Նալբանդյանը եւ նրա ժամանակը(Ա)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/300/ ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԱԶԱՏԱՄԻՏ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԸ (ՍՏ. ՈՍԿԱՆՅԱՆ)


Նալբանդյանի ծանոթությունը Ստ. Ոսկանյանի հետ: Ոսկանյանի ուսումնառությունը Փարիզում։ Նրա մասնակցությունը 1848 թ. փետրվարյան ռեւոլյուցիային եւ քաղաքական նրա հետագա էվոլյուցիան: Պայքար հայ կղերա-ֆեոդալական ռուտինայի դեմ։ «Արեւելք»–ի եւ «Արեւմուտք»–ի ուղղությունը: Լուսավորության կապը մտավոր ազատության հետ։ Հայացք կրթության մասին։ Լուսավորության կապը ազգի քաղաքական ազատության հետ: Զենքի կոչ ցարիզմի եւ սուլթանիզմի դեմ։ Կրոնի եւ ազգության սկզբունքային տրոհումը: Ձախողում քաղաքական գործնական աշխատանքի մեջ։ Հակառակորդների գրոհը հրապարակախոսի վրա: «Մասիս»–ի զրպարտությունները: «Արեւմուտք»–ի ժամանակավոր դադարը: Միսաքյանի հոդվածները «Արեւմուտք»–ի մասին: Ընդհանուր բնութագիր: Նալբանդյան եւ Ոսկանյան:

 

«Հյուսիսափայլ»-ն արտասահման տեղափոխելու կապակցությամբ 1859 թ. Փարիզում Նալբանդյանը պարզելու էր ամսագրի տպագրության հնարավորությունները: Պատահական չէ, որ արտասահմանից ուղարկած իր ֆելյետոններից մեկում Կոմս Էմմանուելը կանգ էր առնում Ճանիկ Արամյանի տպարանական գործունեության վրա եւ հատկապես դրվատում նրա ազատ գրատպության սկզբունքը [1]: Նույն նպատակով էր գուցե, որ նա ծանոթացավ նաեւ Կ. վ. Շահնազարյանի, Մուրադյան վարժարանում գործող Փարիզի արեւմտահայ գրական շրջանների՝ Ղ. Ալիշանի, Գալֆայան եղբայրների, Թեոդորյանի եւ ուրիշ դեմքերի հետ: Սակայն ամենից ուշագրավ է անձնական այն ծանոթությունը, որ հաստատեց նա արեւմտահայ ազատամիտ հրապարակախոսության հիմնադրի՝ Ստ. Ոսկանյանի՝ Փարիզի «Արեւելք» (1855-56), «Արեւմուտք» (1859 եւ 1864-65), «L'Italie» (1861) եւ Զմյուռնիայի «La Réforme» (1867-1901) թերթերի խմբագրի հետ: ։

Նալբանդյանի հրապարակախոսության հանգամանքները, նրա կրած ու թողած ազդեցությունները, ինչպես նաեւ նրա գործունեության առանձնահատկությունները վեր հանելու համար անհրաժեշտ է ի մոտո ուրվագծել արեւմտահայ նշանավոր այս մարդու դեմքը:

/301/ Ստեփան Ոսկանյանը [2] (1825-1901) մեկն է հայ այն մտավորականներից, որոնց հասարակական-քաղաքական հայացքները կազմավորվեցին 1848 թվականի ֆրանսիական բուրժուական ռեւոլյուցիայի մթնոլորտում: Ռեւոլյուցիայի նախօրեին եւ ռեւոլյուցիայի ժամանակ նա այցելեց Փարիզի Սորբոնը՝ հետեւելով Ժյուլ Սիմոնի, Միշլեի եւ Էդգար Կինեի դասախոսություններին: Բարձր կրթությունը միջոց տվեց տաղանդավոր երիտասարդին՝ հաղորդակից դառնալու փիլիսոփայական եւ գրական գիտություններին: Մինյեի եւ Միշլեի մասին նրա գրած քննական հոդվածները մատնում են նրա խոր ծանոթությունը ֆրանսիական պատմագրության եւ հատկապես ֆրանսիական բուրժուական մեծ ռեւոլյուցիայի պատմության հետ: Առանձնապես ենթարկվել էր նա Կանտի ազդեցությանը, թեեւ թափառիկ նրա միտքն անկարող էր մեկընդմիշտ կաշկանդվել փիլիսոփայական որեւէ սիստեմի շղթաներով: «Փիլիսոփաներեն սովրեր էինք, գրում է նա, թե գիտությունը կրոնք չէ եւ «համոզումի» վրա չկայանար: Փորձ ու փաստ պետք է, որ պարզ ենթադրություն մը անժըխտելի ճշմարտություն ըլլա եւ ամենեն ընդունվի» [3]: Կանգ առնելով Լամընեի վրա՝ Ոսկանյանը գրում էր. «Մենք մարդու մը ով եւ ըլլա՝ հետեւիլ չեմք ուզեր, հայսմ մասին մեր միտքը կատարյալ ապստամբ է, եւ շըտկե շիտակ կըսեմք թե այս հեղինակի փիլիսոփայական գրությունը մեզի անթերի չերեւար, եւ մենք անկե շատ հեռու ճամփայի մեջ կգտնվիմք եւ գրեթե հակառակ կողմը կարշավեմք. այլ Լամընեն երկար ատեն մեր սիրելի հեղինակը եղած է, եւ իր գիրքերը ոչ միայն ոգետու ճարակ մը տըվեր են մեր միտքին, այլ մեր սիրտը սփոփեր են այնպիսի դառն վայրկյաններու մեջ, որ հուսահատության տակ ճնշյալ երկբայի ալիքներու մեջ կծփայինք: Մինչեւ հիմա կհիշենք եւ այսուհետեւ հիշելե չպիտի դադրինք Լե բարոլ դ՚էոն քրուայան ըսված աննման գիրքին երեսները, եւ Լամընեի հիշատակը զմեզ տրտմությամբ կլնու» [4]: Ոսկանյանը զետեղեց «Արեւելք»-ում Լամընեի նշանավոր «Արի զինվոր»-ի թարգմանությունը [5] ։

Մի այլ տեղ նա գրում էր Կուզենի փիլիսոփայության մասին.

/302/ «Պ. Ժյուլ Սիմոնը Բարիզի համալսարանի գիտուն դասատուներեն մեկն էր ասկե քանի մը տարի առաջ, եւ պ. Քուզենի տեղը փիլիսոփայության դաս կուտար: Իբրեւ ունկնդիր հոլովակի իր դասերու ներկա գտնվել ենք, այլ ինչպես այն ժամանակ, նույնպես հիմա ալ, Քուզենի փիլիսոփայությունը չենք ընդունիր, եթե երբեք այս երեւելի իմաստակը փիլիսոփայություն ուներ իր կյանքի մեջ: Պ. Ժյուլ Սիմոնը քաղաքական պատճառով իր հրաժարումը տվավ եւ առանձնակի կապրի: Եթե իր հրատարակած նոր գիրքեն զինքը դատելու ըլլանք, պ. Քուզենի գրություններե շատ հեռու կգտնենք եւ ճշմարիտ ուրախություն մը կզգանք, վասնզի մենք իր հանճարին եւ մանավանդ անձին վրա շատ համարում ունինք եւ միշտ կտրտմեինք, տեսնելով զինքը, որ Քուզենին ետեւե կքալեր նաեւ երբ անիկա հետադեմ մարդերու ձեռն կկարկառեր…» [6]: Հետագայում, Զմյուռնիայում, Ոսկանյանը ֆրանսերեն երկու գրքույկ հրատարակեց, որոնցից մեկը՝ ֆրանսիացի պոզիտիվիստ Լիտտրեի, մյուսը՝ հայ պոզիտիվիստ Գ. Կոստանդյանի «Մեդոտի վրա» գրքի դեմ [7]:

Կատարելապես տիրապետելով ֆրանսերեն լեզվին՝ Ոսկանյանը ծանոթություն ձեռք բերեց մայրաքաղաքի գրական-հասարակական շըրջանների հետ: Ուսանող տարիներին ներկայացրած լինելով Բերանժեին իր թագմանած նրա մի բանաստեղծությունը, որպես խրախույս ստացել էր նշանավոր բանաստեղծի երկերի ժողովածուն: Նույն այդ պահին նա աշխատակցում էր Բյերրիի «La Nationale» թերթին, որը 1849 թ. նախօրեին բուրժուական օպոզիցիայի օրգանն էր:

Փետրվարյան օրերին ուսանող Ոսկանյանը Սորբոնի ակումբի հաճախորդներից էր եւ ժողովրդական ապստամբության մասնակիցներից: Անդրադառնալով իրեն այդ առիթով ամբաստանողներին՝ նա գրում էր. «Փետրվարյան ազատության առաջին որոտումը մեր վրայեն արեւելյան գերության մշուշը փարատեց, մեր սիրտը բորբոքեց հրաբուխ սաստկությամբ, անհուն աշխույժ մը տվավ մեզ եւ գրեթե ակամա ասպարեզ նետեց: Այո, Լուի-Ֆիլիպին դեմ ապստամբներուն հետ էինք, այո, ըրինք ազատության համար, ինչ որ ամեն մարդու պարտք է ընել, եւ զեն ի ձեռքին Թյույըրի մտնելու պատիվը ունեցանք» [8]: «Այո, ապստամբ ենք, գրում էր դարձյալ հրապարակախոսը, այսինքն, 89 վեհ թվականը կսիրենք հոգով եւ մարմնով… Մարդու խիղճը, միտքը, իրավունքը ապստամբությունով ազատություն գտեր եւ աշխարհք մտեր են. ընդհանուր պատմությունը կվկայի զայս» [9]: Քննադատելով Մինյեի գիրքը՝ Ոսկանյանը /303/ պաշտպանում էր նրա դիմաց Կոնվենտի գործ դրած տեռորը: «Ֆրանսիացի պատմաբանը, գրում էր նա, կմոռանա պարագաներու բռնություննը, որ շղթայազերծ հովի պես կքշեր կտաներ, չէր թողուր բոլորտիքը նա-- յիլ եւ անմեղությունը խնայել հանցանքին» [10]: Սակայն Ոսկանյանի եռանդը չանցավ բուրժուական ազատասիրության սահմաններից: Պրոլետարիատի հունիսյան բարիկադները նա տրամադիր էր դիտել միայն բուրժուական ռեւոլյուցիայի դիրքերից: Այդ է պատճառը, որ նա գրում էր, թե` փետրվարյան դեպքերից հետո «երբեք հետագա քաղաքական կռիվներու մասն չունինք» [11]:

Ոսկանյանի ռեւոլյուցիոն հափշտակությունը, ինչպես եւ դրան հաջորդած նրա ռեակցիոն շրջադարձը բնորոշ էր առհասարակ Փարիզի բուրժուական ուսանողության համար եւ, մասնավորապես, Փարիզում սովորող արեւմտահայ երկու-երեք տասնյակ հայ ուսանողների համար, որոնք ապստամբության հետ էին, քանի դեռ ռեւոլյուցիան տարբերակված չէր սոցիալապես, սակայն անցան ռեակցիոն բուրժուազիայի բանակը, հենց որ պրոլետարիատը ասպարեզ եկավ դասակարգային իր ուրույն պահանջներով: 1848–49 թ. թ. ընթացքում Ոսկանյանը կապված մնաց ուսանողական շարժման հետ, սակայն որոշակի դիմադարձ էր լինում պրոլետարիատի ռեւոլյուցիոն պահանջներից: Պաշտպանվելով հակառակորդներից, որոնք կոմունիստ էին հռչակել իրեն, Ոսկանյանը գրում էր. «Քոմյունիզմը մեզմե անհաշտ թշնամի չէ ունեցեր, եւ ամեն ծանոթ կրնա վկայել, որ Քանթի աշակերտ մը Քապեին սին դրություն չկրնար ընդունիլ երբեք» [12]: «Ընդհակառակն, շարունակում էր նա, մեր համոզումն էր, որ նորեն ապստամբիլ՝ ազատությունը վտանգի մեջ դնել էր. դեպքերը հայտնեցին, որ իրավունք ունեինք… Տրտմալի սիրտով եւ արտասվալի աչերով հանդիսատես գտնվեցանք սոսկալի մարտերու… Կարելի է, թե օր մը այս դեպքերու պատմությունը գրենք, եւ այն ատեն Պոլսի հայերը կրնան համոզվել, որ Հայկա ճշմարիտ թոռ մը ազատության սերը վատությամբ ի գործ չդներ, բայց հիմակվընե կհամարձակինք ըսելու եւ հաստատելու, որ ոչ Քավանյակի եւ ոչ ապստամբներու կողմը բռնելու կամք ունեինք: Ավելի անկեղծորեն ըսենք. եթե հարկ ըլլար այս երկու կողմի մեջ ընտրել՝ Քավանյակին, քան թե ապստամբներու դրոշին ներքեւ դիմելու միտում կզգայինք…» [13]:

Պարզ եւ անկեղծ այս խոստովանությունը չի խանգարել ոմանց՝ առաջ քաշելու տարօրինակ այն միտքը, թե իբր սրանով երեւան էր գալիս /304/ Ոսկանյանի բացասական վերաբերմունքը սոսկ դեպի ուտոպիական սոցիալիզմը եւ որ իբր թե նրա մեղքը սոսկ այն էր, որ նույնացնում էր Կաբեին Մարքսի հետ… [14]: Որքան գիտենք, որեւէ հիմք չկա կարծելու, թե Ոսկանյանը որեւէ պատկերացում ուներ Մարքսի մասին: Մերժելով Կաբեին, նա փաստորեն ընտրություն էր կատարում սոցիալիստական եւ բուրժուական հանրակարգերի միջեւ՝ լիովին նախապատվություն տալով այս վերջինին: Նա մերժում էր Կաբեին՝ Կանտի իդեալիստական փիլիսոփայության եւ պրոլետարիատի ելույթից սարսափած բուրժուազիայի դիրքերից:

Դեկտեմբերի 2-ի հեղաշրջումից հետո Ոսկանյանը թեքվեց բոնապարտյանների կողմը: Այդ ակներեւ է նրանից, որ Ղրիմի պատերազմի ժամանակ նա պաշտպանում էր դաշնակիցների դիրքերը, իսկ իտալական պատերազմի ընթացքում մեծարում Բոնապարտի «ազատարար» միսիան: «Իդալիա կսիրեինք, միշտ սիրել ենք. Իդալիա իր արյունաթաթավ ճակտով միշտ երեւցած է մեզ իբրեւ կենդանի պատկեր նկուն ազգերու… Հայաստանի ավերայրյաց վիճակը իր զավակներու վրա պարտք կդնե թշվառ ժողովուրդների կարեկցիլ: Նկուն ազգերը մյուս ազգերու համակրությամբ միայն կրնան վերականգնիլ: Ո՞վ գիտե, գուցե օր մը Իդալիայի զավակ մը գերության եւ թշվառության դեմ բողոքե, ինչպես մենք իրեն համար բողոքելու զորությունը ունեցանք… Տաս տարի անցավ, եւ ահա այն դրոշը, որ վայրկյան մը կրելու պատիվ ունեցանք, Նապոլեոն Գ-ի եւ Վիկտոր- Էմմանուել Բ-ի ձեռքը կգտնվի եւ հաղթանակավ կփառավորվի պատվո դաշտին վրա» [15]:

Դատապարտելով պրոլետարիատի 1848 թ. հունիսյան ելույթը՝ Ոսկանյանը, մի առ ժամանակ անդրդվելի մնաց Հակաֆեոդալական իր դիրքերում: Նախնական իր կրթությունը նա ստացել էր Զմյուռնիայի Մեսրոպյան հռչակավոր այն վարժարանում, որ առաջինը մտցրեց աշխարհաբարը որպես դասավանդության պաշտոնական լեզու եւ առաջինը կենսագործեց ազգային լուսավորության նոր սկզբունքները: Այդ դպրոցի մասին էր ասում Գաբրիել Պատկանյանը, թե դա նոր մի Աթենք է բոլոր է սսյերի համար, հարելով , թե «միայն Իզմիրու մեջ է հայի ազգային վարժատունն, ուստի հառաջացյալ են եւ տակավին առաջանում են եւ, այսուհետեւ եւս, պիտի հառաջանան ուսումնասեր հայք, լեզվագետ հայք, իմաստասեր հայք, աստվածաբան հայք, բանաստեղծ հայք, ճարտարախոս հայք, հայկաբան հայք, ազգասեր հայք, եւ ընդհանրապես երկու աչոք լուսավորյալ հայք» [16]:

Հետագայում Մեսրոպյան վարժարանի սանը բազմակողմանի իր ըն/305/դունակություններով եւ գիտանքներով պիտի գար, կարծես, արդարացնելու «հայկական Աթենքի» այս համբավը: Ավարտելով վարժարանը՝ նա մի պահ դասեր էր տալիս հարուստ ազգականներին՝ Առաքել եւ Նուբար Նուբարյաններին: Մեկնելով Փարիզ՝ նա բաժանվեց Նուբարյաններից ոչ միայն կենցաղով եւ դիրքով, այլեւ հայացքներով: Այդ մասին ինքը պատմում էր. «Միտքով տարբեր էինք, բնակությունով հեռու կապրեինք, անոնք կբարձրանային, մինչեւ բաշաներու աստիճան կելնեին, մենք կիջնեինք մինչեւ ռամիկներու կարգը, ուր տեսանք, օր մը, ազատության սիրաբույր դեմքը, որ մեր կյանքին երազն էր մանկութենեն ի վեր» [17]: Հետագայում հրապարակախոսը կռիվ էր մղում Պոլսի ամիրաների եւ փաշաների դիրքերը մագլցող հակառակորդների դեմ: Դիմելով դրանցից մեկին՝ Ռեշիդ փաշայի քարտուղար Հակոբ Կրճիկյանին՝ հրապարակախոսը գրում էր անձնական արժանապատվության զգացումով լեցուն այս տողերը։

  «Քաղաքականության մեջ դուք թագավոր եւ նշանավոր անձերու կծառայեք, ես ազատ եմ եւ մինչեւ հիմա մարդու մ՚առջեւ ծունը չեմ դրեր: Չեք կրնար ուրանալ, փիլիսոփա էֆենդի, որ ծառայության եւ ազատության մեջ բավական տարբերություն կա եւ զմեզ անմիանալի կերպով կբաժանե: Դուք ազատ եք ծառայելու, ինչպես ես ազատ էի, եմ եւ պիտի մնամ չծառայելու… Եթե էֆենդիությունը պատվանուն մ'է ձեզի համար, անկախությունը ոչ նվազ պատվանուն է ինձի համար: Դուք ձեր էֆենդիությունը պահեցեք եւ անով ուզածնիդ չափ փառավորվեցեք, բայց մի գաք կաղաչեմ, հանուն բարեկամության, մեր անկախությանը թշնամանալու: Այս աններելի է որեւիցե մարդու եւ մանավանդ ձեզի, որ Ռեշիդ փաշային արարածներեն մեկն եք» [18]:

Ոսկանյանն ուսանողական դրոշակը ձեռքին՝ 1849 թ. հունիսին մասնակցեց Ֆրանսիայի արտաքին քաղաքականության դեմ ուղղված հակակղերական ցույցին, որի համար մոտ երկու ամիս բանտ նստեց Շանգարնիեի գործակալների վճռով: Անցնելով Պոլիս, 1853 թ. նա հրատարակեց «Ներքին համոզումն» վերնագրով մի բրոշյուր՝ ուղղված պապականության դեմ: Նույն տարում Զմյուռնիայում տպվեց նրա «Հռոմեական պարգեւ» տետրակը՝ մխիթարյան «Բազմավեպ»-ի դեմ: Այնուհետեւ գրական «դժոխալուր լեզուն» մաքրելու հետամուտ՝ սկսեց թարգմանել եւ իր առաջաբանով լույս հանել (1858 թ. ) «Թափառական հրեա»-ն որը, սակայն, խափանվեց «Հայ եզվիտների» սադրանքով [19]:

Ոսկանյանի այդ գործերը ցույց են տալիս նրա այն ժամանակվա տրամադրությունների հակաֆեոդալական-հակակղերական ուղղությունը: /306/ Հաջորդ՝ 1854 թ. Փարիզում ձեռքից ձեռք էր տրվում «Հայ երիտասարդության» անունից արած նրա գրչագիր մի ազդարարությունը՝ «Առ հայ ազգ» վերտառությամբ, ուր հայ եկեղեցու գերագույն վարչության, ազգի «պարգեւատու բարերարների» եւ «հանուր ազգի» ուշադրությունը հրավիրում էր իր շվայտ ու ամոթալի բարքովը «Փարիզի հայ եկեղեցին վարկաբեկող» եւ «մեր ազգը օտարներու առջեւ ծաղր ու ծանակ» անող Կարապետ վարդապետ Շահնազարյանի վրա: Պահանջելով, որ այդ վարդապետը փոխարինվի առաքինի մի կարգավորով՝ Ոսկանյանը գրում էր. «Եթե ազգապետներու կողմն հայկական պատիվը անարատ պահելու անհոգություն մը ցուցվի… կբռնադատվիմք, թեպետեւ ակամա, հիշյալ վարդապետին վարքը եւ բարքը հրատարակել… վասնզի մոլության վրա քող մը դնելը անոր շուրթին տակը մտնել է, որ ոչ մարդ մը եւ ոչ ազգ մը կրնա իր պատիվը անբիծ պահել… Այս պատիվը, եթե մեր արյամբը սրբել հարկ ըլլա, պատրաստ եմք…» [20]:

Այս ելույթները ցույց են տալիս, որ կղերի դեմ պայքարելու համար Ոսկանյանին շրջապատող երիտասարդության մեջ հասունացել էր արդեն հրապարակախոսական օրգան ստեղծելու պահանջ: Այդ պահանջը գոհացնելու համար է, որ 1855 թ. Ոսկանյանը հրապարակ հանեց «Արեվելք»-ը, իսկ 1859 թ. ՝ «Արեւմուտք»-ը:

  «Արեւելք»-ը եւ «Արեւմուտք»-ը արեւմտահայ լուսավորչության մարտական օրգաններն էին: «Արեւելք»-ն առաջինն էր, որ գոտեմարտվեց «Մասյաց Աղավնու» հետ եւ խափանվեց կղերամիտ այս օրգանի դեմ գրած սուր հոդվածի պատճառով, որի տպագրությունից հրաժարվել էր անգամ` ազատ մամուլի ախոյան Ճ. Արամյանը: Ոսկանյանի գրչով «Արեւմուտք»-ը գծագրում էր հայ եկեղեցականների հոռի դիմանկարները:

«Արեւելք»-ի առաջին իսկ էջերից հրապարակախոսը կռիվ էր հայտարարում արեւմտահայ հնավանդ պարբերականներին::

  «Հուսամք թե ազգը քսան տարիէ ի վեր իմաստակներու սուտումուտ գովեստի եւ անամոթ շողոքորթությունը լսելե ետեւ, քիչ մ՚ալ ճշմարիտ քննության եւ անշահասեր խրատի ականջ պիտի դնե եւ իր էական հակասությունները պիտի շտկե: Այնքան շոգմոգ գրվածքներե բան մը չբուսավ, պտուղ մը չեկավ եւ հիմա ամեն մարդ կզգա թե՝ երբ սուտ ազգասերները ազգը երկինք կհանեին, երկրի վրա իր մերկ ոտերու համար տեղ մը չկար, եւ իր անունը կամ անծանոթ էր, կամ որ ավելի տրտմալի է, վատ կերպով կհիշվեր Եվրոպայի միջեւ: «Արեւելք»-ը այն աստիճան մեղրաբերան չպիտի ըլլա, եւ քանի մը մարդերու հաճելի ըլլալու համար ճշմարտության երեսը չպիտի թքնել կամ մրոտե, այլ պիտի աշխատի, որն /307/ մեր ողորմելի ազգը իր այժմյա բուն վիճակը իմանա, եւ իր մահաբույր վերքերու դարման մը տանի» [21]:

Ոսկանյանի հրապարակախոսությունը ելնում էր բուրժուական ազատամտության սկզբունքն երից: «Ազատութենե դուրս լուսավորություն չկա, գրում էր նա» [22]: «Տիկին Սդալի հետ կհավատանք, որ միտքի անկախության կորուստը ան է, որ ամլություն կբերե» [23]: «Արձագանք Եվրոպայի լուսավորության», այս էր «Արեւմուտք»-ի ենթատիտղոսը: «Միտք եւ ազատություն, ուրկե միայն կբղխի Եվրոպայի ամեն տեսակ փառքը եւ հարստությունը», այս խոսքերով է, որ բացվեց պարբերականի առաջին համարը: Չկա ոչինչ օգուտ լուսավորությունից, եթե նրա նշույլը մնա գրվանի տակ: Ի՞նչ արդյունք կարող է լինել նրանից, եթե չկամենա հիմք ընդունել ազատությունը եւ քննադատությունը, որ ազատության անդրանիկ դուստրն է [24]: Բուրժուական ազատամտությունն ու ազատ հրապարակախոսության սկզբունքն այն կռվանն են, որին հենած՝ Ոսկանյանը հակադրվում էր կղերի գաղափարական հեգեմոնիային: «Հասարակության կարծիքը աշխարհիս թագուհին է, ըսավ հեղինակ մը, եւ կավելցենք, օրագիրն է իր աթոռը» [25], գրում էր նա:

Ոսկանյանը դրվատում էր ազգային կրթության այն սկզբունքները, որոնք ուղղված էին միջնադարյան կրթական սիստեմների դեմ: Այս տեսակետից նա արձագանքում էր այն գաղափարներին, որ արծարծում էին տակավին Աբովյանը եւ «Հյուսիսափայլ»-ը: «Բնության հակառակ կրթություն տալ, ինչպես կըսեն ոմանք, ճշմարիտ բարբարոսություն է… Ճշմարիտ կրթությունը տղային մարմինը, միտքը, սիրտը հավասարապես կմշակեն եւ անոր ապագայն կպատրաստե… Կրթությունը, ըսավ Մոնթեյն, մարդու բարոյական հիմն է: Այս հիման վրա կկենա կրոնք, լուսավորություն եւ մարդկություն, եթե այն շինծու է, մարդ հաստատ չմնար եւ ազգ մը միշտ կգլորի ուրիշ ազգերու ներքեւ» [26]:

Այս տողերից պարզ է արդեն, որ Ոսկանյանի քարոզած լուսավորությունն ինքնանպատակ չէր: Հրապարակախոսի համար դա միջոց էր «եվրոպական» հիմքերով վերակառուցվող հայրենիքի նյութական եւ քաղաքական բարեկեցության համար: «Ի վերջո հայրենասերք պիտի սթափին եւ մեր հայրենիքին զարգանալու համար պիտի ընդունին այն ամեն օրենքները, որ Եվրոպայի լույս, ույժ եւ բարօրություն կուտան» [27]: Ոսկանյանն ըմբռնում էր, որ նոր, «եվրոպական» հիմքերի վրա հայերի վիճակը կարող է բարեփոխվել ոչ միայն ազգի մտավոր եւ նյութական, այլեւ քաղաքական ազատության ճանապարհով:

/308/ Տակավին Մեսրոպյան վարժարանի սան էր Ոսկանյանը, երբ հանգել էր այն համոզումին, թե «Հայաստանեն դուրս հայերուն լուսավորություն չկա»: «Այսօր, գրում էր նա «Արեւմուտք»-ում, նույնը կկրկնենք ավելի համոզումով, վասնզի ավելի ուսում առինք եւ ազգեր տեսանք» [28]: Ազգային ինքնակողմնորոշման հրավեր կարդալով հայերին՝ Ոսկանյանը հանդես էր գալիս ե՛ւ ցարական Ռուսաստանի, ե՛ւ սուլթանական Թյուրքիայի դեմ: Կարսի պատերի տակ ռուսների կրած պարտությունը նա դիտում էր բարեպատեհ մոմենտ՝ ազգային-սեպարատիստական պայքարի կոչ ուղղելու հայերին: «Արեւելք»-ը գրում էր. «Կարս քաղաքին արի եւ անակնկալ հաղթությունը ամեն ազատասեր սիրտերու ուրախություն տվավ: Բռնասեր Ռուսիան Ասիայի մեջ ալ իր պատիժը առավ: Այրի Հայաստանին հողը սուտ եւ նենգավոր տերության պարտումը տեսավ եւ անոր զինվորներու արյունը ծծելով՝ հիմա իր վրեժը կառնու: Ազատություն խոստացավ Ռուսիայի հայերու եւ տվավ… շղթա: Եթե հայերուն քով վրիժառու վեհ ոգիի մը ստվերը կա, ասկե մեծ պարագա չի գտնվիր երեւան ելնելու եւ դաշնադիր տերություններու ետեւե զեն ի ձեռին Ռուսիայեն համար պահանջելու…» [29]:

Ղրիմի պատերազմի ժամանակ Ոսկանյանը հանդես էր գալիս վաստապես Ռուսաստանի դեմ պատերազմող արեւմտաեվրոպական պետությունների՝ Ֆրանսիայի եւ Անգլիայի ձայնատարի դերում: Օբյեկտիվորեն նա դրանով Ռուսաստանի հանդեպ պաշտպանում էր Թյուրքիայի ռազմական դիրքերը:

Այնուամենայնիվ, 50-ական թվականներին Ոսկանյանը ոչ միայն սուր քննադատության էր ենթարկում թյուրք բարբարոս կարգերը, այլեւ ազատագրական պայքարի կոչեր հղում իր հայրենակիցներին թյուրք բռնատիրության դեմ: «Հայ բազմությունը որս կսեպվի օսմանյան պաշտոնավորե. մը եւ որս… քյուրդերու, գրում էր նա: Ողորմելի հայեր, չաքալներու բերան ինկեր եք եւ ձեր հայրենակիցքը Այվազներու խնկաման շնորհելու ետեւել են տակավին: Վառոդի աման պետք է, խնկաման կպատրաստեն: Վա՜յ Հայկին թոռերը, վա՜յ» [30]:

Դժբախտաբար, ազատասիրական ջերմ բաղձանքներից զատ՝ Ոսկանյանի այդ ժամանակ գրի առած այս կամ նման տողերի մեջ զուր կլիներ որոնել ամենագլխավորը՝ թյուրքահայ ժողովրդի ազատագրական խնդիրների քաղաքական ուղիների ու հեռանկարների հստակ պատկերացում:

Ազգային ինքնակողմնորոշման կոչ ուղղելով հայերին՝ Ոսկանյանի /309/ ձգտումն էր խլել նրանց քաղաքական բախտը ազգային կղերի ճանկերից: Կղերի մեջ էր տեսնում նա հայ ժողովրդի մտավոր հետամնացության եւ նյութական թշվառության հիմնաղբյուրը: «Ստուգիվ հայ ժողովուրդը ավելի թշվառություն ունի, քան թե խակություն եւ այն թշվառության պատճառը միշտ օտարականները չեն» [31], գրում էր հրապարակախոսը:

Կղերի դեմ վարած նրա պայքարն ուղղված էր, այսպիսով, ոչ միայն կրոնի եւ եկեղեցու մտավոր, այլեւ հասարակական-քաղաքական հեգեմոնիայի դեմ ընդհանրապես: Այս նկատառումով է, որ նա այնպիսի եռանդով ձգտում էր տրոհել միմյանցից ազգության եւ կրոնքի գաղափարները: «Այլ է ազգություն, այլ է կրոնք. ազգությունն է միություն սեռի եւ կրոնքը՝ ներքին համոզումն մասնավոր մարդու եւ բազմության»: Մեկնելով այս սկզբունքից՝ Ոսկանյանը գրում էր. «Լուսավորվելու ուրիշ թեություն մըն է հավատքի միությունը ազգության կապ չդավանիլ եւ հետեւաբար, քաղաքական կամ ազգային խնդիրը կրոնական անլուծելի խնդիրներեն բաժնել… Երբ հեռվեն կդիտենք հայ բազմության մը պառակտումը եւ կույր շարժումները… երբ կզգանք մտական խաբին այն դառն արդյունքը, որ բոլոր սերունդ մը ապականել կսպառնա, քիչ ուրախություն չէ մեզի համար ուրիշ կողմե լսել, որ կան դեռ հայեր, որք իրենց նախահոր ավանդությունը անարատ կպահեն եւ հայկական սիրտով կսիրեն միտքի ազատությունը, որք հայրենիքի սերը կրոնի սերին չեն զոհեր եւ գիտեն մեկին ծառայել եւ մյուսը պաշտել անկախորեն» [32]: Կրոնի եւ մտքի ազատությունը Ոսկանյանը համարում է լուսավորության հիմք [33]: Մյուս կողմից, հայ ազգային կրոնքի, մտքի ու խղճի ազատությունը նա կապում է ազգային-քաղաքական ազատության եւ անկախության գաղափարի հետ. «Ազգը կրոնքի ներքո դնել զայն ուրանալ է, վասնզի միութենե դուրս ազատություն չկրնար հաստատվիլ եւ հայք երեք կրոնք ունին…» [34]: «Թող մեզ անհավատ ըսեն սեւերես թշնամիք. ազատության հավատալ, ճշմարիտ աստվածը պաշտել է…» [35]: «Կրոնավորները բավական երկնային փառք տվին մեզի, քիչ մալ երկրային անուն շահելու է»:

Աչքի են ընկնում, մանավանդ, Ոսկանյանի հոդվածները՝ ուղղված մխիթարյանների դեմ: «Հարյուր հիսուն տարի է, գրում էր «Արեվելք»-ը, որ մխիթարյանք Եվրոպայի ամենեն հետադեմ տեսիլները կհավաքեն եւ իրենց միտքը հռոմեական թթվաշ խմորով տոգորել կաշ/310/խատին: Հարյուր հիսուն տարի է, որ պատմությունը, փիլիսոփայությունը, գրագիտությունը կնենգեն անոնք իրենց գիրքերու մեջ եւ հռովմեական որոմն ափնալիր կցանեն հոն. հարյուր հիսուն տարի է, որ գործքով, խոսքով եւ գրվածքով մոլար ճամփա մը ցույց կուտան անոնք եւ ռամիկը համոզել կջանան, թե ճշմարտության արահետն է այն հարյուր հիսուն տարի է, որ մեր ազգը միտքով եւ կարծիքով հռովմեական է եղեր եւ տեսական խնդիրներու մեջ մխիթարյան սեւերեսներե չի տարբեր իր ամենեւին» [36]:

1859 թ. Ոսկանյանը Փարիզի իր համախոհների շրջանում արծարծում էր այն միտքը, թե կրոնքն ու եկեղեցին դադարել են հայերի ազգային միության հիմքը լինելուց, եւ որ կրոնքով պառակտված ազգը անհնարին է միավորել ընդհանուր դրոշի տակ: «Համոզված էինք, պատմում էր նա, թե կրոնքը ավելորդ, չըսենք նեղություն է մեր դրոշին, որ ազատութենեն ուրիշ դրոշ մը չէ կրեր երբեք: Համոզված էինք թե ողորմելի ժողովուրդի մը ապառնի վիճակը հավատքով չպատրաստվիր» [37]: Ոսկանյանը ձգտում էր ստեղծել աշխարհական միություն, քաղաքական հատուկ կազմակերպություն կամ ընկերություն եւ դրանով լուծել ազգային խնդիրը: «Մեծ սրատեսություն պետք չէր դիտելու համար, որ ուրիշ օրերու մեջ կապրինք եւ կրոնքի միությունը խզվելեն ետեւ զորություն չկար, որ զայն նորեն կապեր: Եթե ազգասիրության փոքր կայծ մ՚ունեին՝ կրոնավորներուն առջի պարտքն էր ուրեմն եկեղեցվո բակը ամփոփվիլ, բարոյականին վսեմ զենքով ժողովուրդը պատրաստել եւ մեր թեւերն ու միտքը ազատ թողուլ, որ ուրիշ զենք առնուն բարբարոսության դեմ… Կրոնավորք ոչ միայն զայս չըրին, այլեւ թող չտվին, որ ուրիշներն ընեն: Պատգամ եղան ամեն բանի, նաեւ կրթության, զոր չեն առեր, բարոյականին, զոր չեն կատարեր, փիլիսոփայության, որու անունը միայն լսեր են… Այո՛, մեր ընկերությունը չծնած մեռավ» [38]: «Սա աբեղաներին հաճելի ըլլալու մտքով» Ոսկանյանն աշխատել էր չհորդորել, որ նոր կազմելիք ընկերությանը միանան 40-ական թվականներին կազմակերպված եւ դավանական խտրություններ մերժող՝ Զմյուռնիայի Սյունյաց եւ Պոլսի Համազգյաց ընկերությունների բեկորները: Այնուամենայնիվ, կղերից ավելի վստահելի չեղան նույնիսկ այն ազգայինները, որոնց վստահել էր Ոսկանյանը. «Երեւակայեցինք վայրկյան մը, որ համոզվեցան, եւ ավելի աշխույժով, քան թե զգուշությամբ սկսանք մեր նպատակը հայտնել հրապարակավ: Մեր անզգուշությունը զենք տվավ դժոխային քսության մը» [39]:

Կրած անհաջողությունը վերջ է տալիս հրապարակախոսի ազգա/311/յին-քաղաքական գործունեությանը, բայց ոչ համոզումին: «Բռնություննը, համոզված էր նա, երկար կյանք չունի այն պատճառով, որ սաստկություն է: Սաստկության շունչը կնմանի բնության մրրիկի, որ եթե շուտով չանցնի, հետեւություն ունի ավեր եւ թշվառություն , մահ եւ բեկոր…» [40]: «Մեր համոզումը, գրում էր նա, իր փտուն զենքերը կանգոսնե եւ ազգին վնասը տեսնելով ավելի կտրտմի, քան կզղջա: Ինչպես տաս տարի առաջ, ինչպես պ. Հ. Կրճիկյանի առջեւ, ինչպես կարծված բարեկամներու քով, մեր դիտավորությունն անփոփոխ կմնա: Անով կփափագեինք, կրոնավորներե հեռու, ազգին ծառայել: Հոնկե դուրս մեր հայությունն ամուլ է Հայաստանի ավերակներու համար: Կրնանք ըսել պայծելով, թե մեր պարտավորությունը կատարեցինք ամեն խղճով: Վերջին փորձ մ՝ ընելու ելեր էինք գուցե թեթեւապես, այլ ոչ իմաստակորեն, ինչպես ըսավ իժաբարո ուրացող մը։ Չհաջողեցավ: Եթե գոհ չենք, գանգատելու եւս կամք չունինք: Կդառնանք հառանձնություն, եւ կշարունակենք ծառայել օտարին…» [41]:

Շատ բան մութ է մնում ընդարձակ այս մեջբերումներից հետո անգամ: Հոդվածի մեջ նշված Կրճիկյանը Ռեշիդ փաշայի մարդն էր եւ միաժամանակ մեկը Այվազովսկու բարեկամներից` Ներսես Աշտարակեցու մահից հետո նա գրում էր Հովհաննես Հովնանյանին, թե տաճկահայերը Այվազովսկուն են համարում արժանավոր հաջորդ [42]:

Կարելի է կռահել, թե քսության հեղինակը Կրճիկյանն էր կամ նրա մարդկանցից մեկը, որ աճապարել էր այս ձեռնարկության մասին տեղեկացնել Փարիզի թյուրք դեսպանին: Ոսկանյանն ակնարկում է, որ տխուր դեր է կատարել այս ամենի մեջ նաեւ Փարիզում ապրող Կ. վ. Շահնազարյանը: Այդ մասին են վկայում Ոսկանյանի տողերը. «Տասնըեւչորս տարիէ ի վեր կպոռանք որ կրոնքի մը զինվորը չկրնար անկախության եւ ազատության զինվոր գրվիլ, առանց կրոնքը վտանգի մեջ դնելու եւ ազգային խնդիրը բոլորովին շփոթելու… Եվ Պոլսի հայերը կարծես թե կամավ ամեն օր հավատքի կռիվ մը կհարուցանեն եւ կրոնավորներու պոչեն կուզեն կախվիլ նաեւ Մոլիեռի հայրենիքին մեջ: Թող մնան հոն եւ օրորվին կույր եռանդին մեջ Այվազե դեպի Շահնազ եւ ասոնցմե ալ դեպի նոր սեւագլուխներու կողմը երթեւեկելով» [43]:

Ոսկանյանը, անշուշտ, հետաքրքրական երեւույթ էր արեւմտահայ հրապարակախոսության մեջ: Որչափ հայ կյանքում տիրող էին տակավին նախաբուրժուական հարաբերությունները եւ սրանց համապատասխանող /312/ կղերա-աղայական գաղափարախոսությունը՝ հայ իրականության մեջ Ոսկանյանին վերապահված էր պրոգրեսիվ դեր, չնայած, որ նրա պաշտպանած բուրժուական ազատամտությունը Եվրոպայում կորցրել էր արդեն վաղեմի իր նշանակությունը: Անդրադառնալով 50-ական թվականների նրա գործունեությանը՝ Եղիա Տեմիրճիպաշյանը գրում էր նրա մասին. «Ստեփան Ոսկանին անունը հիշողությունս կհամագրավե ժամանակէ մը հետե: Այն թվականին իր միտքն ավելի հստակորեն հայտնող մարդ չկար, եւ կարծեմ թե գանգատուփի մը մեջ ալ այնքան միտք չկար այն թվականին» [44]: Ուսուցչով հափշտակված աշակերտն այստեղ ակնբախորեն անգիտանում է թեկուզ հենց Ոսկանյանի նշանավոր համաքաղաքացիների եւ ժամանակակիցների՝ Մ. Մամուրյանի, Գ. Կոստանդյանի եւ Գր. Չիլինկիրյանի գոյությունը: Այնուամենայնիվ, մինչեւ Նալբանդյանի բեմելը ոչ մեկը հայ հրապարակախոսներից պայքարի դաշտ չէր իջել Ոսկանյանի մարտական շռինդով: Ոչ ոք դրանցից չէր բանեցրել տիրող հեղինակությունների եւ գաղափարախոսության դեմ «Արեւելք»-ի եւ «Արեւմուտք»-ի խմբագրի սուր գրիչը:

«Երեք գլխավոր պակասություն կա մեր աշխարհաբար լեզվի մեջ, գրում էր Ոսկանյանը, խորթ բառերի շատություն, նշանակության անհաստատություն եւ արմատներու անհեթեթ բարդություն: Այս ետքինը մանավանդ, անտանելի է, եւ եթե հոգ չտարվի՝ մեր գրականության փշալի դաշտը վայրենի անտառ պիտի ձեւանա եւ ճաշակի գիտությունը (esthétique) պիտի խեղդե» [45]: Իր՝ Ոսկանյանի լեզուն աշխարհաբարի մեջ նրա նկատած թերությունների հաղթահարման լավագույն փորձերի շարքին կարելի է դասել: Նրա թեթեւ, պարզ, դիպուկ, կարճաբան եւ պատկերավոր ոճը, նրա աֆորիզմների հանգող մտածելակերպը, համարձակ, կտրուկ, շանթահարող եւ թունացայտ նրա գրիչը մեզանում գերազանցեց միայն Նալբանդյանը: Ոսկանյանի վրիպումներն անգամ հուզում էին պայքարի կրքեր. «ողորմելի հայեր», «պարզամիտ հայեր», «գռեհիկ հայեր», «զեւզէկ հայեր» կամ «դդում գլուխ», «որդնոտ խելք», հակառակորդների մասին այս լեզվով էր խոսում հաճախ Ոսկանյանը: Պոլսի լրագրերից մեկը որակեց նրան որպես «անարգ եւ մոլեռանդ օտարազգի», կոչ անելով «այրել, մրկել, փոշի դարձնել» նրա «դժոխային, անիծյալ թերթը»: Պատասխանելով ջարդարար կոչին՝ Ոսկանյանը գրում էր. «Բանադրանքի սպառնալիքը մտքերնուս ներքեւ դրինք, հրաբուխ սպառնալիքին վրա կթքնենք: Մեր լրագրի փոշին օր մը մեզի ավելի պատիվ պիտի ընե, քան մեր դույզն ու պակասավոր աշխատասիրությունը: Թյուրքերը գրատուն մ՚այրեցին բաղնիք տաքացնելու համար: Թյուրքի հպատակ պոլսեցի /313/ քանի մը հայեր օրագիր մը կայրեն իրենց կատաղությունը մարելու համար: Կերեւի թե լուսավորչականք բավական լույս չունին եւ կրակի տրված օրագիրներու լույսով կուզեն լուսավորվել» [46]:

Փարիզի ազատամիտ հրապարակախոսը թշնամի չէր ո՛չ կրոնի, ո՛չ քրիստոնեության եւ ո՛չ իսկ հոգեւորականության, որչափ դրանք կանգնում են «բարոյականության» ու «մարդասիրության» գետնի վրա եւ ընդառաջում մարդկանց «աշխարհական գոյությանը»: Նշավակելով հայ կրոնավորներին՝ նա ասում էր, թե «կրոնավոր» բառը իր գրչի տակ ունի «մասնավոր նշանակություն» եւ «չվերաբերիր հայ քահանաներու, զորս կսիրենք եւ որք կրնան մեծ ծառայություն ընել ժողովրդին»: Ժողովրդի եւ լուսավորության համար հրապարակախոսը ինքն օգնության հորդոր չի ուղղում իրեն՝ ժողովրդին: Այդ նպատակների իրագործման համար նա ակնկալող Հայացք է ուղղում համախոհ ունեւորներին: «Ընդհանրապես խոսելով, գրում էր նա, շատ քաղաքակիրթ ազգերու լուսավորությունը վերեն վար կծավալի եւ ազնվականին հսկում եւ մշտական արդյունքը հասարակության համար են» [47]:

«Արեւելք»-ի հրատարակությանը նյութական օժանդակություն էին խոստանում Զմյուռնիայի ունեւոր երիտասարդները՝ ազատամիտ Հ. Յուսուֆյանը, Ա. Ապրոյանը, Գ. Կոստանդյանը եւ ուրիշներ: Զմյուռնիայի հետ հարատեւող կապերի հետեւանքով էր, որ 60-ական թ. թ. երկրորդ կեսում Ոսկանյանը ստանձնեց իր alma mater-ի՝ Մեսրոպյան վարժարանի ղեկավարությունը: «Նորա Զմյուռնիո դպրոցը, գրում էր Ե. Տեմիրճիպաշյանը, որուն ներգործությունը կրեցինք, իր աշակերտը եւ իր հետեւողը եղավ» [48]: Հավանորեն «Արեւմուտք»-ը եւս տարածվում էր գլխավորապես զմյուռնիացիների մեջ: Սըվաճյանի «Մեղու»-ն տպեց Ոսկանյանի մի ծաղրանկարը, որի իմաստն այն էր, թե նրա պարբերականը չեն կարդում Պոլսում [49]: «Արեւմուտք»-ի գոյությունը կախում ուներ Փարիզի մի շարք համակիրների առատաձեռնությունից: Սրանցից մեկը Թյույսյուզյանն էր, որին Կոմս Էմմանուելը հանձնարարում էր ժամանակին այսպես «ազգասեր հայի»: Սակայն այդ «ազգասիրությունն» ուներ, ինչպես երեվում է, խիստ որոշ իր սահմանը: Ոսկանյանի ազատամտությունը եւ նրա դեմ բարձրացած աղմուկը լցրին Թյույսյուրյանի «ազգասիրության» չափը, եւ գրականությամբ զբաղվող ու գրականությունը հովանավորող այս առեւտրականը սեղմեց նպաստամատույց քսակի բերանը: Նման վերաբերմունք ունեցավ դեսլի «Արեւմուտք»-ը նաեւ Ճանիկ Արամյանը, որի /314/ տպարանում լույս էր տեսնում թերթը: Արամյանը չէր գոցում իր տպարանի դռները նույնիսկ այն կարգի հրատարակությունների առաջ, որոնց ուղղությունը չէր բաժանում անձնապես: Տպագրական բաց դռների պաշտ սլան հանդիսացավ նաեւ «Փարիզ» թերթը, որի հրատարակիչն էր Արամյանը եւ որի լիբերալ-պահպանողական բարեխառնված նկարագիրն ըստ ամենայնի համապատասխանում էր տպարանատիրոջ հայացքներին [50]: Ժամանակին «Փարիզ»-ը բողոքեց «Մեղվի», «Մյունատի»-ի, «Ծադիկ»-ի եւ «Հյուսիսափայլ»-ի դեմ հանված հալածանքի եւ նրանց խափանմանը հետամտող ռեակցիոն տարրերի դեմ: Անկարող եղան հանդուրժել Արամյանը եւ նրա օրգանը միայն Ոսկանյանի հրապարակախոսական տոնը, «պատկառելի անձանց խնդիրներով զինել»-ը, «լրբությամբ եւ ժպրհությամբ մալակոնել»-ը: Այս մասին «Փարիզ» թերթում իր արած հայտարարության մեջ սահմանազատվելով Ոսկանյանի գործադրած պայքարի մեթոդներից՝ Արամյանը գրում էր. «Թող գիտնա հասարակություննը, որ մեր տպարանն ազատ պիտի կենա. բայց չենք ուզեր հայհոյությանց եւ ազգատեցությանց գործիք դարձվիլ, նույնպես եւ պատվելի անձանց թշնամի, որոնց կարգը եւ կարիքը մեզի չափ ճանաչող քիչ կա» [51]: Արամյանի դիրքավորման մեջ կար որոշ հետեւողականություն: Ժամանակին նա հանդիսացել էր նաեւ «Արեւելք» օրագրի խափանման հեղինակներից մեկը: Ոսկանյանի եւ Նալբանդյանի արած մի շարք ակնարկներից կարելի է կարծել, թե ինչպես այն ժամանակ, նույնպես եւ «Արեւմուտք»-ի տպագրման ժամանակ Արամյանը նահանջ էր կատարում ազատ գրատպության սկզբունքից՝ տեղի տալով Այվազյան— Գալֆայան կլիկայի եւ հավանորեն նաեւ Կրճիկյանի ու Կ. վ. Շահնազարյանի կողմից կազմակերպված օղակմանը: 1859 թ. աշնանը ժամանակավորապես դադարեց «Արեւմուտք»-ի հրատարակությունը [52]:

Ժամանակակից մամուլը թեր եւ դեմ գնահատումներ տվեց Ոսկանյանի հրապարակախոսությանը: Խանդավառ վերաբերմունք ունեցան դե/315/պի նա Զմյուռնիայի սակավաթիվ համախոհները: «Կան հին մարդիկ, գրում էր 1865 թ. Մ. Մամուրյանը, որ ներկային, ապագային մեջ հավիտյան կապրին, ասոնք տիեզերական սեփականություն են. ծննդյան եւ վախճանման վկայագիր չունին: Կան նոր մարդիկ, որ դիակներու հետ կապրին, ասոնք կենդանյաց ցեղեն են: Առ մեկ ձեռքդ, «Արեւելք», եւ մյուս ձեռքդ «Երեւակ» կամ «Արշալույս»: Չես փնտրեր, թե պ. Ոսկանը քանի՞ տարեկան է, կամ թե պ. Չամուռճին եւ պ. Պալդազարը քանի՞ ճերմակ մազ ունին իրենց գլխին վրա: Գիտես արդեն, որ ամենքն ալ ժամանակակից են: Սակայն բաղդատե անոնց գրվածքը՝ հանճարի, գրչի, սկզբունքի ինչ ահագին անջրպետ կգտնես մեկ կողմ են «Արեւելք»-ին եւ մյուս կողմեն «Երեւակ»-ին եւ «Արշալույս»-ին մեջ: Ոսկանը քանի մի դար դեպ առաջ կապրի, Չամուռճին միջին դարու մեջ, Պալդազարը քսանամյա հնությամբ կպարծի: Արդ՝ արդի ժամանակը կամ պատմությունն այս տարբեր ժամանակի մարդիկն ի՞նչպես պիտի համաձայնեցնե» [53]: Մի տարի անց, նույն Մամուրյանը, ողջունելով Զմյուռնիայում Ոսկանյանի հայրենադարձը՝ գրում էր. «Ոսկանին գալուստը նշանավոր դեպք մ՚է մեզի համար եւ անոր տրված պատիվը թեեւ պզտիկ քաղքի մը շշուկը՝ բայց նշանակության արժանի: Զմիռ եթե քաջ չճանչներ գեթ ճանչել կկեղծել այն հանճարն, որ օտարին ազատության սուրը քաշեց, ազգայնության պաշտպան դրոշակիրը կանգնեցավ անվեհեր եւ հայրենյաց համար գրեց եւ հառաչեց, այն հանճարը, որ փառք ու նշան զոհեց, մեծատունին տված ոսկին երեսին նետեց, մատնիչին ձեռքը կտրեց, հայ ճիզվիտներու դիմակը խորտակեց եւ հայրենյաց համար լացավ: Իսկ հայրենիք անոր անձնվիրության փոխարեն ի՞նչ ըրավ. անզգա կեցավ, անըմբռնելի եւ կրակոտ է այն գլուխն, ըսավ, եւ կերպով մը թշնամիին ձեռքը զենք տվավ» [54]:

Զմյուռնահայ ազատախոհ երիտասարդության դրական այս գնահատականի դիմաց հրապարակի վրա կա նաեւ պոլսահայ «բարեխառնյալ»-ների բացասական գնահատականը:

Ամենից հանգամանորեն դուրս եկավ «Արեւմուտք»-ի դեմ լիբերալ-պահպանողական «Մասիս»-ը, որ գրական ժամադրավայր էր ամիրայության եւ պատրիարքի մենատիրական հավակնությունները սանձել կամեցող գրողների համար: Զրպարտություններով լեցուն մի հոդվածում «Մասիս»-ը թվարկում էր Ոսկանյանի չգործած հանցանքներն ու չկրած պատիժները: «Մասիս»-ի խմբագիր Ութուճյանը, որ մեկն էր 1848–49 թ. թ. Փարիզի բանվորական բարիկադները դատապարտող արեւմտահայ բուրժուազիայի գաղափարախոսներից, Ոսկանյանի քարոզած բուրժուական /316/ ազատամտության մեջ նշմարում էր «աշխարհակործան քոմյունիզմի», ուրվականը: «Արեւմուտք»-ի ընդմիջման ժամանակ «Մասիս»-ում հրապարակ եկավ նրա մասին արեւմտահայ գրականագետ, «պուետ» եւ էկլեկտիկ մտածող Խաչատուր Միսաքյանը (1845-1891): Միսաքյանը պատկանում էր պոլսահայ աղայական դասի եւ լիբերալ բուրժուազիայի արանքում դեզերող մտավորականների թվին: 1848-1871 թ. թ. նա ապրում էր Փարիզում: 1858-1861 թվականները «բեղուն» այն տարիներն էին, երբ նա երեւան էր գալիս «Մասիս»-ի էջերում Փարիզից հղած իր բանաքննություններով ու հրապարակախոսական հոդվածներով: Նրա այս կարգի գրվածքների մասին էր ասում Պարոնյանը, թե Միսաքյանը «խոսքերու վարսավիրա մ՚է, որ ասդիեն անդիեն խոսքեր հավաքելով՝ զանոնք կսանտրէ, կկոկե, անուշաբույր յուղերով կօծել եւ հրապարակ կհանե, եւ երկու տողով հասկանալի բան մը յուր գրչին տակ երկու էջի մեջ անհասկանալի կըլլա» [55]: Հարկավ, հակառակ կարծիքի էին նրա մասին ուրիշները: Վեր հանելով նրա այդ տարիների գրականության «հսկա եվրոպական ոճը»՝ Մրմրյանը համեմատում է նրան անգլիական պատմաբան Մակոլեյի հետ, «որուն անգլիական լայն լրջության տեղը բռնած է պողպատի համեստ զգոնություն մը, հայ՝ բարեխառնված ֆրանսիական կրակ զվարթամտությամբ» [56]: Արդյոք իրական ի՞նչ հիմք էր ունեցել հայ «պուետին» եւ անգլիական բուրժուազիայի նշանավոր պատմաբանին համադրելու համար՝ մեզ անհայտ է: Ինչ վերաբերում է Միսաքյանի ֆրանսիական զվարթամտությանը, դա արդեն խիստ մռայլված էր հետագայում: Հունիսյան ապստամբությունը բավականաչափ խառնել էր «պուետի» տրամադրությունը, իսկ Փարիզի կոմունան իսպառ խանգարեց նրա հոգու հավասարակշռությունը. իր կյանքի վերջին երկու տասնամյակները Միսաքյանն ապրեց՝ դատապարտված մելամաղձության ու մարդախուսության:

Միսաքյանը սարսափով եւ ատելությամբ էր արտահայտվում կոմունիզմի մասին [57]: Բայց միայն կոմունիզմը չէ, որ դառնացրել էր մթախոս Միսաքյանի միտքը: Նրան վրդովմունք էր պատճառում նույնիսկ բուրժուական սահմանափակ այն ազատամտությունը, որի դրոշակը պարզում էր «Արեւմուտք»-ի խմբագիրը:

Միսաքյանի մասին գրած մի ոտանավորում Ոսկանյանը բառախաղով դարձրել էր նրան «մի սագ ապուշ», որի գործն է լողալ, սողալ եւ անդադար ձայներ հանել անարդար: «Պուետի» հակառակորդները հետագայում երգ էին շինել այս ոտանավորը՝ շեշտ դնելով «մի սագ»» բառախաղի վրա:

/317/ Հատկապես հենց Ոսկանյանի մասին արած նրա դատումները բացահայտում են «պուետի» մութ իմաստաբանության բանալ էությունը: Նրա աչքում ազատամիտ հրապարակախոսը այլ ինչ չէր, քան խռովահույզ զրախոս, որ լորձունքոտ խածվածներով, ժահրոտ իր գրչով ու կռվաբանությամբ կամենում է պատվաստել հայերի մեջ կարմիր հասարակապետականություն [58]: Միսաքյանը վրդովված է առանձնապես Ոսկանյանի այն խոսքերից, թե «Հայք ազգություն չունին եւ զեւզեկներուն ազգ ըսելը պետք չէ, որ խաբե զիրենք» [59]:

Հայոց ազգի բարոյական կապը գտնելով լեզվի եւ կրոնքի մեջ, Միսաքյանը եզրակացնում էր, թե ազգը կա՛մ պիտի վերահաստատի նախկին կրոնական միությունը, կա՛մ թույլ տա, որ ամեն ոք «իր կրոնքին հավատա, իր կրոնքը սիրե ազատաբար, եւ հրապարակավ ալ՝ առանց իր կրոնքն ուրանալու՝ իր ազգայնությանը հավատա եւ իր ազգայնությունը սիրե անարգել» [60]: «Մեկն ազատ է խոսելու, մյուսն ազատ է լսելու. պակաս գիտցողն ավելի գիտցողին ավարն է: Մեկը պահպանելու համար մյուսը կորուսանելը ոչ քրիստոնեական, ոչ բարոյական, ոչ մարդկային, այդ կարմիր հասարակապետության սկզբունք է, եւ հայոց եկեղեցին, Վիեննայի վերապատվելիներուն վկայությանն ալ հակառակ, ուրիշի հավատքին դեմ ոչ պատերազմ բացած է երբեք, եւ ոչ հալածանք հարուցած: Անոր դրությանը չի հավնող եւ չիմացողը ազատ է գլուխն առնելու եւ ուզած տեղը երթալու եւ ոչ բնավ անոր մեջ դատաստան ու պատուհաս հաստատելու» [61]:

Հարկ կա՞ ասել, որ արեւմտահայ համբավված «պուետը» պարզապես բախում էր բաց դռներ: Ոսկանյանը չէր մերժում հայերի ազգությունը, ոչ էլ քարոզում նրանց անկրոնություն կամ կրոնական անհամբերողություն: Նա միայն տրոհում էր իրարից կրոնն ու ազգությունը եւ հարձակում գործելով կրոնավորների վրա՝ պահանջում որ սահմանափակվեն «հոգու փրկության» խնդրով, ձեռք քաշեն ազգային լուսավորության եւ ազգային քաղաքականության գործերից: Կրոնքի փոխարեն իբրեւ ազգության որոշիչ գործոն նա առաջ էր քաշում ընտանիքի դերը: «Ընտանիքը փոքր հայրենիք է, գրում էր Ոսկանյանը, եւ եթե հոնկե քաղաքացիք չելնեն, իզուր մեծ հայրենիքի տեսիլով կերազեն ոմանք… Վտարանդի հայություննը ընտանիքով եւ կրոնքով պահվեցավ: Կրոնքը, ուրացողի մատնությամբ, թշնամի պետության մը գործի է այսօր, եւ որովհետեւ իր առջի միությու/318/նը չունի եւ երեք ներհակ աղանդե կբաղկանա, Թորոսներու պես կույրեր միայն անկե ակնկալություն կսպասեն… Կմնա ընտանիքը, այսինքն առտնին իշխանությունը, որ կստեղծե քաղաքացի» [62]: Մասնավորապես, նրա պայքարը կաթոլիկ եւ բողոքական միսիոներների դեմ՝ պայքար էր հօգուտ ազգային կոնսոլիդացման եւ ուղղված էր արտաքին-քաղաքական այն ազդեցությունների դեմ, որոնց գործիքն էին մեղապարտ հոգիների այդ փրկիչները: Սակայն ուղղելով կրոնական համբերողության սկզբունքը «կարմիր հասարակապետականության» դեմ, Միսաքյանը կամենում՝ էր հենց դարձնել կրոնն ու կրոնավորությունը ռեւոլյուցիայի դեմ պայքարելու ազգային-քաղաքական զենք: Եվ սրա մեջ էր հենց նրա քարոզած «համբերողության» ռեալ իմաստը:

* * *

Մինչեւ 1859 թ. իր արտասահմանյան ուղեւորությունը Նալբանդյանը անձնական ծանոթություն չուներ Ստ. Ոսկանյանի հետ: «Հյուսիսափայլ»-ի 1859 թ. փետրվարի համարում տեղեկանք տպելով «Արեւմուտք»-ի մասին՝ Նալբանդյանը գրում էր. «Հրատարակողներից մինը, պ. Յ. Ոսկան, ունի բանաստեղծական ճոխ քանքար» [63]: Ակներեւ է, որ այս տողերը գրելիս Նալբանդյանը ծանոթ չէր «Արեւմուտք»-ին եւ նույնիսկ շփոթում էր նրա խմբագրին գրականագետ Հակոբ Ոսկանի հետ: Հետագայում Կոմսի «Հիշատակարան»-ը ողջունեց «Արեւմուտք»-ի ուղղությունը, կղերի եւ ընդհանուր հակառակորդի՝ Այվազովսկու դեմ տարած նրա պայքարը: Կոմս Էմմանուելը որակում էր Ոսկանյանին «քանքարավոր», «ազատախոհ», «ուսումնական» եւ այլ մակդիրներով, նշավակելով «հայ եզվիտների» նրա դեմ հանած հալածանքը: Անդրադառնալով այն հետապնդումներին, որոնց ենթակա էր «հայ եզվիտների» մամուլի եւ հասարակական կարծիքի կողմից Ոսկանյանի «Արեւմուտք»-ը՝ նա գրում էր. «Մենք գիտենք մի ազատախոս հեղինակի վիճակը անկիրթ ազգի մեջ. այդպիսի հեղինակը ոչ թե միայն պիտի կուրծք մաշե, աչքի լույսը թափե ազգին նոր գաղափարք տալու համար, այլեւ պիտի տանի այն եւս սեւ բամբասանքներին, որ անխորհուրդ խավարասերքը անշուշտ ուղղելու էին մի այդպիսի հեղինակի վերա: Ասիացին չի կարող մերկանդամ տեսանել ճշմարտությունը. Իզիսը պիտի քողով ծածկվի միշտ եգիպտացու աչքից: Այս պատճառով ես տեսնում ենք զանազան խլրտմունք եւ թշնամական հարձակմունք Արեւմուտքի թե հիմնադրերի եւ թե շարագրողի ջանքը եւ աշխա/319/տանքը ունայնացնելու համար» [64]: Աննշան մի երկու դեպքում Նալբանդյանն ուղղակի արձագանքում էր Ոսկանյանին. այսպես, երբ Ոսկանյանի «Կնդուկ Գաբրիկի»-ից հետո գրում էր իր «Կնդուկ պոչատ»-ը, կամ երբ որակում էր վարդապետին «Այվազ», «պ. Գ. Այվազովսկի», «գիշերադեմ», «ուխտադրուժ» անուններով ու ածականներով, որ գործադրվել էին նախապես «Արեւմուտք»-ի էջերում:

Հայտնե՞լ էր Նալբանդյանը «Արեւմուտքի»-ի խմբագրին գրական-հրատարակչական իր մտադրությունների եւ, մասնավորապես, «Հյուսիսափայլ»-ը արտասահման փոխադրելու մասին՝ չգիտենք: Այսքանը միայն հայտնի է, որ 1859 թ. ապրիլին Փարիզում հանդիպելով Ոսկանյանին՝ Նալբանդյանը նույն տարվա մայիսին Բրյուսելից երկու նամակ ուղարկեց նրան «Արեւմուտք»-ում տպելու համար: Անհայտ պատճառով՝ ուղարկված նյութերը լույս չտեսան: Իր «Հիշատակարան»-ի հոդվածներից մեկը Կոմսը ենթադրում էր նվիրել «Արեւմուտք»-ի ընդհանուր տեսությանն ու գնահատությանը: Վերադառնալով Ռուսաստան՝ Նալբանդյանը ենթադրում էր գրել «Արեւմուտք»-ի վախճանի եւ Միսաքյանի հոդվածների, ինչպես նաեւ Արամյանի՝ Ոսկանյանի դեմ ունեցած ելույթի մասին: Այդ նպատակով ենթադրում էր հավաքել-բերել արտասահմանից «Արեւմուտք»-ի համարները, իսկ Պետերբուրգից ուղարկեց Ոսկանյանին «բողոքի» հավաքական մի գրություն՝ «Արեւմուտք»-ի խափանման կապակցությամբ [65]:

Սակայն «Արեւմուտք»-ը չզետեղեց կամ ավելի ճիշտ՝ չժամանեց զետեղել Նալբանդյանի նյութերը նաեւ այս անգամ. «Արեւմուտք»-ի մի համարում հաղորդվեց միայն, թե Ռուսաստանից ստացված է երկու բողոքագիր՝ «ազատամիտ եւ ուսումնական ազգայիններն ստորագրյալ»: «Արգո ստորագրողքը, հարում է թերթը, կբողոքեն «Արեւմուտք»-ի վերայ Տաճկաստանի մեջ տարածված թշնամական լուրերուն դեմ» [66]:

Ոսկանյանի եւ Արամյանի օգտին Նալբանդյանի ունեցած գրական ելույթները հիմք չեն տալիս պնդելու, թե նրանք Նալբանդյանի «Համախոհներն» էին կամ «Փարիզի նրա ընկերները» [67]:

Նալբանդյանը պատեհություն ունեցավ անդրադառնալու Ոսկանյանի շոշափած հայացքներին եւ ձեւակերպելու դրանց մասին նաեւ իր դեմընթաց կարծիքները: Այսպես, կանանց հարցի մասին եւ Ղրիմի պատերազմի վերաբերմամբ, կրոնի եւ բարոյականության խնդրում, «Վերք Հա/320/յաստանի»-ի գնահատականի խնդրում եւ այլն: Հիմնականում, 50-ական թվականներին ազատամիտ Ոսկանյանը վերջակետ էր դնում այնտեղ։ ուսկից սկիզբ էր առնում Նալբանդյանի հետեւողական-դեմոկրատական հրապարակախոսությունը: Հասարակական-քաղաքական հարցերում Նալբանդյանը հանգելու էր Ոսկանյանին անհաս ռեւոլյուցիոն-դեմոկրատական սկզբունքների։ Նա ակոսելու էր ավելի խորը եւ միտելու ավելի հեռուն: Ազգի ազատագրման հեռանկարները նա չէր կապելու Բոնապարտի կամ Քավուրի, այլ Մաձձինիի եւ Գարիբալդիի, Գերցենի եւ ռուս ռեւոլյուցիոն այլ գործիչների գլխավորած շարժումների հետ: Միշտ ավելի եւ ավելի նկատելի պիտի դառնար անջրպետը Նալբանդյանի քարոզած հեւոլյուցիոն-դեմոկրատական խոր ու լայնահուն հայացքների եւ Ոսկանյանի ջատագոված բուրժուական սահմանափակ ազատամտության միջեւ:

Գրչի եւ խոսքի մարդ լինելուց առաջ Նալբանդյանը, նախ եւ առաջ, շարժման պարագլուխ էր՝ մտքի ու սրտի բոլոր թելերով կապված մասսաների հետ: Մարտնչողի գործնական ճկունությամբ՝ ամենաաննպաստ պայմաններում անգամ նա կարողանում էր մնալ հրամանատարի դիրքերում: Մինչդեռ, ընդհակառակը, Ոսկանյանի հրապարակախոսությունը, անգործնական եւ վերացական, ժողովրդից ու հողից կտրված, հանդիսացավ ջերմոցային մի տունկ, որը թոշնեց տարաժամ, չթողնելով արեւմտահայ հասարակական մտքի պատմության մեջ ազդեցության խոր հետք:

Հարձակման անցնելով լիբերալիզմի դեմ՝ ռուսահայ տրիբունը հարելու էր ռեւոլյուցիոն-դեմոկրատիզմին եւ մարտնչող մատերիալիզմին՝ ընդառաջելու այն շարժումներին, որոնք կոչված էին վերջ ի վերջո լուծելու «մարդու եւ հացի» խնդիրները: Մինչդեռ հանուն Կանտի դատապարտելով Կաբեին, սարսափահար «մարդու եւ հացի» խնդիր հուզող մասսաների աղմուկից՝ արեւմտահայ բուրժուազիայի ազատամիտ հրապարակագիրը, անգիտանալով ազգային-ազատագրական շարժման ռեւոլյուցիոն հեռանկարները, ապավինեց Բոնապարտի եւ Քավուրի թեւարկությանը: Պատահական չէ, որ ի վերջո նա խզեց իր կապերը նույնիսկ ազգային-հասարակական այն իրադրությունից, որի ազատագրական ձգտումների առաջին արձագանքողներից մեկն էր եղել նա իր գործունեության արեւագալին:



[1]     Տե՛ս Ե. Լ. Ժ., 1, եր. 437 եւ հետ,:

[2]     Ֆրանսերեն՝ Etienne Oscan. շատերը պահում են նրա հայերեն անձնանունը՝ կցելով դրան նրա ազգանվան ֆրանսերեն ձեւը, դարձնելով Ստեփան Ոսկանյանը՝ Ստեփան Ոսկան: Կարծում ենք՝ հարկ չկա հետեւելու այդ օրինակին: Մեզ զբաղեցնողը ֆրանսագիր Օսկանը կամ Ոսկանը չէ, այլ «Արեւելք»-ի եւ «Արեւմուտք»-ի խմբագիրը, որը Ստեփան Ոսկանյան էր կոչվում։

[3]     «Արեւմուտք», 1859, եր. 31:

[4]     «Արեւելք», եր. 8 եւ հետ,:

[5]     Իննսուն տարի հետո այս գործը, հիմնազուրկ եզրակացություններով բեռնավորված, հանձնարարվեց հայ ընթերցողներին՝ որպես Ոսկանյանի հեղինակություն: Տե՛ս Ա. Մակարյան, Մ. Նալբանդյանը եւ արեւմտահայ դեմոկրատիան, Երեւան, 1946, եր. 55 եւ հետ.:

[6]     «Արեւելք», եր. 376:

[7]     Ոսկանյանի այդ գործերը մեզ չհաջողվեց գտնել:

[8]     «Արեւմուտք», 1859, եր. 132:

[9]     Նույն տեղը, եր. 159:

[10]   «Արեւմուտք», 1859, եր. 158:

[11]   Նույն տեղը, եր. 132:

[12]   Նույն տեղը, եր. 130:

[13]   Նույն տեղը, եր. 132:

[14]   Հմմ. Ա. Մակարյան, նույն տեղը, եր. 58:

[15]   «Արեւմուտք», 1859, եր. 132:

[16]   «Արարատ», 1850, N13:

[17]   «Արեւմուտք», 1859, եր. 34:

[18]   Նույն տեղը, եր. 52:

[19]   Տե՛ս այս մասին «Մեղու», 1863, եր» 131:

[20]   ՀՍՍՌ Մատենադարան, Կաթող, դիվան, թղթապ. N 172, վավ. N 165:

[21]   «Արեւելք», եր. 2 եւ հետ. ։

[22]   Նույն տեղը, եր. 299:

[23]   «Արեւմուտք», 1859, եր. 135:

[24]   Տե՛ս «Արեւելք», եր. 297:

[25]   «Արեւմուտք», 1859, եր. 47:

[26]   Նույն տեղը, եր. 3 եւ հետ.:

[27]   Նույն տեղը, եր. 2:

[28]   «Արեւմուտք», 1859, եր. 153 եւ հետ.:

[29]   «Արեւելք», եր. 280:

[30]   «Արեւմուտք, 1859, եր. 109:

[31]   «Արեւմուտք», 1859, եր. 1:

[32]   Նույն՝ տեղը, եր… 12:

[33]   Հմմ. նույն տեղը, եր. 148:

[34]   Նույն տեղը, եր. 149:

[35]   Նույն տեղը:

[36]   «Արեւելք», եր. 297 եւ հետ»:

[37]   Նույն տեղը, եր. 154:

[38]   Նույն տեղը, եր. 155:

[39]   Նույն տեղը, եր. 154:

[40]   «Արեւմուտք», 1859, եր. 137:

[41]   Նույն տեղը, եր. 155 եւ հետ»:

[42]   Տե՛ս ՀՍՍՌ Մատենադարան, Մսերյանի դիվան, վավ. N 1357:

[43]   «Արեւմուտք, 1859, եր. 133:

[44]   «Ամենուն տարեցույցը», 1923, եր. 115:

[45]   «Արեւմուտք», 1859, եր. 8:

[46]   «Արեւմուտք», 1859, եր. 118:

[47]   Նույն տեղը, եր. 8:

[48]   «Ամենուն տարեցույցը», 1923, եր. 116:

[49]   «Մեղու», 1859, եր. 136:

[50]   Ի դեպ, այս թերթի մասին էր 1850 թ. Նալբանդյանին արած նրա հայտարարությունը: Տե՛ս Ե. Լ. Ժ., 1, եր. 437:

[51]   «Փարիզ», 1860, N 1:

[52]   Վերանորոգվեց թերթի տպագրությունը միայն մի երկու տարի անց: Սակայն չունենալով ձեռքի տակ այդ տարիներին լույս տեսած համարները, ինչպես նաեւ Ոսկանյանի խմբագրած օտարալեզու հրատարակությունները, Ոսկանյանի հրապարակախոսության այդ շրջանը մնում է մեզ համար առայժմ անհայտ գավառի կարգում: Մեր ձեռքի տակ կան միայն «Արեւմուտք»-ի այդ տարեհամարներից արտագրված հոդվածներից մի երկուսը, որոնք ցույց են տալիս, որ թյուրքահայ Ազգային սահմանադրության սկզբնավորմանը հաջորդող ռեակցիայի շրջանում Ոսկանյանը տվեց իր պարբերականին անհամեմատ ավելի զուսպ ընթացք: Իր տեղում մենք կանդրադառնանք նրա այդ հոդվածներին:

[53]   Վրույր (Մամուրյանի կեղծանունն է), Հայկական նամականի, Զմյուռնիա, 1872, եր. 25:

[54]   Նույն տեղը, եր. 112 եւ հետ.:

[55]   Հ. Պարոնյան, Երկերի լիակատար ժողովածու, Երեւան, 1932, III, եր. 123:

[56]   Հ. Մրմրյան, Հին օրեր, Կ. Պոլիս, 1907, եր. 60:

[57]   Տե՛ս «Մասիս», 1860, 96 420:

[58]   Հմմ. «Մասիս», 1859, NN: 402 եւ 407:

[59]   «Արեւմուտք», 1859, եր. 148:

[60]   «Մասիս», 1859, N 410:

[61]   Նույն տեղը, N 407:

[62]   «Արեւմուտք», 1859, եր. 148:

[63]   Ե. Լ. Ժ., 1, եր. 410:

[64]   Ե. Լ. Ժ., եր. 439:

[65]   «Անտիպ երկեր», եր. 228՝ եւ հետ., 247 եւ հետ:

[66]   «Արեւմուտք», 1859, եր. 24:

[67]   Տե՛ս ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր», 1949 , 9, եր. 61 եւ 71, Գ. Ստեփանյանի հոդվածը: