Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

ՎԵՑԵՐՈՐԴԸ - ՄԻ՛ ՇՆԱՐ…

 

Եւրոպացոց առ հասարակ քաղաքական մի ծէս էր,

Որ այր մարդը հանդիպելիս՝ կնոջ ձեռը կը պաչէր.

Չկար թէեւ խենէշութեան մի անպարկեշտ նշանակ,

Բայց վեցերորդ Պիոս պապը դուրս տուեց մի մեծ կոնդակ.

 

«Որ ոչ մի մարդ այնուհետեւ կին մարդու կամ աղջկայ

Չըյանդգնի ձեռը պաչել ըստ հասարակ կանոնին,

Թէ լոկ նայելն աղջկերանց եւ կամ կնիկների վերայ

Սաստիկ մեղք է, արդէն ընդդէմ Աստուածային օրէնքին»։

 

Նա պատժում էր, նզովում էր հրապարակաւ մարդերը.

Որ իւր խօսքը չէին պաշտում ու իւրեանց հին կանոնով

Վարւում էին միշտ համարձակ, ինչպէս իւր քարտուղարը

Բռնուեցաւ այս յանցանքում ու դատուեցաւ ժողովով։

 

Քարտուղարը խելօք մարդ էր, նա գիտէր որ Պիոսը,

Թէ կին գտնէ, պիտի անշուշտ պաչէ նորա ոտները,

Բարկացել էր նորա վերայ, իւր ամօթի փոխանակ

Աշխատում էր ողջ քաղաքին պապը առնել խայտառակ։

 

Չգիտեմ ինչո՞ւ. բայց գիտեմ որ Գերմանիոյ թագուհին

Հիւր էր եկել պապի մօտը մի օր, երբ նա տանը չէր.

«Պարտէզումը նա ճեմում է» - ծառաները ասացին.

Թագուհին էլ գնաց պարտէզ, որ գտնւում էր տան մօտին։

 

Իմ պապը երբ տեսաւ նորան, տեսաւ չքնաղ երեսը,

Եփ էր գալի երակներում արիւնը.

Թէպէտ նա միշտ անսխալ է ու Քրիստոսի փոխանորդ,

Սակայն բռնեց ձեռքը տիկնոջ, քաշեց նորան իրեն մօտ։

 

Երբ առանձին ջերմ համբոյրներ նորա ձեռին տալիս էր,

Քարտուղարը ծառի յետքից՝ պարզ ամենը տեսնում էր.

Նա իւր մտքում ուրախացաւ, ասաց՝ ա՜ ա՜ դու էլ ընկար.

Առաւ ածուխ, գրեց պատին. «վեցերորդը՝ մի՜ շնար»։

 

Պապը տեսաւ, որ իւր գործը քարտուղարը իմացաւ,

Այն կոնդակը որ տուել էր, բոլորովին չքացրաւ.

Քարտուղարը այն մասին գրեց, որ պապը վեցերորդ էր,

Մանաւանդ այս համարները խորհրդական են թիւեր։

 

1885 թ. Մոսկուա