Բանաստեղծութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄԱՐԳԱՐԷ
(Լերմոնտովից)

 

Յաւերժը ինձ այն օրից, երբ

Շնորհ տուեց մարգարէի,

Չարութեան ու յանցանքի էջը

Մարդոց աչքում կարդում էի:

 

Ես սկսայ սէր քարոզել,

Սուրբ ուսումը ճշմարտութեան.

Ինձ մերձաւորքս եւս կատղած`

Քար ձգեցին անարգութեան:

 

Մոխիր ցանած գլխիս վերայ`

Ես քաղաքից փախայ աղքատ.

Անապատում բնակիմ ահա

Տեառն շնորհիւ, ինչպէս թռչնակ:

 

Յաւերժի ուխտը պահելով`

Ինձ արբածք խոնարհում են.

Աստղերն էլ խօսքիս լսելով`

Ուրախ շողերով խաղում են:

 

Բայց երբ ամբոխուած քաղաքից

Ես շտապով անցնում եմ,

Ծերերը անձնասիրութեամբ

Իւրեանց տղերքին ասում են.

 

«Նայեցէ՛ք, սա օրինակ ձեզ,

Չապրեց մեզ հետ, նա հպարտ էր,

Կոյրը ուզեց հաւաստել մեզ

Թէ նրա բերնով աստուած խօսում էր:

 

Նայեցէ՛ք, տղերք, նորա վերան,

Ինչպէ՞ս նուաղ ու գունաթափ. `

Ինչպէ՞ս, անարգ, խեղճ, կնճռադէմ

Ինչպէ՞ս անարգում են նորան»: