Նալբանդյանը եւ նրա ժամանակը(Ա)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/570/ ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ

Պայքար ինտերվենցիայի դեմ


Դիրքավորում եվրոպական ինտերվենցիայի դեմ։ Պայքար Բոնապարտիզմի եւ միսիոներության դեմ։ Հայազգի բանսարկուներ: Զեյթունի ապստամբության սուտ հերոսը։ Նալբանդյանի ցուցմունքը նրա մասին։ Մի սխալ տեսություն: Օրիենտացիաների բախումը Զեյթունի ապստամբության ժամանակ։ Լուսինյան լեգենդը։

 

Հայաստանի ազգային-քաղաքական ազատագրման հեռանկարը Նալբանդյանը շաղկապում էր ոչ միայն թյուրք բարբարոսության, այլեւ մյուս բռնատիրությունների դեմ սկսվող ռեւոլյուցիոն շարժումների հետ: Սուր, կծու հեգնանքով է մերկացնում նա Անգլիայի մեքենայությունները Հնդկաստանում, Չինաստանում եւ Իռլանդիայում, Ավստրիայի ճնշումները Լոմբարդիայում , Վենետիկում, Հունգարիայում, Գալիցիայում եւ այլն: Նա զանց չառավ եսակենտրոն ա յն քաղաքականությունը, որ բանեցնում էին մեծ պետությունները Թյուրքիայի status quo-ն պահպանելու համար: Ընդհանուր այս կապի մեջ նա նշավակում էր ցարիզմի քաղաքականությունը Լեհաստանում, Ուկրաինայում, Ֆինլանդիայում, Վրաստանում եւ Հայաստանում:

Հրացայտ տողեր է պարունակում «Երկրագործություն»-ը այն «քաղաքակրթության» դեմ, որ տարածում են ժողովուրդների ազատություննը հափշտակած գիշակեր աշխարհամարները: «Սոքա ամենքը, գրում է նա, իբրեւ բռնի վարժապետ քաղաքակրթություն են տարածում, եւ ոչ ոք չի հարցնում աշակերտի կամքը, կամի՞ արդյոք ուսանել թե ոչ: Սակայն չէ պիտո աչքից հեռացնել նոցա քաղաքակրթության տարբերությունը մեր հասկացած քաղաքակրթութենից: Բանտերն են նոցա դպրոցները, պոլիցականք եւ ժանդարմը՝ դաստիարակները, շղթան՝ հրահանգիչ գիրքը, աքսորը՝ բարոյականությունը վերին աստիճանի կազդուրելու մարզարան, կախաղան եւ գլխապարտության խայտառակ սյունը՝ «դուռն ճշմարիտ, որ տանի ի կեանս յավիտենականս»…։

Կեցցե կատուն, որ յուր փորի համար մուկ է բռնում»: [1]

/571/ Մերկացնելով պետությունների քաղաքականությունը՝ «Երկրագործության» հեղինակը լռում էր բոնապարտիստական Ֆրանսիայի մասին: Այս հանգամանքը կարող է կարծել տալ, թե Իտալիայի ազատագրման գաղափարը պաշտող Նալբանդյանը բաժանում էր Բոնապարտի մասին նույն պատրանքը, որ երեւան էր գալիս Բակունինի՝ Գարիբալդիին ուղղած նամակում՝, կամ կարող է թվալ, թե նա եւս բաժանում էր բոնապարտիստական այն տրամադրությունները, որոնց թարգման պիտի հանդիսանային Զեյթունի ապստամբության ժամանակ պոլսահայ լիբերալները կամ Եվրոպայում գործող Ստ. Ոսկանյանը, Կարապետ Շահնազարյան վարդապետը եւ ուրիշներ։ Այսպես կարծողներ եղել են իրոք. բավական է հիշատակել՝ Նալբանդյանի մասին լիբերալ հերյուրանքների գլխավոր մատյանը՝ Լեոյի «Թյուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը»:

Նալբանդյանը նշավակում էր եւ հեգնում ոչ թե եվրոպական առանձին բռնատիրությունները, այլ քաղաքակրթության «բռնի վարժասլետների: » առհասարակ, նույնիսկ այն դեպքում, երբ սրանք հրապարակ էին գալիս ազգերի հավասարակշռության եւ իրավունքի պաշտպանների դերում: «Մարդկությունը, այո, գրում էր նա, ավելի չէ, քան թե ոչխարը, որ սպանդապետի դանակին եւ կշեռքին է հանձնված: Մինչեւ այսօր ամեն հարձակում եւ ամեն պաշտպանություն այս հավասարակշռի անունով հառաջացավ… Եվ այն օրից, երբ կառավարությունքը յուրյանց ընթացքը արդարացնելու համար եւ յուրյանց բռնած ճանապարհը ամբոխի աչքից ծածկելու խորամանկությամբ՝ գրեցին յուրյանց դրոշակի վրա հա– վասարակշիռը եւ իրավունքը, այն րոպեից, ասում ենք, ազգությունը դարձավ կառավարությանց հալածող ուրվականը» [2]: Այստեղ Նալբանդյանը նշում է այն հակասությունը, որ գոյություն ունի պետությունների միջազգային «հավասարակշռի», «իրավունքի» եւ նրանց ազգային ներքին քաղաքականության միջեւ. «Եթե հավասարակշիռ եւ իրավունք կա տելությանց մեջ, ուրեմն նույն կշիռը եւ նույն իրավունքը պիտի լինի տերությանց եւ նոցա ստրկացած ազգերի մեջ: Դու կամենում ես քո հավասարակշիռը պահել, եւ այն, իրավունքի անունով. բայց ինձ, որ բնավին օտար եմ քեզ եւ ամենեւին վերաբերություն չունիմ քո հետ, ի՞նչ պատճառով, հակառակ իմ կամքին, առնում ես եւ բռնությամբ դնում ես քո կշռի թաթի մեջ: Ուրիշ տերությանց հետ խոսում ես իրավունքի անունով, իսկ իմ վերաբերությամբ ինչի՞ համար ոտքի տակ ես կոխում եւ անիրավում ես չարաչար» [3]:

/572/ Թալեյրանի օրերից ի վեր բուրժուական մեծ պետություններից ոչ մեկը այնքան չէր ճամարտակել «ազգության սկզբունքի», «ուժերի արդար վերաբաշխության», միջազգային «հավասարակշռի եւ իրավունքի» անունից, որքան բնապաշտական Ֆրանսիան: Նալբանդյանի լռությունը Բոնապարտական Ֆրանսիայի մասին բացատրել պետք է պարզապես նրանով, որ «Երկրագործություն»-ը տպվում էր Փարիզում, ուստի եւ հեղինակը ստիպված էր զանց առնել գրքում ֆրանսիական կայսրության քաղաքականությունը: Բայց դեռ դրանից առաջ, 1859 թ., պսեւդոնիմ մի թղթակցության մեջ Նալբանդյանը որակում էր Լուի Բոնապարտին «դեկտեմբերի 2-ի դավաճանությամբ եւ բռնակալությամբ գործակատար առաջնորդ ֆրանսիական հասարակապետության» բառերով: «Ինչ որ Նապոլեոնը խլել է ֆրանսիական ազգից, գրում էր դառնորեն Նալբանդյանը, դորա փոխարենը տվել է նա այն հատուցմամբ, որ հատուցել է նոցա: Այն հոգեպայծառ խնդությունը, որով Փարիզը անցյալ օգոստոսի 15-ին ընդունեց յուր Իտալիայից վերադարձած կայսրը, չի թողնում այն մասին ոչինչ երկբայության տեղիք: Դեկտեմբերի 2-ի քաղաքական դարանագործը ամենեւին արժանի է այսօրյան ֆրանսիացոց ազգին» [4]: Բոնապարտին ուներ աչքի առաջ Կոմս Էմմանուելը, երբ գրելով Լամարթինի մասին՝ ասում էր. «Չարաչար խաբված է նա յուր կյանքում, խաբողը բնակվում է Տուիլերիում, Լուվրի եւ Սեն-Կլու պալատներում, իսկ Լամարթինի համար պիտո է ողորմություն հավաքեին, որ ապրեր: Մի՞թե ծանր չէր նորան ընդունել ապերախտ բռնակալից 14. 000 ֆրանկ, որպես «ողորմություն» [5]: Դարձյալ ֆրանսիական կայսրության մասին էր խոսքը, երբ բանտից ելնելուց հետո գրված մի հոդվածում Նալբանդյանը ասում էր, թե «Վատիկանը՝ հազիվ-հազ պահպանվում է ֆրանսիական սվիններով» [6]: Պարզ է, թե որքան հստակ էր Նալբանդյանի պատկերացումը պապական Հռոմի եւ Բոնապարտական Ֆրանսիայի կապերի մասին:

Ալեքսեեւյան ռավելինի կալանավորը մեղադրում էր ֆրանսիացի հեղինակ Ֆոշեին այն բանում, որ խարազանելով Անգլիայի նվաճողական քաղաքականությունը՝ նա անգիտանում էր ֆրանսիական նույնօրինակ քաղաքականությունը: «Ես անգլոման չեմ, գրում էր Նալբանդյանը, բայց գերադասում եմ ճշմարտությունը: Խոսելով Անգլիայի նվաճումների մասին՝ Ֆոշեն այլ հանդիմանությունների թվում մեղադրում է նրան Հնդկաստանը եւ Կանադան նվաճելու համար: Համաձայն եմ, բայց միթե Ֆրանսիան պակաս մածուցիկ թաթեր ունի: Հանդիմանալով Անգլիային հնամոլության համար՝ Ֆոշեն այդ դեպքում չպետք է մեղադրել /573/ նրան նվաճման համար: Սակայն ինչպե՞ս պետք է արդարացնե Ֆոշեն «քաղաքական փիլիսոփայության» առաջադիմություններին հետեւող Ֆրանսիային, եթե աֆրիկացիներին ստրկացնելու համար մեկը մյուսի ետեւից լեգեոններ էր ուղարկում այն ժամանակ, երբ իր հանդուրժամտությունն էր հայտարարում ազատության մասին: Թող հիշատակեր Նիցցայի եւ Սավոյայի մասին. բայց դա կլիներ մեղադրանք ex post facto, որովհետեւ այս գիրքը գրելու ժամանակ այդ փաստերը տակավին կատարված չէին» [7]: Նալբանդյանը չէր խաբվում, մասնավորապես, Ֆրանսիայի եւ Անգլիայի «հայասիրությունից»: «Հայերը Թյուրքիայում, գրում էր նա, զուրկ են որեւէ պաշտպանութենից: Անգլիական եւ Ֆրանսիական կառավարությունները օգտագործում են այդ հանգամանքը: Նրանք փաշաների բռնություններից իրենց պաշտպանության տակ են առնում այն քրիստոնյաներին, որոնք բողոքականություն կամ կաթոլիկություն են ընդունում» [8]:

Մխիթարյանների դեմ ուղղած հետագա իր գրվածքներում Նալքանդյանը հատկապես շեշտում է նրանց կախումը ռեակցիոն Եվրոպայից: «Դժբախտ Հայոց ազգ, գրում էր նա «Նկատողություն» հոդվածում, որի որդիքը ամեն ուրիշ հզոր բռնակալներից չարչարվելով, չարչարվում են նաեւ օրհասական պապի ձեռքում: Ե՛րբ արդյոք պիտի չքանա Վենետիկից Ավստրիայի անարգ դրոշը, երբ արդյոք վերակենցաղյալ Իտալիայի եռագոնյան դրոշակը պիտի տնկվի Ս. Ղազարի վանքին դեմ հանդիման, որ ստրկության վերա հիմնած, որ ստրկության ձեռքով եւ ստրկության մեջ հարատեւող հավիտենական քաղաքը, ս. Հրեշտակի բերդից հրատարակե խղճի ազատությունը, եւ մեր խեղճ եղբայրակիցքը ազատվեն վերջապես նոր հազկերտյան կապանքից» [9]:

Կաթոլիկ միսիոներների դեմ վարած պայքարը Նալբանդյանը համարում էր եվրոպական պետությունների դեմ վարած պայքարի մի մասը: Նույն իմաստն ուներ նաեւ նրա ելույթը բողոքական միսիոներների դեմ: Խոսելով ամերիկյան «Պորտ» ընկերությանը պատկանող բողոքական միսիոներների գործունեության մասին, որոնք 1827 թ. ի վեր… «քրիստոնեություն» էին տարածում թյուրքահայերի մեջ, «Kaвкaк» թերթի իրազեկ թղթակիցը պատմում էր. «Հայտնի է, որ բոլոր մեծ քաղաքները եւ, մանավանդ, մայրաքաղաքները աչքի են ընկնում պրոլետարիատի քանակությամբ: Այս տեսակետից Կ. Պոլիսը եւս ոչնչով չի զիջում Եվրոպայի մյուս մայրաքաղաքներին: Վերցրեք, օրինակ, այստեղի հայ բնակչությունը: Այդտեղ կհանդիպեք բանվորներ Վանից, Էրզրու/574/մից, Քրդստանի վիլայեթներից, այստեղ կտեսնեք գաղթականներ Եգիպտոսից եւ Օսմանյան կայսրության որ մասից կուզեք: Նրանք բոլորն ապրում են օրական աշխատանքով, հիվանդանում են, տանջվում, սովում եւ կոտորվում աննկարագրելի կերպով, ինչպես եւ Լոնդոնի ու Փարիզի պրոլետարները: Մարդկանց չքավոր այս դասակարգի մեջ է, որ շրջում են միսիոներները, օգնում նրանց, ամենամռայլ գույներով նկարագրում՝ նրանց ամենն, ինչ ազգային է, եւ նրանց չարքաշ դրության պատճառները վերագրում հայ լուսավորչական դավանությանը» [10]: Թղթակցի պատմելով՝ միսիոներներին նպաստող ընկերությունը «համոզված էր, թե մուսուլմանների մեջ կարող են ապրելիս լինել միայն հրեաներ եւ կռաապաշտներ, բայց ոչ քրիստոնյաներ, որոնք, ըստ Կուրանի, ենթակա են հալածանքի»: «Եվ մինչեւ այսօր, հարում է թղթակիցը, ամերիկացիները, իհարկե կրթվածների բացառությամբ, կա'մ քրիստոնյաներ չեն համարում նրանց, կա՛մ էլ՝ քրիստոնեություն ընդունած մահմեդականներ» [11]: «Kaвкaз» թերթի թղթակցից առաջ նույն այս երեւույթը մատնանշել էր նաեւ Նալբանդյանը: Ամերիկյան միսիոներները, գրում էր նա, գործում են Թուրքիայում «միեւնույն սկզբունքով, որով պատվելի Ֆրանսուա Քսավիեն գործում էր Հնդկաստանում, Ճապոնիայում եւ որով հետագա եզվիտ-առաքյալները գործում էին երկնքի որդու մայրաքաղաքում» [12]: «Պարոնայք միսիոներներն իրենց միսիայի ատյանի առաջ ամբողջ հայ ազգը ներկայացրել էին որպես մահմեդականներ եւ կանխիկ դրամ ով կամ անգլիական դեսպանության հովանավորությամբ գնված դավանափոխների չնչին թիվը հասցրել էին տասնյակ հազարների» [13]:

Եվրոպական եւ ամերիկյան գաղութարարների կաթոլիկ եւ բողոքական գործակալներին Նալբանդյանը անհրաժեշտ էր գտնում հակադրել Ռուսաստանի կողմից թյուրքահայերին ցույց տրվելիք օգնությունը։ «Հայ ազգը, գրում էր նա, զուրկ արտաքին ամեն մի պաշտպանութենից, ենթարկված Դրան կամայականությանը, փոքր առ փոքր կանցնի (եւ արդեն անցնում է, մասամբ կաթոլիկության, մասամբ բողոքականության եւ դրա հետ մեկտեղ կտարածվի Ֆրանսիայի եւ Անգլիայի բարոյական ազդեցությունը Թուրքիայում: Մինչդեռ, հայերը ամբողջ Թյուրքիայում տրամադրված են Ռուսաստանի օգտին, եւ եթե ռուս կառավարության կողմից ցույց տրվի նրանց թեկուզ եւ ամենափոքր օգնություննը, այն ժամանակ ֆրանսիական եւ անգլիական կառավարությունները /575/ կզրկվեն նրանց վրա ներգործելու հնարավորութենից, հետեւաբար եւ կանգ կառնի նրանց կրոնի եւ ազդեցության պրոպագանդը» [14]:

Նալբանդյանը չէր սահմանափակվում միայն կաթոլիկ կամ բողոքական միսիոներների դիմակազերծումով: Նա պայքարում էր նաեւ պետություններին սպասարկող հայ-լուսավորչական գործիչների դեմ: Արդեն գիտենք Այվազովսկու եւ Չամուռճյանի օրինակը: Բայց նշենք նաեւ բանտից գրած նրա տողերը Ղ. Պալթազարյանի մասին, որի խմբագրած «Արշալույս Արարատյան» թերթը ժամանակակիցները սրամտորեն «Վերջալույս Արարատյան» էին վերամկրտել: Իր մի նամակում Նալբանդյանը ներկայացնում էր այդ թերթի խմբագրին իբրեւ մի մարդու, որը աշխատում է հօգուտ Թյուրքիայի ու Անգլիայի եւ իր զզվելի թերթի հրատարակության համար գումարներ ստանում թե՛ թյուրք կառավարությունից, թե՛ անգլիական դեսպանատնից եւ որպես լրտես… յուրաքանչյուր ամիս ի պաշտոնե մատնություններ անում հայերի մասին [15]: Հավանորեն միայն Թյուրքիային եւ Անգլիային չէր ծախված Պալթազարյանը: Նա համարում էր իրեն նաեւ ցարիզմի բարեկամ եւ նույնիսկ սպասում նրանից համապատասխան վարձատրություն իր ծառայությունների համար. 1863 թ. սեպտեմբերին նա գրում էր Մ. Մսերյանին.

«Գիտէք զի ի 24 ամոց հետէ Արշալոյսն ամենայն խոհեմութեամբ յառաջ տանէ զհրատարակութիւն իւր, անուղղակի կերպով պաշտպանելով միշտ զքաղաքականութիւն Ռուսիոյ մեծազօր տէրութեան, քանզի ոչ կարէ ուղղակի պաշտպանել զայն. եւ հեռի մնալով միշտ ի մեղադրանաց զորս այլ ազգային լրագրութիւնք Թուրքաստանի հրապարակեն միշտ ընդդէմ նոյն կայսերութեան: Արդյոք կարելի՞ է վասն այսր խոհեմ ընթացից նորա խնդրել շքանշան մի ի յիշեալ տէրութենէ. եւ զի՞նչ կերպիւ պարտ է խնդրել եւ առ ո՞ դիմել. արդեօք շնորհիւ Խաչատուր իշխանի կարելի՞ է եւ ձեռս բերել զայն: Աղաչեմ եղբայր, սիրաբար հաղորդեսջիք ինձ զկարծիս եւ զխորհուրդս ձեր» [16]:

Ուշագրավ է, ի դեպ, թե ինչպես էր իր հերթին Պալթազարյանն արտահայտվում Նալբանդյանի պաշտպանած հայացքների մասին: Անդրադառնալով նրա «Ազգային թշվառություն» հոդվածին՝ «Արշալույս Արարատյան»-ի խմբագիրը գրում էր. «Այս հոդվածը, որ լի է կրյուք եւ ազգային երեւելիները, պեյերը, էֆենտիները եւ հոգեւոր հովիվները չարաչար կպախարակե ու կզրպարտե, կերեւի թե դադարյալ «Մեղու» լրագրին ներշնչությամբ գրված է: Չեմք գիտեր, թե ազգային երեւելիները, պեյերը, էֆենտիները եւ հարուստները, որոնք ազգային պարծանք ու պաշտ/576/պաններ են, ազգին մեջեն հանելով՝ խեղճ ու աղքատ ժողովուրդը ինչպես պիտի կրնա առաջ երթալ առանց դրամո: Այս բանին դժբախտ փորձը արդեն ըրած է Կ. Պոլսո հայ ժողովուրդը եւ հիմա ծանր պարտուց ներքո կճնշվի ու ազատության հնար մը գտնելու համար հարկավ ազգային երեւելիներուն ու հարուստներուն օգնության պիտի դիմե. քանզի ուրիշ ի՞նչ ճար կրնա ըլլալ» [17]: Զմյուռնահայ մեծատունների թերթը հազիվ թե այլ կերպ կարող լիներ ավելի լավ դրսեւորել մեծապատիվ մուրացկանի իր մտայնությունը:

Նալբանդյանի հակաինտերվենցիոնիստական դիրքն ավելի ցայտուն դարձնելու համար վերին աստիճանի հետաքրքրական են եւ կարեւոր սենատական հանձնաժողովին նրա տված բացատրությունները Զեյթունի ապստամբության «հերոս» հռչակված Լեւոն Լուսինյանի մասին [18] ։

Ինքյան չնչին, ուրույն նշանակությունից զուրկ մի անձնավորություն էր Հայաստանի իշխանի տիտղոս հափշտակած այդ անձնավորությունը: Պատմական արժեք ստանում էր նա միայն հասարակականքաղաքական այն ուժերի ու զսպանակների շնորհիվ, որոնք թաքնված էին նրա մարիոնետային բեմախաղի հետեւը: Շինծու էր միանգամայն ե՛ւ նրա իշխանական տիտղոսը, ե՛ւ նրա Լուսինյան ծագումը [19]:

Քաղաքական հարաճուն մտասեւեռումներով տառապող մեկն էր դա, մութ անցյալ ունեցող մի ցավագար, որին այս պատճառով դժվար է նույնիսկ քաղաքական արկածախնդրի անուն տալ: Անհեթեթ մի խրտվիլակ էր դա՝ գործիք դարձած քաղաքական գաղտնի օրգանների, նախապես, ըստ երեւույթին, Ռուսաստանի դեմ պայքարող անգլիական, հետագայում ֆրանսիական, իսկ ավելի ուշ իտալական ագենտների ձեռքին, միջազգային անթագ մի գլուխ, որին կամենում էին հարմարեցնել հայկական անգլուխ թագը: Լիակատար չափով մերկացնել իշխանին բեմ հանող քաղաքական ռեժիսյորներին հնարավոր կլիներ հարկավ միայն նրա շուրջը եղած գաղտնի գրագրությունները հրապարակ հանելուց հետո:

Ժամանակի «Ֆիգարո» թերթը մերկացնում էր այն իրողությունը, որ Լոնդոնում գտնված ժամանակ Հայաստանի իշխանը ծանոթացել էր Բրաունշվայգի դքսի եւ իշխան Լուի Բոնապարտի հետ, եւ որ վերջինս կայսերական գահ բարձրանալուց հետո հայտնած է եղել Փարիզում Լուաինյանի կեղծիքը: Մեծ Նապոլեոնի փոքր ժառանգորդը այն մարդն է հենց, որ կարող էր, հիրավի, մտերիմ առնչություն ունեցած լինել այս /577/ կարգի քաղաքական շրջմոլիկների հետ: Ակներեւ է, համենայն դեպս, որ կայսրության օրերին իսկ վաղեմի բարեկամի կեղծիքը մի երկրորդ անգամ եւս կարող էր պետք գալ դեկտեմբերի 10-ի ընկերության տխրանուն այն հերոսին, որի պատկերը հանճարեղ գրչով գծագրել է ժամանակին «Լուի Բոնապարտի Բրյումերի 18-ի» հեղինակը…

Կապվա՞ծ էր արդյոք իշխանը հայկական շրջանների հետ: 1855 թ. նրա մասին աննպաստ լուրեր էր տպում Վիեննայի Մխիթարյանների ձեռքով հրատարակվող «Եվրոպա»-ն: Սակայն 1858 եւ 1861 թվականներին իշխանի հրատարակած հուշագրերի մեջ զետեղված է Վենետիկի նշանավոր մխիթարյաններից մեկի՝ Եդվարդ Հյուրմյուզի գրավոր մի միջամտությունը նրա օգտին: Նույն այդ տարիներին գրած իր նամակներում իշխանը խնդրում էր հասցեագրել իրեն ուղղվելիք դիմումները Վենետիկ՝ Մխիթարյան վանք: Իշխանի դեկլարացիաներն իսկ լույս էին տեսնում ս. Ղազարից ոչ շատ հեռու՝ Միլանում, իսկ 1858 թ. ժողովածուն տպվել էր հենց մխիթարյանների քթի տակ՝ Վենետիկում: Իշխանի ու մխիթարյանների այս մերձեցումն ունեցել էր նախերգանք. 1858 թ. Հռոմում իշխանը մտել էր կաթոլիկ եկեղեցու գիրկը [20]:

Իշխանի «վաստագրերից» մի քանիսի տակ գտնում ենք իշխան Պետրոս բեյի անունը: Նալբանդյանի ասելով՝ Պետրոս բեյը Լուսինյանի կուսակիցն էր եւ, նշանակում է, իրական անձնավորություն: «Փաստագրերը» ստորագրված են, իբր թե, Պոլսում, որով առիթ է ընծայվում ենթադրելու, թե Լուսինյանը կամ նրա «կուսակիցը» կապեր են ունեցել կամ կասեր որոնել պոլսահայ ինչ-ինչ շրջանների հետ: Այս մասին ունենք դարձյալ Նալբանդյանի մատակարարած մի տվյալը: Նրա ծոցատետրի մի նկատողությունից դատելով՝ պիտի կարծել, որ այստեղ խոսքը պոլսահայ վառոդապետ Պողոս բեյ Տատյանի որդի Պետրոս բեյի մասին է [21]: 50-ական թվականների վերջերին եւ 60-ական թվականների սկզբներին հայր ու որդի Տատյաններն ապրում էին Փարիզում եւ կողմնորոշվում դեպի հայ կաթոլիկ եկեղեցին: Պողոս բեյի մահից հետո կաթոլիկ կղերը ազդարարում էր նրա դավանափոխության մասին, թեկուզ եւ հանդիպում առարկության հայ-լուսավորչական կղերի կողմից [22]: Բոլոր պարագաներում այս փաստը եւս, կցորդվելով Հայաստանի իշխանի մխիթարյանների հետ ունեցած առնչություններին, գալիս է ուժեղացնելու կասկածն այն մասին, որ Զեյթունի ապստամբության ժամանակամիջոցին իշխանի ան/578/վան հետ կապվում էին հայերի պարանոցին կաթոլիկ եկեղեցու լուծը դնելու ակնկալություններ: Չի՞ վկայում այդ մասին ինքյան հենց Հայաստանի իշխանի Լուսինյան հորջորջումը…

Տարակուսելի վերաբերմունք ունեին դեպի Հայաստանի իշխանը նաեւ ֆրանսիական կողմնորոշում ունեցած հայ-լուսավորչականներից ոմանք: Այսպես, արեւմտահայ առեւտրականների օրգան «Փարիզ»-ը անվերապահորեն թարգմանում ու տպում էր իշխանի «Memorandum»-ի նյութերը [23]: Նույն «Փարիզ»-ը, հաղորդելով իշխանի շրջաբերականի մասին, նկատում էր, որ թերթը «ասոր վերա ամենեւին խորհրդածություն մը չունի» [24]: Թերթի խմբագիրը՝ «չեզոք», «չափավոր» Մուրադյանը, անձնապես ծանոթ էր իշխանի հետ. մի տեղ նա ակնարկում էր 11861 թ. վերջերին Միլանում նրա հետ ունեցած իր հանդիպման մասին [25]: Բայց թաքցնում է դարձյալ իր վերաբերմունքը դեպի նա, գուցե չկամենալով կամ երկյուղ կրելով ընդդիմակայել մի մարդու, որի թիկունքում հիմք ուներ ենթադրելու հզորների հովանավորող թաթը:

Թյուրքահայ գաղթավայրերում եւ հատկապես Պոլսում լեգենդներ էին հյուսվում Լեւոն իշխանի անվան շուրջը, չնայած, որ «Մասիս»-ը դեռ 1855 թ. խլում էր նրա դիմակը [26]: Պատմում էին, թե` 1861 թ. նա մտած է եղել Կիլիկիա, որտեղ կազմել է զեյթունցիների ստորագրությամբ հանրագրեր՝ ուղղված Նապոլեոն 3-րդին՝ Հայկական Տավրոսում ինքնավար իշխանություն ստեղծելու խնդրով: Ասում էին դարձյալ, թե այդ հանրագրերով գոտեպնդված՝ Լեւոն իշխանն ուղեւորվել է Փարիզ՝ հավատացնելու Բոնապարտին, թե Տավրոսում զենք բռնելու ընդունակ 70 հազար հայ կա, որոնք, Լիբանանի օրինակով, ակնկալում են Ֆրանսիայի «ազատարար» միջամտությունը: Կային նաեւ ասողներ, թե հայկական գահաժառանգի այս բանակցություններն են հենց առիթ տվել թյուրքերին 1862 թ. օգոստոսին պաշարելու Զեյթունը, որի քաջարի դիմադրության հետ քաղաքական շիկացած հույսեր էին կապում հայ ազգասերները» [27]: Հետաքրքրական մանրամասներ է հաղորդում այս մասին ժամանակակիցներից մեկը՝ Աղ. Երիցյանը: «Պետք է ասել, գրում է նշանավոր հնախույզը, որ Զեյթունի անցքերից փոքր ինչ առաջ արդեն Պոլսո՝ մեջ մի «Լեւոն Լուսինյան հայոց արքայազն իշխանի» լուսանկար պատկեր երեւցավ, որից երեւում էր, որ ոմն Լեւոն Լուսինյան իրեն Կիլիկիայի ժառանգ է համարում, հայկական թագավորներից սերված: Դրա անց/579/յալը թեեւ շատ մութ էր, բայց եւ այնպես յուր երիտասարդության առաջին տարիները անցուցած էր Հայաստան, Ամերիկա, Իտալիա, Ֆրանսիա եւ Անգլիա: Դա իբրեւ թե Իտալիայի ազատության համար պատերազմած է Գարիբալդիի գնդում, Վիկտոր-Էմմանուելի եւ Անգլիայի թագուհու ազգական էր անվանում իրեն, Նապոլեոնի սերտ բարեկամն էր եւ պատմվավոր լեգեոնի շքանշաններով զարդարված: Ինքն իբր թե մեծ գումար ստակ ուներ Անգլիայի բանկում եւ Պալմերստնի եւ Նապոլեոն III-ի հետ բանակցություններ ուներ այժմ՝ Կիլիկիան Թյուրքիայից խլելու համար… Ոմանք երիտասարդներից մեծ հույս ունեին, որ դորա ձեռքով հայք Տաճկաստանի մեջ գոնե մի անկյուն պիտի ստանան» [28]:

Նալբանդյանի ցուցմունքից ակներեւ է նրա բացասական դիրքը դեպի Հայաստանի ինքնակոչ գահաժառանգը. սրան նա համարում էր «շառլատանին մեկը» եւ պարզապես անգլիական կառավարության հաշ~ վին ապրող քաղաքական գործակալ: Կանգ առնելով, մասնավորապես, նրա հրապարակած «Շրջաբերական»-ի վրա՝ նա ակնհայտ կեղծիք էր համարում թե՛ այդ գրությունը, թե՛ նրա մեջ բերված «փաստերը»: Տավրոսի լեռներում 20 հազար մարդ զենքը ձեռքին ոտի կանգնեցնելու սպառնալիքով ««Շրջաբերական»-ի հեղինակը պահանջում էր՝ 1. անկախ ճանաչել Զեյթունը, Կիսեյան (՞), Հաճինը եւ Լաբրանդան (կարդալ՝ Լարանդա Կարամանիա), 2. վերականգնել Սիսը, 3. ազատ քաղաք Բըռչակել Տարսոնը՝ որպեսզի ե՛ւ Բ. Դուռը , եւ' հայ «սահմանադրական» իշխանությունը կարողանան ունենալ այնտեղ իրենց կայազորը»: Աշխարհագրական անգո տեղավայրերի անուններն այստեղ եւս մատնում են Լուսինյան արքայազնի իրազեկության չափն այն երկրի վերաբերմամբ, որին ենթադրում էր երջանկացնել իր գահակալությամբ: Տպելով «Շրջաբերական»-ը՝ Թուրինում հրատարակվող «Իտալի» լրագիրը գրում էր, թե այդ պահանջները, որ արվում են դիկտատոր-իշխանի պես գործուն մարդու կողմից եւ որոնք իրավացի են ինքյան ու նպաստավոր արեւելյան քրիստոնյաների ապագայի համար, արժե որ ուշադրության առնվեն եվրոպական մեծ պետությունների կողմից, քանի որ Արեւելքի խաղաղությունը կարող է կախում ունենալ դրանից [29]: «Իտալի»-ի կարծիքը ծանոթ էր Նալբանդյանին եւ տպավորվել էր նրա հիշողության մեջ գուցե այն պատճառով, որ նրա խմբագիրը հայ կյանքին անհաղորդ վրիպալուր մի օտարական չէր, այլ հայտնի հայ հրապարակախոս Ստ. Ոսկանյանը:

Չունենալով ձեռքի տակ «Իտալի»-ն՝ անհնարին է, իհարկե, որոշել վերջինիս պատասխանատվության չափը թերթում տպվածի մասին: Հօ/580/գուտ Ոսկանյանի պիտի ասենք, որ ժամանակին նա արտահայտվել էր Լուսինյանի դեմ: Պատմելով վերջինիս արկածները՝ «Արեւմուտք»-ը գրել էր. «Թշվառ Հայաստան, նայե ուր կիյնա պատիվդ եւ մեկը չելլեր զայն պաշտպանելու համար» [30]: Ուշագրավ է նաեւ նրա բացասական դիրքը դեպի Հայաստանի գազազուն իշխանը» 1864 թ. տված կծու մի պամֆլետի մեջ: «Լեւոն արքայազուն իշխանը տեսնելու երանություն չունեցանք, երբ Իտալիա կգտնվեինք, գրում էր Ոսկանյանը: Անհնարին է, ուրեմն, մեզ ըսել, թե այս Լեւոնը մյուսի (ակնարկը թերեւս Պետրոս բեյ Տատյանի մասին է, Ա. Հ. ) նման ձեռնատ է թե ոչ. բայց կզգամ (եւ հայրենասիրի զգաՄությունը շատ քիչ անգամ խաբած է մեզ), թե բան մը կպակսի իր վըրայեն: Գուցե ըղեղին կեսը, գուցե բոլորը… Ինչեւիցե, եթե պակասավոր կամ անպակաս պատկերը չունինք, իր բերնի թափթփուքը քովերնիս կգտնվի եւ կարգե դուրս… դժգոհություն կտա մեզ օտար երկրի վրա: Իր անկիրթ գրվածքներ են կտեսնվի նախ, որ արքայազն իշխանը ազապուն իշխան մ՚է եւ ամեն բանե կաշխատի պարարտություն գտնել եւ կյանքը հոգալ… Ազազուն իշխանը Հայաստանի հողը եւ արյունը կմոռնա Իտալիայի երկնքին համար, եւ եթե իրեն տրվի ամիսը հազար ֆրանկ թոշակ, պատրաստ է ուրանալ նաեւ հայրենիքի ոսկրտիքը: Ոսկորը պարարտություն չբերեր եւ Լեւոն իշխանը կարոտություն ունի պարարտ… ուղեղի»: «Թող ազազուն իշխանը սովրի ուրեմն, որ Հայաստանի իշխան չկա եւ Հայաստանի հողը հայերուն տրվում է սկզբեն ի վեր: Հայաստանի իշխան չկա, կըսենք, Տապա հայոց իշխան պիտի ընտրվի օր մը, եթե երբեք միապետությունը նախապատիվ սեպվի պետության ուրիշ ձեւերեն» [31]:

Հարցաքննության ժամանակ Նալբանդյանը հայտնում էր, թե ինքը գրած է եղել «Շրջաբերական»-ի հերքումը, նպատակ ունենալով թարգմանել եւ հրատարակել բոլոր լեզուներով, մտադրություն է ունեցել հրատարակել Ռուսաստանում նաեւ հերքումի ռուսերենը: Պնդում է այնուհետեւ, թե Հայաստանի ազատությունը պատրվակ բռնելով՝ «շառլատանը» նպատակ է ունեցել դրամ շորթել թյուրքահայերից: Այս կապակցությամբ է հենց, բացատրում է նաեւ, որ «շառլատանը» կազմել է Թագվորյանի օգտագործած ծածկագրի բանալին, որի ընդօրինակությունը հայտնվել է իր թղթերում: Ուղարկելով այդ բանալին թյուրքահայ գործակիցներին՝ ինքնակոչ Լուսինյանը կամեցել է հավատացնել նրանց, թե կապեր ունի նրա մեջ նշված էմիգրանտների հետ, մինչդեռ, փաստորեն, նկատում է Նալբանդյանը, նա, ինչպես ասում են, հարաբերության մեջ է մի քանի գարիբալդիականների հետ միայն: Նալբանդյանը հայտնում է, որ Պոլսի /581/ ծանոթներին նախազգուշացնելու մտքով ինքն է հենց արտագրել եւ ուղարկել Թագվորյանին բանալու ընդօրինակությունը, որից օգտվել է վերջինս բոլորովին դիպվածաբար… [32]

Վերջին բացատրությունը համոզիչ չէ հարկավ: Վերահասցեագրելով Թագվորյանի օգտագործած բանալին հայոց ազգի ինքնակոչ գահաժառանգին՝ Նալբանդյանը փորձում էր խուսափել իրեն առաջադրված մեղադրանքից: Իշխանի գործում չենք հանդիպում առհասարակ հայերեն գրագրություններ: Ինքը՝ իշխանը անտեղյակ էր, ըստ երեւույթին, հայերենին: Հավանական չէ առհասարակ, որ փող կորզելու մտայնությամբ միջոցների նրբություն չորոնող այդ անձնավորությունը կամ ավելի ճիշտ՝ նրա «դատը» բեմ հանող ռեժիսյորները դիմած լինեին ոլորապտույտ այն մեթոդին, որի մասին պատմում էր Նալբանդյանը: Զեյթունի ապստամբության տարում իշխանը, ըստ երեւույթին, զուրկ չէր ապրուստի սոլիդ աղբյուրներից եւ հազիվ թե կարիք ունենար դրամաշորթության: Մնաց որ, դժվար է առհասարակ «շառլատանին մեկը» համարել նրան: Հոգեկան իր խախտված հավասարակշռությամբ՝ նա կազմում էր իր գրությունները հավանորեն առանց հետին մտքի, քանի որ չի կարելի հետին միտք որոնել այնտեղ, ուր բացակայում է առհասարակ որեւէ միտք: Գարիբալդիից զատ, բանալու մեջ հիշատակվում են քաղաքական անուններ եւ հասկացություններ, որոնք ընտանի չէին այն միջավայրում, ուր դեգերում էր իշխանը, կամ որի շուրջը պտտվում էր նրա «կուսակիցների» միտքր։ Դրան հակառակ, շիֆրը գործ ունի դեմքերի ու հասկացությունների հետ, որոնք բանուկ շրջանառություն ունեին «Լոնդոնի պրոպագանդիստների», Նալբանդյանի եւ սրա պոլսահայ բարեկամների քաղաքական տեսադաշտում կամ նրանց ընտանի հասկացողությունների մթերանոցում…

Վերջերս փորձեր եղան կապել ծածկագիրը Ղրիմի պատերազմի եւ Շամիլի ապստամբության ժամանակ կատարված անցքերի հետ եւ եզրակացնել, թե այն կարող է կազմված լինել ոչ ավելի վաղ, քան 1853 թ. եւ ոչ ավելի ուշ, քան 1859 թ., այսինքն՝ Ղրիմի պատերազմի սկզբնավորման եւ Շամիլի ապստամբության լիկվիդացման արանքում։ Այսպես կարծողները ելնում են այն փաստից, որ Նալբանդյանը դատապարտում էր Շամիլին որպես ռեակցիոն շեյխի, դատապարտում էր եվրոպական պետությունների միջամտությունը լեռնականների շարժման մեջ, ուստի եւ չէր կարող կապ ունենալ մի ծածկագրի հետ, որն իբր թե դրական վերաբերմունք ունի թե՛ դեպի լեռնականների շարժումը եւ թե՛ դեպի այդ շարժումը հովանավորող պետությունները: Այսպես լինելով, կարծում են, որ պիտի վստահանալ սենատական քննության ժամանակ ծածկագրի մա/582/սին Նալբանդյանի տված ցուցմունքին, այսինքն՝ կապել ծածկագրի ծագումը Լ. Լուսինյանի կամ նրա գործակիցների նպատակների հետ [33]:

Այս տեսության հեղինակները ելնում են երկու սխալ դրույթից: Նախ՝ այն, որ նույնացնում են «լեռնականների ապստամբության» ամեն մի հեռանկար սոսկ Շամիլի կամ նրան հովանավորող պետությունների հետ եւ երկրորդ՝ այն, որ Լեոյի հետեւությամբ ծածկագրից անում են այն եզրակացությունը, թե դա կարող էր կազմած լինել մի անձնավորություն, որը դրական վերաբերմունք ուներ դեպի պետությունների ինտերվենցիայի հեռանկարը:

Հարկ ենք համարում դիտելու, որ ծածկագրում որեւէ ակնարկ չկա ո՛չ Ղրիմի դեպքերի եւ ո՛չ էլ Շամիլի անձնավորության մասին: Որեւէ նշում չկա ծածկագրում նաեւ Լուսինյանի 40—50-ական թվականների գործունեությունը հատկանշող փաստերի ու արկածների՝ նրա երեւակայած հայ կամավորական խմբերի, Երեւանը կամ Էրզրումը գրավելու բանդադուրանքների կամ Ղրիմի պատերազմից հետո նրա ունեցած չարակրությունների մասին [34]: Ընդհակառակը, ծածկագրում հանդիպում են անուններ, որոնց հիշատակումը անհնարին կլիներ 40—50-ական թվականներին, անուններ, որոնք չեն հանգավորվում Լ. Լուսինյանի այդ կամ հետագա տարիների գործունեության հետ: Զարմանալի չէ՞, հիրավի, որ համաձայն այդ կարծիքի՝ Ղրիմի պատերազմի եւ կովկասյան լեռնականների 50-ական թվականների շարժման հետ առնչված բառարանում ծածկագիրված չէ Շամիլ անունը կամ Ղրիմի ու Կովկասի որեւէ տեղավայր: Տարօրինակ չէ՞, մյուս կողմից, որ 50-ական թվականներին Լուսինյանի բանեցրած այդ վավերագրում ռուս ռեւոլյուցիոն շարժման հետ որեւէ կապ չունեցած Լուսինյանը կամ նրա գործակիցները ծածկագրում են Գերցենի կամ Բակունինի անունները: Ումի՞ց պիտի պաշտպանած լիներ եվրոպական դիվանագետների ու ոստիկանների ձեռքին խաղալիք դարձած Լուսինյանի ծածկագիրը ռուս ռեւոլյուցիայի այդ գործիչներին: Եվ ապա՝ ինչպե՞ս կարող էին Լուսինյանը եւ յուրայինները 1853—59 թ. թ. ծածկագրում հիշատակել Բակունինի անունը, որը 50-ական թվականների սկզբներից ի վեր եւ մինչեւ 60-ական թվականների սկզբները ձերբակալված էր կամ մեկուսացված Սիբիրում: Կարո՞ղ էր Բակունինն այդ պահին գործնական որեւէ կապ ունեցած լինել Ղրիմի պատերազմի, Շամիլի կամ Լուսինյանի հետ: Պարզ չէ՞ միթե, որ Նալբանդյանը Լուսինյանի անվան /583/ հետ կապում էր ծածկագրի ծագումը՝ սոսկ իր վարած կոնսպիրատիվ նամակագրության հետքերը ցարական քննիչներից թաքցնելու նպատակով:

Լուսինյանի գործունեության հանգամանքները բավականաչափ պարզած լինելուց հետո՝ կարծում ենք ոչ մի պատճառ չկա հավատալու մխիթարյանների այն հերյուրանքին, թե իբր Լուսինյանի խորհուրդով էր Շամիլը շարժվում Ռուսաստանի դեմ, որ Լուսինյանի օգնական զորասլետ Դանիել բեյը եղել է Շամիլի «վերին հրամանատարը», կամ որ հենց այս ամենի համար էր 1846 թ. ցարի կառավարությունը Լուսինյանին քշել Ռուսաստանից [35]:

Ծածկագիրը Լեւոն Լուսինյանի գործունեության հետ կապելու օգտին բերվել է նաեւ մի վերջին նույնքան տկար ու խախտում «արգումենտ»:

1867 թ. Կ. Պոլսում լույս է տեսել Հ. Հիսարյանի «Նեռն կամ կատարածն աշխարհի» վեպը: Այստեղ բերված է ընդարձակ մի հատված 1855 թ. Բեռլինում տպված լրագրական մի հոդվածից, ուր Լեւոն Լուսինյանի մասին ասված է. «Ըստ նամականւոյն գտնելոյ ի տան նորին, նաեւ Լոնտրայի քաղաքական փախստականաց հետ թղթակցութեան մեջ մտած է եւ մատուցած, ի մասնաւորի ընկերավարաց դասուն, դաշն միաբանութեան ընդ հայ, կաւկասեան եւ չերքեզեան ժողովուրդս» [36]: Հիսարյանի վեպից քաղված այս ֆրազը բավական է համարվել, որպեսզի ծածկագրի խնդիրը վերաքննող հեղինակներից մեկը ապացուցված նկաստեր անհեթեթ այն թեզը, թե Գերցենի, Բակունինի եւ այլ «ընկերավարականների» անունները ծածկագրող շիֆրի հեղինակը հանդիսացել էր Լեւոն Լուսինյան անունով հայտնված քաղաքական շառլատանը [37]: Անգիտացվել է, որ Լուսինյանի մասին հանդիպած տեղեկանքը պատկանում է այն հերյուրանքների շարքին, որոնք լրագրական վերոհիշյալ հոդվածում բնութագրված են որպես «Հազար ու մի գիշերոց առասպելք»: Սակայն անգիտացված է ոչ միայն այդ, այլեւ Հ. Հիսարյանի վեպի ընդհանուր բնույթը:

60-ական թվականների կեսերին Կ. Պոլսում գլուխ բարձրացրած հակասահմանադրական ռեակցիայի գիրկը նետված Հիսարյանի վեպում որպես բացասական պերսոնաժ պատկերված Նեռը եւ որպես ռեւոլյուցիոն կատակլիզմի հերոս հրապարակ հանված Լեւոն Լուսինյանի կերպարը ոչինչով նման չեն մեր բնութագրած Լ. Լուսինյանին՝ անգլո-ֆրանսիական ոստիկանների գործիք հանդիսացած «Հայաստանի իշխանին»: .

Հիսարյանը Լուսինյանին հանդես է բերում որպես «Լայպցիգի ճեմարանի» (sic!) հառաջադեմ աշակերտ, որպես մեկը, որ «անթիվ ծանոթու/584/թյուն ստացած էր հուսումն ազգաց եւ լեզվաց» [38]: Նա հրապարակ է գալիս որպես համալսարանական կրթություն ունեցող մի «անաստված», որի աշխարհայացքը դիալեկտիկական մտահայեցողությունն է ու մատերիալիզմը եւ որի կյանքի նպատակը՝ հին աշխարհի եւ կարգերի բարձումը կամ նոր օրենքների ու կարգերի հաստատումը [39]: Այդ նպատակն իրագործելու համար նա նետվում է «քաղաքական կուսակցության մեջ», մտնում «գաղտնի ընկերությանց եւ ժողովականաց մեջ», դառնում Եվրոպայի «ընկերավարականաց (իմա՝ սոցիալիստների, Ա. Հ. )… ջերմաջերմ համախոհներեն եւ անբաժանելի միաբաններեն մինը»: Իր տաղանդով եւ անձնվիրությամբ նա նվաճում է ընկերավարականների վստահությունը [40]: Մասնավորապես, ընկերավարականների հետ նրա ունեցած համագործակցությունը հանգում է հայերի, կովկասյան ժողովուրդների եւ չերքեզ լեռնականների հետ միաբանության դաշն ստեղծելու հանձառության…

Կարծում ենք, չի պահանջվում առանձին սրատեսություն, որպեսզի կասկած չմնա այն մասին, որ հանձին Լեւոն Լուսինյանի Հիսարյանը ջանացել է վերապատկերել ոչ թե 50-ական թվականներին ասպարեզ իջած Հայաստանի իշխանին, այլ 60-ական թվականներին Լոնդոնի ռուս ռեւոլյուցիոն էմիգրանտների հետ կապեր հաստատած Մ. Նալբանդյանին: իր հերոսի իմաստասիրությունը բնութագրելու համար հեղինակը աղբյուր է ծառայեցնում Նալբանդյանի «Երկրագործություն»-ը: Լուսինյանին նա ամբաստանում է նույն բանի համար, ինչի համար Նալբանդյանին ամբաստանում էր ցարական կառավարությունը: Գաղտնի ընկերությունների ու ժողովների մասին հեղինակի դատումները համընկնում են Չամուռճյանի եւ Այվազովսկու քսություններին…

Այսպիսով, Հիսարյանի գրական ապուրն իսկ շրջվում է այն տեղինակների դեմ, որոնք մոլի ջանք են սպառել Նալբանդյանի ընդհատակյա գործունեության հետ առնչվող ծածկագիրը կապելու Հայաստանի իշխանի ոստիկանական ծառայությունների հետ:

Ծածկագրի մասին Նալբանդյանի ցուցմունքի մեջ ստույգ է միայն Նալբանդյանի արհամարհանքը դեպի Հայաստանի իշխանն ու նրա թիկունքում ծվարած ուժերը, որոնց շարքին նա կասկածի տակ էր առնում, ամենից առաջ, անգլիական կառավարությանը: Հակա անգլիական դիրքավորումը, ինչպես տեսանք, արտահայտվում է Նալբանդյանի՝ բերդից գրած մասնավոր նամակների մեջ: Նալբանդյանն արտահայտում էր այդտեղ քաղաքական տրամադրություններ, որոնք անդրադարձել էին նաեւ ազատ պայմաններում հրապարակված «Երկրագործությանը»: Միանգամայն ան/585/կեղծ էր անշուշտ նաեւ դեպի կարծեցյալ գահաժառանգն արտահայտված նրա վերաբերմունքը, մանավանդ, որ մատնանշում էր այդ խուզարկության ժամանակ վերցված իր գրությունները, որոնք միջոց կարող էին տալ ստուգելու իր ճշմարտախոսության չափը:

Սակայն Նալբանդյանի տված ցուցմունքը կարեւոր է մի այլ տեսակետից: Այն ցույց է տալիս, որ Հայաստանի ազատագրման եւ, մասնավորապես, Զեյթունի շարժման շուրջը սկսված եռուզեռի մեջ տեղի ուներ կողմնորոշումների պայքար, քաղաքական հակամարտ ուժերի բախում: Իրար են զարնվում, մի կողմից, արեւմտահայ կղերի ու բուրժուազիայի այն խավերը, որոնք Հայաստանի իշխանի ու իր գործակիցների միջոցով եւ, մանավանդ, Ֆրանսիայի, Անգլիայի միջամտությունից էին ակնկալում՝ Կիլիկիայի կամ ավելի ճիշտ՝ նրա ծովամերձ քաղաքների ազատումը, եւ, մյուս կողմից, պոլսահայ արմատական ու դեմոկրատական այն խավերը, որոնք կապեր էին որոնում գավառի՝ Տավրոսի լեռնականների ու գյուղական ժողովրդի հետ եւ Նալբանդյանի միջոցով կամ նրանից անկախ շփման կետեր որոնում Ռուսաստանի ու Եվրոպայի ազգային-ռեւոլյուցիան շարժումների եւ դրանց ղեկավարների հետ: Մինչդեռ, օրինակ, Նալբանդյանը քննադատում էր ազատ առեւտրի սկզբունքը եւ «ազգային վաճառականության» միջոցով դիմադրում մանչեստրականության դոկտրինին, Լուսինյանի «Շրջաբերական»-ը, ընդհակառակը, առաջ էր քաշում ազատ առեւտրի սկզբունքը, առանց որի անկախ Տավրոսը չպիտի ունենար, իբր թե, ճշմարիտ հենարան քաղաքական ազատ գոյության եւ զարգացման համար… Ծրագրային այս կետն իսկ բավական է արդեն եվրոպական կապիտալի եւ թյուրքահայ կոմպրադորական բուրժուազիայի որոշ խմբավորությունների ձեռքին խաղալիք դարձած Տավրոսի «պրոտեկտորի» կամ նրա հայ «կուսակիցների» դասակարգային-քաղաքական դեմքը բնորոշելու համար: Պիտի աչքի առաջ ունենալ, որ Կիլիկիան այդ պահին շահախնդրության օբյեկտ էր արեւմտաեվրոպական եւ, մասնավորապես, ֆրանսիական կապիտալիստների համար: Նրա բնակիչները՝ թյուրքեր, հայեր, հույներ եւ արաբներ, վաճառում էին եվրոպացիներին իրենց բերքերը՝ ցորեն, գարի, քունջութ, ծխախոտ, վուշ, բուրդ, քաթան, մոմ, բույսեր՝ ներկեր ու դեղորայք պատրաստելու համար, շինափայտ եւ այլն: Եվրոպացիները ներմուծում էին այդ երկիրը գաղութային ապրանքներ, սուրճ, օճառ, բրինձ եւ այլն: Մերսինը, որ տակավին 1850 թ. աննշան մի գյուղ էր, հազիվ տասը տարի անց դարձել էր նշանավոր առեւտրական նավակայան եւ միաժամանակ եվրոպական հյուպատոսների նստոց [41]:

/586/ Մանչեստրական լոզունգների տակ թաքնված էին, մասնավորապես, գաղութահայ կոմպրադորական բուրժուազիայի եւ կղերի այն տարրերը, որոնք Զեյթունի օգտին Նապոլեոն III-ի միջամտությունը գլուխ բերելու համար կամենում էին կաթոլիկ եկեղեցու գիրկն առաջնորդել ապստամբբած գյուղացիներին, հանգամանք, որը հասկանալի է դարձնում կրկին Նալբանդյանի հակամարտը Լուսինյանի եւ նրան առաջ քաշող պոլսահայ բուրժուական ու կղերական մութ ուժերի դեմ: Պիտի ենթադրել, իհարկե, որ ինքը՝ Լուսինյանը կամ նրա ետեւը թաքնված հայ շրջանները չնչին ազդեցություն են ունեցել Զեյթունի անցքերի վրա: Զեյթունի հետ կապված անցքերի մեջ անհամեմատ ավելի խոշոր դեր ունեին երկրի հայ աշիրեթները (Զեյթունի «իշխանները»), տեղի կղերը (Սսի կաթողիկոսարանը եւ Զեյթունի տերտերները) եւ գաղութահայ բուրժուական-կղերական այն տ սրրերը, որոնց խոսքն անդրադառնում էր դեպքերին: Կարեւոր դեր կատարեց ապստամբության կապակցությամբ Պոլսի հայ-կաթոլիկ եկեղեցու պետ Հասունյանը, Պրոպագանդի մոլեռանդ աշակերտը, որ բացահայտ գործիք էր բոնապարտական Ֆրանսիայի ձեռքում: Ապստամբությունից անմիջապես հետո Պոլսի ֆրանսիական դեսպանի միջնորդությամբ բանտից ազատելով ձերբակալված հայ մեծամեծներին՝ Հասունյանը սրանց միջոցով աշխատում էր հավատացնել զեյթունցիներին, թե կաթոլիկ եկեղեցուց դուրս նրանց համար չկա փրկություն: Զեյթունի հարցում Նալբանդյանը եւ նրա արեւմտահայ համախոհները դիպլոմատիական կամ ռազմական ինտերվենցիայի գաղափարներ պատվաստող կաթոլիկ-բոնապարտիստական այս ուժերի դեմ է, որ պայքարում էին, հիմնականում: «Պոլսահայ լուսավորչական համայնքի» մասին իր կազմած տեղեկագրի մեջ Նալբանդյանը դեռ ապստամբությունից առաջ էր մատնանշում, թե Հասունյանը «վաղուց ի վեր դավեր է լարում գավառում, խոստանալով հայերին ֆրանսիական կառավարության զորեղ հովանավորությունը—նվազ եռանդով չեն գործում նաեւ ամերիկյան միսիոներները», ավելացնում էր նա [42]: Միսիոներական նպատակներ հետազոտող արեւմտյան կողմնորոշման հայ ինտերվենցիոնիստների եւ նրանց «ի քրիստոս եղբայր» օտար դավանակիցների հանդեպ նույն այդ տեղեկագրում նա ցանկալի էր համարում Ռուսաստանի միջամտությունը:

Լուսինյանի դեկլարացիան հասարակական-քաղաքական մութ ուժերի ձեռքին գործիք դարձած քաղաքական լուսնոտի խարխափումներ էին: Ցնորամիտ բաջաղանք էին նրա պատմությունները՝ 1846 թ. Երեւանում իր օգտին տեղի ունեցած ցույցերի, Հայաստանում կամ Զեյթունում նույն պատճառով ցարի կամ սուլթանի դեմ տեղի ունեցած հուզմունքի, /587/ զորաշարժերի ու կռիվների մասին եւ այլն: Սակայն նրա ստվերների մեջ պատրաստված քաղաքական ձեռնածուները, արծարծելով Հայաստանի իշխանի ինքնամեծար մտասեւեռումները, օգտագործում էին Լուսինյան անունը որպես բարոյական խաբուսիկ լաթ, որպես ագիտացիոն միջոց, հաշվի առնելով, մասնավորապես, որոշ տիպի հայ ազգասերների քաղաքական դյուրագայթությունը: Հետագայում իսկ, իշխան Լ. Լուսինյան կոչված անձի մահից հետո, որ տեղի ունեցավ Միլանում 1876 թ., թյուրքահայ թերթերից մի քանիսը կաշառքի ուժով պաշտպանում էին նրա «ժառանգների» Խորեն եւ Գվիդոն եղբայրների արքայական ծագումը: Այդ կարգի հայ թերթերի մասին էր սրամտում Պարոնյանը, թե՝ «ածուխ գնելու համար Լուսինյան կստեղծեն» [43]: Օրորվելով շարունակ ցարական եւ Բոնապարտական օրիենտացիաների միջեւ՝ մասնավորապես Խորեն Գալֆայանը սնում էր իր մեջ ջերմեռանդ այն հույսը, թե մի օր պիտի վերանորոգվի Կիպրոսի հնամաշ թագը, որի ամենախոշոր ադամանդն իրեն էր համարում վեղարակիր այս սիրամարգը: Բնորոշ են այդ տեսակետից 1878—80 թվականների նրա անտիպ նամակները, որոնք հետաքրքիական լույս են սփռում հայ զավեշտական այդ գործչի վրա [44]:



[1]     Ե. Լ. Ժ., III, եր. 89 եւ հետ,:

[2]     Ե. Լ. Ժ., III, եր. 90:

[3]     Նույն տեղը:

[4]     Ե. Լ. Ժ., II, եր. 278:

[5]     Նույն տեղը, I, եր. 428:

[6]     Նույն տեղը, III, եր. 219:

[7]     Ե. Լ. Ժ., 1V, եր. 148:

[8]     Նույն տեղը, եր. 184:

[9]     Նույն տեղը, III, Եր. 219 եւ հետ.:

[10]   "Kaвкaк", 1868, No 16, "Письма из Константинополя".

[11]   Նույն տեղը:

[12]   Ե. Լ. Ժ., IV, եր. 183:

[13]   Նույն տեղը , եր. 187:

[14]   «Անտիպ երկեր», եր. 60:

[15]   Տե՛ս Ե. Լ. Ժ., IV, եր. 223 եւ հետ.:

[16]   ՀՍՍՌ Մատենադարան, Մսերյանի արխիվ, թղթապ. N 295, վավ. N 1100։

[17]   «Արշալույս Արարատյան», 1864, N 767:

[18]   Հմմ. «Անտիպ երկեր», եր. 88 եւ հետ.:

[19]   Նրա մասին ավելի մանրամասն տե՛ս «Անտիպ երկեր», եր. 495 եւ հետ.:

[20]   «Une conférence sur l'histoire d'Arménie ou la vérité vraie déclarée à propos de la brochure anonyme intitulée la vérité sur le prince Léon d'Arménie-Lusigian», Paris, 1879, եր. 66:

[21]   Հմմ. «Անտիպ երկեր», եր. 248:

[22]   Հմմ. «Համբավաբեր Ռուսիո», 1864, 61 եւ 62:

[23]   Հմմ. «Փարիզ», 1861–62, N: 57, 59, 60, 61 եւ 62:

[24]   Նույն տեղը, 1862, մայիս 9, N 66, եր. 3:

[25]   Տե՛ս նույն տեղը, 1861, N: 56:

[26]   Տե՛ս «Մասիս», 1855, N 198:

[27]   Տե՛ս Զեյթունցի, Զեյթունի անցյալեն եւ ներկայեն, Վիեննա, 1900, եր. 104:

[28]   «Փորձ», 1877, 30 3, եր. 173:

[29]   Հմմ. «Փարիզ», 1862, մայիս 9, N 66:

[30]   «Արեւմուտք», 1859, եր. 251:

[31]   Նույն տեղը, 1864, N

[32]   «Անտիպ երկեր», եր. 88 եւ հետ:

[33]   Տե՛ս Г. Г. Антонян, Реакционное движение Шамиля и некоторые вопросы армянской общественной мысли XIX в., Баку, 1950 եւ Ա. Ինճիկյանի «Միքայել Նալբանդյանին վերագրվող մի փաստաթղթի առիթով», հոդված՝ տպագրված «Սովետական գրականություն եւ արվեստ» ամսագրում, 1953, N: 1:

[34]   Հմմ. այս ամենի մասին «Անտիպ երկեր», եր. 496 եւ հետ.:

[35]   Տե՛ս Ա. Ինճիկյանի մեր նշած հոդվածը, եր. 138 եւ հետ. ։

[36]   Հ. Հիսարյան, Նեռն կամ կատարածն աշխարհի, Կ. Պոլիս, 1867, եր. 308:

[37]   Տե՛ս Г. Г. Антонян, նույն տեղը, եր. 21 եւ հետ.:

[38]   Հ. Հիսարյան, Նեռն կամ կատարածն , աշխարհի, Կ. Պոլիս, 1867, եր. 157:

[39]   Նույն տեղը, եր. 248:

[40]   Նույն տեղը, եր. 158 եւ հետ.:

[41]   Տե՛ս V. Langlois, Cartulaire de chancellerie royale des Roupéniens, Paris, 1863, եր. 99:

[42]   «Անտիպ երկեր», եր. 52:

[43]   Հ. Պարոնյան, Ազգային ջոջեր, Երեւան, 1932, եր. 109:

[44]   Տե՛ u Архив Института Востоковедения AH CCCP, Կ. Եզյանի թղթերը: