Նալբանդյանը եւ նրա ժամանակը(Ա)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/410/ ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐԵՎՄՈՒՏՔ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆ


Արեւմուտքի ճանապարհին: Խոհեր Նեապոլի ապստամբության առիթով: Նալբանդյանը Փարիզում եւ Լոնդոնում: Ճանապարհ դեպի Հնդկաստան: Պայքար «մեռելկոխ» գումարների վերակենդանացման համար։ Հնդկաստանի տպավորությունները Նալբանդյանի հետագա հրապարակախոսության մեջ: Թաղիադյան եւ Նալբանդյան: Վերադարձ դեպի Արեւմուտք։ «Երկու տող»–ի եւ «Երկրագործության» տպագրությունը:

 

Մեկնելով Ռուսաստանից արտասահման՝ Նալբանդյանը ենթադրում էր Պոլսի վրայով ուղեւորվել անմիջապես Հնդկաստան: Սակայն, երբ Կալկաթայի անգլիական վարչության անունով հանձնարարական թուղթ ստանալու նպատակով ներկայացավ Պոլսի անգլիական դեսպան Բույլվերին, վերջինս, ծանոթանալով նրան զբաղեցնող կտակագումարների հարցին, անհրաժեշտ գտավ, որ նախապես մեկնի Լոնդոն: Եթե հնար չեղավ կտակված կտակագումարները ստանալ հենց Լոնդոնում, բացատրում էր անգլիական դեսպանատունը, Նալբանդյանն այդտեղ պիտի կկարողանար գեթ ձեռք բերել Կալկաթայի վարչությանը հասցեագրված անգլիական կառավարության կարգադրությունները, որոնք կապահովեին Հնդկաստանում նրա հաջողությունը: Նման կարծիքներ Նալբանդյանը նախապես լսել էր նաեւ Թբիլիսիում՝ Կովկասի փոխարքայության դիվանում, այլեւ Պոլսի ռուսական դեսպանատանը [1]:

Անգլիա ուղեւորվելու համար դուրս գալով Պոլսից 1860 թ. դեկտեմբերի 21-ին՝ Նալբանդյանը նստեց շոգենավ, ենթադրելով ափ իջնել։ Մարսեյլում: Սակայն ձմեռային չարագուշակ մրրիկը հինգ-վեց օր ու գիշեր ալիքներին զարնելով նավը՝ Սիցիլիա կղզին քշեց այն: Իջնելով Մեսսինայում, ծովային տառապանքից գրեթե անշնչացած՝ ճանապարհորդը հարկադրված եղավ փոխադրվել մի այլ շոգենավ, որը շարժվելու էր Մարսեյլ ծովեզերքով՝ առաջին նվագ կանգ առնելով Նեապոլում: Երկ/411/օրյա ալեկոծությունից հետո նա հասավ Ջենովա: Սակայն ձմեռային նավարկությունն այնքան էր թուլացրել նրան, որ որոշեց մնացած ճանապարհը շարունակել ցամաքով: Ջենովայում նա մտավ գնացք եւ Թուրինի ու Սավոյայի վրայով հասավ Ալպյան լեռնաuտորոտը՝ «մշտաձմեռ ծածկելոց ընդ ահարկու բեռմամբ ձեան», ինչպես ասում էր Նալբանդյանը գրաբարագիր մի նամակում: Լեռնային բորեասի ժամանակ անցնելով Կովկասի Ռազմավիրական ճանապարհը վերհիշեցնող շվեյցարական լեռնակիրճերը, նա կտրեց սահնակով Սան-Բեռնարի անցքը մինչեւ մերձակա երկաթուղագիծը եւ ուղեւորվեց Փարիզ՝ Ժնեւի վրայով: Այստեղ նա մնաց չորս օր: Հունվարի 11-ին (նոր տոմարով 23-ին) Ճանապարհորդը մտավ Լոնդոն [2]:

Երկարատեւ եւ տառապալից այս ուղեւորության ժամանակ կանգ առնելով Մեսսինայում եւ Նեապոլում՝ Նալբանդյանն ականատես եղավ իտալական ապստամբության հետ կապված մի քանի անցքերի: Այդ մասին են վկայում հետաքրքրական այն էջերը, որ գրեց նա այդ պահին Սրվաճյանին՝ ընդամենը երեք ամիս առաջ Գարիբալդիի ղեկավարած զորքերի ղենքով ազատագրված Նեապոլից: Ժողովրդական մեծ հերոսի հաղթանակը բեւեռել էր իր վրա եվրոպական ռեւոլյուցիայի բոլոր բարեկամների ուշադրությունը: Գարիբալդիականների շարքերում կռվում էին եվրոպական ժողովուրդների, դրանց թվում նաեւ Ռուսաստանի եւ, մասնավորապես, Անդրկովկասի երիտասարդ կամավորներ: Սեպտեմբերի 7-ին ապստամբները գրավել էին արքայական ապարանքը եւ զինվորի կոշիկներով կոխկրտել Բուրբոնների փափուկ գորգերը: Նեապոլիտյան ռեւոլյուցիայի կապակցությամբ ցարական կառավարությունը բողոքեց իրավունքի «հավիտենական օրենքները» խախտած պիեմոնտական կառավարության դեմ եւ ես կանչեց Թուրինից իր դեսպանին (1860 թ. սեպտ. —հոկտ. ամիսներին): Իտալական եւ լեհական «վտանգի» դեմ Ալեքսանդը երկրորդը այդ պահին բանակցություններ սկսեց եվրոպական կառավարությունների հետ եւ միաժամանակ պատրաստություններ էր տեսնում շարԺելու իր բանակները դեպի Արեւմուտք:

Սըվաճյանին ուղղած նշանավոր այդ նամակում Նալբանդյանը քըննադատում էր պետությունների քաղաքականությունը Իտալիայի վերամիավորման խնդրում եւ միաժամանակ վերլուծում իտալական շարժման ղեկավարների գործողությունները: Հայ ազգային-ազատագրական գաղափարը նա առիթ էր ունեցել արծարծելու նույնիսկ «Իտալացի աղջկա երգի» ձեւով: Գ. Պատկանյանը դեռ 1860 թ. ամռանն էր առիթ ունեցել զրուցելու նրա հետ եվրոպական ժամանակակից անցքերի մա/412/սին եւ չարամտորեն գրում էր, թե Նալբանդյանը սեփականել էր այնպիսի «մեծամտություն», «որ կարծել էր թե Պալմերստոն եւ Քավուր ավելի հաջողած պիտ լինեին, եթե նորա խորհրդով տնօրինեին՝ մինը Մեծին Բրիտանիո վարչության կշիռն, եւ մյուսն անդամատյալ Իտալիո միավորության եւ միահեծան պետություն կազմելո մեծ, ազգասիրական եւ հայրենասիրական խորհուրդն, եւ Գարիբալդին՝ թե նորան ունենար ինքյան զորավիգ չէր կորուսաներ յուր անհաղթ անունն անհաջող կռվի մեջ» [3]: Ակներեւ է, որ Պատկանյանը Նալբանդյանի կարծեցյալ «մեծամտությանն» է վերագրում պետությունների կամ գործիչների նկատմամբ նրա արտահայտած քննադատական հայացքներն ու գնահատականները: Հետագայում, «Երկրագործության» էջերում, Նալբանդյանը համակիր բացագանչություններ էր անում իտալական ժողովրդի ռեւոլյուցիոն ղեկավարների հասցեին: Պիտի կարծել, որ Նալբանդյանի քննադատական դիտողությունները հիմնականում վերաբերած կարող էին լինել միայն իտալական շարժման լիբերալ գործիչներին կամ եվրոպական պետությունների միջամտության հետ կապված հարցերին:

Նեապոլից Սըվաճյանին ուղղված նամակը վերին աստիճանի կարեւոր մի վավերագիր է, որ դրսեւորում է Նալբանդյանի խանդավառ վերաբերմունքը դեպի գարիբալդիական շարժումը: «Երբ մեր շոգենավը մոտեցավ ծովեզրին, գրում էր նա, Մեսսինայի նավահանգստում կանգնած էր՝ մի ահագին բազմություն աշխույժ երիտասարդների, որոնց կարմիր շապիկը վկայում էր, թե պատկանում են իտալական հերոսին՝ Գարիբալդու բանակին: Այդ վառվռուն երիտասարդների դեմքի վերա գծագրված էր ուրախություն եւ խղճի հանգստություն. նոցա ճակատը փայլում էր արժանավոր պարծանքով» [4]: Նալբանդյանի նամակը ցույց է տալիս, թե որքան հստակ պատկերացում ուներ նա իտալական ռեւոլյուցիայի շարժիչ ուժերի մասին: Գարիբալդիի ետեւը, ասում էր նա, կանգնած է «հասարակ ժողովուրդը», Վիկտոր- Էմմանուելի ետեւը՝ բուրժուազիան, կամ ինչպես արտահայտվում է Նալբանդյանը՝ «քաղաքացիք», այսինքն՝ «միջնակարգ ժողովուրդը»: Սրանք երկուսն էլ պայքարում են Իտալիայի ազատության համար, թեպետեւ նրանց մեջ կա «խոշոր տարբերություն» եւ Իտալիայի ազատագրմանը նրանք մերձենում են «տարբեր սկզբունքներից»: «Իտալիան, գրում էր Նալբանդյանը, ամոքում է այս խոշոր տարբերությունը եւ այս պատճառով եւս հիշյալ երկու կացությունքը (=états, դասերը, Ա. Հ. ) գործ տեսան եւ ամոթահար հաղթահարեցին ազնվական կացությունը, որ հերիքանալով անձնական դյուրությամբ, նեապոլիտանյան նեղսիրտ ապսոլյուտիզմի ժամանակ եթե չկարողացավ դեմ /413/ դնել ազգի միջից դուրս արձակված դիմագրավ զորության, գեթ մեծ տհաճությամբ լսեց եւ լսում է (ազատ Իտալիայի հասցեին ուղղված, Ա. Հ. ) անլռելի «կեցցեները»» [5]: Անարգանքի սյունին գամելով մարդկային հավասար իրավունքն ու ազատությունը հափշտակող ու բռնաբարող ազնվականությանը, Նալբանդյանը գրում էր. «Ազնվականը բռնաբարելով հասարակ ժողովրդի աստվածատուր ազատությունը եւ իրավունքը, խլում է նորան սեղանապիղծ ձեռքով, եւ ուրիշները աղքատացնելով, հարստանում է եւ տիրապետում է ազգի բանականության վերա: Այս բարոյական ավազակներին մա՜ք բարոյական» [6]:

Ազնվականությունից ոչ պակաս ճնշում է գործում իտալական ազգի բանականության վրա կաթոլիկ կղերը: «Այս Հռովմը փորձանք դարձավ մարդկության գլխին, շարունակում էր Նալբանդյանը: …Հռովմը ստրկությամբ եւ բռնակալությամբ հիմնված մինչեւ այսօր հաստատ կացավ իր սկզբունքին… Բայց Իտալիայի ներկա վիճակը, խելքերի ընդհանուր խմորումը վկայում են, թե շուտով կհնչե Հռովմի ճակատագրական զանգակը» [7]:

Իր բուռն ատելությունը դեպի իտալական ժողովրդի թշնամիները Նալբանդյանն արտահայտել էր դեռեւս 1860 թվականից էլ առաջ, 1859 թ. հուլիսին գրած «Իտալացի աղջկա երգում»: Կործանել Ավստրիան, նվաճել շղթայակապ Իտալիայի ազատությունը՝ այս էր երգի լեյտմոտիվը:

Երբ գրվում էր այդ երգը, արդեն կնքված էր իտալական ժողովրդի թիկունքին սուր իջեցնող Վիլլաֆրանկեի դաշնագրությունը: Նապոլեոն III-ը ծվատում էր ազատ Իտալիայի կուրծքը՝ Հաբսբուրգների ճանկերում թողնելով Վենետիկն ու նրա շրջանը: Իտալիայի ազատագրական պայքարը թեւակոխում էր ռեւոլյուցիոն զարգացման նոր էտապ: Նալբանդյանը գիտեր այդ պահին, որ միայն իտալական ազատության դեմ չէր ուղղված վիլլաֆրանկյան դաշնագրությունը. ֆրանսիական բուրժուազիայի բախտախնդիր առաջնորդին հարկավոր էր այդ դաշնագրությունը՝ նպատակ ունենալով արտաքին հաղթությունների պարծանքով ճնշել ու անհետ կացուցանել ներքին ազատությունը ֆրանսիական ազգի մեջ» [8]: Սակայն Նալբանդյանը համոզված էր, որ ֆրանսիական դեմոկրատիան չի փոխի ազգային իր ազատասիրությունը կայսրության ոսպնաթանի հետ:

Նշանավոր իր երգով Նալբանդյանը ողջունում էր վերսկսվող ապըս/414/տամբությունը ոչ միայն այն պատճառով, որ «թշնամուց ոտնակոխ» երկրի զավակն էր նաեւ ինքը, կամ այն, որ իտալական ռեւոլյուցիոներների կանչերը նրան հիշեցնում էին Ռուսաստանում արծարծվող ազատագրական այն մեծ շարժումը, որի մեջ նա նշմարում էր իր ժողովրդի եւ բախտակից մյուս ժողովուրդների փրկության «մեծ խորհուրդը»: Նալբանդյանը գրեց մարտաշունչ իր երգը անշուշտ նաեւ այն պատճառով, որ տակավին դրանից առաջ տեսել ու սիրել էր այն երկիրը, որի ազատության համար մղվում էր գարիբալդիականների պայքարը, ինչպես նաեւ այն, որ դիտել ու ատել էր այն ռեժիմը, որի կործանման համար մարտնչում էին իտալական հայրենասերները:

Հաղորդելով յուրայիններին իտալական իրադարձերի մասին, Նալբանդյանն առիթ էր մատակարարում նրանց՝ խորհել հայրենի երկրի վիճակի եւ սրանից ելնելու ռեւոլյուցիոն ուղիների մասին: Այստեղ եւս նա հավատարիմ է ռեւոլյուցիոն ուժեր հավաքողի ու կազմակերպողի, ռեւոլյուցիոն զարթոնքի փողհարի իր կոչումին: Ակամա վերհիշում ես նույն այդ պահին Իտալիայում բուժվող Դոբրոլյուբովին, որը Նեապոլի անցքերին նվիրած իր էջերում հրահրում էր ու սիրում հայրենակիցների ռեւոլյուցիոն միտքը: Սըվաճյանին դրված խորաթափանց, անցքերի քաղաքական իմաստն ու դասակարգային բովանդակությունը դրսեւորող նամակն ավարտվում է հրաբորբ տողերով. «Չեմ նախանձում Իտալիայի ազատության, գրում էր Նալբանդյանը, դորա հակառակ առ ի սրտե ուրախ եմ, սակայն տեսանելով նորա ազատությունը եւ իմ ազգի տկարությունը, կրծում է սիրտս եւ այրում է հոգիս… Էտնան եւ Վեզուվին ծխվում են. Արարատի հին վուլկանի մեջ մի՞թե կրակ կմնա իսպառ… մահաբեր մտածություն»: Հրավեժ Էտնայի եւ Վեզուվի ստորոտներից մտաբերելով հայկական բնաշխարհի մրափած տարերքը, Նալբանդյանի տեսողության առաջ հուզվում էին Արարատի շուրջը հաջող ուրվականները, հայակերպ այն «չմարդերը», որոնք արժանի չէին ոտք դնելու հայրենիքի «փրկության կամուրջին», նրա ազատագրման ռեւոլյուցիոն ճանապարհին: Այնուամենայնիվ, հայրենի իրականության մռայլ հետնախորքի վրա իսկ չէր մոռանում նա այն բարեկամներին , «որոնց կուրծքի մեջ զարկում է մի ստուգատես հայկական սիրտ» [9]:

Նամակում ուրվագծված հայկական հին ու նոր սերունդների այս հասկադրությանը հանդիպում ենք նաեւ Նալբանդյանի «Ազգային թատրոն Պոլսի մեջ» հոդվածում, որ տպվեց «Մեղվի» էջերում: Այստեղ նա գրում էր դարձյալ։ «Հին խելքերը, որոնց զլացել էր դարը յուր ազդեցությունը, որոնք եւ գործարան չունեին յուրյանց խելապատ ակի մեջ՝ հաս/415/կանալու եւ կշռելու ազգային կարոտությունների ծանրությունը, որոնք, ասիական դանդաղկոտությամբ գրեթե կաթվածահար, շատանում էին յուրյանց շնչական բարեկեցությամբ եւ ի վերջո, որոնց ականջին ազգի անունը, ազգի բարոյական դաստիարակությունը հնչում էին որպես «ձայն բարբառոյ յանապատի», այս հին խելքերը… չէին կարող եւ չէ պիտո պատճառ եւ հիմն լինեին մի այսպիսի գործի, հավատարիմ մնալով յուրյանց սկզբունքին»: «Հին խելքերին» նա հակադրում էր նոր սերնդի երիտասարդությունը, «որոնց վերա են մտածող մարդերի հույսերը, ժամանակի եւ դարու այն հարազատ որդիքը, յուրյանց կամ ուսումնական եւ կամ փորձական կրթությամբ, ա՛յլ հարաբերության մեջ լինելով դեպի ազգը քան թե նոցա ամուլ նախնիքը» [10]:

Ալպերից դեպի Փարիզ կատարած իր ուղեւորությունը նկարագրելիս Նալբանդյանն «Աղցմիք»-ում ակնարկում էր Փարիզում հանդիպած իր մի բարեկամին՝

Ընդ քարշ տանիմ զոսկերս իմ՝

Մազապուր խզեալ զկապանս,

Հանգուցանել յաղքատին

Ի մերայնոց օթեւանս

- - - - - - - - - - - -

եւ թռչիմ

Ի մենացեալն Գրընել

Ուր եղբայր ցանգ ինձ մնայր,

Ուր սուրբ էին մուտ եւ ել՝

Եւ սէր իսկ ոչ հնանայր:

«Եղբայրը» որի մասին ակնարկում է Նալբանդյանը, նրա համերկրացի ու համալսարանական ընկեր Հովհաննես Բերբերյանն էր, անշուշտ, որն այդ ժամանակ Փարիզում էր գտնվում հենց [11]:

Հասնելով Լոնդոն՝ Նալբանդյանը ընդհուպ զբաղվեց Հնդկական կտակների խնդրով: Անգլիական արտաքին գործոց մինիստր Ջոն Ռոսսըլը, հենվելով Լոնդոնի ռուսական դեսպանի միջնորդության վրա, նրան ճանաչեց Ն. -Նախիջեւանի հայերի «լիակատար երեսփոխան» եւ հնդկական կտակագումարների գործում նրան օժանդակելու մասին հրահանգներ հղեց Կալկաթայի անգլիական ընդհանուր նահանգապետին [12]:

Լոնդոնում Նալբանդյանը մնաց մինչեւ մարտ ամսվա կեսերը, նույն ժամանակամիջոցում, Բերբերյանի պահանջով, հավանորեն «Երկու տող»-ի տպագրության կապակցությամբ, վերադարձավ Փարիզ, ուր /416/ մնաց հունվարի 19-ից մինչեւ փետրվարի 2-ը: Մի երկրորդ անգամ նրան տեսնում ենք Փարիզում նաեւ Հնդկաստան ուղեւորվելու համար Լոնդոնից մեկնելուց հետո՝ մարտի 14-ից մինչեւ ապրիլի 19-ը, երբ Մարսեյլի, Ալեքսանդրիայի եւ Սուեզի վրայով նա մեկնեց Կալկաթա:

Անանիա Սուլթանշահին Կալկաթայից գրած նամակում Նալբանդյանը նկարագրում է Սուեզից Կալկաթա կատարած ճանապարհորդությունը. «Ես ողջմամբ մտա Կալկաթա մայիսի 30|11 Հունիսի… Սուեզից մինչեւ այստեղ 24 օր ծովի վերա էի. շատ մրրիկների եւս պատահեցի: Կարմիր ծովից դուրս գալու ժամանակ կանգնեցանք չորս ժամ Ադեն քաղաքի առջեւ: Սա հին Թատմորն է արաբական, որ երբեմն Սողոմոն շինեց եւ որ վերջումը նյութ եղավ արաբական բանաստեղծներին, իհարկե, հիշում ես Անթարը: Թատմորից գնացինք Ցեյլոն կղզին, ուր երբեմն ճիզվիթները գնացել էին, երբ այս դժոխային կարգը նոր էր հիմնվում, Ցեյլոնից Մադրաս, իսկ Մադրասից Կալկաթա» [13]:

Անհայտ է մեզ Հնդկաստանում կտակագումարներ ձեռք բերելու կապակցությամբ եղած դժվարությունները հաղթահարելու կամ, ինչպես արտահայտվում էր ինքը՝ Նալբանդյանը, կորած արծաթագլուխը՝ շուրջ 50 հազար ռուբլի, կենդանացնելու համար «մեռելկոխ լինելու» պատմությունը: Նալբանդյանի նամակները հիմք են տալիս կարծելու, որ գործի հաջողությանը նպաստած պիտի լինեն Կալկաթայի առաջին հայ դատավորը՝ Սեթ Աբգարը, ինչպես նաեւ նրա հայրը՝ Ա. Գ. Աբգարը՝ Հնդկահայ մեծահարուստ առեւտրականները: Հավանորեն օժանդակած պիտի լինի նաեւ Նալբանդյանի ծոցատետրում նշված Թ. Ավետումը, բասրացի հայ մի գրականագետ, որ ապրում էր Կալկաթայում, վայելելով ազգասեր հայի եւ ուսումնասեր հայկաբանի համբավ: Ավետումը Նալբանդյանի կողմից մեծարված Մ. Թաղիադյանի հրատարակած «Ազգասեր»-ի աշխատակիցն էր եւ մեկը խմբագրի մտերիմներից ու հավատարիմ պաշտսյաններից: Նրա գրչին է պատկանում երեւանցի նշանավոր լուսավորականի «կարճ ու վճիտ կենսագրությունը» [14]:

Հետագայում «Արշալույս Արարատյան» թերթում Նալբանդյանի մասին հրապարակած մի հոդվածում Այվազովսկին, կամ նրա կողմից հուշարկված մեզ անհայտ մի անձնավորություն, հնդկական նրա առաքելության մասին գրում էր, թե «Նույն երկպառակության սերմերը, որ գնացած տեղերը կսերմաներ, նույնը եւ անդ (այսինքն՝ Հնդկաստանում, Ա. Հ. ) կսերմանե անստորագիր գրելով թե առ կաթողիկոսը եւ թե առ /417/ Էջմիածնա Սինոդը, տեղվույն առաջնորդի եւ ժողովրդոց մեջը. սակայն աստուծո աջը, որ կհսկե Հնդկաստանցոց ժողովրդին վերա, շուտով կշիջուցանե նորա երկպառակության բոցը: Այժմ կլսվի, թե դրամագլխաց կես մասը հազիվ հասած է Նախիջեւան» [15]:

Նալբանդյանը չժամանեց ներկայացնել Նոր-Նախիջեւանի քաղաքացիներին Հնդկաստանում իր ձեռք բերած «արծաթագումարի» մանրամասն հաշիվը: Սակայն նրա թողած թղթերի եւ հաշիվների հասարակական ստուգումը կասկած չթողեց այն մասին, որ նա կատարել էր իր առաքելությունը ամենայն բարեխղճությամբ: Նախիջեւանի ապագա դպրոցի համար նրա առաքելության շնորհիվ ստացվեց 53 հազար ռուբլի «արծաթագումար», եւ բացի այդ՝ տարեկան մուտք Կալկաթայի կալվածքից [16]: Մի տեսակետից միայն հակառակորդների ծուռ հայելին անդրադարձնում էր իրողություւնը, երբ նշում էր, թե առանց աղմուկի եւ գժտության չէ, որ նա գլուխ բերեց ստանձնած գործը: Այստեղ եւս նրա ելույթները հուզել էին սովորական պառակտումը «տեղվույն առաջնորդի եւ ժողովրդոց մեջը», եւ կասկած չկա, որ Նալբանդյանը Հնդկաստանում եւս պիտի հանդես գար թեմական առաջնորդին դիմակայող ժողովրդական մասսաների պաշտպանի դերում: Հակառակորդի գրիչը այս կետում մատնում է, ըստ երեւույթին, իրական ճշմարտությունը: Պայքարը դառնում էր այն դատի շուրջը, որ վարում՝ էին հնդկահայերը, Խաչիկյան քահանայի ղեկավարությամբ, Նոր-Ջուղայի թեմակալ Թադեոս արքեպիսկոպոսի դեմ: Ինչպես ակներեւ է դառնում այս մասին հրապարակված գրագրություններից, Հնդկաստանում Նալբանդյանը ոչ միայն շահ չուներ անստորագիր թղթեր գրելու կաթողիկոսի դեմ, այլեւ, ընդհակառակը, պարտավորվել էր վերադառնալուց «կենդանական ձայնիվ» զեկուցել կաթողիկոսին առաջնորդի կամայական վարչության մասին [17]: Իրենց հերթին կաթողիկոսին ուղղած թղթերում հնդկահայերը որակում են Նալբանդյանին «շնորհապերճ», «ազգասեր եւ աչալուրջ քաջակիրթ» բառերով [18]: Խոր այն կսկիծը, որ, ինչպես պիտի տեսնենք, մի-երկու տարի անց արտահայտեց հնդկահայ մամուլը Նալբանդյանի կալանքի ու մահվան մասին, ապացույց է, թե ռուսահայ տրիբունը որ աստիճան համակրանք էր նվաճել նաեւ հնդկահայ մասսաների եւ նրանց հայացքների թարգման հանդիսացող մարդկանց կողմից:

Հնդկաստանում եւ, մասնավորապես, հնդկահայ գաղութում ստացած տպավորությունները, իրենց հերթին, արգասավոր եղան Նալբանդյանի /418/ քաղաքական տեսադաշտը ընդլայնելու տեսակետից: Հրապարակախոսի սուր աչքը չէր կարող հատուկ դիտողության առարկա չդարձնել անգլիական կապիտալի գաղութային շահատակումները, նույն այդ կապիտալի ազդեցությամբ հնդկահայ գաղութի նյութական բարեկեցության անկումն ու. ազգային-կուլտուրական դիմազրկումը: Հայտնի է, որ տակավին 18-րդ դարի վերջերին, անդրադարձնելով հնդկահայ գաղութի պահանջները, Հնդկաստանում արծարծվեց հայ ազատագրական շարժման երեւելի գործիչների՝ Հ. Էմինի, Մ. Բաղրամյանի եւ Շ. Շահամիրյանի ազգային-քաղաքական հրապարակախոսությունը: Առաջ քայլելով նրանց հարթած ուղիով, Թաղիադյանը նշում էր եվրոպացիների կրոնաորսությունները Հնդկաստանում, նրանց գործ դրած քաղաքական ճնշումները, նրանց դաժանություններն ու կեղեքումները: «Անձնասիրութիւն` առաջնորդացն, գրում էր Կալկաթայում հրատարակվող իր օրգանում Մ. Թաղիադյանը, առ ի միայն փարթամացուցանելոյ զանձինս իւրեանց եւ թագաւորակերպ կեանս վարելոյ՝ անփոյթ գլխովին զօգտից հպատակացն ամօթ եւ նախատինս բերէ ո՛չ միայն ատենին եւ իւրաքանչիւր անդամ ոց նորա, այլեւ երկրին եւ սնապարծ տէրութեանն: Յամին զեօթնհարիւր միլիոնս լիրայից քարշեն ի հարկաց Հնդկաստանի, եւ ոչ գոնէ զմիլիոն մի ծախեն ի վճար ուսման այնքան բազմութեան տուողացն զայն: Եւ չիցէ՞ այս բռնաբարութիւն ի ծայրագոյն աստիճանի, անտանելի եւս քան զմուԺիկութիւնն (իմա՝ ճորտությունը, Ա. Հ. ) Ռուսաստանի, եւ զկեղեքանս պարսից: Եւ դեռ սոքա Անգղիացիք, որք անամօթ երեսօք պարծին միշտ ի բարերարս ազգի մարդկան լինել: Չիցէ՞ այս եւ ապերախտութիւն մեծ ծծել ցամաքեցուցանել զստինս հպատակաց ի վերջին շթէ կաթին եւ զկենuարարն նոցա խնայել նոցա սնունդ: Աշխարհ զաչս բացցէ այսուհետեւ տեսցէ թէ որ բարբարոսութիւն իցէ դժնդակագոյն քան զայս» [19] ։

  «Երկրագործության» հեղինակի մերկացումները անգլիական «քաղաքակրթության» մասին արձագանքելու էին կարծես Թաղիադյանի նշանակալից այս տողերին: Պատահական չէ, գուցե, որ հետաքրքրվելով Թաղիադյանի գրական ժառանգությամբ՝ Նալբանդյանը գտել էր Հնդկաստանում եւ վերցրել իր հետ նրա «Ճանապարհորդութիւն ի Պարս» գրքի թերատիպ էջերը:

Գլուխ բերելով կտակագումարների ստացումը՝ 1861 թ. սեպտեմբերի 27-ին Նալբանդյանը վերադարձավ Անգլիա: Ճանապարհին նա կանգ առավ Ալեքսանդրիայում, Երուսաղեմում, Զմյուռնիայում եւ Պոլսում: Հատուկ ուշադրության արժանի է Նալբանդյանի դիմումը Ալեքսանդրիայում եւ Կահիրեում, ինչպես նաեւ նրա նամակագրությունը եգիպտահայ /419/ ոմն Ալփիարի հետ, որի միջոցով, ինչպես ուզում էր հավատացնել ինքը սենատական հարցաքննության ժամանակ, արտասահմանից նամակներ էր փոխադրում ծնողներին: Այս բացատրությունն ընդունակ է միայն սաստկացնելու տակավին չհագեցած մեր հարցասիրությունը նրա եւ Ալփիարի միջեւ եղած կապերի իսկական բնույթի նկատմամբ: Աչք ածելով Նալբանդյանի ծոցատետրերի համապատասխան նշումներին՝ դժվար չէ համոզվել, որ «տուն» կամ «պապային» հղած նամակների ամսաթվերը չեն համընկնում Ալփիարին հասցեագրված նամակների ամսաթվերին: Բացի այդ, վերջինիս նա նամակ էր ուղարկում նաեւ Լոնդոնից, մինչդեռ Եգիպտոսն ամենակարճ ճանապարհը չէր Լոնդոնի եւ Նոր-Նախիջեւանի միջեւ նաեւ Նալբանդյանի ժամանակ… Ավելի հավանական է ենթադրել, թե Եգիպտոսի եւ Ալփիարի հետ եւս Նալբանդյանը կապված էր ազգային-քաղաքական օղակներով, թեկուզ եւ դրանց բնույթը որոշելու համար կոնկրետ տվյալներ չկան տակավին:

Երուսաղեմի վանքի կացության թողած ծանր տպավորություններին Նալբանդյանն անդրադարձավ «ներսեն-դուրսեն» պայքարին վերաբերող նորահայտ իր զեկուցումներում [20]: Նրա Զմյուռնիա հասնելու մասին հայտնում էր տեղում հրատարակվող «Ծաղիկ» շաբաթաթերթը, ի հայտ բերելով այս առիթով իր բարյացակամությունը ռուսահայ գրողի «ազատականության եւ ազգասիրության վրա» ունեցած հայացքների մասին: Նրան դիմավորելու եկել էին «Ծաղիկ» թերթի խմբագիր Գր. Չիլինկիրյանը եւ Զմյուռնիայի Հաշտենից եւ Վասպուրական ընկերությունների անդամները: Իր թերթում Չիլինկիրյանը ուրախություն է հայտնում այն առիթով, որ «Հյուսիսափայլ»-ը, որի «ազատական դրոշակի» կրողն էր Նալբանդյանը, հաղթահարելով իր դեմ հարուցված խոչընդոտները, շարունակելու է հրատարակվել: «Համոզված ենք, հարում է «Ծաղիկ»-ի խմբագիրը, թե արգո Մ. Նալբանդյանը փրկավետ դրության մը տեր է եւ իր տեսությունը, թեեւ կարճատեւ եղավ, սակայն մեր հիշողությունը համակրության այնպիսի դրոշմով մը կնքեց զոր ժամանակին թեւը անկարող պիտի ըլլա սրբել եւ ջնջել» [21]: Զմյուռնիայի մասին Նալբանդյանը հիշում է նաեւ «Ազգային թատրոն Պոլսի մեջ» իր հոդվածում: «Պակաս ուրախություն չզգացինք մենք, գրում է նա այդտեղ, տեսանելով Զմյուռնիո մեջ Վասպուրական անձնուրաց ընկերության հայախոս թատրոնը. այստեղ հաջող ենք համարում եւ դեպի նոցա ուղղել մեր առ ի սրտե շնորհակալությունը եւ ընթացք ու հաջողություն մաղթել յուրյանց չնաշխարհիկ ասպարեզի մեջ» [22]:

/420/ Հասնելով Պոլիս՝ Նալբանդյանն առիթ ունեցավ ողջունելու Արեւելյան թատրոնի ներկայացումներից մեկը, այդ կապակցությամբ «Մեղու»-ի էջերում զետեղելով իր նշանակալից հոդվածը:

1861 թ. դեկտեմբերի 27-ին . տ. ) մեկնելով Կ. Պոլսից եւ մի քանի որ Մարսեյլում ու Փարիզում մնալուց հետո, Նալբանդյանը մտավ Լոնդոն՝ 1862 թ. հունվարի 9-ին: Այստեղ նա մնաց մինչեւ նույն տարվա սպրիլի 13-14-ը, այս անգամ եւս մի քանի շաբաթ՝ փետրվարի կեսերից մինչեւ մարտի կեսերը, անցկացնելով Փարիզում [23]: Վերջին անգամ մեկնելով Լոնդոնից՝ նա մնաց Փարիզում դարձյալ մի քանի շաբաթ՝ մինչեւ մայիսի 26-ը [24]: Ինչպես նախընթաց տարում, այս անգամ եւս Լոնդոնից Փարիզ անցնելու եւ մնալու գլխավոր պատճառը ոչ թե իտալական օբլիգացիաներ գնելն էր կամ հիվանդությունից բուժվելը, ինչպես բացատրում էր նա հետագայում սենատական հարցաքննության ժամանակ, այլ հավանորեն՝ տպարանական գործերը: 1862 թվականի այս ամիսների ընթացքում է, որ նա գրի առավ եւ տպագրության հանձնեց «Երկրագործություն»-ը: Բացի այդ, այս ժամանակ նա ընդհուպ զբաղված պիտի լիներ Հայաստանի քարտեզ կազմելու աշխատանքով եւ քարտեզի տպագրությունը գլուխ բերելու համար ֆրանսիացի փորագրիչների հետ վարած բանակցություններով [25]: Ինչպես նախընթաց տարում լույս ընծայած «Երկու տող»-ի, նույնպես եւ «Երկրագործության» տպագրությունը ցույց է տալիս, որ 1859 թվականի արտասահմանյան իր ուղեւորության գլխավոր նպատակի ձախողումից հետո Նալբանդյանը ընդմիշտ ձեռնթափ չէր եղել ազատ գրատպության եւ ազատ հրապարակախոսության մասին իր փայփայած մտքից: Ճիշտ է, նրան չէր վիճակված հիմք դնել արտասահմանում ազատ մամուլի՝ կատարել հայ հրապարակախոսության համար այն դերը, որպիսին կատարել էին ռուս հրապարակախոսության մեջ Գերցենը եւ նրա «Колокол»-ը: Այնուամենայնիվ, նրան հաջողվեց իրագործել, գեթ մասամբ, իր իղձերից մեկը՝ հրապարակ գալ արտասահմանում անկաշկանդ լեզվով եւ հարձակման անցնել հակառակորդների դեմ: Բայց հիմա հակառակորդներին մերկացնելը չէր Նալբանդյանի արտասահմանյան գրատպության գլխավոր խնդիրը: «Ճանապարհորդության ժամանակ, գրում էր Նալբանդյանի մասին Հ. Բերբերյանը, նա շատ նյութեր էր ժողովել, շատ հարցերի մասին կամենում էր խոսել…» [26]: «Քաղաքակրթության» հակասություններն ու այլանդակությունները մեր/422/կացնող եւ իր հայացքները բացահայտող նրա հրապարակախոսությունը ռեւոլյուցիոն-դեմոկրատական լույսի տակ պիտի դներ հիմա հայ կյանքի ցավոտ խնդիրները, նշելով նրանց լուծման համար (ուղիղ ճանապարհ»:

  «Գիտունի եւ գրողի կյանքում, ասել է Կլյուչեւսկին, գլխավոր կենսագրական փաստերը գրքերն են, կարեւորագույն անցքերը՝ մտքերը»։ Եթե ճիշտ համարենք այս միտքը, Նալբանդյան-գրողի կենսագրության նշանավոր փաստերի թվում պիտի դաuենք արտասահմանում հրապարակած նրա գրքերը եւ, մանավանդ, դրանցից վերջինը՝ «Երկրագործություն»-ը, որի մեջ արձանագրված են նրա մտավոր կյանքի հետաքրքրական այն անցքերը, որոնք նշում են որոշակի նրա շրջադարձը դեպի ռուա ռեւոլյուցիոն-դեմոկրատիայի ղեկավարի հայացքներն ու մտքերը: Սակայն արտասահմանյան ուղեւորության այս ժամանակաշրջանում իսկ հրապարակախոսի կյանքը գամված չէր սոսկ այդպիսի փաստերին ու անցքերին: Նրա կյանքի մտավոր անցքերն ու գրական փաստերն այդ պահին հարակցվում էին գործնական այնպիսի քայլերի հետ, որոնք նրան ի վերջո հասցրին ցարական Ռուսաստանի ամենադաժան զնդանը՝ Ս. -Պետերբուրգի Պետրոպավլովյան բերդը:

1862 թ. երկրորդ կեսում խավարտչին այդ բանտում ձեռնարկվեց առաջին փորձը՝ բարձրացնելու Նալբանդյանի արտասահմանյան կյանքի նշանավորագույն փաստերի ու անցքերի նրա ռեւոլյուցիոն պրակտիկայի վրա իջած թանձր վարագույրը:



[1]     Ե. Լ. Ժ., IV, եր. 87 եւ հետ»:

[2]     Նալբանդյանի ճանապարհորդության մարշրուտը եւ օրացույցը տե՛ս «Անտիպ երկեր», եր. 227–244։

[3]     «Հիշատակարան», եր. 588:

[4]     Ե. Լ. Ժ., IV, եր. 82 եւ հետ»։

[5]     Ե. Լ. Ժ., IV, եր. 82:

[6]     Նույն տեղը:

[7]     Նույն տեղը, եր. 84 եւ հետ.:

[8]     Նույն տեղը, II, եր. 278։

[9]     Տե՛ս Ե. Լ. Ժ., IV, եր. 86:

[10]   Ե. Լ. Ժ., II, եր. 307:

[11]   Գրականության թանգարան, Նալբանդյանի արխիվ, վավ. N 123/178:

[12]   Ե. Լ. Ժ., IV, եր. 93:

[13]   Ե. Լ. Ժ., IV, եր. 109:

[14]   Տե՛ս «Դիտողագիր Հովհ. Շահնազար Սարգսեանի ի Բատավիա ի վերա կենսագրութեան Մ. Դ. Թաղիադեանի», Կ. Պոլիս, 1888, եր. 20 եւ հետ., 28 եւ հետ. եւ 53:

[15]   «Արշալույս Արարատյան», 1867, N 819-20:

[16]   Հմմ. «Հյուսիսափայլ», 1864, եր. 234:

[17]   Տե՛ս «Արկածք տեառն Յովհաննու Խաչիկեան խաչակիր աւագ քահանայի եւ ասպետի եւ այլն», Կալկաթա, 1863, եր. 36:

[18]   Նույն տեղը, եր. 38 եւ 193:

[19]   «Ազգասեր Արարատյան», 1849, N 27:

[20]   Տե՛ս «Անտիպ երկեր», եր. 47:

[21]   «Ծաղիկ», 1861, եր. 120 եւ 128:

[22]   Ե. Լ. Ժ., II, եր. 311:

[23]   Հմմ. Ե. Լ. Ժ., 11, եր. 311։

[24]   Հմմ. «Անտիպ երկեր», եր. 239:

[25]   Հմմ. Նալբանդյանի «Երկեր»-ի 1906 թ. հրատարակությանը կցված «Կենսագրական տեսություն»-ը, էջ 22:

[26]   «Նոր-դար», 1891, N 138: