Բանաստեղծութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՌՕՐԵԱՅ ԱՇԽԱՐՀ

 

Ի՛նչ ես գոռում, ի՛նչ խնդրում,

Դու անհանգիստ հեղինակ.

Մեզ խաղալիք շինեցիր,

Ողջ աշխարհի խայտառակ:

 

Լաց ես լինում, հառաչում,

Գանգատդ անգամ յիմար է,

Թէ աշխարհն իւր գործերով

Բոլորովին փոխուել է:

 

Աշխատում ես մի կերպով

Խաղաղութիւն վրդովել,

Խլել մեր հանգիստ քունը,

Սրտերիս մէջ դող ձգել:

 

Չենք կամենում լսել քեզ,

Թո՛ղ մեր ճաշն ուտենք հանգիստ,

Յետոյ խաղաղ քուն լինինք…

Հեռի՛ գնա մեզանից:

 

Մի՛ գոռար, մի՛ որոտար,

Մա՛րդ եղիր եւ դու մեր պէս.

Վերացական խօսքերով

Մի՛ գար միւս անգամ հանդէս:

 

Մեք առօրեայ բաների

Ծառայում ենք անդադար,

Դու ինչե՞ր ես մտածում,

Դրական է այս մեր դար:

 

Քո բարձր ճշմարտութեան

Ճառագայթները փայլուն,

Չեն տանելի մեր աչքին,

Ատելի են մեր հոգուն:

 

Ճանաչում ենք, հաւատում,

Բայց չկամինք խոստովանել.

Պատճառ՝ նոքա շփոթում են

Մեր երջանիկ կեանքի թել:

 

Մեք կամինք կեանք վայելել.

Ուրեմն ի՛նչ հարկի համար

Մեզ պիտոյ էր ծառայել

Ճշմարտութեան անպատճառ:

 

Մինչդեռ եւ առանց նորան,

Մինչ լոկ սուտի շնորհքով

Այս աշխարհի բարութեան

Մի մասը վայելելով,

Կարելի էր Աստուծոյ

Փառաւորել անունը։

 

Եւ չթուլանալու համար,

Եւ մարմինը պահելու,

Երբեմն մի փոքր զրկել…

Երբեմն մի փոքր գողանալ…։

 

Չխռովելով մեր խիղճը,

Չաղմկելով մեր հոգին,

Տո՛ւր մեզ տաղեր, վէպ, առակ,

Հաճոյացիր մեր սրտին։

 

Թո՛ղ դատարկ բաներ լինին,

Մարդու վէրք տալ չունենան,

Թեթեւ ու ծիծաղաշարժ,

Փորերս փոյթ չէ թող շարժ գան։

 

Հանգստութեան միջոցին,

Մարսողութեան լաւ ժամին

Դու դատաւոր մի՛ նստիր

Խրատներով մեր գլխին:

 

Վշտաբեր ակնարկութիւնք,

Հեռի՜, նեղիչ գաղափարք.

Մի՛ լինիր դահիճ մոլութեան,

Որ չլինիս դահիճ մարդերին: