Նալբանդյանը եւ նրա ժամանակը(Ա)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/321/ ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԿՈՎԿԱՍ ԵՎ Կ. ՊՈԼԻՍ


Նալբանդյանի «աստվածաբանական» նամակները։ Դրանց հետապնդած քաղաքական եւ գործնական նպատակները։ Ազգության եւ եկեղեցու հարակցության խնդրի շուրջը։ Չուխաճյանի կոնդակը Նալբանդյանին: Հակառակորդների անհանգստությունը: Ազգային կտակյագումարների հարցը։ Նախապատրաստվող ուղեւորության բուն պատճառները: Հայրենի քաղաքի փոխված իրադրությունը: Նալբանդյանի հնդկական առաքելությունը։ Ուղեւորություն դեպի Էջմիածին։ Հանդիպում Թբիլիսիի հայ մտավորական շրջանների հետ: Նալբանդյանը Կ. Պոլսում: Ռուսահայ հրապարակախոսը պոլսահայ հասարակության ուշադրության կենտրոնում: «Սահմանադրական» պատրանքի եւ վերահաս ռեակցիայի ջրապտույտում:

 

Նախապատրաստվելով համալսարանական հարցաքննության՝ Նալբանդյանը դադար չտվեց գրչին: Այդ ժամանակ է հենց, որ անդրադարձավ նա Այվազովսկու «Վարդապետարան»-ին՝ կաթողիկոսին ուղղած իր նամակների մեջ [1]:

Նամակների գրաբար լեզուն, վեհափառ ադրեսատը, լուսավորչական ջերմեռանդությունն ու աստվածաբանական բանավարությունը կարող են ուղղակի ճնշող տպավորություն անել Նալբանդյանի գործելակերպին ու նպատակադրումներին անիրազեկ ընթերցողի վրա: Սակայն խելամուտ լինելով նամակների բովանդակությանը՝ դժվար չէ համոզվել, որ «աստվածաբանությունը» կազմում է դրանց սյուժեն, բայց ոչ էությունը: Գոտեմարտելով Այվազովսկու հետ կրոնական հնամաշ խնդիրների շուրջը կամ գործի դնելով հայադավան եկեղեցու ժանգոտած զենքը՝ փաuտապես Այվազովսկու կաթոլիկ ռեցիդիվները կամ նրա վրիպած դավանաբանական բանաձեւերի մերկացումը չէին հանդիսանում նամակների բուն նշանախեցը: Նալբանդյանը ծաղրանքով էր խոսում միջին դարերի դավանաբանական վեճերի մասին: Սակայն ներկա դեպքում դավանաբանությունը պայքարի նպատակը չէր, այլ պայքարի զենքը:

/322/ «Վարդապետարան»-ի շուրջը բարձրացած աղմուկի մեջ հուզողն ինքյան գիրքը չէր, այլ գրքի հեղինակը: Հեղինակին թեր ու դեմ հասարակական-քաղաքական տրամադրություններն ու դիրքավորումներն էին աստվածաբանական վեճերի զսպանակները: Հաշվի առնելով Այվազովսկու դեմ բարձրացած աղմուկը եւ խոցված համարելով վարդապետի հեղինակությունը՝ ներքին գործոց մինիստրը տակավին 1859 թ. դեկտ. 23-ին Հեռագրով արգելել էր «Վարդապետարան»-ի գործածությունը դպրոցներում եւ անգամ խափանել նրա վաճառքը [2]: Սակայն սրանով վերջ չառավ պայքարը, քանի որ փաստապես զբաղեցնողը հեղինակի հասարակական դերն էր եւ նրա քաղաքական ուղղությունը: Ահա թե ինչո՛ւ Նալբանդյանի գրած աստվածաբանական այս նամակներն ընդօրինակվում էին եւ ձեռքից ձեռք անցնում: Ծավալված պայքարի մեջ հետաքրքրողը սխոլաստիկ գրավեճն ու քաշքշտուկ վայրախոսությունները չէին, այլ դրանց գործնական-քաղաքական առանցքը: Պոկեցեք «Վարդապետարան»-ի մասին արված դիտողությունները ռեալ-պատմական հանգույցներից, անգիտացեք դրանց կապը ընթացակից սոցիալ-քաղաքական դեպքերի ու շարժումների հետ, այն ժամանակ կառաջանա նույնիսկ տարակուսանք՝ արժե՞ արդյոք մեր օրերին ժամավաճառ լինել դրանց մասին… Կթվա, մասնավորապես, որ այդ գրքի մասին Նալբանդյանի 1860 թ. գրած էջերը շատ ավելի մոտ են տիրացու Մուխալի 1847 թ. «Քրիստոսի մարդեղությանը», քան ընդամենը մի տարի հետո լույս տեսնելիք «Երկու տող»-ին, ուր նա «ոտից ցգլուխ» ռեֆորմի պահանջ էր դնելու հայ եկեղեցուն: Մինչդեռ փաստապես Այվազովսկու «Վարդապետարան»-ի մասին գրված նրա նամակներն անմիջապես կապված են հենց «Երկու տող»-ի հետ եւ, ինչպես նաեւ այս՝ վերջինը, դժվար հասկանալի՝ եթե աչքաթող անենք գրության հասարակական-քաղաքական շարժառիթները եւ եթե անգիտանանք, հատկապես, այն գործիչների դեմքը, որոնց դեմ ուղղված են այդ նամակները:

Ի՞նչ նպատակ էին հետապնդում կաթողիկոսին ուղղված էջերը: Նազարյանցի նամակից գիտենք արդեն, որ կաթողիկոսը տրամադրություն էր ցույց տվել «հովանավորելուն Այվազովսկու կողմից ամբաստանված Հյուսիսափայլականներին: Կաթողիկոսի լայն քղանցքը Նազարյանցի համար հարմար միջոց էր պաշտպանվելու Այվազովսկու բանսարկություններից: Ինչ վերաբերում է Նալբանդյանին, կաթողիկոսի բարյացակամությունը սոսկ նոր մի միջոց էր Այվազովսկուն հակահարված հասցնելու համար: Կեղեքելով դավանաբանական խնդիրներում կաթողիկոսի աստվածաբանական բծախնդրությունը՝ Նալբանդյանը կամենում էր տալ նրա ձեռքը Այվազովսկու հայ-լուսավորչական ուղղամտությունը կասկա/323/ծելի դարձնող արգումենտներ ու դրանով խորացնել այն պայքարը, որ ծայր էր առել Այվազովսկու շուրջը նույնիսկ հայ կղերական հիերարխիայի ներսում: Նա կամենում էր հրահրել եւ արծարծել կաթողիկոսի եւ նրա հոտի պայքարը Այվազովսկու դեմ եւ փութացնել, ըստ կարելույն, վերջինիս անկումը: Այս կարեւոր էր, մանավանդ, գործնական նպատակով, այն է՝ հնդկահայ կտակների գործն առաջ քաշելու համար, խնդիր, որ, ինչպես կտեսնենք, միջոց եւ հնարավորություն պիտի տար նրան մեկնելու արտասահման՝ մի շարք նոր հարցեր լուծելու համար:

Հետաքրքրականն այստեղ այն չէ, թե որքան ուղիղ էին Նալբանդյանի նամակում արտահայտված մտքերը: Ներկա դեպքում գերակշռողը նրա մեջ տեսաբանը չէր, հասարակական նոր հայացքների ու համոզումների քարոզիչը, այլ արծարծված պայքարի կազմակերպիչն ու ղեկավարը: Նման չէր նա այն գրողներին, որոնք, Նարեկացու ասած, ամպում են առանց անձրեւելու: Խոսքի հերոս լինելուց առաջ գործի հերոս էր նա, քաղաքական մարտնչող եւ ժողովրդական տրիբուն, եւ որպես այդպիսին՝ աննահանջ ստրատեգ եւ ճկուն տակտիկ:

Շոշափելով տակտիկական նոր ուղիներ, Նալբանդյանի համար պարզ էր, որ կաթողիկոսին ուղղելիք իր խոսքը հնչելու էր որպես մոլեռանդ հայադավանի վկայություն: Նամակները գրվելու էին, իհարկե, «գրոց» լեզվով, «գրոց» ցուցմունքներով բեռնավոր եւ թեւակոխելով վեհափառ ընթերցողի միտքը գերած աստվածաբանական սխոլաստիկայի ոլորտը: Նալբանդյանը գիտեր բռնել մարդկանց թույլ կրակը եւ երբեմն օգտագործում էր իր այդ ունակությունը գործնական նպատակի հասնելու համար, փույթ չէ, թե դրա համար հակառակորդները «խռովարար» անունն էին տալիս նրան:

«Մեր դավանությունը հայոց ազգի ամբողջական ապահովության վերաբերությամբ` այսպես է, գրում էր նա 1860 թ. «Հյուսիսափայլ»ում, թե ազգը պիտի յուր գոյությունը պահպանե յուր եկեղեցու միջնորդությամբ: Համաշխարհական հեղափոխությունների մեջ եկեղեցու ինքնուրույնությունը եղել է եւ է մեր ազգի ապահովության գրավականը» [3]: Եկեղեցին նրա համար միջոց էր, ոչ թե նպատակ ազգի գոյության: Ոչ թե ազգն էր եկեղեցու համար, այլ եկեղեցին ազգի համար: «Հայոց եկեղեցու ախոյանները, պահպանելով յուրյանց եկեղեցու անկախությունը, պահպանեցին ազգի գոյությունը», ասում է նա [4]: Ոչ միայն Էջմիածնի կաթողիկոսների, այլեւ քրիստոնեական եկեղեցու եւ նրա գերագույն հեղինակություն ճանաչված տիեզերական ժողովների ախոյան չէր Նալբանդյանը: «Հայոց ազգը բնավ որեւիցե ժողովի անունով մկրտ/324/ված չէ, գրում էր նա, իսկ Հիսուս Քրիստոսի անունով մկրտվածներին երբեք փրկության թերություն չէ որեւիցե ժողով (ոչ միայն, որ ընդունելության արժանի չէր, այլեւ դորանից ավելի լավերը), ուստի բարով վայելեն քաղկեդոնականք յուրյանց փրկության միակ միջնորդը–Քաղկեդոնյան ժողովը… Հայոց եկեղեցին պահել է մինչեւ այսօր յուր ինքնուրույնությունը եւ անկախությունը՝ անհրաժեշտ եւ հարկավոր է, որ մանավանդ այսուհետեւ եւս պահե, հեռի մնալով հունական, հռոմեական եւ բողոքական եկեղեցիներից: Մենք տակավին աբեղաների օրը չենք ընկած, որ այս ասելով արքայության դռները փակենք ընդդեմ այդ եկեղեցիների զավակներին. հե՜ռի մեզանից այդպիսի ծաղրելի եւ պառավական գաղափարք. մենք ո՞վ ենք, որ ուրիշի ծուռն (տպագրում՝ «ծառան», Ա. Հ. ) դատենք, թող դատողը դատի, այլ այս ենք ասում, թե թող այդ եկեղեցիքը կենան յուրյանց համար, իսկ հայոց ազգի եկեղեցին մեր համար: Խորտակված ազգության տեղը բռնում է կրոնը, ստույգ է լեզուն եւս կա, բայց շատ տեղ մոռացված. մինչդեռ կրոնը ամեն տեղ անմոռաց: Եվ որովհետեւ ազգության հայտարարը դարձել է եկեղեցին, ապա ուրեմն նորա վերա ձեռք բարձրացնողը ձեռք է բարձրացնում ազգի վերա» [5]: Հյուսիսային բորեասի եւ հարավային խորշակի դիմաց նկատելով եկեղեցու անկախությունն ազգային գոյության պատվար՝ նույն այդ անկախության անունով Նալբանդյանը հարվածում եւ մերկացնում էր ազգի տգիտությունը կեղեքող կղերականությանը: Կրոնը եւ եկեղեցին, նրա կարծիքով, կարող են միջոց լինել ազգապահության, եթե գործիք չեն ազգի գլխին ընկույզ փշրող իշխանավորների եւ նրանց թվում՝ նաեւ եկեղեցականների ձեռին: Նալբանդյանն առաջինն էր, որ հերքելու էր կղերական այն լեգենդը, թե Հայ եկեղեցին է եղել հայ ազգության միակ պահապանը:

Հայոց քննական պատմագրության հիմնադիր համարված Մ. Գարագաշյանից առաջ է, որ նշում էր նա կրոնական կռիվների ու պատերազմների քաղաքական իմաստը: Առարկելով «անարվեստ կոմպիլատոր» Ա. Խուդաբաշեւի «Обозрение Армении» վերտառությամբ հրապարակված պատմական-դավանաբանական հերյուրանքին, 1860 թ. Կոմս Էմմանուելը տալիս էր եկեղեցու եւ ազգության հարաբերությունների վերլուծությունը: Մատնանշում էր, որ Հայաստանի կրոնական միաձուլման համար չէ, «որ օտար պետությունքը ձեռք տալով նորա կրոնին՝ կամենում էին վեր առնուլ այն որոշ պատը, որ բաժանում էր միմյանցից այդ ազգերը, որպեսզի հեշտ լինի նոցա այնուհետեւ կուլ տալ խեղճ Հայաստանի որդիքը»: Քրիստոնյա Բյուզանդիան միջամտում էր Հայաստանի գործերին ոչ թե «Հայաստանին օգնելու մտքով, այլ իբրեւ մի որոգայթ խորամանկ քաղաքական խորհրդով»: Ոչ թե կրոնական միությունն է, հարում է նա, /325/ որ առաջնորդեց հայերին դեպի քաղաքական միության եւ անկախության գաղափարը, այլ այս վերջինների պաշտպանության մտահոգությունից է, որ «հայերը սուր են ցույց տալիս կրոնի կամ դավանության դաշինքներից երես դարձնողներին»: Այս պատճառով եւ այս իմաստով է միայն, շեշտում՝ է Կոմսը, որ «մեծ խորհուրդ է ունեցել եկեղեցին հայոց անցած գնացած կյանքի մեջ» [6]:

Մի տարի անց, «Երկու տող» պամֆլետում, Նալբանդյանը տվեց խնդրի նոր լուսաբանությունը: Նա ոչ միայն հերքում էր կղերական լեգենդը, այլեւ պնդում կտրականապես, թե հայ եկեղեցական վարչությունն է հենց, որ «մեծ մասով պատճառ է եղել ազգի դարավոր թշվառության»: «Ինչո՞վ պահեցին ազգը, հարցնում էր նա, դպրոցներո՞վ, մատենագրությա՞մբ, քարոզությա՞մբ, ընկերություններո՞վ, ո՞ւր են ապա այդ բաները…» [7]: «Այսուհետեւ հայի պարտականությունն է, շարունակում էր նա, անխնա հանդիպել հոգեւորներին, որովհետեւ հետախաղացության եւ ռեակցիոյի անպարծանք դրոշները նոցա գլխի վերա են փողփողում մասնավորապես: Մեր դրոշը հայտնի է արդեն… Եթե հայոց ազգը յուր կրոնը պահելով մնաց աշխարհի երեսին, այդ մասին շնորհակալություն մատմեդականության. սա բացասաբար պահպանեց հայերի կրոնը: Ազգը որչափ եւս թաղված լիներ խավար տգիտության մեջ, այնուամենայնիվ, եթե մի մասը գիտակցությամբ, մյուս եւ ավելի մեծ մասը ֆանատիկոսությամբ հեռի մնալով մահմեդականութենից՝ պահեց յուր կրոնը, հետեւաբար եւ ազգությունը: Թող հայոց ազգը, իր թագավորության կործանման օրից, ստրկանար որեւէ քրիստոնյա կառավարության, այն ժամանակ կտեսանեինք… Բայց ինչպե՞ս պիտի տեսանեինք, վասնզի մեք եւս ծնելու չէինք որպես հայ» [8]:

Կղերի վատթար ներկայացուցիչների դիմապատկերը՝ ցուցադրելու համար է հենց, որ արտասահմանում տպված «Երկու տող»-ի էջերում Նալբանդյանը հրապարակեց Այվազովսկու երկդիմի կերպարանքը մերկացնող փաստեր ու վավերագրեր: Երկու տարի անց, Պետերբուրգում նստած, նա գրեց Այվազովսկու քաղաքական քսությունը նշավակող «Կընդուկ պոչատ եւ նորա Սանչոյի մկրտությունը» չափածո երգիծանքը: Նույն այդ ժամանակներում է, որ Փարպեցու թղթի բացատրականում, ակնարկելով պարսիկների ձեռքով հայ եկեղեցուն առաջնորդներ նշանակելու նախօրինակները, մտաբերում էր, անշուշտ, Այվազովսկուն, բայց, հասկանալի պատճառով, խոսքը կտուրը ձգելով՝ գրում. «Հայոց ազգի մեղքից, այս բանը ասես թե նորա եկեղեցու ճակատումն է գրված: Այսօր էլ /326/ Կիլիկիո մեջ Կոզան-օղլուն, ազգի եւ կաթողիկոսի կամքին ընդդեմ, առաջնորդ է կարգում. շատ անգամ, այո, բռնադատում է եւ եպիսկոպոս ձեռնադրել իր արբանյակները, որի օրինակները եւ սոցա ողբալի Հետեւանքը միշտ անպակաս է ազգի աչքից» [9]:

Հակակղերական նույն այս տենդենցը շեշտված արտահայտություն է գտել անգամ մեզ զբաղեցնող «աստվածաբանական» թղթերում: Ազգապահության հարցում պահպանելով տակավին Նազարյանցի բանաձեւը, լեզուն, կրոնը եւ քաղաքականությունը որպես ազգայնության բնական (անոթ», Նալբանդյանն ավելի որոշակի, քան անում էր այդ պահին Նազարյանցը, մերժում էր եկեղեցու ղեկավարող դերը ազգային լուսավորության գործում: Մատակարար լինել լուսավորության, գրում էր նա կաթողիկոսին, դա մեր՝ ազգի աշխարհական անդամներիս գործն է. չէ՞ որ Եվրոպայում իսկ հոգեւորականությունը գլուխ չհանեց այս խընդրում: Քանի որ մեր դարի փիլիսոփայության ուղղությունն ու հայացքը չի համատեղվում հոգեւորականների հայացքների հետ, ուստի եւ ավելորդ մի բեռ կլիներ այն դաստիարակությունը, որ չի բխում ներկա մեր դարի փիլիսոփայությունից, եւ որ անկարող է կենդանացնել մեռածին այն, ինչ որ չկարողացավ պահպանել նրան կենդանության ժամանակ: Ազգասեր հոգեւորականները, որոնց ձեռքում մնացել է գեթ իշխանության որեւէ նշույլ, կարող են ձեռնտու լինել մեզ, հիմնելով դպրոցներ եւ աննախանձաբար թիկունք դառնալով դրանց, առանց թեւակոխելու ուսուցչության ամբիոնը, որին ձգտում են փառասիրաբար կամ շնորհիվ չարաչար այն inգիտության, որի մեջ թարթափում են: Բավական կլիներ, եթե կարենային գեթ իրենց դաստիարակել, առաջին նվագ ուսանելով գիր, լեզու, դպրություն եւ մանավանդ գլխավորը՝ մարդկություն, որից զուրկ՝ պարապում են դատարկապորտությամբ, ամուլ եւ անգիտակից սաղմոսերգությամբ, կարծես թե նրանց խորհուրդը դատարկասիրությունն ու փարիսականությունը լիներ [10]: Այս կապակցությամբ Նալբանդյանը թափանցիկ ակնարկներ է անում, ի դեպ, նաեւ կղերի ազգադավ եւ ազգավնաս գործերի մասին, որոնք խոստանում է գրի առնել եւ հրապարակել «հետնոց» գիտության համար: Այվազովսկին, ասում է նա, սքեմավոր դավաճաններից մեկն է միայն, բայց ոչ միակը:

Կաթողիկոսին ուղղած տողերը նպատակավրեպ չեղան: Կաթողիկոսը պատասխանեց դրանց հատուկ կոնդակով: Չուխաճյանին չէին կարող շփոթության մեջ ձգել կղերի մասին արված դիտողությունները, որչափ Պոլսում նա վաղուց էր ընտելացել եկեղեցական գործերի աշխարհական կառավարությանը: Կովկասում նա մտցնելու էր հայ դպրոցների համար /327/ մշակված կանոնադրություն, սահմանելով նրանց համար աշխարհականներից ընտրված հոգաբարձական վարչություն, որի միջոցով ծախսվելու էին դպրոցներին հատկացված եկեղեցական եկամուտներ: Սրանով չէր վերանում, հարկավ, բողոքական կամ կաթոլիկ համարված ամեն տեսակի «աղանդների» նկատմամբ կաթողիկոսի ունեցած անհանդուրժամտությունը, հանգամանք, որ յուրովի օգտագործեց Նալբանդյանը:

Այվազովսկու դավանաբանական «խարդախությունների» մերկացումները առիթ տվին աստվածաբան կաթողիկոսին՝ հատուկ կոնդակում Գր. Մագիստրոսի հետ համեմատելու Նալբանդյանին [11]: Փոքր-ինչ ուշ, 1860 թ. հունիսի 1-ին, նույն կաթողիկոսը գրեց մի այլ կոնդակ Արմենակ Հայկունու անունով՝ ամերիկացի միսիոներների դեմ գրած «Թուրֆանտա տուտու» տետրակի առիթով: Հայկունու մասին նա ասում էր, թե «զօրաւիգ բանիւք զչար մոլորութիւնս հալածեաց զչար եւ զպիղծ աղանդն թոնդրակեցւոց ի Հայաստանէ» [12]:

Նալբանդյանին Մագիստրոսի հետ համեմատելը նույնքան կասկածելի էր իր արժեքով, որքան Հայկունուն հատկացված այս մեծարանքը։ Այնուամենայնիվ, կաթողիկոսի կոնդակը հուզմունք ու շփոթ առաջացրեց Նալբանդյանի հակառակորդների շարքերում, որոնք առանց այդ էլ անգոսնում էին հաճախ կաթողիկոսի «դյուրանսաց» եւ «վաղվաղկոտ ի հաւատալ» բնավորությունը [13]: Կաթողիկոսի դեմ Խալիբն արձակեց զայրույթի շանթեր: Նալբանդյանի «դիւաշունչ» գրությունները, դիտում էր նա, ցույց են տալիս, թե նա հսկա է միայն իր չարությամբ, բայց ոչ բարքով ու վարվեցողությամբ: Հայրապետական կոնդակով Մագիստրոս հռչակել նման մեկին, որոտում էր Նոր-Նախիջեւանի ցասմնալից Արամազդը, միեւնույն է, թե ասպարեզ ստեղծել ազգի մեջ մի մարդու համար, որ արժանի է միայն «բանտից եւ կապանաց եւ աքսորանաց» [14]: Կոնդակի առիթով բողոքի թուղթ ուղղեց կաթողիկոսին նաեւ Այվազովսկին: Թվելով «Հյուսիսափայլ»-ի եւ Նալբանդյանի ելույթները կղերի, Խալիբի եւ իր դեմ՝ Այվազովսկին արձանագրում էր, թե չարախոսներին հաջողվել է, այնուամենայնիվ, կաթողիկոսից «շորթել… կոնդակ օրհնության եւ գովեստից», մինչդեռ հարկ էր, որ «խափանեսցի ի ձեռամբ ոստիկանին հրատարակումն դիւաշունչ օրագրին այնորիկ» [15]:

Հակառակորդների բողոքը ցույց է տալիս, որ Նալբանդյանը հասել /328/ էր նպատակին: Նվաճել էր մոլեռանդ ազգապետի վստահությունը եւ սրել իշխողների ներքին գժտությունը: «Այս Վարդապետարանն էր, պատմում է «Երկու տող»-ում ինքը՝ Նալբանդյանը Այվազովսկու գրքի մասին, որի վերա մեր գրած բազմիջյան քննությունն ընդհանուր հայոց վեհափառ կաթողիկոսը ընդունելով, շնորհեց մեզ յուր օրհնության կոնդակը, որի մեջ «խարդախամիտ գրուած, մոլորական բան եւ յավետ գայթակղեցուցիչ պարզամտաց» անվանում է պ. Այվազովսկիի Վարդապետարանը»: Ծանոթագրության մեջ Նալբանդյանը, ի միջի այլոց, հաղորդում է. «Պ. Այվազովսկիի դեպի հայոց եկեղեցին ունեցած հարաբերությունը վեհափառ կաթողիկոսը պաշտոնական թղթով հայտնած է Ռուսիո տերության: Եթե պ. Այվազովսկիի գրելիք քննության պատասխանելու հարկին հանդիպինք, գեթ առիթ կունենանք այդ թղթերը եւ այլ կոնդակներ հանդես հանելու»: [16]

Մերժելով «Վարդապետարան»-ի նոր տպագրությունը՝ կաթողիկոսը դրա փոխարեն հրապարակ հանեց իր կազմած «Ուղեցույց քրիստոնէական ուղղափառ վարդապետութեան» կոչված ձեռնարկը, որը լույս տեսավ 1861 թ.: Նույն տարում տպվեց կաթողիկոսի մի այլ գրվածքը՝ «Սխալմունք դասատետրին մեկնութեան խորհրդոյ եւ արարողութեանց սրբոյ պատարագին, տպելոյ Թեոդոսիա ի տպարանին Խալիպյան ուսումնարանին»՝ ուղղված Այվազովսկու դեմ: Միաժամանակ հրատարակեց իր «Դիտողութիւն ճշմարտութեան սուրբ Աւետարանի Յիսուսի Քրիստոսի» գրվածքը, որ պոլեմիկական մի գործ էր՝ ուղղված նույն Այվազովսկու 1854 թ. Փարիզում հրատարակած «Վարք տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» գրքի դեմ: Կաթողիկոսին դուր չէր եկել, ի դեպ, այս գրքի վերնագիրը, որտեղ «Ավետարան» ասելու տեղ գործածվել էր աստվածորդուն անպատշաճ «վարք» բառը… Ժամանակին նույն առարկությամբ Չուխաճյանը, որպես պատրիարք, դատապարտության կնիք էր սեղմել Ն. Զորայանի «Հիսուսի վարուց համառոտ պատմության» ճակատին. ըստ Ավետարանի՝ խոսք կարող էր լինել ոչ թե Հիսուսի վարքի, այլ Հիսուսի… «տնօրինության» մասին: Հետագայում այս սաստը հանդիպեց Հակոբոս պատրիարքի առարկությանը, իսկ Կ. Վ. Շահնազարյանը ուղղակի ծաղրեց Չուխաճյանի աստվածաբանական նեղմտությունը: Այս չխանգարեց Պոլսի պատրիարքարանին՝ կրկնել Չուխաճյանի բանադրանքը, երբ 1864 թ. «Ձայն» հանդեսի էջերում Արմենակ Հայկունին սկսեց տպագրել Ռընանի «Վարք Հիսուսի» գրքի իր թարգմանությունը: Բնորոշ է, որ Ռընանի եւ Հայկունու դեմ աստվածաբանի դերում հրապարակ եկավ Ն. Վարժապետյան եպիսկոպոսը, «Մասիս»-ի էջերից ձայնակից ունենալով լիբերալ Գ. Օտյանին:

/329/ Տեղի տալով լիբերալ-կղերական բլոկի համատեղ գրոհին՝ Հայկունին հարկադրված եղավ դադարեցնել թարգմանության տպագրությունը:

Ասացինք, որ Նալբանդյանի Այվազովսկու դեմ վարած պայքարը հետապնդում էր նաեւ գործնական նպատակ՝ ընթացք տալ հնդկահայ կտակների գործին: «Հյուսիսափայլ»-ի 1859 թ. մայիսյան տետրակում Նալբանդյանը հրատարակել էր ընդարձակ տեղեկանք նախորդ դարի վերջերին Նոր-Նախիջեւանի դպրոցական պետքերի համար Մասեհ Բաբաջանյանի կտակած խոշոր գումարների մասին: Հրապարակելով կտակի բնագիրը՝ Նալբանդյանը մատնանշում էր նրա իրագործման կարեւորությունը: Կտակած դրամներով Նոր-Նախիջեւանում մեծ եւ օրինակելի հայկական ուսումնարան կամ, ինչպես ասում էր հրապարակախոսը, ազգի համար «լուսավորության առողջ ծննդարան» հիմնելու խնդիրը դարձել էր Նալբանդյանի հոգսերից մեկը: Օրինակելի այդ դպրոցը, ասում էր նա, կարող է ոչ միայն Նախիջեւանի, այլեւ ուրիշ շատ քաղաքների «բարոյական վերածնության պատճառ լինել»:

Առաջ քաշելով «ազգային ժառանգությունն» իրացնելու խնդիրը՝ Նալբանդյանը գրում էր. «Նախիջեւանը, ինչպես նաեւ ուրիշ հայաբնակ քաղաքները, կարոտ է մի հիմնավոր ազգային աշխարհական ուսումնարանի, որի տերը լինելու էր ինքը՝ անմիջապես ազգը, առանց դիմելու հոգեւոր մարդերի գործակցությանը, ըստ որում, ինչպես քանի անգամ ասել ենք, նեղ է նոցա հանդեսն այն բանում, եւ այժմյան լուսավորյալ ազգերից ոչ մինը չէ հասել յուր լուսավորության ներկա աստիճանին հոգեւոր դաստիարակների ձեռքով»: Ուսումնարանին կից, Նալբանդյանի պատկերացումով, Հիմնվելու էր տպարան, հիվանդանոց եւ այլն [17]:

Հասկանալի է, որ հիմնվելիք դպրոցի գաղափարն այժմեական հարց էր դարձել Այվազովսկու գործունեության կապակցությամբ: Նոր դպրոցը հանդիսանալու էր Խալիբյան ուսումնարանի հակակշիռը: Պատահական չէ նաեւ, որ Նալբանդյանի համախոհներն ու զինակիցներն առաջ էին քաշում՝ հենց նրա թեկնածությունը՝ կտակագումարները ստանալու նպատակով Հնդկաստան մեկնելու համար:

Պարսկաստանի եւ Հնդկաստանի հայ վիճակավոր Թադեոս Բեկնազարյանի միջոցով Այվազովսկին ջանում էր իր թաթը դնել Մասեհ Բաբաջանյանի կտակի վրա, ինչպես երբեմն՝ Մուրադյան կտակի վրա: Նախիջեւանի համայնական ժողովում, որ տեղի ուներ Հայրապետյանի նախագահությամբ, քննվում էր կտակագումարները ստանալու համար Հնդկաստան լիազոր ուղարկելու խնդիրը: Խալիբականներն առաջ էին քաշում առաջնորդի եղբոր՝ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու թեկնածությունը, որին անձնապես այդ ուղեւորությունը ցանկալի էր՝ Հնդկական /330/ օվկիանոսը տեսնելու համար: Հայրապետականները տալիս էին Նալբանդյանի անունը, որը մի քանի օր առաջ Անանիա Սուլթանշահի, Քաթանյանի եւ Թիմուրյանի հետ ժամանել էր Նախիջեւան: Կար նաեւ մի երրորդ թեկնածու՝ Հարություն Աճեմյան, Պետերբուրգում ապրող նախիջեւանցի մի վաճառական: Ձայները բաժանվում էին, եւ ի վերջո մեկի փոխարեն ընտրվում են երկու լիազոր՝ Նալբանդյանը եւ Աճեմյանը: Հետաքրքրական է Նալբանդյանի օգտին Գաբրիել Պատկանյանի ունեցած ելույթը. «Քան զԱյվազյան եւ քան զԱճեմյան լավ է Միքայել Նալբանդյանն, որ ոչ միայն նախիջեւանցի է, այլեւ հռչակավոր ազգասեր, նրան ճանաչում են հնդկաստանցիք այնպես որպես եւ դուք էք ճանաչում, նորա բարի համբավն իրեն առաջնորդ կլինի, նորա գիտությունն իրեն ուղեկից, եւ նորա ճարտարությունն ամենայն տեղ օգնական եւ զորավիգ, ոչ խոսելու ժամանակ թարգմանի կկարոտի, ոչ գրելու ժամանակ՝ օրենսգիտի, ոչ վիճաբանելու ժամանակ փաստաբանի» [18]:

Չկար, հիրավի, մի ուրիշը, որ ունակություն եւ անձնվիրություն ունենար գլուխ բերելու Նալբանդյանի իսկ նախաձեռնությամբ սկսված այդ գործը: Պետերբուրգում գտնված ամիսներին նրա վարած ընդարձակ նամակագրությունները կարծել են տալիս, թե նա այդ պահին արդեն նախապատրաստվում էր արտասահմանյան նոր ուղեւորության: Այնուամենայնիվ, դժվար է հաշտվել այն մտքի հետ, թե Հնդկաստանի հայ կամ անգլիական մեռելթալնողների գրպանից ազգի համար ստակ կորզելու նպատակով է սոսկ, որ կարող էր նա 1860 թվականին նախապատրաստվելիս լինել առաջիկա իր ուղեւորությանը: Պիտի կարծել, որ հնդկական կտակագումարների խնդիրը նախապատրաստվող ուղեւորության առիթն էր միայն, բայց ոչ պատճառը: Նույն այն հանգամանքները, որոնք պատճառ եղան նրա նախընթաց ուղեւորությանը, առավել մեծ չափերով եւ ավելի բարդ նպատակադրությամբ առկա էին, ըստ երեւույթին, նաեւ այս անգամ: Հրապարակախոսը սուր կարիք էր զգում դարձյալ ազատ եւ անշպար խոսք ասելու իր ժողովրդին, համախմբելու նրա ազատագրման համար պայքարող ուժերին, պարզելու նրանց անելիքը, մշակելու նրանց գործողությունների համար հատուկ հրահանգներ ու ծրագրեր:

Այս ենթադրությունն ուժ է ստանում մանավանդ, երբ հաշվի ենք առնում, որ Նալբանդյանի նոր ուղեւորության նախապատրաստությունները տեղի ունեցան հայ կյանքի համար նշանակալից մի իրադարձության՝ 1860 թվականի մայիսի 24-ին Կ. Պոլսում Ազգային սահմանադրության հրատարակումի հետ: Պոլիսը արեւմտահայ հասարակական մտքի կենտրոնն էր ինքյան: Հռչակված Սահմանադրությունը խոստանում էր դարձնել այդ վայրը միաժամանակ նաեւ թյուրքահայերի ազգային /331/ ինքնորոշման համար պայքարող ուժերի կարեւոր հանգրվաններից մեկը: Այդ ուժերին հանդիպելու, դրությանը ծանոթանալու եւ առկա տարակուսանքները պարզելու համար էլ հենց Նալբանդյանը պահանջ զգաց անմիջական շփման մեջ մտնելու արեւմտահայ մտավոր կենտրոնի եւ առա- վելապես նրա քաղաքական հոսանքների հետ: Պատահական չէ բնավ, որ Պոլիսն էր հենց այն վայրը, որի հետ անմիջական կամ գրական ամենից կենդանի եւ արգասավոր կապեր ստեղծեց հրապարակախոսն իր ուղեւորության ժամանակ: Մասամբ հենց պոլսահայ միջավայրում առաջացած հասարակական-քաղաքական խնդիրների շուրջն էին դառնալու այդ ժամանակ նրա գրական գործերը, այդ թվում՝ նաեւ «Երկու տող»-ը եւ «Երկրագործություն»-ը:

Հանձնելով կանդիդատական հարցաքննությունները՝ Նալբանդյանն ընդհուպ զբաղվեց կտակագումարների իրացման խնդրով: 1860 թ. հունիսի սկզբներին նա ժամանեց Նոր-Նախիջեւան՝ մասնակցելու քաղաքային մագիստրատի հրավիրած ընդհանուր այն ժողովին, ուր լիազորներ պիտի ընտրվեին կտակված հիմնադրամից գոյացած, եկամուտները ստանալու եւ ապագայում լինելիք եկամուտների ստացումն ապահովելու նպատակով նրանց Հնդկաստան ուղարկելու համար:

Յոթը տարի էր անցել այն օրից, ինչ Նալբանդյանը փախել էր հայրենի քաղաքից: Շատ բան փոխվել էր արդեն: Նախապատրաստվող «ռեֆորմների» մթնոլորտում գոցվել էր Խալիբի երեցփոխանության եւ քաղաքագլխության շրջանը՝ ասպարեզ բացելով Հայրապետյանի եւ նրա համախոհների առաջ: Չկար Աշտարակեցին, չկար Վորոնցովը՝ Խալիբի զորավոր նեցուկները: Նրանց տեղը նստել էին ուրիշները, Չուխաճյանը՝ Էջմիածնում, փոխարքա Բարյատինսկին՝ Կովկասի մայրաքաղաքում։ Դրանցից առաջինն ընդառաջում էր հայերի եկեղեցական-վարչական ռեֆորմների մտմտուքին եւ անզգուշություն էր ունեցել Մագիստրոսի հետ համեմատելու Նալբանդյանին: Երկրորդը՝ Բարյատինսկին, հաշվի էր առնում ընդհանուր ռեֆորմների անխուսափելիությունը եւ այս կապակցությամբ նպաստել էր անգամ «Հյուսիսափայլ»-ի տարածմանը: Նման հանգամանքներում ինքը՝ Խալիբն իսկ այնքան էր մեղմացել, որ հոժարել էր հաշտություն խոսել լիբերալների հետ, բարեգործության դիմակի տակ նրանց արել նույնիսկ մի քանի զիջումներ…

Շատ լավ էին հասկանում այդ հաշտության եւ զիջումների արժեքը թե՛ Խալիբը, թե՛ նրա համախոհները. բայց հանդուրժել այն, ինչ որ պատրաստվում էին կազմակերպել հիմա լիբերալ-հաշտվողականները— Նալբանդյանի առաքելությունը, կնշանակեր նորից ասպարեզ բացել «չար» գաղափարների առաջ, հնարավորություն տալ Նալբանդյանին նյութական միջոց ձեռք բերելու իր գաղափարներն իրագործելու համար եւ, վեր/332/ջապես, ստանալ ազգային խնամակալի եւ ազգը լուսավորողի այն փառապսակը, որ վայել էր միայն աղա Խալիբին…

Նալբանդյանի հակառակորդները փորձեցին խանգարել ընտրությունները, պահանջելով, որ համայնական ժողովի արձանագրությունը հաստատման ներկայացվի հոգեւոր կառավարչին՝ Այվազովսկուն: Գիտեին, հարկավ, որ վերջինս չպիտի վավերացներ ընտրությունները: «Ընտրությունը շիտակ չէ, աղբար, ասում էին նրանք ժողովում, այդպես անօրենք բան չի ըլլալ. մենք այդ բանին հոժարություն չենք տալ. առաջնորդը պետք է ձեռք դնե, որ բանը թամամ ըլլա. հանա հոս նստած է Մուխալը, օրենքը մեզիմեն աղեկ գիտե, կուզեք նը իրենմեն հարցուցեք, շիտա՞կ է ըսածներս չենե չէ»: Լավ հասկանալով այսպես խոսողների միտքը՝ Մուխալը երկար սպասել չտվեց: «Նալբանդյանցը, պատմում է նրա կենսագիրը, որ այդ միջոցին լուռ ու մունջ նստած էր եւ արդեն հասկացել էր բանի էությունը եւ գիտեր ո՞ր կողմից էր փչում քամին, վեր է կենում տեղից եւ տաք-տաք խոսելուց ու առաջնորդի ստորագրության անպետք ու ավելորդ լինելն ապացուցելուց հետո, ավելացնում է մի քանի հանդուգն ու վիրավորական խոսքեր առաջնորդի վերաբերությամբ՝ հրաժարվելով միանգամայն առաջնորդի հոգաբարձության տակ գործ կատարել» [19]:

Այնուամենայնիվ, համայնական ժողովի որոշմանը Հնդկաստանի անգլիական վարչության առաջ օրինական ընթացք տալու համար պետք էր ժողովի որոշման հեղինակավոր վավերացում եւ հաստատում: Այդ նպատակով է, ահա, որ 1860 թ. օգոստոսի կեսերին Նալբանդյանը մեկնեց Նոր-Նախիջեւանից Էջմիածին: Մյուս ընտրյալը՝ հեշտ կյանքի սովոր լիբերալ-բուրժուա Աճեմյանը, չմիացավ ընկերակցին: Ասենք, բուրժուա ուղեկիցը միայն ոտքի կապիչ պիտի լիներ Նալբանդյանի համար, եւ այս մի բարեբախտություն էր, որ հրապարակախոսը կարողացավ մենակ ստանձնել հայ կյանքի եւ գրականության համար արգասավոր հանձնարարությունը, «մեռելկոխ լինելու՝ «Մասեհ Բաբաջանյանի եւ քանի մի ուրիշների ազգին ձգած արծաթագումարը կենդանացնելու համար»:

Կաթողիկոսի նպաստավոր տրամադրությունը երաշխիք էր Նալբանդյանի Էջմիածնում ունենալիք հաջողության: Խալիբականների սադրանքներն իզուր անցան. կաթողիկոսը վավերացրեց եւ հաստատեց Նալբանդյանին տրված լիազորությունը:

Հնդկաստանի անգլիական վարչության միջոցով կտակների գործն առաջ տանելու համար պետք էր նաեւ ցուցմունքներ ստանալ անգլիական կառավարության կողմից՝ ուղղված Հնդկաստանի գաղութային վարչու/333/թյանը: Այս ուղղությամբ ռուսական դեսպանատների օժանդակությունն ապահովելու համար պետք էր, որ կաթողիկոսի կողմից դիմում լիներ Կովկասի փոխարքային: Անհրաժեշտ էր վերջինիս միջնորդությամբ աջակցություն խնդրել Ռուսաստանի արտաքին գործոց մինիստրությունից եւ Կ. Պոլսի ռուսական դեսպանատնից [20]: Կաթողիկոսի դիվանից այդ մասին Աղվեց համապատասխան դիմում:

Սինոդին ներկայացնելու համար Նալբանդյանը վերցրել էր իր հետ նաեւ ութ համաքաղաքացիների ստորագրած մի բողոքագիր՝ եկեղեցական գումարների շուրջը կայացված համաձայնագրի դեմ: Նա հրավիրվեց Սինոդի այն նիստին, ուր քննարկվում էր այդ բողոքագիրը: Խալիբին պաշտպան դուրս եկան ազդեցիկ սինոդականները՝ պրոկուրոր Թաղիանոսյանի թեւարկությամբ [21]: Սակայն, չնայած եղած դիմադրությանը, Նալբանդյանը կարողացավ համոզել կաթողիկոսին՝ բեկանելու կնքված համաձայնագիրը եւ, ինչպես գիտենք, նշանակել հատուկ վերաքննություն Խալիբի յուրացումների մասին: Փույթ չէ, թե վերաքննությունը ձգձգվեց, եւ դրամաշորթ աղան շարունակեց պահել իր ձեռքում եկեղեցու դրամաքսակը, նման Կռիլովի այն պերսոնաժին, որ ականջ էր կախում խոհարարի խրատներին եւ միաժամանակ վայելում հափշտակած նախաճաշիկը:

Նալբանդյանի կենսագրության համար կարեւոր է դեպի Անդրկովկաս կատարած հերթական ուղեւորությունն այն տեսակետից, որ առիթ տվեց նրան դուրս գալ ռուսահայ գաղթավայրերի շրջանակից եւ կենդանի ու անմիջական շփման մեջ մտնել հայկական բնաշխարհի հետ:

Ռազմավարական ճանապարհով հասնելով Թբիլիսի՝ Նալբանդյանը այդտեղից ուղեւորվել էր Երեւան, ուր, երեւի, հանդիպում ունեցավ քաղաքային փոստատան պետ Հարություն Քալանթարյանի հետ, որի հետ նամակագրություն էր վարում Էջմիածնից եւ Թբիլիսիից եւ որին ավելի ուշ նշանակեց իր հրատարակելիք աշխարհագրական քարտեզի գործակալ: Ժամանակ չունենալով կանգ առնելու Երեւանում՝ Էջմիածնից Թբիլիսի վերադառնալիս նա ի նշան բարեկամության հանձնեց քաղաքի հայ երիտասարդներին իր գրած նոր ոտանավորը՝ «Օշական»-ը: Պատմելով այդ մասին՝ այդ երիտասարդներից մեկը՝ Նահապետ Աթանասյանը, նկարադրում է հրապարակախոսի արտաքինը՝ «հսկա բարձր հասակով, սեւ հոնքերով, մեծ խաժակ աչքերով, այտերից վեր աչքի խոռոչները փոքր ինչ փուք ընկած-ուռած, որոնք ոչ միայն տգեղություն չէին պատճառում, այլ նույնիսկ գեղեցկություն էին տալիս նրա առնական դեմքին» [22]:

/334/ Նալբանդյանը ժամանել էր Երեւան Աղստաֆայի վրայով: Աղստաֆայից Երեւան տանող ճանապարհն անցնում էր Գյոկչայի եւ Կոտայքի այն գյուղերի միջով, ուր այդ պահին արծարծվում էր հայ եւ ադրբեջանական գյուղացիների պայքարը տեղական թիուլատերերի ու մուլքատերերի դեմ: Այդ մի պայքար էր, որ ծայր էր առել դեռ 30-ական թվականներից եւ սաստկացել 40-ական թվականների կեսերից հետո՝ ի պատասխան 1846 թ. դեկտ. 6-ի ցարական ռեսկրիպտի, որը զգալապես վատթարացնում էր Արեւելյան Անդրկովկասի գյուղացիության վիճակը: Հայաստանում ճանապարհորդելիս հրապարակախոսը չէր կարող ուշադիր լինել՝ դեպի տեղական կյանքը: Կանգ առնելով Քանաքեռում՝ նա պիտի հետաքրքրված լիներ սուր այն պայքարով, որ այդ պահին գնում էր Բջնիում, Էլառում եւ Երեւանի մոտակա այլ վայրերում գյուղացիների եւ մուլքատերերի ու գանձարանի միջեւ [23]:

Հայաստանի գյուղացիության շարժումը հետագայում արձագանքում էր Ռուսաստանում նախագծվող ռեֆորմների ժամանակ ծավալված ճորտերի շարժմանը: Հայ կալվածատերերից մեկը՝ Արսեն աղա Գեղամովը, 1858 թ. փոխարքային ուղղած իր դիմումի մեջ գրում էր, թե «անբարյացակամ մարդիկ» Երեւանի նահանգի գյուղացիության մեջ շշուկներ տարածեցին այն մասին, թե ռեֆորմները վերջ պիտի տան տեղական կալվածատերերի իշխանությանը [24]: «Ո՛չ հայ եւ ո՛չ էլ ադրբեջանական գյուղացիները, ավելացնում է Գեղամովը, պարսից տիրապետության ժամանակ չէին համարձակվում անհնազանդություն ցույց տալ մեր տոհմին, իսկ այժմ նրանք համարձայկվում են անձնապես եւ ուղղակիորեն ըմբոստանալ իմ դեմ» [25]:

Առանձնապես լարված էր այս պահին դրությունը Բջնիում, որի. գյուղացիները պահանջում էին կառավարությունից կա՛մ լիկվիդացնել Գեղամովի թիուլդարական իրավունքները, կա՛մ, հակառակ դեպքում, իրենց տեղափոխել պետական հողամասեր: «Եթե գոհացվի նրանց ցանկությունը, գրում էր Երեւանի ռազմական նահանգապետը, ապա նրանց ետեւից պիտի գլուխ բարձրացնեն մասնավոր հողերի վրա ապրող բոլոր գյուղացիները: Պետական հողերի վրա փոխադրվելու իրավունք տալով գյուղացիներին՝ մենք կաղքատացնեինք հողատերերի բազմամարդ դասակարգը եւ մենք ինքներս կընկնեինք շատ ծանր դրության մեջ, քանի որ գանձարանը բավական հող չունի բոլորին բավարարելու համար: Մենք պիտի դիմադրենք գյուղացիներին ոչ միայն արդեն նշված պատճառնե/335/րով, այլեւ այն պատճառով, որ պահանջները հանգում են տնտեսական այն սկզբունքների խորտակման, որոնք ամբողջ կայսրության մեջ շուտով դառնալու են գյուղական կենցաղի հիմքը»: Նահանգապետը կարծում էր, որ եթե գործ դրվող միջոցները չհանգստացնեն բջնեցիներին, հարկ կլինի Ռուսաստանի հեռավոր նահանգները քշել նրանց ղեկավարներին [26]:

Այս հանգամանքներում պատահական չէ, երբ Նալբանդյանն ուղեվորվեց Էջմիածնից Օշական, Մուղնի եւ Աշտարակ, ուր հնարավորություն ունեցավ ծանոթանալու գյուղացիների դրությանը: «Սոս եւ Վարդիթեր»-ի կրիտիկայից դժվար չէ նկատել, որ այդ գյուղերում գտնված ժամանակ նա հատկապես շոշափել էր գյուղացիների քաղաքական տրամադրությունները:

Մոտ 40 օրվա ընթացքում ճանապարհորդը հնարավորություն ունեցավ դիտելու այցելած վայրերի կյանքը, ականջ դնելու գյուղացիների լեզվին ու զննելու նրանց մտաշխարհը, շոշափելու գյուղի կարիքներն ու տրամադրությունները: Ինչպես պիտի տեսնենք, ստացած տպավորություններն արգասավոր եղան Նալբանդյանի հետագա աշխատությունների, մասնավորապես, «Երկրագործության» եւ «Սոս եւ Վարդիթեր»-ի կրիտիկայի համար [27]:

Գործերն Էջմիածնում ավարտելուց հետո Նալբանդյանը վերադար. ձավ Թբիլիսի, ուր կաթողիկոսի հարուցած միջնորդությամբ Կովկասի փոխարքայության դիվանում վերահաստատվեցին նրա լիազորությունները:

Թբիլիսին այդ պահին է, որ սկսում էր արդեն դառնալ կովկասահայերի «լուսավորության կենտրոն»: Այդտեղ էր եւ այդ պահին, որ աշխուժանալ էր սկսում նոր հայ գրականությունն ու մամուլը: Այդտեղ էր /336/ եւ այդ պահեն, որ երեւան եկավ Հայ-լուսավորչական եկեղեցու համար սահմանված ցարական «Պոլոժենիյե»-ն վերաքննելու հասարակական նախաձեռնությունը եւ Ներսիսյան դպրոցի շուրջը բորբոքված Ջալալյան—Շանշյան գաղափարամարտը: Մամուլն ու գրականությունը քողարկված արձագանք էին տալիս ժամանակի այս շարժումներին՝ անդրադառնալով «Միաժամանակ ազգային լուսավորության հետ կապված մյուս հարցերին:

Նալբանդյանի դեգերումը Թբիլիսիում պիտի գրված լիներ, հարկավ, քաղաքի հայ գրական-հասարակական շրջանների ուշադրությունը: Դըժբախտաբար, այդ մասին գրեթե չի պահվել կողմնակի հիշատակություն: Կցկտուր նյութերից պետք է եզրակացնել, որ ինչպես ամենուրեք, Թբիլիսիում եւս անաղմուկ չեն անցել Նալբանդյանի օրերը: Ջալալյան արքեպիսկոպոսի շուրջը խմբված տարրերը լուր են տարածում այն մասին, որ իբր բռնված է Նալբանդյանի՝ Թբիլիսիից Ստ. Նազարյանցին հասցեագրված մի նամակը՝ ուղղված Չուխաճյանի դեմ, եւ որ իբր այդ նամակը բազմաստորագիր դիմումի հետ հղվել է Էջմիածին, իրեն՝ կաթողիկոսին: Ուռցնելով լուրը՝ Ջալալյանը գրում էր Խալիբին, թե բռնված է Նալբանդյանի չորս նամակը Նազարյանցին եւ վերջինիս երկու գրությունը Նալբանդյանին՝ լի լուտանքով կաթողիկոսի եւ նրա վանականների դեմ, եւ թե իբր դրանց պատճենները գտնվում են Թբիլիսիում ոմանց ձեռքին: Ջալալյանը խոստանում էր ստանալ եւ ղրկել Խալիբին այդ նյութերը: Խոստումն անկատար մնաց [28]: Մինչեւ այսօր, համենայն դեպս, չեն երեւացել նման գրություններ: Տարածելով նման լուրեր՝ հակառակորդները կամենում էին, ըստ երեւույթին, գժտություն առաջացնել Նալբանդյանի ու կաթողիկոսի միջեւ եւ խափանել նրա արտասահմանյան առաքելությունը: Հայրապետյանին ուղղած մի նամակում Նալբանդյանը չարամիտ անձնախաբեություն ու պառավական առասպել է անվանում տարածված լուրը: «Ոչինչ է իմ գրեալ ի Թիֆլիզէ առ Նազարեանցն, գրում է Նալբանդյանը, մի նամակ միայն յԷջմիածնէ եւ այդ ընդ ձեռն ձեր զորոյ եւ պատասխանին ընկալեալ եմ յիւրում ժամանակին» [29]: Նալբանդյանի գրած նամակների հրապարակված ցուցակը հաստատում է այս խոսքերի ճշմարտությունը [30]:

Թբիլիսիում գտնված ժամանակ Նալբանդյանը մոտիկ շփում ունեցավ Ջալալյանների դեմ պայքարող հայ մտավորականների հետ: Պիտի կարծել, որ նա արդեն Պետերբուրգից ծանոթ էր պայքարը գլխավորող ազգային-պահպանողական Շանշյանի հետ: Հետագայում, ինչպես նշում են, Շանշյանն էր, որ ուղարկեց Պետրոպավլովսկի բերդում կալանա/337/վորվածին Աստվածաշնչի հայերեն օրինակը, որ հարկավոր եղավ բնագրերի հետ համեմատելու համար [31]:

Համենայն դեպս, Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շանշյանի շրջանին մոտ կանգնած մարդկանց՝ Մ. Միանսարյանի, Գ. Խատիսյանի, Պ. Սիմեոնյանի հետ: Միանսարյանը «Հյուսիսափայլ»-ի աշխատակիցներից էր եւ կարող էր հետաքրքրել Նալբանդյանին նաեւ որպես գրասեր մարդ: Հայտնի է Միանսարյանի հետագայում տպագրված «Քնար Հայկական»-ը, որի էջերում տպվեց Նալբանդյանի կենսագրականը: Նույնչափ հայտնի է նրա ավելի ուշ հրատարակած «Bibliographia Caucasica et Transcaucasica» աշխատությունը:

Ուշադրության արժանի է, մանավանդ, Նալբանդյանի մերձեցումը Գ. Խատիսյանին եւ Պ. Սիմեոնյանին: Բնագետ եւ մանկավարժ Գաբրիել Խատիսյանը Աբովյանի պանսիոնի աշակերտներից եւ Դորպատի համալսարանի շրջանավարտներից էր: Դորպատից վերադառնալով՝ Թբիլիսիում պանսիոն էր բացել եւ աշխատում էր ընթանալ իր ուսուցչի շավղով: 50—60-ական թվականներին նա Կովկասի մայրաքաղաքի աչքի ընկնող մտավորականներից էր եւ հարում էր «Կռունկ»-ի հոսանքին: 1861 թ. հրատարակեց «Մեր հայ երեխանց համար» աշխարհաբար իր դասագիրքը: Առաջիններից մեկն էր նա, որ կիրառեց Թբիլիսիում Ֆրեբելի մանկավարժության սկզբունքները: Միաժամանակ Ներսիսյան դպրոցում, Շանշյանի հրավերով, դասեր ուներ բնuպատմությունից եւ ֆիզիկայից: Դպրոցի ամենառեակցիոն հոգաբարձու Ալ. Թահիրովը, 1861 թ. Մսերին գրած մի նամակում, ամբաստանում էր Շանշյանի եւ Գ. Խատիսյանի դասավանգության «գերմանական հոգին» եւ որպես այդպիսիք՝ համարում նրանց Նազարյանցի գործակիցներ ու համակիրներ: «Փոխարքայն տեղւոյս, գրում էր Ալ. Թահիրովը, իմացեալ զի ուսումնարանի մերում զազատութիւն եւ գայթակղութիւն հաւատոյ ուսուցանին (ռեֆորմա) ազդ արար լուսահոգի Ներսէս հայրապետին, որ իսկույն սկսաւ զառաջս ունիլ»: Ներսեսի միջամտության շնորհիվ, ինչպես ասում է նույն նամակագիրը, Խատիսյանը արտաքսվեց ուսումնարանից. հավանորեն այդ դեռ 1855 թ. էր [32]: Մի այլ աղբյուրից տեղեկանում ենք Ներսեսի միջամտության պատճառը. նրան լուր էր հասել այն մասին, թե դպրոցի աշակերտները անհավան են գտնվել Սաղմոսին եւ Նարեկացու ու Շնորհալու գրվածքներին, ինչպես նաեւ այն, թե նրանք քննադատում են կուսակրոնությունն /338/ ու ճգնավորական կյանքը: Այս առիթով հատուկ կոնդակով Ներսեսն առաջարկել էր պարզել լուրի աղբյուրը եւ արմատից պոկել դպրոցին ու եկեղեցուն սպառնացող վտանգը [33]: Անշուշտ ազատամտության կրամոլան դպրոցից վտարելու մտքով է, որ գերապատիվ սրբազանը ենթադրում էր հիմնել Թբիլիսիում, Սանահինում, Էջմիածնում եւ Գանձակում եկեղեցական կադրեր պատրաստող ժառանգավորաց դպրոցներ, «զգենելով զհանդերձս ըստ ձեւոց հոգեւորականաց սովորութեան եւ ի մանկութենէ ընտելացեալ ի վերոբերեալսն հոգեւորականութեան» [34]: Այս դեպքերի հանդեպ հասկանալի են համակրական այն տողերը, որ գտնում ենք Գ. Խատիսյանի մասին Նալբանդյանի «Սոս եւ Վարդիթեր»-ի կրիտիկայում:

Պատահական չէ նաեւ նրա բարեկամությունը Սիմեոնյանի հետ: Նոր-նախիջեւանցիները մինչեւ հիմա իսկ հիշում են թոփթեցի իրենց այն Համերկրացուն որպես մի մարդու, որը երիտասարդ իր տարիներին իբր թե ունեցել է «ռեւոլյուցիոն» գործունեություն: Վարը բերում ենք հստիկանական գրագրությունից քաղած մի այլ վկայություն, ուր Սիմեոնյանը եւ իր համախոհներից ոմանք ներկայացված են որպես «մատերիալիստներ»: Հարկավ, ե՛ւ Սիմեոնյանը, ե՛ւ ազգային-պահպանողական իր համիախոհները շատ հեռու էին ե՛ւ մատերիալիզմից, եւ ռեւոլյուցիայից: Բայց չի կարելի ժխտել այն, որ Սիմեոնյանը եւ իր համախոհները դժգոհ էին ցարիզմի գաղութային քաղաքականությունից, հանգամանք, որ «դիմադրական» եւ «դեմոկրատական» երանգ էր հաղորդում երիտասարդական տարիների նրանց գործունեությանը:

Դրվատելով Սիմեոնյանի այդ շրջանի գործունեությունը, ժամանակակիցներից մեկը գրում էր. «Երբ 1861 թ. Թիֆլիզի մեջ սկսվեցին՝ կռիվները Ջալալյան Սարգիս արքեպիսկոպոսի եւ Թահիրյան անվանյալ հոգաբարձուների դեմ, Սիմեոնյանը ոչ միայն շարժողության պարագլուխներից մեկը դարձավ, այլեւ գրավեց կռվող երիտասարդության սիրտը եւ մի առանձին ընդունակություն ցույց տվեց Ջալալյանին թավալելում եւ թե սրա հաջորդի ընտրության մեջ» [35]: Մսերյանին գրած իր նամակում Թահիրովը դիտում էր. «Շանշեանցն համակցօք իւրովք կազմեալ ունէր աստ զեղբայրութիւն յոր որսայր զնորամանուկ ուսումնականս եւ անդադար ի գիշերի ժողովս ունէին, ի միասին արտաքոյ քաղաքի ելանէին, եւ թե ինչ էր նպատակն նոցա չէր յայտ, բայց զկնի չուելոյ նորա աստի, մասնաւորապես բացան գաղտնիք նոցա»: Անհավանական չէ, որ /339/ ազգային-քաղաքական «գաղտնի» այս ընկերության գործունեությունն էր հենց, որ պատճառ դարձավ Նալբանդյանի եւ Շանշյանականների մերձեցման: Ակներեւ է միաժամանակ, որ թոփթեցի Սիմեոնյանին եւ նախիջեւանցի Նալբանդյանին կապում էր նրանց ընդհանուր հակակրանքը դեպի Խալիբը, Ջալալյանը, Այվազովսկին եւ սրանց հետեւորդները:

«Հյուսիսափայլ»-ի 1861 թ. 10-րդ տետրակում լույս տեսավ Ալֆոնզո Ռայթի ստորագրությամբ «Հռոմեական նամակ» վերնագրված ընդարձակ մի պամֆլետ, ուր այլաբանական ոճով նկարագրված է Ջալալյան—Շանշյան պայքարը: Մի այլ տեղ առիթ ենք ունեցել նշելու մեր ենթադրությունն այն մասին, որ այդ գրության հեղինակը կարող էր եղած լինել հենց ինքը՝ Նալբանդյանը [36]: Նալբանդյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի կոմենտատորներից մեկը՝ Ն. Մուրադյանը, փորձել է հիմնավորել այն միտքը, թե իրոք Նալբանդյանն է եղել այդ պամֆլետի հեղինակը: Սակայն, ելնելով ապացուցման կարոտ այն ենթադրությունից, թե պամֆլետը, իրոք, գրված է եղել 1861 թ., արգումենտներ չի բերել այդ դրույթը ապացուցելու համար [37]: Նորերս մի հաղորդման մեջ փորձ եղավ հերքելու Նալբանդյանի եւ Ալֆոնզո Ռաթթիի նույնությունը՝ ելնելով այն հանգամանքից, թե պամֆլետի լեզուն ոչնչով նման չէ Նալբանդյանի 1861 թ. գրվածքների ո՛չ լեզվին, ո՛չ ուղղությանը, ուստի եւ չի կարող լինել նրա գրածը: Հաղորդման հեղինակը ելնելով Մուրադյանի սխալ ժամանակագրումից՝ կարծում է, թե պամֆլետի հեղինակը այլ ոք չէ, քան Պ. Շանշյանը: Սակայն ո՛չ պամֆլետի բովանդակությունը, ո՛չ նր գրական ձեւը, լեզուն ու ոճը չեն մատնում ծանրախոհ Շանշյանի հեղինակությունը [38]:

Ե՞րբ է, իրոք, գրվել «Հռոմեական նամակ»-ը: Պամֆլետի մեջ նշված եսնցքերը հասցված են մինչեւ Դ. Արզանյանի տեսչության օրերը, այսինքն՝ մինչեւ 1858 թ. վերջերը, երբ Ջալալյան—Թահիրյան ոհմակը հարկ տեսավ սաստել կամ հեռացնել դպրոցից Շանշյանի եւ «Հյուսիսափայլ»-ի համախոհներին՝ ոստիկանական ճիպոտների միջոցով: Կա հիմք կարծելու, թե հենց Ներսիսյան դպրոցի անցքերին էին վերաբերում 1858 թ. Կովկասից ստացված մի շարք այն նամակները, որոնք Նազարյանցը հրաժարվում էր տպել ամսագրում՝ «անպատշաճ» ու «ամոթալի» համակրելով «մերկանդամ ճշմարտություն» պարունակող այդ կարգի դեպքերի հրապարակումը [39]: Կա Նազարյանցի անտիպ մի նամակը՝ ուղղված /340/ Թբիլիսիի Շադինյան եւ Հովհաննիսյան բժիշկներին, 1859 թ. նոյեմբերի 30-ին: Այդտեղ բերված է նույն անցքերին նվիրված մի թղթակցություն եւ տրված դրա մասին Նազարյանցի բացատրությունները, ուր ասված է, թե ցենզուրան արգելել էր այդ նյութերի տպագրությունը [40]: Հավանորեն Հենց 1858 թ. էլ Նալբանդյանը փորձ արեց նկարագրել Թբիլիսիում տեղի ունեցած դեպքերը՝ գեթ Կոմս Էմմանուելի նույն ժամանակ գրած պամֆլետներում գործածված ալեգորիկ «ակնարկումների» ձեւով: Ջալալյանի դեմ սրված պայքարն այդ պահին ուներ, երեւի, նաեւ հեռամետ քաղաքական նպատակ: Աշտարակեցու մահից հետո տարածված կարծիք էր, թե Էջմիածնի թափուր գահի համար ցարական կառավարությունը առաջ է քաշում Ջալալյանի թեկնածությունը: Այս կատարյալ թյուրիմացություն էր, որչափ կառավարությունը նպատակահարմար էր համարում պաշտպանելու թյուրքահայ եկեղեցականներից որեւէ մեկի թեկնածությունը: Այնուամենայնիվ, անտեղյակ այս մասին տեղի ունեցած գաղտնի գրագրություններին՝ Ջալալյանի հակառակորդները շեղակի միջոցներով կամենում էին, ըստ երեւույթին, բացարկել նրա հնարավոր համարված ընտրությունը: Սակայն նույն ժամանակ գրված «Սատանի պաշտոնական մեծ հանդեսը» պամֆլետի պես Կոմսի շպարված այդ գործը եւս մնաց մի առ ժամանակ գրվանի տակ, եւ նրա տպագրությունը հնարավոր եղավ գլուխ բերել 1861 թ., իբրեւ նույն այդ ժամանակ «Հռոմից ստացված» գրություն: Պամֆլետի տպագրությունն այդ ժամանակ հնարավոր էր դարձել ցենզորական ճնշման համեմատական մեղմացման հետեւանքով: Մյուս կողմից, պամֆլետի տպագրությունը նպատակահարմար էր, որչափ այդ ժամանակ Թբիլիսիում վերաբորբոքվել էր Ջալալյանի դեմ մղված պայքարը:

Հավանական է, որ 1860 թ. Թբիլիսիում. Նալբանդյանը հանդիպում ունեցած լինի նաեւ «Կռունկ»-ի մարդկանց հետ, որի շուրջը խումբված էին դարձյալ Շանշյանի կուսակիցները: Նալբանդյանի ձեռատետրում նշված է նրա մի նամակը «Կռունկ»-ի խմբագրությանը: Հավանական է, որ այստեղ նա հանդիպած լիներ սկսնակ գրող Պ. Պռոշյանին, որի անդրանիկ գործը նույն այս ժամանակ լույս էր տեսնում ամսագրում եւ, երեւի, տակավին այդ ժամանակ էր գրավել Նալբանդյանի ուշադրությունը: Հետաքրքրական է «Կռունկ»-ի այն ժամանակվա գրաշար Ղ. Աղայանի հետագայում գրի առած տպավորությունը Նալբանդյանի մասին. «Այս մարդուն առաջին անգամ ես տեսել էի Թիֆլիս, ուր եկել էր Էջմիածին գնալու համար: Այն ժամանակ մենք հափշտակվեցանք նրա ճարտար հայախոսության վրա: Գրական լեզվով մենք դեռեւս թոթովում /341/ էինք. այդպես չէր Նալբանդյանցը, նրա լեզուն արդեն կազմակերպվել էր եւ խոսում էր այնպես, ինչպես որ գրում էր» [41]:

Դժբախտաբար, ինքը՝ Նալբանդյանը առիթ չունեցավ պատմելու Վրաստանի մայրաքաղաքում ստացած իր տպավորությունները: Համակրական ու ջերմ վերաբերմունքը, որ կարճ, բայց տպավորիչ արտահայտություն գտավ «Երկրագործության» էջերում դեպի Հայաստանին բախտակից Վրաստանը, ենթադրել էր տալիս, որ նրա կովկասյան ճանապարհորդությունն առիթ էր տվել կոնկրետ դիտողություններ անելու Վրաստանի քաղաքական վիճակի մասին եւ կապելու հայերի ազատ ապագան եղբայրակից ժողովրդի քաղաքական ապագայի հետ: Իր հերթին, Նալբանդյանի դեգերումը Թբիլիսիում բնորոշ հետքեր է թողել Կովկասի փոխարքայության թղթերում: Կա 1865 թ. վրացերեն մի սեւագրություն, որ ասված է. «Մոսկվայում գտնվում է Ստեփաննոս Նազարյանցը (sic!), պրոֆեսոր Մոսկվայի համալսարանում (sic!): Սա նախագահն (բնագրում՝ «պրեդ պրեդսեդատելի») է «Սիրո եղբայրներ» (բնագրում ռուսերեն՝ «Братья любви») ընկերության: Սա դաստիարակեց (սնեց) Գոգոբերիձեին, Շանշիեւի որդոց եւ ուրիշներին, քարոզում է ազատություն, հայերի ազգայնություն (բնագրում՝ «նացիոնալոբա»), հավատափոխություն. սրա հետ են Պետրոս (բնագրում՝ «Պետրե») Շանշիեւը, Խատիսովը, Սիմեոնյանցը եւ ուրիշները, իբրեւ օժանդակողներ եւ տարածողներ, այս ուսմունքի: Սրանք քարոզում են մատերիալիզմ» [42]:

Դժվար է, հարկավ, այս հաղորդման մեջ իրարից տրոհել սուտն ու ճիշտը: Նալբանդյանի Թբիլիսիի հանդիպումների մասին մեզ հասած տեղեկությունները հաշվի առնելով՝ անհնարին չէ, որ ոստիկանական բթամտությունը վայրիվերո այս գրության մեջ Նազարյանցին է վերագրել Նալբանդյանի ունեցած կապերն ու հանդիպումները:

* * *

1860 թ. նոյեմբերի 1-ին . տ. ) արտասահման ուղեւորվելու համար Նալբանդյանը մեկնեց Թբիլիսիից եւ Փոթիի, Բաթումիի եւ Տրապիզոնի վրայով նույն ամսվա 20-ին հասավ Կ. Պոլիս:

Կ. Պոլսում Նալբանդյանը եղավ երկու անգամ՝ Կովկասից Արեւմուտք ուղեւորվելիս եւ, մի տարի անց, երբ Կ. Պոլսի վրայով ետ էր դառնում /342/ Հնդկաստանից: Առաջին անգամ նա մնաց Պոլսում ուղիղ մի ամիս՝ մինչեւ 1860 թ. դեկտեմբերի 21-ը: Երկրորդ անգամ նա ժամանեց Կ. Պոլիս 1861 թ. նոյեմբերի 20-ին եւ մնաց այդտեղ դարձյալ գրեթե մի ամիս՝ մինչեւ դեկտեմբերի 27-ը: Մի տարվա ընդմիջումով, 1860—61 թ. թ., երկամսյա դեգերումը հնարավորություն տվեց ռուսահայ հրապարակախոսին ոչ միայն դիտելու թյուրք մայրաքաղաքում խլրտացող հայ հասարակական կյանքը, այլեւ մխրճվելու նրա առաջադրած կենդանի խնդիրների մեջ: Կարճատեւ մի ժամանակամիջոց էր այս, անշուշտ, բայց եւ այնպես խոր հետքեր թողեց հրապարակախոսի քաղաքական եւ գրական հետագա գործունեության վրա:

Իր այցելությունների միջոցին ռուսահայ նշանավոր հրապարակախոսը բեւեռեց իր վրա պոլսահայ մտավորականության ուշադրությունը: Նոր միջավայրում ընդարձակվեց նրա բարեկամների եւ հակառակորդների շրջանը: Նրա հասարակական գործունեությունը սկսում էր ստանալ համազգային ծավալ: Նշանակալից մի երեւույթ էր այն, որ խախտում էր հայ ժողովրդի պատմական տարակացությունը, նրա տրոհվածությունը «արեւելահայ» եւ «արեւմտահայ» բաժինների, վիճակ, որ սահմանվել էր բռնակալների սրով: Նալբանդյանն առաջինն էր, որ գալիս էր արեւմտահայերի մեջ արծարծելու հայ դեմոկրատիայի ռեւոլյուցիոն հայացքն երը եւ սրում այդ հայացքները հայ ժողովրդի քաղաքական ու սոցիալական ազատագրման խնդիրների շուրջը:

Պոլսահայ միջավայրում ռուսահայ մտավորականի գտած լայն արձագանքը պատահական չէր: Այդ իրականության մեջ Նալբանդյանը կարող էր իրեն զգալ հարազատ տարերքում: Պոլսահայ գրական լեզուն հեռու չէր նրա մայրենի բարբառից: Դեռ տարիներ առաջ էր պաշտպանում նա հայկական զույգ գրական լեզուների միացման խնդիրը: Թյուրքիայի մայրաքաղաքը, մյուս կողմից, կարեւոր այն հանգույցներից մեկն էր, որի հետ տնտեսական մերձավոր կապեր էր ունեցել միշտ Նալբանդյանի հայրենի քաղաքը: Անցյալ դարի 40-ական թվականներին ֆրանսիացի մի ճանապարհորդ, նկարագրելով Նոր-Նախիջեւանի առեւտրական կյանքը, զարմանալի նմանություն էր գտնում այդ քաղաքի եւ Պոլսի առեւտրական խաղերի միջեւ [43]:

Պոլսահայ պանդխտության ճնշված կացությանը, ինչպես առիթ ենք ունեցել նշելու, անդրադառնում էր 1858 թ. նույնիսկ Կոմս Էմմանուելը: Համեմատելով Նախիջեւանի աշխատավորության եւ Վանի գաղթականների դրությունը՝ իր «Հիշատակարան»-ում Կոմսը թվարկում էր թյուրքա/343/հայ պանդուխտների վրա բարդված ազգային տուրքերը եւ շեշտում միաժամանակ քրիստոնյա ռայայի ճնշված վիճակը [44]:

Լեզվական ընդհանուր կոլորիտից եւ քաղաքացիական առօրյա կենցաղից առավել տնտեսական շփումն է, որ կենդանի եւ անմիջական առնչություն էր ստեղծում Դոնի եւ Բոսֆորի ափերի միջեւ: Պոլսահայ թերթերը մանրամասն արձագանքում էին Նոր-Նախիջեւանի հասարակական անցուդարձերին: Ինչպես եւ ընդհանրապես, նոր-նախիջեւանցիներն առանձնապես հոգատեսը: էին եւ զգայուն պոլսահայ հասարակական կարծիքի մասին: Տեսանք, որ Խալիբը միջոցներ չէր խնայում իր մասին Պոլսում տարածված աննպաստ լուրերը հերքելու եւ իր «բարեգործությունների» հռչակը Բոսֆորի ափերը հասցնելու համար: Խալիբն ուներ Պոլսի հետ անգամ առեւտրական կապեր: 1868 թ. Կ. Պոլսից նրան ուղղած մի նամակում Սարգիս Ջալալյան եպիսկոպոսը գրում էր. «Այժմ հարկաւոր համարեմ ի զուարճութիւն ձեր դնել աստ յօդուած մի. ամենապատուական բարեկամն մեր Յ. Խալիպեան ունի աստանօր ի Ղալաթիայ զմաղազի խաւիարի եւ Դօնի ձկանց. իսկ սիրելին նորա Ս. եպս. Ջալալեանց նստեալ ի Բերա ի նոյն մաղազիայէ պարտի գնել զխաւար եւ զձուկն. արդյօք հնարաւո՞ր է թե ոչ, չգիտեմ, դուք վճռեցէք» [45]:

Հետաքրքրական է, որ պոլսահայ տոհմային սառաֆներից մեկը՝ Հարություն Սառաֆյանը, իրազեկ էր պահում իր բարեկամ Զենգին Կարապետ կոչված նախիջեւանցի «հաջիներից» մեկին՝ Նալբանդյանի Պոլսում ունեցած եւ չունեցած ելույթների մասին: Այս Զենգինը Այվազովսկու ստվերներից էր, նրա Սանչոն, Նալբանդյանի կուպրի կարասի նույն այն «հաջի Կարապետը», որ խորհուրդ էր տալիս «Կնդուկ պոչատին» կայծակ ու ամպրոպ վատնելու փոխարեն՝ պատուհասել հակառակորդին քսության պստիկ թուղթ ու նամակով՝ ի խրատ եւ հօրինակ բազմաց: Զենգինի թղթակից սառաֆը արհամարհանքի արժանի «պարոնին մեկը» տիտղոս էր տալիս Նալբանդյանին: Մինչդեռ փաստ է, որ Պոլիս ժամանելուց առաջ իսկ «Հյուսիսափայլ»-ի եւ նրա թղթակցի անունն ավելի ծանոթ ու հարգի էին Պոլսում, քան ինքը՝ սերունդների հիշողությունից իսպառ գոլորշիացած այդ սառաֆը եւ իր թղթակիցը՝ միասին վերցրած: 1861 թ. մի հոդվածում Սըվաճյանը գրում էր, թե «Պ. Նալբանդյանը Պոլիս հասած ատեն մեզի համար նոր մարդ մը չէր. մենք զանի երեք տարիէ ի վեր կճանչեինք» [46]: Հիրավի, Կոմս Էմմանուելին ծանոթացել էին ոչ միայն Սըվաճյանի «Մեղվի», այլեւ Ոսկանյանի «Արեւմուտք»-ի ընթերցողները. այդ պարբերականներում արտատպվում էին «Հյուսիսափայլ»-ից նրա /344/ հոդվածներն ու բանաստեղծությունները: Հարկավ, այս թերթերը կարդացողները սառաֆը կամ նրա բարեկամները չէին, այլ նրանց ու նմանների դեմ կռվող արեւմտահայ առաջավոր մարդիկ:

Կարելի է ենթադրել, որ Հարություն Սառաֆյանին եւ նմաններին գրգռել էր հենց արտակարգ այն ընդունելությունը, որ գտնում էր պոլսաՀայ լայն շրջաններում անվանի հրապարակախոսը: Նրա ժամանումի առիթով համակրական խոսքեր ասացին Պոլսի դեմոկրատական «Մեղու»-ն եւ «Մանզումե»-ն, զուսպ տեղեկանք զետեղեց կիսալիբերալ «Մասիս»-ը, լուռ մնացին միայն բացահայտորեն ռեակցիոն օրգանները:

Նալբանդյանի հեռանալուց փոքր-ինչ հետո, 1861 թ. մարտի 14-ին, Մկրտիչ Խրիմյանին Թիֆլիս հասցեագրված մի նամակում Նշան Օտյանը գրում էր. «Հոդ տեղը աղեկ ուսումնականներ կան, անոնցմե մեկն է պ-ն Մ. Նալբանդյանցը, մոտերս Պոլիս էր, տեսնվեցանք անոր հետ, շիտակը գլխի տեր մարդ էր» [47]: Նամակագիրը հարկ էր համարում բնութագրել Նալբանդյանին եւ նրա նմաններին որպես «անդիի ծայր հակառակասեր ոգի», հարելով, թե «այսքան չափազանցութենե զգուշանալու է»: Նալբանդյանի թողած տպավորության մասին վկայում էր անգամ պոլսահայ խավարամիտների պարագլուխ Չամուռճյանը, որը նրա դեմ՝ գրած իր հոդվածում ասում էր. «Քեզի համար գովեստն եր կլսեինք, իմաստուն մարդ մըն է ըսին, ազգասեր է ըսին» [48]:

Մի քանի տարի անց իսկ, «Kaвказ» թերթի լավատեղյակ թղթակիցը` զարմանում էր այն ֆուրորի առիթով, որ արել էր՝ առաջին անգամ Պոլսում երեւացած ռուսահայ գրողը իր հայախոսությամբ, աշխույժ ու սուտ իր մտքով, հայկական անցյալի եւ ներկայի մասին ունեցած իր իրազեկությամբ, իր գիտնականությամբ ու հարցասիրությամբ եւ դեպի հասարակական գործերը ի հայտ բերած տաքուկ եւ անձնվեր մերձեցումով: «Այդ ժամանակից ի վեր, ավելացնում է թղթակիցը, պոլսեցիներն ավելի նպաստավոր կարծիք կազմեցին ռուսահայերի մասին: Սակայն այն եւս պիտի ասել, որ նրանց մեծ մասը մինչեւ այսօր իսկ այն համոզումին են, թե Ռուսաստանում բոլոր այն հայերը, որ խոսում են մայրենի լեզվով՝ Սիբիր են քշվում գրեթե» [49] ։

1860-61 թվականներն այն տարիներն էին, երբ պոլսահայ կյանքը սկսում էր դառնալ նորամուտ Ազգային սահմանադրության շուրջը։ Ազգային սահմանադրության միջոցով թյուրքահայ ազգային-վարչական օրգանների կյանքում սկսված որոշ բեկումը ամիրայական դասի դեմ սկսված ժողովրդական մասսաների կողմից գործ դրված ճնշման եւ եվ/345/րոպական պետությունների ներշնչմամբ սուլթանական կառավարության ձեռնարկած «ռեֆորմների» հետեւանքով չէր միայն տեղի ունենում: 1839 թ. սուլթան Աբդուլ-Մեջիդը հրապարակել էր մի շարք ռեֆորմներ («Թանզիմաթ»), որոնք խոստանում էին պաշտպանել ռայայի կյանքն ու գույքը, ճանաչել հավասարություն օրենքի առաջ, տալ կրոնի եւ ուսման ազատություն ու մի շարք այլ բարիքներ: :

Երկու տարի անց, Հակոբոս պատրիարքը հաստատեց համքարություններից առնված արտադասային մի հոգաբարձություն, որ պիտի վարեր ազգային-վարչական գործերը: Առաջին տարտամ փորձն էր այս՝ վերականգնելու հայ-լուսավորչական համայնքի՝ ամիրաների կողմից ոտնահարված իրավունքը: 1844 թ., Չուխաճյան պատրիարքի օրոք, նույն նպատակով ստեղծվեց «Երեսնից» կոչված ժողովը՝ ամիրաներից եւ «պատվավոր» արհեստավորներից կազմված: 1847 թ. այդ ժողովը վերածվեց «Հոգեւոր» եւ «Գերագույն» կոչված ժողովների, ուր մեծամասնություն էին կազմում արհեստավորության վրա հենված հակաամիրայականները: Երկու տարին մի անգամ վերընտրվող այդ ժողովների իրասասությունները վերջ են տալիս ազգային-եկեղեցական գործերի դասային-ամիրապետական վարչությանը:

Ղրիմի պատերազմի ժամանակ, 1854 թ., Թյուրքիան ստացավ անգլո-ֆրանսիական իր դաշնակիցներից առաջին պետական վարկը, որով սկսվում էր երկրի աստիճանական ստրկացումը անգլո-ֆրանսիական կապիտալին: Պատերազմից հետո, 1856 թ., հրատարակվեց «Խաթթի հյումայուն» կոչված հրովարտակը, որով սուլթանական կառավարությունը երկաթուղային եւ բանկային կոնցեսիաներ էր հատկացնում` արեւմտաեվրոպական իր վարկատուներին եւ անգամ Թյուրքիայում հողային սեփականություն ձեռք բերելու իրավունք տալիս նրանց: Այս նշանակում էր, թե երկրի ներքին կյանքը դրվելու էր այսուհետեւ արեւմտաեվրոպական կոնցեսիաների, դրամատերերի ու կալվածատերերի հսկողության տակ:

Թյուրքիայի կյանքում ստեղծված այս իրադրությունը անդրադարձ ձավ նաեւ թյուրքահայ ազգային-վարչական հաջորդ «ռեֆորմին»՝ 1860 թ. մուծված Ազգային սահմանադրությանը:

Սահմանադրության հիմնադիրների ֆրանսիական կրթություն ստացած լինելու հանգամանքից, գրում է Սահմանադրությունն ուսումնասիրած Ա. Ալպոյաճյանը, արվել է այն եզրակացությունը, թե հայ եկեղեցու եւ ազգի համար մշակված այդ կանոնադրությունը ընդօրինակված է Լուի-Ֆիլիպի սահմանադրությունից: Այդ կարծիքը ճիշտ չէ: «Մեր Սահմանադրության մեջ միայն քվեարկության ընդհանուր սկզբունքը քաղված է եվրոպական սահմանադրություններն, իսկ մնացած /346/ բոլոր տրամադրությունները քաղված են պատրիարքական իրավասությունը սահմանող ֆերմաններու տրամադրություններ են, երկար ժամանակներու մեջ նվիրագործված սովորություններ են եւ ավանդություններեն եւ 1856 թ. փետրվարի 6-ի ըսլահաթ հրովարտակով պատրիարքներու կանոնագրին նկատմամբ որոշված քանի մը հիմնական կարգադրություններեն: Սահմանադրության հեղինակները մինչեւ 1860 թ. ձեռք բերած իրավունքներուն վրա հիմնված, օրենք մը գրի առած են: Եվ որովհետեւ ժողովուրդը իրավունքներ ձեռք բերած էր տարիներու մաքառմամբ եւ շարունակական պահանջկոտություններով, հետեւաբար պետք էր նկատել Սահմանադրությունը իբր բարեշրջումը հայոց պատրիարքարանի անգիր օրենքներուն, այսինքն՝ ավանդական սովորություններուն» [50]: Սահմանադրության հայ բանիմաց պաշտպանները ժամանակին այսպես էլ հասկանում էին հռչակված օրենքի բնույթը: Երբ 1863 թ. Բ. Դուռը հասկացնել էր տալիս հայերին, թե «սահմանադրական» սիստեմն անհամատեղելի է Օսմանյան երկրում իշխող ինքնակալության հետ, Ներսես Վարժապետյանը դիտում էր. «Մենք զսահմանադրություն Միացյալ նահանգաց կամ Գաղղիո lեղափոխականաց ոչ խնդրեցաք. այլ մի կանոնագիր ազգային ներքին կառավարության, զոր կայսերական կառավարություն ի վաղուց անտի հրովարտակով եւ Խաթթի հիմայինոք շնորհյալ է» [51]:

Այս դիտողությունների մեջ որոշ ճշտություն կա, իհարկե։ Այնուամենայնիվ, չի կարելի դիտել Ազգային սահմանադրությունը սոսկ որպես սուլթանի բարի կամքով հաստատված ներքին կանոնադրություն: Ինքնաբերաբար չէ, որ սուլթանի կառավարությունը հաստատեց այդ կանոնադրությունը: Կառավարությունը գործում էր վերը նշված ներքին ու արտաքին ճնշումների ազդեցությունների ներքո: Վերջին հաշվով Սաlմանադրության միջոցով մեծապես երեւան է գալիս իշխող այն ազդեցությունը, որ ձեռք էր բերել թյուրքահայ ազգային գործերը տնօրինելու համար անգլո-ֆրանսիական կապիտալի հետ լծորդված թյուրքահայ կոմպրադորական բուրժուազիան: Սահմանադրության հայ հեղինակները հանդիսանում էին հենց կոմպրադորական այդ բուրժուազիայի «լուսավորյալ» գաղափարախոսները:

Նալբանդյանի առաջին ժամանումի պահին նորամուտ Սահմանադրությունն ապրում էր իր մեղրամիսը: Պոլսահայ սահմանադրական բուրժուազիան, ժողովրդական մասսաների ճնշման տակ, ազգային-եկեղեցական գործերի վարչությունը խլում էր կղերական-ամիրայական բա/347/րակ այն վերնախավի ձեռքից, որ կարգադրել էին մինչ այդ եկեղեցու եւ ազգի բախտը: Նշանակալից մի իրադարձ էր այս, որին, սակայն, հաջորդեց անմիջորեն հակասահմանադրական ռեակցիան: Մասսաների աճող պահանջների երեսից բուրժուազիան ծռվում էր ասպարեզից քշվածների կողմը եւ անցնում ժողովրդի դեմ ուղղված հակագրոհի: 1861 թ. մայիսին դադար առավ մի տարի առաջ խանդավառությամբ եւ փառադրանքներով մուծված Սահմանադրությունը, եւ բուրժուազիայի ղեկավարները, ապավինած կառավարական թեւարկությանը, հետամուտ էին արդեն նրա վերաքննությանը: Այս շրջադարձության արդյունքը եղավ 1863-ի «թլպատված» ու «խեղացած»: Սոսհմանադրությունը, որը ձեւապես զիջելով Ժողովրդական վարչության սկզբունքին՝ փաստապես օրինականացնում էր կղերա-բուրժուական բլոկի իշխանությունը, հաստատում «ազգի» սպարանոցին պոլսահայ «սահմանադրական» օլիգարխիայի տիրապետության անուրը:

Սահմանադրական աճող պատրանքի եւ հակասահմանադրական վեգահաս ռեակցիայի վճռական գոտեմարտման նախօրեին էր հենց, որ Կ. Պոլիս ժամանեց ռուսահայ հրապարակախոսը: Սահմանադրության բարեկամների եւ նրա հակառակորդների այս պայքարի մեջ պիտի որոնենք հենց պոլսահայերի հետաքրքրությունը դեպի հրապարակախոսը: Հասարակական այդ բախումն է միաժամանակ, որ խորացրեց վերջինիս հարցասիրությունը դեպի պոլսահայ կյանքն ու նրա խնդիրները, որոնց բնութագրմանը պիտի դառնանք հիմա:



[1]     Տե՛ս «Անտիպ երկեր», եր. 6 եւ հետ.:

[2]     ՀՍՍՌ Մատենադարան, Երիցյանի արխիվ, թղթապ. 156, վավ. N 363:

[3]     Ե. Լ. Ժ., 1, եր. 472:

[4]     Նույն տեղը, եր. 478:

[5]     Ե. Լ. Ժ., 111, եր. 220:

[6]     Ե. Լ. Ժ., 1, եր. 479:

[7]     Նույն տեղը, III, եր. 26:

[8]     Նույն տեղը:

[9]     Ե. Լ. Ժ., III, եր. 282:

[10]   Հմմ. «Անտիպ երկեր», եր. 7 եւ հետ,:

[11]   Տե՛ս «Անտիպ երկեր», եր» 286, ծան. 2:

[12]   «Մեղու», 1864, եր. 38:

[13]   Տե՛ս Ս. Ջալալյանի «Նամակ գրեալ առ յարգոյ ազգային ոմն ի Կ. Պոլիս», 1867, եր. 67:

[14]   Տե՛ս «Դիվան», եր. 360:

[15]   Նույն տեղը, եր. 354:

[16]   Ե. Լ. Ժ., III, եր. 34 եւ ծան»:

[17]   Ե. Լ. Ժ., 11, եր. 277:

[18]   ՀՍՍՌ Գրականության թանգարան, Գ. Պատկանյանի «Հիշատակարան»-ը, եր. 587ա:

[19]   Մ. Տեր-Գրիգորյան, Մ. Նալբանդյանի համառոտ կենսագրությունը , եր. XV:

[20]   Տե՛ս Ե. Լ. Ժ., IV, եր. 87 եւ հետ., 92 եւ հետ:

[21]   Նույն տեղը, եր. 78 եւ հետ.:

[22]   ՀՍՍՌ Գրականության թանգարան:

[23]   Այդ կռիվների մասին տե՛ս В. Рштуни, Крестьянское двиюение в Армении в 19-ом веке, Ереван, 1948, եր. 39 եւ հետ.:

[24]   Նույն տեղը, եր. 99 եւ հետ.:

[25]   Նույն տեղը, եր. 103:

[26]   В. Рштуни, նույն տեղը, եր. 106:

[27]   Ստ. Նազարյանցի գրական ժառանգության ցուցակում, «Հյուսիսափայլ»-ին ուղղված նյութերի շարքում, նշված է Վարշամյանի՝ Հայաստանի գավառական կյանքից առած խոսակցության ձեւով գրվածքը՝ 70 էջանոց տետրակի ծավալով: Վարշամյանը Նալբանդյանի կեղծանուններից մեկն էր (տե՛ս Ե. Լ. Ժ., II, եր. 434 եւ հետ. ): Անշուշտ մեզ չհասած այդ նյութը եւս պատկանում էր Նալբանդյանի գրչին: Ս. Վարշամյան ստորագրությամբ Նալբանդյանը հանդես եկավ «Հյուսիսափայլ»-ում 1860 թ.: Հավանորեն մեզ չհասած նյութն էլ նույն թվականից էր՝ գրի առնված հեղինակի ուղեւորության ժամանակ: Ըստ երեւույթին, Նալբանդյանի խիստ հետաքրքրական այդ գրվածքը, ուր նա իր սիրած դիալոգների ձեւով արտահայտած կլիներ իր տպավորություններն ու հայացքները Արարատյան դաշտի գյուղացիների հասարակական-տնտեսական կացության եւ թերեւս նաեւ դրանից ելնելու հեռանկարների մասին, լույս չտեսավ «Հյուսիսափայլ»-ում՝ հանդիպած լինելով ցենզորական արգելքի կամ, գուցե, խմբագիր Նազարյանցի veto-ին: Հմմ, ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր», N 3, 1955, եր. 46:

[28]   Տե՛ս «Դիվան», եր. 150:

[29]   Ե. Լ. Ժ., II, եր. 89:

[30]   Հմմ. «Անտիպ երկեր», եր. 232:

[31]   Տե՛ս «Շ ար հայ կենսագրությանց», II, եր. 118։

[32]   Տեղեկանքը քաղել ենք Մսերի ընտանեկան արխիվի նյութերից: Տե՛ս նաեւ «Տեսութիւն տասնամեայ գործողութեանց եւ հաշուոց հոգաբարձուաց Ներսիսեան Հ. Հ. ուսումնարանին ի 1851–1861 ամն», եր. 98 եւ հետ.:

[33]   «Կենսագրություն եւ կտակ. Սարգիս արքեպիսկոպոս Հասան-Ջալալյանց», Թիֆլիս, 1884, եր. 115 եւ հետ.:

[34]   Ս. եպ. Ջալալյանց, Նամակ գրեալ առ յարգոյ ազգային ոմն ի Կ. Պոլիս». 1867 , եր. 14:

[35]   Աղ. Երիցյան, Նյութեր հայոց պատմության համար, Ա, եր. 63:

[36]   Տե՛ս «Անտիպ երկեր», եր. 232 եւ հետ. եւ 750:

[37]   Տե՛ս Ե. Լ. Ժ., II, Եր. 445 եւ հետ.:

[38]   Հմմ. ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր», 1954, 11, եր. 79 եւ հետ.:

[39]   Հմմ. «Հյուսիսափայլ», 1859, եր. 568:

[40]   ՀՍՍՌ Մատենադարան, Երիցյանի արխիվ, թղթապ. N: 149, վավ. N: 6:

[41]   Ղ. Աղայան, Իմ կյանքի գլխավոր դեպքերը, Թիֆլիս, 1894, եր. 76։

[42]   ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր», 1946, 5, եր. 67 եւ հետ.:

[43]   Xavier Hommair de Helle, Les steppes de la Mer Caspienne, le Caucase, la Crimée et la Russie meridionelle, t. I, Paris, 1843, եր. 323 եւ հետ. -:

[44]   Տե՛ս Ե. Լ. Ժ., 1, եր. 360:

[45]   ՀՍՍՌ Մատենադարան, ձեռագիր N 4564, նամակ 32:

[46]   «Մեղու», 1861, N: 124:

[47]   ՀՍՍՌ Մատենադարանի արխիվ, թղթապ. N: 2, վավ. N 53, թթ. 156 -160:

[48]   «Երեւակ», 1860, N 86. հմմ. նաեւ նույն տեղը, N 87:

[49]   "Кавказ", 1968, No 68, "Письма из Констанринополя" հոդվածաշարքը:

[50]   Ա. Ալպոյաճյան, Ազգային սահմանադրությունը, իր ծագումը եւ կիրառություննը, տե՛ս 1910 թ. «Ընդարձակ օրացույց», Կ. Պոլիս, 1909, եր. 390 եւ հետ.:

[51]   ՀՍՍՌ Մատենադարան, ձեռ. N 4177, եր. 32: