Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ

 

Մի շատ հարուստ անգլիացի մեծատուն,

Բնակւում էր Նէապոլիս քաղաքում.

Մինչեւ այժմ նա չգիտէ ուր եւ ում

Պատճառել էր մի վիշտ կամ ցաւ իւր կեանքում:

 

Բայց երբ մի օր, երեկոյեան ժամանակ,

Տուն դառնալուց, մտաւ նա մի մութ փողոց.

Պատահեց մի վարձով բռնած աւազակ,

Որին գիտէր անգլիացին շատ վաղուց:

 

Բայց, ո՛չ որպէս մարդ սպանող չարագործ,

Այլ որպէս լոկ գործակատար մարգերի,

Պատահում էր, որ այդ մարդը շատ անգամ,

Անգլիացուց ուղարկւում էր գործերի:

 

Եւ տարու մէջ աշխատութեան փոխանակ,

Նա փոքր արծաթ չէր ստանում նորանից.

Բրիտանացին տեսանելով այս ծառան,

Մտքից չանցուց վախենալ մի վտանգից:

 

Այս միջոցին ծառան գանչեց. «Իմ պարոն,

Լսի՛ր խօսքիս, բայց տե՛ս, դու ձայն չհանես.

Ապա թէ ո՛չ, ահա սուրս ինձ պատուէր

Sուել են քեզ սպանանել. ի՛նչ առնես .

 

Եւ թէպէտ ես այս րոպէիս կարող եմ,

Բայց մի երկու խափանարար պատճառ կայ.

Որ մեք բարեկամք ենք միմեանց` առաջին,

Երկրորդ` քեզնից ես շատ անգամ շահուեցայ:

 

Մինչեւ անգամ ես յիշում եմ շնորհը,

Որ ցուցի՛ր ինձ անցեալ ձմեռի վերջին.

Հաւատացիր ինձ փոխ արծաթ որպէս պարտք,

Մինչ ունէի անտանելի նեղութիւն:

 

Եւ իմ բանը վերջանալու էր բանդով,

Կամ կախաղան պիսի ուտէր գլուխս.

Բայց ի՛նչ կ՚առնունք մեք անցածը յիշելով,

Կիւրակէ է այսօր, ահա՛ մեծ ցաւս:

 

Ինձ հայր Վոյլպին պատուիրել է խիստ սաստիկ`

Տօն օրերում մարդ չսպանել բնաւին.

Բայց գլխիդ գինն ըստացել եմ յառաջուց,

Լսի՛ր, ուրեմն, այս իմ առաջարկութիւն.

 

Ուրիշի հետ վտանգաւոր մի բան էր,

Ուրիշն գուցէ սուրս առնուր ինձ ըսպանէր.

Բայց դու հոգիդ, գիտեմ, չես կորուսանում

Եւ խոստացած, խօսքիցդ յետ չես դառնում:

 

Մի՛ հրաժարուիր, քան թէ իմ տունը քանդես,

Արի մորթի՛ր, դու քո ձեռքով ինքդ քեզ.

Ի՛նչ դանակ է, ածելու պէս սուր սրած,

Մի կարճ աղօ՛թք արա շուտով առ Աստուած»:

 

Միթէ կարելի՞ է…

 

«Այդ մեծ մեղք է, ես գիտեմ,

Բայց, եղբայր, հերետիկոս ես արդէն.

Չես հաւատում ո՛չ պապին, ո՛չ Աստուծուն,

Քեզ մահի մէջ չկայ զանազանութիւն:

 

Եթէ ուրիշը քեզ սպանէ, կամ դու քեզ,

Կամ պատահի, որ քո մահով մեռանիս,

Քո ճանապարհը պիտի տանի քեզ դժոխք.

Ուրեմն, վճռի՛ր…»:

 

Չկամիմ:

 

«Ո՛հ, պարոն,

Ես կարծեցի, դու որպէս անգլիացի

Ունիս մի փոքր հպարտութիւն. կարծեցի,

Թէ դու չէիր հրաժարուելու այս բանից

Գէթ, ասում եմ, հրապուրուելով պարծանքից:

 

Ուրեմն, ի՛նչ լուր էք հանել սուտ տեղը,

Թէ մի փոքր նեղացնում էր ձանձրոյթը,

Մի րոպէում սպանում էիք ձեր անձը,

Դեռ որպէս թէ չէր դողդոջում ձեր ձեռքը.

Բայց ա՞յժմ…………»։

 

Չեմ վախեցել. այդ սուտ է,

Եւ թէ բաղդը ինձ սրիդ տակ ձգել է,

Փոյթ չէ. բայց ես ինձ չար առնել չեմ կարող,

Մորթիր ինքդ…

 

«Անխի՛ղճ. ինձ սուրբ Հայրը պատուիրեց,

Տօն օրերում հոգի չկորուսանել»:

 

Ուրեմն բա՛ց թող, որ ես գնամ իմ տունը:

 

«Իրաւն ասեմ, չկամէի այդ բանը,

Բայց երեւի Աստուած այդպէս վճռել էր.

Մնաս բարեաւ մինչեւ էգուց, իմ ընկեր,

Բայց դու այժմ մտքիս մէջ ես ամեն ժամ,

Ազնուաբար չվարուեցար այս անգամ.

 

Թէ միւս անգամ մի լուր օր իմ ձեռք կ՚ընկնես,

Այն ժամանակ ի՛նչ կը լինիս, գիտեմ ես»։