Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿՐԻՏԻԿԱ «ՍՈՍ ԵՎ ՎԱՐԴԻԹԵՐ»

(էջ 169)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ЦГИАМ, III բաժանմունքի ֆ., 230: ԵՉԳԱԹ-ում պահպանվում է ինքնագրի լուսանկար պատճենը՝ Մ. Նալբանդյանի ֆ., 12–I: Գրվել է 1863 թ. կեսերից եւ ավարտվել 1864 թ. փետրվարի 13-ին:

Առաջին անգամ տպագրվել է «Անտիպ երկեր» (1935), ապա ԵԼԺ, հ. III (1940): Ներկա տպագրության համար հիմք է հանդիսացել լուսանկար պատճենը:

1864 թ. փետրվարի 5-ին Միքայել Նալբանդյանը Պետրոպավլովյան բերդի պարետ՝ գեներալ Ս. Ֆ. Սորոկինին խնդրագիր է ներկայացնում իրեն թարգմանություններ կատարելու եւ գրական հոդվածներ գրելու թույլտվություն տալու վերաբերյալ: Պարետը բանտարկյալի հիշյալ խնդրագիրը ուղարկում է III բաժանմունքի պետ իշխան Վ. Ա. Դոլգորուկովին, որը Սորոկինի զեկուցագրի վրա դնում է հետեւյալ եզրակացությունը. «Ինչպե՞ս են վարվում Չեռնիշեւսկու ստեղծագործությունների հետ»: Այսինքն՝ առաջարկվում էր խիստ գրաքննչական ստուգում, որպիսին ենթարկվում էին Չեռնիշեւսկու՝ բերդում գրած բոլոր գործերը, առանձնապես նրա «Ի՞նչ անել» վեպի «Սովրեմեննիկում» լույս ընծայվելուց հետո (1863): Հետաքրքրական է, որ Դ. Ի. Պիսարեւի համանման խնդիրքին այդ նույն Դոլգորուկովը պատասխանել էր. «խուսափելու համար որպեսզի Պիսարեւի հոդվածները չառաջացնեն այն հետեւանքները, ինչ արեց Չեռնիշեւսկու «Ի՞նչ անել» վեպը, առաջարկում եմ Պիսարեւին փոխադրել Պետրոպավլովյան բերդի Նեւսկի կուրտինայի մենախցից Ալեքսեեւյան ռավելին, եւ այն ժամանակ նրա հոդվածների լույսընծայումը, ինչպես եւ անտեղի այցելությունները կդադարեն» . Плоткин, Д. Н. Писарев, М, 1962. стр. 25–27):

1864 թ. փետրվարի 11-ին Դոլգորուկովի հանձնարարությամբ բերդի պարետին հայտնվում է, որ Նալբանդյանին «կարող են թույլ տրվել գրական զբաղմունքներ, պայմանով միայն, որ նրա կազմելիք հոդվածները ներկայացվեն նորին կայսերական մեծության սեփական գրասենյակի III բաժանմունքը»: Երկու օր անց Նալբանդյանը անում է հետեւյալ գրառումը «Բերդի հիշատակարանում». «13-ին հայտնեցին ինձ երրորդ բաժանման հրամանը իմ աշխատության մասին»:

«Հյուսիսափայլին» Նալբանդյանի աշխատակցելու թույլտվությունը շուտով հայտնի է դառնում բոլոր նրա բարեկամներին: Նրանցից մեկը այդ մասին նամակով հայտնում է Հ. Սվաճյանին, որը եւ տպագրում է այն «Մեղուում», 1864 թ. փետրվարի 29-ին: Նամակում ասված է. «Ինչպես միշտ, այնպես ալ հիմա, պ. Նալբանդյանը գործակից է «Հյուսիսափայլին» եւ անդ հոդվածները ամեն թիվի մեջեն ալ չպիտի պակասին: Սակայն ասկե չպիտի հետեւցնել, թե անի ազատված է հիմա. չէ, Բեդերսպուրկի մեջ, սուրբ Պետրոսի բերդը կգտնվի, բայց իրեն թույլտվություն եղած է  այժմ հրատարակության մասնակից ըլլալ: Անշուշտ, իր գրվածքները Մոսկվա օրագրի խմբագրատունը հասնելեն առաջ  քանի մը  խիստ քննությանց ենթակա պիտի ըլլան»:

Բայց ուրախությունը վաղաժամ էր: 1864 թ. փետրվարի 20-ին Նալբանդյանը կատարում է հետեւյալ գրառումը «Բերդի հիշատակարանում». «…Տվի գրվածքս քննության»: Խոսքը վերաբերում է «Սոս եւ Վարդիթերի» կրիտիկային»: Ստանալով Նալբանդյանի ձեռագիրը, բերդի պարետը հետեւյալ օրը հարցում է հղում III բաժանմունք՝ նրա հետ վարվելու կերպի մասին: Ընդսմին նա ավելացնում է. «…Թեկնածու Նալբանդյանը խնդրում է այդ հոդվածը, III բաժանմունքից վերադարձնելուց հետո, հանձնել իր եղբայր Լազար Նալբանդովին»:

Սակայն Նալբանդյանի հոդվածի ճակատագիրը արդեն կանխորոշված էր: Բերդի պարետի զեկուցագրի վրա ինչ-որ մի ձեռք մակագրել էր 1864 թ. փետրվարի 24-ին. «Այս հոդվածը պետք է թողնել III բաժանմունքի գործերում՝ մինչեւ Նալբանդովի դատավարության ավարտը»: Դրա կողքին մի այլ ձեռք գրել է. «Համաձայն եմ»: 1864 թ. փետրվարի 28-ին Նալբանդյանը «Բերդի հիշատակարանում» կատարում է մի այլ գրառում. «Նամակ ստացա եղբորիցս, որով հայտնում է չեն թույլ տալիս ինձ բան տպել «Հյուսիսափայլում» մինչեւ իմ գործի վճիռը»: Այդպես էլ մնաց Նալբանդյանի «Կրիտիկա «Սոս եւ Վարդիթեր» հոդվածը ցարական ոստիկանության թղթերում եւ հայտնաբերվեց Աշոտ Հովհաննիսյանի կողմից ու առաջին անգամ տպագրվեց մանրամասն եւ արժեքավոր ծանոթագրություններով 1935 թվականին . Նալբանդյան, Անտիպ երկեր, խմբագրություն եւ կոմենտարներ Աշոտ Հովհաննիսյանի, Ե. ., 1935, էջ 148–226, 631–673):

Հոդվածի ձեռագիրը բաղկացած է 47 էջից, գրված մանր, բայց ընթեռնելի ձեռագրով: Անվանաթերթի վրա գրված է հայերեն. «Կրիտիկա «Սոս եւ Վարդիթեր», ազգային վիպասանության, պ. Պերճի Պոոշյանց, 1860, Թիֆլիս»: Թղթապանակի վրա Նալբանդյանի ձեռքով գրված է ռուսերեն «Северное сияние» (арм. журнал), издаваемый в Москве г. Назарянц. М. Налбандов. Разбор романа «Сос и Вартитер» Прошянц, изданного в Тифлисе в 1860 г.

Ձեռագրի վերջում դրված է ստորագրությունը «Մ. Նալբանդյանց» եւ աշխատանքի ավարտման թվականը եւ օրը՝ «1/13 փետրվ. 1864, Ս. Պետերբուրգ»:

Նալբանդյանի հոդվածի ճակատագրով հետաքրքրվել են արդեն իր ժամանակակիցները: Առաջին անգամ նրա մասին հիշատակում է հրապարակախոսի առաջին կենսագիր Մ. Տեր-Գրիգորյանը: Նա այդ հոդվածը դնում է Նալբանդյանի չհրապարակված աշխատությունների շարքում. «Սոս եւ Վարդիթեր» վիպասանության քննությունը: Բավականին մեծ հոդված է եւ մեզ հայտնի է ում մոտն է գտնվում» (Միքայել Տեր-Գրիգորյանց, Միքայել Նալբանդյանցի համառոտ կենսագրությունը, Ղազար Փարպեցու գրած թուղթը, թարգմ. եւ բացատրությունք Մ. Նալբանդյան, Ս. Պետերբուրգ, 1868, էջ XXII): Նկատի ունի Քերովբե Պատկանյանին: Այս մասին մենք իմանամ ենք 1875 թ. դեկտեմբերի 27-ին Ռափայել Պատկանյանին Պերճ Պռոշյանի գրած նամակից. «եթե չեք մոռացել, դուք ինձ խոստացաք գրել պ. Քերովբեին եւ հանգուցյալ Նալբանդյանցի իմ «Սոս եւ Վարդիթերիս» վրա գրած քննության մասին, որը, ըստ ասության պ. Միքայել Տեր-Գրիգորյանցի, այժմ գտնվում է պ. Քերովբեի մոտ»: Չստանալով ոչ մի պատասխան, Պ. Պռոշյանը իր հետեւյալ՝ 1876 թ. մարտի 22-ի նամակում նորից հիշեցնում է Ռափայել Պատկանյանին իր խնդրանքի մասին. «Եթե չեք մոռացել, պ. Միքայել Տեր-Գրիգորյանցից ես լսածս Ձեզ պատմեցի հանգուցյալ Նալբանդյանցի իմ «Սոս եւ Վարդիթեր»-ի համար արած քննության մասին, որ գտնվում է պ. Քերովբեի մոտ. հիշեցրեք, խնդրեմ, նորան, որ եթե ինքը չի ուզում տպել տա, գոնե պատճենը ինձ ուղարկել անտես չառնել» (Պերճ Պռոշյան, Երկ. ժող., հ. 7, Ե., 1964, էջ 474, 477):

Մեզ հայտնի չէ, պատասխանե՞ց արդյոք Ռափայել Պատկանյանը Պ. Պռոշյանին, թե ոչ:

Մենք այժմ գիտենք, որ խոսքը կարող էր վերաբերել միայն հոդվածի  առաջին  տարբերակին, որը ինչ-որ ձեւով պահպանվել էր եւ հայտնի էր գրական շրջաններում: Ռուբեն Բերբերյանը, Նալբանդյանի մտերիմ բարեկամ Հովհաննես Բերբերյանի որդին, Գամառ-Քաթիպային նվիրված հոդվածում գրում է, թե ինչպես, դեռեւս 1888 թ., Ռափայել Պատկանյանը խոսում էր Պ. Պռոշյանի «Սոս եւ Վարդիթերի» առթիվ Նալբանդյանի գրած «մեծ քննադատության» մասին, դնելով այն Պետրոս Ադամյանի՝ Համլետին նվիրված հոդվածի կողքին (տե՛ս «Հայրենիք» ամսագիր, 1932, 12, էջ 132): Պարզ է, որ Ռափայել Պատկանյանը նույնպես ծանոթացել էր Նալբանդյանի աշխատության առաջին տարբերակի հետ, որի մի պատառիկը շուտով հրատարակվեց «Գրականական եւ պատմական հանդեսում» (1890, գիրք 3): Այդ ձեռագիրը հանդեսի խմբագիր Մ. Բարխուդարյանին էր հանձնել Նալբանդյանի քեռորդի Հովհաննես Խաչատրյանը: Հրատարակության խմբագրական ծանոթագրության մեջ ասված է. «Սրտի բերկրությամբ  զետեղելով «Հանդեսում» հանգուցյալ Միքայել Նալբանդյանի այս աշխատությունը, որ համարյա կորած էր համարվում, պետք է ավելացնենք, որ սա հոդվածի ամբողջությունը չե կազմում, այլ միայն մի կտորը: Մեզ հասած տետրակի մի մասը պակասում է, այն է՝ սկսում է 27 էջից եւ վերջանում 42-ով: Տպագրելով այս հատվածը, մենք վստահանում ենք հուսալ, որ մեծ հրապարակախոսի եւ մատենագրի այս տողերն էլ կվայելեն արժանի ուշադրություն»: Խմբագրի ձեռնարկած փնտրումները ձեռագրի պակասող էջերը գտնելու համար ո՛չ մի արդյունք չտվին: 1896 թ. Մկրտիչ Բարխուդարյանին ուղղված իր նամակում Երվանդ Շահազիզը գրում է. «Սոս ե Վարդիթերի» քննության սկիզբը չկա. ես ինքս իմ ձեռքով քրքրեցի Խաչատրյանի մոտ գտնված հանգուցյալի թղթերը: Ո՞վ գիտե, կարելի է, մյուս ազգականների մոտ գտնված թղթերի մեջ գտնվի, բայց ես քեզ գրել էի, որ նոքա ոչ միայն տալ, այլ մինչեւ անգամ վախենում են ցույց տալ այդ թղթերը» . Նալբանդյան, Անտիպ երկեր, էջ 632):

Ցավոք սրտի, տպագրությունից հետո ոչ միայն չգտնվեցին պակասող էջերը, այլեւ կորավ նաեւ պահպանված պատառիկի ձեռագիրը: Առանձնակի հետաքրքրություն ցուցաբերեց Նալբանդյանի ձեռագրի նկատմամբ «Սոս եւ Վարդիթեր» վեպի հեղինակ Պերճ Պռոշյանը: Իմանալով, որ «Հանդես գրականական եւ պատմականը» մտադիր է հրատարակել հոդվածի պահպանված հատվածը, նա 1889 թ. սեպտեմբերի 4-ին գրում է Մկրտիչ Բարխուդարյանին. «Սոս եւ Վարդիթեր»-ի քննադատության առթիվ Նալբանդյանցի գրած՝ ես տեղեկություն ունեի հանգուցյալի «Ղազար Փարպեցու թղթի» հառաջաբանից, նորա հրատարակիչ, նույնպես հանգուցյալ, Միք. Տեր-Գրիգորյանցը ինձ անձամբ ասաց, որ ինքը կարդացել է հոդվածը եւ չգիտե ում մոտ է այժմ. իսկ տպված ոչ մի տեղ չկա: Ափսո՜ս է, իհարկե, որ թերի է, բայց եւ այնպես ցանկալի է հանգուցյալ Նալբանդյանցի կարծիքն իմանալ իմ անդրանիկ գրվածքիս վրա. տպեցե՛ք, ուրեմն, խնդրում եմ, թեկուզ պակաս-պռատ» (Պերճ Պռոշյան ԵԺ, հ. 7, էջ 483): Պատմում են, որ Պռոշյանը կարդալով Նալբանդյանի հոդվածի տպագրված պատառիկը, մեծ ուշադրությամբ է վերաբերվել քննադատի հայտնած կարծիքին, մասնավորապես լեզվի եւ ոճի մասին արտահայտած մտքերին, քանի որ հենց այդ հարցերին էր նվիրված տպագրված պատառիկը:

Հետագայում Նալբանդյանը իր ուշադրությունը կենտրոնացրեց «Սոս եւ Վարդիթեր» վեպի գրականագիտական հարցերի վրա, խորացնելով եւ լայնացնելով իր հոդվածի խնդիրները, տալով նրան գրական-քննադատական, գիտական-հրապարակախոսական բնույթ: Այսպես ծնունդ առավ «Կրիտիկա «Unu եւ Վարդիթեր» հոդվածի վերջնական տարբերակը, որը նախատեսված էր «Հյուսիսափայլի» էջերում տպագրելու համար:

Միքայել Նալբանդյանի հոդվածը դուրս է գալիս մի վեպի քննության սահմաններից եւ կրում է ընդհանրացնող տեսական բնույթ: Դա գրական-քննադատական մի ծավալուն աշխատություն է, որտեղ երեւան է եկել Նալբանդյան-քննադատի ամբողջ տաղանդը:

Նալբանդյանի հետաքրքրությունը մասնավորապես ազգային վեպի նկատմամբ, միանգամայն բացատրելի է: Նա ըմբռնում էր, որ արձակը հանդիսանում է գրականության առաջընթաց ժանրը եւ նրանով է, որ պետք է որոշվի այս կամ այն ազգային գրականության հասունությունը: Իր «Երկու խոսք թե ինչպես է մեր հայացքը մի օրագրի պաշտոնակատարության մասին» հոդվածում, որը գրված է համարյա «Կրիտիկայի» հետ միաժամանակ, Նալբանդյանը ասում է. «Այսօրվա օրս Եվրոպայի մեջ գրեթե թագավորյալ մատենագրությունը վիպասանությունն է. ինչ օրագիր, ինչ լրագիր կամ ինչ թերթ ասես, որ առանց վեպի օր անցնե, թողնում ենք այն բազմահատոր վիպասանությունքը զանազան հեղինակների եւ զանազան ազգերի»: Դարաշրջանի այս բնորոշ հատկությանը, մասնավորապես ռուս գրականության մեջ, մատնացույց է արել դեռեւս Բելինսկին իր «Ռուսական պատմվածքի եւ Գոգոլի պատմվածքների մասին» հոդվածում. «Այժմ մեր ամբողջ գրականությունը վեր է ածվել վեպի եւ պատմվածքի…»: Այս երեւույթի պատճառը նա տեսնում էր «ժամանակի ոգու, համընդհանուր եւ, կարելի է ասել, համաշխարհային ուղղության մեջ» . Г. Белинский, Полн. собр. соч., т. I, стр. 261): Համարյա թե Նալբանդյանի հետ միաժամանակ Պիսարեւը իր «Ռեալիստներ» (1864) հոդվածում նշում էր գրականության մեջ վեպի կամ, ինչպես ինքն էր ասում, «քաղաքացիական էպոսի» «վճռական գերազանցությունը» . И. Писарев, Избранные произведения. Л., 1968, стр. 335–336):

Այդ «համաշխարհային ուղղությունը» մուտք էր գործում նաեւ հայ գրականություն, որի վրա եւ ուշադրություն է դարձնում Նալբանդյանը:

Իր «Կրիտիկայում» նա կանգ է առնում երեք վեպերի վրա՝ Պերճ Պռոշյանի «Սոս եւ Վարդիթեր», Գաբրիել Տեր-Հովհաննիսյանի «Տեր-Սարգիս» եւ արեւմտահայ հրապարակախոս ու պատմաբան Հովսեփ Վարդանյանի «Ագապի»: Բնութագրելով այս ստեղծագործությունները, քննադատը ընդգծում է նրանց մերկացնող պաթոսը, հատկապես առանձնացնելով «Հյուսիսափայլում» տպագրված եւ գրաքննության արգելքի հետեւանքով կիսատ մնացած Գաբրիել Տեր-Հովհաննիսյանի «Տեր-Սարգիս» վեպը: «Մեր կարծիքով, գրում էր Նալբանդյանը, այդ գործին ավելի պատշաճ է «Քաղցկեղ Հայաստանի» անուն ունենալ, քան թե կապվել մի պարեգոտավորի անունի հետ, որ շատ կարելի է թե անհաջողության էլ պատճառ դարձավ: Եթե երբ եւ լինի այդ կիսատ մնացած գործը ավարտվի, միեւնույն հոգով եւ հմտությամբ շարունակելով, այն ժամանակ մեր նոր դպրության մեջ այդ գործը այն տեղը կունենա, ինչ տեղ ռուս դպրության մեջ ստացել է «Մեռած անձինքը»: Թող կանխիկ ընդունի մեր սրտանց շնորհակալաթյունը հայկական Գոգըլը, որին մաղթում ենք մի փայլուն գալոցք»:

«Տեր-Սարգիս» վեպը համեմատելով Գոգոլի «Մեռած հոգիների» հետ, Նալբանդյանը դրանով արդեն առաջ էր քաշում մի շատ կարեւոր միտք այն մասին, որ հայ գրականությունը պիտի ընթանա «Գոգոլյան ուղղության», այսինքն՝ քննադատական ռեալիզմի ճանապարհով:

Նալբանդյանի կյանքը եւ գործունեությունը համընկավ ռուս գրականության այն շրջանի հետ, երբ այնտեղ հաստատվում էր քննադատական ռեալիզմը: «Գոգոլյան դպրոցի» կամ «նատուրալ դպրոցի» գեղագիտական հիմունքները մշակվել էին Բելինսկու կողմից, որը այդ հասկացությունն օգտագործում էր նաեւ լայն առումով՝ քննադատական ռեալիզմի իմաստով: Բելինսկու դրույթները հետագայում զարգացնում է Չեռնիշեւսկին՝ «Սովրեմեննիկում» տպագրված «Ռուս գրականության գոգոլյան շրջանի ուրվագծեր» հոդվածաշարում (1855–1856), որին Նալբանդյանն, անտարակույս, ծանոթ էր: Գոգոլի անվան հետ Չեռնիշեւսկին կապում էր քննադատական ռեալիզմի սկզբնավորումը ռուս գրականության մեջ: Նալբանդյանը խորապես ընկալում եւ ըմբռնում էր ժամանակի ոգին: «Հեգելը եւ նորա ժամանակը» (1863) աշխատության մեջ նա հայտարարում էր, որ «այժմ կրիտիկի ժամանակ է», այդ հասկացության մեջ դնելով լայն ըմբռնում, Չեռնիշեւսկու խոսքերով ասած, «ընդհանրապես կյանքի երեւույթների մասին դատողություններ», որոնք ներծծված են «բանականության եւ ազնիվ զգացումի չափի հետ համապատասխանող կամ չհամապատասխանող գիտակցությամբ» . Г. Чернышевский. Полн. собр. соч., т III. стр. 18):

Իրականության նկատմամբ նման վերաբերմունքը Նալբանդյանը սահմանում էր որպես «սկեպտիկյան ուղղություն», որը համահավասար էր «քննադատական ուղղության» դեպ, հունական «սկեպտիկ» բառը նշանակում է «զննող, քննադատող»): «…Այս անողոքելի դարում, գրում էր նա «Աշխարհաբարի քերականության» ներածությունում (1863), որի թագավորը չէ մի որպեսի եւ իցե քնաբեր նանիկ, այլ այն արգասավոր սկեպտիցիզմը, որ վերացնում է մարդկային մտքի ամրության նախատինքը»:

Այս ընդհանուր գեղագիտական չափանիշների դիրքերից էր մոտենում Նալբանդյանը ժամանակակից հայ գրականության գնահատման հարցին, որտեղ նա արդեն նշմարում էր նոր, «սկեպտիկյան ուղղության» ծիլերը: «Սոս եւ Վարդիթեր» վեպի հերոսներից մեկին՝ Արշամին դասելով «նոր սերունդի սկեպտիկյան ուղղության» ներկայացուցիչների շարքը, որը բացեիբաց հանդես է գալիս կյանքի երեւույթների նկատմամբ քննադատական խորհրդածություններով, Նալբանդյանը ցավ է հայտնում, որ Պռոշյանի վեպում «շատ քիչ հանդես ունի… այն ուղղությունը, որ երեւում է Արշամում, թեեւ այս չափիցն էլ տեսնում ենք կենարար սկեպտիցիզմի արած ազդեցությունը…»:

Ճշմարտացի, ռեալիստական գրականության պահանջով Նալբանդյանն, ըստ էության, հիմնավորում է ժողովրդայնության գեղագիտական դրույթը: Գրականության ժողովրդայնության մասին նա գրել էր տակավին իր առաջին աշխատության՝ «Յաղագս հայկական մատենագրութեան ճառի» եւ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին» նվիրված ակնարկների մեջ («Մեռելահարցուկ» վեպի տողատակին տրված ծանոթագրություններում): Այստեղ նա բացահայտել էր ժողովրդայնության էությունը, որպես ազգային գրականությանը համընկնող ըմբռնում, քանի որ ազգի հիմքը նա համարում էր «հասարակ ժողովրդին»:

Այս դրույթները Նալբանդյանը զարգացնում է «Սոս եւ Վարդիթերին» նվիրված հոդվածում: «Ամեն բանի առաջ, ասում է նա, քննելիքը է ազգի կյանքը, որովհետեւ այդ կյանքն է բանաստեղծի հիմքը, որի վրա կառուցանում է նա իր շինվածքը»: Նոր ուղղության առանձնահատկությունները հայ գրականության մեջ ընդհանրապես եւ Պռոշյանի վեպում մասնավորապես քննադատը տեսնում էր ժողովրդի կյանքը պատկերելու, ժամանակակից հասարակության սոցիալական տեղաշարժերի իրենց ողջ բարդությամբ եւ հակասություններով վերհանելու մեջ:

«Սոս եւ Վարդիթերի» գաղափարական քննությունը Նալբանդյանը կատարում է գեղարվեստական առանձնահատկությունների, լեզվի եւ ոճի քննության հետ զուգընթաց, ռեալիստական ստեղծագործության արժեքը որոնելով ձեւի եւ բովանդակության միասնության մեջ: Պռոշյանի վեպի արժանիքներից մեկը նա համարում էր ժողովրդական լեզվի, բանահյուսության օգտագործումը, որը ստեղծագործությանը հաղորդում է ոչ միայն յուրահատուկ ազգային երանգ, այլ նաեւ բացահայտում է ժողովրդի աշխարհազգացումը, նրա սոցիալական եւ բարոյական հասկացությունները:

«Կրիտիկա «Սոս եւ Վարդիթերի» հոդվածը արժեքավոր է նաեւ գրականության եւ արվեստի վերաբերյալ տեսական հարցադրումներով:

Պռոշյանի վեպի քննության ընթացքում Նալբանդյանը անդրադառնում է սյուժեի, կոմպոզիցիայի, հանգույցի, հանգուցալուծման, բնավորության, տիպի, գեղարվեստական եւ գիտական ճշմարտության հարաբերակցության, գրողի ստեղծագործական երեւակայության հարցերին, լուսաբանելով դրանք մատերիալիստական գեղագիտության դիրքերից:

Ընդունելով գրականության դերը ժողովրդի մտավոր ու բարոյական դաստիարակության գործում, Նալբանդյանը գրողի առաջնահերթ պարտավորությունը տեսնում էր ժամանակի առաջավոր գաղափարները պրոպագանդելու, ազգային բնավորության մնայուն արժեքները վերհանելու, նրա գիտակցությունը նախապաշարմունքներից եւ հետամնաց հայացքներից ազատագրելու մեջ: Եվ ահա հենց այս իմաստով նա քննադատում էր նահապետական կարգերը իդեալականացնելու Պռոշյանի միտումը, որը իրեն զգացնել էր տալիս վեպի որոշ դրվագներում: Դրանով են բացատրվում նաեւ բնական գիտությունների վերաբերյալ կատարված զեղումները, որոնց օգնությամբ լուսավորիչ-դեմոկրատը մատերիալիստական դիրքերից հերքում էր ժողովրդի մեջ գոյություն ունեցող սնոտիապաշտությունն ու նախապաշարումները:

Սովետական տարիներին «Կրիտիկա «Սոս եւ Վարդիթերի» հոդվածը տպագրվել է մի շարք անգամներ: Այն լույս է ընծայվել առանձին հրատարակությամբ (1940, ծանոթագրություններ Հ. Մկրտչյանի), մտել է Նալբանդյանի երկերի առաջին լրիվ ժողովածուի III հատորի մեջ (1940, ծանոթագրություններ Հ. Մկրտչյանի), հրատարակվել է Պռոշյանի վեպի հետ միասին (1953, վերջաբան Ա. Ինճիկյանի), զետեղվել է Մ. Նալբանդյանի միհատորյակում (1953, ծանոթագրություններ Հ. Մելիքյանի եւ Գ. Ստեփանյանի): Այն տեղ է գտել վերջին երկու հոբելյանական հրատարակություններում՝ նվիրված Մ. Նալբանդյանի ծննդյան 150-ամյակին (1979), «Երկեր»-ում (ներածություն Ս. Դարոնյանի) եւ «Հրապարակախոսական երկերում» (ներածություն եւ ծանոթագրություններ Մ. Մխիթարյանի):

Էջ 169, տ. 4. «(Սիրական եղբոր, Խ. Պ. Օտ…ին նվեր)» Օտյան Խաչիկ Պողոսյան Արեւմտահայ նշանավոր հրապարակախոս եւ հասարակական գործիչ Գրիգոր Օտյանի կրտսեր եղբայրը, հայտնի գրող, երգիծաբան Երվանդ Օտյանի հայրը: Ամենայն հավանականությամբ, ինչպես ենթադրում է անվանի նալբանդյանագետ Աշոտ Հովհաննիսյանը, Միքայել Նալբանդյանի եւ Խաչիկ Օտյանի բարեկամությունը, որ սկսվել էր Նալբանդյանի՝ Պոլսում եղած երկու ամիսների ընթացքում, ուներ գաղափարական բնույթ: Խաչիկ Օտյանը մեկն էր այն երիտասարդներից, որոնք համախմբված էին Սվաճյանի «Մեղուի» շուրջը:

Էջ 169, տ. 5. «Միթէ որ ննջիցէն, այլ ո՛չ եւս յաւելուցու յառնել…» Տե՛ս Սաղմոս Դավթի, Խ, հ. 9:

Սաղմոսի այս տողերը, ավելի քան, համապատասխանում էին բանտում գտնվող Նալբանդյանի հոգեկան վիճակին, որն իր աշխատությամբ ջանում էր ապացուցել, որ ինքը մեռած չէ, կա եւ ստեղծագործում է:

Էջ 170, տ. 7. «Թողնելով այն պարոններին, որոնց սիրելի է այդպիսի բաների  պարապմունքը…» Ակնարկը վերաբերում է Մկրտիչ Էմինի 1850 թ. Մոսկվայում լույս ընծայած «Վէպք հնոյն Հայաստանի» աշխատությանը:

Էջ 170, տ. 13 «Բարձրաբարբառ հռչակել պ. Գաբրիել Տեր-Հովնաննիսյանցի «Տեր Սարգիս» մակագրով վիպասանությանը» Գաբրիել Տեր-Հովհաննիսյանի «Տեր Սարգիս» վեպը լույս է ընծայվել 1861 թ Հյուսիսափայլի  5-րդ, 8-րդ, 9-րդ եւ 12-րդ ամսատետրակներում, ընդամենը 22 գլուխ եւ ընդհատվել գրաքննչական արգելքի պատճառով: Այս մասին վեպի հեղինակը «Քաջբերունի» ստորագրությամբ «Ստեփաննոս Նազարյանցի շուրջը 60-ական թվականներին» հուշագրության մեջ պատմում է հետեւյալը. «Ի՞նչ է պատճառը, որ «Տեր Սարգիս» վեպը ընդհատվեց, չշարունակվեց: Վեպը, երբ հասել էր այն կետին, որ պետք է բեմ հանվեր Թիֆլիսի յուր ժամանակին նշանավոր քահանաներից մինի, Սահակ ավագ քահանա Սահառունու, կրոնի դասատվության խայտառակ ձեւը Ներսիսյան դպրոցի բարձր դասարանում, հեղինակին հաղորդել էր Սահառունու աշակերտ Մարտիրոս Սիմեոնյանցը: Հենց այդ ժամանակ բորբոքված էր Մատթեոս կաթողիկոսի կողմից հալածանք Նազարյանցի դեմ, ուստի ցենզոր Բերոյանցը արգելք դրեց վեպի շարունակությանը: Առանց վեպին որեւէ վնաս հասցնելու հեղինակը կարող էր դեն ձգել Սահառունուն էլ, նրա դասատվությունն էլ եւ հանգիստ շարունակել վեպը, բայց նա անփորձությունից դիմեց զանազան միջնորդների եւ անհաջողության մատնվելով, դիմեց Կարապետ Եզյանի միջնորդությանը, որը 1862 թ. մայիսի 15-ի նամակով պատասխանեց, թե Բերոյանցին անկարելի է համոզել, որ նրան, Բերոյանցին հրամայված է ցենզորական կոմիտեի կողմից, որ հայոց հոգեւորականության մասին ոչ մի հոդված թույլ չտա տպագրության: Ավելացրեք սրա վերա եւ այն, որ շուտով դադարեց «Հյուսիսափայլը»: Ահա այդպիսի փորձանքի ենթարկվեց «Տեր Սարգիսը», որի շարունակությունը մնում էր անշուք մինչեւ այսօր»: (Տե՛ս Քաջբերունի, Ստեփաննոս Նազարյանցի շուրջը 60-ական թվականներին 1917, Էջմիածին, էջ 12):

Էջ 170, տ. 28. «Մենք խոսում ենք Ագապի մակագրով ազգային վիպասանության մասին» «Ագապի հիքեաեսի» վերնագրով գիրքը լույս է ընծայվել Կ. Պոլսում, 1851 թ. հայատառ թուրքերեն լեզվով, առանց հեղինակի անվան:

Վեպի գաղափարական բովանդակությունը խարսխված է կաթոլիկների դեմ մղվող պայքարի վրա:

Ինչպես հայտնի է, XIX դ. 50–60-ական թթ. արեւելահայ եւ արեւմտահայ մամուլում կաթոլիկական պրոպագանդայի դեմ ուժեղ պայքար էր մղվում: Այդ պայքարի առաջին դրոշակակիրներն էին Կ. Պոլսում «Մեղուի» շուրջը համախմբված երիտասարդները՝ Հ. Սվաճյանը, Կ. Փանոսյանը, Ա. Հայկունին եւ ուրիշներ, Արեւելահայաստանում՝ «Հյուսիսափայլը» Մ. Նալբանդյանի գլխավորությամբ:

Մ. Նալբանդյանը իր «Թափառական հրեայի» առաջաբանում, «Հյուսիսյանց», «Մխիթար Սեբաստացի եւ Մխիթարյանք» հոդվածներում սկզբունքային պայքար էր մղում «քաղաքակրթություն» տարածելու պատրվակով փոքր ժողովուրդներին ստրկացնող եվրոպական գաղութարարների եւ նրանց հիմնական զենքի՝ միսիոներների ու կաթոլիկական պրոպագանդայի դեմ:

Նույն այն օրերին, երբ գրվում էր «Սոս եւ Վարդիթերի» կրիտիկան, Նալբանդյանը աշխատում էր նաեւ իր հայտնի «Նկատողություն» հոդվածի վրա, որտեղ մերկացվում էր կաթոլիկական պրոպագանդան:

Գաղափարական այս նպատակասլացությամբ պետք է բացատրել Նալբանդյանի հիացմունքը այդ գործի նկատմամբ:

Ուղիղ մեկ դար հետո գրականագետ Գառնիկ Ստեփանյանը «Ագապիի պատմությունը» վեպի մասին» հոդվածում ապացուցում է, որ վեպի հեղինակը Հովսեփ Վարդանյանն է (1813–1879): (Տե՛ս «Տեղեկագիր», 1951, 1):

Հետաքրքիր է, որ Մ. Նալբանդյանը «Ծոցատետրի նկատողություններում» դուրս է գրել «Մասիս» (26 հոկտեմբերի 1863 թ. ) թերթից Հ. Վարդանյանի . Վարդան փա- շայի) «Սահմանադրական ճշմարտություններ եւ անոնց պարտավորությունները» գրքի լույս տեսնելու ծանուցումը, չկասկածելով, որ խոսքը գնում է «Ագապիի» հեղինակի՝ գրողի, հրապարակախոսի, հրատարակչի, հասարակական գործչի մասին: Նալբանդյանը այդ ժամանակ զբաղվում է նաեւ սահմանադրական հարցերով, դրա համար էլ նրան հետաքրքրել է Հ. Վարդանյանի հիշյալ գրքույկը: Բայց, ըստ երեւույթին, այն այդպես էլ նրա ձեռքը չի ընկել (Տե՛ս Ս. Դարոնյան, Միքայել Նալբանդյան, էջ 460):

Էջ 170, պետիտ, տ. 1. «Չենք մոռացած «Նահապետ» ստորագությամբ Հ. Ղեւոնդ Ալիշանյանց արժանավոր վարդապետի հրատարակած հոյակապ քերթվածքը» խոսքը վերաբերում է Ղեւոնդ Ալիշանի 1858 թ. Վենետիկում հրատարակած «Նուագքի Գ» գրքում զետեղված «Երգք Նահապետի» շարքին:

Էջ 170, պետիտ, տ. 6. «…Կանչէ՛ պլպուլիկ, կանչէ՛ հոգեձայն, արդյոք զուխտ մահուն սուրբ հիշէ՞ Վարդան» Այս տողերով էր վերջանում Ղ. Ալիշանի «Պլպյուլն Աւարայրի», բանաստեղծության 1858 թ. հրատարակված առաջին տարբերակը: Հետագայում Ալիշանը մշակելով բանաստեղծությունը, փոխել է վերջին տունը այսպիսի տարբերակով. «Կանչէ պըլպուլիկ, կանչէ հոգեձայն» // Որ յերկնուց ի վայր հայի եւ Վարդան, // Յիշէ «զՀայաստան տուն իւր սիրական, // Հայաստան յիշէ զիւր Կարմիր Վարդան»:

Էջ 178, պետիտ, տ. 1. „Аn Expusure of female prostitution by W. Lagan, City missionary”.

«Վ. Լագան, քաղաքի միսիոներ»

«Կանացի պրոստիտուցիայի ցուցադրում»

Էջ 178, պետիտ, տ. 2. «Համբակք անլուայ եւ անաղելի խակակութ պորտոյն խակութեան» Մեջբերումը Նարեկացու «Մատեան ողբերգութեան» ԾԴ գլխի II հատվածից. բնագրում՝ «Համբակս անլուաց եւ անաղելի՝ խակակութ պորտոյն խակութանէ, ոողայ եւ ողողիբայ, ըստ Եզեկիէլի կրկնանախատն կշտամբութենէ»:

Էջ 178, պետիտ, տ. 3. «Եթե երանելի Նարեկացին Եվրոպայի սողանները տեսներ, Եզեկիյելի առակավոր երկու քույրերը կմոռանար Եգիպտոսի մեջ» Աստվածաշնչի մարգարե Եզեկիելի 23-րդ գլխում պատմվում է եգիպտացի երկու քույրերի մասին առակը, որոնք դեռեւս Եգիպտոսում, մանկության տարիներից տրվելով անառակության, իրենց վրա են հրավիրել աստծո զայրույթը: Նրանցից ավագին Ոողային (Վիոլա) աստծո հրամանով սպանում են հենց իր սիրեկանները, իսկ կրտսերին՝ Ոողիբային (Վիոլիբա), որը քրոջ մահից հետո դարձել էր ավելի սանձարձակ, աստված սպառնում է ոչնչացնել քարկոծությամբ:

Էջ 180, տ. 1. «Ավելի հիշեցնում է մեզ ֆրանսիական «Le roi le vent» խոսքը «թագավորն է այդպես ուզում», այսինքն՝ այդպես է ուզում առանց պատճառը բացատրելու:

Էջ 186, պետիտ, տ. 7. «(այս երկու վկայությունքը փոխ ենք առնում հոչակավոր Բոքլի անմահ գործից)» «Սոս եւ Վարդիթեր» վեպը բազմաթիվ խորհրդածությունների առիթ է տվել Նալբանդյանին: Ահա թե ինչպիսի խոսքերով է ավարտվում «Կրիտիկան». «Մենք ավարտեցինք մեր հոդվածը Սոս եւ Վարդիթեր  ազնիվ եւ պատվական աշխատության մասին որ մեզ շատ մտքերի պատճառ դարձավ որպես  եւ շատ էջեր լցնելու» (ընդգծումը մերն է խմբ. ):

Իր աշխատության մեջ Նալբանդյանը գրական հարցերի հետ միասին արծարծել է նաեւ փիլիսոփայական, հասարակական-քաղաքական, բնագիտական մի շարք կարեւորագույն խնդիրներ: «Կրիտիկան» գրելու ընթացքում նա ձեռքի տակ ուներ Թոմաս Բոքլի «Քաղաքակրթության պատմությունը Անգլիայում» գիրքը, որից եւ տողատակի ընդարձակ բացատրություններում մեջբերումներ է կատարել պատմության, կենսաբանական, բնագիտական բնույթի դատողություններում: Բնագրում հիշված փաստերը առնված են Բոքլի գրքի I հատորի 7-րդ գլխից (տե՛ս Томас Бокль, «История цивилизации в Англии», пер. К. Бестужева-Рюмина и Н. Тиблена, СПб., т I 1863 стр. 270).

Էջ 186, պետիտ, տ. 23. «Հոյակապ ֆրանսուա Արագո՛ն, Փարիզի գիտությանց ճեմարանի անմոռանալի եւ հռչակավոր անդամ եւ…» Ֆրանսիայի նշանավոր աստղաբաշխ, ֆիզիկոս եւ քաղաքական գործիչ Դոմենիկ Ֆրանսուա Արագոն (1786–1859), ընդամենը 23 տարեկան հասակում ընտրվել է ֆրանսիական ակադեմիայի անդամ եւ Նապոլեոն Բոնապարտի կողմից նշանակվել պոլիտեխնիկական դպրոցի պրոֆեսոր, որտեղ դասավանդել է մինչեւ 1831 թ.: 1830 թ. եղել է ֆրանսիական ակադեմիայի անփոփոխ քարտուղար եւ Փարիզի աստղադիտարանի դիրեկտոր: Բազմաթիվ են նրա գիտական աշխատությունները աստղաբաշխության, ֆիզիկայի, օդերեւութաբանության եւ ֆիզիկական աշխարհագրության ասպարեզներում:

Առանձնապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում Արագոյի «Ինքնակենսագրությունը», որտեղ նա երեւում է որպես ազնիվ, անկողմնակալ, հաստատակամ մարդ ու քաղաքացի: Հայտնի է այն փաստը, որ նա սկզբունքորեն հրաժարվել է հավատարմության երդում տալ Նապոլեոն III-ի կառավարությանը:

Արագոյի ինքնակենսագրությունը զետեղված է «Հռչակավոր աստղաբաշխների, ֆիզիկոսների եւ երկրաբանների կենսագրություններ» աշխատության մեջ, որը ռուսերեն թարգմանությամբ լույս է ընծայվել Պետերբուրգում 1859 եւ 1861 թթ.: Նալբանդյանը օգտագործել է այդ աշխատության երկու հատորները:

Էջ 187, պետիտ, տ. 14. «Գերմանացի հռչակավոր քիմիկոս Հուստոս Լիբիղը իր  քիմիան նամակների մեջ (չորրորդ տպագրության, 1858, Մյունխեն)» Լիբիխի «Նամակներ քիմիայի մասին» աշխատության ռուսերեն թարգմանությունը լույս է տեսել 1861 թ. Պետերբուրգում, սակայն, ինչպես երեւում է, Նալբանդյանի ձեռքին եղել Է նաեւ բնագիրը, որտեղից եւ արված է հայերեն թարգմանությունը:

Էջ 187, պետիտ, տ. 25. «…Կախարդության գոյությունը հաստատող կարծիքները հիմնված են  սո՛ւտ նկատողությանց, սո՛ւտ մեկնությանց եւ սո՛ւտ վկայությանց վրա»: Պ. Չամուռճյանի աչքը լո՜ւյս» Մեջբերումը կատարված է «Նամակներ քիմիայի մասին» Լիբիխի 24-րդ նամակից (Либих, «Письма о химии». СПб., 1861, т I, стр. 319).

Ակնարկը վերաբերում է Հովհաննես Չամուռճյան-Տերոյենցի դեւերի գոյությունը ընդունելու տեսակետին, եւ մասնավորապես նրա «Ապացույցք ավետարանական պատմության» հոդվածին («Երեւակ» 1860, 85):

Էջ 188, պետիտ, տ. 18. «…Նախ արջք օրհասականք ընդ վախճանեալ շնչոյն հզօրագոյնքն կռվին» Տե՛ս  Եղիշե, Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին, Մ., 1861, էջ 15:

Էջ 188, պետիտ, տ. 24. «Գնացե՛ք, գնացե՛ք ծունկ չոքեցեք «Միջնադռնյան հերետիկոսարանի առջեւը» «Միջնադռնյան կամ Դռնամիջյան հերետիկոսարան» էր կոչել Հովհաննես Չամուռճյանը մեղվականների այն ընկերությունը, որն իր ժողովները գումարել էր Մեծ Նոր Խանի միջանցիկ մի սենյակում:

Քիչ բան է հայտնի այդ ընկերության մասին, սակայն Սարգիս Պատրիարքի հրամանով Չամուռճյանի գրած «Մ. Մ. Այվատյանին նամակի քննությունը» գրքույկի մեջ բերված փաստերը որոշ տեղեկություններ են տալիս նրա անդամների, նպատակների եւ գործունեության վերաբերյալ: Պարզվում է, որ այն հիմնվել է 1860 թ. աշնանը (1861 թ. ամռանը հրատարակած իր գրքույկի մեջ Տերոյենցը գրում է. «անիկա տակավին տարվան մըն ալ չըկա»), առանց օրինավոր հեղինակության, այսինքն՝ առանց սահմանադրության, ինքնագլուխ կերպով, եւ նրա նախագահը եղել է Հարություն Սվաճյանը («այդ վճիռը տվող ժողովքը գիտեմ, եւ ես անոր դռնամիջյան ժողովակ կսեմ, որուն նախագահն է Մեչուխեչանը»), եւ որ Նալբանդյանը Կ. Պոլսում գտնվելու ամբողջ ժամանակամիջոցում ղեկավարել է նրա աշխատանքները («Հիշյալ ժողովակը եւ անոնց մեկ երկու շաբաթվան նախագահ Նալբանդյանը», «…իրեն ասուպի երեւույթը որքան տեւեց նե, այդ ժողովակին գրավոր փաստաբանը եղավ»): Հայտնի է դառնում նաեւ, որ 1860 թ. դեկտեմբերի 31-ին «Պողոս վարդապետի դեմ ուղղված Պոլսեցի լուսավորչական հայեր» ստորագրությամբ հայտարարությունը հրատարակել են հիշյալ ընկերության անդամները («կարդա այն ժողովակին անդամներուն «Պոլսեցի լուսավորչական հայեր» ստորագրությամբ հայտարարությունին»), եւ որ այդ ընկերության անդամները քննադատության էին ենթարկում ազգային սահմանադրությամբ կազմված հանձնաժողովները («կըսեմք որ՝ այդպես առանց օրինավոր հեղինակությամբք կազմված ժողովքներուն գործը իրավամբք կամ հանիրավի դատաքննելու, բամբասելու եւ զրպարտելու ատելի պաշտոնը վրանին առնող եւ ազգին վարչությանը ազգին աչքեն ձգելու աշխատելով»):

Ավելի մանրամասն այս ընկերության մասին տես  Գ. Ստեփանյան, «Մ. Նալբանդյանի «Երկու տող»-ում հիշատակված մի ազգանվան աղավաղման շուրջը» («Տեղեկագիր», 1952 6):

Էջ 188, պետիտ, տ. 33. «Որք են Վանցի Պողոսը» Տե՛ս «Երկու տող»-ի էջ 11, տ. 9 ծանոթագրությունը:

Էջ 188, պետիտ, տ. 34. «Տիրացու Հռիփսիմեի տեր Պապան» Տե՛ս «Ազգային թշվառություն», էջ 293, տ. 34 ծանոթագրությունը:

Էջ 188, պետիտ, տ. 37. «Քոյդ զքեզ…» Լուսանցքում հետագայում գրած այս տողերով վերջանում է ձեռագրի 12-րդ էջը, հաջորդն ունի կրկնակի համարակալում՝ «17», որը ջնջված է, եւ «13»: Հավանաբար Նալբանդյանը գրաքննական նկատառումներով ոչնչացրել է միջանցիկ չորս էջ եւ ձեռագիրը համարակալել է նորից 13, բայց հերթական 17-րդ էջի վրա նա ջնջել է պոկված չորրորդ էջի վերջին պարբերության հետեւյալ տողերը. «…[հասարա]կաց հոսանքի մեջ: Դեմ դնել այդ հորձանքին, ահա մի ազնիվ խնդիր եւ այդ դիմադրությունը եւ միջնադարյան ամուլ համակարգությանց կործանումը մենք հրատարակում ենք որպես անփոխարինելի հնար ազգային քաղաքակրթության»:

Էջ 190, տ. 6. «Արգո հեղինակը այստեղ մի վայրկյան ընծայում է Վարդիթերին Փանվելի աղջկա շնորհքը» Այսինքն՝ մարգարեություն. «եւ անդ էր Աննա մարգարէ՝ դուստր Փանուելի» (Աւետարան ըստ Ղուկասու, գլ. Բ, 36):

Էջ 192, պետիտ, տ. 4. «Աստծու աներեւույթքը նորա արարածներովն են իմացվում» Հմմտ. «Զի աներեւույթք նորա իսկզբանէ աշխարհի՝ արարածովքս իմացեալ տեսանին»: (Տե՛ս Պաւղոսի առաքելոյ առ Հռովմեայեցիս, Թուղթ, գլ. Ա, 20):

Էջ 192, պետիտ, տ. 7. «Կատրֆաժ, «Կերպարանափոխությունը կենդանական աշխարհում» Նալբանդյանի ձեռքին եղել է ֆրանսիացի հայտնի կենդանաբան, անտրոպոլոգ եւ էմբրիոլոգ Ժան Կատրֆաժի 1862 թ. ռուսերեն թարգմանված „Превращение в мире животных и человека” գիրքը, որտեղից եւ բերված է քաղվածքը:

Էջ 193, տ. 8. «Status guo? «ամեն այդ ազդեցությունքը…» Այսինքն՝ անփոփոխ վիճակը, նախկին դրությունը:

Էջ 193, տ. 10. «Դանիելի ասած «  աւերածի պղծութիւնը…» Պետք է լինի՝ «Եւ ի վերայ տաճարին պղծութիւն աւերածոյն կացցէ»: (Տե՛ս Աստվածաշունչ, Դանիէլ, գլ. Թ, 27):

Էջ 193, տ. 20. «Գեղեցիկ է խոսում հոյակապ Լիբիղը» Տե՛ս : Юстус Либих, Письма о химии, т. 1, стр 19:

Էջ 194, տ. 31. «Երաշտության ընդդեմ Նուրինի ավանդությանը, թեեւ իսպառ չգիտենք, թե ինչ բան է այդ եւ ինչ արարողության մնացորդ» Երաշտը եւ երկրային չարիքները երկրի վրա համարելով երկնային աստվածային պատուհասներ, ժողովուրդը դրանք կանխելու համար ունեցել է դիմագրավման միջոցներ: Այդ միջոցներից ամենատարածվածը անձրեւ առաջացնելու մոգական գործողություններն էին, որոնցից առաջինը Նուրին կոչված կանացիակերպ խրտվիլակը գյուղամիջում պտտեցնելն էր, իսկ երկրորդը՝ արորին կանանց լծելով՝ չորացած գետի հունը վարելը:

Երկու պարագայում էլ ծեսերը կապվում էին անձրեւաբեր աստվածության պաշտամունքի հետ: Իսկ Նուրինն ինքնին ներկայացնում էր ջրային տարերքի աստվածուհի Նարի արձանը: Նուրի-Նուրի ծիսական սովորությունը տարածված է եղել պատմական Հայաստանում (Տե՛ս Մ. Աբեղյան, Վիշապներ կոչվող կոթողներն իբրեւ Աստղիկ-Դերկետո դիցուհու արձաններ, Ե., 1941, Մելիքսեթ-Բեկ, Նուրին Նազարեի երգի բանալին, Ե., 1941, ԳԺՆՀՍՆԱ 20-ամյակին, Ղ. Ալիշան, Հին հավատք Հայոց, Վենետիկ, 1895:

Էջ 195, պետիտ, տ. 4. «Աջբա հուրի խոսքը բնավ չենք հասկանում, թե ինչ է ուզում ասել» Հավանաբար տգեղ, այլանդակ ոգի, հուրի-փերի: Գավառական բարբառներում պահպանվել է աջբատես-այլանդակ, շատ տգեղ իմաստ ունեցող բառը, որը կազմված է արաբերեն ajab եւ հայերեն տեսք բառերից: (Տե՛ս Հր. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. I, Ե., 1971, էջ 142):

Էջ 196, տ. 34. «Ապարանը, որպես այժմ նույնպես եւ առաջ ապահովության տեղ եղած լինելով, շատ հավանական է, թե ապարան հասարակ անունից լինի հատկացած» Հր. Աճառյանը Ապարան բառին տալիս է հետեւյալ բացատրությունը. «Մեծ տուն, կամ պալատ, իշխանական տուն» (գործածված միայն անեզաբար): (Տե՛ս Հր. Աճառյան. Հայերեն արմատական բառարան, Հ. I, էջ 230):

Էջ 197, տ. 23. «Երբ որպես 7–8 տարեկան տղա հարցնում էի «վարպետիցս» Ակնարկը վերաբերում է Նալբանդյանի առաջին «վարժապետ» Օգսենտ Եղիշեին: Նալբանդյանը տիրացու Օգսենտի դպրոցում սովորել է մոտ երկու ամիս, 1836 թվականին: Նրա առաջին կենսագիր եւ ժամանակակից Մ. Տեր-Գրիգորյանը գրում է. «…Բարեբախտաբար երկար չմնաց նա այս Եղիշեի մոտ, ըստ որում, կարճ միջոցում, տակավին երկու ամիս չանցած, այս ողջամիտ, ուշիմ եւ աշխույժ երեխան այնպես վարժ կարդալ եւ գրել սովորեցավ, որ այնուհետեւ խեղճ վարժապետը շատ դժվարանում էր գոհացուցիչ պատասխան տալ իր մանուկ աշակերտի հետաքրքրության եւ արած հարցումներին»: (Տե՛ս Մ. Տեր-Գրիգորյան, Մ. Նալբանդյանցի համառոտ կենսագրությունը, Ղազար Փարպեցու գրած թուղթը, ՍՊբ., 1868, VI):

Էջ 198, տ. 13. «Բայց զի՞նչ արդեօք տարփանք քեզ…» Տե՛ս Մովսէս Խորենացու «Պատմութիւն Հայոց», գիրք Ա, Յաւելուած Ա, ի պարսից առասպելաց» (Տփղիս, 1913, էջ 89):

Էջ 199, տ. 6. «Զի ամենայնի որ ունիցի տացի եւ յավելցի…» Տե՛ս Աւետարան ըստ Մատթէոսի, գլ. ԻԸ, 29:

Էջ 200, տ. 15. «նոքա շատ անգամ մարմին են առնում Շիվայի, Դուրգայի եւ Վիշնուի անհեթեթ կերպարանքներով եւ այնուհետեւ խարազան են դառնամ մարդկության» Շիվան հնդկական դիցաբանության երեք գլխավոր աստվածություններից մեկն է: Դիտվում է եւ՛ որպես կործանարար, եւ՛ որպես վերականգնիչ ուժ: Ունի 5 դեմք, մի քանի ձեռք (մինչեւ 10), երեք աչք: Նրա երրորդ աչքը ունի առանձնահատուկ կործանիչ զորություն: Այդ աչքի օգնությամբ Շիվան ոչնչացնում է բոլոր աստվածներին աշխարհի պարբերական կործանումների ժամանակ:

Դուրգան հին հնդկական դիցաբանության աստվածներից մեկն է, Շիվայի կինը: Նա սարսափելի է, մոլեգին, պահանջում է արյունալի զոհեր: Հնում նրան են զոհել մարդկանց, երեխաներին: Դուրգայի տեսքը սահմռկելի է, բաց երախից կախված են ժանիքներն ու դուրս ընկած լեզուն, վիզը եւ մեջքը փաթաթված են թունավոր օձերով: Այդ ահարկու տեսքը աստվածուհին ընդունում է մեղավորներին սարսափեցնելու եւ ապաշխարության մղելու համար:

Վիշնուն հին հնդկական աստվածներից է, սկզբնական շրջանում արեւի, իսկ հետագայում պանթեիստական մեծ աստվածություն, որի մեջ ձուլվել են մնացած բոլոր աստվածները:

Էջ 202, պետիտ, տ. 30. «…հոյակապ Հումբոլտի թեթեւ ոտքից հետո…» 1799–1804 թթ. Ալեքսանդր Հումբոլտը ֆրանսիացի բնագետ Բոնպլանի հետ ճանապարհորդել է Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում: 1802 թ. նա բարձրացել է Չիմբորազոյի գագաթը: Նրան են հաջորդել 1831 թ. անգլիացիներ Բուհենգոն եւ Հալլը:

Էջ 205, տ. 15. «Կայծակի ժամանակ, հունվարի 8-ին, 1839-ին…» Մեջբերումը կատարված է Ֆրանսուա Արագոյի «Որոտ եւ կայծակ» գրքից (СПб., 1859, էջ 149):

Էջ 205, տ. 28. «…հիշված են գերմանացի Ցիմմերմանի ֆիզիկայի մեջ» Նաբանդյանը ձեռքի տակ ուներ Ցիմմերմանի «Ընդհանուր ֆիզիկական երեւույթներ, կամ այսպես կոչված ընդհանուր ֆիզիկա» դասագրքի 1861 թ. ռուսերեն թարգմանությունը:

Էջ 205, տ. 36. «Երկինք պատմեն զփառս աստուծոյ…» Տե՛ս Սաղմոս, գլ. ԺԸ, 1:

Էջ 206, տ. 19. «…ինքն ոչ մտանէ եւ որոց մտանենն արգելու» Տե՛ս Աւետարան ըստ Ղուկասու, գլ. ԺԱ, 52:

Էջ 207, տ. 4. «Հանէք զդա ի խաւարն արտաքին» Տե՛ս Աւետարան ըստ Մատթէոսի, գլ. Թ, 13:

Էջ 208, տ. 9. «…մինչդեռ Լիբիղը իր նամակների չորրորդ տպագրության մեջ…» Տե՛ս Юстус Либих, Письма о химии, 1861. т I, стр. 352:

Էջ 208, տ. 24. «Մեզ թվում է, թե մեծ ծառայություն ցույց տված կլիներ ազգին, եթե պ. Խատիսյանցը, Թիֆլիզի մագնիսյան դիտանոցի արգո կառավարիչը…» Խոսքը վերաբերում է բնագետ եւ մանկավարժ Գաբրիել Խատիսյանին: Նա նախապես սովորել է Խ. Աբովյանի Թիֆլիսի պանսիոնում, ապա Լազարյան ճեմարանում եւ Դորպատի համալսարանում: Վերադառնալով Թիֆլիս, նա 1852 թ. բացել է պանսիոն, որն իր գոյությունը պահպանել է մինչեւ 1858 թ.: Մի որոշ ժամանակ Շանշյանի հրավերով, բնագիտության դասեր է տվել Ներսիսյան դպրոցում, որտեղից հեռացվել է Ներսես Աշտարակեցու հրամանով: Որպես բնագետ-երկրաբան ուսումնասիրություններ է արել կովկասյան գլետչերների մասին, որոնք ժամանակին լույս են տեսել «Альпийский клуб» ամսագրում: 1858 թվականից Խատիսյանը վարել է Թիֆլիսի աստղաբաշխական դիտարանի կառավարչի պաշտոնը: Այս պաշտոնի մեջ էր, երբ 1860 թ. Նալբանդյանը եկավ Թիֆլիս եւ ծանոթացավ նրա հետ:

Էջ 209, տ. 2. «Եթե կոյրք էիք ոչ էր ձէր մեզ…» Տե՛ս Աւետարան ըստ Յովհաննու, գլ. Թ, 41:

էջ 209, տ. 15. «Անի քաղաքի բնական երկրաշարժից կործանումը միթե չէ՞ վերագրվել մի վարդապետի նզովքի» Նալբանդյանը նկատի ունի Հովհաննես Պլուզ վարդապետին վերագրվող նզովքը: Ըստ ավանդության՝ հարստությունից շփացած անեցիները չէին ուզում ճանաչել հոգեւոր իշխանություններին, չէին հաճախում եկեղեցի, ծիծաղում ու ծաղրում էին նրա սպասավորներին, վարում զեխ ու շռայլ կյանք: Հովհաննես Պլուզ վարդապետի ջանքերը՝ դարձի բերելու անեցիներին, ապարդյուն անցան: Քաղաքացիները զանազան միջոցներով ստորացրին ու տանջեցին վարդապետին: Ի վերջո «վարդապետն Յոհաննէս, ել ի վերայ բարձր բլրի միոյ՝ եւ անէծ զքաղաքն. եւ կրկնեաց ծունր ածելով եւ ասէ. Տէ՛ր, այլ ոչ լինիմ երաշխաւոր. այսուհետեւ զոր ինչ կամիս՝ այնպես արա: Եւ յանկարծակի էջ սաստիկ բարկութիւնն Աստուծոյ, եւ սկսա քաղաքն շարժիլ եւ տապալիլ պարիսպքն» Տե՛ս Աբրահամ կաթողիկոս Կրետացի, Պատմագրութիւն անցիցն իւրոց եւ Նատր-Շահին պարսից, Պատմութիւն Անի քաղաքին, Վաղարշապատ, 1870, էջ 105–109):

Էջ 210, տ. 13. «…Թող դժոխքի ջամբռ մատենի մեջ գրէ մեր անունը պարոն Բեհեզեբուղը» Նալբանդյանը նկատի ունի Սիմեոն Երեւանցի կաթողիկոսի ստեղծած «Ջամբռ» կոչված էջմիածնի դիվանագիրքը: 1763 թ. կաթողիկոս ընտրվելուց անմիջապես հետո Սիմեոն Երեւանցին ձեռնարկում է հին պաշտոնագրերը հավաքելու, Մայր աթոռի ստացվածքները, իրավունքները, կալվածքները եւ ունեցվածքը վիճակագրելու, նրանց վավերական ցուցակները կազմելու գործը: Ապա գրում է եւ ընդարձակ բացատրագիր, որը կոչվում է «Յիշատակարան արձանացուցիչ, հաճելի եւ պարունակող բնաւից որպիսութեանց սրբոյ աթոռոյս եւ իւրոյ շրջակայից վանօրէիցն, համաժողովեալ եւ շարագրեցեալ ի Սիմէոնէ ցաւահար եւ վշտացած կաթողիկոսէ»:

Ջամբռ անունը ֆրանսերեն chambre բառն է, որ նշանակում է սենյակ իր սովորական իմաստով, սակայն նախընթաց դարերի մեջ սենյակ էին կոչվում Եվրոպայի պաշտոնական դիվանները եւ դեռ այսօր էլ camera apostolica (Առաքելական սենյակ) է կոչվում Հռոմի պապական դիվանը: «Ջամբռը» առաջին անգամ հրատարակվել է 1873 թ. էջմիածնի տպարանում:

Նալբանդյանը, անկասկած, Ջամբռ անվանը հանդիպել է էջմիածնի «Ձեռագրաց ցուցակներում»: Տվյալ դեպքում այդ անունը օգտագործված է որպես Էջմիածնի գրասենյակային գիրք, որտեղ պետք է գրանցվեր Նալբանդյան-հերետիկոսի անունը, բնական երեւույթներին գիտական բացատրություն տալու համար: Նալբանդյանի «Անտիպ երկերի» 1935 թ. հրատարակության մեջ Աշոտ Հովհաննիսյանը սխալ ընթերցելով Ջամբռ բառը, փոխարինել էր այն Գամբռ բառով, հավանորեն կապելով «դժոխքի մատյան» արտահայտության հետ առնչվող Գամփռ Ցերբերի հետ: Պետք է ենթադրել, որ սխալ ընթերցման պատճառը Նալբանդյանի գրառման ոչ ճիշտ ձեւն էր՝ փոքրատառով եւ առանց չակերտների, ինչպես նաեւ ջ եւ գ տառերի նմանագրությունը: Հետագայում, ԵԼժ-ի III հատորի պատրաստողները օրինականացնելով այդ սխալը, ուղղել էին Գամբռը «գամփռի», վերջնականապես աղավաղելով հեղինակի միտքը:

Էջ 211, պետիտ, տ. 38. «Ուրբանոս VIII-ն եւ Բենեդիկոս XIV-ն էլ համա/հա/վասար սուրբ եւ համա/հա/վասար անմեղա/նչ/ականք են, բայց իրար ընդդեմ վճիռ հանած» Ուրբանոս VIII պապը Փարիզում աշխատելու րնթացքում աջակցում էր ճիզվիթներին եւ օգնում նրանց վերադարձին: 1627 թ. հիմնադրում է պրոպագանդայի կոլեգիան, 1637 թ. հրովարտակով դատապարտում Գալիլեյին, իսկ 1642 թ. նզովում եւ դատապարտում Գալիլեյի սիստեմը:

Բենեդիկոս XIV պապը, ընդհակառակը, հայտնի էր գիտության նկատմամբ ունեցած իր առաջավոր հայացքներով: Նա Հռոմում հիմնում է Ակադեմիա, հրամայում չափել միջօրեականի մեկ աստիճանը: Նրա հրամանով տպագրվեցին Վատիկանյան գրադարանի կատալոգները: Բացասական վերաբերմունք ուներ ճիզվիթների նկատմամբ, արգելեց նրանց միսիոներական գործունեությունը: Մահից առաջ, 1758 թ., պատրաստել էր ճիզվիթների կազմակերպության վերացման հրամանը:

Էջ 212, պետիտ, տ. 3. «Եթե Երեւակը դադարի, թող նորա ճուտը պատասխանե. սքանչելի ժամանակը» «ժամանակ», երկշաբաթաթերթը լույս էր տեսնում Կ. Պոլսում 1863–68 թթ., Ստեփան Փափազյանի խմբագրությամբ:

Նալբանդյանի դժգոհությունը «Ժամանակից» եւ նրա խմբագրից սկիզբ էր առնում Հովհաննես Տերոյենց-Չամուռճյանի հանդեպ ընդգծված հարգալից վերաբերմունքից: Այսպես, 1864 թ. հունվարի 18-ին (№ 28) «Ժամանակը» ծանուցում է, որ «Տերոյենց մեծարգո Հովհաննես բազմահմուտ պատվելիին խմբագրությամբ կհրատարակվի «Երեւակ» պատվական հանդեսը ամսո 1, 8, 16, եւ 23 օրերը»:

1864 թ. փետրվարի 15-ին (№ 30) թերթն իր պաշտպանության տակ է առնում Տերոյենցին, որին «Մեղուն» իր 227-ի մեջ վիրավորել էր. տպելով ոմն Մինկենեճյան Սերովբեի նամակը: Նամակի հեղինակը հարցնում էր, թե «Տերոյենց կրնա՞ սեպվիլ Հայաստանյայց սուրբ եկեղեցվո հարազատ եւ հավատարիմ որդի, եթե նրա վերաբերմամբ 1856 թ. հունվարի 9-ին արձակված է կրոնական ժողովի հատուկ վճիռը»: Թերթը պատասխանում է, թե ներկայումս կրոնական ժողովը վստահ է, որ Պատվելին Հայաստանյայց եկեղեցու վստահելի եւ հարազատ անդամ է:

1864 թ. հունվարի 20-ին (№ 39) «Ժամանակը» արտատպում է Չամուռճյանի «Երեւակի» մեջ տպագրված «Բողոք առ ազգն» հոդվածը, որտեղ հեղինակը հայտնում է. «Ժամանակե մը ի վեր, մանավանդ վերջին օրերս տարաձայնություն կա «Երեւակի» խմբագրիս վրա, թե ես Հայաստանյայց ուղղափառ սուրբ եկեղեցու դեմ նորաձայն վարդապետություններ հնարած ըլլալով, կրոնական ժողովով մի դատապարտյալ վճռած եմ եղեր եւ այս մտոք քանի մը պարբերականներու նյութ եղած եմ, իբր, թե դատապարտված եւ Հայաստանյայց սուրբ եկեղեցվո խորթացած զավակը եւ հռոմեացիներե վարձատրվելով Հայ Ազգը ի հռոմեականության առաջնորդող ճիզվիտ մը եմ եւ այլն»: Հոդվածի վերջում դիմելով ազգին, Չամուռճյանը հավատացնում էր, որ ինքը Հայաստանյայց եկեղեցու զավակ է եւ իր մնացյալ կյանքը պիտի գործ դնե ազգին եւ եկեղեցուն ծառայելու համար:

Այս տվյալները հիմք են տալիս ասելու, որ բանտարգելության մեջ գտնվող Նալբանդյանը ստանում էր ոչ միայն «Մեղու»-ն, այլ նաեւ այնպիսի երկրորդական պարբերական, ինչպիսին «Ժամանակն» էր:

Էջ 213, տ. 1 Հուստոս Լիբիղ նամակ  4, տե՛ս եւ նորա  հավելվածը  Տե՛ս Юстус Либих, Письма о химии, т. I, стр. 349:

Էջ 213, տ, 12. «Ես  ինքս Էջմիածնի մեջ սեպտեմբերի սկզբում» Նալբանդյանը Էջմիածնում եղել է 1860 թ. սեպտեմբերի 6-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը:

Էջ 216, պետիտ, տ. 1. «Այստեղ մեր միտքը ընկավ շարականի այն տեղը, որ  ասում է…» Տե՛ս Գրիգոր Լուսավորչի շաբաթ օրվա տոնին նվիրված «Այսօր զուարճացեալ…» շարականը (Կ. Պոլիս, 1859, էջ 234):

Էջ 216, պետիտ, տ. 4. «Համեմատիր այս բոլոր չնաշխարհիկ Աբովյանի հոյակապ խոսքերի հետ»  Նկատի ունի «Վերք Հայաստանի» վեպի հետեւյալ հատվածը. «Քրիստոնեն սրով չի՛ պետք է իր բանը յոլա տանի. նրա թուրը իր համբերությունն ու հավատն ա: Էսպես արեց մեր էն էշ գեղցի, հիմար Աղասին էլ, որ մեկ աղջկա խաթեր սուր քաշեց, ու խեղճ քանաքռցիք էնքան ջառըմա տվին, ու նրա հալեւոր հերը ու գեղի քեդխուդեքը էս ա, հինգ տարի ա, բանտումը, քոթկումը չորանում, մաշվում են ու աստված գիտի թե վերջըները ի՞նչ կըլի: Ո՛չ Մելիք Սհակի, ո՛չ Կաթողիկոսի մունաթը մեկ օգնություն չարին: Ինքն էլ գժի պես ընկել ա սարեսար, չափմիշ անում, կտրում ու իր թշվառ օրը էսպես անց կացնում: Ո՞վ ա գիտում, թե ո՞ր քարի վրա գլուխը վեր կդնի ու ի՞նչ տեղ շներոց-գելերոց կըլի: Լավն է՞ն չի, որ մարդ գլուխն իրան քաշի ու տազ անի: Չէ՛, չէ՛ սիրելի՛ք. քանի կարանք մեր գլուխը պահե՛նք. «հա՛» կասեն, «հա՛» ասենք. «չէ՛» կասեն, «չէ՛» ասենք, կասեն նստի՛ր, նստինք, վե՛ր կաց՝ վե՛ր կենանք, մինչեւ տեսնի՛նք, թե բանն ի՞նչ տեղ կհասնի: Ասում են, թե ռսներն էկել՝ Ապարան են հասել. ո՞վ ա խաբար, բալքի նրանցից մեկ ումուդ ըլի, աստծո բանն անքննելի ա: Աստված նրանց թուրը կտրուկ անի. թե մեկ նրանց ոտը մեր հողը կմտնի էն ժամանակը թո՛ղ մեզ էլ տանին, մատաղ անեն: Շտապիլ հարկավոր չի: Ցիցանովն ու Գուդովիչը Երեւան չառան, բալքի թե աստված չէ՛ր կամեցել, որ մեզ էլի փորձի: Շատը տարել ենք, քչին էլ համբերենք, տեսնի՛նք, վերջներս ի՞նչ կըլի: Ամա էլի եմ ասում՝ քրիստոնեն թրի կոթն էլ ձեռ չի՛ պետք է առնի, կարճ, որ քար էլ աղան գլխին»:

Ապա տողատակին գրված է հեղինակի հետեւյալ բացատրությունը. «Էս խոսակցությունիցը իմացողը կիմանա, թե ի՞նչն էր մեր խեղճության պատճառը: Էլ ես չեմ ուզում բերանս բաց անիլ: Ինչ ավետարանի կողքին գրած ա, սուրբ ա, բե՛ր հասկացողը, էն ժամանակը գլխիս խփիր» («Վերք Հայաստանի», Երեւան, 1981, էջ 154):

Էջ 217, պետիտ, տ. 1. «Բայց ասի, ի ժամանակս Արտաշիսի ոչ գտանիլ երկիր անգործ յաշխարհիս Հայոց» Նալբանդյանը սխալ է նշել գլուխը, պետք է լինի գիրք, Բ, գլ. ԾԶ: (Մովսէսի Խորենացւոյ մատենագրութիւնք, Վենետիկ, 1865, էջ 135):

Էջ 218, տ. 22. «Ինչ որ մեզ վերաբերվում, մենք խոստովանում ենք, որ թեեւ  շատ ենք լսած այդ սքանչելի բժշկության պատմությունը, այնուամենայնիվ սաստիկ երկբայություն ունինք…» Նալբանդյանը իրավացիորեն մերժում է այդ միամիտ բժշկությունը: Կատաղության դեմ հակամիջոց գտնվեց միայն 1880 թ. Լուի Պաստյորի եւ Ռուի ջանքերով: Ռուսաստանում առաջին Պաստերյան կայանները հիմնվել են 1888 թ.:

Էջ 222, տ. 34. «ոչ որպէս թլպատութիւն կամ անթլպատութիւն, այլ որպես նոր արարած»  Տե՛ս Թուղթ Պօղոսի առ Գաղատացիսն, գլ. Զ, 15:

Էջ 223, տ. 4. «Գրիչ է առնում ձեռքը եւ ազգի դժբախտությունից լցնում է մի  քանի վայրիվերո թերթեր հոդվածի եւ օրագրի անուններով…» Ակնարկը վերաբերում է Ռափայել Պատկանյանին, որը 1857 թ. «Գամառ-Քաթիպայի արձակ եւ չափաբերական տետրակի» 4(5) համարում տպագրել էր «Լեզվի համար ինչ օգուտ ունի թարգմանությունը» եւ «Աշխարհաբար լեզու» հոդվածները: Վերջինս ուղղված է Մսեր Մսեյանի «Հիշատակարան Լազարյանց տոհմի» գրքի դեմ: Գրքի առաջաբանում Մսերյանը աշխարհաբարը համարում է «անհամ, թույլ, տգեղ, անհեթեթ եւ զուրկ միանգամայն ի կարի կարեւորացն կանոնաց ուղղախոսութեան»: Առարկելով Մսերյանին, Պատկանյանը մեկ առ մեկ հերքում է նրա փաստարկները եւ ապացուցում աշխարհաբար լեզվի կենսունակությունն ու անհրաժեշտությունը:

«Գամառ-Քաթիպայի արձակ եւ չափաբերական աշխատությունների» պրակները Պատկանյանը սկսել է հրատարակել 1855 թվականից, ճեմարանը ավարտելուց հետո, երբ Մոսկվայի համալսարանի  առաջին կուրսի ուսանող էր:

Էջ 223, տ. 18. «Սարգիս Բուխարացու գյոռի պես մի քար է ձգել…» Ըստ բանավոր ավանդության, Մուհամմեդը եւ հայ հոգեւորական Սարգիս Բուխարացին, արեւելյան ցեղերի երկրային եւ հոգեւոր գերիշխանությունը ձեռք գցելու նպատակով որոշում են արաբերեն թարգմանել Աստվածաշունչը: Այդ աշխատանքը կատարելուց հետո Սարգիս Բուխարացին մտնում է մի ջրհոր եւ այնտեղից ձայն տալիս Մուհամմեդին, իսկ վերջինս զարմացած ամբոխի առաջ կախում է պարանը եւ, իբր թե, դատարկ հորից դուրս է հանում պատրաստի Ղուրանը: Շլացած կատարյալ հաջողությունից, Մուհամմեդը կոչ է անում հանդիսականներին ի նշան իրենց հավատի, մի-մի քար նետել ջրհորը: Շուտով նախկին ջրհորի տեղ բարձրանում է մի քարակույտ: Հետագայում, այդ տեղից անցնելիս, բոլոր մահմեդականները սրբազան պարտք են համարում մի-մի քար նետել հին քարակույտի՝ Սարգիս Բուխարացու գյոռի վրա:

Էջ 227, պետիտ, տ. 10. «Ահավասիկ նրա խոսքերը…» Տե՛ս Յովհաննու Իմաստասերի Օձնեցւոյ մատենագրութիւնք, Վենետիկ, 1833, էջ 146:

Էջ 232, տ. 25. «…ափսոս որ շատ քիչ հանդես ունի (Սոս) եւ Վարդիթերի մեջ այն ուղղությունը, որ երեւում է… մենք աջողությո՛ւն եւ ընթա՛ցք եք մաղթում այդ երկնային դեսպանին»

Այս տողերով վերջանում է ձեռագրի 38-րդ էջը, իսկ դրան հաջորդում է 43-րդը: Ուրեմն կրկնակի համարակալումից հետո հեղինակն ստիպված է եղել պոկել եւս երկու գրի առնված թերթ, շարունակությունը ավարտելով լրացուցիչ 51-րդ էջում: Հավանաբար, հանված թերթերը պարունակել են ամբողջ քննադատության ամենաարժեքավոր ընդհանրացումները, որոնք պետք է վերաբերեին «նոր սերնդին» համակած «սկեպտիկյան ուղղությանը»: Կասկած չկա, որ հատվածը կրճատվել է բացառապես գրաքննական նկատառումներով:

Էջ 236, տ. 8. «Աղաչեցէք զՏէր հնձոյդ հանել զմշակս ի հունձս իւր» Նալբանդյանը մեջբերումը կատարել է որոշ աղավաղումներով, պետք է լինի` «արդ աղաչեցէք  զՏէր հնձոց՝ զի հանցէ մշակս ի հունձս իւր»: (Տե՛ս Աւետարան ըստ Մատթեոսի, գլ. Թ, 38):

Էջ 237, տ. 32. «…ո՛հ դորա ընդդեմ շատ բան կա ասելիք, որ թողում ենք մի ուրիշ ժամանակի» Նալբանդյանը այստեղ նկատի ունի շերամաբուծության վերաբերյալ այն գիրքը, որի մասին հիշատակում է նրա առաջին կենսագիր Միքայել Տեր-Գրիգորյանը. «Բացի Փարպեցու թղթից, որ այժմ կարդացողի ձեռքին է, Նալբանդյանցը թողավ հետագա գրավոր աշխատությունքը, որ տակավին չեն տպած. ա. Շերամաբուծություն. եվրոպական անվանի բնապատումների շարադրություններից քաղած եւ Հայաստանի դրության հարմարեցրած: Այս գործը, որ այժմ մեր մոտն է, չէ պարզագրած եւ միանգամայն վերջացրած, ուստի մենք պարզագրեցինք եւ մտադիր ենք, որքան կարող ենք պակասը լրացուցանել, օգուտ քաղելով նույն հեղինակների գրվածքներից, որոնց համեմատ աշխատասիրել էր հանգուցյալը: Երբ հաջողի մեզ տպել դրան, մենք կնշանակենք որն է մեր ավելցուցածը»:

(Տե՛ս Ղազար Փարպեցու գրած թուղթը, թարգմանություն եւ բացատրությունք Մ. Նալբանդյանց: Միքայել Նալբանդյանցի համառոտ կենսագրությունը: Ս. Պետերբուրգ, 1868 թ. ):

Այդ աշխատությունը Մ. Տեր-Գրիգորյանը չի հրատարակել, իսկ ձեռագիրը մեզ չի հասել:

Էջ 239, տ. 32. «…բայց մեր հատվածը Մաթուսաղայի կյանքից անցկացավ» Ըստ Աստվածաշնչի Մաթուսաղան ապրեց 969 տարի:

«Եւ եղեն ամենայն աւուրք Մաթուսաղայի զորս եկեաց՝ ամք իննհարիւր վաթսուն եւ ինն» (Տե՛ս Աստուածաշունչ, Ծնունդք, գլ. Ե., 27):