Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

О НОВОМ ЖУРНАЛЕ НА АРМЯНСКОМ ЯЗЫКЕ
ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ ՆՈՐ ԱՄՍԱԳՐԻ ՄԱՍԻՆ
(Նամակ խմբագրին)

Տպագրվել է «Молва» գրական շաբաթաթերթում, 1857, հոկտեմբերի 6, 26, էջ 311–313, Մ. Նալբանդյանց ստորագրությամբ: Նամակը հանդիսանում է «Հյուսիսափայլի» ծրագրի եւ բաժանորդագրության պայմանների մասին նույն թվականի մայիսի 30-ին առանձին մեծածալ թերթիկով լույս տեսած «Հայտարարության» համառոտ շա­րադրանքը

Նպատակ ունենալով ռուս առաջավոր մտավորականության շրջաններում հասարա­կական կարծիք ստեղծել հայերեն նոր լեզվով լույս տեսնելիք ամսագրի մասին, Նալ­բանդյանը խոսում է հրատարակչի հայացքների, մասնավորապես աշխարհաբարի նկատ­մամբ նրա տեսակետների մասին, տեղ-տեղ ամբողջական հատվածներ բերելով «Հայ­տարարությունից»

Տպագրելով Նալբանդյանի նամակը՝ «Молва»-ի խմբագիր Ս. Մ. Շպիլեւսկին գրում է մի ծանոթագրություն («Պ. Նալբանդյանցի նամակի առթիվ»), ուր ջերմորեն ողջունում է հայերեն նոր ամսագրի հանդես գալը, դա համարելով ժողովուրդների զարթոնքի եւ առա­ջադիմության նոր ապացույց

«Ի սրտե ողջունում եմ պ. Նալբանդյանցին, արեւելյան լեզուների դոկտոր Ս. Նա­ զարյանցին՝ հայերեն ժողովրդական լեզվով լույս ընծայվելիք ամսագրի հրատարակության ազդի համար: Մենք՝ ռուս ժողովրդի պաշտպաններս, չենք կարող չուրախանալ որեւէ այլ ժողովրդի, ինչպիսին էլ նա լինի, հաջողությունների համար: Կեցցե՛, ամեն մի ժողովուրդ, ասված է «Молва»-ում, որովհետեւ միայն բոլոր ժողովուրդների ճա­նաչումն է ոչնչացնում սահմանափակությունը եւ առանձին վերցրած իր ժողովրդի գերա­գնահատումը: Այդ իսկ պատճառով կրկնում ենք, մենք չենք կարող չուրախանալ մի ամ­սագրի հանդես գալով, որը կոչված է ժողովրդական լեզվի օրգանը լինել, այն լեզվի, որը դեռ քաղաքացիական իրավունք չի ստացել գրական աշխարհում, երբ միլիոնավորները, իրենց մայրենի լեզվի պես, խոսում են այդ լեզվով, իսկ կարդալ կարող են միայն գրքայինը, մեռածը, որի համար էլ նա ոչ բոլորին է լրիվ հասկանալի: Այժմ հայերի ժողովրդական լեզվին մնում է զարգանալ գրականության ուղիով, իսկ հայ գրականությունը չի կարող այլեւս փակվել՝ մեռած ու որպես կենդանի օրգանիզմ չզարգացող լեզվի սահմաններում: Վերջապես՝ այդ ամսագիրն անհրաժեշտ է ողջունել որպես մի կարեւոր աղբյուր, որը հայերին կծանոթացնի այն վերջին տվյալների հետ, որին, շնորհիվ ժողովուրդների ջանքերի, հասել է գիտությունը, այդ ասպարեզում առաջ անցնելով հայերից: Ամսագրի ծրագրից տեսնում ենք, որ նրա խմբագրության հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացած լինի հայերին Ռուսաստանի ու նրա պատմության հետ ծանոթացնելու վրա. այդ անհրաժեշտ է, որովհետեւ հայկական մի քանի ամսագրեր հրատարակ­վում են եւ՛ արեւմտյան Եվրոպայում, եւ՛ Կոստանդնուպոլսում, իսկ Մոսկվայում հրատարակվող նոր ամսագիրը չի կարող միայն արեւմտյան Եվրոպայի արձագանքը լինել: Մենք կարծում ենք, որ հայերին նոր եւ օգտակար խոսք ասելու մեջ իր հերթին քիչ բան չունի անելու Ռուսաստանը, ասելու այն, ինչ նրանք չեն լսի արեւմտյան Եվրոպայից: Արեւելյան ժողովուրդների ծանոթացումը Ռուսաստանին, որի աշխարհագրական դիրքն իսկ արդեն պայմանավորում է նրա ներգործությունն արեւելյան ժողովուրդների վրա, անհրաժեշտու­թյուն է: Եվ ո՛վ գիտե, գուցե Ռուսաստանին է վիճակված գիտության ու քրիստոնեու­թյան ուժով գլխավոր միջնորդ լինել արեւելյան ժողովուրդների լուսավորության մեջ: Մեզ թվում է, որ «Հյուսիսափայլը» կարող է փոքր նշանակություն չունենալ այս գործում»:

Նալբանդյանի հոդվածը հայտնաբերել եւ տպագրել է գրականագետ Կ. Գրիգորյանը (տե՛ս K. Н. Григорян, Неизвестная статья Микаела Налбандяна, напечатанная в газете «Молва», Հայկական ՍՍՀ ԳԱ «Տեղեկագիր», 1954, 5, էջ 80–83):

«Հյուսիսափայլի» հրատարակության նախօրյակին, 1857 թ. սեպտեմբերին, նույ­նատիպ մի հոդված էլ տպագրվում է «Журнал министерства народного просвещения» ամսագրում («Հայկական պարբերական գրականության տեսությունը»): Հոդվածի հե­ղինակն էր Կարապետ Եզյանը: Իր հոդվածի սկզբում Եզյանը խոսում է հայ գրականության համաշխարհային պատմական նշանակության մասին եւ նշում, որ դեպի լուսավորությունն ունեցած սերը հայ ժողովրդի բնորոշ գծերից է

Հոդվածագիրը համառոտակի բնութագրում է XIX դարի առաջին կեսի արեւելահայ պարբերական հրատարակությունները եւ գնահատականի խոսք ասում Նազարյանի վաստա­կի մասին: Այնուհետեւ Եզյանը ամբողջությամբ ռուս ընթերցողին է ներկայացնում «Հյուսիսափայլի» հրատարակության ծանուցումը

Պետք է ենթադրել, որ նախապես մշակված մի ծրագրի համաձայն, 1857 թ. աշնա­նը, Նալբանդյանը եւ Եզյանը միաժամանակ հանդես գալով Մոսկվայի եւ Պետերբուրգի թերթերում, ռուս մտավորականությանը ցանկացել են ծանոթացնել «Հյուսիսափայլի» հրատարակության հիշարժան երեւույթի հետ (տե՛ս Մ. Մխիթարյան, «Հյուսիսափայլի» հիմնադրման պատմությունից, «Տեղեկագիր», 1958, 2, էջ 79–80)

Էջ 61, տ. 16–25. «Ученые если несколько таких отдельных лиц существуют… или порабощаться различным местным наречиям» Հատվածը բերվում է «Հյուսիսափայլի» հայտարարությունից

Էջ 62, տ. 28–37, էջ 63, տ. 1–5. «В наш человеколюбивый, своему ближнему сочувствующий век… желает познавать самого себя, природу и человечество» Հատվածը բերվում է «Հյուսիսափայլի» հայտարարությունից

Էջ 63, տ. 22–29. «Пусть любезные наши соотечественники… в руках слепого случая» Հատվածը բերվում է «Հյուսիսափայլի» հայտարարությունից