Ծանոթագրություններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՍՎՈՒՄ է ԼՍՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

(էջ 335)

Տպագրվել է՝ «Արաքս», 1889, Բ. էջ 79–89, Ս. Պետերբուրգ, 1890: Երկրորդ անգամ՝ «Լումա», 1903, 6, էջ 24–34: Հրատարակելով այն «Լումայի» խմբագիրը հետեւյալն է  գրել. «Մ. Նալբանդյանցի այս աշխատության բնագիրը ուղարկել է մեզ մեր աշխատա­կից պ. Եր. Շահազիզը, որ ստացել է հանգուցյալի քրոջորդի պ. Հովհաննես Խաչատրյա­նից»: Անկասկած, Աղանյանին անհայտ չէ եղել հոդվածի առաջին հրատարակության  փաստը, եւ չնայած դրան, ձեռքի տակ ունենալով աշխատության բնագիրը, հարկ է  համարել ներկայացնել նաեւ իր ընթերցողների ուշադրությանը: Հոդվածը երրորդ անգամ  լույս է տեսել Նալբանդյանի «Երկերի» ռոստովյան հրատարակության երկրորդ հատո­րում, խմբագիրների ձեռքով կցվելով բոլորովին անկախ «Աշխարհաբարի քերականու­թյան» ներածության հատվածներին

Սխալաշատ այս հրատարակություններից վստահելին որոշ չափով «Լուման» էր, ուստի եւ, բնագիրը չունենալու պատճառով, նրա հիման վրա էլ պատրաստված է տեքստը

Նախորդ հրատարակության ժամանակ այս հոդվածի գրության թվականը ենթադրվել է 1863–64 թթ.: Մանրակրկիտ ուսումնասիրությունը, սակայն, ցույց տվեց, որ հոդվածը (դարձյալ ենթադրարար, իհարկե) պետք է գրված լինի Նալբանդյանի գործունեության սկզբնական շրջանում, երբ գրական եւ լեզվական շատ խնդիրներում Նալբանդյանի եւ Նազարյանի տեսակետները համընկնում էին նույնանալու չափ: Սրան պետք է ավելաց­նել նաեւ Նալբանդյանի անվերապահ հիացումը իր ավագ գրչակցի աշխատություններով: Կարելի է հիշել նաեւ ոճական ինչ ինչ ձեւակերպումներ, որ կարող էին դուրս գալ նոր միայն գրական ասպարեզ իջած Նալբանդյանի գրչի տակից

Էջ 337, տ. 3–4. Առաջին անգամ պատշաճ համարեցանք… Հունաստանի հին կրոնագիտությունը Կարելի է ենթադրել, թե այս խոսքերով Նալբանդյանն ակնարկում է  իր կարճատեւ ուսուցչությունը Լազարյան ճեմարանում (1853 հոկտեմբեր–1854  փետրվար), ուր նա առաջին եւ երկրորդ դասարաններում հայոց լեզու էր դասավանդում

Էջ 341, տ. 35. Ուռանոսի փոքր որդին՝ Դիտանեցը երդում է կերած ոչնչացնել այս­պիսի անպիտան որդիները Ակնարկում է հունական դիցաբանությունից Ուրանոսի  որդիների ապստամբությունն իրենց հոր դեմ, որ վերջացավ նրանցից հզորագույնի՝ Կրոնոսի հաղթությամբ. ինքը Կրոնոսը հետագայում պարտվեց իր որդի Զեւսից

Անտարակույս է, որ այստեղ մենք գործ ունենք աղճատված տեքստի հետ, այլապես  անիմաստ է «Ուռանոսի փոքր որդին Դիտանեցը» («Հանդեսում»՝ Տիտանեցը) խոսքը Գուցե պետք է լիներ այսպես. «…չգիտեն, թե Ուռանոսի փոքր որդին (այսինքն թոռը, այս դեպքում Զեւսը) երդում է կերած ոչնչացնել այսպիսի անպիտան որդիները՝ դիտանեցը (տիտանները): Եթե Նալբանդյանն այդպես էլ գրած է եղել՝ դիտանեց կամ  տիտանեց, ապա դա անկասկած Titanes հոգնակի անվան չթարգմանված ձեւն է: