Բանաստեղծութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆ

 

Մա՛րդ, իմացիր դու աշխարհը,

Ունայն են քո հոգսերը.

Մի՛ տառապիլ զուր բեռի տակ,

Մի՛ չարչարիլ քո անձը։

Մի լաւ նայիր դու կազմութեան

Հողագնդի շրջանին,

Կտեսնես այնտեղ անտարակոյս

Եւ քո պատկերն առանձին։

 

Անցաւոր է ամենայն ինչ

Այս աշխարհքում մեզ յայտնի,

Մեզնից ոչ ոք եւ մի խեցի

Իւրեան հետը չի տանի։

Շատ թագակիրք, շատ մեծատունք,

Անբաւ գանձի տէր իշխանք

Մութ ստորերկրեայ օթեւանում

Ունին կտաւ լոկ պատանք։

 

Երանի՜ թէ նոցա համար

Այս գէթ լինէր մշտական.

Չէ՛, կը փըթի եւ այդ պատանք

Դա օրէնք է բնութեան։

Այն, որ աշխարհի երեսին

Անտուն, անտէր ու մերկ էր,

Հաւասար է մեծատան հետ,

Որ դիպայ չոր հագնում էր։

 

Երկուսի էլ չոր կմախքը

Խաւար ու գէջ հողի մէջ

Պիտի փըթեն մի օրինակ,

Պիտի ուտեն որդ ու ցեց։

Այս բանը մենք միշտ տեսնում ենք.

Բայց չենք ուզում ճանաչել,

Որ մեծատան գոհարները

Մահուն չեն լինիլ արգել։

 

Նա ամենուն կը հանդիպի

Մի օրինակ, անխըտիր

Ե՛ւ հանգչողին պալատներում,

Ե՛ւ գործողին միշտ երկիր.

Զարմանալի է այս բանը.

Մի մահ է, նոյն՝ ամենին

Չար ու բարի համարւում է

Նա իւր ընդունողներին։

 

Մահը նոյն է, բայց տեսնողի

Զանազան է վիճակը.

Մինը չունի հագին շապիկ,

Միւսինն ակնով մուճակը։

Ինչո՞ւ համար պիտի ցանկայ

Աղքատ մարդը այս կեանքին,

Չունի ապրուստ, տուն ու հանգիստ,

Չունի սակաւ դիւր անձին։

 

Նորա կեանքը միշտ լեղի է.

Դառն է նորա աշխարհը.

Նա անդադար սպասում է

Նըւիրական վայրկենին։

Չուրախացուց ոչ ոք նորա

Տխրադիտակ երեսը.

Ցանկանում է կեանքից պրծնել

Ու հետեւել օրհասին։

 

Նորան այն էլ դիւր է սրտին,

Որ անտրտում, անվրդով

Քընի խաղաղ հողի տակին

Մահու յաւերժ խոր քնով։

Նորա ընտանին եւ իւր կեանքում

Չունէր ապրուստ, շոր կամ տուն,

Կ՚ապրի նոյնպէս այնուհետեւ

Աղերսելով գթութիւն։

 

Այսպէս մահը հանդիպում է

Աղքատ, պանդուխտ, խեղճ մարդիկ,

Ինչպէս վաղուց չտեսնուած

Կարօտակէզ սիրելի։

Չի վրդովիլ նորա գալը

Երբեք սիրտը աղքատի,

Մահը միայն նորա տանջուած

Մարմնին հանգիստ կը բերի։

 

Բայց նա որ միշտ թաւիշ, կերպաս

Շոր կարում է իւր անձին,

Որ խորտիկներ համադամեալ

Կ՚ուտէ հաւուց փորոտին,

Որ սովոր է հըրամայել

Ծառայից շատ բազմութեան,

Այն հարո՛ւստն է, որոյ համար

Մահ է՝ գալուստ մահուան։

 

Աշխարհքումս նա չի տեսել

Ո՛չ նեղութիւն եւ ո՛չ ցաւ,

Նորա օրը, տարիները

Ինչպէս րոպէ մի անցաւ։

Իւրեան պատող ծանօթներից

Նա կեղծ կերպով միշտ սիրուեց,

Միշտ գովութեան, միշտ հլութեան

Հպատակի ձայն լսեց։

 

Նա չի ուզում երբեք լսել,

Որ այս աշխարհըս երկու

Ունի դռներ. պէտք եղածին

Մտնելու եւ դուրս գալու,

Նա չի ուզում անունն լսել

Այն երջանիկ էակին,

Որին յանձնած է ընդունել

Առհասարակ մեր հոգին։

 

Ինչքան քընքոյշ էլ որ նայես,

Բընութիւնը կ՚կատարէ

Կանոնաւոր միշտ իւր գործը.

Ամենիս վայր կը գլորէ։

Այսպէս հարուստն վերջին անգամ

Անօրինակ յուսահատ

Տառապում է մահիճի մէջ,

Թափում մահու քիրտ առատ։

 

Նորա աչքը խոժոռւում է,

Երբ տեսնում է իւր տունը,

Փայտանում է զգայութիւնքը,

Երբ յիշում է իւր գանձը,

Երբ յիշում է, որ թողնում է

Ու ինքը զուրկ ամենից

Պիտի մտնի սեւ հողի ծոց,

Խաւար ու զուրկ պարզ լուսից։

 

Մահը եկաւ, բացեց դուռը.

Մեծատունը ըսկըսաւ

Անզօր ձայներ բերնից թողնել,

Երբ մահու դէմքը տեսաւ։

Զո՛ւր է, չի լսիլ քո ձայնը,

Հետեւիր դու կոչողին։

Նա աւելի խլանում է,

Երբ տեսնում է վախկոտին։

 

Վերջին ոյժը թափել ուզեց

Ընդդիմանալ րոպէին,

Ծնօտները սաստիկ սեղմեց

Ատամները ճռացին,

Թափուած ուժից ցընորամիտ։

Մահն իւր գործը կատարած

Մեծատան դէմքն այլանդակեց

Երկու աչքն էլ թողեց բաց։

 

Անձն իմ, օրհնէ այն Աստուածը,

Որ փրկել է քեզ մահի

Երկիւղիցը, որ հարուստին

Զարհուրելի կը թըւի,

Քեզ համար միշտ նոյն է եղել,

Նոյն կը լինի յաւիտեան, -

Ապրել արեւու երեսին

Կամ քնել խաղաղ քուն մահուան։