Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆԱՄԱԿ ԱՌ ՀՐԱՏԱՐԱԿՈՂԸ

(էջ 225)

Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1858, 4, էջ 334–337, Մ. Նալբանդյանց ստորագրությամբ:

Նալբանդյանի նամակը՝ ուղղված «Հյուսիսափայլի» հրատարակողին, պատասխան է Ստ. քհն. Մանդինյանի «Մի քանի խոսք գերապատվելի Ստեփանոս Տեր-Եսայան Նա­զարյանցի գրված մատյանների վերա» խորագիրը կրող հոդվածին: Այդ հոդվածը որոշ չափով վերաբերում էր նաեւ Նալբանդյանին: «Մեղու Հայաստանիի» խմբագիրն այստեղ Նազարյանի աշխատությունների վրա մի ակնարկ նետելուց հետո անցնում է «Հյուսիսափայլին» եւ այն կարծիքը հայտնում, որ Նազարյանն ու Նալբանդյանը դեմ են գրաբարին, դեմ են հայ հին դպրությանը, արհամարհում են հայ գիտնականներին՝ նրանց անվանելով սխոլաստիկ, անարգում են ազգը՝ կոչելով մանուկ, աբեղայամիտ են հա­մարում ժամանակակից անձանց եւ այլն:

Նալբանդյանի այս պատասխանով է ահա, որ սկսվում է «Հյուսիսափայլ», «Մեղու Հարաստանի», «Ճռաքաղ» եւ «Մասյաց աղավնի» պարբերականների երկարատեւ բանակռիվը՝ լեզվի, գրականության, եկեղեցու եւ այլ հարցերի վերաբերյալ

Նալբանդյանի նամակը սոսկ պատասխան չէր «Մեղու Հայաստանի» թերթին, այլ այդ ելույթի բացատրությունը, իբրեւ նոր ժամանակների հասարակական հոսանքների փոխհարաբերության անխուսափելի հետեւանք: Մանդինյանի թերթի խոսքը Նալբանդյանը գնահատում էր որպես Թիֆլիսում կազմված հետադեմ գործիչների մի խմբակի հավա­քական կարծիքը, ուստի եւ հիմնավորապես քննության է առնում այդ գործիչների հար­ցադրումները եւ հանգում լուրջ հետեւությունների: Այս հոդվածում նա վավերացնում է այն իրողությունը, որ Թիֆլիսում որոշակիորեն ձեւավորված խավարասերների «ճախնային ընկերությունը», չէր կարող ներկայացնել ազգը եւ նրա շահերը:

Հանդես գալով հայ ազդի («հասարակի») դիրքերից, նա հռչակում է, որ ինքը եւ ազգը չեն ընդունում այդ հոսանքի ժամանակավրեպ պահանջները եւ հետեւապես ինքը ոչ մի արժեք չի տալիս «Մեղու Հայաստանի» թերթի հոդվածներին ու հայհոյանքներին: Այս առումով ուշադրության արժանի է եւ հոդվածում ձեւակերպված «Հյուսիսափայլ» ամսագրի հավատամքը, այն է՝ «մի սուրբ եւ բարեմիտ հայրենասիրությամբ… զարթուցանել քնից մեր թմրած ժողովուրդը, բարձրացնել նորան եւ ցուցանել այն ճանապարհը, որ պիտո էր մեզ գնալ»

Էջ 225, տ. 2. Մեծապատիվ վարդապետ այստեղ եւ այլուր Նազարյանի նկատմամբ գործածված վարդապետ կոչումը պետք է հասկանալ դոկտոր իմաստով

տ. 16–17. «Մեղու Հայաստանի» անունով թերթերի հեղինակը այն է՝ Ստեփա­նոս քհն. Մանդինյանը

տ. 24–25. …այն հայտնի չարախոսությունը նկատի ունի Ստ. քհն. Մանդինյա­նի «Մի քանի խոսք գերապատվելի Ստեփանոս Տեր-Եսայան Նազարյանցի գրված մատ­յանների վերա», հոդվածը, որը տպված է «Մեղու Հայաստանի», 1858, 16, էջ 124–127

Էջ 227, տ. 15–16. …արդարացնում է այն իմ կարծիքը հայոց թերատ-կիսատ ուսումնականների մասին նկատի ունի Նազարյանի «Հանդես նոր հայախոսության» գրքի առաջին հատորի մասին գրած իր կրիտիկան, լույս տեսած «Հյուսիսափայլի» 1858 թ. առաջին համարում: