Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Թե ինչպես է մեր հայացքը մի օրագրի պաշտոնակատարության մասին

(էջ 273)

Պահպանվել է մեկ սեւագիր ինքնագիր՝ ԵՉԳԱԹ, Նալբանդյանի ֆ., : Գրվել է 1863 թ. հոկտեմբերի 1–10-ը ընկած ժամանակահատվածում: Առաջին անգամ տպագրվել է «Հանդես գրականական եւ պատմական (1889, գիրք 2, էջ 260– 271): Այնուհետեւ մտել է ակադեմիական հրատարակության II հատորը (1947): Ներկա հրատարակության համար հիմք է հանդիսացել ինքնագիրը

Հայ գրականության եւ հասարակական մտքի զարգացման գործում Նալբանդյանը նշանակալից տեղ էր հատկացնում ամսագրերին: Նա երազում էր հանրագիտարանային բնույթի ամսագրի ստեղծման մասին, որը կարողանար սերտորեն միմյանց կապել գրականությունն ու գիտությունը, լայն հունի մեջ դնել հայ հասարակական միտքը: Այս իմաստով փայլուն օրինակ էր ռուսական առաջավոր ժուռնալիստիկայի փորձը, գանձինս «Սովրեմեննիկ», «Օտեչեստվեննիյե զապիսկի», «Ռուսկոյե սլովո» հանդեսների

Հայ իրականության մեջ այդպիսի պահանջներին ինչ-որ չափով համապատասխանում էր «Հյուսիսափայլը»: Եվ չնայած Նալբանդյանը լիովին չէր բաժանում նրա խմբագրի հայացքները, այնուամենայնիվ պաշտպանում էր ամսագրի ուղղությունը, ձգտելով ավելի ու ավելի ընդլայնել նրա ընդգրկումները, հաղորդակից դարձնել նոր ժամանակի ոգուն ու պահանջներին

«Երկու խոսք» հոդվածում, որը գրված է «Հյուսիսափայլի» հակառակորդների հետ տարվող բանավեճի ձեւով, Նալբանդյանը հրապարակախոսական կրքով եւ համոզվածությամբ հերքում է բոլոր այն մեղադրանքները, որը հայկական հետադիմական մամուլը ներկայացնում էր ամսագրին, շեշտելով այն հսկայական դերը, որ ունեցել էր այդ ամսագիրը հայ գրականության եւ առաջավոր հասարակական մտքի զարգացման, հայ նոր գրական լեզվի ձեւավորման գործով: «…«Հյուսիսափայլի» նորախոսությունը, գրում է նա, ոչ միայն չէր կորած հավիտենական անդունդի մեջ, այլ նաեւ ազդեցություն էր անում մինչեւ անգամ այն մարդոց լեզվի վերա, որ գրիչ էին առնում միմիայն մեզ հայհոյելու»:

Միաժամանակ Նալբանդյանը բանավիճում է Ստ. Նազարյանի հետ, որը տեղի տալով հայ լեզվի «մաքրության պահպանիչների ճնշումներին, փորձում էր ամսագրի համար կիրառել լեզվական նոր «ռեֆորմ». «…Հյուսիսափայլի» 1862-ի նոր համակարգությունը (նոր ասում ենք տարբերելու համար 1858–1861 թվականների հրատարակվածից) գլխավորապես պատերազմում է նոր լեզվի այն ոճերի եւ ձեւերի հետ, որ ընդհանրապես նայվում են որպես տաճիկ լեզվի ազդեցություն…

Այդ տրամաբանության ընդդեմ անկարելի է ուղղակի պատերազմ հայտնել. մեռած կենդանու մորթը առողջ կենդանու վրա չէ կպչում, չորացած ծառի ճյուղը կենդանի եւ թարմ ծառի վրա չի ծաղկում, կենդանի մարդը մեռելու հետ չեն պատանքում. ամենը ունի իր իրավունքը եւ սուրբ է»:

Լեզուների հարաբերությունների վերաբերյալ Նալբանդյանի դատողություններում որոշակի են երեւում ոչ միայն նրա մատերիալիստական ըմբռնումները, այլեւ դեմոկրատական աշխարհայացքը: Հայերեն եւ թուրքերեն լեզուների ձեւաբանական համակարգի հարցում եղած վեճերին անդրադառնալիս Նալբանդյանը ընդունում է լեզուների հավասարությունը, կապելով այս կամ այն լեզվի զարգացման աստիճանը ոչ թե ռասայական թեորեաների, այլ տվյալ ժողովրդի կյանքի կոնկրետ պատմական պայմանների հետ:

Բնութագրելով «Հյուսիսափայլի» գործունեությունը, Մ. Նալբանդյանը ամենակարեւոր եւ ժամանակի պահանջներին համապատասխանող հարցը համարում էր այն որ ամսագիրը իր էջերում դնում եւ լուծում էր մի շարք հասարակական խնդիրներ: Նրա համար ամսագիրը հասարակական կյանքը կազմավորող եւ ուղղություն տվող միջոց է: Բելինսկու խոսքերով ասած՝ «ամսագրային աշխարհը» դա նույն «քաղաքական աշխարհն էր» փոքրացած ձեւով

Առարկելով բոլոր նրանց, ովքեր մեղադրում էին «Հյուսիսափայլին» թարգմանական գրականությանը մեծ տեղ հատկացնելու համար, Նալբանդյանը նշավակում էր ազգային սահմանափակության դրսեւորումները, ապացուցում ազգային մշակույթների հարստացման գործում թարգմանությունների ունեցած էական դերը: «Մենք հավատացած ենք, ասում է նա, որ ընտիր մի գրվածք, ազատ հայեցվածներով, ընտիր ճաշակով, գեղեցիկ բարոյականությամբ, ինչ լեզվից եւ թարգմանված լինի, այնուամենայնիվ մեծ եւ մեծ խորհուրդ ունի նորոգելու եւ կենդանացնելու թե՛ ճաշակը, թե՛ քաղաքական կամ ընկերական հարակցությունքը մի ազգի…»:

Նալբանդյանը առանձին ուշադրություն էր դարձնում գեղարվեստական արձակի թարգմանությանը, համաշխարհային գեղարվեստական փորձի մեջ որոնելով ինքնուրույն ազգային գրականության ստեղծման եւ գրական վարպետության յուրացման նախադրյալներ: «Մեր կարծիքը եւ սրտի հարազատ վկայությունը այսպես է, գրում է Նալբանդյանը, թե մի օրագիր երեւելով մեր ազգի մեջ, պարտական է ոչ թե ձախ ու ծուռ թարգմանությանց դարերով հետ մնացած գաղափարք եւ խավար ֆանատիկոսության տալ նորան, այլ մշակել նորա լեզուն, գնալ ժամանակի հետ, փարատել կույր եւ մարդատյաց ֆանատիկոսության խավարը եւ դորա տեղ քարոզել սեր, խղճի ազատություն, մարդկային բանական արժանավորություն»

Այստեղ եւս Նալբանդյանը հանդես է գալիս որպես բարձր գաղափարային գրականության ջատագով, որը կոչված է ծառայելու ժողովրդների շահերին

Էջ 273, տ. 25. «Այս մասին, եթե ոչ գրով, գոնե բերանացի շատ լսած ենք բացասական կարծիքներ, այսինքն թե ինչպես չպիտի լիներ. ստույգ է, որ շատ պարոններ ուրիշ օրագիրները իրենց բացասական դատապարտության տակ ձգելուց հետո, երբ իրենք սկսեցին հրատարակել սեփական օրագիրը…» Ակնարկը վերաբերում է Ռափայել եւ Քերովբե Պատկանյաններին, որոնք 1863 թ. սեպտեմբերից Պետերբուրգում սկսեցին հրատարակել «Հյուսիս» շաբաթաթերթը:

Նալբանդյանի սույն հոդվածը գրելու շարժառիթը հանդիսացել է «Հյուսիսի» հրատարակությունը, ինչպես նաեւ շաբաթաթերթի 1–3-ում տպագրված Քերովբե Պատկանյանի «Մի քանի խոսք լրագիր հրատարակելու մասին» հոդվածը: Անգամ Նալբանդյանի հոդվածի վերնագիրը («Երկու խոսք թե ինչպես է մեր հայացքը մի օրագրի պաշտոնակատարության մասին») թելադրված էր Ք. Պատկանյանի հոդվածի վերնագրից եւ ըստ էության պատասխան էր այդ հոդվածին: Հայտնի է, թե վերջին տարիներին Նալբանդյանն ինչպիսի քննադատական վերաբերմունք ուներ Քերովբե Պատկանյանի նկատմամբ: Բանտից եղբորը գրած 1863 թ. փետրվարի 14-ի նամակում նա խիստ քննադատում է Ա. Ա. Կրաեւսկու եւ Պ. Լ. Լավրովսկու խմբագրությամբ լույս տեսնող «Ռուս գիտնականների եւ գրողների կազմած հանրագիտարանային բառարան»-ի համար Քերովբե Պատկանյանի գրած հոդվածը՝ Հայաստանի պատմության վերաբերյալ, ասելով, որ «եթե ես ազատ լինեի, երկրային եւ ոչ մի բարիքի համար պ. Պատկանյանին արժան չէի նստեցնիլ նրա հայոց պատմության վերաբերյալ գրած հոդվածը» (ԵԼԺ, հ. IV, էջ 142):

Նկատի առնելով, որ Նալբանդյանի «Երկու խոսքը» պատասխան էր Քերովբե Պատկանյանի «Հյուսիսում» տպագրված հոդվածի, կարելի է ենթադրել, որ այն գրվել է 1863 թ. հոկտեմբեր ամսվա առաջին տասնօրյակին

Էջ 274, տ. 21. «Առաջին հանցանք. «Հյուսիսափայլի» լեզուն ծանր է, արվեստական է, անհասկանալի է» Ակնարկը դարձյալ վերաբերում է Ռափայել Պատկանյանին, որը դեռեւս Ստ. Նազարյանի «Հանդես նոր հայախոսության» (1857) գրքի լույսընծայման կապակցությամբ Գեւորգ Քանանյանին գրած մի նամակում քննադատության էր ենթարկում Ստ. Նազարյանի լեզվի արհեստականոթյունը. «նորա կարծիքով գրելը, կնշանակե բարձրաձայն աղաղակելով ամենին հայտնել. հիմարնե՛ր, էշե՛ր, լսեցե՛ ինչպես ես кудряво հնարել գիտեմ вычурные фразы: Դուք ասում եք ձի, ես կասեմ՝ նժույգ. դուք կասեք՝ ես գնացի տուն եւ կերա ինձ համար պատրաստած ճաշը, ես կասեմ՝ ես ի կողմն իմ տան ոտնաշարժություն արարի եւ իմ մարմնեղեն գործարանը լցուցի մարմնակազդուրիչ նյութերով, եւ կարծում է, թե խիստ ազնիվ կերպով բանաստեղծեց . Պատկանյան, ԵԺ, Ե., 1970, հ. VI, էջ 147)

Հավանորեն, Ռ. Պատկանյանը նման կարծիքներ է հայտնել նաեւ բանավոր, ներառնելով նաեւ «Հյուսիսափայլը»: Այդ նկատի ուներ Նալբանդյանը, շեշտելով, որ «եթե ոչ  գրով, գոնե բերանացի շատ լսած ենք բացասական կարծիքներ»:

Էջ 274, տ. 34. «…տաճկի ասածին պես. իշ օլսուն» Այսինքն՝ գործ լինի, մի բան արած լինենք

Էջ 276, տ. 8. Ձեռագրում գրված է սխալ՝ Jot partage փոխանակ Je partage.

Էջ 276, տ. 31. «Ex uso in abuso» «Հարկադրված չարաշահել» (լատ. )

Էջ 277, տ. 2. գռեհի բառի վրա հեղինակը դրել է ծանոթության նիշ, բայց մոռացել է գրել ծանոթությունը:

Էջ 277, տ. 15. «…այլ եւ մանավանդ 1862 թվականում ժողովրդական լեզվի բաղդասությունը տարել դրել է բուն հին լեզվի բաղդասության տակ» Նալբանդյանի այս նկատողությունը վերաբերում է Ստ. Նազարյանին: 1862 թ. «Հյուսիսափայլի» էջերում ինքնուրույն եւ թարգմանական երկերով հիմնականում հանդես էր գալիս ինքը խմբագիրը, որի լեզվական ատաղձում իրոք նկատելի են արհեստականությունն ու գրաբարյան ձեւերի շարահյուսության օգտագործումը: Բերենք մեկ օրինակ «Սեր եւ ամուսնություն» հոդվածից, «Նոքա են մեծահասակ, նուրբ եւ վայելչակազմ, նոցա դեմքի գծագրությունքը են ազնիվ եւ զուգապատշաճ եւ նոցա հայտնողականությունը վնասում չէ գեղեցկությանը» («Հյուսիսափայլ», 1862, 3, էջ 117):

Էջ 279, տ. 15. «Ո՜ տայր ինձ զամենայն Իսրայել ի մարգարեո» Բերված է հիշողությամբ, պետք է լինի «Եւ ո՜ տայր զամենայն ժողովուրդս Տեառն մարգարէս» (Տե՛ս Աստուածաշունչ, Թիւք, ԺԱ, 29)

Էջ 279, տ. 16. «Բահաղի մարգարեների եղեռն էլ Կիսոնի հեղեղատում կատարեց» Եղիա մարգարեն Բահալի 450 մարգարեներին, որոնք չկարողացան ցույց տալ Բահալի հրաշքը, իջեցրեց Կիսոնի հեղեղատը եւ ժողովրդի ձեռքով կոտորեց:

Այսինքն՝ անկարող մարգարեները արժանի են կոտորվելու (Տե՛ս Աստուածաշունչ, Գ., թագ. երրորդ, ԺԸ, 40)