Նալբանդյանը եւ նրա ժամանակը(Ա)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/468/ ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ ԵՎ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ



«Լոնդոնի պրոպագանդիստների» կազմակերպական կապը հայկական շարժման հետ։ Սերոբե Թագվորյանի նամակը: Պոլսի Բարեգործական ընկերությունը, նրա նախընթացներն ու գործունեության պլատֆորմը։ Հայերի ինքնօգնության երկու հոսանք։ Հ. Շիշմանյանի եւ Մ. Մամուրյանի հրապարակախոսությունը: Սըվաճյանի ռեւոլյուցիոն–դեմոկրատական շրջադարձը: Մասոնական լոժեր: Նալբանդյանի թղթերում հանդիպող ծածկագրերի հարցը: «Երկրագործության» հեղինակի արեւմտահայ թղթակիցը:

 

Բակունինի նամակներից պարզ է, որ Նալբանդյանն իրազեկ էր «Լոնդոնի պրոպագանդիստների» քաղաքական ծրագրերին: 1862 թ. հոկտեմբերի 30-ին լեհ թղթակիցներից մեկին ուղղած նամակում Բակունինը հարցնում էր. «Ի՞նչ նոր բան գիտեք Պետերբուրգի մասին, քանի որ հիմա մեր բոլոր կապերը կտրվել են, եւ մենք ոչինչ չգիտենք» [1]: Նալբանդյանն այն մարդկանցից մեկն էր, որոնց միջոցով «Լոնդոնի պրոպագանդիստները» կամենում էին տեղեկանալ Պետերբուրգի կառավարության, մայիսյան հրդեհների, Լեհաստանի դրության մասին եւ այլն [2]: Վորոնովի մասին Բակունինը գրում էր. «Նա կարող է օգտակար լինել ե՛ւ եվրոպական, ե՛ւ ասիական երկրների քաղաքական կազմակերպությունների (հետ կապվելու, Ա. Հ. ) տեսակետից» եւ խնդրում էր՝ սովորեցնել նրան գրագրություն ունենալ իր (Բակունինի) հետ՝ Պետերբուրգի, Մոսկվայի, Օդեսայի եւ Թբիլիսիի վրայով [3]: Բակունինը հաղորդում էր այն կապերի մասին, որ հաջողվել էր ստեղծել լե, ռեւոլյուցիոներների հետ [4]: Ակներեւ է միանգամայն, որ Նալբանդյանը խոշոր մի գործիչ էր, որի հետ «Լոնդոնի պրոպագանդիստները» կապում էին արեւելյան եւ, մասնավորապես, հայկական շարժման հեռանկարները: Այդ մասին են վկայում Նալ/472/բանդյանի համար կազմված այն ծածկագրերը, որոնց բառամթերքը մատնում է Լոնդոնի ռուս ռեւոլյուցիոներների մտադրությունը՝ Ռուսաստան վերադարձող Նալբանդյանի հետ հատկապես Կովկասի եւ Թյուրքիաչի ընդհատակյա աշխատանքների մասին թղթակցություններ ունենալու համար [5]: Ուշագրավ է, որ հենց նույն այն օրը, երբ Գարիբալդիին ուղղած իր նամակում Բակունինը արծարծում էր «Լոնդոնի ալրոպագանդիստներին» զբաղեցնող ապստամբական շարժումների խնդիրը, նա նամակ էր ուղղում նաեւ Նալբանդյանին, ուր իր եւ Գերցենի անունից խնդրում էր աջակցություն ցույց տալ Թբիլիսի մեկնող Վորոնովին՝ «Колокол»-ի կովկասյան տրանսպորտ կազմակերպելու գործում. Նալբանդյանը պիտի ապահովեր «Колокол»-ի փոխադրումն ու տարածումը՝ Վորոնովին ներկայացնելով Կ. Պոլսում, Թբիլիսիում եւ այլ վայրերում գտնվել իր «առետրական բարեկամներին» (կարդա՝ փոխադրության գործը կազմակերպողներին, Ա. Հ. ): Պիտի կարծել, որ Պոլսի «բարեկամները» կապված էին Թբիլիսիի «բարեկամների» կամ, ինչպես գրում էր Բակունինը, այդ քաղաքի «լավ մարդկանց» հետ [6]: Սրանց օժանդակությամբ Վորոնովը պիտի կազմակերպեր Պոնտոսի ծովեզրին (Տրապիզոնում) Հատուկ կայան եւ այդտեղից տարածեր թերթը, առաջին հերթին՝ Վրաստանում, Արխազիայում եւ Չերքեզիայում: «Մեր տունը (կարդա՝ ռուս. ռեւոլյուցիոն կազմակերպության, այսինքն՝ «Земля и Воля»-ի Լոնդոնի կենտրոնը, Ա. Հ. ) պատասխանատվություն է վերցնում նրա (Վորոնովի) համար, եւ նա (Վորոնովը) պատրաստ է ծառայել ձեր (կարդա՝ Կովկասի եւ Թյուրքիայի կազմակերպությունների, Ա. Հ. ) շահերին այնպես, ինչպես ծառայում է մեր (այսինքն՝ համառուսական եւ համաեվրոպական շարժման, Ա. Հ. ) շահերին», - գրում էր Բակունինը [7]:

Այն հանգամանքը, որ Նալբանդյանին Լոնդոնից ուղղված եւ դիպվածաբար մեր ձեռքը հասած նամակները կրում են Բակունինի ստորագրությունը, չպիտի առիթ տա կարծելու, թե Նալբանդյանը քաղաքական ինչ-որ կապեր էր ունեցել «անարխիստ» Բակունինի հետ: Այդպես կարող են մտածել միայն նրանք, ովքեր սոսկ հարեւանցի կամ «ընդհանուր» ծանոթյուն ունեն ե՛ւ Նալբանդյանի, ե՛ւ Բակունինի գործունեության ու գրվածքների հետ:

Անարխիստական որոշ գծեր նկատելի են, իրոք, Բակունինի տակտվին 40—50 թվականների գործունեության մեջ: Այնուամենայնիվ, սխալ: կլիներ անարխիստական համարել Բակունինի այդ ժամանակվա գործունեությունը եւ ուղեգիծը: Բակունիզմը որպես այդպիսին հանդես /473/ եկավ 60-ական թվականների կեսերից: Չի սխալվում Բակունինին բնութագրող նորագույն հետազոտություններից մեկի հեղինակը, երբ գրում է, թե «40-ական թվականների վերջերից ի վեր Բակունինի ամբողջ գործունեությունն ուղղված էր ռադիկալ բուրժուական-դեմոկրատական ռեվոլյուցիայի կողմը: Այդպիսի ռեւոլյուցիայի գլխավոր շարժիչ ուժերը նա համարում էր ճորտ գյուղացիությունն ու հասարակական բոլոր շերտերի ապադասակարգայնացած տարրերին, որոնք դարձել էին տիրող կարգերի հակառակորդներ: 1848 թ. Բակունինը երազում էր անարխիստական գյուղացիական պատերազմի մասին, ինչպես որ այդ վկայում է նրա «Կոչ սլավոններին»-ը, այլեւ Գերցենին ուղղած նրա նամակը, ութ Բակունինը գրում էր. «Ես չեմ վախենում անարխիայից եւ այն ցանկանում եմ ամբողջ հոգով»: Սակայն այն ժամանակ Բակունինի անարխիստական հայացքները դեռ չէին կազմավորվել: Միայն 60-ական թվականների երկրորդ կեսից է ասպարեզ գալիս նա իբրեւ կազմավորված անարխիստ» [8]:

Այս ամենից անկախ՝ պիտի շեշտենք, որ այն հայացքներն ու հեռանկարները, որոնք ուրվագծված են Բակունինի 1862 թ. հոդվածներում ու նամակներում, հիմնականում չէին անդրադարձնում միայն անձնապես Բակունինի, այլեւ «Լոնդոնի պրոպագանդիստների» հայացքներն ու մեռանկարները: 40—50-ական թվականներից ի վեր Գերցենն ու Օգարյովը հետաքրքրվում էին Ավստրիայում եւ եվրոպական Ռուսաստանում, իսկ 1860-ական թվականներին՝ նաեւ Կովկասում եւ Թյուրքիայում արծարծվող ազգային-ազատագրական շարժումների կազմակերպության հարցերով, ոչ նվազ չափով, քան Բակունինը: Նշանակալից է այդ տեսակետից, մասնավորապես, Գերցենի եւ Գարիբալդիի միջեւ եղած սերտ կապը:

Թե ինչ կարեւորություն էին տալիս «Լոնդոնի պրոպագանդիստները», մասնավորապես, Արեւելքում ծավալվելիք գործունեությանը, երեւում է նրանից, որ Նալբանդյանից եւ Վորոնովից զատ, նույն 1862 թ. նրանք այդ ուղղությամբ ընդհատակյա աշխատանքի հանձնարարություններ էին անում նաեւ ուրիշներին՝ Կելսիեւին եւ Ժուկովսկուն: 1862 թ. նոյեմբերին Գերցենին եւ Օգարյովին գրած իր մի նամակում Բակունինը հայտնում է, որ Արեւելքում անչափ անելիք կա թե՛ քաղաքական եւ թե՛ «առեւտրական… (կարդա՝ թերթի փոխադրություն կազմակերպելու, Ա. Հ. ) գծով, եւ որ այս երկուսը կապված են մեկը մյուսին: «Պրոպագանդ անել հնադավանների (սլավոնների, Ա. Հ. ) մեջ Թյուրքիայում ու Ավստրիայում եւ նրանց միջոցով Ռուսաստանում, կազմակերպել պահեստատեղի եւ կանոնավոր առեւտուր Կ. Պոլսի եւ Գալացի վրայով Օդեսայի հետ, կազմակերպել կա/474/նոնավոր պրոպագանդ Կովկասի վրայով կովկասյան զորքերի մեջ եւ Դոնի շրջանում, եւ ավելացնում եմ՝ նաեւ կազմակերպել ուղիղ առեւտրական պրոպագանդ հայերի միջոցով Թբիլիսիում, Վոլգայի վրա, նույնիսկ մինչեւ Նիժնի-Նովգորոդ» [9]:

Ահա գործնական այն խնդիրները, որ դնում էին այդ պահին «Լոնդոնի պրոպագանդիստները» Արեւելքում աշխատող գործակիցների առաջ:

Նալբանդյանի ձերբակալությունից անմիջապես հետո հայերի մասին այս նամակում արված հիշատակությունը ցույց է տալիս, որ Նալբանդյանի կալանքը չէր խզել լոնդոնցիների կապը Արեւելքում աշխատող հայ քաղաքական գործիչների հետ: Ակներեւ է, որ Նալբանդյանը միակ մարդը չէր, որի միջոցով «Լոնդոնի պրոպագանդիստները» կապված էին հայերի հետ: Ո՞ւմ միջոցով էր պահպանվում այդ կապը: Այդ հարցին պատասխանելու համար մասամբ օգնության է գալիս մեզ Նալբանդյանի խուզարկության ժամանակ հայտնված 1862 թ. մայիսի 14-ի թվակիր ծածկագիր այն նամակը, որը, Նալբանդյանի հասցեով Պոլսից Պետերբուրգ հղված, կցվել է նրա գործին [10]: Նամակի տակ կարդում ենք «Ս. Թ. » ինիցիալները: Ինչպես պարզվում է սենատական գործի քննության արձանագրություններից, այդ տառերի տակ թաքնված է Սերոբե Թագվորյանը, Նալբանդյանի պոլսահայ այն բարեկամը, որին հանդիպեցինք արդեն նախընթաց դրվագում:

Կցված բանալիի օգնությամբ վերծանելով այդ նամակը, տեղեկանում՝ ենք, որ Թագվորյանի եւ Քյաթիպյանի միջոցով Նալբանդյանը մերձավոր կապերի մեջ էր պոլսահայ ինչ-որ կազմակերպության («ընկերության») հետ: Հայտնվում է, որ կազմակերպությունը կոչված էր «ազգասիրական» ինչ-որ աշխատանք տանելու Թյուրքիայում: Դժվար չէ գլխի ընկնել, որ «ազգասիրական» այդ գործունեությունը կրում էր քաղաքական բնույթ: Հետաքրքրական է եւ բնորոշ այդ տեսակետից Տավրոսի (իմա՝ Զեյթունի) հիշատակումը նամակում, այլեւ գրության ակնարկները նամակի գրությունից երկու-երեք ամիս անց լինելիք ապստամբության նախապատրաստությունների մասին: Կազմակերպության շուրջը խմբված գործուն «բարեկամների» միջոցով Նալբանդյանը ջանք էր թափում ազդել ծրագրվող ապստամբության ընթացքի վրա:

Դժվար չէ հետեւցնել, որ Թագվորյանի նամակին կցված բանալին կազմված պիտի լիներ Բակունինի Լոնդոն հասնելուց հետո եւ Նալբանդյանի ձերբակալությունից անմիջապես առաջ, 1862 թվականի հունվար—/476/ապրիլ ամիսների մեջերքում: Դիտենք, որ ինչպես այս, այնպես եւ Բակունինի վերը նշված բառարանում խոսք կա Պոնտոսի ծովեզրին (Տրապիզոնում) Հատուկ տեղ կամ կայան ունենալու մասին եւ, ինչպես երեվում է, երկու դեպքում էլ՝ լրագրի փոխադրություն կազմակերպելու նպատակով: Այս մանրամասնությունը, ինչպես եւ ընդհանրապես ծածկագիրված բառերն ու նշումները, կասկած չեն թողնում, որ բանալին կազմվել է ոչ թե Բակունինի եւ Նալբանդյանի, այլ Նալբանդյանի եւ արեւմտահայերի միջեւ տեղի ունենալիք գաղտնի նամակագրությանը ծառայելու նպատակով: Հավանական է, որ ծածկագիրը կազմողը եղած լինի հենց Նալբանդյանը: Սրան չի խանգարում այն փաստը, որ ծածկագիրը կազմված է արեւմտահայ լեզվով: Նալբանդյանը տիրապետում էր արեւմտահայերենին եւ, ինչպես պիտի տեսնենք, ունի նաեւ արեւմտահայերեն գրված էջեր:

Բանալիի վերլուծումից հայտնվում է այն փաստը, որ Նալբանդյանը եւ Լոնդոնի նրա բարեկամները ձգտում էին կապել հայերի ազգային-քաղաքական շարժումը ազգային-ապստամբական այն շարժումների հետ, որոնք այդ պահին զբաղեցնում էին Լոնդոնի պրոպագանդիստներին: Թագվորյանի նամակն ու օգտագործած բանալին հիմք են տալիս կարծելու, որ նամակագիրը կամ նրա համախոհները կապված էին կամ պիտի կապվեին ոչ միայն Մաձձինիի, այլեւ Գարիբալդիի, Չարթորիսկիի, Գերցենի, Բակունինի եւ ինչ-որ «պուբլիցիստի» հետ: Վերջինիս անունը չէ նշանակված, բայց քանի որ նամակը հասցեագրված էր Ռուսաստան, պիտի կարծել, որ դա մեկն էր «Լոնդոնի պրոպագանդիստների» հետ առընչվող ռեւոլյուցիոն-դեմոկրատ գործիչներից, որ ապրում էր Ռուսաստանում եւ որի անվան հիշատակումը կարող էր վտանգ սպառնալ նրան: Ո՞վ էր դա, Չերնիշեւ՞սկին, Ն. Ա. Սեռնո-Սոլովեւ՞իչը, թե՞ ուրիշ մեկը, անհայտ է տակավին: Բոլոր պարագաներում պարզ է միայն, որ Թագվորյանին եւ համախոհներին հետաքրքրում էին նամակում հիշատակված գործիչների հետ կապված քաղաքական ձեռնարկություններ ու հեռանկարներ:

Թագվորյանի գրությունից հայտնվում է, որ Նալբանդյանի հետ՝ առնչվող արեւմտահայ գործիչները պատկանում էին 1860 թ. Կ. Պոլսում հիմնված Բարեգործական ընկերության շուրջը համախմբված մտավորականների շրջանին: Ինքը՝ Թագվորյանը այդ ընկերության ամենագործուն նախաձեռնողներից էր եւ նրա տնօրեն անդամներից: Նա է, որ զետեղում էր ընկերությանը վերաբերող պաշտոնական տեղեկանքները [11] ։ Նրա գրչին է պատկանում ընդարձակ մի հոդված, ուր առարկելով Հակոբ Ոսկանին, որը դեմ էր Բարեգործականի մեջ եկեղեցականներ ընդունե/476/լուն, պաշտպանում էր այն սկզբունքը, թե «որեւիցե հայ մարդ, եկեղեցական եւ աշխարհական, ընկերության կանոնները ընդունել են վերջը, տեր է անոր անդամակից ըլլալուն» [12]:

Ակներեւ է, որ սոցիալական այսքան լայն շառավիղով գործող Բարեգործական ընկերությունը չպիտի նույնացնենք գաղտնի այն կազմակերպության հետ, որ ստեղծվել էր, ըստ երեւույթին, Նալբանդյանի եւ արեւմտահայ նրա համախոհների սերտ գործակցությամբ եւ կապեր պիտի ունենար ռուս եւ եվրոպական ռեւոլյուցիոն գործիչների հետ: Բարեգործականը լեգալ այն պիտակներից մեկն էր, որ օգտագործվելու էր Թյուրքիայում հայ ազգային-ազատագրական շարժում կազմակերպելու համար: Այնուամենայնիվ, Նալբանդյանի եւ նրա համախոհների՝ Բարեգործականի նկատմամբ գրաված դիրքը բնութագրելու տեսակետից հարկ է ի մոտո ծանոթանալ լեգալ այդ կազմակերպության եւ նրա շուրջը խմբված մարդկանց հետ:

Բարեգործականը վերակազմվել էր 1860 թ. հոկտեմբերին, 1846 թ. ի վեր ընդհատումներով գոյություն ունեցած նշանավոր Համազգյաց ընկերությունից [13]: Վերջինս ընդգրկում էր այլեւայլ դավանությունների հարող հայ անդամներ եւ նպատակ ուներ հրահրել «ազգային ինքնաճանաչություն», «ազգային միաբանություն» եւ «լուսավորություն»: Այս նպատակով Համազգյացը հիմնելու էր հանրակրթական ու արհեստագործական դպրոցներ եւ հատուկ ուշադրություն դարձնելու երկրագործական, վաճառականական ու մետաղագործական գիտելիքների տարածման վրա: Ընկերությունը նպաստելու էր միաժամանակ ազգային գրատպությանը, ազգային հնությունների եւ սովորությունների ուսումնասիրությանը, հին ձեռագրերի եւ դրամների հավաքմանը եւ այլն [14]:

Այս ամենի մասին ուղենիշ ազդարարություններ ենք գտնում տակավին ընկերության անդրանիկ «Հայտարարության» մեջ, ուր ասված է, թե անհիշատակ ժամանակներից ի վեր տգիտության մեջ թաղված ազգը այժմ վեր է բարձրացրել իր գլուխը անցյալի ավերակներից եւ հորդորում է ազգի զավակներին՝ առաջ քայլել ազգային «միաբանության» եւ «լուսավորության» ճանապարհով: «Մի ազգ եմք, ասված է այդտեղ, եւ ի մի միաբանութիւն ժողովեալ, երթիցուք, ուր ձգիցէ զմեզ ճշմարիտ ազգասիրութիւն»: Ազգային-լուսավորական միջոցառումներից զատ, «Հայտարարության» մեջ մեր ուշադրությունը գրավում են ազգային-տնտեսական /477/ կենցաղի բարձրացման համար նշված այնպիսի կետեր, ինչպես «հմտութիւն եւ գործադրութիւն արուեստին երկրագործութեան», «հաւաքումն նիւթոց բնական պատմութեան կենդանեաց», «ուսումն ամեն ազգի արուեստից ծաղկելոց ազանց», «բարգաւաճումն վաճառականութեան ըստ եւրոպական օրինի», «ուսումն անթերի գիտութեան վաստակելոյ ի մետաղս» [15]:

Արեւմտահայերին որպես բուրժուական ազգություն կազմավորելու հետամուտ Համազգյացի ղեկավարների թվում հիշատակվում էին Մկրտիչ Սամունճյանի, Հովսեփ Վարդանյանի («Ագապի» վեպի հեղինակը), Մկրտիչ Պեշիկթաշլյանի եւ ուրիշների անունները: Մինչեւ 1848 թվականը Համազգյաց ընկերության անդամների թիվը հասնում էր 600-ի: Պապական Հռոմի եւ Բ. Դռան միջամտությունը հարկադրում է ընկերությանը նախ՝ հանդես գալ փոփոխված պիտակների տակ եւ ի վերջո՝ դադար տալ իր գործունեությանը՝ զոհ գնալով «քաղաքական մատնության» [16]:

Ընկերության լիկվիդացումը վերջ չտվեց նրա հետամտած գաղափարներին. 50-ական թվականների ընթացքում անընդհատ դրսեւորվում էին արեւմտահայ բուրժուական մտավորական, հասարակական կամ գրական այլեւայլ ձեռնարկումների միջոցով:

Այսպես, 1849 թ. Գր. Աղաթոնն ստեղծեց Այ-Մամայի երկրագործական վարժարանի հայ ուսանողներից կազմված Երկրագործական ընկերությունը, որի պաշտպանների մեջ մտնում էին, ի միջի այլոց, Հակոբ Կրճիկյանը, Սերվիչենը, Մկրտիչ Աղաթոնը, Նիկ. Զորայանը [17]: 1845 թ. Գր. Աղաթոնի եւ Գր. Ստիմարճյանի աշխատակցությամբ Հ. Կրճիկյանը գրեց եւ հրատարակեց իր «Մետաքսաբանությունը», որը ցույց էր տալիս նույն նպատակները կենսագործելու ուղիներից մեկը: Երկրագործության զարգացման համար իր հոդվածներում Ստիմարճյանը հանձնարարում էր գործ դնել «աշխատասիրություն» եւ «խնայողություն»: Դիմելով ամիրաներին ու վաճառականներին՝ առաջարկում էր իրենց խնամքի տակ առնել վանական կալվածները՝ աղքատ գյուղացիներին սատարելու եւ լուսավորելու համար [18]:

Անհամեմատ ավելի ուշագրավ է այս խմբի գաղափարախոսներից Ն. Զորայանը՝ արեւմտահայ անդրանիկ լուսավորիչներից մեկը, 1847 թ. «Բազմավեպ»-ում հրապարակած վաճառականագիտական իր հոդվածներով, 1848 թ. լույս ընծայած «Նկարագիր ազգային դաստիարակության կամ ազգային դաստիարակության գլխավոր թերությունները», 1849 թ. «Քաղաքական տնտեսության վրա տեղեկություններ» վերտառությամբ /478/ տպած իր գրքերով եւ, վերջապես, 1852 թ. տպած իր «Ընթերցասիրությամբ» եւ «Օ. Բ. » ստորագրությամբ «Մասիս»-ում գրած հոդվածներով։ «Թեեւ ազնվապետական դասակարգին մեջ կշարժեր, գրում էր նրա մասին Մ. Մամուրյանը, ժողովրդյան համար կգործեր, որու մեջ գիտական, գործնական գաղափարներ տարածել կփափաքեր: Հայոց Շատոպրիանն էր Զորայան, գրական վեհապետություն մը կվարեր եւ իրավամբ կպարծեր… Նա բացավ մեր առջեւ լավ աշխարհիկ ոճին եւ լուսավորության ճամփան, մանավանդ, տնտեսագիտության հմտությամբ քաջ վերահասու եղած էր ժողովրդյան մը զարգացման առաջին պայմանին: Թերեւս առաջին հայն էր, որ թղթատած եւ ուսումնասիրած լինի Ադամ Սմիթի, Սեյի եւ այլն անվանի տնտեսագետներու գործերն, գլխավորապես տնտեսական գործնական կողմը մշակելով» [19]:

Իբրեւ իդեալիստ՝ Զորայանը ելնում էր մտքի եւ բանականության ամենակարողության հավատամքից: Գիտության միջոցով, գրում էր նա, մարդս ամենազոր է. նա ի վիճակի է հաղթել դրանով ամեն դժվարություն. «գիտությունը կարողություն է», «գաղափարները աշխարհք կկառավարեն», «կամք եղած տեղը հնարք ալ կըլլա», այս են իդեալիստական նրա հավատամքի ելման կետերը [20]: «Չքավորությունն ու զբաղմունքը չեն կրնար երբեք արգելք ըլլալ միտք մշակել ուզողին», այս դրույթը հիմնավորող հատուկ խորհրդածություններ ունի այդ գրքում Զորականը [21]. «Թե որ կուզես մարմինդ զարդարել, մարմնույն քաղցն ու ծարավը հագեցնել, ջանա, որ նախ միտքդ զարգացնես ու հոգվույդ անոթությունը լեցնես, վասնզի ամեն չարիք անոր կարողութենեն կծագին» [22]: Զորայ անի լուսավորական գործունեության նպատակը, ըստ էության, ապագա կապիտալիստական զարգացման համար անհրաժեշտ մտավոր ուժերի նախապատրաստումն էր հարկավ: Նրա իմաստասիրությունը բնորոշ: էր առհասարակ նրան ժամանակակից արեւմտահայ լիբերալներից շատերի համար: Այսպես, Զորայանին ժամանակակից մի այլ հեղինակ՝ Հովսեփ Վարդանյանը՝ Վարդան փաշան, գրում էր. «Հարստության ճամփա ցուցնող շատ մը գրքեր քննեցինք եւ տեսանք, որ ամենն ալ հարստության համար բարոյականն ունին իրենց հիմն, անանկ որ բարոյականը ազգի մը մեջ որչափ ծաղկի, հարստությունն ալ անոր բաղդատությամբ պիտի ծաղկի: Որովհետեւ, խոսքին վրա կենալ, առածը տալ, խարդախություն /479/ չանել, պարապ չկենալ, ստակ չվատնել, կարգով կանոնով վարվիլը, եթե բարոյական խրատներ են, հարստության ճամփան բացողներն ալ նույնիսկ ասոնք են» [23]:

Իր գրվածների մեջ Զորայանը պաշտպանում էր նաեւ այն միտքը, թե չքավորությունից փրկվելու համար անհրաժեշտ է կազմակերպել բանվորների եւ արհեստավորների «նախատես ընկերություն» եւ «խնայողական գանձարաններ»: Անդամավճարների եւ խնայողությունների գանձման ճանապարհով այդ ձեռնարկությունները պիտի ձգտեին չորացնել ազգի մեջ աղքատության եւ թշվառության արմատը: Նույն նպատակով նա առաջարկում էր ստեղծել ակցիոներական ընկերություն, որը պիտի զարկ տար ազգային առեւտրին: «Ամեն տեսակ օգտակար եւ ցանկալի վայելքներում առատորեն լցյալ ազգ մը այն միայն կրնա ըլլալ, որ աշխատասեր է, եւ ամ են ազգաց հետ ալ արդար ու վեհանձն սկզբունքներով առուտուր կընե» [24]:

Զորայանի աշխատությունների մեջ անցողակի շոշափված՝ ազգի: բարոյական ինքնօգնության եւ գաղափարները կազմակերպական նոր եւ կոնկրետ միջոցառումների են հանգում 1860 թվականի կեսերին ստեղծված Կ. Պոլսի Բարեգործական ընկերության մեջ, որը, ինչպես ասացինք, հանդիսանալով փաuտապես վերակազմված Համազգյացը, լրիվ իր անունով կոչվում էր Համազգային Բարեգործական Ընկերություն: Ընկերության ատենապետը սկզբնապես Գր. Աղաթոնն էր, հետագայում Չամուռճյանի կողմից որպես «հակապետական» մարդ ամբաստանված Մ. Աղաթոնը՝ Ազգային սահմանադրությունը խմբագրող հեղինակներից մեկը: Գր. Օտյանը ատենապետի տեղակալ էր, իսկ Մ. Պեշիկթաշլյանը՝ ատենադպիր [25]:

1860-ական թ. թ. սկզբներին ասպարեզ եկած Բարեգործականում հանդիպում են «լուսավորյալ» եւ «ազգասեր» դեմքեր, ինչպես Հ. Սաքզլյանը, դ-ր Հ. Շիշմանյանը, Մ. Մյուհենտիսյանը, Տիգրան Յուսուֆյանը, Հակոբ եւ Պաղտասար Նորատունկյանները, Սրապիոն Հեքիմյանը, Հարություն Սըվաճյանը եւ բազմաթիվ ուրիշներ [26]: Անդամագրվեց ընկերությանը նույնիսկ Կ. Պոլսի պատրիարքը՝ գրվելով 10 բաժին (յուրաքանչյուր բաժինը մի լիրա արժեր, Ա. Հ. ): Ընկերությունը լեգալ կազմակերպություն էր եւ նպատակ էր դրել իրեն՝ «ազգիս որբ, անտեր եւ չքավոր տղայքը երկ/480/րագործության եւ արվեստից զբաղեցնելու միջոցները ի գործ դնել» [27]: Բարեգործականի կանոնադրությունը մշակող հանձնախմբի մեջ մտնում էին Ա. Ալիշանյան, Աղաթոն եղբայրները, Թագվորյանը, Օտյանը եւ Շիշմանանը, վերջինս այս հանձնախմբի ատենադպիրն էր, ի պաշտոնե՝ ընկերության գաղափարական կամերտոնը [28]: Մի հոդվածում Բարեգործականի «բանիբուն Հիմնադիրներ» են նշված Մ. Աղաթոնն ու Հ. Շիշմանյանը [29]:

Բարեգործականի հետապնդած նպատակների մասին գաղափար է տալիս 1861 թ. սկզբներին գրված այն «Հայտարարությունը», որը շարադրում էր Բարեգործականի ծրագիրը: «Հայտարարությունը» մատնանշում էր, որ «եվրոպական մեքենաշարժ ճարտարությունները մեր բնիկ ձեռագործ արվեստներուն հաջորդեցին եւ Եվրոպիո դրամական առատությունն ու ելեւմտական ճարտար կարգադրություններն իրենց սեփականացրին մինչեւ ցարդ սեղանավորաց ըրած շահերը. Եվրոպիո լուսավորյալ երկրագործությունը հալածեց ու խափանեց մեր հինավուրց երկրագործությունը. արդեն իսկ Եվրոպիո երկրագործական շատ բերքերը սկսած են գալ մաքառիլ մեր բնիկ բերքերուն հետ աշխարհի է՛ն պարարտ հողին վրա եւ է՛ն գեղեցիկ կլիմային տակ» [30]: «Հայտարարությունն» արձանագրում է նաեւ Թյուրքիա ներխուժող եվրոպական կապիտալի «քաղցր եւ միանգամայն դառն արդյունքները»: «Երբ կտեսնենք, որ հազարավոր արհեստավորներ ձեռվընին ծոցերնին դրած՝ աչվընին ապարդյուն գործիքներուն վրա ձգած ու օրական հայերենին ճարելե հուսահատած, անշարժ ու տխսուր նստած կմտածեն, երբ որ հարյուր ընտանիքներ հարստության ու շքեղ պալատներուն մեջ կքնանան ու դառն չքավորության ճանկերուն կարթննան, երբ կտեսնենք, որ խումբ-խումբ որբ ու անտեր մանկտին փողոցներն ու շուկաները կթափառին, մոլությանց օդը միայն ծծելով կապրին, ազգերնուս անպատվություն ու բեռ ու պետության վնասառիթ հպատակներ կըլլան, երբ կտեսնենք Ասիայի բազմաբեղուն դաշտաց շատերը եւ անոնց մեջ Հայաստանի պատվական երկիրները լքյալ ու խոպան, երբ կտեսնենք, որ արիասիրտ զավակները օտար աշխարհներ պանդխտած սով ու քաղց հանձն առած իրենց ու սիրելյաց ոգեպահիկը ճարելու համար հազար տեսակ տառապանաց ենթակա եղած ու տարիներով իրենց սիրուն ընտանյաց գգվանքեն զրկված… ո՜հ, ո՞ր ինքնամոլ հայն է այն, որուն սիրտը ի գութ չշարժի ու անտարբեր աչքով կարենա նայիլ իր արենակցացը այս աղեկտուր վիճակի վրա» [31]:

/481/ Ո՞րն էր ինքնօգնության այն ուղին, որին պիտի դիմեր ազգը «Եվրոպիո մեքենաշարժ ճարտարությունների (իմա՝ կապիտալիստական տեխնիկայի, Ա. Հ. ) քաղցր արդյունքները» յուրացնելու եւ միաժամանակ նրա մատակարարած դառնության բաժակը վանելու համար: «Հայտարարության» հեղինակները առաջադրել են իրենց այդ խնդիրը եւ տվել դրա պատասխանը: Նրանք ենթադրում են, որ եվրոպական կապիտալիզմի հանդեպ ազգը պիտի որդեգրի նույն վարքագիծը, որպիսին իբր որդեգրել է օսմանյան կառավարությունը, որը, ինչպես գոհունակությամբ ընդգծում են նրանք, «սկսած է Եվրոպայի պետությանց քաղաքականությանը հետ տեւիլ եւ անոնց պիտույքները ու ընթացքը իրեն սեփականել»: Նրանց ասելով՝ կառավարության որդեգրած այդ քաղաքականության շնորհիվ երկիրը վերապրում է կատարյալ մի հեղաբեկում: «Կառավարական ձեւն ու գրությունը, մասնավորաց վիճակը, երկրագործությունը, առեւտուրը եւ արվեստները մեծամեծ փոփոխության ենթակա ելան, եւ մինչեւ անգամ հեղափոխության մեջ ընկան»: «Այս բնական օրենք մըն է, ասում են «եր հեղինակները, որո չհետեւիլ անկարելի է, բայց նախատես խոհեմ ազգ մը՝ գուշակելով իր հետեւած քաղաքականությանը ապագայի վրա ունենալիք ազդեցությունը, պետք է, որ պատրաստվի, իր ընթացքը դարին պահանջած արագությանը համեմատել գիտնա, նոր ի նորո ծնած կա: երեւան ելած պիտույքները հագեցնելուն միջոցները սովրի, մեկդի նետե նախապաշարմանց ցնցոտիքը եւ զնոր մարդն զգենու. ըսել կուզենք, թե որովհետեւ ազգը տերության պես Եվրոպիո քաղաքականությունը իրեն առաջնորդ բռնելու պարտավորեցավ, ա՛լ պետք է, որ այն քաղաքականության պահանջաց բոլոր փոփոխությունները ըստ պարագային ի գործ դնե» [32]: «Շատերը ազգին մեջ սկսած են զգալ, որ երկրին այն ընդհանուր հեղափոխությանը մեջ, հեղափոխություն՝ որ տակնուվրա կընե հին կարգերն ու կանոնները եւ անոնց վրա հիմնյալ ընկերական շենքը, հայ ազգին առջեւ նոր եւ ահագին խնդիր մ՚երեւան կելնե, կենաց ու մահու խնդիր մը… Ազգն սթափելով եւ հին նախապաշարմանց լուծը թոթվելով ընկերական նոր կյանքի մը մեջ պիտի աճի ու զորանա, կամ բոլորովին մեռնի փչանա» [33]:

Այս «շատերի» միտքն էր հենց կամենում իրագործել Բարեգործականը, երբ առաջարկում էր ազգին՝ դաս առնել «եվրոպական քաղաքականությունից» եւ միաժամանակ՝ դարման գործ դնել Եվրոպայի առաջացրած կապիտալիստական թշվառությունների ու աղետների դեմ: Ո՞րն էր այդ դարմանը: «Շատ դյուրությամբ լուծելու խնդիր մըն է ասի: Ի բնե արհեստավոր եւ երկրագործ ազգ մը՝ իր ձեռքի արվեստն ու երկրագործու/482/թյունը անգիտանալու համար թշվառության մատնված՝ ուրիշ կերպով չկրնար կանգնիլ, բայց միայն նոր քաղաքականության պահանջած արվեստներն ու երկրագործությունը ձեռք բերելով: Այն ատեն ահա, կրնանք հավասար զորությամբ մրցիլ մեր հողին վրա օտարոտի ճարտարությանց՝ արվեստներու եւ երկրագործության հետ եւ մեր բնիկ երկրացի ըլլալուն շնորհիվն ի բաց վանիլ զանոնք, որով եւ մեր ճակտին քրտինքովը հացը գտնել ու ուտել այն հողին վրա, ուր այս աստվածային վճիռը տրվեցավ առաջին մարդուն: Ասոր համար ալ ազգին ընելիքը հայտնի կեցած է, ազգին աղքատ եւ խեղճ մասին զավակները առնել ու պզտըկուց անոնց զանազան արհեստներ եւ մանավանդ, երկրագործություն սովորեցնել գիտության ընծայած նոր լույսերուն համեմատ, միանգամայն փնտրել, գտնել ու հայթայթել այն միջոցները, որոնցմով կարենա զբաղի այլ արհեստներուն ու երկրագործության եւ ապրիլ անոնցմով» [34] ։

Հետաքրքրական մի դոկումենտ է Կ. Պոլսի Բարեգործականի պաշտոնական այս «Հայտարարությունը»: Այն ողջունում է եվրոպական նոր «քաղաքականության» եւ ճարտարարվեստի (իմա՝ կապիտալիզմի, Ա. Հ. ) մուտքը Թյուրքիա, դրվատում նրա առաջացնելիք հեղաբեկման նշանակությունը, մեծարում կառավարական այն նոր «ձեւն ու դրությունը», այն «նոր կարգերն ու կանոնները» ու «անոնց վրա հիմնյալ ընկերական շենքը», որ բերում է իր հետ նոր այդ «քաղաքականությունը): «Հայտարարության» հեղինակները կամենում են միայն, որ «ազգը», նրա նյութականն ու բարոյականը, համակերպվի տեղի ունեցող տեխնիկական եւ սոցիալական փոփոխություններին, որ «ազգը զորանա», վերակառուցի ինքն իրեն կյանքի Հեղաշրջող պայմանների համեմատ եւ, միաժամանակ, պաշտպանվի եվրոպական կապիտալի հարվածներից:

«Հայտարարության» հեղինակները անհրաժեշտ էին համարում, որ Հայերի տնտեսությունը վերակառուցվի «եվրոպական», այսինքն՝ կապիտալիստական սկզբունքների համեմատ: Սակայն նրանք ջանք էին գործ դնում համախմբել ազգի բոլոր ուժերը եւ ազգային միասնական ճակատով դիմագրավել կապիտալիզմի բերած աղետներին. այդ նպատակով է հենց, որ առանձին հոգ էին տանում կապիտալիստական հիմունքներրով վերականգնել Արեւմտահայաստանի եւ առաջին հերթին՝ փոքրասիական գավառներում ապրող հայերի երկրագործությունը: Սուր կերպով դրվում էր, մանավանդ, պանդխտության առաջն առնելու խնդիրը: Այդ խնդիրն այնքան էր հասունացած, որ նրանից չէին խուսափում երկրագործության վերադառնալու դեմ առարկող կոմպրադորական բուրժուազիայի գաղափարախոսներն անգամ: Վերջիններիս տրամադրություններին /483/ արձագանքողներից մեկը «Փարիզ» թերթի միջոցով հայտնում էր, օրինակ, թե քաղաքացիներին դեպի գյուղ եւ երկրագործություն կոչելու փոխարեն արդյոք ավելի լավ չէ՞ր լինի սոսկ պանդուխտներին հայրենիք դարձնել, եւ քանի որ եվրոպական ապրանքները Տաճկաստան մտնելուց առավել, պանդխտության պատճառը պետական ծանր տուրքերն են, ավելի շահավետ չէ՞ր լինի, որ պոլսեցիները վճարեին հայրենիք դարձողների տուրքերը՝ փոխարենը Պոլսում արած նրանց «շահը» իրենք վայելելու համար [35]:

Երկրագործության կուսակիցները տարբերվում էին կոմպրադորական բուրժուազիայի ներկայացուցիչներից նրանով, որ աշխատում էին ճանապարը հարթել երկրի արտադրական ուժերի կապիտալիստական զարգացման առաջ, որով ենթադրում էին միաժամանակ բարձրացնել ազգի գյուղացիական եւ արհեստավորական խավերի, ինչպես նաեւ տնտեսապես։ քայքայված «պանդուխտների»՝ կապիտալիզմի զարգացման համար անհրաժեշտ բանվորական ռեզերվի, բարեկեցությունը: Նրանց ձգտումն էր՝ եվրոպական կապիտալին հակադրել ազգային երկրագործություն եւ արդյունաբերություն:

Փույթ չէ, հարկավ, որ խոսելով «երկրի», «գավառի» նյութական բարեկեցության մասին, նրանք գործնականապես նկատի ունեին ոչ թե Հայկական բնաշխարհը, այլ Կիլիկիան. Կիլիկիան էր նրանց հուսակայանը. ավետյաց այն երկիրն էր դա, ուր ենթադրում էին խարիսխ նետել՝ նավաբեկության վերահաս վտանգից ազգի գոյությունն ապահովելու համար: Իրենց ծրագիրն իրագործելու համար Բարեգործականի ազգասերները կարիք ունեին տեխնիկական կադրերի, որակյալ բանվորական ուժի: Անմիջորեն այս գործին է, որ պիտի ծառայեր նրանց լուսավորական ծրագիրը: Կա հիշատակություն այն մասին, որ Բարեգործականը «մեծկակ գումար մը հավաքելով» Կիլիկիա ուղարկեց Շիշմանյանին՝ «ագարակ մը գնելու եւ երկրագործական վարժարանի մը հիմնարկությամբն ընկերության նպատակը իրագործելու աշխատելու» [36]: Այս տրամադրությունների արտահայտությունն էր այն ժողովրդականությունը, որը ստացավ Ն. Ռուսինյանի երգը.

Երբոր բացվին դռներն հուսո

Եվ մեր երկրեն փախ տա ձմեռ,

Չքնաղ երկիր մեր Արմենիո,

Երբ փայլե յուր քաղցրիկ օրեր,

Երբոր ծիծառն ի բույն դառնա,

Երբոր ծառերն հագնին տերեւ՝

/484/Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա,

Աշխարհ՝ որ ինձ ետուր արեւ [37]:

Դնո՞ւմ էր արդյոք Բարեգործականը ազգային-քաղաքական որեւէ նպատակ: «Հայտարարությունը», ինչպես նաեւ ընկերության կանոնադրությունը չեն հուշում մեզ դրական պատասխան: Բարեգործականի ղեկավար մեծամասնությունը, ընդգրկելով եւ կազմակերպելով ժողովրդական մասսաները, կամենում էր խաղաղ ընթացք տալ նրա սոցիալական տարերքի զարգացմանը, լոյալ դիրք բռնելով Եվրոպայի նոր կապիտալիստական համակեցությանն ընդառաջող Թյուրքիայի հանդեպ: Օտյանը եւ Աղաթոնը կապված էին պետական կշիռ ունեցող թյուրք սահմանադրականների հետ: Դրանցից մեկն էր խոշոր հացամատակարար եւ միաժամանակ հայ կոմպրադորական բուրժուազիայի կազմակերպություններից մեկի՝ Արարատյան առեւտրական ընկերության նախագահ Հակոբ Նորատունկյանը:

Բոլոր պարագաներում, հայ այդ գործիչները հակադրվելով եվրոպական կապիտալին եւ մտահոգված Թյուրքիայի, արտադրական ուժերի զարգացման խնդրով՝ ուղիներ էին որոնում երկրի տնտեսական անկախ խությունն ապահովելու համար: Տեղական կապիտալիզմի մեջ նրանք որոնում էին ոչ միայն Թուրքիայի քաղաքական անկախության, այլեւ թյուրքահպատակ ժողովուրդների ազատության երաշխիքը: Բարեգործականի առաջին նախագահը՝ Գր. Աղաթոնը, միայն խոշոր պետական գործիչ չէր. նա առաջին հայը եւ առաջին քրիստոնյան էր, որ մինիստրական պաշտոնի հասավ Թյուրքիայում, այլեւ նշանավոր էր որպես տեսաբան, որի անտիպ գլուխ-գործոցը նվիրված էր «Թյուրքիայի քաղաքական տնտեսագիտությանը»:

«Ոչ ոք ավելի դրական կերպով կըմբռնե ազատության է արգն ու արժեքը, քան սնտեսագետ մը, ասում էր Գր. Աղաթոնին նվիրված ից -դամբանական ճառում Գր. Օտյանը: Աղաթոն էֆենդին այս գիտության ուսման մեջ՝ որ իր կյանքին մեծ մասը զբաղեցուցած է, քաղեց իր բոլոր ույժը ազատության հավատալու համար: Ինքն այն մարդոցմեն չէր, որ վերացյալ բանի մը համար կվառվին: Չուներ իր ներսդին այն անդիմադրելի խանդը, որ խորհրդածութենե առաջ կանցնի եւ որ ասլացույց չըփնտրեր հավտալու ու կարենալու համար. իրեն համար ազատություն թվաբանական ճշմարտություն մըն էր: Աղաթոն էֆենդին պատմության իմաստասիրութենեն քաղած էր ոչ նվազ նվիրական սկզբունք մը, այն է՝ առաջադիմության սկզբունքը: Մարդկության ընթացքը պատմության /485/ մեջ անհարիր ու աղխազուրկ դիպվածոց շարք մը չէ: Մարդկությունը վայրենության վիճակեն սկսելով միշտ լավագույն վիճակի մը դիմած է, եւ յուրաքանչյուր դար մարդկային հառաջադիմության այս մեծ գործողության մեջ իր բաժինն ունեցած է:. Այս ճշմարտութենեն կծագի յուրաքանչյուր մարդու համար պարտավորություն՝ մարդկության ծառաջդիմությանն աշխատելու, առանց հայրենիքի ու ազգի խտրության։ Սույն սկզբունքները՝ որոնց երբեք չստեց Աղաթոն էֆենդիին կյանքը, գիտցավ նա վերածել նաեւ ազգային վարչության վերաբերյալ խնդրոց… Ուրիշ ծառայություն մը՝… այն է որ ինքը մեծապես պիտի նպաստեր հայերը օր օրի սիրելի ու հարգելի լինելու Տերության առջեւ…» [38]:

Օտյանի տված բնութագիրը հատկանշում է ոչ միայն Աղա թոնին, այլեւ նրան հարող լիբերալ գործիչներին:

Իր մասնագիտությամբ եւ գործնական աշխատանքներով Գր. Աղաթոնին մոտ էր, մանավանդ, նրա եղբայրը՝ Մկրտիչ Աղաթոնը՝ Բարեգործականի երկրորդ նախագահը: Վերջինս Իտալիայում մթերած իր վաճառականական եւ շերամաբուծական գիտելիքները շահարկեց Պրուսիայում, ուր կիրառում էր մետաքսագործության «ամենավերջին կատարելություննեթր»: Առաջիններից մեկն էր նա, որ ձեռնարկեց կազմակերպել Թյուրքիայում ակցիոներական ընկերություններ, որոնք զբաղվում էին առեւտրական ապսպրանքներով, աշարի վարձակալությամբ եւ նման այլ գործերով [39] ։ Հետագայում նա եւս հետամուտ էր ազգային եւ կառավարական շահերի հաշտեցման:

Այս տիպի գործիչներից տարբերվում էին Բարեգործականին անդամակցող այն մտավորականները, որոնց խոհերի բնորոշ արտահայտիչն էր Շիշմանյանը:

Թյուրք պետականության հանդեպ «անբարեհույս» մարդ էր, հարկավ, Շիշմանյանը: Հետագայում, իբրեւ գրող, Հովսեփ Շիշմանյան-Ծերենցը հուզում էր ազգային-ազատագրական գաղափարներ եւ արձագանքում Զեյթունի ապստամբության տրամադրություններին: Հայտնի է նաեւ: նրա անմիջական կապը Զեյթունում արծարծված շարժման հետ: Այնուամենայնիվ, սխալ կլիներ ասել, թե 1862 թ. Զեյթունի ապստամբությունը կազմակերպել էր Պոլսի Բարեգործականը կամ Բարեգործականի մեջ մտնող այս կամ այն ղեկավար գործիչը եւ սրանց թվում՝ Շիշմանյանը։ Հակառակ ոմանց չապացուցված պնդումներին, անձնական ներգործությունից առավել, ինչպես Զեյթունում սկսված շարժման, նույնպես եւ /486/ գավառներում սունկի պես բսնող ընկերությունների աշխուժացումը տարրերայնորեն արծարծված դասակարգային պայքարի հետեւանք էր: Ապստամբության ընթացքում է միայն, որ հանդես էին գալիս դրսի ուժերը, նրանց օժանդակությունն ու հրահանգները: Զեյթունում եւ Զեյթունի շուրջը դեպքերը զարգանում էին հետզհետե: Պոլսի Քաղաքական ժողովի 1861 թ. մարտի 21-ի նիստի արձանագրության մեջ կարդում ենք. «Մարաշեն գիրեր առնվեցան, որովք կիմացվի թե Զեյթունի հայք հարստահարությանց չի դիմանալով զինուք դիմադրություն ըրեր են զիրենք հարստահարողներուն: Ժողովս գիրեր խրկել տվավ տեղվույն կառավարության, որ Հայոց պաշտպանություն ընե, եւ ազգայնոց, որ հնազանդություն ընեն: Միանգամայն Սրբազանը անձամբ գնաց բարեխոսության առ արտաքին գործոց տեսուչն» [40]:

Չի կարելի նաեւ ասել, թե հարելով Զեյթունի ապստամբությանը, Բարեգործականը կամ Շիշմանյանը հաղթանակի երաշխիք էին որոնում բացառապես գյուղացիական զենքի մեջ: Նման ենթադրության առիթ է տալիս գեթ Շիշմանյանի ընդհանուր դիրքավորումը:

Բարեգործականի մասին արտասանած իր ճառի մեջ նա ասում էր. «Կմնա մեզի հետեւիլ եվրոպական այն ազգաց շավիղներուն, որք որբ եւ անտեր տղոց՝ երկրագործության ձրի դպրոցներ բանալով, աղքատություննը բարեկեցիկ կյանքի դարձնելու, մուրացկանությունը բառնալու, տգիտությունը հալածելու եւ ապականյալ մարդը, որ քաղաքներու թանձր մթնոլորտին մեջ, մարմնով եւ հոգով կթավալեր, վերանորոգելու համար… աշխատեցան դեղերու մաքուր օդով»: «Բարեգործական անունեն ավելի շատերուն թերեւս Երկրագործական անունը նախադասելի կերեւար եւ ամենորոշ, հարում էր Շիշմանյանը, բայց մենք Բարեգործական անունը տալով ընկերության՝ ուզեցինք.

Ա) Շահու դիտավորությունը հեռացնել.

Բ) Արվեստները երկրագործության՝ ընկերութենե դուրս չնետել» [41]:

Շիշմանյանի ճառը բացահայտում է ընկերության դասակարգային՝ բուրժուական-լուսավորական բնույթը: Ծրագրվող երկրագործական դպրոցները պետք է հարթուկեին արեւմտահայ երկրագործության կապիտալիստական վերակառուցման ճանապարհը, մատակարարելով երկրին «կորովի ու տոկուն», «հոգին ու միտքը մշակված» «արհեստավոր գործավորներ», ասել է՝ որակյալ բանվորական ուժ: Շիշմանյանը եւ նրա համախոհները կամենում էին կանխել ամեն մի «անկարգություն», ամեն մի փութկոտ հուսացում եւ աստվածամարտ տրամադրություն, որ այնքան /487/ դյուրությամբ կարող էր պայթուցիկ նյութ դառնալ «որբ եւ անտեղ» տղոց՝ բանվորական դյուրահրուկ բազմության մեջ: Շիշմանյանը պատկանում էր պոլսահայ նորելուկ բուրժուազիայի «փորձված», «տեսարաններ տեսած» գաղափարախոսների թվին: Նրա ճառը մատնում է մեզ այն հետեվությունները, որ արել էր նա ժամանակին՝ 1848 թ. Փարիզի բանվորների կառուցած բարիկադները դիտելիս: Այն հանգամանքը, որ Շիշմանյանն էր հրապարակ գալիս ընկերության նպատակների պարզաբանողի դերում, տրամադրում է կարծել, թե նա էր հենց վերակազմված Համազգյացի իդեական ծնողը: Եվ նկատենք, որ նման ընկերություն կազմակերպելու միտքը հղացել էր նա դեռ Փարիզում, 1848-49 թվականներին: Նա էր հենց կազմել 1849 թ. հունիսին թվարկված այն հայտարարությունը, որով առաջարկ էր արվում կազմել «Արարատյան ընկերություն» անունով մի կազմակերպություն, որի անմիջական գործն էր լինելու՝ շոշափելի դրամագլուխ կուտակել ապագայում որոշվելիք ազգօգուտ նպատակներ իրագործելու համար: «Ազգի մի ընտիր մասին սիրտը միայն կզգա ազգ բառին նշանակությունը, ասված էր այդ հայտարարության մեջ, անոր միտքը միայն կրնա ունենալ ազնվական եւ վսեմ գաղափարներ եւ ինքը միայն հանձն կառնե հայրենյաց համար հոժարությամբ զրկանքներ կրել»: Այս հայտարարության իմաստը պարզաբանելու համար Շիշմանյանն ասում էր գրեթե նույնը, որ կրկնելու էր վերը նշված իր ճառում: «Տարիեն ավելի է, գրում էր նա, աշխարհքիս կեդրոնը կեցած Բարիզ, իբր թե հայելիի մը մեջ կտեսնենք բոլոր աշխարհքը եւ կհարցընենք մեկ մեկու, թե արդյոք կատարյալ դաստիարակություն ըլլար այս լուսավորյալ կարծված ժողովրդոց մեջ կըլլայի՞ն սա խռովությունները, է սա եղբայրասպան կոտորածները, որոնց մենք ականատես եղանք: Ուրեմն երկրի մը փառավոր քաղաքները, զարմանալի մշակությունը, անբավ վաճառականությունը երջանիկ չեն ըրեր իր բնակիչքը՝ թե որ արժանավոր դաստիարակություն մը կպակսի» [42]:

Այս հայացքներից շատ հեռու չգնաց Շիշմանյանը նույնիսկ 70-ական թվականներին:

  «Ազզը, գրում էր նա, պետք է նաեւ հին հայրենյաց մեջ գտնված աղքատության դարման տանի, ոչ ողորմությամբ, այլ անձնական շահը Հայաստանի հայուն օգտակար ընելով: Ի՞նչ օգուտ անգութ վաշխառված դեմ բողոքելե, մի՞թե ավելի լավ չէր ընկերությամբ դրամատուներ հաստատելով՝ հայ գյուղացին պանդխտութենե եւ վաշխառվաց հարստահարութենե ազատել» [43]:

«Կազմենք ընկերություններ, ասում էր նա մի այլ տեղ, որոնց /488/ նպատակը լինի՝ այն երկիրներու մեջ, ուր օրենքը զորություն չունի, կառավարության տկարության համար, եւ ավազակներ՝ թափառական հրոսակներ, վրանաբնակ վայրենի ժողովուրդներ ամեն հարստահարություն իրավունք կհամարին կայուն դեմ, որովհետեւ նա քրիստոնյա է եւ խաղալ բնավորություն ունի, զինվենք եւ զինենք մեր ազգայինքը՝ վանելու համար այդ ավազակաց բռնությունքը բռնությամբ… Հիմնենք, եթե կարելի է, այդ իսրայելյան ուխտին նման ընկերություն մը, հայկական ուխտ կամ դաշնակցություն անվամբ, որ ամեն երկրի հայը միանալով միաջան եւ միաբան՝ աշխատի ազգը յուր ինկած վիճակեն հանելու. որ ձեռնտու լինի Պոլսո պատրիարքարանի՝ մեծամեծ տերությանց ձեռնտվությունը դյուրացնելով» [44] ։

Այս տողերից ակներեւ է, որ Զեյթունի ապստամբությունից հետո Շիշմանյանը հարել էր այն մտքին, թե Թյուրքիայում տիրող բռնակալության հայերը պիտի դիմակայեն զենքի ուժով: Բայց միաժամանակ ակներեւ է նաեւ այն, որ զինական այդ դիմակայությունը ազատագրման վճռական ուղին չէր նրա համար, այլ լոկ միջոց՝ «պատրիարքարանի եւ մեծամեծ տերությանց ձեռնտվությունը» դյուրացնելու Համար:

Մտայնություն է այս, որ հասկանալի է դարձնում մեզ 70-ական թվականների կեսերին Շիշմանյան-Ծերենցի գրի առած պատմավեպերի իմաստը եւ միաժամանակ բացահայտում այն իրողությունը, որ դժվար է առանց ակնհայտ փաստերի բռնաբարության՝ «հայրենասիրության խնդրում» կանգնեցնել նրան «Նալբանդյանի կողքին»՝ դարձնելով նրան վերջինիս ստեղծած խմբակցության «գաղտնի անդամ» կամ նրա հայացքները՝ «հայոց հարցի» լուծման… նալբանդյանական ուղու ցուցանիշ:

Անկասկած 60-ական թվականների արեւմտահայ մտավորականներին շարքում Շիշմանյանից ավելի խոշոր ու ինքնատիպ մտքի ներկայացուցիչ պիտի համարենք Բարեգործականի ղեկավարներից Մ. Մամուրյանին: Մամուրյանը եւս համարում էր երկրագործությունը ամեն հարստությանց կեդրոնն ու պայմանը» [45]: «Ազգի բարօրության աղբյուրը, ասում էր նա, կազմում են ազգային հանճարեղ գլուխները, կանոնավոր աշխատանքը եւ ազատությունը» [46]: Սակայն երկրագործությունից զատ նա հանձնարարում էր նաեւ «կանոնավոր վաճառականություն»: Հիմնավոր վաճառականության համար, գրում էր նա, հարկավոր են սերունդների բազմաճյուղ լուսավորություն, առեւտրական եւ տնտեսական գիտություն եւ, վերջապես, «եվրոպական քաղաքակրթության պայծառություն»: Առանց այս ամենի «չքավորությունը չի ուշանար բոլոր հայոց անդամները /489/ պաշարելու, եւ երբ որ չքավորության հալումաշ ճանկի տակ մի ազգ սողոսկում. եւ հեծեծում է, չկա հույս ոչ գիտության, ոչ զուտ եւ բարոյական թարուց, ոչ էառաջդիմության, եւ ոչ ազգապահության» [47]: Կանգ առնելով պոլսահայ մասսաների կացության վրա՝ Մամուրյանը գրում էր. «Գործավորներն մեծ մասամբ Հայաստանի ներսերեն այստեղ եկած են. սրանք կամ ստորին ծառա, կամ բաղանյաց սպասավոր, կամ բեռնակին են դառնում: Այն վանեցիք, որ ապրուստ ճարելու համար ընտանիքը եւ որդիքը թողնելով գալիս են այստեղ, լավ կանեին, եթե իրենց հայրենիքումը մնային, աշխատեին եւ զայն շենցնեին, քյուրդերի եւ փաշաների ավազակությանը եւ հարստահարությանց դեմ դնելով. վասն զի իրենց կորովի եւ առույգ կազմվածքին համեմատ չունին այն մտավորական մշակությունը, որով կարողանան այստեղ վիճակավ եւս բարձրանալ, այլ օրեցօր իրենց վարած պաշտոնը ծերանում է, եւ եթե հանկարծ անիվ եւ շոգի գործածվին այստեղ, այն ժամանակը պիտի անգործ մեռնին եւ կամ ուրիշ գործոց պարապին. իսկ իրանց դրամագլուխը, որ է իրանց պնդակազմ կռնակը կամ կորովի ձեռները, շատ բանի չեն ծառայում քաղաքակիրթ ազգաց մեջ» [48]:

Ինչ վերաբերում է պոլսահայ առեւտրականներին, Մամուրյանը գտնում էր, որ ենիչերիությունը վերանալուց հետո նրանք վայելում են ե՛ւ «աշխատանաց ազատություն», ե՛ւ «ստացվածոց ապահովություն»: Սակայն պոլսահայ առեւտրականները չեն օգտագործում իրենց ընձեռված հնարավորությունները՝ չեն ընթանում «ժամանակիս առեւտրին համաձայն», ասել է՝ չեն արծարծում կապիտալիստական նախաձեռնություն: «Ո՞ւր են հայոց գործարանքը, հարցնում էր նա, ո՞ւր են առեւտրական ընկերությունքը, սեղանատունքը. ո՞ր ծովերից գալիս են նրանց հատուկ նավերը. քանի՞ մեքենագործ, հյուսն, երկրաբան, նշանավոր վաճառական գտնվում են նրանց մեջ. հազիվհազ մի քանի հատ մատով կարեմ ցույց տալ: Ամերիկայի, Լոնդոնի, Փարիզի եւ աշխարհիս ո՞ր կողմը անց է կենում՝ հայ վաճառականաց անունը եւ վարկը (էյթիպարը)… Ժամանակ է եւ հարկավոր է, որ աչքներս բանանք. ամեն թշվառութենե ծանրագույնը կսպառնա մեզ նույնիսկ քաղաքակրթության շահը եւ վաճառական գիտությունը, եթե դանդաղ նստինք եւ նրա ազդարարությանը խուլ եւ կույր մնանք»: Այս կապակցությամբ Մամուրյանը նշում է քաղաքատնտեսության գիտելիքների օգտակարությունը, մատնանշելով հատկապես բուրժուական էկոնոմիստների՝ Ադամ Սմիթի, Սեյի, Բաստիայի եւ Գառնիեի անունները [49]:

/490/ Սահմանազատվելով կոմպրադորական բուրժուազիայի գաղափարախոսներից, Մամուրյանը ընձեռում էր կապիտալիզմը միայն ազգային հիմքի վրա. նրա հանձնարարածը «վաճառականությունը» չէր սոսկ, այլ ազգային վաճառականությունը՝ «եվրոպական քաղաքակրթության», իմա՝ կապիտալիզմի, սկզբունքով կազմակերպված: Սակայն տուրք տալով բուրժուական էկոնոմիստներին՝ նա, այնուամենայնիվ, նկատում էր կապիտալիզմի սոցիալական արատները: Այդ մասին է վկայում 60-ական թվականի սկզբներին գրված նրա «Անգլիական նամականի»-ն [50]:

  «Անգղիական նամականի»-ն պատկանում է գրական այն գործերի շարքին, որոնց նպատակն էր՝ առնել թյուրքահայ համատարած գաղթականության առաջքը, որ սպառնում էր, ինչպես գրում էր հեղինակը, «պատմական ստվերի» վերածել Հայաստան աշխարհը: «Վաճառականը կգաղթե, երկրագործը կգաղթե, արհեստավորը կգաղթե, բանվորը կգաղթե, մեկ խոսքով՝ ամենքը կգաղթեն, եւ Հայաստան կմնան շատ միայն ծերեր, կիներ, մանկունք: Աշխարհաշրջիկ մարդիկ՝ հրեից պես, որ Աստվածաշունչը կշալակեն, ինչպես հայք իրենց Մաշտոցն ու Ավետարանն եւ աշխարհիս չորս կողմը կցրվին, հեռվեն պաշտելով Սիոնն ու Հայաստանը, որ պարզապես պատմական ստվեր մը կդառնա իրենց երեւակայության մեջ» [51]:

«Թյուրքիո ամեն ժողովուրդները զինյալ են, բացի հայերը, որ կհուսան խաչահանդիսով ամեն թշնամիները հալածել: Բայց ամեն դար իր հատուկ զենքն ունի, իրական ու մտավորական, եւ այն որ անոնցմե զուրկ է՝ կորսված ազգ մ՚է» [52]: «Արդեն ֆիզիկապես գաղթական՝ աշխարհիս չորս կողմն, եթե ներելի է ըսել, մտապես ու բարոյապես ալ կգաղթե. այսինքն անզգայորեն կօտարանա: Եռակի թագի ու գահի տակ, եռակի թշվառ է իրավ, բայց այս թշվառությունը կրնա թեթեւնալ՝ եթե իր բոլոր աշխատության ու ճարտարության կեդրոն ընտրել այն վայրը, որ իր պատմական ավանդություններն ու հիշատակները կպարունակե» [53]:

Հեղինակը նկարագրում է հայերի քաղաքական վիճակը Թյուրքիայում. «Տերության դրությունը Յանոսի երկդեմ գլխուն կնմանի՝ որու մեկ երեսը դեպ անցյալն, աստվածապետական իշխանության, երկնատուր եւ /491/ խորհրդավոր օրինաց կնայի, անմեկնելի վճիռներ, շնորհաբաշխություն, արտոնություն, հարստահարություն, կրակ ու բոց կփչե մարդուս էն նվիրական իրավանց, այն է կենաց, պատվույն, ստացվածքին ապահովությունն՝ իբրեւ առասպելաբանություն կլսե, ստորությունը իբրեւ արդարություն, տգիտությունը եւ շողոմարարությունը իբրեւ արժանավորություն, իսկ մոլի տիրասիրությունը իբրեւ առաքելական առաքինություն կնկատե: Մյուս երեսը՝ ակամա դեպ ներկան՝ խոժոռելով եւ ահուդողով կնայի արդի լուսավորության, հառաջադիմության եւ հարկին պահանջած նորոգություններու բռնի հպատակիլը, աչքը պինդ կգոցե հեռուն արեւմտյան հորիզոնին վրա մշտավառ քաղաքակրթության փարոսին առջեւ, բերանը անեծք կկարդա զայն վառողին, միտքը հնար ու նենգ կհնարե, որ անոր ճառագայթներուն դեմ մաքառի եւ դեռ նոր կերազե, որ մարդս հոգի, կամք եւ իրավունք կրնա ունենալ: Իսկ այն գլուխը չունի երես ու աչք ապագային համար, այլ ճակատագրական մութ ամպերու մեջ կթավալի եւ ամեն ճիգը կթափե, որ անցելույն մեջ ապրի» [54]:

Մռայլ գույներով է նկարագրում Մամուրյանը ազգի վիճակը նաեւ Կովկասյան Հայաստանում: Ազգի ընդհանուր վիճակը վերապատկերելով՝ Համեմատում է նրան ուժասպառ ու անդամալույծ մի մարմնի հետ, որի «(աղեբեկ գլխուն վրա արծիվ մը դադարած՝ իր լայնատարած թեւերով կծածանե այն մարմինը ի նշան պաշտպանության, թեեւ իրոք ահավոր կտուցովր կծակծըկե, կկտտե, կմաշե անոր ուղեղը, մինչեւ որ սպառսպուռ սպառն ու անգլուխ մարմին մը, կմախք մը դարձնե, ու պատկերն ալ է ավերե: Անդին սեւամորուս գայլ մը անոր արյունը արդեն ըմպելեն անկուշտ հրացայտ աչքերը որսին վրա սեւեռած՝ արծիվին սեւատեսիլ լու-Մեն կխրտնի ու ետ-ետ կընկրկե: Ասդիս վագր մը արդի տկարութենե հաղվեսի կերպարանք մտած՝ նենգությամբ կջանա որսալ, բռնությամբ հափշտակել չկրցածը, ու եթե ատեն ատեն հանդարտ ու նենգությունն ապարդյուն մնաս վրիժու ոգին բռնելուն՝ բնակից ու դենակից վարազներու ձեռոք կայրե, կքանդե, կրակե նույն թշվառ մարմնույն բնաբուն հոդվածները: Իսկ ուրիշ գույնզգույն ճճիներ ու միջատներ, այն մարմնույն աչքը կփորեն, ճակատը, երեսը, ուսը կխայթեն, կշոյեն, կգգվեն, անտեսանելի եւ թունավոր որդեր ոսկիի ու ծիածանի գույներով մեղմիկ կսպրդին անոր կուրծքը եւ այն ինչ սիրտն անգամ կրծելու կսպառնան» [55]:

Ո՞ւր է ելքը: «Երեք անհավասար զորությամբ տերությանց ներքեւ՝ տկարագույնն ընտրել իբրեւ հովանի իմաստություն է, թեեւ այդ տկարագույնը միանգամայն անկար լինի հպատակը պահպանելու: Անկարին տունն եւ ապա տեղը բռնել ավելի դյուրին է ժողովրդյան մ՚որ մտապես /492/ կզարգանա եւ նյութապես կզորանա, քան թե զորավորինն, որ ամեն նվիրական զգացում, ամեն զարգացման միջոց կճնշե, հայրենասիրություն , ազատասիրություն կջնջե, լույսը կատե, եւ ժողովուրդներն իր օրինական կամ բռնական կաղապարին մեջ քիչ քիչ կձուլե»:

Սուր քննադատության ենթարկելով ցարիզմի կովկասյան քաղաքականությունը, Մամուրյանը քաղաքական կոպիտ ապակողմնորոշման էր ենթարկում ընթերցողին, երբ համեմատելով ցարական կնուտը պարսկական խարազանի եւ թյուրքական թակի հետ՝ գրում էր, թե դրանցից «առաջինը կսպաննե, երկրորդը կանդամալուծե, երրորդը կգրգռէ» [56]:

Այս մի ըմբռնում էր, որը, ինչպես պիտի տեսնենք, ըստ ամենայնի համընկնում էր կովկասահայ ազգային-պահպանողականների քաղաքական դիրքավորման հետ, ուստի եւ ալատահական չէ, որ 60-ական թվականների սկզբներին Մամուրյանը հյուրընկալվում էր «Կռունկ»-ի էջերում։

«Հայուն համար, հարում էր Մամուրյանը, բաց դուռը Հայաստանի հարազատ եւ թակահար կողմն է, Արարատա ու Վասպուրականի եւ Կիլիկիո գավառներն են, որ եթե աշխատությամբ շինվին, կրթությամբ ծաղկին, բնապես պիտի վերականգնին եւ իրենց պիտի քաշեն, իբրեւ ազատ ասպարեզ եւ հայության կեդրոն, այն ամեն հեռավոր զավակներն , որ տարբեր իշխանությանց ներքեւ կտառապին կամ կհյուծին եւ ազատումի ելք մը կփնտրեն» [57]: «Պետք է որ… այս ամեն բնության եւ արվեստի ույժերն, որ ընդունայն կսպառին, այս տգետ, դանդաղ ու անհոգ բնիկներն, որ իրենց կոխած հողին տերն անգամ չեն, այս հրոսակներն, ոը անսանձ կարշավեն ու կթալլեն, այն զեղծմունքն, որ անիշխանության վիժմունքն են, այն անստուգությունն, որ տգիտության ու անհոգության հետեւանքն է, այլափոխին, չէ թե բուռն, այլ քաղաքակրթության միջոցներով, պետք է որ հանքեր, այգեստաններ, նավարկելի ծովեր ու ջրանցքներ, բանուկ արահետներ, գործատուններ, պարտեզներ դառնան, պետք է որ գործունի աշխատավորներ, հողատերեր, հանդարտ ու բարեկարգ, ժիր ու օրինաց հնազանդ քաղաքացիներ դառնան, պետք է որ մետաղներ, զանազան արմտիք, ապրանք, ուսմունք ու լույս սփռեն, պետք է որ երկաթը, շոգին, էլեկտրական հեղուկն կենդանություն, շարժում տան այս անշունչ եւ փշալից բնության… Կարելի՞ է միթե ընել այս հիմնական հեղաշրջումն, եւ մի՞ թե ամեն փոփոխություն ու զարգացում բնական եւ մարդկային օրինաց համեմատ աստիճանաբար տեղի չեն ունենար: Այո, բարեկամ, կարելի է, եթե աշխատությունը, ճարտարությունը, դրամագլուխ, հող եւ գն տություն սնոտի բառեր չեն» [58]:

/493/

են Արեւմտահայ հրապարակախոսության մեջ Մամուրյանը առաջիններից մեկն էր, որ զբաղվեց կապիտալիզմի քննադատությամբ: Կանգ առնելով մեքենայական արտադրության հետեւանքների վրա՝ նա գրում էր. «Մարդ այս ֆիզիկական զորությամբ ի՞նչ հրաշալի ասպարեզներ բացավ ու դեռ պիտի բանա. պայմանյալ աշխատությամբ մը որչափ ավելի լավ սնունդ, հագուստ, բնակարան ունի եւ կրնա ունենալ, քան թե առաջ, մտածության արժանի կետ է. ընկերական դրության մեջ ի՞նչ փոփոխություն կբերի այս նոր զորությունն, ի՞նչպես օրեօր կավելնա հարստությունն ու հետզհետե այլեւայլ խումբերու մեջ կդիզվի. հին հարաբերություններ կխանգարե, հարուստին ու աղքատին մեջ ի՞նչ մեծ. վիհ մը կրանա, տնտեսագետին ուշադրության արժանի խնդիր մ՚է… Մեքենան մեր կենաց բոլոր պայմանները կփոխե, ոչ միայն մեր գործերու եղանակն, այլ մեր միտքն ու զգացումը: Մարդիկ գլխով ու սրտով մեքենական կդառնան, ինչպես նաեւ ձեռքով: Անհատական ու ամեն արտաքին զար։ գացման համար կլինեն, կկազմեն, կսահմանադրեն եւ մեքենական բնություն մը կստանան… Մեքենական աշխարհը պիտի ճզմե մեզ, ամեն ազնիվ, վսեմ, առաքինի զգացում պիտի խեղդե: Է՜հ, բարեկամ, չեմ կարող հանդուրժել այս տեսարանին, որ ինձ հուսահատություն կազդե։ Հոգիս ու միտքս ուրիշ աշխարհ կապրի: Ուրվականի պես կերեւի ինձ ամեն բան: Կփնտրեմ գրքերու մեջ այն ժամանակներին, երբ կրոնը, իմաստությունը, սերը հրաշքներ գործեին: Ավա՜ղ, մեր դարը մեքենայի պես անզգա ու անխիղճ է…» [59]: «Բանվորի քրտինքն հարուստին, դրամատերին արյունն է, որով կկենդանանա: Ես չեմ կարծեր, որ Բրուտոն եւ Լ. Պլան, եւ ուրիշ ընկերհաշտական հեղինակներ, բոլորովին անիրավ են, երբ գործավորին ծանր վիճակին ու կրած օրինակին հարստահարության վրա կճառեն: Նորաձեւ տնտեսագիտություն մը, պայմանական օրենքներ կտիրեն՝ իրաց բնական, արդար ընթացքը վրդովելու եւ թշվառության գումարն պվելցնելու» [60]:

Մամուրյանը մերկացնում էր Անգլիայի կապիտալիստական քաղաքակրթությունը»: Անգլիական առկա կարգերի մեջ նա նշմարում էր աշխարհակալության, հափշտակության եւ անիրավության վրա հիմնված իրավունքի հետքերը: «Արդի ազնվականը հին ամուր դղեկին մեջ նստած զրահապատ ասպետին որդին է, որ լորդերու ժողովին մեջ ունի աթոռ մ՚որ իր արժանավորության տրիտուրը չէ, արդի գործավորն միջին դարու ստրուկն է, որ քաղաքակրթության անապատին մեջ տեսակ մը վայրենին՝ ոչ տուն, ոչ իրավունք, ոչ քվե, ոչ արեւ ունի, եւ երկրի վրա թիզ մը տեղ չգտնելով՝ կիջնե անոր անդնդային հատակն ու շատ անգամ ածխա/494/հանքեն իր հացը մուրալու ատեն կայրի, կխեղդվի եւ դիակն անգամ անհետ կլինի» [61]: Նկատենք նաեւ, որ խաղաղ վերանորոգչական իր պլատֆորմով Մամուրյանը աչք չէր գոցում քաղաքական-ռեւոլյուցիոն այն հեռանկարների առաջ, որոնք կոչված պիտի լինեին վերացնելու կապիտալիստական «քաղաքակրթության» ոսկեզօծ լուծը: «Եվրոպայի քաղաքակրթություն կոչվածն, հարստությունն ու երջանկությունը միայն դաս մը մարդիկ կվայելեն, իսկ մյուսները թշվառ ստրուկներ են, որ ոչ միայն կրթությամբ, այլ ապստամբությամբ պիտի վերածնին ու իրենց շղթաները քակելու պիտի հաջողին» [62] ։ Ֆրանսիական բուրժուական մեծ ռեւոլյուցիան կարողացավ թռցնել միայն սոցիալական անարդարության հիդրայի մի գլուխը. իսպառ ոչնչացնել բազմագագաթ այդ հրեշը ի վիճակի է միայն եվրոպական ժողովուրդների «համախումբ դաշնակցություն մը» [63]: Վաշինգտոնի եւ Կապոդիստրայի, Կոշչյուսկոյի եւ Օ'Կոնելի գլխավորած գործերը, ասում էր Մամուրյանը, հարթեցին ժողովուրդների առաջ նրանց ազատության ուղին: Մաձձինին եւ Գարիբալդին ոտք դնելով այդ ուղու վրա, «ոչ միայն Իտալիո մանր-մունր բռնավորները, այլ Եվրոպայի գահակալներու դեմ պատերազմ հրատարակեր էին ու գաղտնի ընկերություններ կազմելով՝ ազատության ու անկախության ոգին գործավորներու մեջ սփռել կջանային»: Մամուրյանի հերոսը ծառանում է Եվրոպայի «անիրավ օրինաց դեմ, կղերին փառամոլության եւ տիրապետության դեմ, բռնապետական իշխանությանց դեմ, ազնվականաց լրբության դեմ, դրամագլխին անիրավության դեմ, մեկ խոսքով անթիվ ընկերային զեղծմանց դեմ» [64]:

Հեղինակին զբաղեցնում էր այն խնդիրը, թե ի՞նչ միջոցով հայ ազգը կարող է վերականգնել իր վաղեմի անկախությունը, գտնել իր կորցրած քաղաքական ինքնուրույնության շավիղը: Նա ոգեշնչված էր պատմական այն նախօրինակներով, որոնք ցույց էին տալիս, թե «ուրիշ անկենդան ազգեր իրենց պատմութենե եւ արդի լույսերտ հույս, հոգի եւ զենք առնելով ոտք կելնեն եւ իրենց ազգության դրոշակը ազգաց առջեւ կպարզեն»: «Կարեւոր կետն է, ասում էր նա, քիչ-քիչ նորոգել ընկերական շենքը, ժողովրդոց պիտույքն ու պահանջմունքն ի նկատի առնուլ եւ հարմար զիջումներ ընել: Այս պատմական ճշմարտության դեռ չեն համովված այն քաղաքագետները, որ ազգերու ճակատագիրն ուղղելու պաշտոն ունին, այնպես որ արյունահեղ հեղափոխությանը տեղի կտան»» [65]:

Այս սողերից հետո հասկանալի է, թե ինչու, տպագրելով «Արեւելյան /495/ Մամուլ»-ի էջերում Շիշմանյանի այն էջերը, ուր հեղինակը հայերի փըրկությունը «վերեն եկած» տեղափոխությունից էր ակնկալում, Մամուրյանը կցում էր դրան խմբագրական իր վերապահությունը: «Ներվի մեզ ըսել, գրում էր նա, որ այս մասին մեծապատիվ նամակագրին հետ տարակարծիք կգտնվինք: Այս դրությունն ամեն տեղի ու պարագայի չկրնար հատկանալ»:

  «Անգղիական նամականի»-ի մի շարք մտքերը արեւմտահայ առաջավոր մարդկանց հուզող մտքերն էին, մտքեր, որոնք առհարկի տուրք վճարելով եզոպոսյան լեզվին՝ արեւմտահայ դեմոկրատիայի առաջ ջանում էին գծագրել սոցիալական եւ քաղաքական արմատական հեռանկարներ: Ակներեւ է, որ սահմանազատվելով Շիշմանյանի պաշտպանած հայացքներից՝ Մամուրյանն արտահայտում էր տրամադրություններ, որոնք ավելի խորն էին ակոսում, քան Բարեգործականի պաշտոնական «Հայտարարության» հեղինակն ու նրա համախոհները:

Առավելագույն չափով այդ կարելի է ասել, մանավանդ, 50–60-ական թվականների արեւմտահայ դեմոկրատիայի ամենից կարկառուն դեմքի՝ Հարություն Սըվաճյանի մասին: 60-ական թվականների սկզբներին Սըվաճյանի գործունեությունը, դուրս գալով Բարեգործականի պաշտոնական ուղղության լեգալ նպատակադրումների շրջանակներից, ընդառաջում էր Նալբանդյանի ռեւոլյուցիոն-դեմոկրատական հայացքներին ու գործելակերպին: Ուշագրավ է այդ տեսակետից 1861 թ. «Մեղվում» տպագրված «Ազգային պարտք» հոդվածը: Բնութագրելով հայ ազգի «ներսի» եւ «դրսի» թշնամիներին՝ Սըվաճյանն այդ հոդվածում «ներսի» թշնամիներից առավել կարեւորություն է տալիս հայազգի լուսավորության եւ առաջադիմության դեմ դարանակալած «դրսի» թշնամուն: «Դուրսեն թշնամիներ կան, թշնամիք, որ անգթաբար կանխայեն հինօրյա բարեպաշտ ազգի մը, իրենց տերությունը զորացնելու համար. թշնամիք, որ հեռատեսելով թե հայ ազգը իր գերության շղթաները քիչ մը թուլցած ատեն, լուսավորության շավղին մեջ քաղաքակրթյալ ազգաց կարի օգտակար ժողովուրդ մը կրնայ ըլլալ եւ թե անով կրնան ամեն կողմ մեծ ազդեցություն ունենալ ու իրենց նպատակին հասնիլ՝ բեւեռներեն կվազեն կուգան եւ խորամանկ քան ներքին թշնամիները, իրենց մատուցած լեղի բաժակին բերանը անուշեղեն կքսեն. թշնամիք, որ այսօր պատրաստ կցուցընեն ինքզինքնին ամեն արտոնություն շնորհելու հայ ազգին, վաղը զանի կլնելու համար. այսօր նյութական բարօրության մեջ կխեղդեն զինքը՝ վաղը անոր բարոյական բարօրությունը հափշտակելու համար…» [66]:

Ինչ խոսք, որ այս տողերով Սըվաճյանը նշավակում էր ե՛ւ սուլթա/496/նական Թյուրքիային, եւ ցարական Ռուսաստանին: Ուշադրության արժանի է, որ հոդվածը տպված է 1861 թ. մարտի 20-ի համարում, ասել է՝ Նալբանդյանի հետ ունեցած հանդիպումից հետո: Երբ Սըվաճյանը` ակնարկում էր այն մասին, թե ազգի արտաքին թշնամիները «իրենց մատուցած լեղի բաժակին բերանը անուշեղեն կքսեն», նկատի ուներ ոչ միայն սուլթանի «շնորհած» Ազգային սահմանադրությունը, այլեւ, հավանորեն, նաեւ ցարի մանիֆեստով ազդարարված ճորտերի ազատագրումը: Արքայական «շնորհումների» հանդեպ Սըվաճյանը գրավում էր արդեն ռեւոլյուցիոն դիրք:

  «Մեր թշնամիները կարի զորավոր են, իսկ մենք՝ տկար, հարում էր նույն հոդվածում արեւմտահայ դեմոկրատիայի մարտնչող հրապարակախոսը: Բայց համոզված ըլլալով թե սուրբ սիրտ մը ավելի զորավոր է քան մրոտ բազուկներն, հույս ունինք թե կրնանք անոնց զորավորությունը ոչինչ համարել եթե խոհեմությամբ եւ աչալրջությամբ մի սիրտ եւ մի հոգի դեմ դնենք այն ամեն թե գաղտնի դարաններուն եւ թե հայտնի թշնամությանց, որ ամեն օր կտեղան մեր ազգին վրա»: Սըվաճյանը չէր կարող հարկավ բացահայտ ռեւոլյուցիոն պայքարի կոչեր գրել ցարական Ռուսաստանի կամ սուլթանական Թյուրքիայի դեմ: Որ, սակայն, նա հենց ռեւոլյուցիոն պայքարի անհրաժեշտությունը նկատի ուներ, ակներեւ է բերված տողերի շարունակությունից. «Եթե այս սուրբ պատերազմին մեջ ըյնինք՝ ազգին ամենամաքուր նահատակները պիտի ըլլանք, եւ թող ազգն ալ մեր մահվանե ետեւ, մեր աչքերը գոցվելեն ետեւ զոհվի ուրիշին: Իսկ եթե հաղթող ելնենք՝ երանի այն անձերուն, որ ազգի մը ազատարարն ըլլալու փառքին պիտի արժանանան. ազատարարներ, որ զորավոր տերությանց դեմ մարտնչելով խլեն առնեն պիտի անոնց ձեռքեն ազգը չափազանցություն չէր կարծվի մեր ըսածները» [67]:

Սըվաճյանի այս տողերը ցույց են տալիս, որ հայ ժողովրդի արտաքին եւ ներքին թշնամիների դեմ նա ոտք էր դրել արդեն նոր՝ «նալբանդյանական» ուղու վրա: Ռեւոլյուցիոն-դեմոկրատական պայքարի բնույթ ուներ ժողովրդական մասսաները կազմակերպելու եւ սուլթանական կա… Քավարության ու նրա հայ արբանյակների դեմ նրանց հրապարակ հանելու ուղղությամբ «Մեղվի» կատարած աշխատանքը՝ Ազգային սահմանադրությունը սուլթանական ռեակցիայի դեմ պաշտպանելու համար: Ռեւոլյուցիոն-դեմոկրատական պայքարի բնույթ ուներ այն գործունեությունը, որ ծավալում էր Սըվաճյանը Զեյթունում արծարծվող ապստամբության ժամանակ: Նա առաջինն էր, որ ազդում էր արեւմտահայ հասարակական կարծիքի վրա՝ ապստամբների օգտին: «Հայը անչափ թշվառ եւ /497/ անչափ հուսահատ կզգա ինքզինքը, գրում էր «Մեղու»-ն, որ իր կենաց վերջին շունչին մեջ վերակենդանության տենչանոք հանդգնությանց կդիմե, թող մոտեն վկայե 1862 թ. օգոստոսի 1-ի ըրածը… Մենք արթնացանք եւ չենք ուզեր մազ մը անգամ կորցնել ինչ որ մեր իրավունքն է, մինչեւ անգամ մեր այս գերության վիճակին մեջ» [68]: Դեպքերի ժամանակ Սըվաճյանը մեկնեց Զեյթուն՝ օգնություն ցույց տալու ապստամբներին եւ դիմադրելու բոնապարտյան ագենտների միսիոներական գործունեությանը: Կարծում ենք, ակներեւ է այն ազդեցությունը, որ ունեցել էր Նալբանդյանը Սըվաճյանի վրա՝ հաղորդելով նրա ազգային-հրապարակախոսական գործունեությանը ռեւոլյուցիոն ուղղություն եւ նպատակասլացություն:

Հետագայում, ինչպես դեռ պիտի տեսնենք, պաշտպանության տակ առնելով Պետերբուրգում բանտարկված Նալբանդյանին, «Մեղու»-ի խմբագիրը մերկացնող հոդվածներ էր տպելու ցարական կառավարության դեմ, համերաշխելով ոչ միայն Նալբանդյանի, այլեւ Լոնդոնի նրա ռուս բարեկամների ռեւոլյուցիոն ուղեգծին:

Եթե «Մասիս» թերթի էջերում Ս. Թագվորյանն ասում էր, թե Բարեգործականի նպատակների մեջ է մտնում հոգալ «ատոք հունձք կամ ազնիվ պտղատու ծառեր, կամ արհեստից մէջ գործածելի զանազան փայտեր, արմատներ, տունկեր հասցնող եւ բանճարե կամ օսլայե շաքար շինող մարդիկներ պատրաստելու» [69], նույն Թագվորյանի ծածկագիր նամակից պարզվում է, որ Նալբանդյանի Պոլսում եղած ժամանակ Բարեգործականի անդամներից շատերը նրան հույսեր էին ներշնչել նաեւ իրենց ազգային-քաղաքական ակտիվացման մասին: Բոլոր պարագաներում փաստ է, որ իրատես լիբերալների եւ ռոմանտիկ ազգասերների կողքին Բարեգործականի մեջ կային Սըվաճյանի եւ Թագվորյանի պես դեմոկրատ հայրենասերներ, որոնք ձգտում էին ավելիին, քան այդ թույլ էր տալիս այդ ընկերության պաշտոնական ծրագիրը: Այս կարգի մարդիկ ակնբախորեն օգտագործում էին ընկերության լեգալ հնարավորությունները՝ ռեւոլյուցիոն նպատակների սպասարկող ընդհատակյա աշխատանքի համար:

Թագվորյանի 1862 թ. մայիսին գրած ծածկագիր այդ նամակից երեւում է, որ նույն Կիլիկիայում, ուր Բարեգործականը մտադիր էր, 6. 000 լիրա ժողովելով, կազմակերպել գյուղատնտեսական ագարակ-դպրոց [70], նրան զբաղեցնում էին քաղաքական-ապստամբական ինչ-որ գործեր: Նա կապեր էր որոնում Տավրոսի հետ: Տավրոսից, պատմում է նա, /498/ քանի օր է, որ Պոլիս է ժամանել «վարդապետ մը»: Վարդապետի հետ Թագվորյանը կապվել էր «առեւտուր մը ընելու», որ ըստ ծածկագրի՝ նշանակում էր՝ նրա միջոցով Տավրոսի ապստամբներին որեւէ օգնություն հասցնել: Այս նպատակով Թագվորյանը կարողացել էր քսան-երեսուն հոգու մասնակցությամբ մի խորհրդակցություն կազմակերպել, դրամ եւ ճանապարհածախս հայթայթել վարդապետին: Վերջինս այլ ոք չէր, անշուշտ, քան Գր. Ապարտյան երիտասարդ վարդապետը, որը կապ էր պահպանում Զեյթունի եւ Պոլսի միջեւ: 1862 թ. նոյեմբերին նա Փարիզ անցավ դրամական հանգանակության եւ ապստամբ լեռնականների անունից Բոնապարտի հովանավորությունը հայցելու համար: «Փարիզ» թերթը, վարագուրելով վարդապետի բանակցությունները, հանձնարարում էր նրան ընթերցողներին՝ որպես «ուսումնասեր եւ հանճարեղ» մի անձի, որ «մեծ փափաք եւ ջանք ունի քանի մի հարկավոր գիտությունը տեսանել եւ վերադառնալ ի հայրենիս ու զանոնք տարածել յուր հայրենակցաց մեջ» [71]:

Հետաքրքրական է, որ Նալբանդյանին ուղղած նամակում Թագվորյանը տրտնջում էր իր ընկերներից եւ համեմատում իրեն այն եզանը, որին վիճակված է մենակ քաշել ծանր լուծը: Թագվորյանը գանգատվում էր ընկերների թույլ գործունեությունից, նշավակում նրանց apathie-ն, գաղջ կամ սուտ նրանց ազգասիրությունը եւ գործից խույս տալը, կարճ՝ գործունեության այն եղանակը, որին, ինչպես վկայում է նամակագիրը, Նալբանդյանը դիմավորում էր արհամարհանքով: Թագվորյանը դժգոհ էր անգամ Քյաթիպյանից, որի միջոցով Նալբանդյանը տեղեկանք ու հրահանգներ էր հղում Բարեգործականի շուրջը խմբված պոլսահայ իր բարեկամներին: Այստեղ հիշատակված (Հովհաննես) Քյաթիպյանը Փարիզում բժշկականություն սովորող ադրիանապոլսեցի ուսանողներից էր: 1862 թ. մարտի 12-ին, ավարտելով ուսումնառությունը, վերադարձավ Հայրենիք: Հաղորդելով այս մասին՝ «Փարիզ» թերթը գրում էր. «Յուր առաջադեմ դասընկերները կհաստատեն թե նա խիստ ճարտար եւ երեվելի բժիշկ մը եղած է, որ ոչ սակավ պատիվ է ազգին եւ օգուտ յուր հայրենյաց» [72]: Սակայն ճարտար եւ երեւելի այդ բժիշկը, Թագվորյանի ասելով, խիստ անգործունյա մեկն էր որպես ընդհատակյա կազմակերպիչ, մինչդեռ, ընդհատակյա գործն առաջ տանելու համար պետք էր աշխատել ոչ թե ֆլեգմատիկ ազգասերների, այլ Նալբանդյանի խառնվածքն ունեցող ընկերների հետ. «Պետք էր, որ քու treme-եդ (իմա՝ «քո խառնվածքեդ», Ա. Հ. ) քանի մը մարդ ըլլար հոս, որ քիչ մը շուտով քայլեինք», գրում էր նա: 1862 թ. մայիսին նամակը գրելու պահին Թագվորյանը չու/499/ներ այլեւս հավատ դեպի այն մարդիկը, որոնց վրա ինքը, ինչպես եւ Նալբանդյանը, վստահ էին մի քանի ամիս առաջ, Նալբանդյանի Պոլսում գտնված ժամանակ, երբ լիբերալները առատորեն զեղում էին «ազատասիրական» զգացմունքներ, թեպետեւ դեռ այդ ժամանակ պատկառելի տարածություն էր ընկած նրանց խոսքի եւ գործի միջեւ: Այդ օրերից անցել էին ամիսներ, բայց, ինչպես գրում էր Թագվորյանը, «ազգասերների սայլը դեռ չէր շարժվել տեղից, չէր հաջողվել նույնիսկ կազմակերպել քաղաքում գործը ղեկավարող կոմիտեներ, կապվել Մաձձինիի հետ եւ այլն… Կասկած չկա, որ Նալբանդյանի Պոլսում գտնված ժամանակ, կամ դրանից հետո՝ Պոլսի բարեկամների հետ ունեցած թղթակցությունների մեջ, քանիցս խոսք է եղել Մաձձինիի կամ նրա շրջանի մարդկանց հետ կապեր ստեղծելու մասին…

Բարեգործականի շարքերում շատ վաղ առաջացած «ապաթիան» Հասկանալու համար կարծում ենք պիտի աչքի առաջ ունենալ այն հանգամանքը, որ թյուրքահայ ժողովրդի ծանր վիճակն ամոքելու համար ինքյան աննշան էին ընկերության ռեալ հնարավորությունները: Բավական է ասել, որ իր մի տարվա գործունեության ընթացքում, մինչեւ 1861 թ. դեկտեմբերը, ընկերությունը կարողացել էր գանձել միայն 110 հազար ղուռուշ [73], այսինքն՝ միայն 1. 100 ոսկի, մինչդեռ Կիլիկիայում կալված գնելու համար պահանջվում էր վեց անգամ ավելի…

Բարեգործականի անգործությունն անդրադարձնում էր անշուշտ նաեւ արեւմտահայ «սահմանադրականների» մեջ 1861—1863 թվականներին տեղի ունեցած կրիզիսը: Ակներեւ է, որ Բարեգործականի ներսում եւս սկսվում էր բուրժուազիայի այն դիմադարձը ժողովրդից, որը մեկուսացնելով արեւմտահայ դեմոկրատիային՝ ամրացրեց ռեակցիայի դիրքերը եւ ոմանց մեջ առաջ բերեց սահմանադրական պատրանքին հաջորդած այն ապաթիան, որի մասին իր նամակում ակնարկում էր Թագվորյանը: Ավելի ուշ, 1864 թ. ապրիլի 21-ին, ընկերության տնօրեն ժողովի անդամները. հրաժարական էին տալիս այն պատճառաբանությամբ, թե «հոգնած են եւ անկարող այդպիսի ծանր պաշտոնի» [74]: Ընկերության ատենապետ Մ. Աղաթոնը այս առիթով գրեց մի հոդված, ուր նշում էր, թե Բարեգործականի գործունեությունն ապարդյուն են դարձնում «անոր ձեռքերը կապողը, կաշկանդող սոսկալի թշնամությունները, որոնցմե յուր գոյությունը ավելի խոհեմությամբ անվնաս պահելով՝ միշտ կվայելե ազգին բարի համարումը» [75]:

 

 

/500/ Բարեգործականի անգործության պատճառները մատնանշելով՝ Կ. Պոլսի «Սեր» թերթը գրում էր. «Կերեւնա թե ընկերության` հիմնադիրը կամ թե տնօրեն ժողովո անդամք չեն ուզեր հիմա ընկերությունը իր նպատակեն զատել, ընկերությունը առանց իր նպատակին հառաջ տանիլ, վասն զի ասի խոստումնազանցություն կհամարին իրենց համար: Եվ որովհետեւ գոնե առ այժմ նպատակին գործադրությունն անկարելի է, ընկերությունն այլ նպատակին հետ մեկտեղ բարձի թողի ըրած են» [76]:

Իր նամակում Թագվորյանը հաղորդում է, որ ջանք է թափում «Հոթֆելո եղբարց» մասոնական օթյակ կազմակերպել Պոլսում՝ «Հայկ կամ Օրիոն» անունով: Օթյակը մտնելու էր Լոնդոնում միավորվող ընդհանուր ցանցի մեջ եւ գտնվելու Անգլիայի հովանու տակ: Թյուրք կառավարությունը արտոնել էր դրա կազմակերպումը եւ թույլ տվել, որ օթյակն ունենա «գաղտնի ժողովներ», ավելի ճիշտ կլիներ ասել՝ դռնփակ նիստեր: Օթյակը հետապնդելու էր անմեղ նպատակ՝ բուժել եւ նյութական նպաստ տալ աղքատ ու հիվանդ եղբայրներին» [77]:

Կարծիք է հայտնվել այն մասին, թե Նալբանդյանի ծածկագրում հիշատակված «քոմիթեն» եւ Ս. Թագվորյանի նամակում մատնանշված «Հայկ-Օրիոն եղբայրությունը» «Земля и Воля»-ի տիպի կազմակերպություններ էին, որոնք իբր թե պիտի կապվեին այս կազմակերպության Լոնդոնի կենտրոնի հետ [78]: Դժբախտաբար, այս կարծիքը անտեղյակության արդյունք է միայն:

Օթյակների մասին Թագվորյանի նամակում հաղորդվածը պայմանական նշանակություն չուներ. այն, ինչ սլայմանական է նամակում, նախատեսված է Թագվորյանի նամակի բանալիում, ուր օթյակների մասին ոչինչ ասված չէ:

60-ական թվականներին կային իրոք լեգալ օթյակներ ինչպես Պոլսում, այնպես եւ Պոլսից դուրս [79]:

Օթյակներից հնագույնը հիմնվել էր Զմյուռնիայում: Ֆրան-մասոնական տիպի «եղբայրական միություն» էր այդ, որ հանդիսանում էր անգլիական Օտտ-Ֆելլոզ կազմակերպության մի ճյուղը: Գր. Չիլինկիրյանը գովասանքով էր խոսում նրա հիմնադրողի՝ Հայդ-Կլարկեի մասին: Ժողովարանին մասնակցում էին ինչպես Զմյուռնիայում ապրող /501/ օտարազգիներ, այնպես նաեւ այդ քաղաքի «ամենից ընտիր ազգայինները»:

  «Մտային եւ բարոյական լուսավորություն մը, ավելացնում է Չիլինկիրյանը, ինչպես է ազատ մասոնությունը՝ ճշմարտության պես թեեւ ծանր այլ միշտ կքալե, եւ ուր որ կոխե՝ լուսավորության հաստատուն երիզ մը կթողու՝ զոր անհուն ժամանակն անգամ կարող չեղավ նսեմացնելու» [80]: Ըստ երեւույթին, «Ծաղիկ» թերթի խմբագիրը եւ նրա շուրջը խումբված զմյուռնահայ մտավորականները անդամակցում էին մասոնական «Տիգրան» ժողովարանին:

Ե՞րբ էր հիմնվել Զմյուռնիայի մասոնական «Տիգրան» ժողովարանը, չգիտենք: Ժամանակով դրանից ոչ շատ ուշ պիտի հիմնված լիներ արդեն երկրորդ ժողովարանը՝ Թագվորյանի նշած «Հայկ կամ Օրիոն» կոչվածը: Սա եւս ենթարկվում էր Օտտ-Ֆելլոզին: Օթյակի կազմակերպումը նախաձեռնող Մ. Ազնավուրը նշում էր, որ «Հայկ» օթյակը հաստատվել է Պոլսում 1862 թ. եւ որ նրա նպատակն է եղել՝ օգնություն մատակարարել իր անդամներին նրանց հիվանդության դեպքում: «Այս եղբայրության արդյունքը մեր ազգայնոց մեջ ալ լավ ճանչցված ըլլալով, գրում էր Ազնավուրը, եւ մասնավորաբար արհեստավորաց եւ գործավորաց բարելավությանը խիստ հարմար եղբայրություն մ՚ըլլալուն ամենեւին տարակույս չմնալով», 1864 թ. ենթադրվում էր հիմնել ընկերության նոր ճյուղ կամ լոժ Կ. Պոլսի Գում-Գափու քաղաքամասում՝ «Արամ» անունով [81]:

Պոլսում լույս տեսած «Պեգասյան Թռչնիկ» տասնօրյա թերթի 1865 թ. համարներում գտնում ենք այդ ընկերության ընդարձակ կանոնադրությունը [82]:

Նույն թերթում զետեղված է նաեւ այս հայտարարությունը. «Մանչեսթրի միության անկախ ուխտին Օտտ-Ֆելլոզի Հայկ (Օրիոն) սենյակը պատիվ ունի ծանուցանել, որ առաջիկա չորեքշաբթի դեկտ. 22 ընդհանուր ժողով ունենալուն, եղբարք պարտավոր են գտնվիլ անպատճառ. Մ. Մանանյան» [83]: Ս. Թագվորյանի նամակից երեւում է, որ նա կամենում էր օգտագործել Կ. Պոլսում կազմակերպվող այդ ընկերության լեգալ պիտակը՝ իր եւ համախոհների հետապնդած նպատակների իրագործման համար: «Վասն զի ասոր ծայրը հեռու է», գրում էր նա Նալբանդյան նին հղած նամակում:

Թագվորյանի եւ համախոհների սկսած գաղտնի աշխատանքի մասին /502/ աղբյուր է հանդիսանում մեր հիշատակած ծածկագիրը: Ծածկագիրը ընդգրկում է հարցեր, որոնք դուրս էին գալիս «Земля и Воля»-ի տիպի կազմակերպության սահմաններից եւ չեն կարող նույնացվել այն «գաղտնի» ընկերությունների, «առեւտրական եւ արդյունաբերական միությունների» կամ այն «եղբայրությունների» հետ, որոնց մասին «Земля и Воля»-ի ստեղծման նախօրեին հրահանգում էր Օգարյովը: Գերցենի գլխավորած Լոնդոնի այն կենտրոնը, որի հետ կամենում էր կապվել Թագվորյանը, ղեկավարում էր համաեվրոպական ընդգրկում ունեցող աշխատանք, որի ղեկավարող կազմակերպությունները կապված էին «Земля и Воля»-ի հետ, սակայն առանց պարտադիր կերպով կրկնելու նրա կազմակերպական սխեման:

Ծածկագրից դատելով, Թագվորյանի քաղաքական գործունեությունը շատ ավելի լայն ծավալ պիտի ունեցած լինի, քան կարող ենք դատել նրա մեր ձեռքը հասած նամակից: Ակներեւ է, որ Թագվորյանը Պոլսի այն բարեկամներից մեկն էր, որոնց միջոցով Նալբանդյանը, «Լոնդոնի պրոպագանդիստներին հանձնարարությամբ, ընդհատակյա աշխատանք պիտի կազմակերպեր Թյուրքիայում: Ըստ որում չի բացարկվում ոչ միայն այն ենթադրությունը, թե Թագվորյանն էր հենց այն անձնավորությունը, որ Նալբանդյանի կալանքից հետո եւս կապ պահպանեց «Լոնդոնի պրոպագանդիստների» միջեւ, այլեւ մեր այն ենթադրությունը, թե «Լոնդոնի պրոպագանդիստների» հետ նա կարող էր կապված լինել նույնիսկ ավելի վաղ, քան Նալբանդյանը:

Արեւմտահայ կյանքում ծայր առնող ընդհատակյա խմբակցությունների գործունեության կողմնակի սիմպտոմներից մեկն էր, անշուշտ, որ 1863 թ. Չամուռճյանը հրապարակեց Ժեռառ աբբայի «Խորհուրդ գաղտնի ընկերությանց» գրքի թարգմանությունը, որի հատվածները նախապես լույս էին տեսնում «Երեւակ»-ում. Սահմանադրության կրիզիսի օրերին հրապարակված այս գիրքը կատարում էր անշուշտ գրոհի անցնող ռեակցիայի քաղաքական պատվերը: Ինչպես տեղեկանում ենք Չամուռճյանի գրած առաջաբանից, գրքի թարգմանությունն ու հրապարակումը ձեռնարկվել էր «եկեղեցական եւ աշխարհական կարգի» մեծարգո եւ պատկառելի անձերու խնդրանքով: Իր գրքով Չամուռճյանի հատուկ նպատակն էր՝ սրել հայ եւ թյուրք ռեակցիայի ուշադրությունը Նալբանդյանի կուսակիցների ընդհատակյա գործունեության վրա:

Չամուռճյանը, որը, իբրեւ հայկական ռեակցիայի գամփռ, բացառիկ Հոտառություն ուներ ընդհատակյա տրամադրությունների եւ շարժումների նկատմամբ, չէր կարող, հարկավ, անտեսել արեւմտահայ լոժերի գործունեությունը: Նախազգուշացնելով հայերին ֆրանսիական լուսավորիչների եւ մատերիալիստների հակաքրիստոնեական եւ հակակրոն ուսմունքների /503/ մասին՝ նշված թարգմանության առաջաբանում նա նշավակում էր ֆրան-մասոնների եւ կարբոնարիների աշխատանքը: Այդտեղ նա հատկապես հիշատակում էր, որ «գաղտնի ընկերությունների» նպատակին է ծառայում հատուկ ժողովարանների լոժերի գործունեությունը: «Հիմա գաղտնի ընկերությունները հայտնված են ըսելով չխաբվինք, գրում էր պատվելին, տակավին շատ բաներ կան, որ խորին գաղտնության մեջ են. նախ եւ առաջ գործով պիտի հայտնվին, թե որ գործը չհաջողի նե մեկ մասնավոր մարդու մը գործ սեպվելով աննշան պիտի մնա, բայց կուսակիցներն այն գործույն ձեռք զարնողը իրենց հովանավորության տակը առնելով՝ կարծյան ազատություն պաշտպանելու պատրվակով ամեն կերպ պաշտպանություն պիտի ընեն»: Գրքին կցած բազմաթիվ ծանոթագրությունների մեջ Չամուռճյանը հարձակումներ է գործում իր հակառակորդների՝ «Մեղու»-ի, «Մասիս»-ի, «Մյունատի»-ի, «Փարիզ»-ի, Կարապետ Շահնազարյանի, Նազարյանցի, Նալբանդյանի վրա, կասկածի տակ ձգելով «անհավատություն» տարածող նրանց գործունեությունը, որի հետեւանքը պիտի լինի միայն արյունալի տեղափոխություն… Հակառակորդների գրական ելույթները մի քանի տեղ նա վերագրում է ուղղակի «գաղտնի ընկերությունների» ներշնչումներին [84]:

Իր ելույթների մեջ Չամուռճյանը նշավակում էր հատկապես «դռնամիջյան հերետիկոսներին», ակնարկելով այդ անվան տակ իր հակառակորդներին՝ սկսած Նալբանդյանից եւ վերջացրած «Մասիս»-ի խմբագիր Կ. Ութուճյանով: Կրոնական ժողովի առաջ պարզաբանելով իր մեղադրանքը, Չամուռճյանը հայտնում էր. «Ժամանակավ Մեծ Նոր Խանին վերին դռանը մեծ սենյակ մը կար, ուր գիրք եւ այլն կծախվեր: Քանի մը տարի առաջ Նալբանդյան Միքայել անունով մեկը եկավ, որ այն սենյակը կերթար ու կուգար եւ դիվաց գոյությունն ուրացավ: Այն սենյակը հաճախողներեն ոմանք ալ այն անձը գովեցին ու պաշտպանեցին»: Չամուռճյանը նշում էր վերջիններիս որպես «դռնամիջյան» աղանդավորների «ընկերություն»:

Նա շեշտում էր, հատկապես, այդ ընկերության դեմոկրատական կազմը, քանի որ, ինչպես ասում էր, այն ընդգրկում էր ե՛ւ սոսկական գրագիրներին, ե՛ւ խանութպաններին, ե՛ւ սափրիչներին, ե՛ւ դերձակներին, ե՛ւ բազմաթիվ ուրիշներին [85]: Ներկա դեպքում Չամուռճյանը նկատի ուներ Պոլսի Բարեգործականը եւ, հատկապես, նրա պիտակի տակ «նալբանդյանականների» գումարած առանձին հավաքույթները, որչափ Բարեգործա/504/կանի հավաքատեղին Մեծ Նոր Խանի ընթերցասիրաց թանգարանն էր հենց [86]: Նույն տեղում էր կազմակերպում իր հավաքույթները նաեւ Լուսավորության ընթերցասիրաց ընկերությունը [87], այդտեղ էր գտնվում նաեւ լուսավորյալների դրոշակակից «Մյունատի»-ի խմբագրատունը [88]:

Նալբանդյանի թղթերում հայտնված բանալիից պիտի եզրակացնել, որ նրա բարեկամներին հանձնարարված էր՝ ստեղծել Սեւ ծովի ափերին գործունեության հատուկ կայան, զարկ տալ ազգային շարժման («ազգայնություն զարթեցնել»), հրատարակել գրական օրգան («լրագիր մը հաստատել»), «ապստամբություն կազմակերպել», «լեռնականաց հետ դաշն դնել եւ խոսակցել» եւ այլն: Նրանց զբաղեցնում էին Ռուսաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի, Իտալիայի, Թյուրքիայի, Լեհաստանի հետ կապված քաղաքական հարցեր: Նրանք կապված էին կամ աշխատում էին կապվել իտալական, լեհական եւ ռուսական շարժման ղեկավարների հետ: Առանձին տեղ էին բռնում Հայաստանի, Կիլիկիայի, Ալեքսանդրետի հետ առնչված խնդիրները, մասնավորապես, Կիլիկիայում «գաղթականություն» հաստատելու, զեյթունցիներին դրամ, զենք եւ զինամթերք (սվենա. վոր հրացան, թնդանոթ, վառոդ, ռումբ) հայթայթելու եւ նման կարգի այլ հարցեր ու խնդիրներ: Այս ամենից պարզ է, համենայն դեպս, որ Նալբանդյանի «Պոլսի բարեկամներին» զբաղեցնում էին քաղաքական, ռազմական, կազմակերպական ծանրակշիռ գործեր, մասնավորապես, գործնական ու անմիջական խնդիրներ, որոնք կապ ունեին «Լոնդոնի պրոպագանդիստների» ռեւոլյուցիոն հեռանկարների հետ:

Անշուշտ, երբ Նալբանդյանի, նրա Լոնդոնի համախոհների կամ նրա Պոլսի բարեկամների գրությունների մեջ խոսք է լինում «լեռնականների» կամ «չերքեզների» հետ կապվելու մասին, չպիտի հանգել այն եզրակացության, թե 60-ական թվականների սկզբներին այդ գրագրությունների հեղինակները մտահոգված էին… Շամիլի հետ կապվելու մասին: Հայտնի է ռուս ռեւոլյուցիոն գործիչների Շամիլի հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքը: Հայտնի են նաեւ բացասական այն էջերը, որ գրել է Նալբանդյանը Շամիլի մասին տակավին 1859 թ. «Կոմս Էմմանուելի հիշատակարան»-ում: Անկախ այս ամենից, Գունիբի պարտությունից հետո, որպես քաղաքական գործիչ Շամիլը գոյություն չուներ այլեւս, եւ որեւէ խոսք նրա հետ կապվելու կամ չկապվելու մասին 60-ական թվականների քաղաքական գրագրությունների մեջ չէր կարող լինել առհասարակ: Երբ ծածկագրված բանալիի մեջ հանդիպում ենք «լեռնականաց հետ դաշն դնել եւ խոսակցել» արտահայտության, դրա տակ կարելի է հասկա/505/նալ կա՛մ զեյթունցիների, կա՛մ կովկասյան լեռնականների հետ կապվելու մասին: Վերջին դեպքում «լեռնականաց հետ դաշն դնելու եւ խոսակցելու կետը կարող էր նշանակել միայն՝ ռեւոլյուցիոն ուղու վրա դնել նրանց ազատագրման գործը, այլ խոսքով՝ ուղղել լեռնականների շարժումը ոչ միայն ցարիզմի, այլեւ եվրոպական ինտերվենտների եւ սուլթանական Թյուրքիայի գործիք եղած ռեակցիոն այն շարժման դեմ, որի ղեկավարը Ժամանակին հանդիսացել էր Շամիլը:

Ծածկագրից անհնարին է, իհարկե, եզրակացություններ անել նամակագրություն վարողների քաղաքական կողմնորոշման, մասնավորապես, դեպի անգլիական դեսանտը կամ բոնա պարտական ինտերվենցիան նրանց գրաված դիրքի մասին, ինչպես աճապարել են անել դյուրագայթ ոմանք՝ Թագվորյանի այս բանալիի հիման վրա Նալբանդյանի վզին փաթաթելով Զեյթունի ապստամբության հետ կապված դիպլոմատական բանակցություններն ու ակնկալությունները» [89]:

Եթե ծածկագրում խոսք կա Կիլիկիայում անգլիական նավեր առաքելու մասին, այս դեռ չի նշանակում, թե ծածկագիրը կազմողները կամ այն բանեցնողները կողմնակից էին անգլիական նավերի միջամտության, այլ միայն այն, որ հակառակ իրենց կամեցողության, նրանք նախատեսում էին դրա հնարավորությունը, ուստի եւ հարկ էին համարում նշել՝ այդ մասին լինելիք գաղտնի գրագրությունը դյուրացնելու համար: Այդ է պատճառը, որ ծածկագրված բանալիի մեջ տեղ են գտել, մի կողմից, եվրոպական պետությունների եւ, մյուս կողմից, նրանց դեմ գործող ռեւոլյուցիոն կազմակերպությունների ու գործիչների ակտիվ միջամտությունը կանխատեսող նշումներ:

Ծածկագրի նշումների մեջ հանդիպող երկվությունը անդրադարձնում է ոչ թե Նալբանդյանի կամ նրա թղթակիցների քաղաքական կողմնորոշման երկվությունը, այլ այն հակասությունները, որ գոյություն ունեին իրական կյանքում, ուր բախվում էին հայկական շարժման լիբերալ–ինտերվենցիոնիստական եւ դեմոկրատական–ապստամբական հոսանքները։ Բանալիի «հակասության» մեջ արտացոլվում էր միայն հայկական շարժման հասարակական-քաղաքական բարդ, հակասական վիճակը:

Թագվորյանի նամակից պարզվում է, համենայն դեպս, միայն այն իրողությունը, որ Նալբանդյանն աշխատում էր կապել թյուրքահայ իր բարեկամներին ոչ թե պաշտոնական Եվրոպայի, այլ համաեվրոպական ռեւոլյուցիոն աշխատանք կազմակերպող Լոնդոնի այն կենտրոնի հետ, որի մեջ, «Լոնդոնի պրոպագանդիստներից» զատ, մտնում էին Գարիբալդին, Մաձձինին եւ ուրիշներ: Նամակից պարզվում է, մասնավորապես, այն փաստը, որ ինչ-որ տեղ Նալբանդյանը հանդիպում էր ունեցել Մաձ/506/ձինիի հետ եւ ջանացել կապել նրա հետ հայ գործիչներին: Այնուամենայնիվ, Նալբանդյանի սերտ կապը «պրոպագանդիստների» հետ վկայում է այն մասին, որ ոչ միայն եվրոպական ժողովուրդների, այլեւ հայ ժողովրդի ազատագրման կարեւորագույն եւ առաջատար օղակը նրա համար հանդիսանում էր Ռուսաստանի ռեւոլյուցիոն շարժումը:

«Երկրագործության» մեջ Նալբանդյանը բերում է ճորտերի ազատության շուրջը Ռուսաստանում սկսված շարժման մասին որպես թե թյուրքահայ իր մի թղթակցից ստացած այս տողերը. «Հյուսիսային կոթողը կշարժի… բացագանչում էր անհայտ նամակագիրը: Եվ ինչպես մեծ շինվածք մը կանգնելու համար շատ նյութեր կմտնեն անոր կազմվածքի մեջ, այնպես ալ՝ անոր կործանում են ետքը՝ շատ նյութեր կստացվին զատ շինվածքներու համար: Ռուսիո մեջ խմորված ազատությունը համարձակ կարելի է մարդկային ազատություն անվանել, վասնզի ազատությունը հողի վրա կհիմնվի, քանզի ոչ միայն ինքը ռուսը կուզե իր ազատությունը, այլ կքարոզե թե Լեհաստան, Ֆինլանդիա, Փոքր Ռուսիա (15 միլիոն ժողովուրդ), Կովկաս, Վրաստան եւ Հայաստան պետք է, որ ազատ ու անկախ ըլլան Մեծ Ռուսիայեն, որպեսզի ինքը, 43 միլիոն զուտ ռուսական ազգը, ստուգապես ազատվի, ամեն ստրկության եւ ամեն բռնաբարության սկզբունք մերժելով եւ իր բարոյական ու նյութական ուժը եւ զորությունը միայն իր մեջը ամփոփելով, որպեսզի երջանկություն ճաշակե, հազարամյա գերութենե ետքը, եւ հառաջանա քաղաքակրթության մեջ: Ռուսիո ազատությունը, ընդհանուր մարդկության ազատության վերաբերությամբ, մեծ խորհուրդ ունի…» [90]: Ո՞վ էր այս տողերի հեղինակը՝ Սըվաճյա՞նը, Թագվորյա՞նը, թե՞ նրանց գաղափարամերձ մտավորականներից մի ուրիշը, չգիտենք: Մեր կողմից առավել հավանական ենք համարում, որ արեւմտահայ բարեկամի անունից դիմառնաբար խոսում էր հենց ինքը՝ Նալբանդյանը: Բոլոր պարագաներում ռուսական շարժման մասին նամակիս տված գնահատականը ցույց է տալիս Նալբանդյանի եւ նրա «բարեկամների» ռեւոլյուցիոն–դեմոկրատական ընդհանուր կողմնորոշումը, նշում է քաղաքական այն կամուրջը, որ ընկնում էր նրանց եւ «Լոնդոնի պրոպագանդիստների» միջեւ եւ սրանց միջոցով՝ նաեւ ռուս եւ համաեվրոպական ռեւոլյուցիոն շարժման միջեւ: Հիմք չկա ենթադրելու, թե «բարեկամները» դավանում էին միատեսակ հայացքներ: Խոսք կարող է լինել միայն նրանց հետզհետե բյուրեղացող ռեւոլյուցիոն-դեմոկրատական դիրքավորման մասին: Գերցենի, Օգարյովի, Բակունինի եւ «պոլսահայ բարեկամների» քաղաքական մերձեցումը վկայում է հենց արեւմտահայ հասարակական-քաղաքական մտքի պատմության նշանակալից այդ փաստի մասին:



[1]     «Летопись марксизма», 1927, IV, եր. 82:

[2]     Հմմ. Лемке, նույն տեղը, եր. 28, 95, 130:

[3]     Նույն տեղը, եր. 71:

[4]     Նույն տեղը, եր. 130:

[5]     Հմմ. Лемке, նույն տեղը, եր. 27 եւ հտ., 81:

[6]     Նույն տեղը, եր. 77:

[7]     Նույն տեղը, եր. 80 եւ հետ.:

[8]     А. Д. Косичев, К характеристике борьбы К. Маркса и Ф. Энгельса против бакунизма. См. Ученые записки Моск. Госунта, 169, Труды философского факултета, Москва, 1954, եր. 56:

[9]     "Письма М. А. Бакунина к Герцену и Огареву", СПБ, 1906, եր. 205:

[10]   Նամակի ֆաքսիմիլեն եւ Նալբանդյանի ձեռքով կազմված բանալին տե՛ս «Անտիպ երկեր», 136 եւ 137 երեսների արանքի թերթերը: Նամակի տպագիրը՝ նույն տեղը, եր. 445 եւ հետ.:

[11]   «Մասիս», 1860, NN 258 եւ 463:

[12]   «Մասիս», 1860, N 256:

[13]   «Մեճմուայի Հավատիս», 17 հունիսի 1861: Տեղեկանքն առնում ենք Երեմիա Քյոմուրճյանի «Ստամպ. պատմություն», Վիեննա, 1931, եր. 568, դ-ր Վ. Թորգոմյանի ծանոթագրությունից:

[14]   Ի. Ասկերյան, Հասունյան քաղաքականությունը, Տփխիս, 1868, եր, 77 եւ հետ:

[15]   «Հանդես Ամսօրյա», 1952, եր. 134:

[16]   Նույն տեղը, եր. 135 եւ հետ.:

[17]   «Արշալույս Արարատյան», 1849, N 329:

[18]   «Մասիս», 1852, NN: 7 եւ 8:

[19]   Տե՛ս Հ. Ասատուր, Դիմաստվերներ, եր. 32:

[20]   Տե՛ս Ն. Զորայան, Ընթերցասիրություն կամ գիրք կարդալու միջոցով մտավորական մշակության հասնելու օգտակար խրատներ, Կ. Պոլիս, 1852, Հառաջաբանություն:

[21]   Նույն տեղը, եր. 53 եւ հետ.:

[22]   Նույն տեղը, եր. 399:

[23]   Հովսեփ Վարդանյան, Սահմանադրական ճշմարտություններ եւ անոնց պարտավորությունները, Կ. Պոլիս, 1863, եր. 74:

[24]   Հմմ. «Բազմավեպ», 1847 թ. տպված «Վաճառականության եւ ընկերակցության օգուտները եւ բարոյական ու բնական ազդեցություններու վրա ճառն գրվածքը:

[25]   Տե՛ս «Մասիս», 1860, N 460:

[26]   Տե՛ս նույն տեղը, N: 458:

[27]   «Կռունկ», 1862, եր. 620:

[28]   Հմմ. «Մասիս», 1860, N 456:

[29]   Հմմ. «Արշալույս Արարատյան», 1860, N 636:

[30]   «Կռունկ», 1862, եր. 613:

[31]   Նույն տեղը, եր. 614:

[32]   «Կռունկ», 1862, եր. 612:

[33]   Նույն տեղը, եր. 616:

[34]   «Կռունկ», 1862, եր. 614 եւ հետ:

[35]   Հմմ. «Փարիզ», 1860, N 47:

[36]   «Նոր Կյանք», Լոնդոն, 1899, N 13, եր. 195 եւ հետ»:

[37]   Ժամանակի հասարակական տրամադրություններին համահնչուն կիլիկյան այս նոստալգիան, որ, ինչպես նաեւ Պեշիկթաշլյանի «Մինչդեռ հուսով» երգը, թարգմանություն էր ֆրանսերենից, տաճկախոս կիլիկեցիների համար թարգմանվեց նաեւ թյուրքերեն եւ երգվում էր հայերենի եղանակով: (Հմմ. «Պիր աչըլսա յազ գաբուլար» երգը: )

[38]   Վ. Գ. Զարդարյան, Հիշատակարան: Հայ երեւելիներու կենսագրությունները, լուսանկարները, ձեռագրերը, գրությունները եւ այլն եւ այլն, Կ. Պոլիս, 1910, հ. I, եր. 99 եւ հետ.:

[39]   Տե՛ս նույն տեղը, եր. 132:

[40]   «Տեղեկագիր Քաղաքական ժողովոյ կեդրոնական վարչութեան առ Ազգային ընգհանուր ժողով», Կ. Պոլիս, 1861, էջ 24:

[41]   «Կռունկ», 1862, եր. 617 եւ հետ.:

[42]   «Արշալույս Արարատյան», 1850, N 366:

[43]   «Փորձ», 1879, N 7-8, եր. 2008:

[44]   «Փորձ», 1879, N 1, եր. 21:

[45]   «Կռունկ», 1860, եր. 422:

[46]   Նույն տեղը, եր. 443:

[47]   «Կռունկ», 1860, եր. 444:

[48]   Նույն տեղը, եր. 445 եւ հետ»:

[49]   Հմմ. նույն տեղը, եր. 447 եւ հետ:

[50]   Հետագայում լույս ընծայելով այդ գործը առանձին գրքով՝ հեղինակը նվիրել է իր երկը Շիշմանյան-Ծերենցին, իր դաստիարակին, որը, ինչպես ասում է, «առաջին անգամ ազատ մտածման ճաշակ» էր ներշնչել իրեն եւ ժամանակին հորդոր էր տվել իրեն՝ ավարտել ու հրատարակել այս նամականին, որի միայն աննշան մի մասն էր լույս տեսել Զմյուռնիո «Միություն» հանդեսի եւ Թբիլիսիի «Կռունկ»-ի էջերում:

[51]   Մ. Մամուրյան, Անգղիական նամականի կամ հայու մը ճակատագիրը, Զմյուռնիա, 1881, եր. 200:

[52]   Նույն տեղը, եր. 203։

[53]   Նույն տեղը, եր. 214:

[54]   Մ. Մամուրյան, նույն տեղը, եր. 28 եւ հետ.:

[55]   Նույն տեղը, եր. 52 եւ հետ.:

[56]   Մ. Մամուրյան, նույն տեղը, եր. 215:

[57]   Նույն տեղը:

[58]   Նույն տեղը, եր. 457 եւ հետ.:

[59]   Մ. Մամուրյան, նույն տեղը, եր. 157-161:

[60]   Նույն տեղը, եր. 255:

[61]   Մ. Մամուրյան, նույն տեղը, ել. 151:

[62]   Նույն տեղը, եր. 118:

[63]   Նույն տեղը:

[64]   Նույն տեղը, եր. 118:

[65]   Նույն տեղը, եր. 151:

[66]   «Մեղու», 1861, եր. 66:

[67]   «Մեղու», 1861, եր. 66 եւ հետ.:

[68]   «Մեղու», 1862, N 169:

[69]   «Մասիս», 1860, N 458:

[70]   Տե՛ս «Արշալույս Արարատյան», 1861, NN 660-665:

[71]   «Փարիզ», 1862, N 800:

[72]   Նույն տեղը, N 64։

[73]   Տե՛ս «Մասիս», 1862, N 519:

[74]   Տե՛ս «Մասիս», 1864, N 639, Մ. Աղաթոնի եւ Մ. Պեշիկթաշլյանի ստորագրած հրավերը ընդհանուր ժողով գումարելու մասին:

[75]   «Մասիս», 1864, N 641:

[76]   «Սեր, տասնօրյա հանդես», 1864, 36

[77]   Տե՛ս «Անտիպ երկեր», եր. 445 եւ հետ.:

[78]   Տե՛ս Ե. Լ. Ժ., III, եր. 513. հմմ. նաեւ Ն. Մուրադյան, Մ. Նալբանդյան, Երեւան, 1954, եր. 110:

[79]   Պոլսի այդ ժամանակվա մասոնական օթյակների մասին. ժամանակին հանդիպել ենք հիշատակություն Финдель, История масонства գրքի երկրորդ հատորոմ, որը, դժբախտաբար, չգտանք Երեւանում:

[80]   «Ծաղիկ», 1866, N 139, եր. 830

[81]   «Մասիս», 1864, N 654:

[82]   Տե՛ս «Պեգասյան Թռչնիկ», 1865, N 42–44:

[83]   Նույն տեղը, 45:

[84]   Հմմ., օրինակ, «Խորհուրդ գաղտնի ընկերությանց» գրքի էջ 59 եւ հետ, ծան., կյամ 76 եւ հետ.:

[85]   Հմմ. «Մասիս», 1863, N 643, եւ Մրմրյան, 19-րդ դար եւ Տերոյենց, եր. 211 եւ հետ. ։

[86]   Տե՛ս «Մասիս», 1860, N 458, Մ. Պեշիկթաշլյանի նամակը։

[87]   Տե՛ս «Փարիզ», 1860, եր. 15:

[88]   Տե՛ս Հ. Ասատուր, Դիմաստվերներ, եր. 21:

[89]   Լեո, Թյուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը, հատ. Ա.:

[90]   Ե. Լ. Ժ., III, եր. 61, ծան.: