ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

101.
ԽԱՆՈՒՄ ՎԿԱՅՈՒՀԻ
ՌՄԴ=1755 մայիս 3 դշ.

Տաղ ի վերայ սրբուհոյ կուսին` որ անուն նորա կոչի Խանում, որ ի թուին Հայոց ՌՄԴ. ին եւ ի ամսոյն մայիսի Գ, օրն չորեքշաբաթի նահատակեցաւ վասն անուանն Քրիստոսի եւ ի գաւառին Բագրեւանդու` որ Վաղարշակերտ, որ այժմ ասի Ալաշկերտ:

 

Պարծա ' նք հայոց, սըրբուհի ' կոյս,

Սուրբ նահատակ վերջի դարոյս,

Զխաչն Յիսուսի բարձեր ի յուս,

 

Ի փառս մըտեր անտարակոյս:

Սըրբուհի Խանում նահատակ,

Սըրբուհի Խանում,

Տանջանքդ անպատում:

 

Օտար ազինքն այս կենցաղոյս,

Խորհեցան քեզ առնել կորոյս.

Ասեն « Եկ, լե ' ր մեր աղանդոյս,

Եւ փառակից փառաց մերոյս »:

 

Սըրբուհի Խանում նահատակ,

Սըրբուհի Խանում,

Տանջանքդ անպատում:

 

Ղամբարաբար դու փայլեցար,

Եւ սիրով Փըրկչին վառեցար.

ԶՔրիստոս Աստուած դաւանեցար,

Սուրբ կուսանաց հետեւեցար:

 

Սըրբուհի Խանում նահատակ,

Սըրբուհի Խանում,

Տանջանքդ անպատում:

 

Որժամ առեալ ըզքեզ տարան

Ի այն տեղին քո կատարման,

Բազում պարգեւըս խոստացան,

Թէ « լե ' ր կրօնին մերոյ հաւան »:

 

Սըրբուհի Խանում նահատակ,

Սըրբուհի Խանում,

Տանջանքդ անպատում:

 

Սարսըռելի չար տանջանաց,

Համբերեցեր ըստ Հռիփսիմեանց.

Ո ' չ հաւանեալ նոցին խոստմանց,

Արծաթ ոսկոյ, ունայն փառաց:

 

Սըրբուհի Խանում նահատակ,

Սըրբուհի Խանում,

Տանջանքդ անպատում:

 

Էտես բարբարոս չար գազանն,

Զի ոչ եղեր իւրեան հաւան.

Զիւր սուրն ի պատենէն էհան,

Խոցեաց ըզկող քո պատուական:

 

Սըրբուհի Խանում նահատակ,

Սըրբուհի Խանում,

Տանջանքդ անպատում:

 

Րամեալ դահիճքն ի միասին,

Շուրջանակի պաշարեցին.

Զկատաղութիւն չարին լըցին,

Անդամ անդամ յօշոտեցին:

 

Սըրբուհի Խանում նահատակ,

Սըրբուհի Խանում,

Տանջանքդ անպատում:

 

Եղեւ այլազգեաց տըրտմութիւն,

Եւ մեզ Հայոցս ուրախութիւն,

Թուլասըրտից հաստատութիւն,

Թերամըտաց ամօթ իսկոյն:

 

Սըրբուհի Խանում նահատակ,

Սըրբուհի Խանում,

Տանջանքդ անպատում:

 

Ցամաքեցեալ Հայոց ազգին

Բարեխօսեա ' դու քաղցրագին,

Յիսուսի եւ մօրն իւր կուսին,

Փոքր ի շատէ տէր Պօղոսին:

 

Սըրբուհի Խանում նահատակ,

Սըրբուհի Խանում,

Տանջանքդ անպատում: 1

 

Տաղ ի վկայուհի սուրբ Խանում նահատակ ի Թոփրաք Քալէ.

 

Իմ սիրտս էլ վառեցիր սիրովդ, սո ' ւրբ Խանում,

Հեռուվանց մայլեցայ հոտովդ անպատում.

Փարատեց ցաւերս, սիրտըս լըցվաւ խընտում.

Ցաւոց դարման տըրուար մարդկանց, սո ' ւրբ Խանում:

 

Վարդ բուսար փըշոց մէջ, գոյնըդ աննըման.

Գեղեցիկ պատկերիդ աշխարհք զարմացան.

Փայլուն եւ նախշունիկ աչքերուդ վերան `

Սեւ ունքերըդ սիրտ կու տաղէր, լո ' յս Խանում:

 

Զերդ տատրակ ողջախոհ մընչէիր ի խղիդ.

Երգիդ մըրմունջք լըսողք մայլեցան ձէյնիդ.

Քեզ ձէյնէկից դասին խումբք հըրեշտէկիդ,

Խայտան ցընծան բերկրին ձէյնովդ, կո ' յս Խանում:

 

Ռահան, նարկիզ, քըրքում, ծաղիկ նունաֆար.

Թոփրաք խալայ պարտէզ դու մէջ ծաղկեցար.

Հեռացար մարդկանցմէ, տան մէջ փակվեցար,

Բայց սըրբութեան հոտըդ յայտնեց քեզ, Խա ' նում:

 

Թագաւորին երկնից քեզ նըւիրեցիր,

Գըլխուդ զարդարանքնին արիր ցան եւ ցիր,

Թողեր վարդ մանուշակ, շուշան քաղեցիր,

Ծոմ պաք աղօթք քոյ զարդք, ճըգնող սուրբ Խանում:

 

Վերջապէս արիւնովըդ հոգիդ գնեցիր,

Կուսան եւ մարտիրոս անուն թողուցիր,

Հայրենիքըդ քեզմով պայծառացուցիր,

Գերեզմանըդ ցաւոց բըժիշկ, սո ' ւրբ Խանում: 2

 

( Ալաշկերտու ) գերեզմանատան աղբիւրի քիչ բարձրն, եկեղեցւոյ եւ աղբիւրի միջավայրը կայ մի քարակոյտ, որ Կոյս Խանումի նշխարաց վայրն է, որ 1730-35 թուականներուն նահատակուած է անտանելի չարչարանօք:

Կոյս Խանումի գերեզմանը յիշատակարան չունի, կոշտ քար մի անգամ վերան չկայ. սակայն նորա կեանքն եւ նահատակութիւնը նկարուած է իւր սեռի սրտին մէջ, պատկառանօք եւ հառաչանօք կը յիշեն նորա անունը:

Կոյս Խանումի կենսագրութիւնից հազիւ մասնաւոր ինչ միտս պահած եմ կորուսած գրութիւններէս:

- Խամուրայ վիճակն Կոյս Խանումի միջոցին ամբողջովին հայ կը լինի, նորա մայրը մահմետականութիւնը կընդունի, Խանում խոյս կտայ այս այն տեղ, որպէս զի մօրը բռնութեան տակ չընկնի, մայրը խուզարկուներ կը հանէ բէկերու ձեռքով, կը գտնեն, ջրէն անցնելու միջոցին Խանում ինք զինք Արածանին կը ձգէ, Արածանին կիսախեղդ Մանազկերտի աջ ափերն դուրս կը ձգէ, կապաւինի Անդափ. մայրը գտնել տալով կը բռնանայ որ մահմետական կրօնը ընդունի, Խանում չընդունիր, մայրը շէյխերու կը դիմէ, որք ատեան կենթարկեն, կը բռնանան. նա խիստ պատասխաններ կտայ, գիշեր մի կը չարչարեն, եւ յօշոտելով գազանաց առջեւ կը ձգեն. ուրիշ գիշեր մի հայեր Խանումի նշխարներն կը հաւաքեն, քանի անգամ նորա նշխարաց վերայ լոյս իջած տեսնելէ յետոյ, կամփոփեն գերեզմանատան մէկ անկիւնն, որպէս ասացի:

Ամեն գերեզմանատուն մտնող երբ կանցնի աղբիւրի մօտէն առաջին անգամ Խանումի փոքրիկ քարակոյտին կը պատահի, եթէ իգական սեռիցն է « Աստուած օղորմի » մի պիտի ասէ ու անցնի: 3

1 Սոյն վկայաբանական տաղն ունին միայն Վիեննայի Մխիթարեան Հարց մատենադարանի թիւ 156 (= ) եւ թիւ 412(= ) ձեռագրերը. առաջինը էջ 63 ա -64 ա, իսկ երկրորդը էջ 71 բ -73 ա. տես Հ. Տաշեանի Ցուցակը, էջ 460 ա: Տաղի արտագրութիւնն ու համեմատութիւնը ստացել ենք մատենադարանապետ Հ. Բ. Պիլէզիկճեանից:

2 Յիշեալ վկայաբանական գեղեցիկ տաղը հրատարակեց նախ Բազմավէպ, 1859, էջ 70, թերեւս Ալիշանի հրատարակութեամբ. հարկաւ հրատարակիչը աննշան փոփոխութիւններ մտցրած պիտի լինի տաղի մէջ. օրինակ անգիր ը տառերը. բայց մենք բոլորովին անփոփոխ արտատպել ենք Բազմավէպից: Կոյսի նահատակութեան թուականը չէ յիշուած տաղի մէջ. այդ պակասն էլ լրացուած է նախորդ տաղի միջոցով:

3 Սոյն հատուածը ` Ս. Կոյս Խանումի նահատակութեան եւ նորա գերեզմանի մասին ` արտատպում ենք Ս. Հայկունու Բագրեւանդ Ջրաբաշխ գաւառ աշխատութեան ( Վղրշպտ. 1894) երկու տարբեր տեղերից: Հատուածիս առաջին չորս տողերը հանում ենք նոյն աշխատութեան 58 էջից, իսկ մնացեալը էջ 60-61: Հայկունու մէջ բերած թուականը (1730-35) լոկ ենթադրաբար է, ուստի եւ չի կարող կասկածի ենթարկել առաջին տաղի տուած ստոյգ թուականը ` 1755: