Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

[ԲԵՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ]

(էջ 118–145)

Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՄՆՖ 15-I(1): Տպագրվում է ըստ ինքնագրի։ Առաջին անգամ տպագրվել է Անտիպ երկեր, էջ 256-280, ապա ԵԼԺ հ. 4, էջ 285-299: Ա. Ինճիկյանը հետագայում, հատորի իր անձնական օրինակի վրա կատարել է բազմաթիվ ճշտումներ եւ լրացումներ, որոնք հաշվի են առնված:

Գրված է սեւ թանաքով, սպիտակ (արդեն դեղնած) թղթերի վրա, որ կազմում են 24 թերթ: Սկզբում, 1863 թ. գրանցելիս, Նալբանդյանը շռայլ է օգտագործել թերթը. մեկ թերթին գրել է ընդամենը 2 տող, էջի կենտրոնում: Նաեւ սեղմ է գրել. այդ երկու տողը բերդում անցկացրած մեկ ամսվա նկարագրությունն է: Այնուհետեւ տեղ-տեղ, հետո նաեւ հիմնական տեքստը մեկումեջ մատիտագիր է: Այն տպավորությունն է, թե սկզբում սեղմ է գրել, հետո լրացրել է մատիտով: Հետագայում, ամբողջ 1864 թ. եւ 1865 թ. մի մասը գրված են նույն թերթերի երկու երեսներին, թուղթը չբավականացնելու պատճառով. ամեն անգամ Նալբանդյանը բարեխղճորեն նշել է, թե որտեղ է գրված շարունակությունը՝ տե՛ս փետրվարի քամակում, տե՛ս մարտի քամակում եւ այլն: Գրված է նույն ձեւով. գրառումները սկզբում արված են թանաքով, իրարից որոշակի հեռավորության վրա, հետո արանքներում մատիտով արված են լրացումներ: Ամեն էջին գրանցված է մեկ ամսվա անցուդարձը:

1865 թ. մարտի 1-ից հետո գրառումները ընդհատվում են..

Ամբողջ տեքստը գրված է հապավումներով եւ կրճատումներով (որ երբեմն բացված են առանց սուր փակագծերի), հատկապես հատուկ անունները եւ ամսաթվերը: Վերջում արդեն կրճատված են նաեւ սովորական բառերը: Մատիտով լրացումները արված են արագ, ավելի անփույթ:

Արված են աննշան խմբագրումներ:

1863

(էջ 118)

Էջ 118, տ. 3 Հունվարի 11-ին ... գործի ծերակույտ տրվելը Քննիչ հանձնաժողովը Լոնդոնի ռուս պրոպագանդիստների հետ հարաբերություններ ունենալու մեջ մեղադրվողների, այդ թվում նաեւ Մ. Նալբանդյանի գործը դեկտեմբերի 31-ին (1862) հանձնում է Կառավարող սենատ՝ քննության արդյունքների հիման վրա հանցագործության աստիճանի եւ կրելիք պատժի վերջնական որոշման համար: Գործը Կառավարող սենատ հանձնելուց հետո Նալբանդյանին հնարավորություն տրվեց քիչ թե շատ կանոնավոր նամակագրություն, նաեւ տեսակցություն ունենալ մերձավորների հետ: Նույն օրը Մ. Նալբանդյանը քննիչ հանձնաժողովի ներկայությամբ հնդկահայ կտակներին վերաբերող թղթերը հանձնում է եղբորը՝ Ղազարոս Նալբանդյանին՝ Կ. Հայրապետյանին ուղարկելու համար (Տարեգրություն, էջ 227):

տ. 4 13–ին տեսություն պ. Սուլթանշահի, եղբորս եւ ուրիշների հետ— Նկատի ունի Անանիա Սուլթանշահին եւ եղբորը՝ Ղազարոս Նալբանդյանին: Նալբանդյանի բերդից գրած նամակները թեեւ հասցեագրված էին Ղազարոսին, քանի որ նամակագրական կապ պահպանել կարելի էր միայն հարազատի հետ, բայց իրականում դրանք ուղղված էին Նալբանդյանի մտերիմներին, համախոհներին, որոնց թվում Ան. Սուլթանշահին: Իր նամակներում Նալբանդյանը հատուկ ջերմությամբ է խոսում նրա մասին: «Վայ ինձ, եթե Անանիան Մոսկվա կմեկնի նախքան իմ պատմության ավարտվելը, գրում է նա, ապա ավելացնում, որ թեեւ էգոիզմ է իր կողմից ստիպել նրան մնալ մինչեւ իր գործի ավարտը, «բայց ոչինչ, ես այդ էգոիզմը ինձ թույլ կտայի... լիովին հավատացած, որ նա իմ այդ քմահաճույքը չի մերժի, եթե այդ քմահաճույք է եւ ոչ թե ընկերների եւ ազգականների կարոտ» . V, էջ 220): Մեկ այլ նամակում . 9, էջ 232) գրում է. «Շատ ուրախ եմ, որ Անանիան կգա զատկից հետո... Ինքս էլ չգիտեմ՝ ինչու եմ ուրախանում, չէ որ միեւնույնն է՝ այստեղ է նա, թե Մոսկվայում՝ ես նրան չեմ տեսնում, բայց այստեղ, այնուամենայնիվ, կարծես ինձ մոտիկ է, եւ... կարելի է «արձագանքել», կամ «... նրա գալուստն ինձ շատ ուրախացրեց... ես շուտով նրան պիտի գրկեմ... Օ, այն ժամանակ, իհարկե, ես անսահման ուրախ կլինեմ... » . V, էջ 185):

Իսկ թե ում նկատի ունի «ուրիշներ» (մյուս դեպքում նաեւ «այլք») ասելով, չգիտենք:

Էջ 118, տ. 6 Փետրվարի 1–ին վերջին անգամ տեսություն... Նալբանդյանը տեսակցությունը վերջինն է համարում, ըստ երեւույթին նախազգուշացված լինելով, որ Սենատը դադարեցրել է տեսակցությունները (Տարեգրություն, էջ 228)։

տ. 7, 12–ին... ծերակույտ Սենատի առաջ Նալբանդյանը նոր ցուցմունքներ չի տվել, այլ հաստատել է քննիչ հանձնաժողովի հարցերին նախապես տված իր պատասխանները: Սենատում նրանից ստորագրություն են վերցնում, որ հարցաքննությունը սպառնական-բռնադատական բնույթ չի կրել, եւ որ նա հաստատում է իր տված գըրավոր ցուցմունքները: Նալբանդյանը բանավոր դիմում է Սենատին՝ իրեն երաշխավորությամբ բերդից ազատելու մասին, որը, սակայն, մերժվում է, քանի որ հարցը պիտի որոշվեր ընդհանուր կարգով։ Դիմում է նաեւ նորից թույլատրել տեսակցել իր այն ազգականների եւ ծանոթների հետ, որոնց հետ տեսակցելը կարելի է եղել նախքան իր գործը Կառավարող սենատ հանձնելը: Նալբանդյանին ըստ այս դիմում է թույլատրվում է տեսակցել միայն իր ազգականների հետ (Վավերագրերի ժողովածու, էջ 231, 237, 361):

տ. 8 13–ին... Այդ օրը Նալբանդյանը Ղազարոսից ստանում է Հանրագիտական բառարանի 5-րդ հատորը (Энциклопедический словарь, составленный русскими учеными и писателями) եւ հենց հաջորդ օրվա՝ փետրվարի 14-ի նամակում բացասական արտահայտվում բառարանի եւ այնտեղ տպագրված Ք. Պատկանյանի Հայաստանի պատմությանը նվիրված հոդվածի մասին: Բերդում գտնվելու ամբողջ ընթացքում Նալբանդյանը պարբերաբար գրականություն է ստանում եղբոր միջոցով: «Գրքեր, գրքեր եւ գրքեր... », գրում է նա վերը հիշված նամակում . V, էջ 188) եւ խնդրում գրքերը ընտրել զամենայն ուշադրությամբ, որպեսզի դրանք կարողանան քիչ թե շատ զբաղեցնել... ու միաժամանակ համապատասխանեն անհրաժեշտ հարցասիրության պահանջները: Նաեւ երաժշտության խոր կարոտ է արտահայտում:

տ. 10 Մարտի 5–ին... սկզբնավորություն տեսության— Սենատը մերժում է Ս. Գ. Սուլթանշահի խնդիրը՝ Նալբանդյանին երաշխավորությամբ ազատելու մասին եւ որոշում է նրան թողնել բերդում մինչեւ դատական գործի ավարտը (Վավերագրերի ժողովածու, էջ 236): Սուլթանշահի այս դիմումը նկատի ունենալով, Նալբանդյանը փետրվարի 17 նամակում գրում է. «Ողջունեցեք նորին գերազանցություն Ս. Գ. Սուլթանշահին եւ շնորհակալություն հաղորդեցեք իմ նկատմամբ նրա ջերմ վերաբերմունքի համար» . V, էջ 196)։ Այդ օրը ցարի հրամանով, վերականգնվում են տեսակցությունները ազգականների հետ, որի մասին եւ տեղեկացվում է Սենատին (Տարեգրություն, էջ 239):

տ. 25 ... գրեցի 29–ին... Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ 41-73)II հ. V, էջ 231–233: Այս նամակում Նալբանդյանը իր ուրախությունն է հայտնում, որ տանը բոլորը ողջ-առողջ են. «Քո տեսությունն եմ փափագում», գրում է նա եղբորը, նկատի ունենալով նորից ընդհատված տեսակցությունները:

տ. 26 ... Զատկին տեսություն... - Տեսակցությունները նորից վերականգնվում են:

Էջ 119, տ. 2 Ժողովրդական քերականության վերա... ապրիլի 1-ից— Խոսքը «Մեր լեզվի արմատական բարեփոխության փորձ» աշխատության մասին է, որը Նալբանդյանը չհասցրեց ավարտին: Նա ստիպված եղավ որոշ չափով փոփոխել սկզբնական ծրագիրը եւ սկսել «Աշխարհաբարի քերականությունից»: Հունիսի 6-ի նամակում . 9, էջ 276-279) նա ավելի որոշակի է խոսում իր աշխատանքի մասին, գրում է, որ սկսել է «Ներածությունից», որին մեծ կարեւորություն էր տալիս, քանի որ այստեղ իրենց լուծումը պիտի ստանային տեսական եւ գործնական շատ հարցեր՝ կապված աշխարհաբարի զարգացման հետ: Մեզ հասել են այդ ներածությունից հատվածներ, որ առաջին անգամ հըրապարակել է Ե. Շահազիզը «Լումայում» (1900 թ. ) «Հատվածներ «Աշխարհաբարի քերականության» ներածությունից» վերնագրով . IV, էջ 147–168):

տ. 5 ... նամակ... 6–ից- Այդ օրը Նալբանդյանը նաեւ գրքեր է ստանում գեներալ Ս. Գ. Սուլթանշահից . V, էջ 237):

տ. 5 ... պատասխանեցի 8–ին— Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ 42(73)11, տե՛ս հ. 9, էջ 237-242: Գրում է, որ շարունակում է պարապել «Մեր լեզվի արմատական բարեփոխության փորձ» աշխատության վրա, հույս հայտնում՝ «... տքնությունս իզուր չի անցնի... », ապա տալիս է աշխատության հիմնական բովանդակությունը. «շարադրել հնի քայքայման եւ նորի կազմավորման ընթացքը... շարադրել նոր լեզվի համեմատական քերականությունը... գրել... քերականության փորձ, որպես ձեռնարկ... այն բոլոր դպրոց։ ների համար, որտեղ լսվում է հայերեն խոսքը»: Ավելացնում է, որ դա լինելու է իր հիմնական զբաղմունքը, որին նվիրվելու է իր բոլոր ուժերով:

տ. 7 Հովհաննեսի [հետ]- Այս եւ հանդիպող մյուս Հովհաննեսների դեպքում նկատի ունի Հովհաննես Սահրատյանին:

տ. 8 ... պատասխանեցի 12–ին —Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ 47 (73)II, հ. V, էջ 245-249: Նամակում նորից խնդրում է ուղարկել Սայաթ-Նովայի երգերը (եղբայրը սխալմամբ ուղարկել էր Սեյադի՝ Պետրոս Մադաթյանի երգերը), «Սոս եւ Վարդիթերն» ու «Վերք Հայաստանին», նաեւ մի քանի գրքեր եւ բառարաններ իր աշխատության համար: Ավելացնում է, որ դժվար է աշխատել, քանի որ «չեմ լսում հայերեն ոչ մի բառ, ոչ մի արտահայտություն եւ լեզվի մասին դատում եմ հիշողությանս եւ 20-ամյա փորձիս շնորհիվ, բայց այդ բոլորը քիչ է: Ընդհանրապես մեզանում դեռ շատ սակավ են իմ ներկա ձեռնարկության համար անհրաժեշտ նյութերը... »:

տ. 10 ... 14–ին... պատաս[խանեցի]... Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՄՆՖ 44(73)II, 6. V, էջ 253-258: Նալբանդյանը հայտնում է իր կարծիքը, թե աշխարհաբարը պետք է օգտվի բարբառներից, սակայն չստրկանա նրանցից եւ ոչ մեկին, ապա շարադրում է աշխարհաբարի մշակման իր սկզբունքները, հայտնում իր նոր ծրագիրը. «Ես նյութեր եմ պատրաստում ֆիզիկա-ֆիլոլոգիական, պատմա-աշխարհագրական մի մեծ աշխատության ներածության համար, մի բան, որ դեռեւս բոլորովին չի եղել... »: ։

տ. 11 14–ին... (12 շիշ գինի) —Նույն օրվա նամակում . 9, էջ 253) Նալբանդյանը վրդովված գրում է, որ եղբայրը իր խնդրած պակսիմատի փոխարեն ուղարկել է 12 շիշ գինի. «... Ես քեզանից գինի չեմ խնդրել եւ զարմանում եմ, որ դու այդպիսի աններելի վրիպումներ եւ գործում... »: Ղ. Նալբանդյանը գինին ուղարկել էր բոլոր   բանտարկյալների համար (տե՛ս հաջորդ գրառումը), հավանաբար Զատիկի տոնի առթիվ. 1863 թ. Զատիկը եղել է ապրիլի 5-ին (մայիսի 22) (տե՛ս Հ. Բադալյան, Օրացույցի պատմություն, 1970, էջ 44):

Էջ 119, տ. 15 ... Նազարյանցի եւ Լ[ազար] Իլի[չի] հետ— Նկատի ունի Ստ. Նազարյանին եւ Լազար Իլյիչ Խաֆաֆյանին: Այս տեսակցության մասին է, որ Ստ. Նազարյանը 1864 թ. մարտի 2-ին Մատթ. Վեհապետյանին ուղղած նամակում գրում է. «Անցյալ տարին ես Պետերբուրգում լինելով, երես առ երես հանդիպեցանք միմյանց. քաղցր տեսություն արդարեւ: Բայց ի՞նչ օգուտ նորան եւ ի՞նչ մխիթարություն ինձ՝ ես չկարողացա տալ նորան բաժին իմ ազատությունից, բացի մի քանի չոր ու ցամաք բարեկամական եւ ցավակցական խոսքից. հարյուրակնյա պահապանը ներկա էր, խոսվածքն եւս ռուսերեն» (Տարեգրություն, էջ 244): Նալբանդյանը իր հերթին ապրիլի 19-ի նամակում Նազարյանցի մասին արտահայտվում է. «Մեր հարգելի, հավետ ազնիվ բարեկամ... » . V, էջ 264):

տ. 17 18–ին... Նալբանդյանը ստանում է Հենրի Բոքլի «Անգլիայի քաղաքակիրթության պատմություն» գրքի առաջին հատորի առաջին մասը՝ (Պետերբուրգ, 1863) Կ. Բեստուժեւ-Ռյումինի թարգմանությամբ: Նալբանդյանը բանտում է ձեռնարկել այս գրքի թարգմանությունը, որից մեզ է հասել միայն մեկ հատված (տե՛ս ս. հ. ):

տ. 17 19–ին պատասխանեցի... —Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ 45(73) II (տե՛ս հ. V, էջ 261-264)։ Հայտնում է, որ ստացել է Բոքլի վերը հիշված գիրքը, որը սակայն, արդեն կարդացել է նախկին հրատարակությամբ (թարգմ. Բույնիցկի): Հիշեցնում է, որ մոտ օրերը լույս կտեսնի Պ. Իլենկովի «Տեխնիկական քիմիայի» II հատորը: Այս աշխատության I հատորը պահվում է՝ ԳԱԹ, Նալբանդյանի անձնական գրադարանում:

տ. 21 ... ռնգեղջյուրը... Ռնգեղջյուրը, որ Նալբանդյանը գնել եւ Հնդկաստանից Ռուսաստան էր բերել Կ. Հայրապետյանի ծախսով, նվիրաբերեց Մոսկվայի նորաբաց կենդանաբանական այգուն: Նալբանդյանի այս ռնգեղջյուրի մասին տե՛ս Ռ. Գաբրիելյան, Մ. Նալբանդյանը եւ բնագիտությունը, Եր., 1966:

տ. 23 25–ին... Եզյանցի հետ Խոսքը Կարապետ Եզյանցի մասին է:

տ. 29 29-ին... Ուպմանից Ծխախոտի ֆիրմայի տեր Պետերբուրգում, որից Նալբանդյանը պարբերաբար սիգար էր ստանում (տե՛ս Անտիպ երկեր, էջ 753):

տ. 30 Մայիսի 1-ին նամակ... Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ 46 (73) II (տե՛ս հ. 9, էջ 268-273)։ Նալբանդյանը իր ուրախությունն է հայտնում կենդանաբանական այգու բացման առթիվ: Գրում է սաղմնաբանությամբ զբաղվելու իր մտադրության մասին: Հայտնում է, որ շարունակում է, թեեւ դանդաղ, աշխատել աշխարհաբարի քերականության վրա:

Ամբողջ ամիսը տառապում է հոդացավից, ընդհատում է աշխատանքը. «Ամբողջ։ մայիսը համարյա զուր անցավ... հնարավոր չէր մարդու պես նստել եւ աշխատել..... . V, էջ 277):

տ. 32 2-ին... օրիորդ Մագդալին... Ա. Հովհաննիսյանի կարծիքով նույն m-lle. Madalaine-ն է, որ հանդիպում է նաեւ որպես Մագդաղինե. Մադլեն Խաֆաֆյանն է,. ապրել է Պետերբուրգում (տե՛ս Անտիպ երկեր, էջ 739)։ Մ. Սաղյանը եզրակացնում է, որ Ղազարոս Խաֆաֆյանի դուստրն է, իսկ հաջորդ գրառման մեջ հանդիպող Մարիամ, Աթանասյանը (Մարիա Աֆանասեւնա)՝ Խաֆաֆյանի կինը։ Ապրիլի 19-ի է նամակում . V, էջ 261) Նալբանդյանը գրում է. «... հույս ունեմ դեռ անձամբ շնորհակալությունս հայտնել Մարիա Աֆանասեւնային, եթե նա ինձ տեսության գա, ինչպես ասում էր Լազար Իլյիչը»: Տեսակցությունների ժամանակ Մադլենը գալիս էր կամ Մ. Աֆանասեւնայի կամ Ղ. Խաֆաֆյանի հետ:

Էջ 119 տ. 35 3–ին... տերտերի ... հետ Խոսքը, գուցե, Գրիգոր Տեր-Գրիգորյանի մասին է, Միքայել Տեր-Գրիգորյանի եղբայրը, Պետերբուրգի հայ ծխատեր, Բերդի տերտերը (Անտիպ երկեր, էջ 776):

Էջ 120, տ. 6 9–ին... եւ Բոկլի գիրքը— Ստանում է Հ. Բոքլի «Անգլիայի քաղաքակիրթության պատմություն» գրքի երկրորդ մասը:

տ. 10 10–ին... Աջ[եմյանի] հետ - Նկատի ունի սեւաստոպոլցի վաճառական Հարություն Աճեմյանին: ,,:

տ. 16 20–ին... Ս[իմեոն] Գ[րիգորեւիչի] եւ տեր Մատթեոսի հետ— Խոսքը գեներալ Սիմեոն Սուլթանշահի եւ հավանորեն, Պետերբուրգի հայ քահանա տեր Մատթեոսի մասին է:

տ, 28 27 –ին... Վ[արդերեսի] հետ Հավանորեն Վարդերեսն է, որ քանիցս հանդիպում է Բերդի հիշատակարանում մեկ Վ., մեկ Վարդ. ձեւերով: Ով լինելը անհայտ է:

Էջ 121, տ. 1 [Հունիսի] 3–ին... եղբարցս— Նկատի ունի Ղազարոս եւ Սերովբե եղբայրներին: Մեկամսյա հոդացավից հետո շարունակում է աշխատել ընդհատված «Մեր լեզվի արմատական բարեփոխության փորձ» ուսումնասիրության վրա:

տ. 6 6–ին նամակ գրեցի... Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ 47(73) I (տե՛ս Հ. V, էջ 276–279): Հայտնում է, որ թեեւ վերսկսել է աշխատանքը իր ուսումնասիրության վրա, բայց անհրաժեշտ նյութեր ձեռքի տակ չունի, գրել է ընդամենը 15 տպագրական թերթ, ապա գանգատվում է գրքի պակասությունից եւ շնորհակալություն հայտնում Ս. Գ. Սուլթանշահին Կ. Բոքի «Առողջ եղեք» գրքի համար:

տ. 8 10–ին... Ալեքսանդրի հետ Խոսքը Նալբանդյանի հորեղբորորդու մասին է, որ երբեմն հիշվում է որպես Սաշա:

տ. 16 ... Մատթեոս սրբազանին–Նկատի ունի Մատթեոս Վեհապետյանին:

տ. 23 17–ին... Միքայելի հետ Խոսքը Միքայել Տեր-Գրիգորյանի մասին է: Եղել է Նալբանդյանի բարեկամներից: Հետագայում գրեց Նալբանդյանի կենսագրությունը, կցված նրա՝ Ղազար Փարպեցու «Թղթի» աշխարհաբար թարգմանությունը։

էջ 122, տ. 7 ... Մարտին Մակարիչի... եւ Մ[ոիսեյ] Ձ[ախարիչի] հետ—Նկատի ունի Վարվառե քրոջ ամուսնուն՝ Մարտիրոս Մյասնիկյանին եւ Մովսես Բուդաղյանին, «Հյուսիսափայլի» թղթակից, համախոհ:

տ. 18 8–ին... Կարապետի հետ— Թերեւս նկատի ունի Կարապետ Եզյանին (տե՛ս Ա. Ինճիկյանի հ. 4 անձնական օրինակը, էջ 385):

տ. 21 8–ին... Կարապետ Մարգարյանցը պիտի գա... Ցնծա՛։— Խոսքը Կարապետ Հայրապետյանի մասին է: Նալբանդյանի ձերբակալության ժամանակ առեւտրական գործերով եկել է Պետերբուրգ, որտեղ մտադիր է եղել, ըստ երեւույթին, նաեւ օգնել Նալբանդյանին (տե՛ս Անտիպ երկեր, էջ 738):

տ. 23 10–ին... Քոլբի վիճակագրությունը եւ Լուիսի գիրքը: Նկատի ունի Գ. Ֆ. Կոլբի «Руководство к сравнительной статистике» Ա. Կորսակի թարգմանությամբ (Պետերբուրգ, 1862), այս աշխատության առաջին հատորը պահվում է՝ ԳԱԹ, Նալբանդյանի անձնական գրադարան, եւ Ջ. Լուիսի՝ «Физиология обыденной жизни» (Մոսկվա, 1861–62) գրքերը:

Էջ 122, տ. 25 10–ին ... նամակը պատռեցի Հայտնի չէ, թե ինչու է Նալբանդյանը ոչնչացրել հիշյալ նամակը:

տ. 34 12–ին... Ավետիք քեռորդուցս-Ավետիքը Նալբանդյանի Վարվառե քրոջ որդին է (առաջին ամուսնուց, Վատուժյան), որ հանդիպում է նաեւ որպես Ավտուշ, Վադուժ:

տ. 35 13–ին նամակ գրեցի... Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ 48(73)II (տե՛ս 6. Y, էջ 282 286): Նալբանդյանը իր դիտողություններն է անում «Սեւերնայա պչելա» թերթի հոդվածի հերքումը գրելու համար տրված տեղեկությունների վերաբերյալ՝ Նոր Նախիջեւանի եւ շրջակա հայ գյուղերի բնակչության թվի, զբաղմունքի եւ այլնի մասին:

Էջ 123, տ. 9 15-ին... Բաղդասարի հետ Ենթադրվում է, որ խոսքը «Արշալույս Արարատյան» թերթի խմբագիր Ղուկաս Պալտազարյանի որդու մասին է (տե՛ս V, էջ 441):

տ. 20 18–ին պատասխանեցի... Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՄՆՖ 49(73)1 (տե՛ս հ. V, էջ 288-290): Նալբանդյանը խնդրում է ուղարկել գրքեր: «Առանց գրքերի չափազանց ձանձրալի է»— գրում է նա:

տ. 22 20–ին... եւ գրքեր։– Հայտնի չէ, թե որոշակի ինչ գրքերի մասին է խոսքը:

տ. 29 24–ին... Կ[արապետ] Մ[արգարյանի] գալուստը Նկատի ունի Կարապետ Հայրապետյանին (տե՛ս հուլիսի 8-ի ծանոթագրությունը): սան։

տ. 33 29–ին... Դ[անիել] Թ Հորոսիչի եւ Կ[արապետ] Մ[արգարյանի] հետ– Նկատի ունի կոլեգիական խորհրդական Դանիել Թորոսյան Գարագաշյանին, որը քննիչ հանձնաժողովի պահանջով Նոր Նախիջեւանում տեղի ունեցած 100 հոգու «ընդհանուր խուզարկության» ժամանակ Նալբանդյանի վարքի մասին գրել էր. «... ճանաչում եմ որպես իր վարքի բոլոր կողմերով գերազանց անձնավորություն. նրա ոչ մի վատ արարմունքը երբեք ես չեմ տեսել... »: Նրա այս կարծիքի տակ ստորագրել են բոլոր 99 հոգին (տե՛ս Վավերագրերի ժողովածու, էջ 360)։ Կ. Հայրապետյանին լրացուցիչ բացատրություններ է տալիս հնդկահայ գործի վերաբերյալ . V, էջ 285):

Էջ 124, տ. 4 4-ին... մեր Գաբրիելի նամակը Նկատի ունի Գաբրիել Խաչատրյանին, Նալբանդյանի Գայանե քրոջ որդուն: 4 տ. 32 12–ին... առողջությունս գրեթե ողղվեցավ... —Նալբանդյանը սկսում է գրել «Հեգելը եւ նորա ժամանակը» աշխատությունը (տե՛ս հ. IV, էջ 118-147):

Էջ 125, տ. 4 14–ին... առողջությունս բավական միջակ է– Շարունակում է աշխատել «Հեգելը եւ նորա ժամանակը» ուսումնասիրության վրա:

տ. 5 17–ին... Ավարտում է «Հեգելը եւ նորա ժամանակը»: Ձեռքի տակ ունենալով «Սովրեմեննիկ» ամսագրի 1858 թ. N 12-ը, իր աշխատության մեջ ընդարձակ մեջբերումներ է անում Չեռնիշեւսկու «Критика философских предубеждений против общинного владения» («Համայնական հողատիրության նկատմամբ փիլիսոփայական նախապաշարումների քննադատություն») հոդվածից . տ., էջ 459):

տ. 15 ... խնդրեցի շերամադարմանություն Ըստ երեւույթին գիրք շերամապահության մասին՝ շերամաբուծությանը նվիրված աշխատություն գրելու համար: Նալբանդյանի անկատար մտահղացումներից է (տե՛ս Մ. Տեր-Գրիգորյան, Մ. Ն. կենսագրությունը, Պետերբուրգ, 1868, XXVI):

Էջ 125, տ. 30 31–ին ... Բերբերյանից... Խոսքը Հովհաննես Բերբերյանի մասին է:

Էջ 126, տ. 1 ... Օգոստոսի 28–ից գրած... չէ ստացել... Սա նույնպես, նախորդ մի քանի նամակների նման, բերդի պարետ Սորոկինը ինչ-ինչ նկատառումներով չի հանձնել Ղազարոս Նալբանդյանին:

տ. 8 ... Ռանքե Նկատի ունի Լ. Ռանքեի «Румские папы, их церковь и государство в XVI—XVIII столетиях» (Պետերբուրգ, 1842): Գիրքը պահվում է՝ ԳԱԹ, Նալբանդյանի անձնական գրադարանում: `

տ. 17 14–ին... «Հասարակաց շահի» ցուցակը Խոսքը «Общественная польза» հրատարակչական ընկերության գրացուցակի մասին է: .

տ. 34 23–ին... սորգոյի մասին —Նալբանդյանը Նոր Նախիջեւանում սորգո ցանելու մտադրություն է ունեցել: Այս մասին նա գրել է բերդից գրած իր նամակներում . V, էջ 175, 296—303): )

Էջ 127, տ. 15 ... տեր Գրիգորիչ... եւ Սարգսի հետ— Հավանաբար, նկատի ունի Գ. Տեր-Գրիգորյանին: Տե՛ս մայիսի 3-ի ծանոթագրությունը: Սարգսի ով լինելը. անհայտ է։

տ. 24–25 12-ն... օրգանական քիմիա Մենդելեեւի. ... 10–ի նամակը չի ստացել– Նալբանդյանը ստանում է Դ. Մենդելեեւի «Органихеская химия» աշխատությունը (Պետերբուրգ, 1863): Հոկտ. 10-ի նամակը, ըստ երեւույթին, III բաժանմունքը արգելել է հանձնել հասցեատիրոջը (Տարեգրություն, էջ 260):

տ. 32 [Հոկտեմբերի] 16–ին Այս նույն օրը Մ. Վեհապետյանը նամակ է գրում Ղ. Նալբանդյանին, թե պետք է որեւէ կերպ ազատել Նալբանդյանին բանտից: «Դուք ջանացեք, դուք հնար մտածեցեք որեւէ կերպով նրան (Նալբանդյանին) փրկելու. որքան երկարի, այնքան կդժվարանա այդ գործը (Տարեգրություն, էջ 260):

Էջ 128, տ. 1–2 19–ին... երեւի այս էլ 10–ի նամակիս քովն է գնացել։— Ակնարկում է, որ այդ նամակն էլ կարող է արգելված լինել III բաժանմունքում:

տ. 13 21–ին... Միք[այելի] հետ Խոսքը Միքայել Տեր-Գրիգորյանի մասին է:

տ. 27 Նոյեմբերի 4–ին... եւ գրքեր— Հայտնի չէ, թե որոշակի ինչ գրքերի մասին է խոսքը:

տ. 30-31 6–ին... հին հեղինակները Խոսքը, գուցե, Ղազար Փարպեցու «Թղթի» թարգմանության եւ ծանոթագրությունների համար օգտագործվելիք գրականության մասին է, թեեւ Նալբանդյանը դրան անդրադարձել է ավելի ուշ:

Էջ 129, տ. 4 18–ին... բառարանները - Հավանաբար «Մեր լեզվի արմատական բարեփոխության փորձ» ուսումնասիրության համար ժամանակին խնդրած բառարաններն են:

տ. 13–14 25–ին... ընդունելություն... Այվազին— Ակնարկը վերաբերում է Այվազովսկու՝ Էջմիածնում եպիսկոպոս ձեռնադրվելու մտադրությունը: Նրա այդ ցանկություննը ոչ միայն չի իրականանում, այլեւ նա Էջմիածնից վերադառնում է նոր մեղադրանքներ րով (տե՛ս Ա. Հովհաննիսյան, Նալբանդյանը եւ նրա ժամանակը, հ. II, 1956, էջ 172-181):

տ. 23 Դեկտեմբերի 1–ին... Չերքեզյանցի մահը— Խոսքը Նազարյանի, Նալբանդյանի, «Հյուսիսափայլի» մոլի հակառակորդ Հովսեփ Չերքեզյանի մասին է (տե՛ս Անտիպ երկեր, էջ 756):

Էջ 129, տ. 28 3–ին... հնդկական գործի եւ դպրոցի մասին Խոսքը հնդկահայ Մասեհ Բաբաջանյանի` Նոր Նախիջեւանի օգտին կտակած գումարների իրացման, Նոր Նախիջեւանում դպրոց հիմնելու մասին է:

տ. 33 4–ին... թվյալ են 7–ից— Դեկտեմբերի 7-ին Հովհ. Բերբերյանին գրած նամակում խնդրում է իր անունից դիմել Անդրեաս արքեպիսկոպոսին, որը կաթողիկոսի հանձնարարությամբ Նոր Նախիջեւան էր գնացել Խալիբյանի յուրացրած հասարակական գումարների խնդրով, որպեսզի նա գործը վարի «Հանուն արդարության, խստապահանջ արդարության» . V, էջ 297):

տ. 35 8–ին... վերոգրյալ թղթերը Այս եւ վերը հիշված թղթերը հավանորեն վերաբերում են հասարակական գումարներին:

Էջ 130, տ. 5 11–ին ստացա... գրքեր— Ինչ գրքերի մասին է խոսքը՝ դժվարանում ենք որոշակի ասել։ Այդ օրը Նալբանդյանը գրում է «Նկատողություն» հոդվածը՝ «ՄԵղուի» մեջ տպագրված «Նկարագիր միսիոներական երեսնամյա ընթացից ի Տաճկաստան եւ տարաբախտություն հայ ժողովրդյան» (1862, 3/3 176-179 եւ 1863, N 4 220-223, 226) հոդվածի առթիվ:

տ. 8–9 14–ին... Սուլթանը դուրս է եկել Թիֆլիսից Ան. Սուլթանշահը Նալբանդյանի առաջարկությամբ մեկնել էր Էջմիածին Այվազովսկու ձեռնադրմանը խանգարելու (տե՛ս նոյեմբ. 25-ի ծանոթագրությունը):

տ. 18 21–ին... Ղազարոսի հարսանիքը Խոսքը Նալբանդյանի եղբորորդու մասին է: Նալբանդյանը հունվարի 22-ի (1864) նամակում շնորհավորում է երիտասարդ ամուսիններին եւ հույս հայտնում ներկա լինել Գրիգոր եղբոր դստեր հարսանիքին . V, էջ 305):

1864

(էջ 131)

Էջ 131, տ. 3 Հունվարի 1-ին... - Այդ օրը Նալբանդյանը նամակ է գրում Ան. Սուլթանշահին, հետաքրքրվում Անդրեաս արքեպիսկոպոսի Նոր Նախիջեւան գալով, ընդգծում, որ այդ գումարների կարիքը «ավելի քան երբեւիցե... ենք զգում՝ նկատի ունենալով Սահակի եւ Մեսրոպի ճեմարանը վերականգնելու եւ բարենորոգելու ծրագիրը»: Ավելացնում է, որ այդ գործի մասին ավելի է մտածում, քան իր բանտարկության մասին, քանի որ այն «վերաբերելով հասարակական շահին... ավելի քան արժանի է բոլոր մտածող մարդկանց ուշադրությանը»: Նաեւ խորհուրդներ է տալիս սորգոյի աճեցման վերաբերյալ . V, էջ 296-303): ,

տ. 20 22–ին... պատասխանեցի —Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ 50 (73)1I (տե՛ս հ. V, էջ 304-305): Գրիգոր եղբորը ուղղած նամակում հույսով գրում է, որ «աշխարհումս անվերջ բան չկա ... ուրեմն ինձ այժմ հալածող դժբախտությունը նույնպես վերջ ունի»: Անհանգստանում է ծնողների մասին, որոնց վիճակը իրեն ամենից ավելի է տանջում: Գրում է, որ իր գործը «անշարժ ընկած է Սենատում եւ չգիտեմ ու չեմ կարող ասել, թե երբ այդ ամենը կվերջանա»:

տ. 33 6–ին պատասխանեցի... Այդ օրը III բաժանմունքի գլխավոր պետին է ներկայացվում Նալբանդյանի դիմումը՝ թույլ տալ «Հյուսիսափայլի» համար թարգմանություններ կատարելու եւ գրական-գիտական հոդվածներ գրելու մասին, պատճառաբանությամբ, թե «դրա դրդապատճառը խմբագրության կողմից տրվելիք նյութական վարձատրությունն է» (տե՛ս հ. V, էջ 306-307):

Էջ 132, տ. 3 13-ին... եւ գրքեր— Ինչ գրքերի մասին է խոսքը, որոշակի չենք կարող ասել:

տ. 4 13–ին... երրորդ բաժանման հրամանը... Նալբանդյանին հայտնում են III բաժանմունքի թույլտվությունը գրական աշխատանքով պարապելու վերաբերյալ «պայմանով միայն, որ նրա կազմած հոդվածները ներկայացվեն նորին կայսերական մեծության սեփական գրասենյակի III բաժանմունք» (տե՛ս Անտիպ երկեր, էջ 637):

տ. 12 20–ին... գրվածքս– Նկատի ունի «Սոս եւ Վարդիթերի» կրիտիկան», որ բերդի պարետի միջոցով ներկայացնում է III բաժանմունք:

տ. 13 21-ին... —Բերդի պարետը «երրորդ բաժանմունքին ի պատշաճ կարգադրություն» ներկայացնելով «Սոս եւ Վարդիթերի» կրիտիկան», հայտնում է Նալբանդյանի ցանկությունը՝ ձեռագիրը հանձնել իր եղբորը՝ Ղ. Նալբանդյանին . 4, էջ 322):

տ. 14, 24–ին... Արգելվում է «Կրիտիկայի» տպագրությունը, որոշվում այն թողնել III բաժանմունքի գործերում, մինչեւ Նալբանդյանի դատավարության ավարտը . տ. ):

տ. 22 [Մարտի] 11–ին Քերոբի գրքերը... —Նկատի ունի Քերովբե Պատկանյանին: Վերջինին վերադարձրած գրքերից է եղել «Ստեփաննոսի Սիւնեցւոյ եպիսկոպոսի Պատմութիւն տանն Սիսական» ., 1861): Գրքի կազմին Նալբանդյանի ձեռքով նշում է արված (Տարեգրություն, էջ 273)։

տ. 29-30 18–ին... հույն աստվածաշունչ... Կորյան գիրքը... Հունարեն Աստվածաշունչը եւ Կորյունի «Վարք Մաշտոցին Նալբանդյանը օգտագործել է Ղազար Փարպեցու «Թղթի» թարգմանության վրա աշխատելիս:

Էջ 133, տ. 2 25–ին... բերդակալի մոտ Բերդաշյալ ասելով նկատի ունի բերդի պարետին՝ Սորոկինին, որը բռնագրավում էր թերթերը: Այդ օրը Նալբանդյանը նաեւ գրքեր է ստանում, թեեւ այս մասին չի գրել (տե՛ս Տարեգրություն, էջ 274):

տ. 5 28–ին... տպել Հյուսիսափայլում... III բաժանմունքը փաստորեն ձեւականորեն էր թույլատրել Նալբանդյանին (Անտիպ երկեր, էջ 638— 639) բանտում գրական աշխատանքով պարապել, քանի որ արգելում էր նրա աշխատություններ։

տ. 23 [Ապրիլի] 18–ին.... Գրաքննությունը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» փետրվարի (I 3) ամսատետրակը: Մեկ տարվա ընդհատումից հետո «Հյուսիսափայլի» առաջին ամսատետրակը լույս է տեսնում 1863 թ. դեկտեմբեր րին, երկրորդը՝ 1864 թ. հունվարին եւ այլն (Տարեգրություն, էջ 275):

Էջ 134, տ. 3 «Հյուսիսափայլի» երրորդ թիվը... Այս համարում Նալբանդյանի գրչին է պատկանում «Ազգային թշվառություն» հոդվածը Ստ. Նազարյանց ստորագրությամբ (էջ 158-173), որի մասին վկայում է Ղ. Աղայանը իր հիշողություններում (տե՛ս Ղ. Աղայան, Երկեր, 1983 , 5. IV, էջ 381)։

տ. 11 14-ին... թուղթը չէ գնացել— Հավանաբար, նույնպես արգելվել է III բաժանմունքում:

տ. 13 18–ին... Գրաքննությունը այս օրը տպագրության է թույլատրում «Հյուսիսափայլի» մարտի (N 4) ամսատետրակը: Նալբանդյանի գրչին է պատկանում «Ուղերձ առ Մեչուխեչայն ի Կոստանդնուպոլիս» բանաստեղծությունը Փառախոտ Ցոլակյանց ստորագրությամբ: Այս ուղերձը եւ «Ազգային թշվառություն» հոդվածը (տե՛ս մայիսի 5-ի ծանոթագրությունը) հաջողվեց Նալբանդյանին ինչ-որ ձեւով հասցնել Նազարյանցին եւ տպագրել (տե՛ս Անտիպ երկեր, էջ 638)։

տ. 26 Հունիսի 1-ին... կանչեցին ինձ ծերակույտ Սենատում Նալբանդյանից ստորագրություն են վերցնում, որ իր գործը վարող սենատորի դեմ կասկած չունի եւ որ Սենատում իր նկատմամբ բռնություն չի գործադրվել (տե՛ս Տարեգրություն, էջ 278):

Էջ 135, տ. 17 17–ին... պատասխանեցի - Ինքնագիրը պահվում է՝ ԳԱԹ, ՄՆՖ 51 (73)II (տե՛ս l. V, էջ 309 310)։ Նալբանդյանը հայտնում է, որ մտադիր է նամակ ուղղել Խալիբյանին եւ բողոքել Գրիգոր եղբոր արարքի դեմ, որը առանց իր գիտության իրեն բանտից ազատելու համար դիմել է Խալիբյանի «օգնությանը» եւ ավելացնում է, որ` «... միանգամ ընդմիշտ հավատացած լինի, որ ես ավելի շուտ կհամաձայնվեմ դիմել Մեֆիստոֆելի օգնության, քան թե նրա»: Հիշեցնում է իրեն հետաքրքրող մի շարք գրքերի մասին:

տ. 28 22–ին... մորս գիրը— Մայրը, հավանաբար, երկտող է ուղարկել եւ բողոքել որդիներից ժառանգության հարցի կապակցությամբ: Նալբանդյանը հունիսի 24-ի նամակում, ուղղված եղբորը՝ Գրիգորին, խնդրում է հանգիստ թողնել մորը, սպասել իր վերադարձին. «Մի՛ վախենար, ես այստեղ չեմ մեռնի եւ աստծո օգնությամբ հույս ունեմ քեզ հետ շուտով տեսնվելու... »: Ապա ավելացնում է. «Դու ինձ հարկադրեցիր բողոք գրել նրան (Խալիբյանին), իսկ ես չէի կամենա որեւէ հարաբերության մեջ մտնել նրա հետ» . V, էջ 313):

տ. 30—31 23–ին... Ստաուդ եւ Վելիգա... - Ա. Ինճիկյանը ենթադրում է, որ Նալբանդյանը նկատի ունի գերմանացի մաթեմատիկոս Կ. Շտաուդի եւ ռուս մեղվաբույծ Ս. Պ. Վելիգդանի աշխատությունները (տե՛ս հ. 4, էջ 385):

տ. 33 26–ին... ուղարկեցի Կիպրիանոսին թուղթը եւ նորա պատճենը... —Հավանաբար կապված է ժառանգության հարցի հետ:

Էջ 136, տ. 36, Օգոստոսի 5–ին սենյակս փոխեցին— Նալբանդյանին 38-ից փոխադրում են N 14 մենախուց, որտեղից էլ նոյեմբեր ամսին տեղափոխում են N 17-ը, ուր մնում է մինչեւ բերդից դուրս գալը (տե՛ս Տարեգրություն, էջ 282, 289 ):

- Էջ 137, տ. 11 17–ին ... վարդապետի հետ Ա. Հովհաննիսյանը ենթադրում է, որ խոսքը Պետերբուրգում պաշտոնավարող Եփրեմ Ալթունյանի մասին է (տե՛ս Անտիպ երկեր, էջ 304): 1 տ. 33 Սեպտեմբերի 10–ին... Այդ օրը Նոր Նախիջեւանում 80-ամյա հասակում վախճանվում է Նալբանդյանի հայրը՝ ուստա Ղազար Գրիգորի Նալբանդյանը: Ստ. Նազարյանը «Հյուսիսափայլում» (1864, N 9, 646) մահախոսական է տպագրում՝ հայտնելով ամսագրի «մի ժամանակ քանքարավոր մատենագրական աշխատակցի՝ Մ. Նալբանդյանի» հոր մահը:

Էջ 138, տ. 34 12–ին... աղբաթս... խառնվեցավ... Խոսքը, հավանաբար, ժառանգության հարցի շուրջ վեճերի մասին է:

Էջ 139, տ. 3 19–ին... շատ նեղացա— Հավանորեն, նորից ժառանգության մասին:

տ. 3 19–ին... շատ նեղացա— Հավանորեն, նորից ժառանգության մասին:

տ. 16 Նոյեմբերի 2-ին... Բերբ[երյանին] ... Քերոբեին... Նկատի ունի Հովհաննես Բերբերյանին: Բերուբեի ով լինելը անհայտ է:

տ. 32 16–ին... տեր Գրի[գորի]... Խոսքը, հավանաբար, Գրիգոր Տեր-Գրիգորյանի մասին է (տե՛ս մայիսի 3 ծանոթագրությունը):

տ. 35 19–ին... Փավստոս Բյուզ[անդ] - Եղբոր միջոցով ստանում է Բուզանդի «Պատմութիւնը», հավանորեն Ղազար Փարպեցու «Թղթի» հետ կապված աշխատանքների համար:

էջ 140, տ. 19 Դեկտեմբերի 3–ին ... առ Ֆ[յոդո] Իվան[ովիչը] մորս մասին: Հավանաբար, նկատի ունի ժամանակի հայտնի բժիշկ, « բժշկության եւ վիրաբուժության երեւելի վարդապետ) (տե՛ս . II, էջ 190) Ֆ. Ի. Ինոզեմցեւին, որին դիմում է մոր հիվանդության համար:

Էջ 140, տ. 27 10-ին ... Այս օրը կայանում է Սենատի դատավճիռը Լոնդոնի ռուս պրոպագանդիստների Հետ հարաբերություններ ունենալու մեջ մեղադրվողների գործի վերաբերյալ:

Էջ 141, տ. 9 27-ին... [Հայր] Ղ[եւոնդի] նամակը Խոսքը, հավանաբար, Ղեւոնդ Ալիշանի մասին է:

1 8 6 5

(էջ 141)

Էջ 141, տ. 36 «Հունվարիչ 13–ին... օրենքի Թ հատորը— Օրենսգրքի 9-րդ հատորը ուզել է, հավանաբար, ժառանգության հետ կապված որոշ հարցեր պարզաբանելու համար: Ստանում է նաեւ գրքեր (Տարեգրություն, էջ 294)։

Էջ 144, տ. 21 [Փետրվարի] 7–ին գրեցի պ. Ուդովին... Գ. Մադոյանի կարծիքով խոսքը բանտի վերահսկիչ Ուդոմի մասին է (տե՛ս Բանբեր Երեւանի համալսարանի, 2(44), 1981)։

Էջ 145, տ. 29 Մարտ... կուրծքիս ցավը եւ հազը... հոգիս հանեց Այս հատվածը վերջին գրառումն է, արված Նալբանդյանի ձեռքով...