությունների միջամտությունը: Սրան ի պատասխան, թյուրք ոստիկանությունը Փանոսյանին 20 օր ձերբակալելուց եւ 20 լիրայով տուգանելուց հետո ընդմիշտ խափանեց «Մյունատի»-ն [46]:

  «Մեղու»-ն, որ խրախուսել էր Պոլսի ցույցը, դատի ենթարկվեց Զմյուռնիայի վիճակավոր առաջնորդի սադրանքով յոթը ամսով խափանվեց «Ծաղիկ»-ը: Տակավին 1861 թ. Քաղաքական ժողովը հատուկ հանձնաժողով էր կազմել, որը պիտի մշակեր տպագրական օրենքի նախագիծ: Հանձնաժողովի մեջ մտնում էին Վարժապետյանը, Սերվիչենը, Ստ. Ասլանյանը, Գր. Աղաթոնը, Գր. Օտյանը եւ Առ. Տատյանը: 1861 թ. հուլիսին հանձնաժողովը ներկայացրեց իր կազմած նախագիծը, ուր ասված էր. 1) Տպագրությունը ազատ է «տերության շնորհած ազատության չափով», 2) Կրոնական խնդիրների քննությունը ենթակա է միայն եկեղեցու իրավասության, 3) Արգելվում է «ազգին կյանքը, Սահմանադրությունը եւ վարչությունը նախատելու, ծաղրելու եւ կամ անվանարկելու», 4) Պատրիարքների, առաջնորդների, կրոնական կամ քաղաքական ժողովի անդամների դեմ «որեւէ թշնամանք արգիլված է տպագրության», 5) «Ազդային վարչության դեմ գրգռելուն Ազգին մեջ խռովություն հարուցելու գրվածքները բոլորովին արգիլված են», 6) «Ազգը կդատե վերոհիշյալ տրամադրության դեմ գտնվողները»: 1863 թ. Ազգային ժողովը, առինքնելով ոստիկանական ֆունկցիաներ, պոլսահայ խմբագիրներից ստորագրություն առավ, որով նրանց պարտավորեցնում էր ենթարկվել հանձնաժողովի մշակած կետերին: Սըվաճյանը մերժեց դնել իր ստորագրությունը եւ «Մեղվում» հատուկ հոդված գրեց այս առիթով [47]: Բացատրություն տալու համար Սըվաճյանին հրավեր ուղարկվեց ներկայանալ պատրիարքարանին: Սըվաճյանը մերժեց հրավերը, առարկելով, թե «Քաղաքական ժողովն իրավունք չունի ենիչերիի պես բռնաբար մեկը պատրիարքարան կանչելու»: Ի պատասխան սրան, Քաղաքական ժողովը որոշեց առաջարկել Սըվաճյանին՝ հետս կանչել իր հոդվածը, «իսկ եթե մտիկ չընե Բ. Դրան թագրիր (դիմում, Ա. Հ. ) մի գրվի առժամանակ կերպով դադրեցնել տալու» «Մեղու»-ն [48]:

/387/ «Ազգային նորահաստատ խաղաղության խարխուլ Հիմերը երերցընելու երկյուղը, սաստիկ լարված սանձ մը կդնե ճշմարիտ հայուն գրիչին եւ տակավին պահ մ'ալ համբերել կպատվիրե», գրում էր Սըվաճյանը 1863 թ. դեկտեմբերի 25-ին «Մասիս»-ի խմբագրության Կ. Պոլսում՝ կրած իր նամակում [49]:

Չամուռճյանը չվարանեց այս կապակցությամբ եւս հրապարակ գալ հերթական իր քսություններով: Տպելով «Մեղվի» եւ «Մյունատի»-ի արգելման լուրը, նա հասկացնել էր տալիս թյուրք կառավարությանը, թե անհրաժեշտ է գոցել նույնիսկ լիբերալ «Մասիս» թերթի բերանը: «Ամսույս 23-ին Մեղուի եւ Մյունատիի հրատարակությունը բարձրագույն։ հրամանով արգելվեցավ, գրում էր նա: Անոնցմե տեղեկություն բնտռողներուն բոլորովին անմխիթար չմնալու համար սա ալ կըսեմք, որ Մեչուխեչան (Մեչուխեչա՝ «Մեղու»-ի խմբագիր Հ. Սըվաճյանի կեղծանունն էր, Ա. Հ. ) մեղու չունենալով ալ իր գիտցածները կամ հնարածները անզգույշ պարզամտաց հաղորդելու միջոցի կարոտություն չքաշեր։ Պ. Ութուճյանը կմնա անոր հավատարիմ թարգման. եւ ասիկա խորհըրդապահ ալ է. իր խորհրդատուն Մեչուխեյանն ըլլալը մինչեւ հիմա մարդու ըսած չունի եւ կհուսացվի, որ ասկեց ետքն ալ չըսեր. սատանան ալ՝ որ ինչպես ռամկական առածը կըսե, հարդին տակեն ջուր քալեցնողները շատ կսիրե, Մասիսին խմբագրին հետ քիչ օրվան մեջ աղեկ բարեկամություն ըրած է. եւ կարելի է, որ քիչ ժամանակ են ասիկա ալ իր նախկին բարեկամներուն եւ վարպետներուն փառացը հաղորդ ընե» [50]:

Հիշենք նաեւ Գր. Օտյանի հայտնի խոսքերը՝ արտասանված այդ պահին. «Ամեն ընկերության վիճակի մեջ երկու էական պիտույք կան. պահպանության պիտույք ու հառաջդիմութեան պիտույք: Այս կրկին պիտույքեն ծագած կուսակցությունները իրենց օգտակար ու իրավացի կողմն ունին: Երկուքն ալ՝ չափազանցություններ կրնան ունենալ: Կառավարության գլուխ եղողներուն կվերաբերի չափազանցությունները ամոքել, կիրքերը հանդարտացնել եւ ճշմարտության ծառայելուց չվախնալ կողմնակցություններ են, այլ հարգել ինչ որ իրավացի է իրենց պահանջմանցը մեջ: Մերժել միայն ինչ որ կիրք է» [51]:

Կառավարությունը հեգնեց Օտյանի լիբերալ բարեհոգությունը՝ կամակայելով Ազգային սահմանադրությունը. 1863 թ. հանձնաժողովների միջոցով կանոնադրության հոդվածներից կառավարությունը դուրս ձգեց «Հիմնական սկզբունք» կազմող այն կետերը, որոնք, Չամուռճյանի կարծիքով, հավակնություն ունեին պետություն ստեղծել պետության /388/ մեջ»: Այն, ինչ վավերացվեց Ազգային սահմանադրություն չէր, այլ սոսկ պատրիարքարանի կանոնադրություն [52]: Եվ չնայած անգամ երկիցս եւ երիցս կատարված վիրահատումներին, Ազգային սահմանադրությունը հիսուն տարվա ընթացքում լրիվ եւ առանց որեւէ խոչընդոտի գործադրվել է մոտավորապես միայն 27 տարի, մասամբ, այսինքն՝ արտաքին երեւույթների մեջ իր գոյությունը պահպանելով հանդերձ եւ միայն ընդհանուր ժողովի տրամադրությունները կախակայելու պայմանով, գործադրվել է մերձավորապես 16 տարի եւ բոլորովին խափանված եղել 7 տարի [53]:

Սկսվում էր երկարատեւ ռեակցիայի այն շրջանը, երբ արեւմտահայ լիբերալ բուրժուազիան, դեմոկրատների գրոհից ահաբեկ, նահանջում էր կղերա-պահպանողական տարրերի առաջ: Լիբերալների տեղերը Քաղաքական ժողովում բռնում են ռեակցիային հաճելի տերտերներ, աղաներ ու բեյեր: 1863 թ. (պահպանողականների» եւ «հառաջդիմականների», «ազգի» եւ «կառավարության» միջեւ հավասարակշռության կետեր որոնող Գր. Օտյանը ուսումնական խորհրդում զիջում էր իր տեղը Չամուռճյանին: Երբեմնի դիմադրական «Մասիս»-ը, համակերպելով նոր իրադրությանը, դառնում էր փաստորեն պատրիարքարանի բերանը: 1863 թ. կեսերին «Մասիս»-ը նշավակում էր Զմյուռնիայի առաջնորդ Թաքթաքյան Պողոս եպիսկոպոսին որպես վայրագ հակասահմանադրականի. երեք ամիս առաջ, երբ լիբերալների, կղերականների համագործությամբ այդ նույն անձնավորությունը բազմել էր պատրիարքական գահի վրա, «Մասիս»-ը դրվատում էր նրան՝ որպես «խոհեմ, հեռա: ոես եւ քաղաքագետ սրբազան Հոր»:

Ցայտուն կերպով արտահայտվում էր արեւմտահայ բուրժուական մտավորականության ռեակցիոն շրջադարձը Ստ. Ոսկանյանի 1860-ական թվականների գործունեության մեջ:

Վերանորոգելով «Արեւմուտք»-ը, 1864 թվականին Ստ. Ոսկանյանն անդրադարձավ Ֆուադի եւ Սերվիչենի ձեռքով բարեխառնված Սահմանադրությանը: Նա գրում էր. «Պոլսի հասարակությունը լավ կընե ուրեմն, կկրկնենք, իր վիճակին պարագաները մտքեն չհանել, ինքնօրենությունը չծախել ուրիշներուն, եղած թույլտվութենեն օգուտ քաղել եւ որքան կարելի է բան արդյունավորել՝ պոռացող կամ մեծամեծ բրդող մարդերը ազգին ոխերիմ թշնամի հավատալով: Հոն է փրկությունը եւ հետեւապես հոն նաեւ ապագա լուսավորությունը, որուն կայծը անգամ չէ ինկած արեւելյան միտքերու մեջ: Ստույգ է, որ քսան-երեսուն տարիէ ի վեր արշալույս մը կավետվի հրապարակավ, բայց որովհետեւ տակավին ըղձա/389/լի օրը չծագեցավ եւ իր անունը միայն հոտած թերթի մը (խոսքը, անշուշտ, «Ազգային սահմանադրության» մասին է, Ա. Հ. ) վրա կտեսնվի, ըսել է, թե իր նշույլը սուտ է եւ հույս անգամ չպիտի բերե, թող թե լույս: Կհրավիրենք, մանավանդ թե կաղերսենք ճշմարիտ հայրենասերները լույս չփնտռել երբեք շփոթի մեջ եւ հույսը ապստամբության՝ փոթորիկը սեւ ամպեր կբերե եւ վատությունը, թե շուտ, թե ուշ՝ հուսահատություն: Ավելի լավ կընեն լռիկ հայրենիքին ակոսը հերկել սուրբ հունտեր սերմանելով, որ առատ հունձ պատրաստվի. հուռթի ոստեր տնկելով, որ բարի ծառեր երեւան գան: Թող հիշեն Լաֆոնթենի այն առակը, որ ծերունին կըսէ ծիծաղկոտ երիտասարդներու. «թոռներուս թոռները ինձ կպարտավորվին այս ծառերու ստվերը»:

Ժամանակին Քավուրը խորհուրդ էր տվել Ոսկանյանին՝ «ձեռնոց դնել գրելիս»: Այս պատգամն իրականացնելու համար է կարծես, որ 60-ական թվականներին «Արեւմուտք»-ը լույս էր տեսնում քավության չափավորությամբ բարեխառնված:

Մոռացության տալով Թյուրքիայի դեմ ուղղած երբեմնի իր մարտակոչերը՝ Ոսկանյանը ապավինում է Ֆուադի «բարեմտությանն» ու Սերվիչենի «խոհականությանը»: Նույն հոդվածում նա գրում է. «Եթե նորին վսեմության եւ նորին ատենապետության խնամքով ամեն բան չկարգադրվի եւ կիսամեռ Հայաստանը ոգի չառնու՝ ըսել է թե կյանքի տարր եւ կանգում ի նյութ չկա Պոլսի հասարակության մեջ: Եթե նորին վսեմության զորությունը եւ նորին ատենապետության վիրաբույժի թեւը Հայու Ոգին ավերներու փոսե վեր չհանեն, ըսել է թե դատապարտված ենք սպասելու ուրիշ Սամսոնի մը բազուկին կամ ժամանակի թեւին: Այս չէ մեր սիրտի համոզումը. Ֆուադ վեհ բաշային հայասիրությունը հույս եւ վիրաբույժ ատենապետին գիտությունը խրախույս կուտան մեզ: Թշնամի սիրտ մը միայն կասկածի երթալու կհամարձակվի: Մենք, ընդհակառակն, հավաստի ենք, որ շատ չանցնիր, Հայաստանի կանգնումը կամ վերստին ծնունդը կամ Հարությունը տեսնելու փառքը պիտի ունենանք Ֆոսդ բազային վսեմության ներքեւ, ու Պարթեւյան ընկերության վաղեմի անդամներե մեկուն (իմա՝ Սերվիչենի, Ա. Հ. ) շնորհքով»:

Ֆուադ փաշան հայկական ոգու վերարթնացման երաշխի՜ք: Այս չափազանց էր արդեն: Ժամանակին Մամուրյանն էր մատնանշում այն իրողությունը, որ հրաժարվելով պայքարի հին իր զենքերից՝ Ոսկանյանը Զմյուռնիայում «ուրիշ զենքերով (ընդգծումը Մամուրյանինն է, Ա. Հ. ) եկավ մաքառիլ մոտեն իր հայրենյաց ծոցը եւ գետին տապալել այն թըշնամին, որուն անունն է տգիտություն» [54]: Մամուրյանը նշավակում էր Քաղաքական ժողովի հետ Ոսկանյանի կնքած լուռ հաշտությունը. «Ոս/390/կանը, գրում էր Մամուրյանը, բանակն, այն է՝ ժողովուրդն ետ քաշեց եւ սուրբ Մեսրոպի տան դուռը զարկավ» [55]: Մամուրյանը սրանով ուզում էր ասել, թե Ոսկանյանը փոխեց մարտնչող հրապարակախոսի գրիչը Զմյուռնիայի Մեսրոպ յայն դպրոցի վարդապետական ամբիոնով։ Իր պամֆլետներից մեկում դուրս բերելով նրան մուտանյան ճառախոսի դիմակով՝ Մամուրյանը որակում էր նրան որպես «հովով լեցուն փամփուշտ մը», որպես եսակենտրոն ամբարտավանության մարմնացում [56]: Անշուշտ, Մամուրյանի մռայլ այս ներկերին առիթ են ծառայել այն հոդվածներն ու ճառերը, որ հրապարակեց Ոսկանյանը 1866 թ. Զմյուռնիայի «Արշալույս Արարատյան» թերթի էջերում: Զմյուռնիայում իր գլխավորած Ուսումնասեր ընկերության նպատակը լուսաբանելու համար դիմելով համաքաղաքացիներին՝ Ոսկանյանն ասում էր. «Երբ Սուլթան Ապտուլ Ազիզի պես վեհ թագավորի իշխանության ներքո ապրելու երջանկության հասանք, երբ անոր բարձր կամքով կրոնքի հալածումը, հպատակության եղած նախատինքը ու զրկանքը աներեւույթ եղան եւ երբ թույլատվությունը եւ հավասարությունը ձեր վրա կհսկեն, վարչություն եւ գիտություն տարածել ոչ միայն մեծ փառք է, այլեւ անհրաժեշտ պարտք» [57]:

Սերվիլիստական այս տողերը գրվում էին 1861-1862 թվականների Պոլսի ժողովրդական ցույցերից եւ Զեյթունի ապստամբությունից հետո: Ոսկանյանը չվարանեց հրապարակ գալ անգամ զմյուռնահայ առաջավոր դեմոկրատական մտավորականության «գաղտնի ընկերությունների» դեմ, որոնք հանդգնել էին քննադատելու նրա լեգալ Ուսումնասեր ընկերությունը: «Այս գաղտնի ընկերությունը ու հոս ու հոն գտնվող իր ծակամուտ արբանյակները, ասում էր Ոսկանյանը, շատերուն տունը փլեցին, անմեղության արյունը հոսվելուն պատճառ եղան, հայրենի հողին վրա նոր ավերակներ եւս ավելցուցին եւ տակավին չեն ուշաբերիր եւ տակավին չեն ուղեր սմքիլ ու հանդարտ ձգել, որ ուրիշները կրթությամբ գոնե դարման մը գտնեն այն անմեղ աղետքին, զոր նոր սուտ ազգասիրությամբ արտադրեցին…» [58]: Այս տողերով Ոսկանյանը մի քայլ եւս առաջ էր գնում բացահայտ ստրկամտությունից եւ ոտք դնում ճանապարհի վրա, որով նրանից առաջ քայլել էր… Չամուռճյանը: Հասկանալի է, որ Ոսկանյանի ելույթները պիտի Բուզեին զմյուռնահայ դեմոկրատ երիտասարդության վրդովմունքը, դատապարտելով Փարիզի 1848 թ. բուրժուական ռեւոլյուցիայի երբեմնի դրոշակակրին բարոյական մեկուսացման…

* * *

/391/ Ներհուն մտառությամբ անդրադարձավ Նալբանդյանը թյուրքահայերի եւ, մասնավորապես, պոլսահայերի կացությանը՝ Սիմեոն Մանիկյան կեղծ անունով 1862 թվականի ամառը Փարիզում լույս տեսած «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» հռչակավոր իր գործի մեջ: Այստեղ նա նկարագրում է Թուրքիայի տնտեսական տագնասլը, պետության աճող պարտքերը, մասսաների նյութական վայրէջքը, սովն ու մահացությունը: Չարիքի գլխավոր պատճառը Նալբանդյանը համարում էր թյուրք պետության փաստական կախումը նրա «անձեռնմխելիությունը» հովանավորող արեւմտաեվրոպական պետությունից եւ հատկապես՝ եվրոպական կապիտալի ներխուժումը: Հիմնական նույն այդ փաստերի լուսարձակով նա պարզում է նաեւ թյուրքահայերի ընդհանուր կացությունը:

«Ձեռագործ ապրանքի մանր վաճառականը, կարդում ենք այդտեղ, ուժ չունի, նա խաղալիք է յուրյան ապրանք տվող մեծ վաճառականի կամ գործարանատիրոջ եւ կամ միջնորդի ձեռքում։ Զորությունը նոցա մոտ է, որովհետեւ նոցա մոտ է վաճառականի պարտամատյանը կամ մուրհակը: Մյուս կողմից խաղալիք է բյուր հանգամանքների ձեռքում» [59]: Նկարագրելով տեղական վաճառականության քայքայումը՝ Նալբանդյանը շարունակում է. «Եվ «այս տեսակ վաճառականությամբ թերեւս, եթե հայը միջնորդ կամ գործակատար լիներ երկու համազոր աշխարհների մեջ, գուցե կարողանար ապահով եղանակով ապրել, թեեւ միմիայն յուր համար, այսինքն, առանց ազգի ընդհանրության մի օգուտ բերելու. բայց, Եվրոպիո եւ Թուրքիո մեջ եւ ոչ մի անգամ երազելի է այն ապահովությունը, քանի որ Թյուրքիան հարաբերում է Եվրոպային իբրեւ բացասական մեծություն դրական մեծության» [60]: Բռնելով միջնորդ առեւտրի ուղին՝ հայ վաճառականությունն օրեցօր տարածում է յուր սեւ վարագույրը ազգի վերա»: Ազգը զրկվել է գոյության հաստարանից, նա ապաստան է արել իր կյանքը օդին. «Ազգի կաթվածահարության աղբյուրը բխում է այստեղից» [61]:

Նալբանդյանը կատաստրոֆ էր գուշակում Թյուրքիային: «Երեք ու կես նավ՝ բացի ծովագնացությունից ուրիշ ամեն բանի պիտանի, մի քանի հազար քաղցած եւ մերկ զինվոր, որ տարիներով չեն տեսնում ռոճիկի երես, ներս մտնող ապրանքների մաքսն աննշան, յուր մեջ պատրաստված ապրանքի վերա ավելի ծանր հարկ, ոչ երկրագործություն, ոչ ճանապարհ, ոչ հաղորդակցություն, ոչ գիտություն եւ ոչ արվեստ: Տե/392/րության կառավարիչքը յուրյանց անձնական շահին պաշտոնյա, տերության գանձը հասարակ ժողովրդի արյունի եւ քրտինքի հետ միասին լափլիզող» [62]: Այս խոսքերով էր բնութագրում Նալբանդյանը Թուրքիայի նյութական եւ բարոյական վիճակը: Երկրի տնտեսական քայքայումը, պետության սնանկացումը դուռ են բացում մասսայական խլրտումների առաջ, որոնց նախանշանները երեւացել էին նաեւ 1861 թ. վերջերին, երբ Նալբանդյանը կրկին Պոլիս էր ժամանել Հնդկաստանից: «Մի գեղեցիկ առավոտ, գրում էր «Երկրագործության» հեղինակը, թե՛ Պոլսի, եւ թե՛ գավառների մեջ մարդիկ չպիտի կարողանան հաց ճարել, աղքատությունը եւ սովը պիտի հարկադրել նորանց դեպի հափշտակություն եւ կողոպուտ, մի խոսքով, բաբելոնյան խառնակություն: Բայց չէ պիտո մոռանալ, որ մի այսպիսի վատաբախտ դիպվածքում առաջ քրիստոն-, կայք կկողոպտվին, կմերկանան եւ կմեռանին, իսկ հետո թյուրքը, կառավարչական ուժը, գոնե, այդտեղ պիտի երեւի, որ յուր ողորմելի ստրուկներից ավելի ապրի մի քանի օր, եւ այն, սպանվածների հաշվով։ Այս ապագայի ստվերական եւ թույլ օրինակը Պոլսի մեջ երեւեցավ 1861 թվականի վերջերում, բայց կգա օր, երբ այն ստվերականը ի լույս կճշմարտվի, եւ Բույլվեր ասպետը (խոսքը Պոլսի անգլիական դեսպանի մասին է, Ա. Հ. ), հինգ հարյուր հաց բաժանելով, չի կարողանալու դարման տանել վերահաս վտանգին» [63]:

Այստեղ, ինչպես տեսնում ենք, Նալբանդյանը վերադառնում է դարձյալ արյունոտ այն հեռապատկերին, որ գծել էր տակավին «Երկու տող»-ի մեջ…

Վերջին անգամ կանգ առավ Նալբանդյանը պոլսահայ կյանքի հասունացած խնդիրներին իր մի այլ գրվածքում, որ լույս տեսավ «Հյուսիսափայլ»-ում 1864 թ. ՝ «Ազգային թշվառություն» վերնագրով:

Հեղինակը տալիս էր դարձյալ Ազգային սահմանադրության շուրջը ստեղծված բախումների ցայտուն պատկերը: Պոլսահայ մեծատունները եւ կղերը, ապավինելով կառավարության ուժին, պայքարում են ժողովրրդի իրավունքը պաշտպանող հետեւողական սահմանադրականների եւ նրա համար արյուն քրտնող «արի երիտասարդների» դեմ: Երկուսի արանքում օրորվում էր դավաճանության միտվող լիբերալ բուրժուազիան, «Սահմանադրության բարեկամների միակ զենքն էր ճշմարտությունը, որ լուսափայլ էին կացուցանում հայկական խոսքի միջնորդությամբ զրիչը ձեռքին անձանձիր ճգնելով եւ որովհետեւ ճշմարտությունը չունի մասն, չունի վարձ, ուստի եւ օտարոտի չէր, երբ ոմանք ճանապարհի կիսից հետ դարձան, երբ մյուսները լավոդիկեցի դարձան, երբ մի քանի /393/ ուրիշներ անգլիական տրիմմերության օրինակը ցույց տվեցին» [64]: Նալբանդյանը դատապարտում էր լիբերալների պարագլուխ Սերվիչենի օպորտունիստական դիրքը: «Հյուսիսափայլը անարդարություն է համարում ուրանալ պ. Սերվիչենի աշխատությունը, գրում էր նա, Հյուսիսափայլը մինչեւ անգամ հակամետ է կարծել, որ առանց այդ արգո պարոնին, Սահմանադրության վտանգը կարող էր գուցե ավելի ծանրանալ. բայց Հյուսիսափայլը չէ կարող գովել այն թույլտվունքը եւ զիջողությունքը, որ արգո պարոնը շնորհում էր խավարյալների կողմին. Հյուսիսափայլը չէր կարող ուրախությամբ հիշել, երբ պ. Սերվիչինը որպես միակ հույս սահմանադրասիրաց, չկամեր գործ դնել յուր բոլոր ազդեցությունը լիամասն կերպով: Արգո պարոնը, որպես ըստ Սահմանադրության ընտրված նախագահ ընդհանուր ժողովին, քանի որ հրապարակով հանձն էր առել այդ պաշտոնը, բնականաբար չէր կարող չպաշտպանել Սահմանադրությունը, բայց այդ փոքր էր, եթե պիտի լիներ թերի. նա կարող էր դեմ կենալ մի քանի բռնակալ առաջարկությանց, որ առնում էին խավարյալք, կարող էր, ասում ենք, բայց ընկավ հասարակաց հոսանքի մեջ: Այնուհետեւ, մի կողմ թողնելով Սահմանադրության գործը, այդ քննիչ հանձնաժողովի առաջին տնօրինությունը եղավ Հայկական խոսքը ճնշել, տպագրության ազատությունը բռնաբարել: Պ. Սերվիչենը կամակից էր այն բանին, եւ մեք առ ի սրտե ցավում եմք, որովհետեւ նորան ճանաչում ենք ստուգապես ազգասեր եւ ստուգապես մի հարգելի մարդ» [65]:

  «Ազգային թշվառությունը» մերկացնող քննադատությունը լուսաբանում էր նաեւ Պոլսի նորընտիր Ազգային վարչության գործունեությունը: «Ըստ Սահմանադրության կազմված ազգային վարչությունը ազգային բարեկարգությունը սկսում է այսօր բռնությամբ… Ըստ Սահմանադրության կազմված վարչությունը արդեն սկսավ արտականոն հնարներով է: ճանապարհներով յուր բոլոր ուժը «Մեղու»-ի ընդդեմ համաժողովել, եւ մինչեւ այն աստիճան անպատվեց յուր անձը, որ սիրտ բռնեց ազգային բազմարդյուն ծրագրի ընդդեմ բողոքել» [66]:

Ազգային վարչությունը կառավարության միջոցով կողպեք էր հագԿընում իր անհետեւողականությունը քննադատողների շուրթերին, փակում պոլսա՝ այ դեմոկրատիայի հետեւողական-սահմանադրական հայացքներն արտահայտող մամուլի բերանը: Վարչությունը բարբառում էր ազգային հառաջադիմության մասին՝ անբարբառ դիտելով Զեյթունի ապստամբությունից հետո գավառում ծավալված տեռորը, գեղջկուհիների բռնաբա/394/րումը, մասսայական հարստահարությունները, սովն ու գաղթը: Չքննելով այս երեւույթների պատճառները, վարչությունը միջոցներ չէր փընտրում դրանց դեմ: «Ազգային վարչությունը ոչ միայն խնամք չունի այդ նկատճառների հիմքը փորելու, այլեւ հալածում է նորանց, որ ցույց են է. տալիս ազգին նորա բուն թշնամիքը: «Սուրբ բռնություն», այսօր այս խոսքն ենք մորմոքելով տեսանում ազգային վարչության դրոշի վերա: «Ազգերնիս կհառաջադիմե կոր»» [67]:

Հեգնալից ու ցասկոտ իր խոսքերով «Ազգային թշվառություն» հոդվածի հեղինակը նշավակում էր պոլսահայ Ազգային ժողովն ու վարչությունը գլխավորող լիբերալների վատուժ քաղաքականությունը: Սակայն հեղինակը չի բավականանում միայն դրանով. նա զերծում է այն դիմակը, որ ազգի մեծամասնության անունից ծածկում ու նվիրագործում է բուրժուական ամեն մի սահմանադրության հատուկ դասակարգային բռնությունը: «Բովանդակ աշխարհի երեսին եղած սահմանադրական կառավարությանց մեջ բացարձակ ուժը մեծագույն մասի ձեռքումն է, բայց գիտելի է, որ սահմանադրությանց մեջ մի այդպիսի իրավունք մեծագույն մասի ձեռքում՝ է մի անփախչելի չար եւ ոչ դրական բարի. ենթադրվում է, թե մեծագույն մասն ավելի շուտով կարող է լինել ամբողջ ընկերության կամքի հայտարարը, քան թե փոքրագույն մասը: Բայց պիտո չէ մոռանալ, որ բազմությունը Սահմանադրության տված իրավունքով ծառաջ մղելով յուր կամքը, շատ անգամ ճնշում է փոքրագույն մասին ոչ միայն կամքը, այլ երբեմն եւ իրավունքը» [68]:

Սահմանադրական լիբերալ-կղերական մեծամասնության դեմ «Ազգային թշվառության» հեղինակը սկզբունքորեն առաջ էր քաշում գավառահայ եւ քաղաքային դեմոկրատիայի բռնաբարված իրավունքը: Պոլսահայ էֆենդիների ու նրանց պարեգոտված արբանյակների հանդեպ ռուսահայ հրապարակախոսն առաջ էր քաշում ազգի հասարակ մարդկանց պաշտպանության խնդիրը:

Բայց այս չէր հոդվածի բուն նպատակը: Մերկացնելով լիբերալ բուրժուազիայի կերպարանքը՝ Նալբանդյանը մատնանշում էր թյուրքահայ հասարակ ժողովրդի» ազգային թշվառության բուն աղբյուրը: «Մենք միշտ էլ դատապարտել ենք, ասում էր նա, երբ մի մարդ որոնում է օտարի պաշտպանությունը, բայց նույնպես դատապարտել ենք եւ դեռեւս պիտի դատապարտենք ազգային անպիտան գործակալքը, որ յուրյանց լուծը օտար լծից շատ առավել ծանրացնելով, ստիպում են խեղճ ազգը օտար լծի վրա նայել որպես մի երանացուցիչ քաղցր բեռի վերա: Մեր /395/ ազգի բոլոր թշվառության աղբյուրը այս բանի մեջ է ահա, Անտառը ջարդող կացնի կոթը անտառի փայտիցն է լինում միշտ» [69]:

Այս տողերի մեջ ամփոփված է ոչ միայն «Ազգային թշվառություն» հոդվածի խոր իմաստը, այլեւ Նալբանդյանի հրապարակախոսության ռեւոլյուցիոն զարգացման համար նշանակալից եւ արգասավոր մտքերից մեկը, որի բացահայտմանը մենք դեռ առիթ պիտի ունենանք անդրադառնալու մեր ուսումնասիրության ընթացքում:



[1]     «Մեղու», 1860, նոյեմբեր 30, N 117, եր. 258 եւ հետ:

[2]     «Հայ գրականություն», հանդես ամսօրյա, 1911, N 11, եր. 6:

[3]     «Մասիս», 1863, N: 598:

[4]     Տե՛ս Մրմրյան, 19-րդ դար եւ Հովհ. Պրուսացի, Կ. Պոլիս, 1898, եր. 97 եւ հետ., այլեւ՝ Օրմանյան, Ազգապատում, III, եր. 3884:

[5]     Տե՛ս «Երեւակ», 1861, 112 եւ «Մեղու Հայաստանի», 1866, N 28, եր. 24:

[6]     «Երեւակ», 1861, N 113:

[7]     Նույն տեղը, 1862, N 122:

[8]     Նույն տեղը, N 121:

[9]     «Մասիս», 1855, 205 եւ հետ.:

[10]   «Երեւակ», 1860, N 88:

[11]   Հ. Պարոնյան, Երկերի լիակատար ժողովածու, III, եր. 45 եւ հետ. եւ 47:

[12]   Տե՛ս ՀՍՍՌ Մատենադարան, Երիցյանի արխիվ, թղթապ. N 156, վավ. N 208:

[13]   ЦГИАМ, фонд М. И. Д. Отношение Игнатьева директору азиатского департамента от 4/I 1866 г., за N 3.

[14]   «Հայկական նամականի», եր» 2005:

[15]   Ե. Լ. Ժ., IV, եր. 303:

[16]   Նույն տեղը, եր. 304:

[17]   Նույն տեղը:

[18]   Ե. Լ. Ժ., 11, եր. 304 եւ հետ»:

[19]   Տե՛ս «Երեւակ», 1860–1861 թ. թ. տարեշրջան, N 87:

[20]   Տերոյենց, Մ. Ս. Այվատյանին նամակին քննությունը քրիստոնեական կառավարության վրա, Կ. Պոլիս, 1861, եր. 14:

[21]   Տերոյենց, նույն տեղը, եր. 9 եւ 17:

[22]   Նույն տեղը, եր. 90:

[23]   Նույն տեղը, եր. 95:

[24]   Ե. Լ. Ժ., III, եր. 18 եւ հետ:

[25]   Նույն տեղը, եր. 20:

[26]   Նույն տեղը, եր. 19:

[27]   Նույն տեղը, եր. 22:

[28]   Տե՛ս նույն տեղը, եր. 24:

[29]   Ե. Լ. Ժ., III, եր. 25 եւ հետ.:

[30]   Նույն տեղը, եր. 29:

[31]   Նույն տեղը, եր. 30:

[32]   «Արեւելյան Դար», 1861, N 24:

[33]   Նույն տեղը:

[34]   «Երեւակ», 1862, N: 123:

[35]   Տե՛ս «Մասյաց Աղավնի», 1863, N: 15-16, եր. 251:

[36]   Հմմ. «Փարիզ», 1861, N 55 եւ «Մեղու», 1861, հուլիսի 26-ի «Հավելված»-ը եւ «Կռունկ», 1861, եր. 892:

[37]   Հմմ. «Փարիզ», 1861, N: 54:

[38]   Տե՛ս այդ հրատարակությունները ՀՍՍՌ Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, թղթապ. N 193, վավ. N 147-159:

[39]   Հմմ. Ալպոյաճյան, նույն տեղը, եր. 397 եւ 400:

[40]   Հմմ. «Անտիպ երկեր», եր. 48:

[41]   Տե՛ս «Մասիս», 1863, N: 595:

[42]   Տե՛ս «Անտիպ երկեր», եր. 47 եւ հետ.:

[43]   Տե՛ս «Մասիս», 1862, N 584, «Փարիզ», 1862, N 75, հմմ. նաեւ Ալպոյաճյան, նույն տեղը, եր. 402 եւ հետ. ։

[44]   «Մեղու», 1862, եր. 171:

[45]   Նույն տեղը, եր. 174:

[46]   ՀՍՍՌ Մատենադարան, ձեռ. N: 4177, եր. 10. Հմմ. նաեւ «Արշալույս Արարատյան», 1862, N 684:

[47]   Տե՛ս «Մեղու», 1863, 222:

[48]   «Ժամանակ», 1863, եր. 190:

[49]   Տե՛ս «Մասիս», 1864, Հունվար 4, N 621:

[50]   «Երեւակ», 1861, 113:

[51]   Գր. Օտյան, Ատենաբանությունք, եր. 2:

[52]   Հմմ. Ատոմ, Ազգային սահմանադրություն, Կ. Պոլիս, 1914, եր. 7 եւ հետ., եւ Ալպոյաճյան, նույն տեղը, եր. 406 եւ հետ.:

[53]   Հմմ. Ալպոյաճյան, նույն տեղը:

[54]   Վրույր, Հայկական նամականի, Զմյուռնիա, 1872, Եր. 113:

[55]   Վրույր, Հայկական նամականի, եր. 113:

[56]   Նույն տեղը, եր. 25 եւ հետ.:

[57]   «Արշալույս Արարատյան», 1866, N 772. հմմ. նաեւ նույն տեղը, N: 782:

[58]   Նույն տեղը, N 783:

[59]   Ե. Լ. Ժ., III, եր. 76:

[60]   Նույն տեղը, եր. 78:

[61]   Նույն տեղը:

[62]   Ե. Լ. Ժ., III, եր. 66:

[63]   Նույն տեղը:

[64]   Ե. Լ. Ժ., 111, եր. 105:

[65]   Նույն տեղը, եր. 105 եւ հետ.:

[66]   Նույն տեղը, եր. 107:

[67]   Ե. Լ. Ժ., 111, եր. 109:

[68]   Նույն տեղը, եր. 111:

[69]   Ե. Լ. Ժ., II, եր. 112: