Բանաստեղծութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՎԱԶՈՂ ՋՐԻՆ

 

Իստակ ջուր վազուկ, արդեօք ի՞նչ կլինէր,

Որ քո ալիքներ տանէր իմ ցաւեր,

Կամ ի՞նչ կլինէր, թէ իմ վիշտ ու լաց

Ինչպէս ծուխ օդում ցրուէին յանկարծ։

 

Կամ ինչո՞ւ համար ուրախութիւնը,

Թռչում է շուտով, մընում է ցաւը.

Թո՛ղ քո ալիքներ ցնդեն իմ վշտեր,

Լուանան սիրտս թո՛ղ քո մասնիկներ։

 

Սիրտս խոցուած է զանազան կողմից,

Արիւն ու շարաւ կթափի երակից.

Լուա՛, մաքուր ջուր, սրբէ՛ ինչպէս հուր,

Թո՛ղ փայլի սիրտս, չըմնայ մի մուր։

 

Դու սըրբեցիր ինձ՝ երբ որ ես ծնայ,

Ես քո մէջ իստակ ձեռքով թաղուեցայ.

Դու լուացող ես հոգու ու մարմնի,

Լուա՛ իմ սիրտս, թո՛ղ քեզ պէս փայլի։

 

Թող մաքուր լինիմ, ինչպէս դու սուրբ ես,

Թող ողջ աշխարհին երեւիմ քեզ պէս։