Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱԶԳԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՔ

(էջ 345)

Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1859, 5, էջ 379–404, անստորագիր

Նալբանդյանի երկերի նախորդ հրատարակության երկրորդ հատորում զետեղելով  այս հոդվածը, խմբագրությունն անհրաժեշտ չի համարել հրապարակել կտակների բնագրերը: Ներկա հրատարակության մեջ վերականգնելով այդ բնագրերը, ընթերցողին հնա­րավորություն ենք տալիս ավելի լայն ծանոթություն ստանալու Նալբանդյանի արտասահ­մանյան ուղեւորության շարժառիթների, նրա լայն հետաքրքրասիրության եւ հայրենասի­րական գործունեության մասին: Սրանով նոր լույս կսփռվի նաեւ Նոր Նախիջեւան քաղաքի պատմության եւ հնդկահայերի ազգասիրական գործունեության հետ կապված հարցերի վրա

Ի դեպ, հետաքրքրական է, որ հնդկահայ կտակների հարցի լավագիտակ, նշանա­վոր բանասեր Երվանդ Շահազիզը դեռեւս 1903 թ. Նոր Նախիջեւանի եկեղեցական հոգա­բարձության կազմած հանձնաժողովի նիստում զեկուցում կարդալով այդ կտակների մասին, վերջում առաջարկում է տպագրել կտակների բնագրերը հատուկ առաջաբանով «Մենք առաջարկեցինք այդ ժամանակ հոգաբարձության ընդարձակ միջոցներից մի փոք­րիկ գումար հատկացնելու հնդկական հրիտակներին վերաբերյալ բոլոր թղթերը մի վայելուչ հառաջաբանով եւ հարկավոր ծանոթություններով տպագրելու իբրեւ մի կարեւոր պատմական նյութ թե հոգաբարձության, թե Նալբանդյանի կենսագրության եւ թե ընթերցանության համար»: 1904 թ. «Լումա» հանդեսում տպագրելով իր հոդվածը, Շահազիզը կրկնում է նույն առաջարկը, շեշտելով դարձյալ, որ այդ նյութերի տպագրությունը «ոչ թե միայն մասնավոր խորհուրդ ունի, այլեւ ընդհանուր» (տե՛ս Ե. Շահազիզ, Միքայել Նալբանդյանը Հնդկաստանում, «Լումա», 1904, 4, էջ 106)

Հնդկահայերի կտակների գործը կապվում է Նոր Նախիջեւան քաղաքի հիմնադրու­թյան հետ, երբ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը նորահիմն քաղաքի բնակիչների համար նյութական օժանդակություն կազմակերպելու նպատակով Հնդկաստան է ուղար­կում Տեր-Ստեփաննոս Հարությունյան քահանային: Ռուսաստանի թեմի առաջնորդի նա­մակները հնդկահայերին եւ Տեր-Ստեփաննոսի հորդորները հասնում են նպատակին: Մի քանի ազգասեր հայեր XVIII դարի վերջին եւ XIX դարի սկզբին կտակներ են կազմում հօգուտ Նոր Նախիջեւան եւ Գրիգորուպոլիս քաղաքների հայկական համայնքների

XIX դարի առաջին երկու տասնամյակներում կտակների գործով գրագրություն է տեղի ունենում Ռուսաստանի առաջնորդ, ապա կաթողիկոս Եփրեմի եւ հնդկահայ գործիչ­ների միջեւ, բայց գործնական քայլեր չեն արվում՝ Նախիջեւանցիների ժառանգությունը ձեռք բերելու ուղղությամբ: Տասնամյակներ անց, 1846 թ., Մեսրոպ Թաղիադյանն իր «Ազգասեր» ամսաթերթում հրապարակում է Մասեհ Բաբաջանի կտակը, նպատակ ունե­նալով նախիջեւանցիների ուշադրությունը հրավիրել այդ հույժ կարեւոր հարցի վրա: Այնուհետեւ, 1847 թ. սկզբին Ղուկաս Պալտազարյանը այդ կտակն արտատպում է «Ար­շալույս Արարատյան» թերթում, իր փոքրիկ ծանոթությամբ

Սակայն, չնայած կտակների օրինականությանը եւ դրանցով նախատեսված գումար­ների մեծությանը, Նախիջեւանի հասարակությունը զարմանալի անտարբերություն է դրսեւորում դեպի իր ստանալիք ժառանգությունը: Մոտավորապես վեց տասնամյակ հնդկա­հայերի կտակած գումարները մնում են անգլիական բանկերում կամ կտակակատարների մոտ: 50-ական թթ. վերջին այդ գումարներն ստանալու ուղղությամբ առանձին փորձեր են կատարում Տագանրոգի նահանգապետը եւ Ներսես Աշտարակեցին, բայց չեն հասնում էական արդյունքի: Այդ գործով 60-ական թթ. սկզբին սկսում է զբաղվել եւ Նախիջեւանի ու Բեսարաբիայի թեմի առաջնորդ Գ. Այվազովսկին, որն իր ոչ շրջահայաց գործողություններով օբյեկտիվորեն արգելքներ է ստեղծում Կալկաթայում գտնվող Նալբանդյանի համար

Հնդկական ժառանգության ձեռք բերման հարցը ամբողջ լրջությամբ բարձրացնում է Միքայել Նալբանդյանը: Նա Նախիջեւանի մագիստրատից պահանջում է կտակների բնա­գրերը եւ դրանց կցելով իր «Ազգային ժառանգությունք» հոդվածը, հրապարակում է «Հյուսիսափայլում»: Այնուհետեւ հայրենի քաղաքի հասարակության կողմից ընտրվելով պատգամավոր, Նալբանդյանը 1860-ի նոյեմբերի 1-ին մեկնում է արտասահման

Այժմ արդեն անտարակույս է, որ հնդկական կտակներից սպասվող գումարները ձեռք բերելուց բացի, նրան նույնքան էլ հետաքրքրում էր արտասահման մեկնելը, մի ուղեւորություն, որ անջնջելի հետք թողեց հրապարակախոսի կենսագրության մեջ: Այն հնարավորություն ընձեռեց Նալբանդյանին՝ մոտիկից ծանոթանալու եվրոպական երկրների սոցիալ-քաղաքական դրության հետ, սերտ հարաբերության մեջ մտնելու եվրոպա­կան առաջադեմ գործիչների եւ, մասնավորապես, ռուս հեղափոխական վտարանդիների հետ: Հայտնի է, որ այդ ճանապարհորդության ընթացքում էր հենց, որ նա գրեց իր առավել հասուն հեղափոխական դեմոկրատական երկերը

1861 թ. մայիսի 30-ից մինչեւ սեպտեմբերի 27-ը գտնվելով Կալկաթա քաղաքում, Նալբանդյանը տեղի ծայրագույն դատարանում հաջողությամբ վարելով իր դատը, շա­հում է կտակների մի մասի գործը: Այդ հաջողությունը, սակայն, նրան տրվում է աներեւակայելի ջանքերի գնով: Նալբանդյանը հնդկական առաքելության օրերին մեծ հուզում­ներ է ապրում իր հայրենակիցների անհոգության հետեւանքով ստեղծված բարոյական եւ նյութական դժվարությունների պատճառով: Այսպես, Շահազիզը հիշատակում է նրա՝ այդ օրերին Կ. Հայրապետյանին գրած նամակներից մի հատված. «Ոչ կարեմ լուռ մնալ եւ ոչ կարդալ զարժանին դատապարտութիւն չարաչար անհոգութեան նախնեաց մերոց ի Նախիջեւան, զորմէ թողումք զկորուստ ազգին, ափ ի բերան պապանձեմ առ մերազնեայս եւ առ օտարս մինչեւ հարցանին զպատճառն վաթսունհինգամյա լռութեան: Վաթսուն եւ հինգ ամ դժոխային անհոգութիւն: Եվ մեք որդիքս անհոգ հարց, զնոցայն զանհոգութեան զյանցանս պարտիմք քավել անօրինակ կորստեամբ» . Շահազիզ, նշվ. հոդվածը, «Լու­մա», 1904, 4, էջ 122, տե՛ս նաեւ Մ. Նալբանդյան, ԵԼԺ, հ. IV, էջ 105)

Նոր Նախիջեւան քաղաքի համար Նալբանդյանը բերում է 54750 ռ. գումար, որն Իտալիայում Մաձձինիի խորհրդով փոխանակում է իտալական արժեթղթերի հետ: Նոր Նախիջեւանը ձեռք է բերում նաեւ իր ժառանգության տոկոսները ապագայում ստանալու իրավունքը: Հետագայում գումարների առաքումը կատարվում է Կալկաթայի բնակիչ, հայրենասեր Հարություն Աբգարյանցի առեւտրական տան միջոցով

Հնդկահայերի կտակների մասին տե՛ս

1. Մ. Թաղիադյան, 100000 ռուփիք («Ազգասեր», 1846, 60, 61: Օրինակ կտակի Բաբաջանի կամ հասարակ կոչմամբ Մարտիրոսի որդի Մասեհի Համադանցվոյ («Ազգա­սեր», 1846, 60)

2. Ղ. Պալտազարյան, Զանազան լուրեր («Արշալույս Արարատյան», 1847, 275): Օրինակ կտակի Բաբաջանի կամ հասարակ կոչմամբ Մարտիրոսի որդի Մասեհի Համա­դանցվոյ («Արշալույս Արարատյան», 1847, 276–277)

3. Գ. Այվազովսկի, Նախիջեւանի համար Հնդկաստանի մեջ կտակով ձգված փողերուն վրա տեղեկություն («Մասյաց աղավնի», 1861, էջ 133, 146, 159, 173)

4. Ե. Շահազիզ, Միքայել Նալբանդյանը Հնդկաստանում («Լումա», 1904, 2–5):

5. «Միքայել Նալբանդյան», վավերագրերի ժողովածու, Երեւան, 1956, էջ 123–189

Էջ 347, տ. 35. Կտակների օրինակքը՝ համար 1, 2, 3, 4 եւ 5 Տե՛ս «Հյուսիսափայլ», 1859, 5, էջ 358–404:

Էջ 348, տ. 32–35. …քանի անգամ ասած ենք, …ո՛չ մինը չէ հասել յուր լուսավորության ներկա աստիճանին, հոգեւոր դաստիարակների ձեռքով —Նալբանդյանը նկատի ունի իր «Մխիթար Սեբաստացի եւ Մխիթարյանք» եւ «Նկատողությունք» հոդվածների այն էջերը, ուր խոսվում է լուսավորության գործը կղերից վերցնելու եւ բուն ժողովրդին հանձ­նելու մասին: (Հմմտ. էջ 229 եւ 310)

Էջ 349, տ. 25–27. …այդ ժամանակը շատ մոտ է վերջանալու… Ով ականջ ունի լսելու, թող լսե Սահմանված ժամանակը լրանում էր 1869 թվականին: Եթե Նոր Նա­խիջեւանի հայկական համայնքը 75 տարվա ընթացքում տեր չկանգներ իր իրավունքին, ապա Մասեհ Բաբաջանի կտակով նախատեսված գումարն ամբողջությամբ պետք է անցներ Տեր Ստեփաննոսի ժառանգներին (տե՛ս «Ազգասեր», 1846, 61, էջ 69, տե՛ս նաեւ «Մասյաց աղավնի», 1861, էջ 146)

էջ 349, կտակ 1, 2 Կալկաթայի բնակիչ, վաճառական Մասեհ Մարտիրոսի Բաբաջանյանը (Աբդալմասեհ Մարտիրոս), ծնված Համադան քաղաքում, 1794 թ. մայիսի 30-ին Կալկաթայում կազմում էր իր կտակը, որի ուժով իր ունեցած անշարժ կայքի եկամուտները (երեք տուն եւ խանութներ) բաժանում է 16 մասի եւ դրա կեսը՝ 8 բաժինը հանձնում Նախիջեւան քաղաքի «հայոց բարեկարգությանցը» (դպրոցներին, աղքատա­նոցին, հիվանդանոցին եւ որբանոցին): Մեկ տարի անց, 1795 թ. ապրիլի 1-ին, Ստեփաննոս քահանայի թելադրությամբ նա կազմում է երկրորդ կտակը: Սրանով նա առա­ջին կտակում նշված իր անշարժ կայքից անջատում է հայոց եկեղեցուն կից 50 հազար ռուփիի արժեքի նորակառույց տունը (կրպակներով) եւ իր կենդանության օրոք իսկ՝ դրա եկամուտները հանձնում է միմիայն Նոր Նախիջեւանի ս. Գրիգոր Լուսավորչի անվան ավագ եկեղեցուն՝ դրա տնօրինությամբ ս. Սահակ եւ ս. Մեսրոպ անուններով դպրոցներ պահելու համար: Մ. Բաբաջանյանի հաշվումներով այդ կայքը տարեկան կարող էր բերել 40 հազար ոուփիի եկամուտ, որը բավական էր հոգալու երկու դպրոցների ծախքերը

Կալկաթայում Նալբանդյանը ներկայանում է տեղի ընդհանրական վարչության նա­խագահ Հաագին, որը տնօրինում էր ժառանգության հետ կապված գործերը եւ Մասեհ Բաբաջանյանի կտակի համաձայն տարեկան ստանում ընդհանուր եկամուտների 5 տոկոսը: Հաագը ձգձգում է հարցի լուծումը եւ իվերջո հայտնում, թե հաշիվներն ու գումարը ինքը կներկայացնի Նոր Նախիջեւանի ներկայացուցչին այն դեպքում միայն, երբ Հնդկաստա­նի ծայրագույն դատարանը (Սուպրիմ Կորտ) համապատասխան վճիռ կկայացնի: Նալբանդյանը դատական գործ է սկսում, բայց եթե Մասեհ Բաբաջանի առաջին կտակի վերաբերյալ նրա պահանջները իրավական հիմք ունեին, ապա կտակարարի երկրորդ կտակը դիտվում է իբրեւ ապօրինի, որովհետեւ երեք ստորագրության փոխարեն ուներ միայն երկու ստորագրություն:

Բարեկամ մասնագետների խորհրդով Նալբանդյանը, հենվելով կտակի ոգու վրա, փորձում է համոզել դատարանին, որ Մասեհ Բաբաջանյանը իր կենդանության օրոք տունը եւ կրպակները նվիրել է ս. Գրիգոր Լուսավորչի եկեղեցու՝ դպրոցների պահպանության համար: 1861 թ. սեպտեմբերի 14-ի դատական նիստում երկրորդ կտակի վերա­բերյալ Նալբանդյանի հայցը մերժվում է, քանի որ դատարանը երկրորդ կտակը չի ճա­նաչում իբրեւ պարգեւագիր: Միաժամանակ որոշվում է՝ առաջին կտակի ոգուն համապատասխան Նոր Նախիջեւանի հասարակությանը հանձնել Մասեհ Բաբաջանյանի մահից մին­չեւ 1861 թ. ընկած ժամանակամիջոցում նրա կալվածքներից հավաքված եկամտի կեսը, իսկ հետագայում՝ այդ կալվածքներից ամեն տարի գոյանալիք եկամուտների կեսի իրա­վունքը:

Կտակված գումարները Նալբանդյանը հասցնում է Նախիջեւան, բայց մագիստրատը չի շտապում հիմնադրել Սահակի եւ Մեսրոպի անվան դպրոցները, որոնք դեռեւս չկային, բայց որոնց լինելու վերաբերյալ, ինչպես հայտնի է, Նալբանդյանը երդում էր տվել  Կալկաթայի դատարանի առջեւ

Նալբանդյանի «գլխավոր հույսն ու նպատակը, գրում է այս առիթով Ե. Շահազիզը, բերած փողով մի օրինավոր հայկական դպրոց կանգնած տեսնել Նախիջեւանում, տարեց տարի հետաձգվեց, եւ վերջ ի վերջո իսպառ չիրագործվեց, առաջին տարիներին այդ առթիվ եւ այդ գումարի չորս կողմը ծագած խռովությունների պատճառով, հետագա տարիներին էլ մայր գումարի տոկոսների եւ տարի տարի Հնդկաստանից ստացվող եկամտի սակավության պատճառով, մինչեւ որ 1881 թվին հաստատվեց Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիո թեմական դպրանոցը, որ մի ուրիշ հայկական մեծ դպրոցի գոյությունը քաղաքում բոլորովին ավելորդ դարձրեց» . Շահազիզ, նշված հոդվածը, «Լումա», 1904 5, էջ 67):

Քանի որ գումարները, այնուամենայնիվ, նախատեսված էին որոշակի նպատակի համար, 1878 թ. Նոր Նախիջեւանի երեքդասյան քաղաքային դպրոցի անունը փոխվում է եւ դրվում «Սահակ Մեսրոպայ դպրոց» եւ հնդկական գումարների տոկոսները հատկաց­վում են այդ դպրոցին

Այս կապակցությամբ բուռն վեճեր են բացվում Նոր Նախիջեւանում: Մագիստրատի ընդունած հեշտ որոշումը զայրացնում է Ռ. Պատկանյանին եւ այլ գործիչների, որոնք պահանջում են հավատարիմ մնալ Բաբաջանի կտակի ոգուն եւ ստեղծել ազգային դպրոց­ներ (կամ դպրոց), որը ենթարկվեր եկեղեցուն

Ահա այս օրերին էլ Պատկանյանը հանդես է գալիս հրապարակային ելույթներով, գրում է եւ մամուլում հրապարակում «Պապաճան Մասեհը» երգիծական ակնարկը, «Հին ու նօր», «Հապա ի՞նչ վարժատուն պետք է մեզի» հոդվածները, «Նալբանդի զայրույթը» բանաստեղծությունը

Դեռեւս Կալկաթայում գտնված օրերին, Նալբանդյանը որոնում է Մասեհ Բաբաջանյանի գերեզմանը եւ վճռում մի գերեզմանաքար կանգնեցնել տալ Նախիջեւան քաղաքի բարերարի շիրիմին: Նալբանդյանի ձերբակալությունից հետո նրա ցանկությունը կատարում է քաղաքագլուխ Կ. Հայրապետյանը: Վերջինս մի նամակով խնդրում է Աբգարյանց առեւտրական տանը, Նախիջեւանին ուղարկելիք գումարների հաշվից մի մահարձան դնել Բաբաջանի գերեզմանի վրա՝ Նախիջեւանի հասարակության կողմից կազմած տապանագրով: (Տե՛ս Ե. Շահազիզ, նշված հոդվածը, «Լումա», 1904, 5, էջ 72)

Էջ 352, տ. 21, 38, էջ 353, տ. 15, 16 Կալկաթայի բանտի անվանումը (Կօրտ Աֆռէկուիշտի) հյուսիսափայլյան բնագրի չորս հիշատակության մեջ ամեն անգամ գրվել է տարբեր ուղղագրությամբ: Համեմատությունը «Ազգասերի» բնագրի հետ ցույց տվեց, որ այնտեղ նույնպես կան ուղղագրական տարբերություններ, որոնք թերեւս գալիս են բուն կտակից: Հիմք ընդունելով «Ազգասերը», պետք է ճիշտ համարել աֆ [օֆ] նախդիրի առանձնացումը բանտի անվանումից (կօրտ աֆ [օֆ] Ռէկուիշտի)

Էջ 355, կտակ 3 Միքայել Նալբանդյանը Կալկաթայում դիմում է իր բոլոր ծանոթներին, փորձելով որեւէ տեղեկություն ստանալ Մահտեսի Հակոբի որդի Եղիայի ժառանգների եւ կտակակատարի մասին

Ինչպես երեւում է կտակից, Եղիա Հակոբյանը 1799 թ. մայիսի 5-ին Բատավիայում (Ճավա) կազմելով իր կտակը, այնուհետեւ պետք է մեկներ Մադրաս կամ Կալկաթա: Նալբանդյանի հարցապնդումները ոչ մի արդյունքի չեն հասցնում. Կալկաթայում եւ Մադրասում չի գտնվում ոչ նրա եւ ոչ էլ նրա առաջին կտակակատար Վարդան Գասպարյանի եւ նրան հաջորդած կտակակատարների հետքը

Անդառնալիորեն կորչում է եւ Նախիջեւանի տպարանի օգտին նրա կտակով նախատեսված 5 հազար ռուփի ժառանգությունը (տե՛ս Ե. Շահազիզ, նշվ. հոդվածը, «Լումա», 1904, 4, էջ 119):

Էջ 360, կտակ 4 Կատարինէ Խոջամալյանի կտակը ձեւակերպված էր Կալկաթայում, 1794 թ.: Նրա կտակակատարն էր եղբայրը՝ էլիազ Մինասյանը, որը եւ 1818 թ. դիմելով Եփրեմ կաթողիկոսին, խնդրում է լիազորներ նշանակել եւ պաշտոնական լիազորագրեր առաքել՝ Տաթեւի եւ Գանձասարի վանքերի, Գրիգորուպոլիս եւ Նոր Նախիջեւան քաղաքների «բարեկարգությանց» համար նախատեսված ժառանգությունն ստանալու

Պետք է ենթադրել, որ Եփրեմ կաթողիկոսը չի հասցրել կատարել այս խնդրանքը: Հետագայում էլիազ Մինասյանի մահից հետո կտակակատար է դառնում նրա որդի Հովհանջանը, իսկ Հովհանջանի մահից հետո, սրա կինը՝ Վառվառե Էլիազը

1861 թ., երբ Նալբանդյանը Կալկաթայում ներկայանում է վերջինիս, պարզվում է, որ Գ. Այվազովսկու կողմից լիազորված՝ Հնդկաստանի եւ Պարսկաստանի թեմի առաջ­նորդ Թադէոս արքեպիսկոպոսն արդեն կանխել էր նրան, համապատասխան լիազորա­գրով պահանջելով Նախիջեւանի ժառանգությունը

Վ. Էլիազի խորհրդով Նալբանդյանը փաստաթղթերը ներկայացնում է Հնդկաստանի ծայրագույն դատարանին (Սուպրիմ Կորտ), եւ սեպտեմբերի 14-ին շահում է դատը: Նա առձեռն ստանում է մի պատկառելի գումար եւ հասցնում Նոր Նախիջեւան: (Տե՛ս Ե. Շահազիզ, նշվ. հոդվածը, «Լումա», 4, էջ 112–118)

Երվանդ Շահազիզն իր հոդվածում տարակուսանք է հայտնում այն առթիվ, որ Նոր Նախիջեւանի մագիստրատը հնդկահայ գումարների մասին խոսելիս նշում է միմիայն Մասեհ Բաբաջանյանի անունը: «Բերված է ընդամենը 54750 ռուբլի, գրում է նա, որի մեջ կար եւ Կատարինէ Խոջամալյանի 14000-ի չափ գումարը»: (Տե՛ս Ե. Շահազիզ, նշվ. հոդվածը, «Լումա», 5, էջ 53–54)

Էջ 362, կտակ 5 Սարգիս Ծատուր Աղավալյանը Մադրասի թվով երրորդ՝ 1809 թ. հիմնադրված տպարանի հիմնադիրը եւ տնօրենն էր: Նոր Նախիջեւանի դպրոցի եւ տպարա­նի օգտին նա կտակում է 250. 000 ռուփի (ռուսական դրամով՝ 200. 000 ռուբլի կամ 25. 000 ֆունտ ստերլինգ)

1819 թ. Եփրեմ կաթողիկոսին ուղղած իր նամակում Շմավոնյան քահանան առա­ջին անգամ հաղորդելով այդ կտակի գոյության մասին, երաշխավորում էր կտակված գումարի ապահովությունը, ասելով, թե այն «ներկայ[իս] բարւոք ձեռի է»: Չնայած դրան, նա Եփրեմ կաթողիկոսից խնդրում էր լիազոր ներկայացուցիչներ նշանակել Կալկաթայում՝ գումարները հաշվարկելու, ստանալու եւ առաքելու համար

Հավանաբար, Շմավոնյանի խնդրանքը նույնպես չի կատարվում, քանի որ կտակա­կատար Կիրակոս Հարությունյանցի մահից հետո, նրա որդի Հարություն Կիրակոսյան Հարությունյանցը իր հարստության հետ միասին վատնում է եւ Սարգիս Ծատուրի կտակած գումարները: Նալբանդյանի հարցապնդումները եւ որոնումները՝ այս ուղղությամբ եւս ապարդյուն են անցնում: (Տե՛ս Ե. Շահազիզ, նշվ. հոդվածը, «Լումա», 1904, 4, էջ 120):