Հեղինակ

Բաժին

Թեմա

/552/ ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ԼԵՀ ԷՄԻԳՐԱՑԻԱՆ


Հայ ազգային շարժումը Չարտորիժսկու եւ Լապինսկու քաղաքական հեռանկարների մեջ: Լեհերի եւ ֆրանսիացիների բանակցությունները Պ. Նորատունկյանի հետ: Թագվորյանի եւ Նորատունկյանի գործունեության հատկանշական կողմերը։ Նորատունկյանի դավադրական ծրագիրը: Գ. Սրվանձտյանի եւ Մ. Թիմուրյանի դիրքավորումը։ Մ. Պեշիկթաշյանի կապը Նալբանդյանի պոլսահայ բարեկամների հետ:

 

Միայն Զեյթունի ապստամբության շուրջը նշմարվող հայ քաղաքական բախումները չէ, որ դրսեւորում են միջազգային ինտերվենցիային դեմընթաց շարժման առկայությունը հայ կյանքում: Կան մի շարք այլ փաստեր, որոնք ցույց են տալիս այն իրողությունը, թե ինտերվենցիայի կուսակիցների հանդեպ թյուրքահայ գործիչների շարքում երեւան էին գալիս նա եւ մարդիկ, որոնք ազգի փրկության շավիղները որոնում էին բացառապես ռեւոլյուցիոն հեռանկարների մեջ:

Տակավին 1831 թվականի ապստամբությունից հետո լեհ արիստոկրատական պարագլուխները՝ Ադամ Չարտորիժսկին եւ նրա համախոհները, կազմակերպել էին Պոլսում քաղաքական ագենտուրա, որի առաջ դրված էր խնդիր՝ կապվել փոքրասիական ժողովուրդների հետ ռուս-թյուրքական պատերազմի պահին Ռուսաստանի դեմ գործողությունների նոր հենակետեր ստեղծելու համար: Չարտորիժսկին եւ նրա հետեւորդները սրանով ընդառաջում էին ռուսական հեգեմոնիային դիմակայող բոնապարտիզմին: Բնորոշ կերպով մատնում է այս հանգամանքը Յան Կզինսկու 30-ական թվականներին լույս տեսած մի բրոշյուրը: Ցարիզմի դեմ` կռվող չերքեզներին օգնելու կոչ անելով՝ Կզինսկին պաշտպանում էր այն միտքը, թե Կովկասի ստորոտում խլրտացող այդ ժողովուրդը հերոսաբար ընդդիմաբախ լինելով ցարիզմի հետ՝ պատվար է հանդիսանում Թյուրքիայի, Պարսկաստանի եւ Հնդկաստանի դռները բախող ցարիզմի դեմ: Ցարիզմը, ասում էր նա, վտանգ է սպառնում ոչ միայն արեւելյան այս երկրներին, այլեւ Եվրոպային: «Ռուսաստանն է, գրում էր Կզինսկին, /553/ որ ֆրանսիական ամեն տեսակի ապրանքների առաջ գոցելով երկրագնդի կեսը՝ հարվածում է Ֆրանսիայի արդյունաբերությանը, ընդարմացնում կապիտալի շրջանառությունը եւ միլիոնավոր բանվորների զրկում ապրուտի միջոցներից: Ռուսաստանի ռազմական եւ առեւտրական սիստեմի հետեւանքով, գործարանները հետզհետե դադար են առնում Լիոնի բանվորները անգործության մատնվում» [1]: Թե՛ Եվրոպայի անկախությունը պաշտպանելու, թե՛ Արեւելքի սնանկացումը կանխելու, թե՛ համատարած չքավորությունն ու քաղցը հաղթահարելու տեսակետից` այդ հեղինակը սկզբունքորեն արդարացի էր համարում օգնության գալ Թյուրքիային, Իրանին եւ նրանց պատվար դարձած Կովկասի լեռնականներին: Բայց քանի որ պետությունները չէին կամենում խախտել այնքան թանկ գնով ձեռք բերված խաղաղությունը, նա անհրաժեշտ էր համարում է «փոխել պաշտպանողական սիստեմը հարձակողականի» [2]:

Լեհ էմիգրանտների սկսած այս տիպի ագիտացիան ավելի լայն ծավալ ստացավ Ղրիմի պատերազմի ժամանակ, եւ այս անգամ՝ ոչ միայն արիստոկրատական, այլեւ լեհ «դեմոկրատական» էմիգրացիայի շնորհիվ։ «Դեմոկրատները» փաստապես ծառայում էին արեւմտյան այն պետությունների շահերին, որոնք կամենում էին օգտագործել ցարիզմի դեմ կուտակված ներքին դժգոհությունները՝ Ռուսաստանը ոչ միայն Մերձավոր Արեւելքից կամ՝ Սեւ ու Բալթիկ ծովերի շրջաններից հեռացնելու, այլեւ նրանից Կովկասը, Ղրիմը, հարավ-արեւմտյան Ուկրաինան, Բելոռուսիան, էիտվան, Լեհաստանը եւ Ֆինլանդիան պոկելու համար: Կապելով լեհական հարցի լուծումը Ռուսաստանի դեմ պայքարող դաշնակիցների՝ Ֆրանսիայի, Անգլիայի եւ Թյուրքիայի հետ՝ «դեմոկրատ» համարված լեհ էմիգրանտները ձեռնարկեցին Թյուրքիայում ազգային լեգեոնների կազմակերպման: Նրանք ենթադրում էին լեգեոնների շարքերը ներգրավել ռուս բանակի դասալիքներին: Չարտորիժսկու կուսակից Վլ։ Զամոյսկին օգտագործեց ֆրանսիական դեսպանության հետ իր ունեցած կապերը՝ լեգեոնների կազմակերպության գործը իրավական հողի վրա դնելու համար [3]: Զամոյսկուն գործակցում էր «դեմոկրատական» էմիգրացիային հարող Թեոֆիլ Լապինսկին, որը 1857-1860 թվականներին կարեւոր դեր խաղաց չերքեզների մոտ՝ որպես Ռուսաստանի դեմ գործող հատուկ զորամասի ղեկավար [4]:

/553/ Պատերազմի ընթացքը ի դերեւ հանեց էմիգրանտների հույսերը: Դաշնակիցները չէին կարող մեծ ծավալ տալ լեհական կամ հունգարական լեգեոններին, քանի որ հանդիպում էին Ավստրիայի դիմադրությանը: Նրանք չէին կարող գրավել իրենց կողմը Ավստրիային եւ միաժամանակ ուժ տալ հունգարական կամ լեհական լեգեոներներին: «Մի քանի հանգած ազգերի համար հիմարություն կլիներ արհամարհել 300-հազարանոց մի բանակ», գրում էր «Թայմս»-ը [5]:

Այնուամենայնիվ, «հանգած ազգերի» միտքը շարունակում էր հածել ապստամբական շարժումներ հուզելու գաղափարի շուրջը: Այսպես, 1861 թ. մայիսին լեհ էմիսարներ Ռագնիցկին եւ Զամոյսկին փորձում էին օգտագործել Կ. Պոլսում գտնված Քութայիսիի ազնվական Յոակինֆ Կիպիանիին, նրա միջոցով վրաց ազնվականներին եւ Կովկասի լեռնցիներին ցարիզմի դեմ ոտքի հանելու համար: Լեհ էմիսարների թիկունքում կանգնած էին անգլիական դեսպանը եւ Թյուրքիայի արտաքին գործոց մինիստրությունը [6]: Համապատասխան ուղղությամբ շարունակում էր աշխատել նաեւ Լապինսկին: 1862 թ. գլխավորելով աբխազներից եւ չերքեզներից կազմված մի պատվիրակություն՝ Լապինսկին անցավ Լոնդոն, տեսակցեց Գերցենի եւ Բակունինի հետ եւ միաժամանակ ներկայացավ Պալմերստընին՝ Ռուսաստանի դեմ Անգլիայի օգնությունը խնդրելու համար: Պալմերստընը անգլիական դիվանագիտության այն ղեկավարն էր հենց, որ Ղրիմի պատերազմի ընթացքում եւ դրանից հետո պայքարելով Ռուսսաստանի դեմ՝ երազում էր վերականգնել Լեհաստանի անկախությունը, խլել Ռուսաստանից Ղրիմը, Վրաստանն ու Չերքեզիան՝ վասալական կախման մեջ դնելով այդ երկրները Թուրքիայից [7]:

1863 թ. մարտին Լապինսկին ստանձնեց Լոնդոնից Լեհաստան մեկնող լեհ ծովային էքսպեդիցիայի հրամանատարությունը: Անհաջողության մատնվելով՝ նա առաջարկում էր Լեհաստանի «ազգային կառավարությանը»` Լեհաստանից Կովկաս փոխադրել ռուսների դեմ տարվող կռիվը: «Ազգային կառավարությունը» պիտի լքեր դյուրախոցելի Վարշավան եւ ապավիներ ապստամբ լեռնականների անմատչելի արծվաբներին…։

Չերքեզների կռիվներին նվիրված իր գրքում, որը լույս տեսավ նույն 1863 թ., Լապինսկին զարգացնում էր Կովկասի անկախության իր ծրագիրը: Չերքեզական շարժման հեռանկարներն այստեղ կապված են ոչ /555/ միայն վրացական, այլեւ հայկական շարժման հետ: «Աբխազները (իմա՝ չերքեզները, Ա. Հ. ) մեկ ու կես միլիոնի հասնող հնդեվրոպական (sic!) մի ժողովուրդ են, գրում էր նա, վրացիներն ու հայերը՝ չորս միլիոնից բաղկացած մի ժողովուրդ: Նրանք կարող կլինեին կազմել Կովկասում երկու պետություն, որոնք բարոյական օժանդակություն գտնելով Եվրոպայի կողմից՝ շատ շուտով կհամակվեին արեւմտյան քաղաքակրթության գաղափարներով, կզարգանային արագորեն՝ դառնալով Եվրոպայի առաջավոր պահակ Արեւելքի անխուսափելի հարձակման դեմ: Կովկասի անկախությունը ռուսական նվաճման անխուսափելի վտանգից կապահովագրի նաեւ Իրանն ու Փոքր Ասիան: Այս դիրքի լքումը Եվրոպայի համար ինքնասպանության պես մի բան է: Եվ արեւելյան վերջին պատերազմի ժամանակ կատարված խոշորագույն սխալներից մեկը դեպի այս հարցը հայտաբերված մակերեսային վերաբերմունքն է» [8]: Խոսելով «Հայ-վրացական ազգախմբի» մասին՝ Լապինսկին նկատի ուներ ոչ միայն Վրաստանն ու Ռուսական Հայաստանը, այլեւ Պարսկահայաստանի եւ Թյուրքահայաստանի մի մասը. «Առաջին այս խումբը (իմա՝ Հայ-վրացական «ազգախումբը», Ա. Հ. ), որ ռուսական հողի վրա բռնում է շուրջ 3. 500 քառակուսի մելոն մի տարածություն՝ մոտ երեք միլիոն բնակչությամբ, եւ որին կարելի է կցել նաեւ Թյուրքիայի եւ Իրանի հայաբնակ վայրերը մինչեւ Էրզրում եւ մինչեւ Վանի ու Ուրմիայի լճերը, ունի բոլոր պայմանները՝ կազմելու շուրջ 5 հազար քառակուսի մղոն տարածություն բռնող քրիստոնյա մի պետություն՝ 4 միլիոնից ավել բնակչությամբ» [9]:

Հետաքրքրականն այն չէ, հարկավ, թե որքան ծուռն էին կամ ուղիղ այս դիտողությունները: Հետաքրքրականն այն նպատակն է, որ հետապնդում էր հեղինակը: Իսկ նպատակն այստեղ նույնն է, ըստ էության, որ հետապնդում էին նույն այդ ժամանակ Չարտորիժսկու հետեւորդները՝ կենսագործելով ոչ միայն Բոնապարտի, այլեւ Պալմերստընի հրահանգները։ Վլ. Չարտորիժսկին, որ 1863 թ. Լեհաստանի ազգային կառավարության դիպլոմատիական ագենտն էր Փարիզում եւ Լոնդոնում, զբաղված էր, մասնավորապես, կովկասյան նոր դիվերսիայի գործերով, որով), ինչպես ենթադրում էր, փոքր-ինչ պիտի մեղմվեր Լեհաստանի դեմ գործող ռուսական զորքերի հարվածը: Հետաքրքրական մանրամասներ է հաղորդում այդ մասին Չարտորիժսկու մերձավոր մարդկանցից մեկը՝ Ստ. Կոժմիանը, 1863 թ. ապստամբությանը նվիրած իր աշխատության մեջ: «Ֆանտաստիկ ծրագիր էր կազմված, գրում է այդ հեղինակը, գրոհ տալ ծովից Օդեսայի վրա ու առափնել Կովկասում, եւ Ֆրանսիական կա/556/ռավարությունը չէր վարանում խրախուսել այդ ծրագիրը» [10]: Չարտորիժսկու գլխավորած լեհական բյուրոն առանձին ուշադրություն էր նվիրում բալկանյան եւ կովկասյան գործերին: «Բյուրոն, գրում էր Կոժմիանը, վարում էր մեծ ու լայն մի քաղաքականություն: Նա ուղղում էր իր հայացքը ոչ միայն Լոնդոն եւ Հռոմ, այլեւ Արեւելք եւ, մանավանդ, Բուլղարիա: Եվրոպական տարբեր քաղաքներում նա ուներ իր ագենտները… Դեռ դրանից առաջ բյուրոն զբաղվել էր Շվեդիայի եւ Չերքեզիայի գործերով: Այս երկու գործոններին նա խոշոր նշանակություն էր տալիս, այնպես, որ նրա խորհրդածությունների մեջ իրենց իրական ուժին անգամ աչափ տեղ էին բռնում սրանք» [11]:

Լեհ էմիգրանտների բանավարություններն` ու կազմակերպական ջանքերը չտվին շոշափելի արդյունք: Անհաջողության պատճառը պիտի որոնել ամենից առաջ հենց իրենց՝ էմիգրանտների քաղաքական տարտամ ու երկդիմի դիրքավորման մեջ: Բնորոշելով լուսավորված լեհ ազնիվականության դերը՝ Մարքսը գրում էր հետագայում, որ լեհ այդ ազնվականները, մի կողմից, գործիք էին «ժամանակակից գաղափարների», մյուս կողմից՝ «ներկայացնում էին փաստորեն դասակարգային շահեր»։ Նրանց «միություն եւ ազատություն» լոզունգի ետեւը թաքնված է նրանց թախիծը «վաղեմի արքայապաշտության ու բռունցքի իրավունքի նկատմամբ» [12]: Նույնը կարող ենք ասել նաեւ 1863 թ. լեհ արիստոկրատական էմիգրացիայի մասին: Լեհական հարցը Լեհաստանի գյուղացիության հարցն էր ինքյան. դրան ապացույց՝ 1846 թ. Կրակովի գյուղացիական հուզմունքը: Չարտորիժսկին եւ լեհ նման շլյախտիչները չեն, սակայն, որ պիտի զարկ տային լեհ գյուղացիների ապստամբությանը: Լեհ ազգային-քաղաքական շարժումն իսկ նրանց համար եվրոպական դիպլոմատիայի միջամտությունն առիթելու միջոց էր միայն: Իր հերթին լեհական հարցը դառնում էր այն մանրադրամը, որ շրջանառության մեջ էր դրել անգլո-ֆրանսիական դիպլոմատիան քաղաքական խոշոր իր հաշվեկշիռները փակելու համար: Չարտորիժսկու խմբակցությունը գործիք էր, որի միջոցով դիպլոմատիան ոչ այնքան բացում, որքան գոցում էր լեհական հարցը, ամեն անգամ, երբ վերջինս սպառնում էր ագրարային ռեւոլյուցիայի հրդեհ բոցավառել Եվրոպայում: «Լեհական ապստամբությունը, գրում է այս առթիվ Մարքսը, միանգամայն անհաջողության մատնվեց նույն Բուստրապի (իմա՝ Բոնապարտի, Ա. Հ. ) պատճառով եւ /557/ այն ազդեցության հետեւանքով, որ ունեցավ Չարտորիժսկու կուսակցությունը նրա (այսինքն՝ Բոնապարտի, Ա. Հ. ) ինտրիգների պատճառով [13]:

Վերջին հաշվով, քաղաքական նման ինտրիգների ծառայեց նաեւ Լապինսկու լեգեոնը: 1851 թ. Գերցենը գրում էր այն մասին, թե ռուսական ռեակցիան «կառուցել է ահագին մի կամուրջ ռեւոլյուցիոն գաղափարների անցման համար, կամուրջ, որն սկսվում է Վիսլայի ափին եւ վերջանում Սեւ ծովի մոտ» [14]: Լապինսկին կոչված էր, կարծես, լինել «ռեւոլյուցիոն» այդ գաղափարները Վիսլայից Սեւ ծովի ափերը փոխադրող մարդկանցից մեկը: Սակայն 1863 թ. էքսպեդիցիայի ձախողումը, հիասթափություն պատճառելով Բակունինին եւ Գերցենին, բացահայտեց Լապինսկու դերը: Գերցենը համարում է նրան անսկզբունք մի կոնդոտյեր, մի մարդ, որը չի ճանաչում միջոցների խտրություն, չի ջոկում «կարմիրը» «սպիտակից», եւ, սակայն, ատում է Ռուսաստանն ու ռուսներին, վայրագորեն, մինչեւ հոգու խորքը [15]: Փոքր-ինչ տարբեր էր Մարքսի կարծիքը: Նա բնորոշում է Լապինսկուն որպես մի մարդու, որը իր տեսած լեհերի մեջ «ամենասրամիտն» է եւ միաժամանակ՝ գործի մարդ: Սակայն Մարքսը մերկացրել է նաեւ քաղաքական սոցիալական այն խոչընդոտները, որ խանգարում էին, վերջին հաշվով, նրա ծրագրերի իրացմանը: Մարքսի հետ ունեցած տեսակցության ժամանակ նա գանգատվել էր այն մասին, որ լեհական կոմիտեները Վարշավայում, Լոնդոնում եւ Փարիզում «ամբողջովին գտնվում են բոնապարտիստական եւ չարտորիժսկյան ազդեցության տակ»: Ուստի, բնութագրելով Լապինսկուն՝ Մարքսը գրում էր. «Ազգային կռվի (իմա՝ ազգային ռեւոլյուցիոն պայքարի, Ա. Հ. ) փոխարեն նա ճանաչում է միայն ռասայական կռիվ, ատում է բոլոր արեւելքցիներին, որոնց շարքին հավասար պատրաստակամությամբ դասում է ե՛ւ ռուսներին, ե՛ւ թյուրքերին, ե՛ւ հույներին, ե՛ւ հայերին եւ այլն: Միաժամանակ նա այստեղ (Լոնդոնում, Ա. Հ. ) կապվել է Ուրքարտի հետ, իսկ հիմա ոչ միայն «շառլատան է» համարում սրան, այլեւ միանգամայն անտեղի կասկածի տակ առնում նրա ազնվությունն անգամ… Լապինսկին պնդում է, թե Ուրքարտը գտնվում է Զամոյսկու ազդեցության տակ, որն իր հերթին՝ Պալմերստընի, հետեւաբար, անուղղակի կերպով նաեւ ռուսական դեսպանության գործիքն է… Երբ հարկավոր էր գործի անցնել, օրինակ՝ լեհական կորպուս կազմակերպել չերքեզների երկիրը խուժելու համար, մի բան, որ Լապինսկին եւս լավագույն դիվերսիան էր համարում, Զամոյսկու ազդեցության տակ Ուրֆարտը հրաժարվեց նպաստել այդ ձեռնարկությանը…» [16]:

/558/ Գերցենի եւ Մարքսի տված այդ բնութագրությունները իրարամերժ են միայն առերեւույթորեն: Երկուսն էլ ընդգծում են Լապինսկու տարամերժ նացիոնալիզմը: Թե, հիրավի, «գործի մարդ» էր նա, այդ հետեւում է ոչ միայն Մարքսի, այլեւ Գերցենի խոսքերից, երբ վերջինս կոնդոտյեր է համարում նրան: Չէր սխալվում Գերցենը, երբ շեշտում էր նրա ավանտյուրիզմը կամ նրա անսկզբունքայնությունը, որ չգիտեր միջոցների խտրություն: Լապինսկին մեկն էլ այն էմիգրանտներից, որոնց «ակտիվ բնավորությունը» մղում էր նրանց մերթ ամերիկյան, մերթ թյուրքական զորաշարքերը, կամ հրում նրանց մերթ Բոնապարտի, մերթ Բիսմարկի ուռկանը: Անձնապես Լապինսկին կապվել էր ոչ միայն Չարտորիժսկու եւ Պալմերստընի հետ, այլեւ հետեւելով չերքեզների հունգարացի «ազատարար» Բանդիայի օրինակին՝ առաջարկել իր ծառայությունները նույնիսկ նրանց դեմ գործող ցարական բանակին [17]: Այս փաստը չխանգարեց` նրան շարունակելու իր գործունեությունը Ռուսաստանի դեմ, որպես լեհերի դիմադրության ղեկավարներից մեկը:

Որ լեհական շարժման կողմն էին թեքված արեւմտահայ գործիչներից ոմանք՝ այդ վեր է կասկածից: «Անգղիական նամականի»-ի հեղինակը անգլիացու կերպարանքով ներկայացված իր մի պերսոնաժին, որ ինքնակամ օգնության էր գնացել Լեհաստանի ազատասերներին, ուղղում է այսպիսի խոսքեր. «Թեեւ լորտ Պայրընին պես հաջող ելք մը չունեցավ արիությունդ, վասնզի թյուրքերեն ավելի զորավոր էին Լեհաստանի թշնամիները, սակայն, ազատության դրոշին տակ կռվեցար, եւ եթե այն դրոշակը պահ մը բռնավորները հնարյուքը կպատառի, փույթ չէ, անշուշտ, քեզի պես կտրիճներու ձեռոք դարեդար, աշխարհիս շրջանը պիտի ընե եւ մեռյալ ազգերը կենդանության պիտի բերե» [18]: Սակայն այս կարգի գործիչները նկատում էին նաեւ բուրժուական դիվանագիտության այն խաղերը, որ կատարվում էին հաճախ Լեհաստանի ազատագրման անունով: Մասնավորապես, սրանք չէին գոցում իրենց աչքերը լեհ լեգեոներների եւ միջազգային ինտերվենտների կապերի վրա: Այս մասին հետաքրքրրական տեղեկություններ կան 1863 թ. հոկտեմբերի 21-ին Հռոմից ուղարկված մի նամակում, որը ստորագրել է արեւմտահայ մի գործիչ՝ Պ. Նորատունկյանը [19]:

Նամակը հասցեագրված է Պոլիս՝ թյուրքահայ մի եկեղեցականի, /559/ որին «ամեն ազգայինք իրենց ծայրը կճանաչեն»: Չափազանց այս մեծարանքը հիմք է տալիս ենթադրելու, թե ազգի աչքում այդքան մեծ հեղինակություն վայելած եկեղեցականը Խրիմյանը պիտի լինի:

Ինքը՝ նամակագիրը պոլսահայ էր, վերը հիշատակված Հակոբ Նորատունկյանի որդին: Անշուշտ դա մեկն էր այն Նորատունկյաններից, որոնց անուն-ազգանունը գտնում ենք Պոլսի Բարեգործականին անդամագրվածների ցուցակում: Այս հանգամանքը հնարավորություն է տալլիս բաց անելու նրա ինիցիալը եւ կարդալու նրա լիակատար անունն ու ազգանունը՝ Պաղտասար Նորատունկյան [20]: 1862 թ. սեպտեմբերին, Զեյթունի ապստամբությունից հետո, Վ. Լանգլուայի նախագահությամբ Փարիզում կազմակերպվեց մի հանձնաժողով՝ Մարաշի կոտորածների ժամանակ վնասված ընտանիքների օգտին նպաստներ ընդունելու համար: Այդ հանձնաժողովի մեջ մտնում էին Կ. վ. Շահնազարյանը, «Փարիզ» թերթի խմբագիր Ա. Մուրադյանը, «անձնական տկարությունը դարմանելու համար» Փարիզ ժամանած Պաղտասար Նորատունկյանը եւ բժ. Թագվորյանը [21]: Վերջինս մեզ ծանոթ Սերոբե Թագվորյանը չէր, այլ՝ 1855 թ. Փարիզի համալսարանն ավարտած պոլսահայ նշանավոր բժ. Գեւորգ Թագվորյանը, որը քիչ հետո, հոկտեմբերի սկզբներին, Նորատունկյանի հետ մեկնեց Եգիպտոս [22]: 1863 թ. Նորատունկյանին հանդիպում ենք Հռոմում:

Այստեղից նա հասցեագրեց Խրիմյանին իր վերը հիշատակված նամակը [23]:

Իր նամակում Նորատունկյանը հաղորդում է իշխան Չարտորիժսկու հետ ունեցած տեսակցության մասին: Թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Տաճկաս/560/տանի բարձր Հայաստանի դիրքի եւ բնակիչների մասին մանրամասն տեղեկություններ առնելու համար՝ Չարտորիժսկին ցանկացել է օգտագործել Նորատունկյանի հետ ունեցած իր հանդիպումը: Նամակագիրը հայտնում է, որ Վարշավայի «ազգային լեհ գաղտնի կառավարությունը» հատուկ «հրովարտակով» կոչ է անում Կովկասի ռուս բանակում գտնված լեհերին՝ «առանձին զորախումբ կազմել եւ կռիվ սկսել ռուս կառավարության դեմ»։ Սակայն Նորատունկյանը եւ նրա համախոհ Մ. Պեշիկթաշլյանը վստահություն չեն ցուցաբերում դեպի Չարտորիժսկու դավադրական ծրագիրը, որը պիտի գլուխ բերվեր Ռուսաստանի դեմ հայերի մասնակցությամբ՝ «ի նպաստ լեհական հեղափոխության», «Գաղղիո դրոշակին ներքո»: «Չառթորիժսքիի մեզ ընելիք առաջարկություններն գուշակելով, գրում էր Նորատունկյանը, որոշեցինք բնավ երբեք դերասանական պաշտոն մը չընդունիլ ներկայացվելիք ողբերգության մեջ»։ Նորատունկյանը շեշտում էր, որ սրան համամիտ էր նաեւ Մ. Պեշիկթաշլյանը: Նամակից տեղեկանում ենք, որ դավադիրներին հաջողվել էր գլուխ բերել իրենց ծրագրի մի մասը: Նրանք կարող են այլեւայլ ազգության մոտ երկու հազարի հասնող մարդ զինել եւ Մանյան անունով նավապետի այս անունը ֆրանսերեն Magոaո ազգանվան տառադարձությունն է հրամանատարությամբ դեսանտ հանել Սեւ ծովի ափը՝ արեւմտյան Կովկասում ռուսների դեմ պատերազմող չերքեզներին օգնելու համար: Նորատունկյանը հանդիպում էր ունեցել նաեւ նավապետի հետ, որի «հռչակավոր անունը» նոր էր լսում նա եւ որը, նրա ասելով, ֆրանսիական կառավարության առաջին խորհրդականն էր եւ Պոլիս էր եկել Նապոլեոն կայսրի հրամանով: Խոսքը, հարկավ, ֆրանսիացի հայտնի ադմիրալի մասին է, որի միջոցով Նորատունկյանը տեղեկացել էր նաեւ դավադիրների նախատեսած մի մտադրության մասին: Ֆրանսիացիները ենթադրում էին «Պոլսո մեջ խումբ մը մարդիկ բարձր Հայաստան երթալ, հոն այս պզտի խումբն հայ եւ քուրդ քաջամարտիկներով զորացնել եւ անմիջապես Ռուսիո Հայաստանն ու Վրաստանն արշավել, հետո այդ գավառներու բնակչաց սիրտն իրենց գրավել, որով ընդհանուր հեղափոխության մը տեղի տալով՝ ռուսի Լեհաստանի վրա թափած սոսկալի հուրն տկարացնել, ստիպելով զինքն յուր զորացը մեկ մեծ մասն հոն վերադարձնել»: Սակայն Նորատունկյանը վստահություն չի ցուցաբերում նաեւ ֆրանսիական ծրագիրների ու գործողությունների մեջ հայերի ունենալիք մասնակցության առաջարկին: «Գաղղիո դրոշակին ներքո» հայերի զինական ելույթի մեջ նա շարունակում էր տեսնել միայն «նորանոր սոսկալի ողբերգության տեսաբան մը» [24]:

/561/ Նորատունկյանի բացասական դիրքը դեպի լեհ-ֆրանսիական այս ձեռնարկումները բնավ նշան չեն, թե նա մերժողական վերաբերմունք ուներ դեպի հայ ազատագրական շարժումն առհասարակ եւ կամ թե նա սկզբունքորեն դեմ էր ազգային շարժման դավադրական մեթոդներին: Նրա նամակից պարզվում է, նախ եւ առաջ, նրա ժխտական վերաբերմունքը դեպի Բոնապարտը եւ նրա գործակալները: Մերժելով բոնապարտիստական Ֆրանսիայի ինտերվենցիոնիստական ծրագրերը, նա, ընդհակառակը, դրվատում է ֆրանսիական ռեւոլյուցիայի գաղափարները եւ պայքարի զինական–դավադրական մեթոդները: Նա անհրաժեշտ է տեսնում մի կողմ թողնել «հայկական դանդաղկոտությունը», «Հայաստանի անգութ շղթաները խորտակելու համար», «թափանցել հայուն վեհ երակներուն մեջ գաղղիական կյանք», այլ խոսքով՝ ներարկել հայերին մարտական-ապստամբական ոգի: Դրա համար, ասում է նա, անհրաժեշտ է, որ հայերը ձեռք-ձեռքի տալով միանան, ներարկեն իրենց սրտի մեջ «վաղեմի հայկական հայրենասիրություն եւ ճարտար զինվորականության հանճարն»: Ազգի փրկությունը նա փնտրում է միայն նրա սեփական ուժերի մեջ: Զինական գործողությունները ոչ թե սոսկ առիթ պիտի դառնան դիպլոմատիական միջամտության, այլ առաջացնեն ռեալ այն հարաբերությունները, որոնք վերջ ի վերջո պիտի ճանաչվեն նաեւ դիպլոմատիայի կողմից: «Կարելի է հարցնես, թե ո՞վ կարող է այդպիսի ծանր բեռի մը տակ մտնելով, հաջողիլ զանոնք գործադրելու: Այն ժամանակ պիտի պատասխանեմ. մենք եւ միմիայն մենք», գրում է Նորատունկյանը: Զեյթունի ապստամբության փորձը, որի ժամանակ ղեկավարող ազգայինները ապարդյուն հույս էին դրել Բոնապարտի օգնության վրա, ավելի եւս պիտի համակեր Նորատունկյանին ազգային-մարտական ինքնագործության գաղափարով: Իր նամակի մեջ նա տրտնջում է այն մասին, որ «Զեյթունի գործքը խայտառակ կերպով վերջացավ»: Մինչդեռ, ընդհակառակը, համոզված է, որ իր առաջարկած եղանակի գործադրման պտուղները «մոտ ժամանակի մեջ պիտի տեսնենք»: Հարկավ, նա այդ «մոտ ժամանակները» չափում էր տարիներով եւ տասնամյակներով. այդ է ցույց տալիս ազգերի ազատագրման ընդհանուր օրինակը, ասում է նա: Հարկավոր է միայն, որ հայերի մեջ եւս, օտարների պես, գտնվեն մի քանի «անվախ անձնվեր հայրենակիցներ», որոնք նախաձեռնեին դժվարին այս գործի կազմակերպությունը:

Հայաստանի ազատագրման համար նամակագիրն առաջարկում է ընդունել «եռյակների» այն սիստեմը, որ գործադրվում էր Լեհաստանի ապստամբության ժամանակ: «Երբ ուրիշ ազգեր ազատություննին ձեռք անցուցին, գրում է նա, գրեթե միշտ հետեւյալ կերպով հաղթանակեցին. երեք ճշմարիտ ազգասեր գլուխ գլխո տալով դավաճան (իմա՝ /562/վադիր, Ա. Հ. ) անունն ընդունելով, ընկերներ ավելացնելով, զանազան միջոցներով դրամ հավաքելով, իրենց քաղաքականությանը համեմատ գրություններ հրատարակելով, օտար ազգաց համակրությունները գրավելով, տերությանց հովանավորությունը ստանալով եւ այլն, եւ այլն, տասն , քսան, վաթսուն տարիներ անդադար հաջորդաբար աշխատելով, առանց վհատության խոհեմությամբ, եւ ասանկով նպատակնուն հասան» [25]: Նորատունկյանը կարծում է, որ հասել է ժամը, երբ հայերի մեջ եւս պետք է հայտնվեն ու գործի անցնեն ազգի ազատագրմանը նախանձախնդիր մարդիկ: Անհրաժեշտ է, որ կազմվի 3 կամ 5 հոգուց բաղկացած մի հանձնաժողով (կոմիտե), որը նպատակ դնելով իրեն ազգի ազատագրումը` իր ձեռքն առնի նրա «արտաքին գործերի» ղեկը: Նորատունկյանն առաջարկում էր ադրեսատին եւ սրա միջոցով Պեշիկթաշլյանին՝ ձեռ մեկնել իրեն եւ ընդունել միախորհուրդ այս «պաշտոնն ու նպատակը», ասել է՝ հիմք դնել Հայաստանի ազատագրումը նախաձեռնող եռանձնյա «մասնաժողովին» (իմա՝ կոմիտեին , Ա. Հ. ) եւ սկսել սրան վերապահված գործունեությունը [26]:

Դժբախտաբար, մեզ չեն հասել Նորատունկյանի առաջարկության ունեցած արձագանքները: Պարզ է, համենայն դեպս, որ հազիվ թե կարող էր Նորատունկյանը դավադրական իր ծրագիրը փռել Խրիմյանի առաջ, եթե համոզված չլիներ, թե ընդհանուր առմամբ նա սրտամերձ ու համախոհ է իրեն: Կարող ենք նաեւ արձանագրել, որ 1862-63 թվականներին Սրվանձտյանը եւս, որի թղթերի մեջ հայտնվել է այս նամակը եւ որն այդ պահին մեկն էր Խրիմյանի համախոհներից, նույնպես հեռու չէր ազգի բախտը նրա զինված ինքն օգնության մեջ որոնելու տրամադրությունից: Ոգեշնչված Արեւմուտքի եւ Ռուսաստանի ազատագրական շարժումներով՝ այդ պահին Սրվանձտյանը ներշնչում էր հայ երիտասարդությանը ինքնագիտակցություն եւ պայքարի կորով: «Չի լանք, եղբայրներ, գրում էր նա, ափսոս են մեր աչքեր. թող լան հին գլուխներ, խավարին աչքեր: Էն դեհ մի կռիվ կա. կլսե՞ք նախանձավոր ահավոր ձայներ, ձայն Արեւմուտքից, ձայն Հյուսիսից, ձայն եւ ամեն կողմից. մի՛, մի՛ սարսափիք, նոքա մեզ՝ քաջություն թող տան. կուգան դեպի մեզ։ մեք հավ չենք, մեք էլ մարդ եւ մարդու զավակ ենք, հայ եւ հայու ժառանգ ենք: Քաջություն նորության, հաղթություն նորության: Եվ մեք նոր սերունդներեն եմք. ուրեմն մեր պարտք ու կարգ ճանաչեմք, մեր աստված կանչեմք, վեր կենանք շարժիմք ու սկսեմք մեր գործը, նորեն սկսեմք… Կոխե ու կոխվիր, զարկ ու զարկվիր, ինկար՝ վեր կանգնիր, անշուշտ կհաղթես, մեռնիս էլ կհաղթես… վասնզի նոր ես, եւ լուսավոր ես, բարի ես, /563/ ճշմարիտ ես»: Ասես բիբլիական մի մարգարե՝ Սրվանձտյանը, վստահ վերջնական հաղթության, չի ընկրկում՝ նահատակության հեռանկարի առաջ: Լույսը եւ հույսը նա կերպավորում է որպես զորավոր հրեշտակներ, որոնք կրում են սուր եւ շնչում հուր. «Մեր բանակը հանձնեմք սոցա, եւ ահա շանթ ու հարված հակառակորդաց գլխին , կոտրած պարտված նոցա զորություն եւ հոգին»: «Միանամք մեք ուրեմն, եղբարք. «զորություն է միության եւ հաղթություն ի զորության»»: Այս նշանաբանի տակ է որոնում Սրվանձտյանը ազգի փրկությունը խավարի, թշվառության, գերության ճանկերից [27]:

Իր երկերի ու նամակների մեջ Սրվանձտյանը հուզիչ, կենդանի էջեր էր նվիրում թյուրք եւ քուրդ ֆեոդալների, ոստիկանների եւ զինվորների գործած հարստահարությունների ու ճնշումների նկարագրությանը, միաժամանակ փայփայում հայ ժողովրդի ազատագրման հեռանկարներն ու նշում դրա համար գործ դրվելիք միջոցները: Զինված ինքնապաշտպանության գաղափարը նա շաղկապում էր հայ մասսաների լուսավորության հետ: «Եթե լուսավորվի ժողովուրդը, կարիանա ինքզինքը պաշտպանելու… Զի գիտություն՝ զորություն է», գրում էր նա [28]: Միաժամանակ նա մատնանշում էր ժողովրդի տնտեսական ինքնօգնության ուղիներ: Այս պես, նա գործնական օժանդակություն ցույց տվեց՝ Միսաք Թիմուրյանի Ակնում 1865 թ. կազմակերպած Նահապետական ընկերությանը: Այդ ընկերությունը նպատակ էր դնում Մշո դաշտում գնել մի գյուղ, որով հույս ուներ «երկրագործական արդար վաստակոց համար աշխատել եւ միջոց ձեռք բերել»: Թիմուրյանի կազմակերպած ընկերությունը հակադրում էր երկրագործների ընկերության շահավետ եւ օգտակար աշխատանքը քաղաքացուն, «որն արդեն միշտ անոնց մատուըներովը ժողվված արդյունքներն եւ անոնց աշխատության արգասիքներն են որ ինքը առատաբար կվայելե»: Թյուրք կառավարության թույլտվությամբ ընկերությունը նպատակ էր դրել գաղթեցնել ակնեցի «խեղճերին» եւ «մշակներին», իր «դրամն ու քաղաքականությունն անոնց աշխատության հետ խառնելով, բնական ընթացքով մեր աստի կենաց պիտույքը հոգալով եւ բարոյականությամբ ալ մեր հոգվույն պետքերը պատրաստելով»: Տնտեսական այդ գործունեությունը պիտի ծավալեր իր աշխատանքը «զինվորյալ եկեղեցու» ու «իմաստուն վարժապետի», «քրիստոնեության աստվածահաճոյ ուսման եւ ընկերահաշտ քաղաքականության» հետ գրկընդխառն [29]:

Հայ հասարակական մտքի պատմության տեսակետից խիստ հե/564/տաքրքրական է եվրոպական «քաղաքակրթության» դեմ ուղղված նարոդնիկական պուրիտանիզմի այն շեշտը, որ նկատելի է Սրվանձտյանին կուսակից Թիմուրյանի հրատարակած մի տետրակում: «Ինչպես որ ըսինք, գրում էր Թիմուրյանը, մեր տուները միակերպ ըլլա պիտի, եւ զարդարանք ալ չունենա պիտի, նույնպես մեր հագուստներն ալ համեստ ու պարզ ըլլալու է. բավական համարելով բրդե եւ բամբակե զգեստները, որոնք որ մեր մարմինը պիտի պատսպարեն, ինչպես որ մեր նախնի սուրբ հարք եւ առաքինի անձինք այս կերպ պարկեշտ հագուստներով ինքզինքնին կպատսպարեին, ասոնց պես նախնի սպարտացիք եւ իմաստուն փիլիսոփայք ալ խորին կռապաշտութեան ատենները… Հերիք սեպել մեր աշխատանքովը մեր հողեն ելած բերքերը, որ աստված կպարգեւե, ոչխարին կաթը, մեղուին մեղրը, ցորենին պարզ հացը, ծառի պտուղները, ծովին ձուկերը ու օդին թռչուններն միթե չի՞ բավեր մեզի, պարզապես եփելունը եփել, չեփածն ալ չեփած ուտել, որ տեսակներն ալ կփոխեմք ու հազարումեկ՝ տեսակ խմորեղեններն ալ կհնարեմք» [30]: Երկրագործական կազմակերպված աշխատանքը այս ընկերությունը եւս առաջ էր քաշում, որպես պանդխտության համադարման: Երկրագործությունից ստացած արդյունքը պիտի բավեր արդարապես վճարել տերության տասանորդը, բաժին հանել գյուղի հասարակությանը «առաքինություն վաստակելու նպատակով» եւ վերջապես՝ արտադրողների տարեկան պիտույքը անթերի հոգալուց հետո ավելցուկն «ավուր արժեքի գնով» ծախել եւ կամ ծախելու ղրկել: Հատկապես շեշտվում է, որ ծախու հանելիք ավելցուկը չպիտի վաճառվի թանկ գնով, «վասն զի ասանկով մարդկային ընկերականությանը մեծ վնաս տված կըլլամք եւ աստուծո ժողովրրդյան անեծքը կընդունեմք»:

Գյուղացիների աշխատանքն ու համայնական կյանքը համերաշխորեն ղեկավարելու համար ընտրվելու է չորս հոգուց բաղկացած «առաքինի եւ այլոք պատկառելի» ժողով: Ժողովը պիտի հավատարմություն ցույց տա դեպի պետությունը, բարեկամություն հաստատի հարեւան գյուղերի հետ, դրսից եկած անծանոթ թշնամուն համատեղ դիմադրելու համար: «Կպարտավորեմք նաեւ դրացի գյուղացվոց մարդասիրությամբ բանամք տանել, եւ անոնց մտավորական եւ նյութական պիտույքները ընծայել, որով առաքինություն ըրած ըլլամք: Ասանկ կացությամբ թշնամին բնավ չեմք ունենար եւ մեկը մեզի հակառակ չի կենար, ինչու որ նախապես աստված հաշտ կըլլայ ժողովրդյան հետ» [31]:

Սրվանձտյանը «նախանձելի եւ բարի օրինակ լինելու արժանի» գործ է համարում Թիմուրյանի այս ձեռնարկությունը: Ցավոք խոստովանում /565/ է, որ Թիմուրյանը չկարողացավ իր ստեղծած Նոր Հայ կոչված գյուղը «մինչեւ այսօր (այսինքն՝ 1879 թվականը) նահապետական բաղձացյալ վիճակին վերածել, գործակիցների թերացման եւ երկրին ու քաղաքականության պատահաբեր դժվարությանց» պատճառով: Այնուամենայննիվ, դառնալով ազգի հարուստներին՝ Սրվանձտյանը եզրափակում էր. «Հայաստանի ամենամեծ չարիքը յուր կարող որդվոց հեռու մնալն է, եւ զանի աղքատ եւ անպաշտպան ձգելը. պետք է հողեր գնել, պետք է տեղտեղ փոքրիկ պանք հաստատել, որոնք գոնե հայը պանդխտության դիմելե ետ կկեցնեն, պետք է օրենսգետներ եւ բժիշկներ երթան lոն. այս երկու դասուն ալ մեծ ասպարեզ կա Հայաստանի մեջ, որոնցմով կպաշտպանվին գոյից եւ կենաց զոհեր» [32]:

Սրվանձտյանի, ինչպես, ըստ երեւույթին, նաեւ Թիմուրյանի քարոզչությունը չհանգեց ո՛չ քաղաքական-դավադրական եւ ո՛չ էլ ազգային-ապստամբական գործունեության: 1872 թ. իր մի նամակում անգամ, Վանում գործող «սահմանադրականների» մասին խոսելիս, Սրվանձտյանը դառնացած գրում էր. «Կերպ կերպ ձեռնարկությունները, սպառնալից խորհուրդները, Փարիզի քոմյուններու պես անզուսպ անձինքներե կազմված ակումբներ պատրաստված էին մեր գլխուն» [33]: Երբ, մյուս կողմից հայկական շարժման մեջ 80-ական թվականներին ուժ ստացավ ռեակցիոն այն հոսանքը, որ ազգի ակնկալություններն ու զինված ելույթները կապում էր պետությունների ինտերվենցիայի հետ, Սրվանձտյանը երես դարձրեց նաեւ այդ շարժումից՝ վաստակելով լիբերալ ազգայնականներից «դավաճանի» տիտղոս:

«Հայաստանի մեջ է բուն հայկական (ընդգծումը հեղինակինն է, Ա. Հ. ) խնդիրը եւ մեք Պերլինի մեջ կորոնենք զայն», գրում էր Սրվանձտյանը [34]: «Եթե մի այլ ցեղ եվրոպական ազգերե, բացատրում էր նա, հաջողի մուտ գտնել, ոտն ածել այն տեղերը, ոչ եւս կյանք կմնա մեզ պես ժողովրդյան մը: Եվ ո՞ւր պիտի ապրինք, ամենայն ինչ կորած է հայնժամ՝ մեզ համար, եւ մենք կորած ամեն բանի համար: Քան զամենայն առավել ազդու կհարստահարե զմեզ անհոգությունն ու անգործությունն, որ մեծ պատճառ է մեր աղքատության: Ինչո՞ւ մեր բամբակներեն եւ մեր բուրդերեն մեր գործած տարազները չենք գործածեր մենք. միթե տերություն բռնությամբ կվաճառե՞ մեզ Եվրոպայի ապրանքները: Ինչո՞ւ խանգարված են Ամասիո, Թոխաթի, Ակնա, Արաբկիրի, Խարբերդի, Մալաթիո, Տիզրանակերտի, Վանա, Բաղիշո եւ այլ գավառաց հազարավոր գործարանները կերպասեղենի, կտավեղենի, չիթի, մանիսայի շալի, շիլայի եւ տեսակ/566/ տեսակներու: Ամենեն անծանոթ եւ աննշան գեղերու մեջը մտած է Ամերիկայի եւ Անգղիո ապրանքն՝ հագնելու եւ կահավորելու: Ո՞րքան անձինք կապրեին եւ կրնան ապրիլ այն գործարաններով: Թող գրողը տանի, թող տերությունը հարկե, ժողովուրդ մը չկործանվիր, բայց սարսափելի կործանումն է, երբ մեզ անգործության կդատապարտեն, գործն ու գործողները կխափանեն, եւ այնքան մեր սեփական շահերե զմեզ զրկելե զկնի՝ ծանր ծանր կողոպուտներ կընեն, տանելով մեծ քանակությամբ դրամ մեզմե, փոխարեն՝ թողլով մեզ շռայլությանց վարժությունը եւ նորաձեվությանց ճաշակ: Այժմ այս վիճակի մեջը ուրիշ բան չկա ժողովրդյան մեր գավառները, բայց միայն պարտք առնուլ, մուրհակ տալ, գրավ դնել իր անասունն, իր արտն, իր պարտեզն, իր տունն, եւ ի լրանալ պայմանին անտրտունջ թողուլ ադոնք, եւ մեկնիլ: Պարտքով կվճարե պետության հարկը, պարտքով կգնե իր եւ ընտանյաց ապրուստն ու հագուստն, պարտքով դատ կվարե եւ ծախքերը ուղղակի եւ անուղղակի կհոգա դատարանին՝ այնչափ, քան զոր հույս չունի շահելու, եթե երբեք իրավունք վաստակի, պարտքով պանդխտության ճամբու ծախքը կհոգա, պարտքով հարսանիք կընե, պարտքով Եվրոպայէն եկած կոնյաքին ու իքսիրին գինը կվճարե…» [35]:

Ռոմանտիկ հայրենասիրությունից ակտիվ գործունեության անցավ միայն Նորատունկյանի նամակում հիշատակված Մ. Պեշիկթաշլյանը: Նամակագիրը մեծարում է նրա «հազվագյուտ հանճարը», ազգի հանդեպ ունեցած նրա սերը եւ հայրենիքի համար թափած աշխատանքը [36]:

Պեշիկթաշլյանը արեւմտահայ գրականության խոշորագույն քաղաքական քնարերգուն է, եւ «եղբայրության» նրա հրավերը՝ արեւմտահայերի ազգային կոնսոլիդացման գրական ցայտուն արտահայտությունը: 40-ական թվականներից ի վեր նա հանդես էր գալիս նաեւ որպես եռանդուն հասարակական գործիչ: Նա գործակցել էր տակավին Համազգյաց ընկերնությանը: Տեսանք նաեւ նրա գործուն մասնակցությունը Բարեգործականին, ուր մի ժամանակ կատարում էր նույնիսկ ատենապետի դեր [37]: Ոմանք գրում են, թե Զեյթունի ապստամբության ժամանակ Պեշիկթաշլյանը ղեկավար աշխատանք էր կատարում «Երկրագործական ընկերության» միջոցով, որի նախագահն էր նա: Սա թյուրիմացություն է: Այդպիսի ընկերության գոյություն չի ունեցել, հետեւաբար, եւ Պեշիկթաշլյանը չէր կարող ո՛չ նախագահ լինել նրան, ո՛չ էլ գործ կատարել նրա միջոցով: Ակնարկը պարզապես Բարեգործականի մասին է: Արդեն ծանոթ է մեզ Շիշմանյանի ազդարարությունն այն մասին, թե գուցե ավելի նպատա/567/կահարմար կլիներ, եթե Երկրագործական անունը տրվեր Բարեգործականին, բայց այդ չի արվել որոշ նկատառումներով: Ղեկավար դեր էր կատարում Պեշիկթաշլյանը 1860-1863 թ. թ. Պոլսում գործող «Անձնվեր» ընկերության մեջ: Սկզբնապես հետամուտ գրագիտություն տարածելու պանդուխտ հայերի մեջ, վերջինս նշանավոր գործունեություն ծավալեց հատկապես Զեյթունի դեպքերի ժամանակ՝ նյութական եւ բարոյական օգնություն ցույց տալով ապստամբներին [38]:

Նորատունկյանի նամակից պարզվում է այն հանգամանքը, որ գործուն մասնակցություն ունենալով ազգային-ազատագրական շարժման մեջ՝ Սըվաճյան Թագվորյան խմբակցության մեջ մտնող գործիչների պես Պեշիկթաշլյանը եւս հայերի ազատագրման գործը չէր կապում եվրոպական տերությունների միջամտության հետ: Սրանց բոլորի համոզմունքով՝ տերությունների միջամտությունը կարող էր միայն նոր կեղեքումների, ճնշումների ու ջարդերի ասպարեզ դարձնել երկիրը:

Չի կարելի, այնուամենայնիվ, Նորատունկյանին գաղափարամերձ Պեշիկթաշյանին դասել Նալբանդյանին մոտ կանգնած Սըվաճյանի, Թագվորյանի եւ սրանց համախոհների շարքը: Ճիշտ է, վերջիններիս պես նրանք եւս տանում էին կոնսպիրատիվ աշխատանք, բայց եթե Սըվաճյանի եւ Թագվորյանի համար կոնսպիրացիան անհրաժեշտ էր մասսայական դիմադրություն եւ մասսայական ռեւոլյուցիոն շարժում կազմակերպելու համար, Նորատունկյանի ու նրա համախոհների համար այդ տեղի ուներ մասսաներից կտրված դավադրական աշխատանքի վարագուրման նպատակով: Ակներեւ է, որ առաջին դեպքում գործ ունենք ռեւոլյուցիոն–դեմոկրատական լայնահուն շարժման, երկրորդ դեպքում՝ բուրժուական ազգասերների նեղ կազմակերպության հետ: Այս տեսակետից պատահական չէ, երբ Մամուրյանը, գծագրելով Թաշմանի (Պեշիկթաշլյանի) կերպարը, ասում էր նրա մասին, թե «որչափ ժողովրդային է զգացմամբ, նույնքան Ազնվապետական կերեւի բարքով, որչափ մարդասեր եւ ընտանի է խորհուրդով, այնքան մարդավան եւ վեհերոտ է ոճով եւ ամեն հանդուգն ու գոնտիկ բացատրութենե ազատ: Վասնզի՝ քաջ գիտե բանահյուսի բարձր պաշտոնն, որ է ժողովրդյան գիրկն ապրիլ՝ առանց նվաստության, անոր սիրտը շարժել, դաստիարակել՝ առանց ակնառության: Քանի մ՚ընտիր մտերիմներ ունի նա, որոնց հոգին է, եւ այն մտերիմներե քանիսն երջանիկ են, որ անոր ներշնչությանց հաղորդ կգտնվին» [39]:

Պեշիկթաշլյանի մտերիմները նույն մարդկանցից էին, որոնք մըտկուսն էին Պոլսի Բարեգործականի մեջ եւ մոտ շփման մեջ էին Գ. Օտյանի , Սագըզ Հովհաննեսի, Տ. Յուսուֆյանի, Շիշմանյանի, Ռափայելյանի, /568/ Քյաթիպյանի, Հեքիմյանի, Նորատունկյանի, Վահանյանի (Տյուսաբի), Փորթուգալյանի եւ այլոց հետ [40]: Բոլոր ժամանակակիցները, եւ հատկապես Մամուրյանը, նշում են Պեշիկթաշլյանի մտերմությունը Օտյանի հետ [41] ։ Առանձնապես աչքի ընկավ նրանց համագործակցությունը Զեյթունի ապստամբության ժամանակ: Չնայած այն ներհակության, որ կար «մարդավան եւ վեհերոտ» «ազնվապետականների» եւ մարդահաղորդ ու անվեհեր ժողովրդապետականների միջեւ, նրանց գործունեության մեջ առկա էին նաեւ շփման որոշ կետեր:

Ապստամբությունից առաջ խուսափելով մասսայական ծավալում աշխատանքից՝ Պեշիկթաշլյանը եւ Նորատունկյանը գեթ արձագանքեցին ապստամբական շարժմանը նրա բռնկումից հետո: Զեյթունի դեպքերի ժամանակ նրանք ցուցաբերեցին ձգտում՝ համակենտրոնացնելու հայերի եռանդը նյութական եւ քաղաքական ինքնօգնության շուրջը: Թագվորյանի եւ Սըվաճյանի հետ միասին նրանք գործուն օժանդակություն էին ցույց տալիս զեյթունցիներին: Պեշիկթաշլյանն արձագանքեց ապստամբությանը, մասնավորապես, իր քնարի հնչյուններով:

Բոթ մը փչեց ինչպես մըրրիկ,

Ու Զեյթունի անտառներուն

Հաղթահասակ դողան մայրիք.

Ցցվեց առյուծ բաշ գալարուն.

 

Այն բարձրաբերձ սարից պահպան.

Ազատությունն՝ էլ սըլացավ,

Հովտաց, դաշտաց, հյուղից վըրան

Թեւատարած հովանացավ:

 

Արի՛ք ի զեն, թուրքն ահարկու

Լողաց եղբարց արյան ի ծով,

Արդ ի մեր կույս վազըս կառնու

Արյունթաթախ ճիրաններով:

(«Հայ քաջուհին»)

Դժբախտաբար, նյութեր չկան, ուսկից երեւար Նալբանդյանի հանդիպումը Պեշիկթաշլյանի եւ նրա համախոհների հետ. ավելի քան հավատ նական է այդ հանդիպումը Բարեգործականի մեջ, որի գործուն կազմակերպողներից էր արեւմտահայ նշանավոր բանաստեղծը: Նույնչափ հավանական է, մասնավորապես, նաեւ Նալբանդյանի հանդիպումը Պեշիկթաշլյանին մտերիմ Օտյանի հետ, որը այդ պահին մոտիկ օժանդակություն էր ցույց տալիս Սըվաճյանի «Մեղու»-ին: «Ինչպես կերեւա, գրում /569/ է Հ. Ասատուրը, Օտյան «Մեղուն» քիչ մը իր թերթը կնկատեր, եւ սկիզբները, աներկբա մեծ ազդեցություն ունեցած է անոր ուղղություն վրա» [42]: 1860–61 թ. թ. Օտյանը անստորագիր հատվածներ էր տպում «Մեղվում» եւ որոշ հարցերում պաշտպանում վերջինիս ուղեգիծը: Պատահական չէ, թերեւս, որ քննադատելով լիբերալների գիծը՝ Նալբանդյանը չի ծանրանում` Օտյանի վրա, որի հետ, հավանորեն, գործնական շփման ավելի շատ կետեր ուներ, քան մյուս լիբերալների հետ: Ուշադրության արժանի է նաեւ, որ «Սոս եւ Վարդիթեր»-ի քննադատությունը նա ձոնում էր Օտյանի եղբորը՝ Խ. Պ. Օ(տյանին)….

Ըստ երեւույթին, Նալբանդյանը ոչ միայն անձնական, այլեւ հասարարական գործակցություն ուներ Օտյանի հետ: Պետերբուրգում գրված «Ազգային թշվառություն» հոդվածում խոսելով պոլսահայ Սահմանադրության ղեկավարների մասին, նա հարգալիր ժեստ անելով նրա մասին՝ գրում էր. «Ընդհանուր ժողովի ատենադպիր ընտրված է հոյակապ 0(տյան) Գրիգոր էֆենդին» [43]:

1860 թ. վերջերին Օտյանը «Մեղվում» զետեղեց աշխարհաբարի պաշտպանությանը նվիրած հոդվածներ, որով մեծապես մոտենում էր Նալբանդյանի պաշտպանած հայացքներին: Իր այդ հոդվածներով Օտյանը հրաժարվում էր լեզվական վաղեմի իր մի շարք դրույթներից, որոնց դեռ պիտի անդրադառնանք այս աշխատության մեջ: Որչափ Օտյանի հոդվածները տպվում էին Նալբանդյանի Պոլիս ժամանելուց անմիջապես հետո, կարելի է կարծել, որ նրա կատարած շրջադարձն անդրադարձնում էր վերջինիս հետ ունեցած հանդիպումների անմիջական ազդեցությունը:

Սակայն վճռական նշանակություն ունի Թագվորյանի, Սըվաճյանի եւ Նորատունկյանի իդեական շփման մի երկրորդ կետը: Ինչպես Թագվորյանի, նույնպես եւ Նորատունկյանի քաղաքական պայքարի գլխավոր սլաքն ուղղված էր ոչ միայն սուլթանական, այլեւ ցարական ռեժիմի դեմ: Երկու դեպքում էլ հայ ազգային շարժման գաղափարախոսները գլխավոր հակառակորդների դեմ շոշափում էին Փարիզի եւ Լոնդոնի էմիգրանտական տրամադրությունները, կամենալով պարզել իրենց հուզող հարցերի լուծման հեռանկարները ընդհանուր շարժման հետնախորքի վրա: Շրջադարձ կատարելով դեպի ռեւոլյուցիոն Ռուսաստանը, վերջինիս հետ մեկտեղ հակադրվելով ցարիզմին՝ նրանք չէին կամենում եւ ոչ մի պայմանով գործիք դառնալ Ռուսաստանի դեմ պայքարող եվրոպական դիպլոմատիայի ձեռքում:



[1]     Czynsky, La révolte des Circassiens, Paris, 1836, եր. 17:

[2]     Նույն տեղը, եր. 21:

[3]     Feldmann, Geschichte der politischen Ideen in Polen, 1917, եր. 114 եւ հետ. եւ 168:

[4]     Th. Lapinski, Die Bergvölker der Kaukasus und ihr Freiheitskampf gegen die Russen, Hamburg, 1863, I, եր. 2 եւ հետ., 122 եւ հետո. եւ 235: Հմմ, նաեւ K. Marx, Herr Vogt, եր. 124 եւ հետո. եւ Փ. A. Шербин, История Кубанского казаческого войска, Екатеринодар, 1913, II, եր. 551 եւ հետ,:

[5]     Հմմ. Mapкc и Энгельс, Сочинения, III, եր. 544 եւ հետ,:

[6]     ЦГИАМ, фонд III, отд. I, ЭКСП., 1861, N: 180.

[7]     Հմմ. "История дипломатии", под ред. Потемкина, I, եր. 447, 455 եւ 472:

[8]     Lapinski, նույն տեղը, եր. 26:

[9]     Նույն տեղը, եր. 5 եւ հետ. ։

[10]   St. V. Kožmian, «Das Jahr», 1863, Polen und die Europaische Diplomatie, Wien, 1896, եր. 85:

[11]   Նույն տեղը, եր. 211:

[12]   «Der Briefwechsel zwischen Lassale und Marx», herausgegeben von G. Mayer, Berlin, 1922, եր. 174:

[13]   Маркс и Энгельс, Сочинения, XXIII, եր. 102:

[14]   Герцен, П. С. и П., VI, եր. 402:

[15]   Հմմ. "Былое и думы", V, եր. 265 եւ հետ. ։

[16]   Маркс и Энгельс, Сочинения, XXIII, եր. 164:

[17]   Հմմ. , "Лит. Наследство", No 41–42, եր. 556:

[18]   Մ. Մամուրյան, Անգղիական նամականի, եր. 42:

[19]   «Անտիպ երկեր»-ի կոմենտարների մեջ, ստորագրողի անվան ինիցիալը աղճատված համարելով, նամակի հեղինակ էինք համարել Հակոբ (նաեւ Հակոբիկ) Նորատունկյանին: Սակայն ուշադիր կարդալով Գրականության թանգարանում գտնված նամակի բնագիրը, հավաստիացանք, որ նամակի տակ պիտի կարդալ ոչ թե Հ. Նորատունկյան, այլ՝ Պ. Նորատունկյան: Տե՛ս Գրականության թանգարան, Սրվանձտյանի ֆոնդ։ Դրանից անկախ, նամակի ավելի ուշադիր ուսումնասիրությունը հարկադրեց մեզ նաեւ ըստ էության փոխել մեր կարծիքն այս գրության մասին:

[20]   «Մասիս», 1860, N 458:

[21]   «Փարիզ», 1862, N 75:

[22]   Նույն տեղը, N: 77:

[23]   «Մեղու»-ի 1864 թ. փետրվարի 1-ի համարում կարդում ենք Նորատունկյանի մասին, թե «ասկեց ամիս չափ առաջ դժբախտ երիտասարդը իր կյանքը ավարտեց»: Ավելի շատ մանրամասնություններ կան Նորատունկյանի մասին համառոտ այն տեղեկանքի մեջ, ոչ տպվեց նրա մահվան առիթով «Մասիս»-ում:

       Այդտեղ ասված է. «Հռոմ են դեկտ. 7|19 թվով եկած հեռագրալուր մը կծանուցան եթե մեծ. Նորատունկյան Յակոբ աղայի անդրանիկ որդի մեծահարգ Պաղտասար աղան, որ տասն տարին ի վեր ենթակա եղած խույլի (սըրաճա) հիվանդության դարման մը գտնելու համար իր մորը հետ հոն գացած էր, վախճաներ է քսաներկու տարեկան հասակի մեջ:

       Հանգուցելույն այս տարաժամ մահը որչափ յուր սիրելի ծնողացը անմխիթար սգո պատճառ մ՚է, նույնչափ ալ իր եռանդուն ազգասիրությունն եւ ուրիշ բարեմույն ձիրքերն իրավամբ կորուստ են ազգին համար, որն օգտակար եւ ընտիր մեկ անդամն ըլլալու» հույս կուտար դեռահասակ հանգուցյալը»: Տե՛ս «Մասիս», 1863, N 618:

[24]   «Դիվան հայոց պատմության», XIII, եր. 57:

[25]   «Դիվան հայոց պատմության», XIII, եր. 58:

[26]   Նույն տեղը:

[27]   «Արծվի Վասպուրական», 1862–63, եր. 10, 12 եւ հետ., 14:

[28]   Գ. Վ. Սրվանձտյան, Թորոս աղբար, Կ. Պոլիս, 1879, I, եր. 319:

[29]   Նույն տեղը, եր. 260 եւ հետ.:

[30]   Գ. վ. Սրվանձտյան, Թորոս աղբար, 1, եր. 263 եւ հետ.:

[31]   Նույն տեղը, եր. 264 եւ հետ.:

[32]   Գ. Վ. Սրվանձտյան, Թորոս աղբար, 1, եր. 269 եւ հետ.:

[33]   Նույն տեղը, եր. 214:

[34]   Նույն տեղը, եր. 270:

[35]   «Թորոս աղբար», II, եր. ԺԳ եւ հետ.:

[36]   «Դիվան հայոց պատմության», XIII, եր. 58:

[37]   Տե՛ս «Մեղու», 1860, եր. 279:

[38]   Տե՛ս «Փորձ», 1877, գիրք 4, եր. 187 եւ 193:

[39]   «Հայկական նամականի», եր. 217:

[40]   Տե՛ս «Մ. Պեշիկթաշլյանի քերթվածներն ու ճառերը», Փարիզ, 1904, եր. 177:

[41]   Տե՛ս «Հայկական նամականի», եր. 219 եւ հետ, ուր տրված է Նուրհանի (Օտյանի) եւ Թաշմանի (Պեշիկթաշլյանի) բարեկամության նկարագրությունը:

[42]   Հ. Ասատուր, Դիմ աստվերներ, եր. 91:

[43]   Ե. Լ. Ժ., III, եր. 107: