Հայ-ռուս-վրացական փոխհարաբերությունները

Հեղինակ

Բաժին

Թեմա

3. 4 ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԸ. դարի երկրորդ կեսի հայոց ազատագրական ձգտումների համար միավորման առանցք կարող էր ծառայել եկեղեցին, որի հնարավորությունները լիակատար օգտագործելու գործին ձեռնամուխ եղավ 1763 թ. գահ բարձրացած Սիմեոն Երեւանցի Հայոց կաթողիկոսը: Նրա բոլոր ջանքերը ուղղված էին առաջին հերթին Էջմիածնի հեղինակության բարձրացմանը, ժողովրդի կենսունակ ուժերի համախմբման ու պետականության վերականգնման երաշխավոր դարձնելու գործին: Այդ ուղղությամբ Սիմեոն Երեւանցու ջանքերը ծրագրված են ու հետեւողական: Էջմիածնի վերահսկողությունը պետք է տարածվեր հասարակության բոլոր շերտերի ողջ գործունեության նկատմամբ եւ ամենուրեք: Սիմեոն Երեւանցին վերստին սահմանում է հայոց ազգային պատկանելության չափանիշը [1], որը պետք է առաջնորդող դառնար կենտրոնացված ուժեղ հավաքականություն ստեղծելու ճանապարհին:

Էջմիածնի Հայոց կաթողիկոսության եւ Ռուսաստանի փոխհարաբերությունները մինչեւ 1765 թ. կրում էին գերազանցապես դիպվածային բնույթ, թեեւ հայտնի է նաեւ, որ 1760 թ. Վրաց Թեյմուրազ թագավորի Ռուսաստան ճանապարհվելու առիթով Հակոբ Շամախեցի կաթողիկոսը հատուկ միջնորդական-հանձնարարական նամակով Ռուսաց արքունիքին առաջարկում էր ընդառաջել Թեյմուրազ Երկրորդի առաքելությանը՝ նրա խնդրանքները ներկայացնելով նաեւ որպես Հայոց համար եւս օրախնդիր հարցեր [2]: 1763թ. հաջորդելով Հակոբ Շամախեցուն, Սիմեոն Երեւանցին կանգնեց մի շարք հրատապ խնդիրների լուծման առաջ: Մահմեդականության տիրապետության պայմաններում Էջմիածինը բազում դժվարությունների էր հանդիպում ոչ միայն մահմեդական իշխանությունների հետ հարաբերություններում, այլեւ հայ իրականության մեջ առկա բազում տարաձայնությունների ու անհոգությունների պատճառով: Դեռեւս Հակոբ Շամախեցի կաթողիկոսը իր գահակալության ժամանակ Պարսկաստանում կենտրոնական իշխանության վերացումից եւ տեղական խաների ինքնիշխան դառնալուց հետո Էջմիածնի Աթոռի պահանջները (14 կետով) ներկայացրել էր Երեւանի խանին (1173=1759 թ. ) եւ հաստատել տվել այն: Իններորդ կետի պահանջն էր. «Տաճիկք բռնութեամբ զՀայս մի՛ տաճկացուսցեն»: Նույն փաստաթուղթը Սիմեոն Երեւանցի կաթողիկոսը հաստատել է տալիս նաեւ Երեւանի Հյուսեյն-ալի խանին (1176= 1763թ. ) [3]: Նույն թվականին այդ իրավունքները հաստատվում են Իրանի կառավարիչ Քերիմ խանի կողմից:

Կաթողիկոսական Աթոռի եւ Հայոց եկեղեցու իրավունքները հայրենի երկրում ամրապնդելն ու պաշտպանելը Սիմեոն Երեւանցու համար դառնում են առաջնահերթ խնդիրներ: Նա կազմում է Ջամբռ կոչված ժողովածուն, որ իրավական վավերագրերի հավաքածո եւ Հայոց եկեղեցու համառոտ պատմությունն է: Սիմէոն Երեւանցին գրում է, թե «յուսամք, զի [Աստուած]... այց արասցէ եւ վերանորոգեսցէ զհնութիւն խղճալւոյ ազգիս մերոյ եւ վանօրէիցս: Եւ յայնժամ եթէ զշէնս ոչ, գոնէ զաւեր տեղիսն մլքից եւ զվիճակս իւրեանց ճանաչեսցեն իւրաքանչիւրքն» [4]:

Որոշակի նպատակադրումով Սիմեոն Երեւանցին 1766 թ. Պետերբուրգ է ուղարկում մի դեսպանություն՝ Դավիթ վարդապետի գլխավորությամբ [5]: Լուծելիք հարցերից գլխավորն էր Ռուսահայոց թեմը Գանձասարի կաթողիկոսության իրավասությունից Էջմիածնի իրավասությանը փոխանցելը եւ Ռուսաստանի հայ համայնքի կողմից միայն Էջմիածնի գերագահության ընդունման ապահովումը: Պատվիրակությունը պատվով կատարեց իր առաքելությունը [6] եւ 1768 թ. վերադարձավ Էջմիածին՝ իր հետ բերելով Եկատերինա Երկրորդ կայսրուհու հրամանագիրը այն մասին, որ Հայոց եկեղեցու ոչ մի հոգեւորականի չի թույլատրվի այլեւս մուտք գործել Ռուսաստանի տարածք առանց Էջմիածնի երաշխավորության [7]: Այդ առիթով Սիմեոն Երեւանցին գրեց Ռուսական կայսրուհուն ձոնված մի աղոթք, որը պետք է մշտապես կատարվեր պատարագի ժամանակ:

1773 թ. Սիմեոն Երեւանցին, բնականաբար ոչ առանց նպատակադիր հստակ ցուցումների, Ռուսահայոց թեմի առաջնորդ նշանակեց երիտասարդ եպիսկոպոս Հովսեփ Արղությանին: 1774 թ. Իրանի Ռեշտ նավահանգստից նավով Հովսեփ Արղությանը ժամանեց Աստրախան: Նույն թվականին ավարտվում էր ռուս-թուրքական պատերազմը՝ Քյուչուկ Կայնարջիում կնքված պայմանագրով (1774 թ. հուլիսի 10), որի հաստատումն ու հրապարակումը տեղի ունեցավ մոտ մեկ տարի անց: Հովսեփ Արղությանը, ձեռք ձգելով հաշտության պայմանագրի տեքստը, այն թարգմանում է հայերենի եւ առաքում Էջմիածին: Պայմանագրի 7-րդ կետով Կ. Պոլսում Ռուսաստանի դեսպանին իրավունք էր վերապահվում հանդես գալու Օսմանյան տերության մեջ քրիստոնյաների շահերի պաշտպանությամբ [8]: Ստորեւ ներկայացվող նամակը հայերեն բնագրով եւ ռուսերեն երկու թարգմանությամբ պահպանվել է Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող Լազարյանների արխիվում: Այն անստորագիր է եւ անթվական: Ելնելով դեպքերի զարգացման ընթացքից, նամակի որոշ առանձնահատկություններից եւ համադրելով այլ վավերագրերի հետ, համոզվում ենք, որ նամակի հեղինակը Սիմեոն Երեւանցին է: Պատասխան այդ նամակը պետք է թվագրել 1778-1779 թթ.:

Հենվելով պայմանագրի վերոհիշյալ կետի վրա, Սիմեոն Երեւանցին Հ. Արղությանին եւ Լազարյաններին առաջարկում է միջնորդել եւ հարց հարուցել Ռուսական կառավարության առաջ, որպեսզի Կ. Պոլսի Ռուսական դեսպանին ցուցում տրվի օժանդակելու եւ հովանավորելու նաեւ Հայոց եկեղեցու ներկայացուցիչներին: Ստորեւ բերում ենք այդ շատ արժեքավոր նամակի լրիվ տեքստը, որը մինչեւ այժմ դուրս է մնացել հետազոտողների ուշադրությունից:

«Զայս եւս գիտացիր, հաշտութեան դաշնագիրն տեսաք եւ շատ հաւանեցաք: Աստուած միշտ յաղթօղ եւ բարձրագլուխ պահեսցէ ի պարծանս ամենայն քրիստոնէից: Բայց թէպէտ այլ քրիստոնէից անուն գոյ ի մէջ նորին, Հայոց անունն բնաւ չկայ: Մանաւանդ մեծ բարերարութիւն ՈՒռումելու երկրի քրիստոնէիցն է եղեալ: Իսկ Անատօլու երկրի քրիստոնեայքն եւ մանաւանդ՝ Հայքն, խեղճ մնան. թէպէտ գրեալ է, թէ քրիստոնեայքն զինչ ցաւս ունիցին, մեր էլչուն արզ արասցեն, սակայն Անատօլու Հայքն, ի նոցանէ երկնչելով, ոչ կարեն արզ առնել: Վասն որոյ ընդ օրհնեալ իշխանին մերոյ աստուծով զօրացեալ Աղայ Յովհաննիսին խորհրդակցիցիս, եթէ կարելի իցէ, գրել տան մէջ հրաման ի վերայ Պօլիս նստօղ էլչուն, թէ՝ Պատրիարգն Հայոց ի յԷջմիածնէ, եթէ մէկ խնդիր ինչ արասցէ քեզ վասն հաւատոյ, օրինաց եւ եկեղեցեաց՝ լսող եւ կատարօղ լինիցի: Այս է մեծ օգնութիւն եւ բարերարութիւն խղճալի ազգիս Հայոց եւ Աթոռոյս եւ յատկական յիշատակ իւրեան օրհնեալ յանուանն: Եթէ պատշաճ տեսցէ, ես արզայ գրեցից օրհնեալ մօրն ողորմութեան եւ կամ մեծ իշխանին: Զայսմանէ խօսեալ՝ մեզ ծանուսցես: Բաւ է» [9]:

Ուշագրավ է այն փաստը, որ ինչպես նամակում է պահանջ դրվում, իրոք նույն բովանդակությամբ մեկ հրամանագիր ռուսական արքունիքը 1781 թ. հունվարի 11-ին [10] ուղարկել է Կ. Պոլսում Ռուսաստանի դեսպան Ստախիեւին, երբ արդեն մոտ կես տարի առաջ վախճանվել էր Սիմեոն Երեւանցին: Հրովարտակի մեջ Ստախիեւը տեղեկացվում է Էջմիածնի կաթողիկոսության եւ Ռուսական արքունիքի միջեւ ծավալված փոխհարաբերությունների մասին սկսած 1768 թ.: Ապա հրամանագրում նշվում է, թե Հովսեփ Արղությանը կաթողիկոսի անունից նոր պահանջներ է առաջադրել. մասնավորապես. “чтоб препоручено было вам, как нашему при Порте Оттоманской министру, оказывая со стороны вашей помощь и защищение присылаемым в столицу Турецкую от патриарха Армянскаго начальникам духовенства при встречающихся для них надобностях” [11]:

Առայժմ մենք չունենք որեւէ փաստ այդ թվականներին Հայաստանում որեւէ խնդրի շուրջ Ռուսական դեսպանության օժանդակությունը ստանալու մասին, սակայն այդ հնարավորության հիմքերը արդեն իսկ ստեղծվել էին Սիմեոն Երեւանցու եւ Հովսեփ Արղությանի ջանքերով [12]: Շուտով այդ հնարավորությունը օգտագործվեց, սակայն, նախ Հովսեփ Արղությանի կաթողիկոսական թեկնածության առաջադրման, ապա եւ Դավիթ - Դանիելյան հայտնի հակամարտության բորբոքման նպատակով:

Քերիմ խանի մահը Իրանը նորից կանգնեցրեց քաղաքական փլուզման եւ իշխանատենչ ուժերի երկարատեւ բախումների փաստի առաջ: 1779 թվականը ծանր տարի էր բուն Հայաստանի եւ հատկապես Արարատյան դաշտի բնակչության ու Էջմիածնի կաթողիկոսական Աթոռի համար: Հերակլ Երկրորդի արշավանքը մեծ վնասներ էր բերել ոչ միայն տնտեսությանը, ցանքատարածություններին, այլեւ բնակչության բռնագաղթից հետո սրել հարաբերությունները մահմեդական իշխողների ու հայ բնակչության եւ, մասնավորապես, Էջմիածնի Աթոռի հետ [13]:

1780 թվականի հունվարի մեկին անակնկալ Հովհաննես Լազարյանին ու Հովսեփ Արղությանին այցելում է Ի. Պ. Գորիչը եւ հայտնում « զգնալն իւրեանց ի վերայ Պարսից առ ի տիրել զծովեզերեայ տեղիսն » [14]: Հովսեփ Արղությանը իր օրագրում պատմում է 1780 թ. հունվարի առաջին երկու շաբաթների անընդմեջ հանդիպումները Ա. Վ. Սուվորովի եւ Գ. Ա. Պոտյոմկինի հետ [15], որը նոր փուլ էր նախանշում հայ - ռուսական հարաբերություններում: Հայոց քաղաքական դիրքորոշման կարեւորությունը Ռուսաստանի համար իր կնիքն է թողնում նաեւ եկեղեցական - դավանական հարցերի լուծման վրա: Հայ գործիչները ավելի հաստատակամորեն են պնդում դավանական պատկանելությունն անխաթար պահելու իրենց վճռականությունը եւ միաժամանակ Ռուսական եկեղեցու հետ հարաբերություններում ստանում հենց ռուսական քաղաքական շրջանների աջակցությունը [16]:

1780-1790- ական թվականներին անընդմեջ ստվարացող ռուսահայ գաղթօջախում ձեւավորվող դավանական փոխհարաբերությունները եւս ձեռք են բերում քաղաքական ուղղվածություն: 1779 թ. փետրվար - մարտ ամիսներին Հ. Արղությանը այցելություններ է կատարում Մոսկվայի արքեպիսկոպոս Պլատոնին, որը « բազում խօսակցութիւնս արար վասն հաւատոյ մերոյ եւ աւանդութեանց եկեղեցւոյ, եւ յաղագս զրպարտութեանցն Յունաց առ մեզ, եւ վասն պէսպէս բաջաղմանց Յունաց յաղագս պահոցն սրբոյն Սարգսի, զորս ամենայն լուծաք. եւ զտուեալ պատճառսն մեր ողջամիտ վարդապետութեամբ ընկալաւ » [17]: Նույն թվականի մարտի 31- ին « սրբազան Պլատօնն հրաւիրեաց զմեզ գնալ ի սօբօռն եւ անդ տեսանել զսուրբ պատարագն եւ զհանդէսն մեծ... գնացաք ընդ ազնուացն մերոց Աղայ Յովհաննէսին եւ Աղայ Մինասին. տարան զմեզ ի սեղանն սուրբ եւ անտի տեսաք զբոլոր հանդէսն. յոյժս յարգեցին զմեզ ի սեղանոջն ամենայն դասքն հոգեւորաց, եւ բազմաց խայթէր լեալ անիմաստ եւ գռեհիկ ժողովրդեանն մուտն մեր անդ. եւ զբազում թունալի նետս էին արձակեալ առ սրբազան Պլատօն արքեպիսկոպոսն վասն տանելոյն զմեզ ի սեղանն, որպէս ինքն եւ այլք պատմեցին մեզ, զի միտք նոցա զհետ էր ընթացեալ առասպել եւ անխիղճ գրեցելոց, զրպարտութեանցն Յունաց որ առ մեզ. անարժան վարկանէին գտանել մեզ ի սեղանի անդ: Բայց վառեալն աստուածային հոգովն սրբազան արքեպիսկոպոսն քամահեալ զսնոտի բաջաղմունս անիմաստից լայր ի վերայ կուրութեան նոցա, բայց զկնի այսր մինչ յաճախեցին բազմութիւնք ի յեկեղեցիս մեր ի ժամ պատարագելոյն մերոյ նախարարք եւ իշխանք, վաճառականք եւ հասարակ ժողովուրդք, թուլացաւ աղաւաղել նոցա եւ մանաւանդ թէ՝ յառաջինն էր այս տեսութիւն նոցա Հայոց եպիսկոպոս իւրով ձեւով գտանիլ ի յեկեղեցիս իւրեանց » [18]:

Արդեն իսկ 1780 թ. փետրվարի 18- ին, ինչպես հիշվեց, մեծ հանդիսավորությամբ կատարվում է Պետերբուրգի սուրբ Կատարինէ եկեղեցու օծումը, որը շրջադարձային դեր պիտի ունենար Հայոց դավանության նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի ձեւավորման գործում: Օծման հանդիսություններին, ըստ Հովսեփ Արղությանի Հիշատակարանի, ներկա են եղել « ամենայն նախարարքն եւ յոյժ աւանեցան ամենայն արարողութեանցն մերս սուրբ եկեղեցւոյ եւ բազում գայթակղութիւնք բարձան » [19]:

Հայոց համակրանքը շահելու ձեռնարկումներից էր նաեւ նույն թվականի մայիսի 9- ին Հովսեփ Արղությանին ու Հովհաննես Լազարյանին կայսրուհու, իսկ հունիսի 4- ին՝ թագաժառանգ Պավել Պետրովիչի կողմից ընդունելության արժանացնելու փաստը: Մեկ տարի անց, 1781 թ. մայիսի 9- ն, Հովսեփ Արղությանի արձանագրմամբ, « հաստատեցաք ի Նախիջեւան քաղաքոջս զհոգեւոր դատարանս եւ եդաք ի նմա զբազում կանոնս ի շաւղաց նախնի հարցն մերոց ի կառավարութիւն նմին եւ... կարգեցաք ի նմա հոգեւոր դատաւորս, զմի վարդապետ եւ զերկու քահանայս » [20]: Նոր Նախիջեւանի հոգեւոր դատարանի կանոնադրությունը, որ տպագրվել էր 1795 թ. Նոր Նախիջեւանի Ս. Խաչ վանքի տպարանում, բաղկացած էր վեց մասից եւ պարունակում էր 126 հոդված, որով առաջնորդվում էին Ռուսաստանի բոլոր հայկական եկեղեցիները մինչեւ 1836 թվականի կանոնադրության ընդունումը [21]:

Ռուսաստանում ճանապարհորդության ժամանակ Հովսեփ Արղությանը առիթ է ունեցել հանդիպելու բարձրաստիճան ռուս հոգեւորականության ներկայացուցիչների եւ արժանանալու հատուկ ընդունելության: Իր Հիշատակարանում նա գրում է, թե 1781 թ. հունիսի 12- ին « հանդիպեցաք ի Բօլթաւ քաղաքն առ արքեպիսկոպոսն Նիկիփոռ, որ էր առաջնորդ Քերսոնու եւ Նոր Ռուսաց. իջաք ի վրանսն, պահեաց զմեզ երկու օր եւ եցոյց զբազմադիմի մարդասիրութիւնս: Եւ անտի գնացաք առ գռաֆ Պետր Ալէքսանդր Ռումենցով ֆրթմա ( ր ) շալն ի գիւղն իւր Վիշինկայ, որում եղեւ յուրախութիւն յոյժ, իջոյց զմեզ ի վրանի գեղեցկագունի, զոր ի յՕսմանցւոցն էր գերեալ. պահեաց զմեզ չորս օր եւ յամենայն աւուր՝ առաւոտ եւ երեկոյի, առ մեզ գայր եւ զմեզ առեալ տանէր առ ինքն ի ճաշել:... Եւ յետ բազում մարդասիրական պատւոյն կամեցաւ առաքել զմեզ ի Քիով քաղաքն, յորում են բազում վանօրայք եւ տեղիք սրբոց... Գրեաց գիր յանձնարարական առ սրբազան Գաբրիէլ մետրոպօլիտն ծերունի, առ արքիմանդրիտն Զօսիմէ, եւ առ կոմենդանտն Իվան Ստեփանիչ Կուկիսովն՝ ընկալնուլ զմեզ եւ պատիւ ցուցանել »: Պեչերսկի վանքում արժանանալով պատվավոր ընդունելության Զոսիմէ արքիմանդրիտի կողմից, Հ. Արղությանը հրավիրվել է Գաբրիել մետրոպոլիտի մոտ, որը եւս « բազմադիմի պատիւս եւ սէրս եցոյց եւ մանաւանդ առ սուրբ հաւատս մեր, որ զԳանձ արամեանն ունելով ի ձեռին, գովէր ի մէջ հրապարակին, յորում էին հոգեւորականքն եւ երեւելի աշխարհականք՝ թէ՝ ճշմարիտ եւ ուղղափառ հաւատ է Հայոց հաւատն, եւ այլ այսպիսի բանս համարձակորէն եւ սա ընկալեալ զմեզ ի սեղանն սուրբ, եւ յետ արձակման սրբոյ պատարագին, զնշխարս տային մեզ եւ զգինի: Եւ յելանելն մեր ի յեկեղեցւոյն խառն ի ճաղանճ ամբոխն՝ անցեալ ի վերայ մեր, ամենեքին աջ առեալ՝ զօրհնութիւն խնդրէին » [22]:

Սիմեոն Երեւանցուն հաջորդած Ղուկաս Կարնեցու գահակալության տարիներին, օրինակ, կազմված Հայ - ռուսական դաշնագրի նախագծի առաջին իսկ կետը պահանջում էր դավանական խնդիրներում երկուստեք հանդուրժողական վերաբերմունք: Երկրորդ կետով պահանջվում էր « Զհեստեալս յիւրաքանչիւր ազգացս չընկալնուլ ի հաղորդութիւն իբր զպղտորիչս եւ խռովարարս սիրոյ եւ խաղաղութեան », իսկ երրորդ կետով պահանջվում էր չարգելել մահմեդականների եւ հեթանոսների կողմից Հայոց դավանանքի ընդունումը: Սրանք հարցեր էին, որոնք իրավական կարգավորում էին պահանջում, հրատապ խնդիրներ էին կենդանի իրականության մեջ, քանզի Հայոց եկեղեցին ստիպված էր մեծ նեղությունների գնով դիմագրավել ռուս հոգեւորականության ճնշմանը: Այդ մասին վկայում է 1782 թ. Հովսեփ Արղությանի արձանագրած այն փաստը եւս, թե Մոզդոկի Հայոց եկեղեցին, որ « չարաճճիկ Գորգի ոմն կամեցեալ էր ռուսանալ եւ զեկեղեցին զայն եւս դարձուցանել, որոյ աղագաւ եպիսկոպոսն Ռուստաց եւ գուբեռնաթն վճիռ էին հաստատեալ՝ հրամանաւ Սինօթին ընկալնուլ, իսկ Մոզդոկու ժողովուրդքն ոչ էին տուեալ առանց մեզ, այլեւ զգիրս իւրեանց գրեալ էին մեզ: Մեք գրեցաք Հաշտարխանու գուբեռնաթին, մինչ ոչ ինչ օգտեցաք ի նմանէ, բողոք մեր արկաք առ սրբազնասուրբ Սինօթի գահակալ Պետրպօլքու արքեպիսկոպոս Գաբրիէլն, նա յուսադրեալ մեզ, խօսեալ ընդ գահակցացն իւրոց. եւ ընդ պայծառափայլ քնեազին, մխիթարեալ յուսադրեալ մեզ, եւ առաքեալ առ քնեազն: Քնեազն, որպէս հարկն էր, գրեաց սաստ եւ յանդիմանութիւն Հաշտարխանու գուբեռնաթին եւ եպիսկոպոսին՝ ի բաց թողուլ զեկեղեցին մեր եւ մի նեղել զմեզ, որ ընդդէմ է կայսերական մեծութեան գթութեանն... Յետ այսորիկ գրգռիչ Գօրկին եւ ընկերքն զղջացեալ ի յանկատար արարմանց իւրեանց, գիր մեղայական գրեցին մեզ եւ մեք ընկալաք զնոսա ի հաղորդութիւն եկեղեցւոյ » [23]:

Հայոց եկեղեցու համար դավանական հանդուրժողականության մթնոլորտ ձեւավորելու գործում մեծ կարեւորություն ուներ Պավել Առաջին կայսեր կրոնի ուսուցիչ Պլատոն միտրոպոլիտի դիրքորոշումը: Ըստ Հ. Արղությանի վկայության, Պլատոնը բազմիցս սանձել է ռուս եւ հույն հոգեւորականության հարձակումները Հայոց եկեղեցու եւ եկեղեցականների դեմ: Որոշակի նպատակադրումով եւ, ամենայն հավանականությամբ Հ. Արղությանի նախաձեռնությամբ, Պետերբուրգում հայերենի են թարգմանվում Պլատոն միտրոպոլիտի « Քրիստոնեական աստվածաբանությունը », « Քարոզներ » եւ « Ուղղափառ կրթություն » գրքերը ( թարգմանիչ Ստեփանոս Ասլանյան ) [24]: Ռուսերենի է թարգմանվում եւ Պետերբուրգում 1799 թ. տպագրվում « Հայոց եկեղեցու դավանանքը » [25] գիրքը, որն այնուհետեւ Պետերբուրգում Վրաց դեսպանության քարտուղար Գեորգի Ավալիշվիլին ռուսերենից թարգմանում է նաեւ վրացերենի [26]:

1793 թ. մայիսի 17- ին Աստրախանից Հ. Արղությանին գրած նամակում հայտնվում է, թե տեղի ռուս հոգեւոր առաջնորդը ոչ միայն մեծ օժանդակություն է ցուցաբերում հայ հոգեւորականությանը, այլեւ պատժում է անգամ այն հայերին, որոնք դավանափոխության նպատակով դիմում են իրեն. « Ծովինարն մէկ տղայով եւ իւր որդովն գնացեալ էր Ռուս դառնայ, գանելով վարեալ էր եւ մեզ կոչեալ առ ինքն, թէ դու եւս բերել տացես առ քեզ եւ գանեսցես եւ հարցցէս, թէ վասն ո՞յր թողուն զհաւատս իւրեանց եւ այսպէս անարգեալ եղեն Ռուստի հաւատ կամեցողքն, եւ բոլորքն գիտացին, որ արքերէյն [27] գանիւք վարեալ է, վասն այսմ այսուհետեւ ո՞վ համարձակի գնալն » [28]: Այդ իրավիճակը, սակայն, ամենուր չէ, որ ընթանում էր առանց հակամարտության ու ընդհարումների: Որքան Ռուսական եկեղեցու բարձր աստիճանավորները հանդուրժողական եւ զուսպ վերաբերմունք էին դրսեւորում հայոց նկատմամբ, նույնքան տեղերում ռուս հոգեւորականությունը գործում էր առավել անկաշկանդ եւ թելադրական գործելաոճով: Այդ առանձնապես ակնհայտ դարձավ 1790- ական թվականների կեսերին, երբ աշխարհիկ իշխանությունները եւս ակնհայտորեն սպասողական քաղաքականություն էին որդեգրել Այսրկովկասի նկատմամբ: Հովսեփ Արղությանը արձանագրել է ստեղծված իրավիճակը 1795 թ. մայիսի 20- ին Աստրախանից գրած իր նամակներից մեկում [29]: Հ. Արղությանը եւս հայ - ռուսական հոգեւոր - դավանական փոխհարաբերությունները լծորդված ու պայմանավորված է դիտարկում ու ներկայացնում աշխարհիկ իշխանությունների քաղաքականության հետ: « Իմ տառապանքն ինձ ոչ է բաւական, տեսէք այժմ զի՞նչ լսէք. ես զկեանս իմ տուեալ եմ ի զոհ վասն ծառայութեան թագուհւոյն՝ յաղագս դիւրութեան ազգին իմոյ, որպէս եւ նորին մայրական խնամօքն յուսադրեալ եմք ամենայն ազգաւ, եւ զնոյնն յամենայն ուրեք հռչակեմք գրով. եւ ամենայն ոք փափագի գալ յերկիրս այս եւ առանց նեղութեան բնակիլ. հայրն լինել հայր որդւոց՝ առանց երկիւղի բռնաւորաց, եւ տեարքն՝ տեարք ծառայից » [30]: Հ. Արղությանը բողոքում է Աստրախանում ստեղծված իրավիճակի դեմ. « Որդիք անհնազանդ ծնողաց՝ թերակատարք, ի բարկանալն հարց, գնան եւ մկրտին, եւ եպիսկոպոսն տեղւոյս՝ իսկոյն ընկալնու, որպէս ընկալաւ 11 տարեկան մէկ անճար աղքատի որդի, որոյ հօր արտասուալի գիրն ահա ուղեւորեմ ձեզ, թէպէտ առաքեցի առ եպիսկոպոսն, բայց ոչ կամեցաւ լսել: Մեր Թորոս Այվազովի 14 տարեկան եղբայրն, բարկացեալ ի վերայ մօրն, գնաց ռուսացաւ եւ նա ընկալաւ, մայրն մնաց լալով՝ զրկեալ ի յորդւոյն, որդին այլոց ծառայէ, իսկ ծնօղն, որ սնուցեալ է, ի ծերութեան հասակին զրկեալ է յորդիական ծառայութենէն: Պարտատեարք եւ փախստականք գնան եւ նոքա ընկալնուն » [31]:

Հայերի դավանափոխությունը եթե ոչ լիովին կանխելու, ապա գեթ սահմանափակելու նպատակով ռուս հոգեւորականության հետ հայոց փոխհարաբերությունները Հովսեփ Արղությանը փորձում է կարգավորել դիմելով ոչ միայն բարոյական ու քաղաքական միջոցների, այլեւ իրավական լծակների գործադրմանը: Նա գրում է, որ իր խնդիրն այն է ռուսական հոգեւորականությունից եւ, մասնավորապես, Աստրախանի հոգեւոր առաջնորդ եպիսկոպոսից, թե « կատարեալ հասակի անձինք յորժամ գան առ քեզ, նախ սպրավկ արա յամենայն դատաստանսն, որպէս օրենքն է, եւ ապա ընկալ, իսկ անկատարքն յետ դարձո, զի նոքա հաւատ ոչ ճանաչեն: Մի զրկեր զծնօղս նոցա ի վայելմանէ որդւոց »: Այդ պահանջին Աստրախանի Ռուսաց հոգեւոր առաջնորդը « ոչ եթէ կամեցաւ մեզ բաւականութիւն տալ, այլ բարկացաւ եւս, թէ՝ որպէ՞ս համարձակի Հայոց արքեպիսկոպոսն նումրայիւ ինձ գիր գրել, եւ հանդերձեալ մեծ հալածանս յարուցանել, թէ՝ զիար՞դ համարձակիք զանգակ այնքան յարկանել եւ կամ համարձակ կատարել զօրէնս ձեր » [32]: Հ. Արղությանը հիշեցնում է քաղաքական իշխանության վերաբերումը հայոց նկատմամբ, որ հակադիր էր հոգեւոր իշխանության այդ քայլերին. « Ես ոչ գիտեմ, ու՞մ հնազանդիմ. կայսերական ողորմութեան ազատութեա՞նն, եթէ բռնութեան սորին »: Ավելին, Հ. Արղությանը փորձում է զուգահեռներ նշելով մահմեդական տիրապետության եւ Աստրախանի առաջնորդի գործողությունների միջեւ, զգաստության կոչել արքունի գործիչներին. « Միթէ Թուրքի երկրումն մեր զաւակն խլեն եւ առանց պատճառի ի հաւատոյն հանեն, ո՞չ ապաքէն վասն այն գան եւ ժողովին ազգ մեր յերկիրս այս, որ յայսպիսի բռնութեանց փրկին » [33]: Հայ իրականության մեջ ռուսադավանության անցնելու առանձին փաստերը եւս կանխելու համար Հ. Արղությանը փորձում է ստանալ ռուս հոգեւորականության պաշտպանությունը: Նման օրինակներից էր Հնդկաստանում գտնվող տէր Ստեփանի « բէդօվլաթ եղբայրն », որ « ռուսացեալ է, թէ յեղբորէս փող է եկեալ, ինձ չեն տալիս, նորա կինն եւ փոքրիկ որդին ղօղեալ կան յանկեան, որ բռնութեամբ չռուսացնեն » [34]: Անհրաժեշտ էր հզոր կռվաններով կասեցնել հայոց նկատմամբ գործադրվող դավանական խտրությունները: Հ. Արղությանը հարցադրումը կրկին փոխադրում է հայերի Ռուսաստան փոխադրվելը հարցականի տակ դնելու սպառնալիքի մակարդակ. « Ահա յուսադրութեան պտուղն երկրիս, ո՞ր երեսօք գրեմ ումեք, թէ՝ եկէք եւ զհանգստութիւն վայելեցէք. ես ճանապարհորդ եմ եւ ծառայօղ թագաւորութեան հրամանին, եւ սոքա յայսպիսի բռնութիւն կան, ոչ ուքազի լսեն եւ ոչ հրովարտակի, ոչ արդարութեան ունկն դնեն եւ ոչ ճշմարտութեան »: Միակ միջոցը հայ հասարակության անունից հանդես գալու եւ հիմնավորված պահանջի առաջադրումն էր բարձրագույն հոգեւոր ատյանի առաջ: Իր փաստարկումները ներկայացնելով հայազգի գործիչներին, Հ Արղությանը շեշտելով, թե « դուք եւս ազգ էք Հայոց, օգնեցեք մեր ազգին », պահանջում է նրանցից, գրավոր կերպով դիմել սինոդի գեներալ - պրոկուրոր Ա. Ի. Մուսին - Պուշկինին, որ « բարեկամ է, ապա է նա այր բանական եւ խելօք »: Պարզվում է, որ Հ. Արղությանը տեղյակ էր նաեւ, թե Աստրախանի հոգեւոր առաջնորդը դիմել էր Ա. Ի. Մուսին - Պուշկինին՝ Հայոց եկեղեցու զանգերը հնչեցնելու դեմ լինելու պահանջով, սակայն եւ պատասխան ստացել, թե « լռեա, քոյ բանն չէ »: Ռուսական եկեղեցու առանձին ներկայացուցիչների նկրտումներին դիմագրավելու գործում հայոց համար կարեւոր լծակ էր ռուսական աշխարհիկ իշխանությունների կողմից ցուցաբերված օժանդակությունը ստանալու հանգամանքը, մանավանդ որ հետզհետե ավելի էր կարեւորվում հայոց դիրքորոշումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության իրականացման գործընթացում: Այդ ակնհայտորեն դրսեւորվեց 1795 թվականի ընթացքում, երբ Աղա Մահմադ խանի կողմից Թիֆլիսի ավերումից հետո սկսեց քննարկվել ու ծրագրվել Ռուսական բանակը Այսրկովկաս ուղարկելու հարցը: Ինչպես հայտնի է, այդ արշավանքին իր մասնակցությունը բերելուն հրավիրվեց անգամ անձամբ Հովսեփ Արղությանը:

Այլ էր իրավիճակը Ռուսաստանում կաթոլիկ դավանանքի հոգեւորականության ներկայացուցիչների հետ հայ հոգեւորականության ունեցած փոխհարաբերությունների պարագայում: Ռուսաստանի կաթոլիկ համայնքում մեծ թիվ էին կազմում հայազգի կաթոլիկները, որոնց առաջնորդն էր Օնոֆրիուս Օհանջանովը [35]: Տեղի տալով Հ. Արղությանի համառ ջանքերին, Ռուսական կառավարության հանձնարարությամբ 1794 թ. հունիսի 18- ին Մոգիլեւի կոնսիստորիան հրամայում է հայ կաթոլիկների առաջնորդ Օ. Օհանջանովին, թե օրենքով արգելվում է բռնի կաթոլիկ դավանանքի դարձնել որեւէ մեկին ( տվյալ դեպքում խոսքը առաջին հերթին հայադավան անձնավորության մասին է ), իսկ հունադավան ռուսներին՝ արգելվում է կրոնափոխ անել ընդհանրապես: Հ. Արղությանը փորձում է ստանալ ավելին. նա, օգտագործելով պահի կարեւորությունը, կառավարությունից պահանջում է թույլատրել կաթոլիկ հայերի վերադարձը հայադավանության եւ միաժամանակ արգելել նաեւ հայերի անցումը ռուսադավանության: Ռուսահայոց համայնքը ԺԸ. դարի վերջին ռուսական իշխանությունների կողմից ստանում է կարեւոր հավաստիացում իր կարգավիճակի ամրապնդման համար:

Պավել Առաջինի 1799 թ. հոկտեմբերի 28- ի հրամանագրերում ընդգծված շեշտվում է, որ թույլատրվում է ազատորեն դավանել Հայոց դավանանքը, կառուցել եկեղեցիներ եւ կրոնական հարցերում ենթարկվել միայն Էջմիածնի կաթողիկոսին ու Ռուսահայոց առաջնորդ Հովսեփ Արղությանին: Ավելին, Ղուկաս կաթողիկոսի մահից հետո, Ռուսական արքունիքը պաշտպանում է Հ. Արղությանի թեկնածության առաջադրումը Հայոց կաթողիկոսական գահի համար եւ Ռուսական բանակի Վրաստանում լինելու հանգամանքով թելադրված՝ Հովսեփ Արղությանի միջոցով է 1801 թ. փետրվարին հրապարակում Վրաստանը Ռուսաստանին միացնելու Պավել Առաջինի հրովարտակը: Այսպիսով, վերոբերյալից ակնհայտ է, որ հայ - ռուսական եկեղեցական հարաբերությունների ուղղվածությունը պայմանավորվում էր քաղաքական հարաբերությունների պահանջով ու մակարդակով

 


 



[1]          « Որպէս Քրիստոս, ըստ ամենատեսակ բարերարութեանն, իշխանութիւն ունի ի վերայ հասարակ մարդկայինս բնութեան, նոյնպէս եւ երկրորդապէս եւ յետ Քրիստոսի՝ Սուրբն Գրիգոր, ըստ բազմատեսակ բարերարութեանն, իշխանութիւն ունի ի վերայ յատուկ ազգիս Հայոց, զորմէ բացասօղն պարտի նախապէս զՀայկազնէութենէն եւ զՔրիստոսական հաւատոյն իւրմէ բացասել: Քանզի որ Հայկածին է եւ հաւատացեալ Քրիստոսի, սովաւ եւ ի ձեռն սորա ունի զհաւատն զայն... » ( Սիմէոն Երեւանցի, Ջամբռ, Վաղարշապատ, 1873, էջ 51):

[2]          Նամակը գրված է 1760 թ., իսկ Թեյմուրազ 2- րդը ճանապարհվել էր արդեն 1759 թ.:

[3]          Ջամբռ, էջ 234:

[4]          Ջամբռ, էջ 271:

[5]          Դիւան հայոց պատմութեան, գիրք Գ, էջ ՃԻԱ - Ճլբ: Г. Эзов. Начало сношений эчмиадзинского патриаршего престола с русским правительством, Тифлис, 1901.

[6]          Պատվիրակության հաջողությանը իր օժանդակությամբ նպաստել էր նաեւ Հովհաննես Լազարյանը եւ այդ առիթով նամակ գրել Սիմեոն Երեւանցուն ( տե՛ս Վ. Դիլոյան, Լազարյանների հասարակական - քաղաքական գործունեության պատմությունից, էջ 140-141):

[7]          Армяно-русские отношения в XVIII в., IV, с. 76-77.

[8]  Տեքստը տե՛ս Е. И. Дружинина. Кючук Кайнарджийский мир. М., 1955, с. 352.

[9]          ՄՄ, Լազարյանների արխիվ, թղթ. 109, գործ 22, վավ. 24. հայերեն բնագիր:

[10]        Армяно-русские отношения в XVIII в., IV, с. 170-171.. Հրովարտակի հայերեն թարգմանությունը տե՛ս « Դիւան հայոց պատմութեան », IX, Թիֆլիս, 1911, էջ 49-52: Նման բովանդակությամբ հրահանգ առաքվել է Արտաքին գործերի կոլեգիայից նաեւ Գ. Ա. Պոտյոմկինին նույն օրը: АВПР, ф. СРА, 100/3, 1764-1800, д. 462, л. 167. копия:

[11]        Армяно-русские отношения в XVIII в., IV, с. 170-171.

[12]        Հայտնի է միայն, որ 1798 թ. Պավել Առաջինը եւս նման հրահանգ ուղարկել էր Կ. Պոլսում ռուսական դեսպան Վ. Տամարային՝ կարգադրելով հնարավոր օգնություն ցույց տալ եւ պաշտպանել Ղուկաս կաթողիկոսի կողմից ուղարկված հայ հոգեւորականներին: ՄՄ, ԿԴ, թղթ. 8, վավ. 15 ( պատճե ): Տե՛ս նաեւ Վ. Ռ. Գրիգորյան. Երեւանի խանությունը 18- րդ դարի վերջում, էջ 197:

[13]        Армяно-русские отношения в XVIII в., IV, с. 156.. Այս վավերագրում խոսվում է Հերակլի կողմից Արարատյան դաշտի 15 հազար հայերի Թիֆլիս փոխադրման, Երեւանի խանի կողմից Էջմիածնի վանքի վեց միաբանների սպանության մասին:

[14]        Армяно-русские отношения в XVIII в., IV, с. 152.

[15]        « Յունվարի 2. ենարալ պօռոճիկ Ալէքսանդր Վասիլիչ Սուվօրօվն եկն առ մեզ ի տեսութիւն. եւ մեր ազնիւ աղայ Յովհաննէսն ընդ նմա ի վերայ նոյն նիւթոյն. եւ ի վերայ երկրացն մերոց բազում հարցմունս արար մինչեւ ցերկու ժամս »: Տե՛ս Армяно-русские отношения в XVIII в., IV, с. 152-153:

[16]        Դիւան հայոց պատմութեան, IX, էջ 45-46:

[17]        Դիւան հայոց պատմութեան, IX, էջ 16:

[18]        Դիւան հայոց պատմութեան, IX, էջ 19-20:

[19]        Ընթերցված քարոզը նախապես թարգմանվել էր ռուսերեն եւ 500 օրինակ տպագիր ձեւով բաժանվել իշխաններին, իսկ գեղեցիկ կազմված մեկ օրինակը Գ. Ա. Պոտյոմկինի միջոցով մատուցվել կայսրուհուն: Օրինակներ էին ուղարկվել գահաժառանգ Պավելին եւ Մարիա Ֆեոդորովնային, որ Հովհաննես Լազարյանի միջոցով փոխանցվել էին Նիկիտա Պանինին՝ հանձնելու ըստ պատկանելվույն: Տե՛ս Դիւան հայոց պատմութեան, IX, էջ 4, 26-27:

[20]        Դիւան հայոց պատմութեան, IX, էջ 6:

[21]        Հովհ. Տէր - Աբրահամեան. Հովսէփ Չորրորդ Երկայնաբազուկ - Արղութեանց, ընդհանրական առաջնորդ ռուսիաբնակ հայոց (1773-1800), իշխան կայսերութեան Ռուսաց եւ կաթողիկոս ամենայն Հայոց. ՍՊբ, 1881, էջ 6-7:

[22]        Դիւան հայոց պատմութեան, IX, էջ 8-9, 42-44:

[23]        Դիւան հայոց պատմութեան, IX, էջ 46:

[24]        Ուշագրավ է, որ Պլատոն արքեպիսկոպոսի քարոզների ռուսերենից հայերենի թարգմանությամբ զբաղվել է նաեւ Հովակիմ Աղազարի Լազարյանը: Տե՛ս Վ. Դիլոյան, նշվ. աշխ., էջ 190:

[25]        "Вероисповедание Армянской церкви", СПб, 1799.

[26]        lia kiknaZe. giorgi avaliSvilis cxovreba da Semoqmedeba. Tb., 1993, gv. 121.

[27]        Իմա՝ архиерей.

[28]        ՄՄ, ԿԴ, թղթ. 6, վավ. 42. բնագիր:

[29]        Հ. Արղությանը, վճռելով դիմագրավել ռուս հոգեւորականության կամայականություններին, Մոսկվայի ու Պետերբուրգի հայ գործիչներին նախապես նամակով տեղեկացնում եւ պահանջում էր նրանց միջամտությունը՝ արքունիքում եւ սինոդում հենարան գտնելու համար:

[30]        Դիւան հայոց պատմութեան, IX, էջ 178:

[31]        Դիւան հայոց պատմութեան, IX, էջ 178-179:

[32]        Նույն տեղում:

[33]        Նույն տեղում:

[34]        Նույն տեղում:

[35]        Օ. Օհանջանովի մասին տե՛ս m. TamaraSvili. istoria kaTolikobisa, gv. 488-490, 823, 833, 835. Ambrosius Eszer. Missionen im Halbrund der L Պ nder zwischen Schwarzen Meer, Kaspisee und Persischem Golf, - Sacrae Congregationis de Propaganda Fide Memoria rerum, Vol. II, 1700-1815, Herder, Rom-Freiburg-Wien, 1973, S. 448. Ա. Էսցերը, հետեւելով Մ. Թամարաշվիլուն, թյուրիմացաբար նրան համարում է վրացի: