Բանաստեղծութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՂՔԱՏ ԿԻՆ

(Պիէր Ժան Բերանժէ)

 

Ցուրտը փչեց․ ձմեռ սաստիկ․
Ձիւնը ծածկեց գետինը,
Ամենայն մարդ մտաւ իւր տուն,
Պատսպարուիլ ցրտիցը:
Ժամի դռնում դողդողալով
Կանգնած է մի աղքատ կին․
Նորա հանդերձը պատառ պատառ,
Չունի շապիկ իւր հագին․
Անհամարձակ նա իւր ձեռքը
Պարզում է անց կացողին.
«Ողորմութիւն արէք, պարո՛ն,
Անտուն, անտէր աղքատին»:

Ձեզ, սիրելիք, ասե՞մ ով էր
Այս խղճալի աղքատը,
Այն ցրտումը, ոտաբոբիկ
Կանգնած, ժամի դռնումը․
Շատ ժամանակ դեռ չէ անցել,
Երբ նա փառքով ու պատուով
Ման էր գալիս փողոցներում
Իւր սեպհական կառքերով․
Այժմ, վախով նա իւր ձեռքը
Պարզում է անց կացողին.
«Ողորմութիւն արէք, պարո՛ն,
Անտուն, անտէր աղքատին»:

Մինչ թատրոնում յայտնւում էր,
Մինչ խաղում էր հանդիսում,
Դղրդում էր թէատրոնը,
Նա դափնիք շատ էր հնձում․
Ժողովուրդը հաւաքւում էր
Մօտ թատրոնի պատշգամբին․
Չէր կշտանում նայել նորա
Քնքոյշ չքնաղ երեսին․
Այժմ նորան չեն ճանաչում,
Մոռացել են բնաւին.
«Ողորմութիւն արէք, պարո՛ն,
Անտուն, անտէր աղքատին»:

Ամենայն օր նորա դռնում
Կանգնած էին շատ կառքեր․
Միշտ հացկերոյթ, ընթրիք, գինի,
Նուագարան ու տաղեր․
Ամենայն ոք ցանկանում էր
Լինել նորան բարեկամ․
Ամենայն ժամ նորան բաց էր
Շռայլ քսակը մեծատան․
Այժմ զրկուած ամէն բանից,
Չունի անգամ հացի գին.
«Ողորմութիւն արէք, պարո՛ն,
Անտուն, անտէր աղքատին»:

Ամենայն օր իւր մարմինը
Անուշահոտ ջրերով
Լուանում էր, մազը սանրում
Կրիայի սանըրով․
Նա հագնում էր բեհեզ, կերպաս,
Դիպակ, թաւիշ թանգագին․
Նա չգիտէր ի՞նչ ասել է
Արծաթի կարօտութիւն․
Այժմ անլուայ, մազերն արձակ,
Չունի հագուստ թէեւ հին.
«Ողորմութիւն արէք, պարո՛ն,
Անտուն, անտէր աղքատին»:

Նորա շքեղ ննջարանում
Բնակւում էր Աստղիկը․
Նորա որդին փայփայում էր
Նորան ամբողջ գիշերը…
Ախտաբորբոք երիտասարդք
Իւրեանց անձը երջանիկ
Կը հաշուէին, թէ լինէին
Նորա ձեռքում խաղալիկ…
Այժմ փողոցում քնում է նա
Խոնաւ պատերի տակին.
«Ողորմութիւն արէք, պարո՛ն,
Անտուն, անտէր աղքատին»:

Ժամի դռնում նա կանգնած է,
Աչքերը կոր, վիզը ճուկ․
Նորա նախկին բարեկամքը
Չեն ասում նորան. «Խղճո՛ւկ,
Եկ դու մեր մօտ, մեք կ՚ամոքենք
Քո վիճակի դառնութիւն,
Կը թուլացնենք ճակատագրիդ
Խիստ հարուածի սաստկութիւն»:
Նա տանում է, տառապելով,
Այս սոսկալի վշտերին.
«Ողորմութիւն արէք, պարո՛ն,
Անտուն, անտէր աղքատին»: