Նալբանդյանը եւ նրա ժամանակը(Ա)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/348/ ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ

ՊՈԼՍԱՀԱՅ ԳԱՂՈՒԹԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՆՔԻ ՇՐՋԱՆՈՒՄ


Պոլսահայ ամիրաների դասը: «Էֆենդիների» եւ «էսնաֆների» պայքարը։ Եվրոպական ազդեցությունների հակամարտը: Անգլիական կապիտալի հաղթանակը։ Երկրի տնտեսական քայքայման սաստկացումը: Գավառի կացությունը եւ թյուրքահայ պանդխտությունը։ Ազգային սահմանադրությունը եւ պոլսահայ «լուսավորյալ» բուրժուազիան: Բուրժուա-կղերական բլոկի վարչությունը:

 

Ազգային սահմանադրության շուրջը բորբոքված տագնապն անդրադարձնում էր այն վայրիվերումները, որ ապրում էր Թյուրքիայի մայրաքաղաքն անցյալ դարամիջին: Սահմանադրության բացահայտ հակառակորդները խմբվում էին պոլսահայ ամիրայական դասի՝ հայ առեւտրավաշխառուական կապիտալի այն մագնատների շուրջը, որոնք նահանջել էին Թյուրքիայի նավահանգիստներում խարսխված եվրոպական կապիտալի եւ նրանց շոշափուկների դեր կատարող կոմպրադորական բուրժուազիայի առաջ:

Ամիրաների դասը կապված էր հին, ֆեոդալական Թյուրքիայի հետ։ Հասարակական հինավուրց այդ շերտի միլիոններով հաշվվող հարստությունը դիզվել էր կապալահարկերի, պետական մատակարարումների, բարձր պաշտոնյաների վարկավորման եւ նման այլ միջոցներով: Ամիրաների պետքերին էր ծառայում Անատոլիայի եւ Ռումելիայի բանկային ընկերությունը, որի միջոցով հարստահարության աղբյուր էին դարձնում երկրի՝ գյուղացիության հարկումը: Ֆինանսավորելով ռազմւսական եւ վարչական հիմնարկների պետերին՝ ամիրաները տարածում էին իրենց ազդեցությունը պետական ապարատի վրա: Հաճախ նրանցից էր կախված սադրակամների ու փաշաների բախտը: Նրանց միջից ելնում էին մարդիկ, որոնք դիրք ու ազդեցություն էին նվաճում անգամ սուլթանների պալատում: Նրանց ձեռքումն էր կենտրոնացած ռազմական կապալների ու պետական շինարարության գործը: Այսպես, Տատյան ամիրանե/349/րին էր վստահված սուլթանների գանձարանն ու փող կտրելու իրավունքը, Նրանց ձեռքումն էին վառոդի գործարանները, արքունի ալյուրի եւ հացի մատակարարումը եւ այլն: Տատյանները մեծապես նպաստեցին Նիկոմիդիայի պետական մանուֆակտուրայի զարգացմանը, ինչպես նաեւ երկաթագործական արդյունաբերության կազմակերպմանը: Նրանց նախահայրը՝ նշանավոր ճարտարագետ, վայելում էր Սելիմ եւ Մահմուդ սուլթանների հովանավորությունը: Շարունակելով այդ գործը, նրա ժառանգները վայելում էին Աբդուլ-Մեջիդի վստահությունը: Նշանավոր էին Պալյան ամիրաները, որպես արքունի ճարտարապետներ, կամ Երամյանները, որպես Եգիպտոսի սեղանավորներ: Անվանի դարձան նաեւ Տյուզյաններն ու Պեզճյանները, որպես արքունի փողերանոցի կապալառուներ: Հայտնի է Հարություն Պեզճյան ամիրայի դիրքը սուլթան Մահմուդի պալատում անցյալ դարի 20-ական եւ 30-ական թվականներին: «Պէզճյանի դարը» ամիրաների ազդեցության կուլմինացիոն շրջանն էր: Այդ շրջանի կացությունն են բնորոշում ուշագրավ այն դիտողությունները, որ անում էր Կ. Մարքսի երկերում եւ նամակներում հաճախ վկայակոչվող Դ. Ուրքվարդը՝ ամիրայական դասին պատկանող պոլսահայ սեղանավորների մասին խոսելիս. «Սառաֆների թիվը, գրում էր նա, ութսունից ավել է, կարծեմ, մոտավորապես նույնքան, որքան եւ փաշաների թիվն է: Եվ քանի որ, մերժելով իրենց կանխավճարը, կարող են ամենապարզ քաղքենիների դրության հասցնել նահանգների կառավարիչներին, նրանք իրենց բռունցքը են հավաքում փաստորեն ամբողջ երկիրը, եւ այնքան են ամրացրել իրենց հեղինակությունը, որ ոչ մի սեղանավոր չի համաձայնի որեւէ փաշայի սառաֆը դառնալ կամ ապահովել նրան իր գրավականով՝ մինչեւ որ փաշան չհավաստի այդ վստահությունը նախորդ սեղանավորի ստորագրությամբ. անհրաժեշտ է, որ վերջինիս կողմից վկայվի, թե նա՝ փաշան, լիակատար չափով բավարարել է սեղանավորի պահանջները: Սեղանավորի գործակալը, որ հաճախ նահանգ էր ուղեկցում փաշային, շատ անգամ սառաֆի ազգականն էր: Նրա ձեռով են անցնում դրամական բոլոր գործառնությունները. աժիոտաժն ու կոմիսիոն տոկոսները եկամուտի նշանավոր աղբյուր են նրա համար գործակալը հավաքում է գավառի այն եկամուտները, որոնց դիմաց կանխավճար էր մուծել նրա պետը: Նա է, որ վաճառքի է հանում բնական հասույթները, որ ձգտում է վերցնել ամենացածր գներով, շահելով գների տարբերանքի վրա: Այսպիսով, ամեն մի փաշա ունի իր մոտ այս կարգի մի պահապան, որը արթուն հսկում է նրա ամեն մի շարժմանը եւ կարգադրում նրա բոլոր եկամուտները: Փաշան չի կարող պոկվել այդ պահապանից, քանի որ դիրքով կախում ունի նրանից, չի կարող դավել նրա դեմ, քանի որ գործակալի ստացած եկամուտների հիմքը, ինչպես եւ նրա տեղակալը, գտնվում է /350/ Պոլսում, որտեղ իբրեւ պատանդ ապրում է նրա ընտանիքը՝ իրավունք չունենալով ժաժ գալ տեղից: Այս սիստեմի գլխավոր անհարմարությունն այն է, որ սառաֆները ձգտում են, իհարկե, թաքցնել փաշայից իրենց բարձր ու նշանավոր եկամուտները, որ եւ հաջողվում է նրանց ըստ ամենայնի, քանի որ հրաման են ստանում ժողովել տուրքերը, նախքան կսկսվեր հունձը: Հարկադրելով, որ գյուղացիները կանխավ մուծեն իրենց տուրքերը, բանկիրն ամսական երկու ու կես տոկոսով վարկ է բաց թողնում նրանց, ապա հունձից հետո իջեցնում նրանց վաճառահանած բերքի գինը: Հեռացնելով բոլոր մրցակիցներին՝ նա վերասակարկում եւ իջեցնում է գյուղատնտեսական մթերքների գները, չնայած որ մի անգամ իջեցրել էր արդեն… Բանկիրների այս կազմակերպության միջոցով Թյուրքիան շրջապատում է նահանգական իր վարչությունը ֆինանսական ստրկության շղթայով. փաշաներն իրենց հերթին դիմում են կամայականությունների, որով անընդհատ թշնամանք է առաջանում նրանց եւ հպատակ նահանգների միջեւ: Նրանք դիզում են հարստություններ, ժողովում զորք եւ ձեռք բերում մեծության եւ ուժի երեւույթ, մինչդեռ ոչինչ չկա նրանց իշխանության տակ, քանի որ իրենց հեղինակությունը պահպանելու համար գործադրած միջոցները միաժամանակ ժողովրդական Ատելության առարկա են դարձնում նրանց» [1]:

Ուրքվարդի նշումները վկայում են ամիրաների կարեւոր դերը: Սակայն սխալ կլիներ մտածել, թե փաստական իշխանությունը երկրի ֆեոդալ տերերը չէին կամ նրանց եվրոպական վարկատուները, այլ միայն վերջինների մենատիրությունը սահմանափակող հայ սեղանավորները: Նկատենք, ի դեպ, որ այդպես ներկայացնում են իրադրությունը ոչ միայն Թյուրքիա խուժած անգլիական կապիտալի իդեոլոգները, այլեւ ամիրաներին բնութագրելու ջանասիրությամբ հափշտակված հայ հեղինակներ րից ոմանք, կարծելով, թե «իշխողը, կառավարողը թյուրք մեծավորը չէր ոչ բազմահռչակ փաշան, զորքերի ու լայնատարած նահանգների գոռոզ, ինքնակամ փաշան, կամ անգամ սուլթանն ինքն, այլ իր սնդուկի առջեւ ծալապատիկ նստած եւ իր ոսկին երը դարսող հայ վաշխառուն» [2]:

Պարզունակ այս հայացքը հերքվում է թեկուզ հենց նրանով, որ փաշաների եւ սուլթանների ռեժիմը ստեղծվել էր շատ ավելի վաղ, քան ամիրայական կապիտալը, ինչպես նաեւ նրանով, որ այդ ռեժիմը շարունակում էր ապրել, չնայած, որ տեղի տալով ֆրանսիական եւ գերմանական բանկիրներին, վաղուց արդեն չքացել էր ամիրայական դասը եւ դադարել փաշաների վարկավորումը սառաֆների ձեռքով: Ինչպես սուլթանների եւ փաշաների ռեժիմը, այնպես եւ ամիրայական կապիտալը ծնված էին /351/ թյուրք ֆեոդալիզմի ծոցից եւ սնվում էին երկրի ճորտական վիճակում դեգերող գյուղացիության հաշվին. սակայն պարզ է, որ իշխանությունը Թյուրքիայում գտնվում էր ֆեոդալների ձեռքում եւ կենտրոնանում դրանց շահերը պաշտպանող սուլթանների եւ փաշաների մեջ միայն: Չենք խոսում, հարկավ, եվրոպական կապիտալի ու կապիտուլյացիաների մասին, որոնց դերը Թյուրքիայի կյանքում անհամեմատ ավելի տեւական էր եւ ազդեցիկ, քան թյուրք ֆեոդալներին ու մեծավորներին սպասավորած մի քանի տասնյակ մեծահարուստ հայ սառաֆների դերը:

Ամիրաներն ունեին իրենց բազմահարկ եւ բազմասրահ ապարանքները, որտեղ ապրում էին իրենց կանանցով, մանկլավիկներով, տակառապետներով, «ամենճիներով» ու հացկատակներով: Նրանք ունեին իրենց «քեահյան» (գրասենյակը), ուր ելումուտ ունեին նրանց գործակատարները, գրագիրները: Ամիրաների շուրջը թեւանցուկ պտտում էին նրանց հետեւորդ աղաներն ու կլիենտները, նրանց խորհրդատու բանգետներն ու «պատվելիները» [3]: Ազգային կյանքի վրա ազդում էին նրանք իրենց հովանավորած հիվանդանոցի կամ անկելանոցի, դպրոցի կամ եկեղեցու անթացուպերով: :

Նրանց գործիք էին դառնում հաճախ Պոլսի հայ պատրիարքներն ու սրանց ենթակա եկեղեցաթեմերի առաջնորդները: Հաճախ ուռճանում էին ամիրաները ոչ միայն համապետական տուրքերի, այլեւ պատրիարքական հասույթների եւ քրիստոնյաներից գանձվող գլխահարկի կապալառման ճանապարհով: Մինչեւ Թանզիմաթի հրատարակությունը պատրիարքներն իրավունք ունեին դատել, պատժել ու աքսորել եկեղեցական եւ աշխարհական այն հայերին, որոնք անհնազանդ էին գտնվել կամ մեէ անչել կրոնական ավանդության դեմ: «Պատրիարքարանին անունը ահարկու էր այն ժամանակ, պատմում է Կ. Ութուճյանը: Երբ բարապան մը մեկուն ներկայանար եւ «հրամմե, վեքիլ հայր սուրբը (իմա՝ պատրիարքի տեղակալը, Ա. Հ. ) քեզի կուզե» ըսեր, մարդուն թուքը կը ցամքեր բերնին մեջ եւ ոտքով ձեռքով դողալ կսկսեր: Ընդդիմանալ կարելի չէր: Բարապանը վերարկվի տակ անրավոր շղթա մ՚ուներ, զոր ընդդիմացողին վիզը կանցուներ բռնությամբ եւ այնպես կքաշեր, կտաներ՝ գամփռ տանելու պես, եւ ոչ ոք կարող էր ձեռքեն առնուլ: Վեքիլ հայր սուրբին հետ մանավանդ կատակ կարելի չէր: Առանց երկար հառաջաբանի, կպառկեցումներ պատկառելի խալփախով եւ լայնաքղանցք վերարկվով պարոնը կամ աղան եւ 25—30 գավազանի հարվածով կմեծարեր» [4]:

/352/ Պատրիարքի այս իրավունքը օգտագործում էին իրենց հակառակորդների դեմ շատ հաճախ ազդեցիկ ամիրաները: Նույն վիճակն էր տիրում նաեւ գավառներում առաջնորդների եւ աղաների անսահման տիրապետության հետեւանքով: Ընթերցողին դժվար չէ մակաբերել այս ամենից, թե Աշտարակեցու վեքիլական ռեժիմը կղզիացած վերապրուկ չէր, այլ ամիրայական այս եկեղեցավարության ուրույն մի կրկնակ:

Չի կարելի ասել, իհարկե, թե ամիրաները բանեցնում էին միայն արդարադատության սաստիչ գավազանը: Բարբարոս եւ բռնավոր բարքով եւ իշխանավարությամբ՝ նրանք, այնուամենայնիվ, չէին ժխտում «հոգեւոր զենքի» արժեքը:

Սեփական հարկի տակ լիառատ տուրք վճարելով թյուրք լեզվին եւ թյուրք իշխողների բարքերին ու մշակույթին՝ ազգային կյանքում իշխող դիրք պահպանելու համար ամիրաները հանդես էին գալիս որպես հայ եկեղեցական ու կուլտուրական հիմնարկների ու ձեռնարկների մեկենասներ: Կրոնական սնահավատքի եւ միջնադարյան դպրության քուրմերի ձեռքով նրանք տարածում էին իրենց շոշափուկները ծխական համայնքների, դպրոցների, մամուլի եւ գրականության վրա: Իբրեւ ազգի «բարեկարներ»՝ ամիրաները միապետորեն տնօրինում էին եկեղեցիների կառուցման, հիվանդանոցների եւ անկելանոցների հիմնադրման, գերեզմանատների բարեզարդման, դպրոցների բազմացման ու ֆինանսավորման եւ գրքերի հրատարակության գործերը: Այսպես, Պեզճյան ամիրան է, որ հիմնեց Պոլսի «Մայր վարժարանը», որը Գ. Փեշտիմալճյան պատվելիի ձեռքի տակ բարձրագույն դպրոցի դեր էր կատարում ժամանակին: Պեզճյանն էր հիմք դրել Փրկչի Ազգային հիվանդանոցին, նրա ծախքով հրատարակվեց նշանավոր «Հայկազյան բառարանը» եւ բազմահմուտ Գեւորգ դպրի պարսկահայ բառարանը: Պեզճյանի դպրոցին հաջորդեց Խասգյուղի վարժարանը՝ Ճեզաիրլյան եւ Նեւրուզյան ամիրաների ջանքով: Սկյուտարի հայտնի ճեմարանը եւս հովանավորված էր ամիրաների՝ Սերվերյանի եւ Պալյանի կողմից: Իրենց այս ձեռնարկություններով «քրիստոսազոր» ամիրաները պահում էին իրենց դասակիցների վարկը: Երբ հռչակվեց Թանզիմաթը, դրա դեմ տրտնջաց ոչ միայն թյուրք, այլեւ քրիստոնյա արտոնյալ դասը եւ դրանց շարքին՝ նաեւ հայ ամիրայությունը:

Տակավին անցյալ դարի 20—30-ական թվականներին պոլսահայ հին սեղանավորների կողքին տեղ էին բռնում եւ հետզհետե դրության տեր դառնում Եվրոպայի հետ կապված բանկիր-կապիտալիստները, որոնք մինչ այդ զբաղված էին միայն համեմների եւ մանուֆակտուրայի ներմուծման գործով: Պոլսահայ մանուֆակտուրիստների անդրանիկ սերունդն էր այդ, որ գալիս էր հերթափոխելու սարաֆ ամիրաներին: Յուրացնելով առեւտրի եվրոպական ձեւեր՝ նորելուկ կապիտալիստները /353/ հալածում էին վաշխային առեւտրի մեթոդները, յուրացնելով «քաղաքակիրթ» դարին համապատասխան շահաստացության եղանակներ [5]:

Ամիրայական կապիտալի դեմ պայքարելով՝ էֆենդիական կապիտալի։ ներկայացուցիչները ազդեցության զորեղ հենակետ գտան արհեստավոթության մեջ, որ մեծամասնություն էր կազմում առեւտրի, արդյունաբեթության եւ արհեստագործության բոլոր ճյուղերի մեջ: Ե՛վ սառաֆները, ե՛ւ առեւտրականները, ե՛ւ արդյունաբերողները, ե՛ւ արհեստավորները, ե՛ւ բանվորները կազմակերպված էին որպես էսնաֆական միություններ: «Պետք է ընդունիլ, գրում է Ալպոյաճյանը, թե ազգն այն ատեն կներկայացնեին ավելի դասակարգերը, քան թե ազատ քաղաքացիական խումբերը, վասնզի արհեստապետությունները (էսնաֆ) զորավոր կազմակերպություն ունեին, եւ իրենց արհեստապետովը եւ արհեստապետական ժողովներովը (լոնճա օդասը) կներկայացնեին տեսակ մը ինքնագլուխ վարչություններ, որոնք հավաքաբար կկատարեին էսնաֆի մը ամբողջական ներկայացուցիչի հանգամանքը: Հետեւաբար, երբ ամեն էսնաֆ իր ներկայացուցիչը կունենար էսնաֆին լոնճայեն ընտրված՝ արդեն բոլոր ազգը իր ներկայացուցիչն ունեցած կըլլար ազգային գործոց մեջ» [6]:

Բայց սրանով էլ հենց սահմանափակվում է էսնաֆներին անդամակցող էֆենդիների եւ նրանց առաջ քաշած մտավորականության պրոգրեսիվ դերը: Պոլսահայ «լուսավորյալ», «ազատական» բուրժուազիայի այդ ձայնատարները օբյեկտիվորեն ներկայացնում էին երկրի ուրույն զարգացումն ու տեղական, ազգային շահերը խախտող կոմպրադորական կապիտալի շահերը: Երկրի ներսում աճող արտադրական ուժերի արտահայտիչները չէին նրանք, այլ նրա կենդանի ուժերը քամող եվրոպական եկամուտ սիստեմի գործակալներն ու տարածիչները:

Մինչեւ 19-րդ դարի կեսերը պոլսահայ նոր, «եվրոպականացած», բուրժուազիան կապված էր իտալական եւ ֆրանսիական կապիտալի հետ: Այսպես, տակավին 19-րդ դարի սկզբին Հալեպում գոյություն ուներ ֆրանսիական ինը առեւտրական տուն՝ իտալական ու անգլիական երեքական եւ հոլանդական մեկ տան կողքին: Քաղքենի հին ու նոր սերունդների պայքարը տեղական, պետական-ռազմական կապալներով սնվող առեւտրա-վաշխառուական կապիտալի եւ նրան գործիք դարձած կղերի ու նոր բարձրացող իտալո-ֆրանսիական կապիտալի առաջ ուղիներ հարթող կոմպրադորական բուրժուազիայի ու սրան ձայնակցող էսնաֆների պայքարն էր փաստորեն: Իտալական ու ֆրանսիական կապիտալի գերազդեցիկ ուժին պետք է վերագրել հենց իտալական եւ, մանա/354/վանդ, ֆրանսիական ազդեցությունը պոլսահայ բուրժուազիայի «ալաֆրանկա» կենցաղի ու տարազի, լեզվի ու գրականության, մամուլի ու թատրոնի եւ լուսավորական բովանդակ կյանքի վրա: Թյուրքահայ Ազգային սահմանադրության իսկ հեղինակ հանդիսացան բուրժուազիայի երիտասարդ, այն գաղափարախոսները, որոնք 1848 թ. փետրվարյան ռեւոլյուցայի նախօրյակին ազգային սկզբունքի» եւ «սահմանադրական ազատության» հոտ էին առել Փարիզում, բայց արծարծվող ռեւոլյուցիայի ընթացքում զգացել սրտի այն դողը, որ ազդել էր նրանց նույն այդ սկզբունքների անունով բուրժուազիայի տիրապետությանը սպառնացող ժողովուրդը՝ փողոցներում բարիկադներ կառուցող բանվորական մասսաները…։

Իտալո-ֆրանսիական կապիտալի հետ զորեղ մրցության է բռնվում անգլիականը՝ տակավին 19-րդ դարի կեսերից: Թյուրքահայ առաջին առեւտրականների տողանցումը դեպի Մանչեստր, Լոնդոն եւ Լիվերպուլ սկսվել էր 30-ական թվականների սկզբներից: Այդտեղ հաստատված հայ առեւտրական տները, վայելելով անգլիական վաճառատների ու գործարանների վարկը, իրենց ճյուղերի միջոցով տարածում էին Թյուրքիայում անգլիական մահուդն ու կտավը եւ երկաթ մատակարարում Պոլսի շուկային ու պետական օրգաններին [7]: 50—60-ական թվականներին նոր թափ է ստանում Պոլսի եւ Զմյուռնիայի հայ վաճառականների մղումը դեպի անգլիական վաճառաշահ քաղաքները. նորեկ առեւտրականները ոչ միայն չէին լքել Պոլսի եւ գավառների իրենց գործերը, այլեւ կապվելով Արեւմուտքի հետ՝ ապահովում էին անգլիական ապրանքների մենատիրական մուտքը Թյուրքիա [8]:

Մրմրյանը՝ պոլսահայ բուրժուազիայի անգլոֆիլ պատմագիրը, չթաքցնելով պահպանողական ու հակադեմոկրատական իր նախասիրությունները, նկարագրում է, թե ինչպես «ֆրանսիական աստանդիկ բարքերն ու կարգերը» ընդօրինակող բուրժուազիայի զավակները, որոնք, մինչ այդ, «շալկած իրենց Վոլդերն ու Տիդրոն եւ նմանները, ի վաճառ կհանեին ամեն նորաձեւություն, ամեն փոփոխություն, ամեն զեզեկություն հանուն կրթության հառաջդիմության եւ իմաստասիրության», 50—80 -ական թվականների ընթացքում զիջում էին իրենց տեղն ու դիրքը անգլիական «զգոն ու լուրջ» ոգուն: «Հին ամիրայության բիրտ ու անիմաստ եւ անտանելի հրամանատանության հետ, գրում է այդ հեղինակը, հաջողելու էր եւ հաջողեցավ սահմանափակել իմաստակ նորասերներու ֆրանսիկ, եւ ըսենք, պոռնիկ ալ ծայրահեղությունները, որ /355/ եւ ոչ մեկ էական բանով հաշտ էին հայ բարքերու եւ կենցաղներու հետ» [9]:

Այնուամենայնիվ, ֆրանսիական ազդեցությունը տակավին ամուր դիրքեր ուներ Թյուրքիայում: Ֆրանսիական ձեռքում էր գտնվում Սուեզյան պարանոցի եւ թյուրք երկաթուղիների կառուցման գործը, հանգամանք, որ ենթարկում էր նրա ազդեցությանը Եգիպտոսը եւ միաժամանակ ստորագրում նրա տնտեսական ուժին Հնդկաստանի ամենակարճ ուղին: Ֆրանսիական ձեռքումն էին գտնվում այդ պահին նաեւ թյուրքական մուրհակների ու արժեթղթերի մեծագույն մասը, ինչպես նաեւ. թյուրք, հույն եւ հայ «եվրոպականացած» ինտելիգենցիայի դաստիարակության գործը: Այս դրությունը վերջ է առնում ֆրանս-պրուսական պատերազմից հե| տո, երբ ֆրանսիական ազդեցությունը տեղի է տալիս անգլիականին, որի հետ հետզհետե մրցության պիտի ելնեին Թյուրքիայում գերմանականը եւ ռուսականը: Այնուհետեւ, գերակշռող անգլիական կապիտալի ուժ էր տալիս իր հետ կապված գաղութահայ վաճառականներին: Երկրում հաստատած նրանց ճյուղերը փաuտապես Անգլիայի հետ կապված թյուրքահայ բուրժուազիայի առեւտրական տներն էին: Սրանց գործակալներն անցնում էին Պոլսից Զմյուռնիա, Ադրիանուպոլիս, Նիկոմիդիա, Կեսարիա, տարածում էին իրենց ազդեցությունը Ռումելիայի նավահանդիստների եւ գյուղաքաղաքների վրա, հայ, հույն, հրեա եւ այլ օտաճիների (մեծավաճառների) միջոցով ծախում երկրի խուլ անկյուններում Անգլիայից մուծված ապրանքները [10]:

Թե ինչ նպատակներ էր հետապնդում այդ պահին Անգլիայի առեւտրական քաղաքականությունը, այդ մերկացված է անգլիացի բուրժուսկան տնտեսագետ Քերիի մոտ. «Մեր երկրի ահագին կապիտալները հանդիսանում են պատերազմի գործիքներ՝ ուղղված օտարերկրյա կապիտալների դեմ… Դա մի պատերազմ է, որ նպատակ ունի այլ երկրների բնակիչներին սահմանափակելու միայն հողագործությամբ, վանելու նըրանց արդյունագործության բազմատեսակ ճյուղերից, դանդաղեցնելու նրանց մտավոր զարգացումը, ընդարմացնելու երկրի մետաղահանքերը մշակելու ամեն մի շարժում, դժվարացնելու երկաթի արդյունահանումը, քչացնելու աշխատանքի պահանջը, մեր ձեռքն առնելու այս բոլորը՝ թե՛ տանը, թե՛ արտասահմանում եւ, այսպիսով, բոլոր երկրների ֆերմերներին ու պլանտատորներին ստրկացնելու Անգլիայի տիրապետությանը» [11]:

Պոլսահայ բուրժուազիայի կապը եվրոպական կապիտալի հետ դարձնում էր նրան երկրի գաղութային շահագործման եւ քաղաքական /356/ ստրկացման գործիքներից մեկը: Եվրոպական կապիտալի հանձնակատարները դառնում էին, ի վերջո, երկրում տիրող ֆեոդալական կարգերի ալահնորդները, արտադրական ուժերի քայքայման եւ մասսաների պաուպերացման գործոնները:

Թյուրքիայի տեղական առեւտուրն ու արդյունաբերությունը, որ համեմատաբար կայուն վիճակ ուներ դարասկզբին, թեւակոխում է դարս՝ միջին անկման մի շրջան, Հենց շնորհիվ նրան, որ երկրում հաստատվում էր եվրոպական կապիտալի գերիշխանությունը: Տերությունների հաստատած վաղեմի կապիտուլյացիաներին զուգընթաց՝ այդ ուժն է, որ պատճառ է դառնում երկրի նյութական դեգրադացիային եւ գաղութային uտըրկացմանը: Կապիտալի այդ արշավը դեպի Թյուրքիա նկարագրել է դեռ Ֆր. Էնգելսը: 1840—1851 թ. թ. ընթացքում է, նշում էր նա, որ անգլիական էքսպորտը դեպի Թյուրքիա շուրջ 1 ու կես միլիոն ֆունտ ստեռլինգից հասավ 3 ու կես միլիոն ֆունտ ստեռլինգի, գումար, որի 2/3-ն ընկնում՝ էր Սեւ ծովի նավահանգիստների եւ առաջին հերթին՝ Պոլսի ու Տրապիզոնի վրա [12]:

«Կ. Պոլիսը եւ մանավանդ ասիական Թուրքիայում գտնվող Տրապիզոնը, գրում էր էնգելսը, ներքին Ասիայի, Տիգրիսի եւ Եփրատի հովիտների, Պարսկաստանի եւ Թուրքեստանի քարվանային առեւտրի գլխավոր շուկաներն են: Եվ այդ առեւտուրն արագորեն աճում է: Հիշյալ երկու քաղաքներից հույն եւ հայ վաճառականները մուծում են անգլիական գործարանային ապրանքներ, որոնք, իրենց ցածր գների շնորհիվ, ասիական հարեմներից արագորեն դուրս են վանում տնայնագործական արտադրությունները: Իր դիրքի շնորհիվ Տրապիզոնն ավելի է համակերպված այդ, առեւտրին, քան որեւէ այլ կետ: Նրա հետնախորքի վրա գտնվում է Հայկական բարձրավանդակը, որ ավելի մատչելի է, քան սիրիական տափաստանը, եւ բավականաչափ մոտ է գտնվում Բաղդադին, Շիրազին ու Թեհրանին. վերջինս տրանզիտային շուկայի դեր է կատարում Խիվայից եւ Բուխարայից եկող քարավանների համար: Մանչեստրի շուկաներում կարելի է աչքով տեսնել, թե ինչ ուժով է զարգանում այդ առեւտուրն առհասարակ. այնտեղ միշտ ավելի մեծ քանակությամբ են երեւում թխամորթ հույն վաճառականներ, եւ գերմանական ու անգլիական լեզուների հետ միատեղ միշտ ավելի հաճախ ես լսում հունարենն ու հարավ-սլավոնական լեզուն» [13]:

Էնգելսի գծագրած ընդհանուր պատկերը կարելի է կոնկրետացնել հետաքրքրական այն դիտողություններով, որ անցյալ դարի կեսերին անում էր Թյուրքիայի կացությանը տեղյակ մի հեղինակ՝ Ուբիչինին: /357/ «Բազմաթիվ եւ բամատեսակ մանուֆակտուրային այն ձեռնարկությունները, գրում էր այդ հեղինակը, որոնց միջոցով Թյուրքիան ոչ միայն ծածկում էր իր կարիքը, այլեւ դուրս էր գալիս Արեւելքի բոլոր շուկաները… գոյություն չունին այլեւս կամ գտնվում են անկյալ վիճակում»: Ուբիչինին բերում է բազմաթիվ օրինակներ, որոնք ցույց են տալիս մետաքսի, բամբակի եւ թիֆտիկի մանուֆակտուրաների, շալի, կրեպների եւ գազերի արհեստանոցների, թամբերի, գորգերի ու սանդալների ձեռարվեստի եւ առեւտրի անկումը Թյուրքիայում [14]: Իբրեւ եվրոպական կապիտալի ձայնատար, Ուբիչինին պնդում էր, որ ապարդյուն են Թյուրքիայի ջանքերը՝ դիմագրավել եվրոպական կապիտալի հարվածներին. ագրարային երկիր մնալու փոխարեն՝ զուր են ինդուստրիական պետություն դառնալու ուղղությամբ նրա կատարած ճիգերը: Անգլիայից երկաթ մուծելու փոխարեն՝ կառավարությունը, ասում է նա, կառուցում է Պոլսում մետաղագործարան՝ հրավիրելով նույն Անգլիայից մեքենագետներ, ներմուծելով անգլիական մեքենաներ ու նյութեղեններ: Արդյունքը լինում է այն, որ ներմուծված երկաթն արժե 42 ղուռուշ, տեղականը՝ 50 ղուռուշ եւ Պեշիկթաշում հիմնված երկաթագործարանը վերածվում է, ի վերջո, խոտապահեստի: Ավելի երջանիկ վախճան չունեցան մյուս գործարանները… [15]

Արտադրական ուժերի քայքայման պրոցեսն անդրադառնում էր նաեւ սյետական կյանքին: Թյուրքիայի արտաքին առեւտուրը տարեցտարի գոցվում էր պասսիվ բալանսով: Զուգընթացաբար աճում էր պետական պարտքը: Ֆինանսական կախման հետ աճում էր նաեւ նրա քաղաքական կախումը եվրոպական պարտատերերից: Թյուրքիան քրոնիկորեն «հիվանդ մարդուն կացության դատապարտող կապիտուլյացիաների սիստեմը հավերժացնում է երկրի քաղաքական անդամալուծությունն ու ֆեոդալական անարխիան: Գյուղացիության ճորտական վիճակը, փաշայական ռեժիմը, մասսաների հարստահարության ու ճնշման տարեցտարի բազմացող փաստերն անել վիճակ էին ստեղծում երկրի տնտեսական զարգացման առաջ, ընդարմացնում նրա դիմադրությունը օտար կապիտալի ու օտար դիվանագիտության հանդեպ:

Օտար վաճառականներն ավելի մեծ արտոնություններ էին վայելում երկրում, քան իրենք՝ թյուրքերը: Դեռ 1830-ական թվականներին թյուրք առեւտրականները պիտի վճարեին 5 տոկոս մաքս, իրանցիները՝ 4 տոկոս, եվրոպացիները՝ 3 տոկոս, առանձին արտոնություններ վայելող եվրոպացիները՝ դեռ սրանից էլ քիչ: Ապրանքը սովորաբար լիակշիռ կամ լիարԺեք չէր հաշվվում, այնպես որ, փաստորեն, մուծվող ապրանքների /358/ մաքսը մեկ կամ երկու տոկոսից չէր անցնում: Արտածվող` ապրանքների վրա, ընդհակառակը, դրվում էր 12 տոկոս մաքս, հանգամանք, որ Թյուրքիայի գաղութային կախման հայտարարն էր ինքյան [16]:

Թյուրքահպատակ քրիստոնյաները եվրոպացիներին հավասար մաքսային արտոնություններ վայելելու համար հատուկ տուրք էին վճարում գանձարանին՝ կազմելով «բերաթլի» անունը կրող առեւտրականների հատուկ կատեգորիա: Այս կարգի առեւտրականներ կային ծովեզրյա քաղաքներում՝ Զմյուռնիայում, Պոլսում, Տրապիզոնում [17]: Եվրոպական կապիսոալի ագենտների շարքում խոշոր դեր էին կատարում «ազատ առեւտրի» սկզբունքը խնկարկող հայ մանչեստրականները: Էնգելսի բնութագրության մեջ տակավին երկրորդական տեղ էր հատկացված հայ վաճառականությանը: Եվ դա հասկանալի է: Մինչեւ 19-րդ դարի կեսերը Պոլսի եւ Ռումելիայի հայ առեւտրական տները սերտ կապ չունեին Անատոլիալի եւ, մասնավորապես, Հայաստանի շուկաների հետ: Նրանք հարստանում էին գլխավորապես ապրանքների ջրային ու ցամաքային տրանզիտի հաշվին: Գավառային ներքին շուկան նրանց չէր շահագրգռում ո՛չ իբրեւ արտադրողի եւ ո՛չ իբրեւ վաճառողի: Լավագույն դեպքում սպառում էին միայն գավառի գյուղատնտեսական մթերքները, թեեւ ամեն հնարավորություն ունեին նաեւ այս դեպքում գավառի մատակարարածը փոխարինելու արտասահմանի մթերքներով: Արեւելյան Անատոլիան եւ Կիլիկիան կազմում էին հայ վաճառականության հենարան, մի տեսակ առեւտրական Hinterland, որի տնտեսական եւ քաղաքական նվաճումն օրակարգի նյութ պիտի դարձներ նա 1878 թ. Բեռլինի կոնֆերանսից հետո միայն: Թյուրքահայ գավառն ուներ, անշուշտ, իր բուրժուազիան: Սոցիալական այն տարրն էր այդ, որ նոր էր ոտքի ելնում բուն երկրում՝ Արեւելյան Անատոլիայում եւ Կիլիկիայում: Նա չուներ արտաքին խոշոր կապեր եւ ներդրման մեծ միջոցներ: Արտադրական զորեղ հենարանից ու հաղորդակցության հարմար միջոցներից զուրկ՝ նա չուներ ներքին կամ արտաքին քաղաքական պաշտպանություն: Անկարող շոշափելի տեղ բռնելու բանկային կամ մանուֆակտուրային կապիտալի շրջանառության մարզում՝ նրա վերելքը պայմանավորված էր բացառապես տեղական արտադրության եւ առաջին հերթին՝ գյուղացիական արտադրության վաճառահանման հետ: Կառչած «բնաշխարհին», տեղական արտադրության ու տեղական բերքի արտահանման հոգսով մտազբաղ, զուրկ մայրաքաղաքային բուրժուազիայի վայելած «սահմանադրական» իրավունքներից՝ գավառահայ բուրժուազիան ավելի մոտ էր գյուղացիությանն ու արհես/359/տավորությանը, ավելի զգաստ դեպի սրա պահանջները: Նրա առաջավոր ձայնատարները պայքարի մեջ էին ֆեոդալների եւ առեւտրա-վաշխառուական ցեցերի հետ: Նրա գաղափարախոսներից մեկը՝ Մ. Խրիմյանը, քանի դեռ չէր լքել գավառը եւ չէր կորցրել կապերը գավառի ժողովրդի հետ, քարոզում էր ժողովրդասիրական, հայրենասիրական իդեալներ, լուսավորում արտադրող մասսայի միտքը, խրախուսում արտադրության բարձր եղանակներ, շարժում գավառահայ բուրժուազիայի ազգային-քաղաքական մրափած եռանդն ու գիտակցությունը: Ազգային-քաղաքական հայացքներով ու ձգտումներով գավառահայ բուրժուազիայի այդ քարոզիչն ու նրա հետնորդներն ավելի մոտ էին ժողովրդի կարիքներին ու ավելի ներգործուն քաղաքականապես, քան «ազգի» անունից ճամարտակող գաղութահայ «սահմանադրականները», գեթ անցյալ դարի 50—60-ական թվականներին:

Գավառը տուժում էր ոչ այնքան եվրոպական կապիտալի անմիջական ներգործությունից, որքան այն ավերիչ ազդեցության հետեւանքով, որ ունենում էր եվրոպական կապիտալը Թյուրքիայի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական ընդհանուր կացության վրա: Արտասահմանյան հսկողության տակ օտար վարկերի դիմաց վճարելիք տոկոսները՝ մյուս շահույթների հետ միատեղ, վերջին հաշվով դուրս էին քաշվում տեղական մանր արտադրողների եւ ամենից առաջ՝ գավառի գյուղացիության` գրպաններից: Թյուրքահայ գավառների գյուղատնտեսությունը հանգչում էր պրիմիտիվ տեխնիկայի վրա: Արտադրության անզարգացած վիճակը, լծկանների եւ կաթնատու կամ մսատու անասունների սակավությունը, Հաղորդակցության կանոնավոր ճանապարհների բացակայությունը, կամ նրանց անապահով վիճակը, հնարավորություն չէին ստեղծում գյուղատնտեսության ապրանքայնացման համար: Գյուղացին մտահոգված էր սոսկ իր ընտանիքի նվազագույն պահանջմունքը ծածկելու եւ փաշաներին ու դերեբեյիներին տրվելիք բազմազան տուրքերը կամ վաշխառու չորպաճիների պահանջած պարտքի վիթխարի տոկոսները վճարելու խնդրով։

Պետական ապարատի ծանրության տակ ճնշված վալիների եւ դերեբեյիների կեղեքումների ու հալածանքների դեմ, չորպաճիների ձեռքերով նյութասյես քամվող գավառներում, ծայր են առնում եւ տարեցտարի սաստկանում գյուղացիների սուր տրտունջներն ու բողոքները: Արեւելյան Անատոլիայի եւ Կիլիկիայի գյուղացիների ու արհեստավորների արտադրանքը չափող փաշաների ու ամիրաների, ոստիկանների ու շեյխերի, հարկահանների ու չորպաճիների կողքին բուսած եվրոպական կապիտալը սաստկացնում էր երկրի արտադրական ուժերի քայքայումը, ուժեղացնում ու արագացնում սովալլուկ գավառացիների արտագաղթը: Կարիքի անդիմադրելի հարկին զիջելով՝ գավառի գյուղացիները մասսայաբար /360/ դիմում են դեպի ծովափնյա շրջանները: Սակայն տեղական կապիտալի բացակայությունը կամ նրա խեղդված վիճակն ավելի լավ կացություն չեն խոստանում նրանց նաեւ այստեղ: Հայ գաղթականները զբաղվում էին չոփջիությամբ (աղբակրությամբ) կամ թուլումբաջիությամբ (ջրկիրությամբ), ապրում ետ ընկած խաներում եւ բաղնիքների թուլամբարներում [18]:

Նկարագրված դրությունը շարունակվեց եւ ավելի լայն ծավալ ընդունեց հաջորդ տասնամյակներին: Քաղաքների մանր արդյունագործության եւ դրա հետ նաեւ գյուղական մանր արտադրության կազմալուծումը ստացավ խոշոր չափեր՝ համապատասխան արտահայտություն գտնելով նաեւ մայրաքաղաքի հայ բնակչության կյանքում: Այսպես, պոլսահայ Ազգային ժողովի հաշվով՝ 1860 թ. գավառահայ «պանդուխտների» թիվը հասնում էր 15 հազարի [19]: Պատրիարքարանի տվյալներով՝ համապատասխան թիվը 70-ական թվականներին հասնում էր 30 հազարի [20]: Նույն տարիների համար Րաֆֆին պանդուխտների թիվը նշում էր 45 հազար [21]: Միայն հենց Պոլսում գտնված վանեցի պանդուխտների թիվն այդ պահին, Մ. Փորթուգալյանի ասելով, 20 հազարի էր հասնում» [22]: 1882 թ. Ա. Թոխմախյանը պոլսահայ պանդուխտների թիվը 40 հազար էր հաշվում [23]: 1886 թ. «Արձագանք»-ի աշխատակիցը հասցնում էր այդ թիվը 50—60 հազարի: Մի այլ տվյալի համաձայն՝ 1868 69 թ. թ. ընթացքում միայն հենց Պոլսի մութ ու խոնավ խաների մեջ մեռնող պանդուխտների թիվը հասել էր 1700 հոգու [24]: Ժողովրդական այս տարրը կազմում էր Պոլսում հայ բնակչության ամենից վարի խավը, «խապա»-ների մասսան, մայրաքաղաքի բեռնակիր եւ սեւագործ բանվորների կոնտիգենտը: 1895 թ., համիդյան ջարդերի տարում, արգելվեց գաղթականների մուտքը Պոլիս, որոնց տարեկան ներգաղթը այդ պահին հասնում էր 7 000 մարդու [25]:

Բայց միայն դեպի Թյուրքիայի ծովամերձ շրջանները չէ, որ շարժվում էր գաղթականության հոսանքը: Այն շարժվում էր նաեւ դեպի Անդրկովկաս: Այսպես, դեռ «Պարապ վախտի խաղալիք»-ի հեղինակն է գծագրել չորեխ (ճախարակ) քաշելու համար «Քրդստանից» եկած պանդուխտ մշակի կերպարը: Մի այլ տեղ նա գծագրում է Հին Բայազետից գաղթած քիսաչու տիպարը. «Մեկ բայազետցի էր իմ քիսաչին, իմ զրիցաընկերը, /361/ իմ ցավակիցը: Աբասին վաղուց էի խոստացել, ի՜նչ չէր անիլ: «Իմալ էնեմ՝ աղա ջան», շատ խոսքի մեկն էլ էր. «Տուն, տեղ, քանդեցինք, թորգեցինք: Մեր շհարում մարդ մի էլ ես էի: Մկա ցամաք խացն էլ ա մեր գլխիցը զհաթ ելել: Զիմ ճժեր դուռն երեսին թողեր, ցքել, եկել եմ էսվանք, որ մեկ քանի մը շահի դատեմ, գնամ նրանց խավարին հասնեմ: Մենք սանիաթքյար մարդ ենք, ռանչպարություն չենք կարա էնել, դո՞րը կորչինք» [26]: Էջմիածնում գտնված ժամանակ, Նալբանդյանն հանդիպել էր Թյուրքիայից եւ Պարսկաստանից գաղթած հայերի: «Աշնան Մողնու ուխտից Էջմիածին թափվող ահագին բազմությունը մեր սիրելի ազգակցաց շատ ցավալի տպավորություն է գործել մեր վրա, գրում է նա: Դոցանից մեծագույն մասին Տաճկաստանից եւ Պարսկաստանից գաղթած հայերի այլակերպ եւ վերին աստիճանի պատառոտած հանդերձները, մի գրաստի վրա այր ու կին իրենց մի քանի երեխաներով միասին նստելը, իրենց կեցությունը երկու-երեք օր Ղազարապատի ներսում՝ մեզ տեղիք է տալիս ենթադրել մի ողբալի աղքատություն, որից չէ փրկել գաղթականությունը» [27]:

Ավելի նախանձելի չէր թյուրքահայ վանքերում պատսպարվող գաղթականների վիճակը: Վաթսունական թվականների սկզբներին Երեւան գաղթեց, մասնավորապես քրդերից նեղված, Աղթամարի վիճակի Ոզմի գյուղաքաղաքի հայ բնակչության մի մասը: Մնացածները, չվելով Վանա շրջակայքը, մատնվեցին ծայր աղքատության՝ անվաստակ եւ անապաստան: Ինչպես գրում էր «Կռունկ»-ը, Աղթամարի աթոռը, բացի մի քանի երեւելիներից, ցույց չտվավ ոչ մի ասպնջականություն, «վասնզի այս պնգամ եկող ոզմեցիները առջի անգամներուն նման ս. Աթոռին ընծա ոչ հինգնոց բերած են հետերնին հարյուրներով, ոչ տիկերով մեղր, ոչ թուզ, ոչ յուղ, ոչ ալ ս. Աթոռն հիմա իրենց օգնության եւ պաշտպանության կարոտն ունի» [28]:

Պանդխտությունը բազմադարյան անցյալ ուներ արեւմտահայ կյանքում: «Խարիսպ»-ի եւ «անտուն»-ի երգերը մեծ տեղ են գրավում արեւմտաՀայ միջնադարի բանաստեղծության մեջ: 17—18-րդ դարերի հայ պատմական աղբյուրների մեջ հաճախ են հանդիպում հիշատակություններ Թյուրքիայի առափնյա քաղաքներում կամ Անդրկովկասում գործ ու վաստակ որոնող «քրդստանցի» հնձվորների, գզրարների եւ կառուցող վարպետների մասին: Բայց եւ այնպես, միայն 19-րդ դարի կեսերից է, որ պանդխտությունը դառնում է Թուրքիայի եւ, մասնավորապես, թյուրքաՀայ ժողովրդի վերապրած խորունկ տնտեսական ճգնաժամի հայտարար: /362/ Մտրակող կարիքը դուրս էր նետում երկրի խորքից՝ աշխատունակ ձեռքեր, չտալով նրանց որակյալ եւ կերակրող աշխատանքի հնարավորություն: Եվրոպական կապիտալի հախուռն մուտքը, սաստկացնելով ֆեոդալական ճնշումն ու հարստահարությունը, առաջացնում է երկրում բանվորական պահեստի բանակ՝ միջոց չընձեռելով երկրին կազմակերպել արտադրական աշխատանքի շուկա, ներգրավել նրա մեջ բանուկ ձեռքեր, դարձնել բանվորական պահեստի բանակը ժամանակակից տեխնիկայի վրա հանգչող աշխատանքի գործող բանակ: Սրա մեջն էր հենց վերապրած ճգնաժամի էությունը, եւ այստեղից էր առաջանում նաեւ հին ու նոր պանդխտության ոչ միայն քանակական, այլեւ որակական տարբերանքը:

Դրամի ու ապրանքի շրջանառության շառավիղի ընդլայնումը եւ դրա հետ կապված հասարակական-քաղաքական նոր հարաբերություններն անդրադառնում էին, անշուշտ, նաեւ պոլսահայ ազգային-եկեղեցական ու գրական-կուլտուրական կյանքին եւ, վերջին հաշվով, նպաստում հայերի ազգային կոնսոլիդացմանը: Մեծ թափ է ստանում լուսավորական, բարեգործական եւ այլ նպատակների ծառայող ընկերությունների կազմակերպության գործը: Հին դավանական բաժանումները միշտ ավելի ու ավելի են տեղ անում ազգային գործոնների համակենտրոնացման ու ազգային ուժերի համախմբման գաղափարին: Հարկավ, առանց ներքին բախումների չէ, որ առաջ գնաց եվրոպական դերձակների եւ եվրոպական վարժապետների միարար աշխատանքը: Իտալո-ֆրանսիական կապիտալի մրցությունը բնականաբար պիտի դրսեւորվեր նաեւ դրանց հետ կապված առեւտրական գործակալների փոխհարաբերությանց մեջ: Մինչեւ 19-րդ դարի կեսերը իտալո-ֆրանսիական օրիենտացիային հարող հայկաթոլիկ համայնքների ներսում ծայր է առնում «հնավանդ» հասունյանների ընդհարումը «նորապաշտ» հակահասունյանների հետ: Անգլիական կապիտալի գերազանցությունը հակահասունյան «ազատախոհ», «լուսավորյալ» հոսանքին է պարզում հաղթության արմավենին: Հակահասունյանների հաղթությունը ճանապարհ է հարթում կաթոլիկ համայնքների ներսում կռվող կողմերի, ինչպես նաեւ կաթոլիկ եւ ոչ-կաթոլիկ հայ բուրժուական տարրերի «եղբայրության» առաջ, «եղբայրություն»՝ բրիտանական հերձող ու տարանջատող դրոշի տակ: Ազգային սահմանադրությունն ընդառաջում էր թյուրքահայ եւ, մանավանդ, պոլսահայ բուրժուազիայի ազգային-քաղաքական համակենտրոնացման ջանքերին:

Ժամանակակիցները դիտում էին «սահմանադրականների» եւ «հակասահմանադրականներին պայքարը որպես «լուսավորյալ» կամ «ազատախոհ» հոսանքի մարդկանց պայքար «խավարյալների» կամ «պահպանողականների» դեմ: Իր «Տոհմային հիշատակարան»-ի մեջ ժամանակակից /363/ Երեմիա Տեւկանցը գրում էր. «Մեծամասնություն էին եկեղեցականաց, ազնվականաց եւ հարստաց ընդդեմ լինելով սահմանադրության կոչեցան խավարյալք, իսկ նոր եկեղեցականք, նոր ազնվականք, գիտնականք եւ վարժապետք ազատ սկզբանց եւ սահմանադրության հարյալք՝ կոչեցան լուսավորյալք» [29]:

Սակայն, ինչպես էլ պիտակավորենք պայքարող կողմերը՝ հիմնականում գործ կունենանք տնտեսական, քաղաքական կամ կուլտուրական հակամարտ կողմնորոշումներ ունեցող մեր բնութագրած խմբավորումների հետ:

Սահմանադրությունն ազգային-եկեղեցական մի կանոնադրություն էր միայն, կոչված «իրավական շրջանակների մեջ դնելու պոլսահայ է բուրժուազիայի տիրապետությունը՝ ազգային–կրոնական իրավասությունների սահմաններում: Սահմանադրության հեղինակները սնուցանում էին «սահմանադրական ազգի» պատրանք, Սահմանադրության անունից դիմադրելով փաստապես գավառում ծայր առնող ազգային-քաղաքական պահանջներին ու շարժումներին եւ սիստեմորեն խեղդելով գավառից եկած «պանդուխտների» աճող տրտունջներն ու հուշարկումներն իրենց կարիքի մասին: Գավառը ներկայացված էր սահմանադրական օրգանների մեջ լոկ ձեւականորեն: Փաստորեն պոլսահայ բուրժուազիայի ձայնն է, որ վճռում էր: Իսկ երբ Սահմանադրության շռայլած խոստումների իրացումը պահանջող մասսաները, ասել է՝ Սահմանադրության առաջին հոդվածի մեծարած բուն «ազգը», 1861 թվականին կամեցավ ձեռք կարկառել ազգային-եկեղեցական գործերի ղեկին, «ազգասեր» բուրժուազիան, «բարեխնամ կառավարության» թեւարկությամբ, փութաց դադար տալ սահմանադրական մարմինների գործունեությանը եւ ձեռնարկել գայթակղության առարկա դարձած նորամուտ կանոնադրության վերաքննությանը: Վերաքննված կանոնադրության մեջ մտցվեց էական այն կետը, որ Ազգային ժողովի «երեսփոխանները» էսնաֆներից (համքարություններից) ընտրվելու տեղ ընտրվեն «եկեղեցական ժողովներից» (այսինքն՝ թաղական ժողովներից) [30]: Միաժամանակ շեշտվում էր Ազգային ժողովի կախումը պետությունից: Սերվիչենը՝ պոլսահայ բուրժուազիայի հեղինակավոր այն մարդը, որ 1861 թվականին ղեկավարում էր վերաքննիչ հանձնաժողովի աշխատանքը, շատ որոշ պատկերացում ուներ (ազգի» եւ «տերության» միջեւ անցնելիք «սահմանադրական» բնագծերի մասին: «Մենք պաշտոն ունինք, պարզաբանում էր Սերվիչենը, ոչ միայն ի նախնյաց մեզի ավանդած կրոնքն պաշտ/364/անել, այլեւ ամեն պարագայի մեջ բոլոր խնդիրները միեւնույն նպատակին ծառայել տալ, այն է՝ ազգային ոգու զարգացումը, ոգի մը, որ մի ու մինակ միջոց է ազգը կենդանացնելու, եւ որ պիտի աշխատինք համաձայնեցնել սալու նախ դարույն ոգուն եւ ընթացքին հետ, համաձայնեցնել մեր գործը ազգային ոգու կերպարանացումը՝ մեր բարեխնամ տերության հանդեպ ունեցած ազգային պարտավորություններուս հետ՝ օտար միջամտություններ չընդունելով»:

Այն հանգամանքը, որ Սերվիչենը հիշեցնում էր «օտար միջամտությանը» դիմագրավող «բարեխնամ տերության» հանդեպ հայերի ունենա. լիք ազգային պարտավորությունը, չպիտի մոլորության մեջ ձգի մեզ «օտար միջամտության» նկատմամբ պոլսահայ լիբերալների բռնած դիրքի նկատմամբ: Պայքարելով ռուսական միջամտության դեմ, այդ պահին Թյուրքիայում փաստապես իշխող անգլո-ֆրանսիական կապիտալի ձայնատարներն են հենց, որ հրապարակ էին գալիս օտտոմանյան կայսրության «անձեռնմխելիության» արդերով: Արեւմտաեվրոպական իրենց կողմնորոշումից ելնելով՝ պոլսահայ լիբերալները դիմադրում էին միայն այն ամենին, ինչ կարող էր ուժ տալ ռուսահայերի ազդեցությանը կամ՝ առիթ ծառայել Ռուսաստանի միջամտությանը:

Այս տեսակետից հատկանշական չէ՞ դարձյալ, երբ պոլսահայ բուրժուազիայի մյուս ղեկավարը՝ Գր. Օտյանը, տակավին 1856 թ. էր սառը ջուր ցողում հուզվող գավառի տրամադրություններն արտահայտող Խրիմյանի հայրենասիրական բռնկումների վրա: Օտյանը զուր էր համարում Խրիմյանի ջանքերը՝ նոր կյանք ստեղծել Վասպուրականի «ծխաշունչ փլատակներուն վրա: Հորդորում էր նրան վանել սնոտի հույսերը եւ վերադառնալ Բոսֆորի գեղանի ափերը: «Մի սուտ հույսերով պատրեր քեզ, մի, զավակ դու սիրասուն հայրենյաց, նոր Փյունիկ՝ նոր մոխիրներու միջեն դուրս ելած… Հոս հոյակապ պալատներ (մարդկային ունայնության նորանոր հիշատակարանների վարպետ ձեռքերու տակ կբարձրանան ավասիկ, թո՛ղ այդ մոխիրները, դարձիր հոս եկուր, որ բեհեզ ու ծիրանի տեսնեն քո աչուիդ» [31]:

Ավելի ուշ, 70-ական թվականների վերջերին, երբ օրակարգում դրվում էր արդեն հայկական վիլայեթներում ապստամբական շարժումներ կազմակերպելու խնդիրը, Օտյանն ասում էր հրիմյանի հոսանքի: հարող Հակոբ Նշկանյանին. «Երկաթուղիներու հաստատությունը ինքնին պիտի բավական ըլլար հայոց վիճակի բարվոքման եւ տարել չպիտի մնար հեղափոխական կամ իմ ըմբռնումովս ապստամբական շարժումի: Ինչ որ ալ ըլլա սակայն՝ մեր ներկա վիճակին մեջ հեղափոխական /365/ որեւէ շարժում աղետաբեր պիտի ըլլա… Ազգ մը արյուն թափելու համար նախ պետք է արյուն ունենա եւ ապա այն թափելու քաջությունն ու անվեհերությունը… Ատկե զատ, պետք է աչքի առջեւ ունենալ՝ նաեւ մեր հանգամանքները ու մեր հակառակորդին թիվը, աշխարհագրական դիրքը, շրջապատող ազգերը եւ տերությունները, անոնց տրամադրությունները… Մեր կռվանը պիտի ըլլա եվրոպական տերություններու, եթե ոչ ամենուն, գեթ մեկ մասին անկեղծ համակրությունն ու պաշտպանությունը… Ուստի հիմնական, լուրջ եւ հարատեւ աշխատությամբ պետք է պատրաստվինք առանց աղմուկի, առանց շեփորի, մինչեւ այն աստիճան, որ քիչ շատ աչքի զարնող արդյունք մը ձեռք բերելու ապահով ըլլանք» [32]:

Սերվիչենը եւ Օտյանը «խավարյալ» ամիրաների «լուսավորյալ» ժառանգներն էին: Նրանք պատկանում էին պոլսահայ էֆենդիների այն սերնդին, որը, խլելով ամիրաների ձեռքից ազգային-եկեղեցական գործերի ղեկը, գավառահայ մասսաների հայտաբերած պահանջների ու տրամադրությունների նկատմամբ ընթացավ դիվանագիտական «խոհեմության» շավղով: Սերվիչենը եւ, ի վերջո, նաեւ Օտյանը, մեծարում էին եկեղեցու հանգույցներով կաշկանդված Ազգային սահմանադրությունը եւ միաժամանակ երկնչում նրա շուրջը բորբոքված ժողովրդական շարժումից. երազում էին ազգային «ոգու» անկախությունը, միայն թե լիներ այդ ոգին մեզ ու անարյուն եւ, մանավանդ, անտրամադիր՝ քաղաքական իմաստ դնելու «նյութական» իր պահանջների մեջ:

Սուլթան Մեջիդի ժամանակներից ի վեր թյուրքահայ բուրժուազիայի միջից ճարտարապետների եւ վառոդապետների կողքին երեւան եկան նաեւ փաստաբաններ ու դիվանագետներ: «Լուսավորյալ» Օտյանից եւ Սերվիչենից զատ այդ ասպարեզներում հայտնի դարձան նրանց համախոհները՝ Տատյան, Պալյան, Ռուսինյան, Երամյան, Աղաթոն, Փափազյան եւ այլն: Երամյանն ազդեցություն ուներ սուլթան Ազիզի պալատում, Սերվիչենը եւ Գր. Աղաթոնը Ալի եւ Ֆուադ փաշաների մտերիմներն էին: Հանրածանոթ է Օտյանի եւ Միդհատի սրտամերձ բարեկամությունը: 60—70-ական թվականներին պոլսահայ «լուսավորյալ» բուրժուազիայի այս «հայրերը» թիկունք դարձան 1863 թ. հաստատված «չափավոր» Սահմանադրության: Վարժապետյանի ժամանակ սրանց միջոցով է, որ թելադրվում էր պատրիարքարանին պաշտոնական Թյուրքիայի «հայասիրական կուրսը»: 80— 90-ական թվականներին նրանց ժառանգներն էին Մաքսուդ Սիմոն, Հովհաննես Նուրյան, Աբիկ Ունջյան, Տիգրան Յումուֆյան, Նշան Սեֆերյան՝ Պոլսահայ օլիգարխիայի այն խմբակը, որ /366/ նեցուկ դարձավ Համիդի ռեակցիոն քաղաքականության: 1885 թ. Վեհապետյանի պատրիարքությունը եւ Նուրյանի քաղաքական ժողովի ատենրապետությունը հաստատեցին պոլսահայ էֆենդիական-կղերական բլոկի տիրապետությունը, որ դադար առավ 1894 թ. Աշըգյան պատրիարքի հրաժարականով եւ Սիմոն Մաքսուդի ահաբեկումով: 90-ական թ. թ. «հայկական ճգնաժամը» մի պահ տեղ արավ պոլսահայ բուրժուազիայի ազգային-լիբերալ կուրսին՝ Իզմիրլյանի պատրիարքության օրերին: Ճգնաժամի վերացումը վերականգնեց բուրժուական-կղերական այն բլոկը, որի տիրակալությանը վերջ դրեց միայն երիտասարդ թյուրքերի հեղաշրջումը:



[1]     Le Portfolio 836, N. 22 –24, եր. 178 եւ հետ.:

[2]     Լեո, Խոջայական կապիտալ, եր. 252:

[3]     Հ. Գ. Մրմրյան, Հին օրեր ու այդ օրերուն հայ մեծատունները, Վենետիկ, 1901, եր. 43 եւ հետ., 52 եւ հետ»:

[4]     «Մասիս», 1893, եր. 162, ծան.:

[5]     Հմմ. Մրմրյան, Թյուրքահայ հին վաճառականությունն ու վաճառականք, Կ. Պոլիս, 1908, եր. 19:

[6]     Ալպոյաճյան, նույն տեղը, եր. 202 եւ հետ»:

[7]     Տե՛ս Մուշեղ վարդապետ, Մանչեստրի հայ գաղութը, Պոստոն, 1911, եր. 13։

[8]     Նույն տեղը, եր. 19 եւ հետ.:

[9]     Հ. Մրմրյան, նույն տեղը, եր. 140 եւ հետ.:

[10]   Տե՛ս նույն տեղը, եր. 23, 36, 46:

[11]   Г. К. Кэри, Политико-экономические письма к президенту Американских Соединенных Штатов, М., 1860, եր. 184:

[12]   Հմմ. К. Маркс и Ф. Энгельс, Сочинения, IX, եր. 384 եւ հետ։

[13]   Նույն տեղը, եր. 383:

[14]   Ubicini, Lettres sur la Turquie, 1853, եր. 386 եւ հետ.:

[15]   Նույն տեղը, եր. 389 եւ հետ.:

[16]   Հմմ. Jules Hagemeister, Essai sur les ressources territoriales et commerciales de l'Asie occidentale etc., St. Petersbourg, 1839, եր. 214 եւ հետ.:

[17]   Նույն տեղը, եր. 224:

[18]   Հմմ. Րաֆֆու «Գժատուն» ֆելյետոնը, «Մշակ», 1876, N 14:

[19]   Հմմ. Սարուխան, Հայկական խնդիրը եւ Ազգային սահմանադրությոանը Թյուրքիայում, Թիֆլիս, 1912, եր. 23:

[20]   Նույն տեղը, եր. 431:

[21]   Րաֆֆի, Տաճկահայք, Վիեննա, 1917, եր. 81:

[22]   «Մշակ», 1877, N 61:

[23]   Նույն տեղը, 1882, N 160:

[24]   «Տոմար ընտանեկան, 1874–1875», Թիֆլիզ, 1874, եր. 188:

[25]   «Մուրճ», 1904, N: 9, եր. 27:

[26]   «Բարեկամի մոտ»:

[27]   «Անտիպ երկեր», եր. 215 եւ հետ.:

[28]   «Կռունկ», 1863, եր. 76 եւ հետ.:

[29]   ՀՍՍՌ Մատենադարան, ձեռ. N 4177, եր. 40:

[30]   Հմմ. «Մասյաց աղավնի», 1863, N 15-16, եր. 251:

[31]   «Դիվան հայոց պատմության», ԺԳ, եր. 53:

[32]   «Մուրճ», 1907, 30 7, եր. 63 եւ հետ.: