Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

ՎԱՅՐ ԸՆԿՆՈՂ ԱՍՏՂԵՐ
(Թարգմանութիւն)

 

«Հայրիկ, ասաց դուստրը հօրը,

Կապոյտ երկնքի վերայ

Որքա՞ն աստղեր փայլում են վառ,

Ասես համար, թիւ չկայ.

Ասում են որ ամենայն մարդ

Աստղիկ ունի երկնքում.

Ճշմարի՞տ է, ասա՛, հայրիկ,

Իմը որտե՞ղ է փայլում»:

 

Այո՛, դստրիկ, այդ աստղերը

Ունին հաշիւ ու համար,

Եւ մեզանից իւրաքանչիւր

Մի աստղ ունի իւր համար:

 

«Հայրիկ, տե՛ս, տե՛ս, աստղը թռաւ,

Հետքից պայծառ գիծ թողեց.

Աստղիկն ընկաւ երկնքիցը,

Միւս անգամ այլ չերեւեց»

 

  Ո՛հ, իմ դստրիկ, հանգիստ կացիր,

Դա մեծատան մի աստղ էր,

Որ իւր օրում, իւր կեանքումը

Խիղճ ասածը չըգիտէր,

Աղքատները նորա դռնից

Գիշեր ցերեկ հալածուած.

Մի մարդ չըկար նորան ծանօթ,

Որ չըլինէր վշտացած:

 

«Հայրիկ, տե՛ս, տե՛ս, աստղ թռաւ,

Հետքից պայծառ գիծ թողեց,

Աստղիկն ընկաւ երկնքիցը,

Միւս անգամ այլ չերեւեց»:

 

Ով իմ զաւակ, մի՛ վրդովուիր,

Դա աղջկայ մի աստղ էր,

Որ իւր հօր ու մօրը խօսքը

Իւր կեանքումը յարգած չէր.

Նա փախել էր իւրեանց տնից…

Մուր էր քսել տան վերայ…

Իւր ծնողքը լացուցել էր,

Ինչքը վատնել անխնայ:

 

«Հայրիկ, դարձեալ թռաւ մի աստղ,

Վայր ընկաւ նա երկնքից.

Հայրիկ, ովի՞ աստղն էր արդեօք,

Որ զրկուեցաւ իւր տեղից»:

 

Ո՛հ, դստրիկս, հանգիստ կացիր,

Կեղծաւորի դա աստղ էր,

Որ իւր օրում ուղիղ մի խօսք

Մարդու երբեք ասած չէր.

Փարիսական իւր ձեւերով

Աշխարհք խաբեց, զարմացուց,

Այդ պատճառով Աստուած նորա

Աստղի լոյսը խաւարցուց:

 

«Հայրիկ, տե՛ս, տե՛ս, մի աստղ թռաւ

Եւ գիծ անգամ չըթողեց,

Աստղիկն ընկաւ երկնքիցը,

Միւս անգամ այլ չերեւեց»:

 

Ո՛հ, սիրական, խաղաղ մնա՛,

Բռնակալի դա աստղ էր,

Որ աշխարհը իւրեան գերի

Ծնած օրից կարծել էր։

Շատ հալածանք, շատ նեղութիւն,

Պատճառեց նա իւր կեանքում.

Շատ տուն քանդեց, շատ մարդ զրկեց,

Գութ չունեցաւ իւր սրտում:

 

«Ապա այն ի՛նչ աստղ է, հայրիկ,

Որ այնպէս պարզ վառւում է,

Նորա մաքուր պայծառ լոյսը`

Չորս կողմը բակ բռնել է»:

 

Ո՛հ, իմ դստրիկ, աղօ՛թք արա,

Դա ծերունու մի աստղ է,

Որ իւր կեանքում ոչինչ մարդու

Ոչինչ վնաս տուած չէ.

Այն լուսաւոր բակն է նորա

Առաքինի գործքերը.

Աղօթք արա, որ երկարուին

Նորա կեանքի թելերը:

 

Շատ օր չանցաւ, երկնքիցը

Մի այլ վառ աստղ պակասեց.

Ո՞վի աստղիկն էր որ ընկաւ,

Բան հարցանող չերեւեց:

Մինչ դեռ լուսինն արծաթափայլ

Լոյս էր տալիս գիշերին,

Խորհրդաւոր մինչ տիրել էր

Անվրդով խոր լռութիւն,

Մի սրտաթափ, մազերն արձակ

Վազեց աղջիկ սգաւոր

Դէպի գեղի գերեզմանքը,

Ծունկ չոքեց մի շիրմի մօտ:

«Հայրի՛կ, աստղիկդ չէ փայլում,

Դու յաւիտեան քնեցիր.

Ա՛ռ ինձ քո մօտ, քո ծոց, քո գիրկ,

Ինչու՛ անտէր թողեցիր:

Իմ աստղկին ասա՛ նոյնպէս,

Որ չըփայլի, հերի՛ք է.

Այս աշխարհը ինձ առանց քեզ

Մութ ու խաւար մի բանտ է»:

 

Մի մարդ չըկար, որ նկատէր,

Որ հետեւեալ գիշերին

Պակասեցաւ երկնքիցը

Մի պայծառ աստղ խնդագին:

Երրորդ օրը շատ սգաւորք

Փորեցին մի գերեզման,

Ուր թաղուեցաւ իւր հօր մօտին

Մարմինը խեղճ աղջկան:

 

«Հայրիկ, տե՛ս, տե՛ս, աստղը թռաւ,

Հետքից պայծառ գի՛ծ թողեց,

Աստղիկն ընկաւ երկնքիցը,

Միւս անգամ այլ չերեւեց…»։

 

«Հիւսիսափայլ», 1858 թ.