Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ
      
       Դեռ կը հեւամ.
       Դեռ մահամերձ վարդերու պէս տժգոյն եմ.
       Հոգիիս մէջ, դեռ գիշերը Տառապանքին
       Հսկայ բուի իր թեւերը կը փռէ...
       Բայց արդէն իսկ կապոյտ լեռնե՜րն են ահա,
       Զոր երազեր եմ երկար.
       Կապոյտ լեռնե՜րն, ու իրենց վէս կողերն ի վեր
       Լռութի՜ւն անրջական՝
       Որուն համար արցո՛ւնք թափեր եմ երկար,
       Երբ պատանի հոգիս մինակ կը մնար,
       Մութ գիշերներ, աստղերուն տակ...
       Մատներըս դեռ կ՚արիւնին.
       Ի՜նչ դժուարին վերելք էր այս,
       Ապառաժէ ապառաժ,
       Վիշտերու բեռը ուսիս...
       Եւ ահա մութ, կապոյտ լեռնե՜րն են, իրաւ,
       Շքեղ՝ ինչպէս մերկ հոգին,
       Թէեւ տժգոյն ու հեռաւոր տակաւին...
       Գիշեր չեղած՝
       Ինչպէ՞ս նայիլ ամբաւին...
       Բայց այս յուզո՜ւմը յստակ.
       Ահ, կարծես թէ,
       Այս խորտակուած կուրծքիս տակ,
       Տրտմութեան հին աղբիւրն է որ,
       Աւերակէ աւերակ,
       Լուսնի լոյսովը օծուն,
       Հոգւոյս ճամբան կը փնտռէ,
       Ահ, սփոփա՛նքը իր երգին...
       Խաղաղութի՜ւն։
      
       Այս իրիկուն,
       Աստղերն որքա՜ն են վճիտ,
       Ինչպէս շիթերն արցունքի՝
       Որ կը թափին երբ մարդ կ՚իյնայ աղօթքի…
       Խաղաղութի՜ւն։
      
       Ու այս ձա՜յնը,
       Բայց ծաղիկէ զատ ո՛չ մէկ իր կայ այստեղ.
       Ահ, այս ձա՜յնը, այսպէս խաղաղ ու տրտում…
       Անհո՞ւնն է,
       Զայն կը լսեմ, կարծես թէ,
       Լռութեան այս անրջահեւ երգին մէջ…
       Խաղաղութի՜ւն։