Հայ-ռուս-վրացական փոխհարաբերությունները

Հեղինակ

Բաժին

Թեմա

3. 1 Ռուսահայ գաղթօջախի բնակչության քանակական կազմը

Հայ-ռուսական փոխհարաբերությունների իրական պատկերի վերհանման համար կարեւոր է հստակ պատկերացում ունենալ ինչպես ռուսահայ գաղթօջախի բացարձակ թվաքանակի, այնպես էլ նրա աճի ու փոփոխությունների միտումների մասին: Նման ուսումնասիրության կատարումը համեմատաբար դյուրին է շնորհիվ ռուսահայոց առանձին գաղթավայրերի մասին եղած թվական տվյալների առկայության ու Հովսեփ Արղությանի կողմից տարբեր առիթներով իր թեմի մասին կազմած ցուցակների, որտեղ ներկայացված են գրեթե բոլոր հայաբնակ վայրերը: Նույնը չի կարելի ասել այլ գաղթօջախների մասին՝ նմանատիպ տեղեկությունների համեմատական պակասի կամ չգոյության պատճառով [1]: Կարեւոր է պարզաբանել նաեւ Ռուսահայ գաղթօջախի համալրման ուղիներն ու ընդգրկած աշխարհագրությունը ողջ ժամանակահատվածի համար:

Ռուսահայ գաղթօջախի վաղագույն կենտրոն Աստրախանը, որով փաստորեն ներկայանում էր նշված գաղթօջախը 18-րդ դարի առաջին կեսին, նույն դարի երկրորդ կեսին եւս մնում էր որպես հայ բնակչության հիմնական հավաքատեղիներից մեկը, որը նաեւ կապող օղակ էր մեկ կողմից Ռուսաստանի եւ մյուս կողմից Այսրկովկասի ու Պարսկաստանի միջեւ [2]: Ըստ Կոռնեյ լը Բրյուինի, 1703 թ. Աստրախանում կար շուրջ քառասուն հայ ընտանիք, որոնք բնակվում էին Հայկական թաղամասում [3]: 1763 թ. Եկատերինա 2-րդի հրովարտակներից մեկում, որով հիմնավորվում էր հայերին եկեղեցիների կառուցման արտոնումը, նշվում էր, որ 1706 թ. Աստրախանում կար 30 տուն հայ [4]: Նույն վավերագրում 1763 թվականի համար հայերի քանակը Աստրախանում նշված է մինչեւ 500 տուն [5]: Ըստ Ն. Բ. Գոլիկովայի հաշվարկի, 18րդ դարի առաջին քառորդի վերջին (1724-1725 թթ. ) Աստրախանի հայ համայնքը հաշվում էր 399 մշտական եւ 104 ժամանակավոր, այն է՝ ընդամենը 500 արական սեռի բնակիչ, որից 115ը՝ տների սեփականատերեր [6]: Հայ համայնքի մեջ ընդգրկված էին նաեւ 29 հույն եւ վրացի բնակիչ [7]:

1738 թվականի մարդահամարով Աստրախանում արեւելյան ժողովուրդներից հաշվառվել են

«Հայեր եւ կաթոլիկներ– 543,

Բուխարացիներ  273,

Գիլանցիներ  78,

Ագրըժանցիներ  49... » [8]:

Նշելի է, որ Աստրախանում կաթոլիկները եւս հայազգի էին, որով պայմանավորված էր նաեւ նրանց միասին հիշատակումը [9]:

Ըստ Գմելինի բերած տվյալների, 1768 թ. Աստրախանում կար «1281 արական սեռի հայազգի բնակիչ» [10]:

Մինչեւ 18-րդ դարի վերջին քառորդ Ռուսահայ գաղթօջախը իր քանակական կազմով ներկայացված էր երեք հիմնական կենտրոններով՝ Աստրախան [11], Ղզլար եւ Մոզդոկ քաղաքներում:

1775 թ. կազմված տեղեկանքի համաձայն Ղզլար քաղաքի բնակչության ազգային կազմը ուներ հետեւյալ պատկերը [12].

Ռուսներ 

Վրացիներ 470  անձ

Հայեր  1222  ,,

Այլք  232  ,,

Մոզդոկ քաղաքի համար տվյալներ հայտնի են 1777 թվականի սեպտեմբերի 12-ին կազմված ցուցակով՝ հայազգի բոլոր բնակիչների թվարկմամբ [13].

Ռուսներ 

Վրացիներ 684  անձ

Հայեր  560  ,,

Օսեր  95  ,,

Հույներ  21  ,,

Կաթոլիկներ  43  ,,

Չերքեզ կաբարդացիներ 217 ,,

Ընդամենը  1620 ,,

1778-1779 թթ. տեղի ունեցավ Ղրիմահայոց փոխադրումը Դոնի գետաբերանի մոտ գտնվող տարածք, որտեղ հիմնադրվեց Նոր Նախիջեւան անունով հայկական բնակավայր՝ հարակից հինգ հայկական գյուղերով հանդերձ [14]: Նշված վերաբնակեցման հետեւանքով ոչ միայն կտրուկ մեծացավ Ռուսահայ գաղթօջախի քանակական կազմը, այլեւ այն ձեռք բերեց որակական նոր մակարդակ:

1780 թվականին է վերաբերում հայերի քանակի մասին համառուսաստանյան ընդգրկումով Հովսեփ Արղությանի կազմած առաջին տեղեկանքը, որի մեջ ներառված են նաեւ Ղրիմից տեղահանված հայերի քանակի մասին թվական տվյալները: Այդ ցուցակի համաձայն հայազգի անձնավորությունների քանակը ռուսական պետության սահմաններում ըստ բնակավայրերի ուներ հետեւյալ պատկերը [15].

«Ղռիմու ելեալ ժողովուրդքն են տունք ԳՌ (3000) եւ անձինք՝ ԺԲ հազարք (12000):

Հաշտարխանցիք են տունք ԸՃԿԵ (865) եւ անձինք՝ երեք հազար Ե(5) հարիւրք:

Ղզլարցիք են տունք ԳՃԿ (360) եւ անձինք՝ երկու հազար ԲՃ հարիւրք (2200):

Պետրպօլք՝ տունք տասն եւ անձինք Ձ(80):

Մօսկով՝ տունք քսան եւ երկու եւ անձինք ԱՃԾ (150):

Մօզդօկ՝ տունք ԱՃԼ (130) եւ անձինք ԷՃ (700):

Սարաֆան՝ տունք ԽԴ (44) եւ անձինք երկու հարիւր յիսուն:

Բօրաղան՝ տունք Լ (30) , անձինք՝ ԳՃ (300):

 

Որք միանգամ յերկրիս Ռուստաց են տունք ԴՌԴՃԿԱ (4461) [16] եւ անձինք ԺԹՌԱՃՁ (19190), բաց ի լեռնաբնակ չերքեզացն մերազնեից, որք ոչ են յայտնի մեզ [17] »:

Բերված աղյուսակի թվական տվյալների հաստատումն ենք գտնում Հովսեփ Արղությանի 1782 թ. հունվարի 20-ին գրած նամակներից մեկի հետեւյալ արտահայտության մեջ. «եւ քսան հազար անձանց կեանք կախի յինէն... » [18], որ նշանակում էր, թե այդքան էր այդ պահին ռուսահայ գաղթօջախի, այն է՝ Հ. Արղությանի թեմի քանակը:

1775 թ. տվյալների համեմատությամբ Ղզլարի բնակչության քանակը 1222-ից հասել էր 2200-ի, իսկ Մոզդոկի բնակչությունը 1777 թվականին եղած 560-ից դարձել էր 700:

Առավել ամբողջական են 1782 թվականին իրականացված ընդհանուր մարդահամարի ժամանակ (4-րդ ռեւիզիա) ստացված արդյունքները: Այդ մարդահամարի տվյալներով, որ օգտագործել է Հ. Արղությանը իր թեմի ծխաքանակի ճշտման համար, Աստրախանի հայազգի բնակչության քանակական կազմը ուներ հետեւյալ պատկերը.

«Արանց թիւն է 693

Կանանց թիւն է 924

Տղայոց թիւն է 1162

Աղջկանց թիւն է 767

Արուաց թիւն է 1855

Իգաց թիւն է 1691

Արուաց եւ իգաց թիւն է 3546» [19]:

Ղզլարի բնակչության քանակական կազմը ուներ հետեւյալ պատկերը.

«Ռուսներ 415

Վրացիներ 1551

Հայեր 3031

Այլք 3465

Ընդամենը 8462» [20]

Մոզդոկի բնակչության աճը կատարվում էր համեմատաբար դանդաղ.

«Ռուսներ 6

Վրացիներ 804

Հայեր 709

Այլք   368

Ընդամենը 1887» [21]:

Հյուսիսային Կովկասում նոր գաղթօջախի ստեղծման առաջարկությամբ հանդես էին եկել, ինչպես այդ մասին տեղեկանում ենք Պ. Ս. Պոտյոմկինի Գ. Ա. Պոտյոմկինին գրած գաղտնի ցեկուցագրից, «Մեծ Կաբարդայում անդրկուբանցիների միջեւ եւ լեռնային տարբեր վայրերում բնակվող հայերը», որոնք խնդրել էին բնակության համար հատկացնել որեւէ վայր: Պ. Պոտյոմկինը 1784 թ. ապրիլի 26-ին ու մայիսի 31-ին զեկուցում է, թե ինքը չի հապաղի այդ կատարել եւ սպասում է միայն Գ. Պոտյոմկինի հրահանգին [22]: Շուտով ստացվում է նաեւ Գ. Ա. Պոտյոմկինի արձագանքը: 1784 թ. սեպտեմբերի 19-ին նա հրահանգում է Պ. Պոտյոմկինին. «Ձերդ Գերազանցության մայիսի 31-ի զեկուցագրի համաձայն, որտեղ Դուք փոխանցել էիք կումիկյան, կաբարդինյան եւ անդրկուբանյան հայերի աղերսագիրը Կովկասյան նահանգում բնակություն հաստատելու ցանկության մասին, հանձնարարում եմ Ձերդ Գերազանցությանը բնակության վայր նշանակել, որը կարող է կոչվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: Այնտեղ ժողովրդի հոսքից եւ այդ բնակավայրի ընդարձակումից կախված կլինի այնտեղ քաղաքի հիմնադրումը, իսկ մինչ այդ նրանց կարող են տրվել Ն. Կ. Մ. հավատարիմ հպատակների բոլոր արտոնությունները» [23]:

Ռուսահայ գաղթօջախների քանակական կազմի մեջ էական փոփոխություններ տեղի ունեցան 1787-1791 թթ. ռուս-թուրքական պատերազմի ավարտին հայ բնակչության մի մեծ մասի հավաքագրումով ու բնակեցումով նորաստեղծ Գրիգորիոպոլ քաղաքում: Այդ հանգամանքի շնորհիվ Ռուսական կայսրության տարածք անցան շուրջ 4000 հայեր [24], որի ընդգրկումով էլ հայազգի բնակչության ընդհանուր քանակը կազմեց մոտ 30 հազար անձ: Այդ մասին ուղղակի ցուցում է Պ. Զուբովին 1793 թ. սեպտեմբերի 12-ին Հովսեփ Արղությանի գրած նամակի այն տողերը, որով հիշեցնում է, թե իր խնդրանքի կատարման դեպքում «դրանով դուք կպարտադրեք երկու սեռի 30 հազար երախտագետ շնչի աղոթել Աստծուն Ձեր համար» [25]:

Ռուսահայ գաղթօջախը նոր համալրում ստացավ 1796 թ. Վ. Զուբովի արշավանքի դադարեցումից հետո՝ Դերբենտի ու Մուսկուրի հայերի Ռուսական զորքերի հետ Ռուսաստան տեղափոխվելու շնորհիվ [26]:

Առավել մանրամասն ու հետաքրքիր է Հովսեփ Արղությանի կազմած այն տեղեկագիրը, որ վերաբերում է 18րդ դարավերջին եւ պահպանվել է ինքնագիր ստորագրությամբ (հավանաբար կցվել է 1798 թ. խնդրագրին).

«Ռուսաստանի տարբեր նահանգներում եւ քաղաքներում բնակվող հայ ժողովրդի քանակը

Սանկտ Պետերբուրգ 10  ընտանիք 82  շունչ

Մոսկվա 25  ,, 180  ,,

Աստրախանի նահանգ.  

Աստրախան 947  ,, 5685  ,,

Ղզլար 732  ,, 4256  ,,

Մոզդոկ 240  ,, 817 [27] ,,

Մաջար 120  ,, 680  ,,

Դերբենտից եւ Մուսկուրից ելած 610  ,, 5212  ,,

Սարաֆանի մետաքսի գործարան 80  ,, 342  ,,

Նովորոսիայի նահանգ.  

Նոր Նախիջեւան եւ հինգ գյուղեր 2200  ,, 12478 [28] ,,

Ղրիմի տարբեր քաղաքներում 252  ,, 1043  ,,

Գրիգորիոպոլ 522  ,, 4444  ,,

Պոդոլիե նահանգ.  

Ռաշկովո 25  ,, 116  ,,

Ընդամենը 5 763 ծուխ 35 341 շունչ

Վանքերի եւ եկեղեցիների քանակը.

Մոսկվա  2եկեղեցի

Սանկտ Պետերբուրգ  2  ,,

Աստրախանի նահանգ   12  ,,

Նովոռոսիայի նահանգ 3 վանք 23  ,,

Ընդամենը՝ 3 վանք 39 եկեղեցի» [29]:

 

Վերոբերյալ աղյուսակում տարակուսանք է հարուցում թերեւս միայն Ղզլարի հայազգի բնակչության մասին եղած թվական նշումը (4256 շունչ), որովհետեւ Պ. Գ. Բուտկովի մոտ եղած տվյալները Ղզլարի 1798 թ. դեմոգրաֆիկ կացության մասին ներկայացնում են մեկ այլ իրավիճակ, որի ճշմարտանման լինելը հավաստող վկայություն է պահպանվել նաեւ հայկական սկզբնաղբյուրներից մեկում: Ըստ Պ. Բուտկովի [30], 1798 թվականին Ղզլարի բնակչության ազգային կազմը ունեցել է հետեւյալ պատկերը.

 

Հայեր 2779  շունչ

Վրացիներ 805  ,,

Ռուսներ 108  ,,

Այլք 1772 ,,

Ընդամենը 5464 շունչ: Ղզլարի բնակչության կազմի բերված թվաքանակի համեմատությունը 1782 թվականի տվյալների հետ պարզում է, որ բնակչության քանակը ոչ միայն չի ավելացել, այլ տեղի է ունեցել լուրջ նվազում՝ թաթարների (1693), վրացիների (746), ռուսների (307) ու նաեւ հայերի (252) մոտ [31]: Որ իրոք այս երեւույթը զուտ վրիպակների կամ թյուրիմացության արդյունք չէ, ցույց է տալիս 1798 թվականին Ղզլարից Հովսեփ Արղությանին գրած Հակոբ Աբրահամյանի նամակի «էլ թուրք, վրացի ոչ գոյ անվամբ, ապա ողջ հայ ու վայ» [32] արտահայտությունը: Այսպիսով, ինչպես ակնհայտ է բերված թվերից, Ռուսաստանում հայ բնակչության թիվը արագորեն աճում էր ինչպես Ռուսաստանի կողմից նորանոր տարածքների նվաճումների եւ տեղի հայ բնակչությանը ռուսահայ գաղթօջախի մեջ ընդգրկումով, այնպես էլ բնական աճի ու Այսրկովկասից կատարվող նորանոր գաղթերի շնորհիվ: Հարկ է ընդգծել, որ ռուսահայ գաղթօջախի ստվարացումը տարերային աճի արդյունք չէր, այլ հետեւանք նպատակասլաց գործունեության ու քաղաքականության: Այդ առումով բնորոշ է Նոր Նախիջեւանի օրինակը, որի բնակիչները Ղրիմից դուրս գալուց հետո հայտնվել էին խիստ անբարենպաստ պայմաններում: Ղրիմ վերադառնալու ձգտումն ու փորձերը կատարվում էին պարբերաբար, սակայն եւ արգելակվում նաեւ հայ գործիչների կողմից տարբեր միջոցներով: Այսպես, վավերագրերից մեկում, որ գրվել է 1790 թ., նշվում է. «Նոքա ինքեանք յատեան ելանեն, թէ Ղռիմ կամիմք, այս յառաջինն չէ, տասն եւ մէկ տարի է, որ նոքա միշտ զայս խորհին եւ առնել կամին եւ ի մէջ քաղաքին այլայլումն ձգեն: Այս անգամ լավ պատիժ կրեն, որ խրատ լինի ինքեանց, միւս անգամ այսպիսի շփօթ չհարուցանել եւ քաղաքի կործանման պատճառ չլինել» [33]:

Ռուսաստանում բնակություն էին հաստատում նաեւ լեռնականների մոտ գերի ընկած հայերի ու վրացիների մի մասը, որոնք Ռուսական զորքերի կողմից ազատագրվում էին գերությունից: Այսպես, 1800 թ. ապրիլին Մոզդոկի կազակների ջոկատը լեռնականներից ազատագրել էր 57 գերի, մեծ մասամբ վրացիներ եւ հայեր, որոնք տարվել էին Հերակլի տիրույթներից եւ որոնց փորձում էին տեղափոխել Անապա՝ թուրքերին վաճառելու համար [34]: Ռուսաստան էին տեղափոխվում եւ ապա այնտեղ վերավաճառվում նաեւ հայազգի անհատների կողմից Հյուսիսային Կովկասում փրկագնված գերիները [35]:

Հայ բնակչության թիվը, այսպիսով, 18-րդ դարի վերջին՝ 1775 թվականի համեմատությամբ ավելացել էր 30 հազարով եւ (չհաշվառված բնակչության որոշակի տոկոսի ավելացումով) [36] ակնհայտորեն գերազանցել 40 հազարի սահմանագիծը, որից ավելի քան 10 հազարը՝ Հյուսիսային Կովկասում: Հովսեփ Արղությանի վերոբերյալ ցանկի մեջ բացակայում է Գեորգիեւսկ (Եագօրցկի) ամրոցը, այն դեպքում, երբ վստահաբար գիտենք այնտեղ ոչ միայն հայ բնակչության [37], այլեւ հայկական եկեղեցու գոյության մասին: Երուսաղեմի Թադեւոս նվիրակի կողմից 1797 թ. նոյեմբերի 23-ին Մոզդոկից Հ. Արղությանին գրած նամակում նշվում է «(1997 թ. հոկտեմբերի) ԺԵ(15)ին գնացի ի Եագորցկի: Յառաջ քան զգնալն մեր սեպտեմբերի յելն հրձիգ եղեալ ի կրպակս նոցին հուպ եկեղեցւոյն սկսեալ ԺԲ(12) դուքան այրեալ էր դէպ ի կողմն իրիցփոխին եւ բազում վնաս հասեալ: Ի գնալն մեր զայրեցեալսն նորոգէին, նաեւ զեկեղեցին ի տեղւոյն փոխեալ՝ փոքր ինչ հեռի ի հիմանց նորոգ շինէին: Որոյ աղագաւ ըստ յուսոյն մերոյ ոչ եղաք արդիւնաւոր, հազիւ թէ Ժ(10) թուման նուիրակական արդիւնք էհաս անտի ի ձեռս մեր» [38]:

Համեմատության համար հարկ է ընդգծել, որ նույն ժամանակամիջոցին Հյուսիսային Կովկասում ենթադրվում է մոտ 2500ից մինչեւ 3000 վրացիների առկայություն [39], որոնց մի զգալի մասը եւս վրաստանցի հայեր էին, հաճախ՝ հայկական անձնանուններով, որոնք ցուցակներում ընդգրկված են որպես «վրացիներ» (վրաստանցիներ):

Ամփոփելով հայ բնակչության քանակական կազմի աճի նկատմամբ Ռուսական պետության վարած քաղաքականության արդյունքները, որի հետեւանքով Ռուսաստանի տարածքում ձեւավորվեցին բազմամարդ ու հայազգի հոծ զանգված ունեցող բնակավայրեր: Ինչպես Լազարյանները, այնպես էլ Հովսեփ Արղությանը գերազանց գիտակցում էին Ռուսական պետության համար հայ բնակչության արժեքն ու նշանակությունը, հենվում էին այդ զանգվածի նշանակության վրա եւ այդ ամրապնդում էր նրանց դիրքերը:

Եթե 1780-ական թվականների սկզբներին Ռուսաստանը հայ գործիչներին ներկայանում էր որպես ապագա դաշնակից պետություն, որի հետ Հայաստանը կարող էր ունենալ պայմանագրային հարաբերություններ, ապա 1790-ական թվականների վերջին Ռուսաստանը սկսում է ընկալվել որպես երկրորդ հայրենիք եւ հայտարարվում, թե հայերը «անկեղծ ջանասիրությամբ հոսում են եւ պատրաստ են ներհոսել դեպի  իրենց նոր հայրենիք» [40]:

Ռուսաստանը հայտարարելով հայերի համար որպես երկրորդ հայրենիք եւ հայ բնակչությանը հավաքագրելով այնտեղ, հայազգի գործիչները ակնկալում էին Ռուսաստանից նաեւ Հայաստանի գրավում, որտեղ ինչպես հայերի, այնպես էլ Ռուսաստանի շահերը պետք է բաշխվեին համամասնությամբ. հայերի համար կենսականը նվաճվելիք ազատությունն էր պարսկաթուրքական լծից, իսկ Ռուսաստանի համար՝ տնտեսական ու քաղաքական շահը: Նման համաձայնության փորձ հայ բնակչության համար հնարավոր չէր ակնկալել ոչ Հնդկաստանում եւ ոչ՝ Հայաստանը նվաճած թուրք պարսկական պետություններից ու նաեւ որեւէ այլ խոշոր երկրից: Հնդկաստանի հայ գաղթօջախում եւս նման համաձայնության հնարավոր կողմ դիտվում էին Ռուսաստանը եւ Վրաստանը: Թուրքիայում եւ Պարսկաստանում իրենց գոյությունը պահպանող հայ վաճառականությունը իրեն Հայաստանից ոչ միայն մեկուսացած կամ դուրս չէր համարում, այլեւ բազում թելերով կապված մնալով մայր երկրի հետ, փորձում էր ակտիվորեն մասնակցել նրա կյանքին՝ իր վերահսկողության տակ պահելով Հայոց հոգեւոր հիմնական կենտրոնները, ամրապնդել իր տնտեսական ու հասարակական դիրքը: Պայքարը Հայաստանի համար, այդպիսով, ոչ միայն չէր դադարել, այլեւ թեւակոխել էր նոր փուլ եւ ընթանում էր ավելի նպատակասլաց ձեւով, թեեւ արտաքուստ՝ խուլ եւ աննկատ [41]:

Հայ ազատագրական շարժման գործիչները 18-րդ դարի երկրորդ կեսին մտահղացան մի համարձակ ծրագիր, այն է՝ հայ ժողովրդի հայրենադարձության գաղափարը [42] եւ փորձեցին իրականացնել այն:

Մադրասում Մովսես Բաղրամյանի աշխատությամբ լույս ընծայված "Նոր Տետրակ որ կոչի Յորդորակ" գրքում արձանագրված է հայրենադարձության գաղափարը: Աստծուն դիմելու աղոթքի ձեւով է այնտեղ նշվում այդ մասին.

«... այժմ վստահացեալ մեծաւ յուսով աղերսելով պաղատիմք առ քեզ, Տէր, Մի իսպառ զերեսս քո դարձուցանելով ի մէնջ զմեզ թափառեալ ցիր եւ ցան առնէր

Այլ զքոյ Սուրբ Լուսաւորչի փեռեկտեցեալ եւ ցրուեալ հօտն րամելով յիւր փարախն ժողովեա,

Այսինքն՝ զթափառեալ ազգն Հայոց յիւրեանց Աշխարհն դարձուցանելով, միաբանեա» [43]:

Հայրենիքի ազատագրման մորմոքով է գրված Հովսեփ Արղությանի ուղերձը Պավել Պետրովիչ թագաժառանգին 1780 թ. «... Լինելով իմաստնագույն Եկատերինայի եւ գահի, եւ թե առաքինությունների ժառանգորդը, գթասրտություն դրսեւորելով հնում` փառավոր, իսկ այժմ` անկեալ երկրին Արարատեան, ողողում ես նրան քո շնորհներով, որպես անձրեւ` առատություն պարգեւող... տարածելով Ռուսական անհաղթ զենքը ծայրերն  աշխարհի` կբացես դարպասները կատարելության եւ Հայաստանի փրկութան: Եւ անդադար ողբացող այս երկիրը կլսի քո շուրթերից. Հառնիր, հառնիր Հայաստան, թող ջլատված մկանները քո միավորվելով ամրանան, արիացիր: Եկատերինան բարեհաճում է իմ միջոցով հավաքել եւ վերակենդանացնել բաժանված մասերը քո եւ բարձրացնել  քեզ քո հին փառքին [44]... Թող իրականացնի մեր այս հույսերը փառավորագույն տունը Պետրոսի... » [45]:

Հայոց պետականության վերականգնման գործը 18-րդ դարի վերջին քառորդին դիտվում է հայ ժողովրդի իրավունքն ու պարտականությունը եւ, ըստ այդմ, հակադրվում Հայաստանը նվաճած պետությունների վարած քաղաքականությանը եւ, բնականաբար, պայմանավորվում է Հայաստանում հայ ժողովրդի գերակշիռ գոյության անհրաժեշտությամբ: Միակ երկիրը, որի շահերը կարող էին համընկնել հայ ազատագրական շարժման գործիչների ծրագրերին եւ առավել մոտ էր գտնվում Հայաստանին, համարվում էր Վրաստանը, թեեւ Վրաստանը եւս Հայաստանում վարում էր այնպիսի քաղաքականություն, որը բխում էր հիմնականում միայն իր շահերից: Ուստի զարմանալի չէ, որ Վրաստանում էին բեւեռվում կամ խաչաձեւվում ինչպես Հայաստան-Ռուսաստան ուղղությամբ իրականացվող բանակցություններն ու քաղաքականությունը, այնպես էլ Հնդկահայ գաղթօջախի կողմից Հայաստանի ազատագրման համար ձեռնարկվող միջոցառումները:

"Նոր Տետրակ որ կոչի Յորդորակ"-ի լույս տեսնելուց հետո [46] սկիզբ առավ հայոց Ներգաղթին ձեռնամուխ լինելու գաղափարը: Հավանաբար Հովսեփ Էմինի ու Մովսես Բաղրամյանի հետ որոշակի քննարկումների արդյունք էր այն, որ առաջինը նման ծրագիր մշակվեց Հնդկաստանում, որը եւ փորձեց իրականացնել Շահամիր Շահամիրյանը: Այդ փորձը, կարելի է ենթադրել, պայմանավորված էր այն գիտակցությամբ, որ արձանագրել է Շ. Շահամիրյանը Ղուկաս կաթողիկոսին գրած նամակում. «եթէ կարէ խոստանալ ժամանակն աշխարհին մերոյ հովանաւորել մեզ, որ ոք ազատութեամբ բարիոք լինի հանել մեզ ի յայս պանդխտութենէ, զոր ինչ որ կարող լինիցիմք ի պտղոյ աշխատանաց մերոց հանել աստի եւ մուծանել առ սեպհական աշխարհն մեր՝ նա միայն մնալոց է վասն մնացորդաց եւ սեպհական ազգին մերոյ, քանզի ի յայս տարրաշխարհի՝ թէ շինութիւն տանց, թէ՝ արուեստշահութեանց, կատարածն մնալոց է ի Հնդիկս՝ վասն սեպհական ազգին հեթանոսաց» [47]: Այդ ձեռնարկումը պայմանավորված էր նաեւ Սիմեոն Երեւանցի կաթողիկոսի, ապա եւ Ղուկաս կաթողիկոսի կողմից այն առարկությունների իրավացիության գիտակցումով, որին արժանանում էր Հնդկահայոց առաջադրած Հայաստանի ազատագրության ծրագիրը: Շ. Շահամիրյանը չէր կարող շրջանցել այդ առարկությունները եւ, առավել եւս, անարժեք դիտել այն ծնող հանգամանքները: Այդ է պատճառը, որ Հայաստանի ազատագրության խնդրի իրականացումը որոշվում է սկսել հենց ներգաղթի հարցի լուծումից: Նոր Նախիջեւանի հիմնումից հետո Ղզլարը դիտվում էր Հայոց հավաքագրման հաջորդ հանգրվանը [48]: Մինչեւ Հայաստանի ազատագրումը «Նշավակը» Հնդկահայերին առաջարկում էր «տեղ բնակութեան ի յարեւել կոյս Հայաստանեաց ի գաւառն անուանեալ Ղզլար՝ ի պահպանութիւնն պերճապայծառ Կայսերութեանն Ռուստաց՝ վաղնջոց բարերարի յազգին Հայոց» [49]: Նախքան այնտեղ բնակություն հաստատելը, սակայն, անհրաժեշտ է դիտվում իրավական կարգավորում տալ հայ-ռուսական փոխհարաբերություններին. «այլ յառաջ քան զշինել տուն եւ բնակիլ ի նմայ, հաստատեցեք դաշինս ընդ Կայսերութիւնն Ռուստաց» [50]:

Այդ հույսը ամրապնդվում է 1783 թ. Գեորգիեւյան պայմանագրի կընքումից հետո: 1786 թ. ստանալով Վրաց իշխանական տիտղոս, Շ. Շահամիրյանը փորձում է հայահավաքի համար արդեն դիմել նաեւ Հերակլին: Նա փորձ է կատարում համաձայնեցնել Հերակլ թագավորի հետ եւ նրա թույլտվությամբ ու կոչով, նրա անունից դիմել տարասփյուռ հայ ժողովրդին՝ հավաքվելու Վրաստանին ենթակա հայկական տարածքներում: Առ այդ Հերակլին ուղղած 1787 թ. Շահամիրյանի նամակից պարզվում է, որ տեսնելով Հերակլի "բարեպէս ձգտումն"՝ ստվարացնելու Վրաստանի բնակչությունը, խորհուրդ է տալիս աշխարհասփյուռ հայությանն ուղղել մի "Նամակ շնորհաց եւ պահպանութեան": Շ. Շահամիրյանն առաջարկում է խմբագրումից հետո այն հաստատել եւ վերադարձնել իրեն՝ տպագրելու "հարիւրաւոր եւ հազարաւոր, եւ ցրուեցից ի յերեսս երկրի, զի սովաւ փառավորեսցեն ամենայն պանդխտացեալք": Հերակլ Երկրորդն, իրոք, որոշ խմբագրումից հետո ստորագրել ու հաստատել է այն (1790 թ. դեկտեմբերի 4) եւ ուղարկել Մադրաս: Ուղերձը տպագրվել է 1792 թ. Հարություն Շմավոնյանի տպարանում, 1000 օրինակ տպաքանակով: Պահպանվել է այդ ուղերձի հայերեն տպագիր օրինակից վրացերեն թարգմանության 1819 թ. արտագրությունը [51]: Ստորեւ բերվում է հայերենով պահպանված հայրենադարձության կոչող առաջին շրջաբերականի նախնական բնագիրը (նախագիծը), որի հեղինակը Շահամիր Շահամիրյանն է եւ կրում է "Օրինակ Նամակի պահպանութեան" վերնագիրը.

"Յեսուայ, Դաւթեայ, Սաղօմօնէ, Բակրատայ սերնդէ օծեալ Թամրազէ ծնեալ Երկրորդ Հերակլ, շնորհօքն Աստուծոյ թագաւոր Կախէթու, Քարթլու, Բօրչալու, Ղազախու եւ իշխօղ յԵրեւանու, Գանջու եւ այլն, եւ այլն, եւ այլն:

Շնորհ եւ պահպանութիւն մեր ի վերայ ազգին Հայոց առհասարակ, որ ի տարրաշխարհ բնակեալ, զի շնորհօք եւ ողորմութեամբն Աստուծոյ բազուկ բարձրութեան մերոյ, որ ի նշանաւ սրբոյ խաչի պահպանէ զժողովուրդս մեր քաղցրութեամբ առհասարակ: Եւ որպէս ոչ մոռացեալ մեզ ձերոց սեպհական խաշնութիւն հօտին մերոյ, այսպէս ի քաղցրութենէ օրինաց մերոց շնորհեցաւ ձեզ պահպանութիւն մեր՝ եթէ ազատութիւն անձանց եւ եթէ տէր եւ ժառանգութիւն ի վերայ ստացուածոց ձերոց, զի հաւաքելով ձեր ի սեպհական աշխարհ ձեր՝ եւ ի հօտն հովանաւորութեան բարձրութեան մերոյ, անխտրանօք ըստանալոց էք շնորհ եւ պահպանութիւն եւ յատկապէս ողորմութիւն ի բարձրութենէ մերմէ, միմիայն յատուցանելով յարքունիս մեր հարկ, մաքս, հաս եւ բաժին ըստ օրինօք մերոյ եւ ընդունիլ պատիւ եւ պատիժ ըստ արժանաւորութեան իւրաքանչիւր գործոց ձեռաց իւրոց համահաւասարապէս, որպէս բնիկ ժողովուրդք արքայութեան մերոյ եւ սեպհական ազգին Վրաց:

Նաեւս, որպէս բարեպէս գիտեմ, զի ի միջոց երկայն ժամանակաւ յատկապէս ի ժամանակի թագաւորութեան Նադր շահի մինչեւ ցայսօր բնակիչքն ընդ հովանաւորութեան Պարսից զրկեցան, կողոպտեցան, զրպարտեցան, որ ընդդէմ կամաց իւրանց գրաւեցին ըստացուածքս իւրեանց եւ անպարտ գոլով՝ պարտաւորեցան զանազան կերպիւ՝ գրովք ի յանուն զանազան արանց, որում հարկեցան ելանել առ տարր աշխարհ: Վասն որոյ [յ]ողորմութիւնէ մերմէ շնորհեցաւ այսպիսի զրպարտեցելոց ազատութիւն առհասարակ, որ յառաջօքն զթիւն փրկչին մերոյ Քրիստոսի 1770 թուէն ումէք ձեռի որ լինիցի, որոք կերպում գրեանք, որում անուամբ որ իցէ գրեցեալ ի յերեսս երկրի Իրանու, Պարսու, Արաղու եւ Հադրբէջանու, յորոք քաղաք եւ գեօղօրեում թէ պարտուց, թէ խոստմանց եւ թէ դաշնադրութեանց եւ այլն բոլորովին անարժան արարաք, զի երբէք մի մտցէ ի յապարանս դատաստանի մերոյ եւ մի ունիցի արժանաւորութիւն ոչինչ հայցուածոց, յոչ ոք յառնէ:

Առ ի հաստատութիւն բանիս ձեռնադրեցաք մերովք մատամբ եւ արքայական կնքով կնքեցաք այսօր ի պալատն մեր, որ ի մայրաքաղաքն Թիֆլիզ, ի ժամանակի թագաւորութեան մերոյ... ամաց եւ ի յամսեանն մարտի... եւ ի յամի տեառն փրկչին մերոյ 1787 եւ ի թուին Վրաց... " [52]

Քանի որ հայերեն տպագիր օրինակներից ոչ մեկը դեռեւս հայտնաբերված չէ, ուստի պատկերացում ունենալու համար հայերեն տպագիր տեքստի բովանդակության մասին, եւ այն տարբերությունների, որ գոյություն ունեն Նախագծի եւ հաստատված օրինակի միջեւ, ժամանակակից հայերենի ենք վերածում վրացերեն թարգմանությամբ պահպանված օրինակը [53]:

"Օրինակ պետական հրովարտակի. Շնորհիվ պահապանի օգոստոսափառ տեր Հերակլ Երկրորդ, ողորմութեամբն աստուծո, թագավորի Վրաց, Կախից եւ այլն, եւ այլն, եւ այլն, առ համայն ազգն Հայոց.

Ողորմությամբն աստուծոյ, մենք՝ Հեսուի, Դավթի, Սողոմոնի Բագրատի, հանգուցյալ Թեյմուրազ թագավորի որդի Հերակլ Երկրորդ՝ թագավոր Վրաց, Կախից, եւ այլոց, եւ այլոց, եւ այլոց:

Անխախտելի մեր այս խոստումները հղում ենք ողջ ազգիդ Հայոց, որ ապաստանել եք հեռավոր երկրներում՝ առ ի գիտություն, թե չեմ մոռացել ձեր հայրենին, այլ մշտապես պարուրված ենք... ձեր պահպանության հոգսով՝ չտարանջատելով ձեզ մեր կյանքից: Երբ հավաքվեք ձեր հայրենի երկրում՝ մեր հովանավորության ներքո, կստանաք ազատ կյանք, բոլոր ձեր եկամուտների նկատմամբ մեր կողմից սիրո, պատվի եւ ողորմածության՝ յուրաքանչյուրին ըստ իր պատվի, որպես բնիկ ժողովուրդը մեր թագավորության, իսկ Վրաց ազգը եւ մենք միայն բավարարված կլինենք ձեզնից՝ մեր ծառայության մեջ հարկի եւ մաքսի վճարումով, ըստ թագավորության օրենքի, իսկ այլ կերպ խոստանում ենք հետեւյալը. քանզի գիտեմ, որ ժամանակների փոփոխությունների պատճառով, եւ հատկապես Նադիր շահի ժամանակներում ձեր ազգակիցները, որ բնակվում էին Պարսկաստանում, հալածվեցին եւ կողոպտվեցին եւ իրենց կամքին հակառակ, ապօրինաբար խլվեցին նրանց ստացվածքները եւ շատերին ակամա պարտավորեցրին, եւ ուժի գործադրմամբ մուրհակներ ու ստացականներ վերցրին, եւ այսպիսի տառապանքներով ծանրաբեռնվածությունը ստիպեց նրանց գնալ հեռավոր երկրներ, սակայն ըստ այդ գործի բոլորին շնորհների կարժանացնենք մեր կողմից, այդպիսի մարդկանց պարտքերից ազատելով, ինչպես նախկինում՝ մեր արարիչ Քրիստոսի հազար յոթ հարյուր յոթանասուն թվականին (տրված հրովարտակում): Որտեղ էլ այդպիսի գրություններ (իմա՝ ստացականներ)՝ եւ ում անունով էլ եւ որ երկրում էլ՝ կամ Պարսկաստանում, կամ Ադրբեջանում եւ կամ թե քաղաքում, կամ թե գյուղում ի հայտ բերվեն, բոլորը անարժեք եւ հատուցման ոչ ենթակա կդարձնենք, որպեսզի ոչ երբեք ընդունվի այն մեր դատարանում, եւ ոչ երբեք պարտատերերի կողմից պահանջ ներկայացվի այդպիսի մարդկանց, որի համար էլ որպես հաստատում՝ մեր այս խոստումնագիրը ստորագրեցինք մեր ձեռքով, մեր սեփական ձեռքով եւ կնքեցինք մեր թագավորական կնիքով մեր պալատում՝ մեր մայրաքաղաք Տփղիսում, մեր թագավորելու ժամանակ՝ տիրոջ 1790 թվականի դեկտեմբերի օրը: (Թագավորական կնիք) Նորին թագավորական մեծության հրամանով վրացերեն կնքվածի համաձայն թարգմանեցի եւ գրեցի նորին թագավորական մեծության հայերենի դպիր-թարգմանիչ Տեր Դավիթ Տեր Օհանյան: (Կնիքի տեղը):

Տպագրվեց Հնդկաստանի Մադրաս մայրաքաղաքում, Տեր Հարություն Շմավոնյան Շիրազեցու տպարանում 1792 թ.

Դիմիտրի քահանա Օքրոաշվիլունն է արտագրված մանիֆեստը, 1819 թվականի մարտի 2ին»: [54]

Այսպիսով, ինչպես պարզվեց վերոբերյալից, Շ. Շահամիրյանը այդ առաջարկը կատարել էր դեռեւս 1787 թ. հոկտեմբերի 15ին, որը կարող էր Հերակլին հասնել միայն 1788 թ. կեսերից ոչ շուտ: Ուստի կարեւոր է արձանագրել, թե ավելի քան երկու տարի է պահանջվել այդ հրովարտակի վրացական տարբերակի պատրաստման համար եւ որը նշանակում է, թե այն հապճեպ կատարված փաստ չէր, այլ խորապես գիտակցված ու կշռադատված, երկարատեւ քննարկումների արդյունք հանդիսացող փաստաթուղթ: [55] Այն հիմնականում համընկնում է Շ. Շահամիրյանի նախագծում եղած հարցադրումներին, փոփոխությունները խմբագրական են, սակայն առկա են նաեւ որոշ էական տարբերություններ: Էական են այն ընդգծումները, որոնք վերաբերում են Վրաց թագավորություն ներգաղթող հայերի արտոնությունների ու իրավունքների խնդիրներին: Ի տարբերություն Շահամիրյանի կողմից ներկայացված նախագծի, հաստատված օրինակում թվարկվում են չորսի փոխարեն երկու հարկատեսակ, որը պարտավոր են վճարել ներգաղթողները:

Ուշագրավ է, որ Հերակլ Երկրորդի մահվանից (1798 թ. հունվար) հետո Վրաստանի հաջորդ գահակալ Գեորգի 12-րդը 1799 թ. հոկտեմբերի 23-ին Հովհաննես Շահամիրյանին գրած նամակով հայտնում է Շահամիր Շահամիրյանի առաջադրած քաղաքականությունը շարունակելու իր պատրաստակամությունը, որպեսզի տարագիր հայությունը, այդ թվում եւ Շահամիրյանի ժառանգները, վերադառնալով "ընդ եղբարս իւրեանց՝ բնակեսցին ի սեպուհ աշխարհս իւրեանց՝ ի վայելել զսէր եւ զգթութիւն" [56]:

Դեռեւս 1798 թ. փետրվարին Գեորգիին էր դիմել Հ. Արղությանը եւ հիշեցնելով Գեորգիի 1790 թ. համաձայնությունը Լոռու գավառը Շահամիր Շահամիրյանին ժառանգաբար տնօրինելու մասին հրովարտակ շնորհելը, առաջարկում է "հաստատ պահեսջիք զայն ուխտ, որով ոչ թէ ի հովանավորութիւն ձեր հրավիրէք միայն զհնդկաբնակ Հայս, այլեւ Կարսն եւ Ախլցխայն դատարկեալ բնակչօք նոցա՝ լնանելոց են Փանբակն եւ Բօրչալուն" [57]: Հ. Արղությանը հասկանում էր, որ իշխանությունների բարյացկամ վերաբերմունքից է մեծապես կախված գործի հաջողությունը: Նամակի շարունակության մեջ նա գրում է. "Որովհետեւ ի Ձեզ պարծեն միշտ Հայք եւ ուրախ են, թէ՝ ունիմք մեր զթագաւոր ի սերնդոց թագաւորացն մերոց, պարտ է Ձեզ եւս բանիւ եւ գրով զհայրական իմն խնամ ցուցանել նոցա, զի տեսանելով զայդ, որպէս եղեալքն ընդ հովանեաւ ձերով Հայք՝ ջերմեռանդութեամբ ծառայեսցեն ձեզ, նոյնպես եւ արտաքինքն դիմեսցեն ի հովանավորութիւն Ձեր":

Հայրենադարձությունը եւ հայահավաքումը, որ անկախ պետականության վերականգնման հիմնական գրավականներից մեկն էր դիտվում, որոշակի մտահոգության առարկա է մնում Ռուսաստանի հետ հարաբերությունների ոլորտում եւս: Գաղտնիք չէր, որ Ռուսաստանը եւս ինչպես տեսանք, մտահոգ էր իր հպատակների բազմացմամբ եւ մշտապես օժանդակում էր այլ ժողովուրդների, այդ թվում նաեւ հայ բնակչության, ներհոսքին դեպի Ռուսաստանի տարածքներ: Փորձելով համատեղել Ռուսաստանի այդ ձգտումները եւ Հայաստանի ազատագրությանը նրա օժանդակելու շահագրգռությունը, Արցախի մելիքները օգնության խնդրանքով դիմելով Ռուսական իշխանություններին, միաժամանակ հրաժարվում են տեղափոխվել Ռուսաստանի բուն տարածք, պատճառաբանելով, որ այն բավական հեռու է, ինչը ձեռնտու չէ հայ մելիքներին, քանզի, ինչպես այդ արձանագրված է վավերագրում. "Վրաստան տեղափոխվելու դեպքում Քուրդիստանում եւ Բայազետում ապրող հայերի համար ավելի դյուրին կլինի ժամանակ առ ժամանակ տեղափոխվել իրենց մոտ եւ ավելացնել ու զորացնել իրենց քանակն ու ուժը, քան այն դեպքում, եթե իրենք տեղափոխվեն Ռուսաստան, որի հեռավորության պատճառով քուրդիստանցի ու բայազետցի հայերը կզրկվեն (այդ հնարավորությունից), որը եւ այս վերջիններիս համար, որոնց քանակը կազմում է մոտ 60 հազար ընտանիք, ցավալի կլինի, քանզի նրանք եւս տառապելով հագարացիների լծի տակ, կցանկանային միանալ մելիքներին՝ կառավարման ու դատաստանի նպատակահարմարությամբ, որովհետեւ նույն ազգի ու կրոնի ներկայացուցիչներ են" [58]:

Կարեւոր է ընդգծել, որ իրենց գրագրություններում Ներգաղթը նկատի ունենալու դեպքում, Վրաստան ասելով, Հայոց մելիքները բնավ նպատակ չունեին տիրանալու Վրաց հողերին, այլ ընտրելու այն տարածքը, որը Վրաստանի իշխանության ներքո գտնվող եւ Հայաստանի հնագույն հայաբնակ վայրերից մեկը հանդիսացող նորօրյա Ղազախ կոչվող գավառն էր, եւ որն այդ ժամանակ գտնվում էր ավերված ու մարդաթափ եղած վիճակում [59]: Այս բանակցությունների ավարտին արդեն տեղի ունեցան միջազգային հարաբերությունների մեջ կտրուկ տեղաշարժեր. 1801 թ. Ռուսաստանին հաջողվեց իր լիակատար վերահսկողությունը սահմանել Արեւելյան Վրաստանում, իսկ 19-րդ դարի առաջին քառորդին Պարսկաստանի ու Թուրքիայի դեմ մղած երկուական պատերազմների արդյունքում Ռուսաստանը տեր դարձավ ամբողջ Այսրկովկասին: Ահա այս ժամանակահատվածում ինչպես հայ-ռուսական, այնպես էլ վրաց-ռուսական հարաբերությունները ձեռք բերեցին նոր որակներ ու նոր երանգներ, հանդես եկան հնարավորությունների ու հուսադրությունների նոր ուղղություններ, որոնք զգալի դեր խաղացին եւ կարեւոր նշանակություն ունեցան հայ եւ վրաց ժողովուրդների հետագա ճակատագրում:

 

 


 



[1]          П. С. Сиреджук, Расселение и численность армян в Галицком Прикарпатье в XVII - XIX вв., - ՊԲՀ, 1984, թիվ 1, էջ 134-142:

[2]          В. А. Хачатурян. Население армянской колонии в Астрахани во второй половине XVIII века. -. - « ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր » ( հաս. գիտ. ), 1965, թիվ 7, էջ 77-87: Ղզլարի եւ Մոզդոկի հայկական գաղթավայրերի մասին տե՛ս Լեւոն Պողոսյան, Հյուսիսային Կովկասի հայկական գաղթավայրերի հիմնադրման մասին ( XVIII դ. ), - ՀՍԽՀ ԳԱ Լրաբեր ( հաս. գիտ. ), Եր., 1985, թիվ 6, էջ 57-66

[3]          Տե՛ս Է. Թաջիրեան, Կոռնեյ լը Բրիւինի « Ուղեգրութիւնը » որպէս հայ գաղթօջախների պատմութեան ուսումնասիրման աղբիւր, - « Էջեր հայ գաղթավայրերի պատմութեան », խմբագրութեամբ Վ. Բարխուդարեանի եւ Զ. Եկավեանի, Եր., 1996, էջ 125:

[4]          ПСЗРИ, т. XVI, с. 287.

[5]          ПСЗРИ, т. XVI, с. 287. Р. Г. Хачатрян. Русская историческая мысль и Армения ( XVII - XIX вв. ). Ереван, 1987, с. 187-188.

[6]          Н. Б. Голикова, Очерки по истории городов России конца XVII - начала XVIII в., М., 1982, с. 169.

[7]          Н. Б. Голикова, Նշված աշխ..:

[8]          Н. Б. Голикова, Նշված աշխ.., էջ 170։

[9]          1723 թ. մի վավերագրում Աստրախանի հայ կաթոլիկների քանակը ներկայացված է 12 տուն կամ 65 հոգի, որից բացի մնացած հայոց թիվը նշված է Ճ (100) տնից ավելի, որ « ԸՃ [800]... այլ աւելի հոգի կու լինին ». տե՛ս Է. Թաջիրեան, Աստրախանի հայոց պատմութիւնից, - « Հայաստանի պատմութեան նիւթեր Կենտրոնական Եւրոպայի դիւաններում », Եր., 2001, էջ 67-68:

[10]        С. Г. Гмелин. Путешествие по России для исследования трех царств естества. СПб, 1771, с. 107.

[11]        Հովսեփ Արղությանի Աստրախան ժամանելու (1774 թ. ) տարիներին Աստրախանը, «... լինելով ռուսահայ թեմի կենտրոնը, մեծաքանակ հայ բնակչություն ուներ՝ շուրջ 600 տուն, գրեթե 6000 մարդ » ( Վ. Դիլոյան, Լազարյանների հասարակականքաղաքական գործունեության պատմությունից ( XVIII դարի երկրորդ կես ), Եր., 1966, էջ 112):

[12]        Документы по взаимоотношениям Грузии с Северным Кавказом в XVIII в., Документы подобрал, подготовил к печати и предпослал им исследование В. Н. Гамрекели, Тб., 1968, с. 51.

[13]        Документы по взаимоотношениям Грузии..., с. 52. Անվանացանկը տե՛ս նույն տեղում, էջ 202-221: Ուշագրավ է, որ վրացիների թվարկման մեջ նկատելի են հայկական ազգանուններ, իսկ կաթոլիկների անունները անխտիր միայն հայկական են: Ըստ այդմ, հավաստի չեն հրատարակչի կատարած տոկոսային հարաբերության հաշվարկները, ըստ որի, քաղաքի մեծամասնությունը իբր, կազմում էին վրացիները:

[14]        Ղրիմահայոց տեղահանման ու Նոր Նախիջեւանի հիմնադրման մասին հանգամանորեն տե՛ս Վ. Միքայելյան, Ղրիմի հայոց գաղութի պատմություն, Եր., 1964: Նույնի՝ Ղրիմահայոց պատմություն, Եր., 1989: Վ. Բարխուդարյան, Նոր Նախիջեւանի հայկական գաղութի պատմություն (1779-1861 թթ. ), Երեւան, 1967: В. М. Кобузан. Заселение Новороссии (Екатеринославской и Херсонской губерний) в XVIII-первой половине XIX века (1719--1858гг. ), М., 1976.

[15]        Մատենադարան, Կաթ. դիվան, թղթ. 5, վավ. 26-13, թ. 7:

[16]        Ընդհանուր գումարը պատճենի մեջ նշված է. « տունք ԴՌԳՃԽԱ », որ պարզապես գրչական վրիպման արդյունք է: Տե՛ս նույն տեղում:

[17]        Չերքեզահայոց թվաքանակի մասին վկայություններ պահպանվել են միայն 19- րդ դարի 30-40- ական թվականներից, երբ Ռուսաստանը վճռականորեն ձեռնամուխ եղավ երկրամասի գրավմանը: 18- րդ դարի վերջին քառորդից հայտնի է միայն, որ 1783 թ. Չերքեզահայոց հինգ ընտանիք փոխադրվել էր Նոր Նախիջեւան, իսկ 1784 եւ 1791 թվականներին տեղի ունեցած նմանատիպ փորձերը ավարտվել են անհաջողությամբ: Տե՛ս С. Аракелян. Черкесогаи (Историко-этнографическое исследование), - “Кавказ и Византия”, вып. 4, Ер., 1984, с. 86.

[18]        ՄՄ, ձեռ. 4496, էջ 42:

[19]        ՄՄ, ձեռ. 2949, էջ 1 ա:

[20] Документы по взаимоотношениям Грузии с Северным Кавказом..., с. 51.

[21]        Նույն տեղում, էջ 52: Հմմտ. Լ. Պողոսյան, նշվ. աշխ.., էջ 65, այստեղ այդ թիվը նշված է 1785 թվականի համար:

[22]        Армяно-русские отношения..., IV, с. 302.

[23]        Армяно-русские отношения..., IV, с. 323.. Կարգադրությունը Պ. Ս. Պոտյոմկինը ստացել է նույն թվականի հոկտեմբերի 19 ին: Այդ կարգադրությունից միաժամանակ կարելի է կատարել այն հետեւությունը, որ Գրիգոր Լուսավորչի անունով քաղաք հիմնադրելու գաղափարը կար արդեն իսկ 1784 թվականից: Ուշագրավ է, սակայն Հ. Ռայնեգսի կողմից Եկատերինա Երկրորդին ներկայացրած զեկուցագրում, որտեղ ներկայացվում է Վրաստանից Ռուսաստան կապի հնարավորությունը, հետեւյալ պարբերության առկայությունը. ”от Кавказа до Моздоку защищается дорога тремя выгодными крепостями. Из них 1-я называется Владе-Кавказ, 2. - Григорополь, а 3. - Потемкин” ( iakob rainegsi. mogzauroba saqarTveloSi. germanulidan Targmna, Sesavali da saZieblebi daurTo gia gelaSvilma, Tb., 2002, gv. 277). Ըստ հրատարակչի, զեկուցագիրը, որ մինչ այդ անտիպ էր եւ պահվում է Պետերբուրգի Սալտիկով - Շչեդրինի անվան գրադարանի ձեռագրերի բաժնում, գրվել է 1784-1786 թթ. միջոցին ( տե՛ս նույն տեղում, էջ 27): Հարկ է նշել, որ Գրիգորիոպոլ անվանումով ամրոց Հյուսիսային Կովկասում արձանագրված է նաեւ ԺԹ. դ. սկզբներին Յ. Կլապրոտի Ուղեգրության մեջ ( Voyage au Mont Caucase et en Georgie, par M. Jules Klaproth, tome premier, Paris, 1823, p. 425):

[24]        Մանուել Կյումուշխանեցին, որ քաղաքի հիմնադրումից մեկ տասնամյակ անց գտնվում էր Գրիգորիոպոլում, գրում է. « Բնակիչք Գրիգորիպօլու ի հինգ յեզր սահմանաց քաղաքացն յԻսմայիլէ, ի Ղավշանէ, ի Պէնդէրու, ի Քիլիու եւ յԱղքիրմանու ժողովեալք գոլով, արանց՝ սակաւքն գիտեն զհայոց լեզուն, իսկ կանայք գրէթէ բոլորովին ոչ գիտեն խօսել զհայերէն, վասն որոյ երեխայք նոցին արուք եւ էգք, միշտ զթուրգաց լեզուն բարբառէին, որոց վասն եւ քահանայք ի մէջ եկեղեցեաց բացի ընթերցմանցն, զայլ զոր ինչ հարկաւորութիւն ասել դպրաց եւ այլոց՝այլազգային բարբառաւ ծանուցանէին, որք յոյժ անտանելիք էին նուաստութեան իմոյ լսել անգամ զայնպիսի ողորմելութիւն ազգին իմոյ եւ վիճակեալ ժողովրդոցս: Վասնորոյ մոռացեալ իմ զանձնական պիտոյից զպակասութիւնսն պարենից ի սակաւութենէ արդեանց ըստ յառաջ գրեցելոյս, յայտարարութեամբ քանիցս ծանուցեալ վիճակաւոր արքեպիսկոպոսի եւ վեհազնէին, գրով խրախոյս տային, իսկ արդեամբ ապառնի յուսով ճոխացուցանէին զմիտս իմ: Իբրեւ տեսի՝ բացի բանից այլ օգնութիւն յոյժ տարակաց է ի նոցանէ, պատրաստեցի ի գաւիթ առաջնորդարանի տան մի, զսպասաւորն իմ՝ զտիրացու Գէորգն, որ այժմ ի Քիշնով վարդապետ է, եդի վարժիչ՝ եւ ես անձամբ միշտ դեգերէի զմանկամբք, որք ժողովեալք էին առաւել քան զութսունն, ամենայն ջանքն իմ էր՝ ուսուցանել նոցա զբարբառ Հայոց եւ ապա զայլ կարեւորսն, որ ողորմութեամբն վերին, ի մէջ երկու տարւոյ մանկունքն վարժարանին պարզ հայկաբանութեամբ խօսել ունակացուցանելով՝ ընտանիք եւ ծնօղք իւրեանց առ հասարակ ուսան զհայկաբանութիւնն: Եւ վարժարանն այն կա մինչեւ ցայժմ հաստատուն եւ յառաջադէմ՝ օր ըստ օրէ » ( Դիւան հայոց պատմութեան, գիրք ԺԲ, էջ 53)

[25]        Армяно-русские отношения..., IV, с. 399.

[26]        С. И. Брук, В. М. Кабузан. Миграция населения в России в XVIII - начале XX века (численность, структура, география), - "История СССР", 1984, ¹ 4, с. 43. Վերաբնակներին հողահատկացումների մասին հրովարտակը ПСЗ, т. XXV, N 18611, с. 331.

[27]        Մոզդոկի քաղաքային մագիստրատի տեղեկանքի համաձայն բնակչության թիվը կազմում էր 4685, իսկ հայ բնակչության քանակը նշված է 1331 (ЦГИА РФ, ф. 1374, оп. 2, д. 1064, л. 122). 1802 թ. օգոստոսի 1- ի դրությամբ Մոզդոկի բնակչության թվաքանակը նշված է 4434 շունչ, իսկ հայազգի բնակչության քանակը՝ 1361 (Документы по взаимоотношениям Грузии..., с. 52). Հ. Արղությանի բերած թիվը ակնհայտորեն նվազեցված է:

[28]        Նոր Նախիջեւանի բնակչության քանակը 1793 թ. առանց գյուղական բնակչության հաշվառման կազմում էր 7564 շունչ, իսկ գյուղերինը՝ 1511, որից Չալթր՝ 405, Թոփտի՝ 342, Մեծ Սալա՝ 282, Սուլթան Սալա՝ 248, Նեսվիտա՝ 254: Տե՛ս Վ. Բ. Բարխուդարյան, Նշվ. աշխ., էջ 122: 1799 թ. հուլիսի 21- ին Եփրեմ արքեպիսկոպոսին ուղղած նամակում Հ. Արղությանը Նոր Նախիջեւանի բնակչության թիվը նշում է « ԺԳ (13) հազար անձինք ». տե՛ս ՄՄ, ձեռ. 2951, թ. 277 ա:

[29]        ЦГИА РФ, ф. 1374, оп. 1, д. 1815, л. 89. Հմմտ. ՄՄ, Կաթ. դիվ., թղթ. 72, վավ. 456: Վ. Բ. Բարխուդարյան, նշվ. աշխ., էջ 128:

[30]        Бутков П. Г., Материалы..., ч. I, с. 156. հմմտ. Документы по взаимоотношениям Грузии..., с. 51.

[31]        Պ. Բուտկովի մոտ 1792 թ. ներքո Ղզլարում արձանագրված են « Ռուսական վանք - 1, ռուսական եկեղեցի - 4, հայկական եկեղեցի - 2, մզկիթ - ( նույն տեղում, էջ 156, ծ. 1):

[32]        Армяно-русские отношения..., IV , с. 477.

[33]        Վ. Բ. Բարխուդարյան, Նոր Նախիջեւանի հայկական գաղութի պատմություն, Եր., 1967, էջ 124:

[34]        АКАК, т. I , с. 720, т. II, с. 936-37.

[35]        Նման գործարքների մասին փաստաթղթեր են պահպանվել Վրաստանի ԳԱ Ձեռագրերի ինստիտուտի արխիվային բաժնի վավերագրերի հավաքածուի մեջ: Մեզ հետաքրքրող ժամանակին է վերաբերում հետեւյալ ամբողջական պայմանագիրը, որ կազմվել է 1798 թ. սեպտեմբերի 23-ին. «Զօրութիւն գրոյս այս է, որ ես ի Մօզդօկ բնակեալ ազգաւ հայ հանգուցեալ Չոլախ Պապի որդի Յարութիւնս ի Չաչան զմի գերի գնեցի գնով, որ է ազգաւ հայ եւ բնակութեամբ թելաւեցի Ծատուռի որդի Մարգարն, եւ աստ ի Մօզդօկ բերի զնա եւ վաճառի ետու ես Յարութիւնս զայս իմ գնեալ Մարգար գերին քեզ՝ ի Մօզդօկ բնակեալ հանգուցեալ Քայիխօսրովի որդւոյ Հայոց քահանայ տէր Զաքարիա բեչյիդ, Ռուսի խօտեաշչի սեաւ փողով տասն եւ երկու թումանի գնով, որոյ կէսն լինի (զԶ), որ այս վերոյ հիշեալ փողն ի տէր Զաքարիա բեչյէդ անթերի եհաս ինձ՝ Յարութիւնիս, որոյ վասն զայս վաճառման գիրս ետու քեզ՝ տէր Զաքարիա բեչյիդ: Այսուհետեւ ոչ ես՝ Յարութիւնս, ոչ իմ եղբայր Պօղօսն եւ ոչ իմ ընտանի իմայինքն ի տէր Զաքարիա բեչյէդ եւ յոչ որդւոց քումմէ եւ ոչ ի քոայնոց առնելոց եմք վերոյյիշեալ զՄարգարն, եւ ոչ վասն փող ինչ պահանջելոց եմք: Գրեցաւ վաճառման գիրս ի Մօզդօկ ի 1798 թուոյն եւ ի սեպտեմբերի 23-ին:   

            radgan batoni aruTin papovma wigni ar icoda, imis TxovniT am nasyidobis wignze aruTinas magieraT xeli movawere. iagor fiTonovi.  

            q. ama zemo naweri nasayaidobisa wiganisa mowame var aruTinas TxovniTa. nazara zaqarova iarolova.

            Վերոյ գրոյ գիրին Յարութիւնին խնդրանօքն վկայիմ, Մանասերտի Ատամով: Զայս վերոյ գրեալ գիրն պարոն Յարութիւնի խնդրիլով գրեցի եւ վկայեմ, Յակոբու որդի իբր տիրացու Յարութիւնս Ոսկանեան Թիֆլիզցի» (Վրաստանի ԳԱ Ձեռագրերի ինստիտուտ, ArmD. -151).

[36]        Արղությանի կազմած ցանկի մեջ բացակայում են մի շարք վայրեր, որտեղ տարբեր աղբյուրներից հայտնի է հայ բնակչության գոյության մասին (Հմմտ. Լազարյանների կալվածքները, Մոգիլեւը եւ այլն):

[37]        Վ. Բ. Բարխուդարյան, նշվ. աշխ., էջ 275:

[38]        ՄՄ, ԿԴ, թղթ. 6, վավ. 101, բնագիր:

[39]        Документы по взаимоотношениям Грузии с Северным Кавказом..., с. 55.

[40]        ЦГИА в С. -Петербурге, ф. 1374, оп. 2, д. 1815, л. 18.

[41]        Ազգային դիմագծի պահպանման եւ Հայաստանի համար պայքարի ուղուց կամա թե ակամա հեռացող հայ բուրժուազիան եւ վաճառականությունը արագորեն կամ ձուլվում եւ կամ կորցնում էին բնակչության մեջ իրենց հենարանը: Մտահոգիչ էր ազգային դիմագծի պահպանման կարեւոր նախապայման հայոց լեզվի իմացությունը եւ կարեւոր՝ հայերենով ուսուցումը. « որպէս բազմիցս մեք տեսաք տէր ընչից եւ ճոհ վաճառական յազգէն հայոց, թէ ի Կօստանդնուպօլսէ, թէ Իզմիրու, թէ Արզրումայ եւ թէ Տիարբէքրու, ոչ շարժմամբ, եւ ոչ բարբառիւ ոչ նմանեցաւ որդոց Հայոց եթէ ոչ բոլորովին ( աղաւաթի միոյ ի տաճկայ ) եւ ողջունելն ( այսինքն՝զամանըզ խերօլսուն ): Վասն այսպիսի արանց, ուրեմն ձմերուկ եւ դդում մի առաւել արժէ, քան զամենայն պատմագիրք՝ տառիւ եւ բառիւ Հայոց, նաեւս եթէ ոմանք ի նոցանէ ունելով շնորհս ընթեռնլոյ Հայոց տառիւ եւ բառիւ, այլ ոչ հասկանայ բառ մի ընթերցմանէ իւրմէ, եւ մեք տեսեալ, զի նա գրէ հայերէն՝ տաճկաց բառիւ եւ ընթեռնու տաճկօրէն: Ուրեմն ոչ միայն հարկաւոր է ունիլ մեզ Պատմութիւնք նախնեաց մերոց, նաեւս առաւելապէս հարկաւոր է հասարակ ազգին Հայոց ունիլ սէր ուսանելոյ, Հայոց բառ եւ Հայոց տառիւ ընթեռնուլ եւ հաստատուն կալ ի միտս իւրեանց... ճանաչելոյ արժանաւորութիւն յազգին իւրոյ եւ սեբհական ժառանգութիւն յերկրին իւրոյ եւ ամենայն արարս նախնեաց իւրոց... » ( Ն. Ա. Ոսկանյան, Ք. Ա. Կորկոտյան, Ա. Մ. Սավալյան, Հայ գիրքը 1512-1800 թվականներին, Եր., 1988, էջ 527):

[42]        Հայ ժողովրդի պատմություն, IV, էջ 214

[43]        « Նոր Տետրակ, որ կոչի Յորդորակ ». Շարադրեցեալ սակս սթափելոյ երիտասարդացն եւ մանկանցն Հայկազանց ի վեհերոտեալ եւ ի հեղգացեալ թմրութենէ քնոյ ծուլութեան, Մադրաս, 1772, էջ 32: Աշխարհաբար թարգմ. տե՛ս « Նոր տետրակ, որ կոչի Հորդորակ ». թարգմ. գրաբար բնագրից եւ ծանոթ. Պ. Մ. Խաչատրյանի, Եր., 1991, էջ 33:

[44]        Ընդգծումը՝ բնագրում:

[45]        Մաշտոցի անվան Մատենադարան, Լազարյանների արխիվ, թղթ. 109, գործ 22, վավ. 17:

[46]        Գրքի տպագրությունը սկսվելով 1772 թ., ավարտվել է 1773 թ.: Գրքի 218-220- րդ էջերում տպագրված « Բան առ համայն բարեպաշտօն ընթերցողսդ Հայոց » գլխի վերջում նշված է 1773 թ. ( Եւ ի թուին Հայոց՝ 1222):

[47]        Ռ. Ա. Աբրահամյան, Շ. Շահամիրյանի նորահայտ նամակագրությունը, - « Բանբեր Հայաստանի արխիվների », 1969, թիվ 3, էջ 132-133:

[48]        Տետրակ, որ կոչի Նշաւակ վասն կառավարելոյ ինչս որբոց եւ առանց կտակ ննջեցելոց, Մատրաս, Ի տպարանի Յակօբայ Շահմրեանց կոչեցելոյ, 1783, էջ 55--59:

[49]        Տետրակ, որ կոչի Նշաւակ վասն կառավարելոյ ինչս Որբոց եւ առանց կտակ ննջեցելոց, էջ 56:

[50]        Նույն տեղում:

[51]        Պ. Ա. Չոբանյան, Վրացական ուղեգրությունները..., էջ 158: Նույնի՝ Հնդկահայ գաղթօջախի պատմությունից ( նորահայտ վավերագրեր ), - ՊԲՀ, 1988, թիվ 1, էջ 191:

[52]        Պ. Ա. Չոբանյան, Վրացական ուղեգրությունները..., էջ 176-177:

[53]        Վրաստանի Կենտրոնական պատմական արխիվ, ֆ. 1449, վավ. 1300:

[54]        Մեր թարգմանությունը կատարված է արխիվային օրինակի հիման վրա: Այս շրջաբերականի վրացերեն անփույթ ու սխալաշատ վերծանումներով հրատարակությունը տես. l. tuxaSvili, qarTl - kaxeTis samefos urTierToba kavkasiisa da maxlobeli aRmosavleTis xalxebTan me -18 saukunis meore naxevarSi, - saqarTvelos feodaluri xanis istoriis sakiTxebi , w. 2, Tb., 1972, gv. 98-99.

[55]        Մի շարք զուգադիպություններ ստիպում են ենթադրելու, թե Ուղերձի բնագիրը Վրաստանից Մադրաս է տարել եւ այնտեղ Հարություն Շմավոնյանի տպարանում տպագրելուն օժանդակել Թիֆլիսի վրացական սեմինարիայի ռեկտոր Փիլիպպոս Ղայթմազյանցի որդին՝ Տեր Սամուել Ղայթմազյանցը, որը եւ մնացել է Մադրասում ու աշխատակցել Հարություն Շմավոնյանցի հետ մի շարք գրքերի տպագրության գործում: Փիլիպոս Ղայթմազյանցի մյուս որդին՝ Դավիթը, 1790 ական թթ. հայերեն էր դասավանդում Կալկաթայի Հայոց վարժարանում:

[56]        Պ. Չոբանյան, Հնդկահայ գաղթօջախի պատմությունից..., էջ 188:

[57]        Պ. Չոբանյան, Հայ քաղաքական կողմնորոշման պատմությունից, - ՊԲՀ, 1995, թիվ 2, էջ 155:

[58]        Армяно-русские отношения..., IV, с. 489:

[59]        Армяно-русские отношения..., IV, с. 474: Այդ տարածքը Գարսեւան Ճավճավաձեի տոհմի կառավարման ներքո էր: Տե՛ս z. cqitiSvili, garsevan WavWavaZis saxelmwifoebrivi moRvaweoba, gv. 47.