Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ

(էջ 282)

Ինքնագիրը չի պահպանվել: Գրվել է Պետրոպավլովյան բերդում 1863 թ. դեկտեմբերի 11-ին: Առաջին անգամ տպագրվել է՝ «Երկրագունդ», Կ. Պոլիս, 1871, 3, էջ 39–49: Այնուհետեւ մտել է ԵԼԺ IV հատորը: Ներկա տպագրության համար հիմք է հանդիսացել «Երկրագունդի» հրապարակումը:

«Նկատողություն» հոդվածով Մ. Նալբանդյանը արձագանքում է «Մեղուի» 1862–63 թթ. մի քանի համարներում տպագրված «Նկարագիր միսիոներական երեսնամյա ընթացից ի Տաճկաստան եւ տարաբախտություն ժողովրդյան» ընդարձակ հոդվածին, որտեղ հրապարակված են ամերիկյան միսիոներների գործունեության մի շարք արատավոր փաստեր: Հայտնելով իր երախտագիտությունը շաբաթաթերթին՝ հիշյալ հոդվածը տպագրելու առիվ, Նալբանդյանը միաժամանակ ափսոսանք է հայտնում, որ հեղինակը չի կարողացել լիովին բացահայտել եկեղեցու ռեակցիոն էությունը

Այս առնչությամբ հրապարակախոսը հիշեցնում է Ռոբերտ Օուենի ճակատագրի մասին, որը դաժան հետապնդումների ենթարկվեց բողոքական եկեղեցու կողմից միայն այն բանի համար, որ աշխատում էր վերացնել ահավոր աղքատությունը՝ բանվորների համար հիմնած դպրոցի եւ ֆաբրիկայի օգնությամբ: Ամերիկյան քվաքերները, Նալբանդյանի կարծիքով, ոչ թե ազատության պահպանիչներ են, ինչպես փորձում են ներկայացնել իրենց, այլ «դոքա ավազակ են ուրիշի խղճի ազատության, դոքա հափշտակում են այդ ազատությունը… դոքա միշտ դժբախտ մարդկության ուտիչ ցեցերը պիտի համարվե՜ն»: Նալբանդյանը համեմատում էր ամերիկյան միսիոներներին շեքսպիրյան Շեյլոկի հետ, որը դաժանության եւ անմարդկայնության խորհրդանիշ էր: «Նկատողությունում» նա շեշտում է, որ ինչպես բողոքական եկեղեցում, այնպես էլ կաթոլիկ-պապականում ընդունված են անեծքներ եւ բանադրանքներ ոչ միայն կենդանի մարդկանց, այլ նաեւ վաղուց մեռածների նկատմամբ: Իր այս մտքի հաստատման համար նա օրինակ է բերում անգլիացի մեծ բանաստեղծ Բայրոնին, որը հետապնդվել էր «հարազատ» եկեղեցու կողմից: Նալբանդյանը բարկությամբ նշավակում է բոլոր նրանց, ովքեր ատելությամբ էին լցված ազատության բոցաշունչ երգչի, ըմբոստ բանաստեղծի նկատմամբ: Դրանով Պետրոպավլովյան բերդի բանտարկյալը անշուշտ ակնարկում էր նաեւ իր սեփական վիճակը

Ինչպես իր վաղ շրջանի հոդվածներում, այնպես էլ այստեղ, բողոքական եկեղեցու քննադատությունը Նալբանդյանը հանգեցնում է ընդհանրապես կրոնի, որպես հետադիմական գաղափարախոսության քննադատության

Էջ 282, տ. 2. «Կոստանդնուպոլսի մեջ հրատարակված Մեղուի մի քանի համարներում, որ գոն 220–221 եւ 222. (176-րդ համարը, որպես նաեւ 222-ի շարունակությունը դեռ չտեսանք) Ա. Պ. Ա. ստորագրությամբ մի պատվական աշխատության տեսանք» Խոսքը վերաբերում է «Մեղուի», 1862 թ. 176, 177, 178 եւ 1863 թ., 220, 221, 223, 226-ում Ա. Պ. Ա. ստորագրությամբ լույս տեսած «Նկարագիր միսիոներական երեսնամյա ընթացից ի Տաճկաստան եւ տարաբախտություն ժողովրդին» հոդվածին, որը չնայած «շարունակելի» հիշատակությանը» ընդհատվել է: Կարելի է ենթադրել, որ Ա. Պ. Ա. ստորագիր տառերի տակ թաքնված է Մատթեոս Այվատյանը, որը նույն 1863 թ. հրատարակել է «Հայոց եկեղեցին եւ Ամերիկյան քարոզիչք» գրքույկը

«Նկատողությունը» գրելու ընթացքում Նալբանդյանը ձեռքի տակ ունեցել է միայն «Մեղուի» 1863 թ. համարները, իսկ 176-րդը եղել է 1862 թ. համարների հավաքածուում: 1863 թ. համարների հավաքածուն սկսվում է 183-ով: 222-ում հոդվածի շարունակությունը չի տպվել, այն լույս է տեսել հաջորդ՝ 223 համարում: Ընդհանրապես «Մեղուի» 222-ը պակասավոր է՝ 4 թերթի փոխարեն ընդամենը 2 թերթ

Էջ 282, տ. 13. «Հաննիբալ փոռթաս» Լատիներեն ճիշտ ձեւը պետք է լինի՝ Hanniebal nte portas կամ Hannibal ad portas «Հաննիբալը դարպասների մոտ է»

Երկրորդ Փյունիկյան պատերազմի ժամանակ, 211 . թ. ա) թվականի գարնանը, երբ Հաննիբալը ընդհուպ մոտեցավ Հռոմին, խուճապի մատնված քաղաքացիները այս կոչով աշխատում էին համախմբել իրենց ուժերը եւ կազմակերպել քաղաքի պաշտպանությունը: Գրականության մեջ գործածվում է որպես տագնապի նշան

Էջ 282, տ. 25. «Այո՛, կա մեծ մեծ տարբերություն…» Հոդվածից բերված քաղվածքները համընկնում են բնագրի հետ, միայն փակագծերում արված հավելումները պատկանում են Նալբանդյանին, իսկ ընդգծումները հոդվածագրին:

Էջ 283, տ. 12. «Արգո հեղինակը Մեղուի 221 համարում հանդես հանելով միսիոնարների շեյլոքյան կարգի սեղանավորների վերաբերյալ մի գործը…» Գործի նկարագրությունը տրված է «Մեղուի» 220-ում, իսկ տողատակի բացատրությունը՝ 221-ում: 220-ում ասված է. «Ասկե երկու տարի առաջ, երբ լիրաները իջնելու ձայն մը լսվեցավ, ամերիկյան միսիոնարք անմիջապես աճապարեցան սա հետեւյալ շրջաբերականով իրենց հայ գործավորացը իմաց տալ, թե ոսկին պիտի իջնե եւ հետեւապես ձեր ամսականներն իջնելու են, քանզի մեր բոլոր ստակը լիրայի վրա կուգա Ամերիկայեն… Անհնարին պիտի ըլլա ասկից ետքն ալ դահեկանի հաշվով նույնչափ վճարել»: Սակայն ստակին գինը բարձրացած, կամ բարձրանալու վրա եղած ատենը երբեք հոգ չեն ըներ իրենց գործավորացը իմաց տալ, կամ հաշիվ ցույց տալ եւ կամ անոնց ամսականները ավելցունել: Իրենց բաներն ձեռք տված ատենը միայն գուշակությամբ մըն ալ կփութան ամսականներն իջեցունել»:

Էջ 283, տ. 15. «Մի քամահրեք ամերիկյան միսիոնարները…» Հոդվածից բերված քաղվածքը համընկնում է բնագրին, միայն առաջին նախադասության ընդգծումը եւ փակագծի մեջ եղած հավելումը պատկանում է Նալբանդյանին, իսկ երկրորդ ընդգծված նախադասությունը հոդվածագրինն է

Էջ 284, տ. 3. «աղաչում ենք աշխատություն հանձն առնուլ եւ կարդալ Մակոլեյի Անգլիո պատմությունը» Նկատի ունի Մակոլեյ Թոմաս Բաբինգտոնի (1800–1859) «Անգլիայի պատմությունը Հակոբ II-ի գահակալությունից սկսած» բազմահատոր աշխատությունը: Ռուսերեն, Մակոլեյի ստեղծագործությունները տպագրվել են 1860–65 թթ. ընթացքում (СПб., 1860–1865, издание H. Tиблена)

Էջ 284, տ. 5. «Աղաչում ենք կարդալ Թովմաս Հենրիկոս Բոքլ անզուգական հեղինակի «Քաղաքակրթության պատմությունը Անգլիո մեջ» աշխատությունը, մանավանդ այս անմահ աշխատության երկրորդ հատորը…» Հենրիկոս Թոմաս Բոքլի «Քաղաքակրթության պատմությունը Անգլիայում» («История цивилизации в Англии») աշխատության ռուսերեն թարգմանությունը լույս է տեսել Պետերբուրգում 1862 թ.: Աշխատության երկրորդ հատորը բաղկացած է հետեւյալ բաժիններից. «Մտավոր զարգացումը Իսպանիայում XV–XIX դարերում», «Շոտլանդիայի վիճակը մինչեւ XIV դարի վերջը», «Շոտլանդիայի վիճակը XV եւ XVI դարերում», «Շոտլանդիայի վիճակը XVII եւ  XVIII դարերում», «Մտավոր զարգացումը Շոտլանդիայում XVIII դարում», «Մտավոր զարգացումը Շոտլանդիայում XIX դարում»

Նալբանդյանի հավանությանն էր արժանացել հատկապես, քաղաքակրթության զարգացման գործում, կրոնի, դավանանքների եւ հոգեւորականության կատարած դերի վերաբերյալ Բոքլի քննադատական մոտեցումը: Ըստ Բոքլի, կրոնը մարդուն տանում է ոչ թե դեպի լույս, այլ դեպի խավար

Էջ 284, տ. 20. «Կարլոս առաջինի գլխատվելուց մինչեւ Վիլհելմ Օրանժյանի թագավորելը» Կարլոս I Ստյուարտը գլխատվել է 1649 թ. հունվարի 30-ին, նրա դուստր Հենրիետա-Մարիայի ամուսին Վիլհելմ Օրանժյանը Անգլիայի գահն է բարձրացել 1688 թ.: 

Էջ 284, տ. 26. «Ո՞վ չգիտե Ռոբերտ Օուենի եւ նրա Նուալիներքյան դպրոցի անունը» Նալբանդյանի ակնարկը վերաբերում է Նյու-Լանարկում (Շոտլանդիա) անգլիացի ուտոպիստ-սոցիալիստ Ռոբերտ Օուենի սեփական ֆաբրիկայի բանվորական համայնքում աշխատանքի արդարացի պայմաններ եւ դպրոց ստեղծելուն:

Նյու-Լանարկի ֆաբրիկայում նա կարողացել էր հասնել որոշակի հաջողությունների՝ ոճրագործությունների հաղթահարում, հարբեցողության եւ ազգային ու կրոնական թշնամանքի վերացում, ինքնավարության որոշ տարրերի իրականացում, աշխատանքային գիտակցված կարգապահություն, մրցակցություն, կոոպերացիաների ստեղծում, սոցիալական պլանավորում, ուսման զուգակցումը աշխատանքի հետ, ֆիզիկական եւ գեղագիտական դաստիարակություն: Սակայն Օուենը չկարողացավ լիովին իրականացնել իր ծրագրերը, նրան սկսեցին համարել վտանգավոր անձնավորություն եւ նրա դեմ հալածանքները սաստկացան հատկապես այն բանից հետո, երբ 1817 թ. նա պայքար սկսեց կրոնի դեմ

Էջ 284, տ. 30. «…Ամերիկայի մեջ դարձյալ՝ ինչեր չքաշեց քվեքըրների ձեռքից» Քվեքըրները, կամ քվաքըրները ստեղծել էին իրենց կրոնական համայնքը Անգլիայում, XVII դարում: Հիմնադիրն էր Գեորգ Ֆոքսը: Քվաքըրների ուսմունքը քարոզում էր, որ ճշմարտությունը գտնվում է յուրաքանչյուր մարդու ներսում: Նրանք այդ անվանում էին «ներքին լույս», «աստծո ձայն»: Այդ «ձայնը» նոր ճշմարտություններ չէր ասում, այլ հետեւում էր, որ Քրիստոսի քարացած ուսմունքը կիրառվի կյանքում

Դեռեւս Նյու-Լանարկում Օուենի ընկերակից քվաքըր Ալենը մի շարք խոչընդոտներ հարուցեց նրա նպատակների իրագործման ճանապարհին, իսկ երբ 1825 թվականին Օուենը Ամերիկայի Ինդիանա նահանգում, Բաբախ գետի մոտակայքում փորձում էր ստեղծել իր կոմունիստական արտադրողական համայնքը, բանվորների մեջ եղած քվաքըրները պայքար սկսեցին նրա դեմ եւ համայնքը չկարողացավ երկար պահպանել իր գոյությունը:

Էջ 286, տ. 1. «Ի՞նչ պատճառով Ուեստ-Մինստեր աբբայության մեջ չենք տեսնում լորդ Բայրոնի գերեզմանը…» Երբ 1824 թ. Բայրոնի մարմինը Հունաստանից բերվեց Անգլիա, անգլիական կառավարությունը մերժեց նրան տեղ հատկացնել Վեստմինստրյան աբբայությունում, որտեղ գտնվում էր Անգլիայի «Մեծ մարդկանց» հանգստարանը, այլ հրամայեց «ապստամբ բանաստեղծին» թաղել իր կալվածքում, Նյուստենդի մոտ գտնվող Հակալ ավանում

Ահա թե ինչպես է նկարագրում Մակոլեյը Բայրոնի թաղման տեսարանը

«Մենք նույնիսկ հիմա, երբ պատմում ենք այդ իրադարձությունները, չենք կարող չզգալ այն, ինչ զգացել էր մեր ազգը առաջին անգամ իմանալով, որ շիրիմը իր մեջ  առավ այնքան վիշտ եւ այնպիսի փառք: Ի՞նչ զգացին հանդիսատեսները, երբ նկատեցին, որ սգակառքը իր երկար թափորի հետ միասին դանդաղորեն ծռվեց դեպի հյուսիս, իր ետեւում թողնելով այն հանգստարանը, որը սրբագործված էր բազմաթիվ մեծ բանաստեղծների աճյուններով եւ որի դարպասները փակ էին Բայրոնի հողեղեն մնացորդների համար: Մենք լավ ենք հիշում, որ այդ օրը նույնիսկ խստասիրտ բարոյագետները չէին կարողանում զսպել իրենց արցունքները, չէին կարողանում չսգալ այդ, այնքան երիտասարդ մարդու ճակատագիրը, որն այնքան փառավոր էր, որքան եւ տարաբախտ, որը ի վերուստ ստացել էր այնպիսի հազվագյուտ պարգեւներ եւ ենթարկվել աննախադեպ ցնցող գայթակղությունների» (Tомас Маколей, Полн. co6p. соч., т. I, СПб., 1860, cтр. 359)

Էջ 286, տ. 10. «Այստեղ հիշվեցան, որ հոյակապ բանաստեղծը ընդդեմ է եղած եկեղեցուն, որպես հանցավոր յուր ամուսնու ընդդեմ…» Մակոլեյի հոդվածում այս մասին ասված է հետեւյալը. «Նրան աստվածացնում էին անմիտ պաշտամունքով, եւ հետապնդում անխոհեմ կատաղությամբ: Շատ, անչափ շատ է գրված ընտանեկան այն դժբախտ իրադարձությունների մասին, որոնք վճռեցին նրա ամբողջ կյանքի ճակատագիրը… Թերթերը լցված էին պարսավագրերով, թատրոնները ճայթում էին զազրախոսություններից. նրան հեռացրին այն շրջաններից, որտեղ նա ընդհանուր հիացումի առարկա էր հանդիսանում: Բոլոր սողունները, որոնց սնունդն է ազնիվ բնավորությունների անկումը, շտապում էին իրենց խնջույքին եւ նրանք իրավացի էին, որովհետեւ հարազատ էին իրենց էությանը: Չէ՞ որ ամեն օր չէ որ հնարավոր է լինում ինքնասիրահար հիմարների գիշատիչ նախանձին հագուրդ տալ այդպիսի ոգու հոշոտումով եւ նման փառավոր անվան ստորացումով» (նույն տեղում, էջ 320)

Էջ 286, տ. 12. «(Տես Մակոլեյի հատվածը Բայրընի մասին)…» Մակոլեյի հոդվածը Բայրոնի մասին («Մուրի «Լորդ Բայրոնի կյանքը») տպագրված է նրա երկերի լիակատար ժողովածուի I հատորում, էջ 317–359):