Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

I

Ի՞նչ է մահը:

Այդպիսի հարցմունք կլինի՞. ով չգիտէ մահի ինչ լինելը, պատասխանեց Թիւթիւնճի–օղլուն Շահումեանցի հարցմունքին․ եւ այնպէս հաստատ ձայնով, որպէս թէ ամենեւին խօսելու բան չկար այդ մասին:

Շահումեանցը իւր սեփական սառնասրտութեամբ նայեց Թիւթիւնճի-օղլուի վերայ բաւական ժամանակ, բայց չկարողացաւ ծածկել իւր հեգնական ժպիաը, որ խաղում էր ահա շրթունքի վերայ:

Թիւթիւնճի–Օղլուն բանի տեղ չդրեց Շահումեանցի դէմքի փոփոխութիւնը. պատճառ, նա նորա հարցմունքը եւս համարում էր ոչ այնքան արժանի ուշադրութեան: Տիրեց րոպէական լռութիւն:

Շահումեանց պարոն Գէորգը այն տեսակ մարդերից չէր, որ միմիայն ծիծաղի մարդու վերայ, եթէ տեսել էր նորանում մի պակասութիւն, այլ երեխայութենից բռնած, ստացած լինելով մի առողջ եւ բնական կրթութիւն եւ վերջումը աւարտած լինելով իւր ուսումը, որպէս բնագէտ, Հելզինգֆորսի համալսարանումը, միշտ աշխատում էր, որ իւր ծիծաղը ուրիշի համար լինէր մի խրատական ու աչք բացող բան: Այս պատճառով սկսեց.

Պարոն, դու, որ բանի տեղ չես դնում իմ հարցմունքը, ասել է, թէ գիտես մահի ինչ լինելը, ուրեմն ասա՛ ինձ, որ ես եւս իմանամ:

Թիւթիւնճի-օղլուն համարեա թէ վիրաւորուած էր Շահումեանցի հարցմունքից. պատճառ, թթու երեսով նայեց նորա վերայ եւ երկու ձեռքերով գլխի ետնակողմից յառաջ շփելով իւր կիսով չափ սպիտակ մազերը ճաղատ ճակատի վերայ, ասաց.

Ես տեսանում եմ, որ դու յայտնի ծիծաղում ես իմ վերայ, կամ թէ այդպէս չէ՛, ուրեմն ներիր ինձ եթէ ասեմ, թէ կան դեռեւս բաներ, որոնց մասին դու տեղեկութիւն չունէիր:

Շահումեանցը դարձեալ ժպտեցաւ:

Մահը այն է, յաւելացրեց շուտով Թիւթիւնճի-օղլուն, որ գալիս է եւ կտրում է կեանքը, մարդը, որ ենթարկւում է մահի ներգործութեանը, մեռանում է իսկոյն:

Ուրեմն քո կարծիքով մահը մի էակ է, որ գալիս է, կտրում է, ներգործում է. պատճառ, այդ գործողութիւնքը կարող է կատարել մի այնպիսի բան, որ զգալ ունէր, որ կամք ունէր, որ գործիք ունէր, եւ այսպէս քո ասելով մահը մի մարդու նման, կամ ով գիտէ, սատանայի նման մի բան է, որ կարողանում է այդպիսի գործ յառաջացնել:

Ես չեմ ասում, թէ մարդ է, կամ սատանայ է, պատասխանեց Թիւթիւնճի-օղլուն մի կերպ հանգստութեամբ:

Բայց, կտրեց նորա խօսքը Շահումեանցը, - մի այնպիսի բան է, որ կամք ունէր, այնպէս չէ՞:

Թող այդպէս լինի, ասաց Թիւթիւնճի-օղլուն, ես այսքան գիտեմ, թէ այն մարդիկը, որ պատահած էին մահին, այնուհետեւ առաւել չեն ապրել, այլ իսկոյն մեռել են:

Չկամի՞ս արդեօք ասել, եթէ մահ չլինէր, մարդիկ մեռանելու չէին:

Անտարակոյս, ասաց Թիւթիւնճի-օղլուն ուրախացած, որ իւր հակառակորդը լաւ զէնք տուեց իւր ձեռքը:

Ուրեմն, հաւելացրեց Շահումեանցը, - եթէ մի ճրագ վառէիր եւ թողուիր նորան հանգիստ, եւ ամենեւին ոչ ոք նորան ձեռք չտար, այսուամենայնիւ նա մարելու չէ՞ր մի ժամանակ:

Ի՞նչ ասել է, բացականչեց Թիւթիւնճի-օղլուն, -  որ ճրագը յաւիտեան վառուի, թէեւ ձեռք չէիր տալու, այնուամենայնիւ կ՚աւարտուէին վերջապէս իւղը եւ պատրոյգը:

Փառք Աստուծոյ, մի ուղիղ մտածութիւն լսեցի քեզանից, ասաց Շահումեանցը, ուրեմն այս հիման վերայ, մարդը ի՞նչ պատճառով աւարտելու չէր իւր կեանքը մի ժամանակ, թէեւ չկար մի պատճառ, որ տարաժամ խլէր նորա կեանքը:

Միթէ՞ քո աչքումը մարդը եւ ճրագը հաւասար բան են, գանչեց Թիւթիւնճի-0ղլուն, ես չգիտէի, որ դու անհաւատ ես:

Ինչից իմ անհաւատութիւնը, հարցրեց Շահումեանցը:

Նորանից, պատասխանեց Թիւթիւնճի-օղլուն, որ դու, մարդը, որ հոգի ունի, որ Աստուծոյ պատկեր է, հաւասարեցիր մի ճրագի հետ, որ մարդու ձեռագործն էր:

Միթէ՞ ճրագը մարդն է ստեղծել, ես գիտեմ, որ նա կազմել է իւղից եւ պատրոյգից, որ Աստուած ստեղծել է. եւ եթէ այս պատրաստութիւնքը չլինէին, կարո՞ղ էր մարդը ոչնչից բան գոյացնել, բայց որովհետեւ դու այդ տեսակ մտածութիւններ ունիս, յաւելացրեց Շահումեանցը, ես այլ տեսակ կը խօսիմ քո հետ, միայն կը ցանկանայի, որ հասկանայիր իմ ասածները...

Շատ վեր ես քարշւում, ասաց Թիւթիւնճի-օղլուն, որ կարծում ես թէ մարդ չկար, որ հասկանար քո ասելիքը, ասա՛, ես լսում եմ, կը հասկանամ եւ կը պատասխանեմ քեզ, եւ լաւ է, որ մեր խօսակցութիւնը ստանում է այսպիսի շարունակ ընթացք, գոնէ՛ ժամանակը կ՚անցանէ, մինչեւ կինս եւ Մանուշակս տուն կը դառնան, այժմ քանիերո՞րդ ժամն է:

Դեռեւս վեցերորդ, պատասխանեց Շահումեանցը, նայելով իւր կրկնափակ ոսկեայ ժամացոյցին:

Ես շատ զարմացած լինելով այս մարդուց խօսակցութեան սկզբի եւ բանի վերջաւորութեան վերայ, չհամբերեցի, որ ընթերցողներին ծանօթացնեմ այն տան հետ, ուր այս երկու մարդիկը խօսում էին, կամ նոյնիսկ մարդերի հետ, վասն որոյ, սիրելի՛ ընթերցող, ներելով իմ այս անհամբերութեանը, դու գոնէ ինձանից առաւել համբերող գտանուիր, եթէ ես, կտրելով խօսակցութեան թելը, կարճ ծանօթութիւն տամ քեզ Թիւթիւնճի-օղլուի, նորա տան եւ Շահումեանցի մասին:

Տունը, որի մէջ նստած էին այս երկու մարդիկը, ինչպէս ասացի, պատկանում էր Թիւթիւնճի-օղլուին, որ չգիտեմ ինչ պատճառով ոչ ոքի չէր ասում իւր յատուկ անունը եւ ոչ ոք եւս չգիտէր, պատճառ, նա բնիկ նախիջեւանցի չէր․ այլ օտար աշխարհից եկած լինելով, յայտնի էր  միայն անունովս Թիւթեանճի-օղլու: Այսպէս ահա սորա տունը գտանւում էր մի աննշան փողոցի մէջ, քաղաքի ծայրումը. շինուածքը փայտեայ, երեք պատուհանով, որ նայում էին դէպի ցեխոտ փողոցը, որովհետեւ աշունը շատ առատ էր եղել իւր անձրեւներովը: Սենեակը, որի մէջ նստած էին, զարդարած էր շատ հասարակ եւ աղքատ կարասիքներով, պատի վերայ կախած էին մի քանի շատ հասարակ պատկերներ, պատահմունքով գնուած, առանց հասկանալու, թէ ո՞վի պատկերներն էին, այլ իրրեւ սովորական զարդարանք գործ ածելու համար: Բայց թէ լաւ թէ վատ, երեւում էր, որ այս Թիւթիւնճի-օղլուի հիւրընդունարանն էր. պատճառ, սենեակի միւս երկու դուռները տանում էին մինը դէպի Թիւթիւնճի-օղլուի, իսկ միւսը դէպի Մանուշակի ննջարանը:

Ինքը Թիւթիւնճի-օղլուն, կարճահասակ, բաւական հաստ մարդ էր, եւ ինչպէս երեւում էր նորա ալեխառն մազերից, ճաղատ ճակատից եւ խորշոմեալ երեսից, պիտոյ է լինէր համարեա թէ վաթսուն տարեկան. ուրախ բնաւորութեամբ, բայց զրկուած ամենայն կրթութենից, եւ ինչքան խելք ու բանականութիւն որ նա ցոյց տուեց իւր խօսակցութեան մէջ, Շահումեանցի հետ, ինչպէս վերեւումը տեսանք, այդ զանազան ժամանակ, տեսակ-տեսակ մարդերի հետ նստել վեր կենալուցն էր, մանաւանդ Նախիջեւան գալուց յետոյ, Խաչատուր աղայի ղահուէտնումը...

Շահումեանցը երկարահասակ, չոր-չոր, հասակը կարելի է, որ լինէր մօտ երեսուն տարեկանի: Ինքը խարտեաշ, գեղեցիկ, կապոյտ աչքերով, մազերը կարգով սանրած եւ իւղած, հագուստը ամենեւին յարմար Փարիզի վերջին տարազին, որ ցոյց էր տալիս, ոչ թէ միայն կարողութիւն ունէր արծաթի կողմից, այլեւ ճաշակ ունէր աշխարհի բաների մէջ: Սա մի օր եկեղեցու մէջ պատահմամբ խօսածի համար յանդիմանութիւն լսելով Թիւթիւնճի-օղլուից, որ կանգնած էր նորա քամակում, շատ սիրել էր նորան, այդպէս պարզ սրտով մարդ եղածի համար, այնուհետեւ ծանօթացել էր նորա հետ, միշտ գալիս էր գնում էր Թիւթիւնճի-օղլուի տունը ժամանակ անցուցանելու համար, որովհետեւ Նախիջեւանի մէջ չկան այնպիսի տեղեր, ուր կարելի լինէր ժամանակը գործածել այնպիսի զուարճութեամբ, որ եւ օգտակար լինէր միեւնոյն ժամանակ, թէատրոն չկայ, Ժողովարան չկայ, հասարակաց մատենադարան չկայ, այս պատճառով այնտեղի մարդիկը պիտոյ է անպատճառ յօժարէին ամենայն բանի, որի միայն կարող էր ժամանակը կորուսանել, առանց խտրելու  այս բաների յատկութիւնքը, այսպէս ահա Շահումեանցը միշտ գալիս էր Թիւթիւնճի-օղլուի մօտ, եւ դուռից ներս մտած չմտած, բարեւը ասած չասած առաջարկում էր մի խնդիր, որպէսզի պատճառ տայ Թիւթիւնճի-օղլուին խօսելու, ինչպէս եւ այս երեկոյ արեց, հարցանելով մահի ինչութիւնը, դեռ կարելի է, որ այս երեկոյ եւ բարեւ չտուած. պատճառ, քանի գնում էին, շատ մօտ ծանօթանում էին, եւ Շահումեանցը աւելորդ էր համարում չնչին քաղաքավարութիւնները: Բայց այս երեկոյ մի բանը առաւել զարմանալի էր, որ Շահումեանցը ներս մտած տեսանելով, որ Մանուշակը չկար, չհարցրեց նորա ուր լինելը, կարելի է այն պատճառով, որ Թիւթիւնճի-օղլուն կասկած չտանի...

Դու ընդունու՞մ ես, խօսքը յառաջ տարաւ Շահումեանցը, թէ աշխարհը ենթարկուած է մի բնութեան օրէնքի տակ, եւ այնպիսի օրէնքի, որ ոչինչ բան աշխարհի երեսին չէր կարող ընդդիմանալ նորան, եւ թէ աշխարհի ամենայն նիւթական փոփոխութիւնքը կատարւում էին այդ օրէնքի ազդեցութենով:

Ընդունում եմ, պատասխանեց Թիւթիւնճի-օղլուն:

Շատ բարի, ասաց Շահումեանցը, ընդունու՞մ ես, որ բնութեան համար խտրութիւն չկայ արարածների մէջ, նա միօրինակ դարմանում է հանքը, բուսականը եւ կենդանին:

Ընդունում եմ, կրկնեց Թիւթիւնճի-օղլուն:

Եթէ այդ ընդունում ես, մեք շուտով կը հասանենք մեր նպատակին, ասաց Շահումեանցը, յաւելացնելով այս հարցմունքը: Դու տեսե՞լ ես աշխարհի բոլոր արարածների մէջ մի էակ, որ յաւիտեանս յաւիտենից պահէր իւր ձեւը:

Ձե՞ւը, հարցրեց Թիւթիւնճի-օղլուն:

Այո, ձեւը, պատասխանեց Շահումեանցը:

Ես գիտեմ, ասաց Թիւթիւնճի-օղլուն, որ աշխարհի երեսին յաւիտենական բան չկայ, ամենայն ինչ աւերւում է, քանդւում է եւ լսել եմ խելօք մարդերից, որ ասում էին, թէ այն բանը, որ սկիզբ ունի, նաեւ վերջ ունի: Ես տեսել եմ, եւ այդ բանը ինձ բաւական արծաթ է նստել, որ տանս կտրի կղմինդրները անձրեւից քայքայուելով բոլորովին ոչնչացան եւ ինձ ծախքի մէջ ձգեցին, բայց դու, երեւի, փոխանակ գոյութիւն ասելու, սխալմամբ ձեւ ասացիր, ի՞նչ ասել է ձեւ. ձեւը կերպարանք է, բայց այստեղ խօսքը իրի վերայ է եւ ո՛չ նորա ձեւի:

Ի՞նչ առնես, որ դու իր ասելով ձեւ ու կերպարանք ես հասկանում, եւ քո համար ձեւի փոփոխութիւնը համարւում է չքութիւն, միթէ՞ տանդ կտրի կղմինդրները, որ ժամանակից եւ անձրեւից քայքայուել էին, ոչնչացան իսպառ, ասաց Շահումեանցը

Ինչպէս չէ, պատասխանեց Թիւթիւնճի-օղլուն:

Տեսանո՛ւմ ես, ասաց Շահումեանցը, դու ես, որ ձեւը ընդունում ես գոյութեան տեղ. կղմինդրը թրծած էր հողից, այնպէս չէ՞:

Այո՛, պատասխանեց Թիւթիւնճի-օղլուն:

Շատ լաւ, ասաց Շահումեանցը, հողը կղմինդր դառնալով, միթէ՞ միեւնոյն հողը չէր, միայն ուրիշ կերպարանքով, ինչպէս դու ասում ես:

Ամենեւին այդպէս, ասաց Թիւթիւնճի-օղլուն:

Ուրեմն, բացականչեց Շահումեանցը, եթէ կղմինդրը փոխել էր միւս անգամ իւր ձեւը եւ ստացել էր իւր առաջին կերպարանքը, միթէ՞ կարելի է ասել, թէ նա չքացաւ, ես տամ քեզ ի՞նչ բան կամիս եւ դու չքացուր, եթէ կտրես:

Ապա մի փայտ տո՛ւր ինձ, ես կ՚այրեմ եւ կը չքացնեմ նորան, պատասխանեց Թիւթիւնճի-օղլուն:

Մի՞թէ մոխիրը, որ կը ստանայիր փայտից, քո աչքումը ոչինչ էր. ոչինչ չէ՛ տեսանւում եւ չէ՛ շօշափւում, բայց մոխիրը ընդհակառակն եւ տեսանւում է, եւ շօշափւում է...

Ես ընդդէմ չեմ դորան. բայց փայտը կորուսանում է իւր փայտութիւնը, կտրեց խօսքը Թիւթիւնճի-օղլուն, մոխիրը այլ է, փայտը այլ. դու ինձ կղմինդրի օրինակովը փոքր մնաց, որ պիտի հաւանեցնէիր, բայց երկրորդ օրինակդ յարմար չէ եւ ես շատ ուրախ եմ, որ շփոթուեցար:

Ի՞նչ զանազանութիւն կայ առաջին եւ վերջին օրինակների մէջ, հարցրեց Շահումեանցը:

Այն, պատասխանեց Թիւթիւնճի-օղլուն, որ առաջին օրինակդ, այսինքն կղմինդրը, հողից շինուած լինելով, դառնում էր դարձեալ դէպի հող, եւ այդ փոքր հաւանելի էր, իսկ փայտը դառնում է մոխիր, միթէ՞ փայտը մոխրից է շինած:

Փայտը միայն մոխրից չէ շինած, ասաց Շահումեանցը, որ քաջ տեղեակ էր քիմիայի, այլ նորա մէջ կան զանազան բաներ, զօր օրինակ, փայտանիւթ, կուպր, ջուր, օսլայ, սոսինձ եւ աղեր, եւ այս բոլորի բաղկացուցիչ տարրական մասունքը երեք են ջրածին, թթուածին, ածխածին, եւ այսպէս փայտը ենթարկուելով այրողութեան, այսինքն քիմիական վերլուծութեան, բաժանւում է իւր բաղկացուցիչ նիւթերից եւ տարերքից, նորանցից ջրածինը, միանալով օդի մէջ գտնուած թթուածնի հետ, ջուր է դառնում, եւ ջերմութեան միջնորդութենով, որ ստանում էր կրակից, շոգի դարձած ցրւում է օդի մէջ. ածխածինը միանալով օդի թթուածնի հետ, շինում է երկու տեսակ բաղկացութիւն, մինը ածխաթթու  որ ցրւում է օդի մէջ, միւսը ածխային թթուուտ, որ օդից ծանր լինելով, նստում է գետնի երեսին եւ իջանում է ինչքան կարելի է խոր տեղեր, կպրի եթերական մասունքը թռչական լինելով, ցրւում են օդի մէջ. իսկ մնացած բաները այրուելուց յետոյ, թողնում են իւրեանցից մի քանի մոխրային աղեր եւ այս է պատճառը, որ մոխիրը եթէ բերանդ ես դնում, աղի համ է տալիս: Իսկ կղմինդրը, որովհետեւ այսչափ բաղադրական մասունք չունի, վասն որոյ եւ չէ ձգում իւր վերայ այդպիսի զգալի փոփոխութեան պատկեր: Առհասարակ հանքերի բաղկացուցիչ տարերքը երկու են, շատ սակաւ երեք, թէեւ կան բաղադրեալ հանքեր, բայց նոքա տարրական չեն, զոր օրինակ, երկու հանք, որ բաղկացած էին առանձին առանձին երկու կամ երեք տարերքից, կարող են միաւորուիլ եւ մի ձեւ ու յատկութիւն ստանալ, բայց բանը դորայ վերայ չէ:

Այդ բաները, ինչ որ ասում ես դու, «Էֆիմերտէի»`, կամ «Ժողովածուի» մէջ կա՞ն գրած, կամ թէ ի՞նչ տեղից ուսել ես, հարցրեց Թիւթիւնճի-օղլուն, զարմացած Շահումեանցի այս տեղեկութիւնների վերայ, որովհետեւ ինքը մինչեւ այս հասակը այսպիսի բան լսած չէր:

Խաբեբայական եւ յիմար գրքերի մէջ չկան բնութեան այսպիսի յայտնութիւնների սուրբ օրէնքները եւ չէին կարող եւս լինել, պատճառ, այդ գրքերի խորհուրդը մարդ խաբել եւ յիմարացնել է. իսկ բնութիւնը ընդհակառակն լուսաւորում է մարդը, կրթում է եւ դաստիարակում է նորան. այս երկուքը հակառակ են միմեանց, եւ այս պատճառով ինչ տեղ բնութիւնը կայ, այնտեղ սուտ չկայ, ինչ տեղ սուտ եւ խաբեբայութիւն կայ, բնութիւն չկայ:

Թիւթիւնճի-օղլուն առաւել եւս զարմացաւ այս խօսքերի վերայ, պատճառ, թէեւ նա կարդալու մօտ չէր, բայց լսել էր վաղուց ահա «Էֆիմերտէի» եւ «Ժողովածուի» փառքի համբաւը, որ Նախիջեւանի մէջ հռչակուած էր, որին այժմ անարգում էր Շահումեանցը:

Շատ բարի, ընդունում եմ եւ փայտի օրինակը եւ խոստովանում եմ, որ բան չքացնել չէ կարելի աշխարհի երեսին, վեր առեց Թիւթիւնճի-օղլուն, րոպէաչափ լռութենից յետոյ, բայց մեր խօսքը մահի վերայ էր եւ դուրս եկանք կղմինդրի եւ փայտի վերայ:

Այո՛, մահի վերայ էր, պատասխանեց Շահումեանցը, -բայց դու ինձ հարկադրեցիր, որ ապացուցանեմ քեզ, թէ, մահ չկայ աշխարհի երեսին:

Ինչպէս թէ մահ չկայ, կանչեց Թիւթիւնճի-օղլուն, աչքերը պշուցած Շահումեանցի երեսին:

Այնպէս, որ ոչինչ բան չէ վերջանում, ոչինչ արարած բնութեան մէջ չէ չքանում. եւ թէ բնութեան կեանքը յարատեւ է, անվախճան է եւ անմահ: Այդ, ինչ որ քեզ թւում է, թէ մի կղմինդր քայքայւում է, թէ մի ծառ չորանում է, թէ մի կենդանի մեռանում է, դոքա բոլորը մի փոխանցական միջոցներ են մի տեսակ կեանքից դէպի մի այլ տեսակ կեանք. ածխածինը, ջրածինը, թթուածինը ապրում էին մի ժամանակ իբրեւ ծառ, իբրեւ բուսական, փոխում են իւրեանց ձեւը, շատ անգամ եւ բաղադրութիւնը, պակասելով կամ յաւելանալով, եւ սկսում են մի այլ ձեւով շարունակել իւրեանց կեանքը: Ահա այսպէս, սիրելի Թիւթիւնճի-օղլու, այն տեղ, ինչ տեղ մէք տեսանում ենք մեռելութիւն, բնութիւնը սկսանում է մի նոր կեանք. եւ բնութեան համար միեւնոյն է, թէ մի արարած ապրել է այս կամ այն ձեւի տակ, նորա կանոնը միայն այս է, որ կեանքը յաւիտեան շարունակուի, եւ շարունակում է. եւ բնութիւնը մեղաւոր չէ, եթէ մարդիկ նորա արարածների կերպարանափոխութիւնքը մահ են համարում:

Շատ բարի, ասաց Թիւթիւնճի-օղլուն, ես ընդունում եմ քո ասածը, բայց մի բան կայ, որ փոքր ինչ ուրիշ տեսակ է դուրս դալիս:

Ի՞նչ բան է այն, շուտով վերայ բերեց Շահումեանցը:

Այն, պատասխանեց Թիւթիւնճի-օղլուն, որ մարդը մեռանելով, չէ ապրում այլեւս իւր համար, թէեւ նորա մարմինը, ճշմարիտ, հող դառնալով, չէ կորուսանում իւր գոյութիւնը, այլ կերպարանքը միայն:

Զարմանք. այդ հասակում եւ այդքան անձնասէր, բացականչեց Շահումեանցը, դու, եթէ ունեցած էիր չորս-հինգ որդի, միթէ՞ նոցանից իւրաքանչիւրը իրաւունք չունէին քո հայրական սէրը եւ խնամարկութիւնը հաւասարաչափ ստանալու. մի՞թէ քո աչքումը նոցանից մինը սիրելի կը լինէր առաւել քան թէ միւսը, չէ՞ որ ծնողքի համար զաւակները միեւնոյն են, չէ՞ որ մի աչքով կը նային նոքա իւրեանց զաւակների վերայ. եւ միթէ՞ քո որդու մինը եթէ պահանջելու լինէր քեզանից, որ դու աւելի սիրէիր նորան, քան թէ միւսերը, դու եւ քո միւս որդիքը ասելու չէիք նորան, որ նա անձնասէր է: Այս հիման վրայ միթէ՞ բնութիւնը մեղանչում է, եթէ այն մասունքը, որ երբեմն բաղկացնում էին մի մարդու մարմին, յետոյ բաղկացնեն մի այլ մարմին. եւ ի՞նչ պատճառով մարդը ականատես լինելով բնութեան փոփոխականութեան  օրէնքներին, հասկանալով նոցայ նպատակը, պիտի պահանջէ, որ իւր մարմինը ազատ մնար այս օրէնքներից. եթէ նա ազատ մնացած լինէր սկզբումը, կամ մնալու վերջումը, երբեք չէր կերպարանագործուելու, պատճառ, բնութեան օրէնքներն էին, որ բաղկացուցին նորան, այն սկզբնական տարերքն էին, որ զանազան բաղադրութիւններով, որ ստացուել էին մի այլ մարմնի մնացորդից, կազմեցին նորա ոսկերքը, մորթ ու ջիլ պատեցին նորա վերայ: Մարդկային մարմինը, երբ շիջել էր նորանում անձնապահական զօրութիւնը, ընկնում է բնութեան շրջապատած ներգործողների ազդեցութեան տակ. օդը մի կողմից ծանրանում է նորա վերայ, երբ սա չունէր իւր մէջ այն ընդդիմադրող ոյժը, որով մինչեւ այժմ պահել էր իւր կազմուածքի կերպարանքը, թացութիւնը, ջերմութիւնը, լոյսը, օդի թթուածինը եւ այլն, եւ այլն, ներգործելով նորա վերայ, սկսանում են ահա խմորել մարմինը, լուծանել նորան եւ լուծանելով նորոգել նորա բաղկացուցիչ տարերքի եւ նիւթերի գործունէութիւնը, վերստին մի այլ մարմին կազմելու համար:

Այն նիւթը, ինչ որ տուել էր քեզ բնութիւնը մինչեւ քո զգայուն կեանքի վերջը, նա պիտոյ է ետ ստանայ քեզանից, նա արդար է, եւ առանց տոկոսիքի է ստանում այն գումարը, ինչ որ գործ էիր դրել դու քո վերայ, եւ այս պատճառով շատ ճիշտ է տուածը պահանջելու ժամանակ. նորա գանձարանը երբեք չէ վնասւում. կը պահանջէ այնքան, որքան տուել էր քեզ, եւ կը ստանայ այնքան, որքան պահանջելիքն էր. նա չունի մուրհակի կարօտութիւն. պատճառ, ամենայն արարածը, որ նա սնուցանում է, հաւատարիմ գրաւականներ էին նոր գոգումը. եւ գիտէ նա, որ ետ եւ յառաջ պիտոյ է իւր տուածը ստանայ. եւ դու եթէ կամենայիր, չէիր կարող վատնել նորա նիւթը, պատճառ, շրջապատած էիր նոյնպէս բնութեան օրէնքներով:

Քո մարմինը հողանալով բուսուցանում է եւ զարգացնում է շատ սերմեր, որ քամին բերել էր քո հողի մէջ, իսկ սերմերը կարող էին կերակրել զանազան կենդանիք, այո՛, եւ՛ մարդը եւս, եւ՛ թռչունը եւս, որ նոյնպէս կերակուր դաոնալով մարդուն, մտանում էր նորա կազմուածքի մէջ եւ նիւթ էր դառնում նորա կերպարանագործութեանը: Բնութիւնը մի այնպիսի զուգակշիռ է պահում արարածների մէջ, մի այնպիսի տնտեսութիւն է գործ դնում, այո՛, արժան էր, որ մէք եւս ուսանէինք նորանից, օրինակ առնուինք նորանից եւ հետեւէինք նորան: Բայց ափսոս, մեր կամքը, մեր զգացողութիւնը, որ դուրս էր բնութեան նիւթական բաների օրէնքից, շատ անգամ բռնացնում են մեզ ո՛չ թէ միմեանց վերայ, այլեւ նոյնիսկ բնութեան վերայ, եթէ միայն կարելի էր այս...  Թիւթիւնճի-օղլուն, որ ձեռքերը սրտին խաչած լսում էր Շահումեանցին բոլորովին զարմացած, ասաց նորան:

Ես անչափ շնորհակալ եմ այդ գեղեցիկ խուսակցութեանդ վերայ. ճշմարի՛տ, ես շատ խելօք մարդիկ տեսել էի Խաչատուր աղայի ղահուէտնումը, բայց այդպիսի խօսքեր լսած չէի: Ասածներդ բոլորը ճշմարիտ են, բայց չգիտեմ, ի՞նչ բան է, որ ներսիցս ասում է, թէ լաւ կը լինէր, որ չընդունէի այդ ասածներդ... Բայց, ինչպէս տեսանում եմ, զուր է իմ ընդունելը կամ չընդունելը. պատճառ, երկու դիպուածում եւս մեռանելու էի, եւ բնութիւնը կատարելու էր իմ վերայ եւս իւր պարտականութիւնը եւ օրէնքը:

Այդ զգացմունքը, որ դրդում է քեզ երկբայել բնութեան օրէնքի վերայ, միմիայն անձնասիրութիւն է: Ես ասացի, թէ մեր կամքը եւ այլ աննիւթ կարողութիւնքը աշխատում են բռնանալ եւ նոյնիսկ բնութեան վերայ, աշխատում են, եթէ կարելի է խլել նորա իրաւունքը մեր մարմնի վերայից. մեր անձնասիրութիւնը չէ թոյլ տալիս, որ հաւատայինք, թէ մեր փափուկ, պարարտ մարմինը երբեմն կարող էր աղիւս պատրաստել բաղանիքի հնոց շինելու համար, կամ ճեղքուիլ, տրորուիլ երկրագործի արօրի տակ եւ մի սերմ կանաչացնել, մի ճնճղուկ կամ մի մուկ կերակրելու համար, այո՛, ե՛ւ օձի, ե՛ւ զանազան ժժմունքների բոյն եւս դառնալու համար: Բայց բնութեան հարազատ որդին պիտոյ է սառն աչքով նայի այս բանի վերայ եւ պիտի օրհնէ նորա Արարիչը, որի ձեռագործքը անմահ են, որ ամենայն բան ստեղծելով մահ չէ ստեղծել:

Հաւատա՛, պարո՛ն, բացականչեց Թիւթիւնճի-օղլուն, թէ իմ ձեռքիցս գար ես կ՚աշխատէի ամենայն օր խօսել քո հետ այսպիսի գեղեցիկ բաների վերայ, բայց ի՞նչ առնես, աշխարհի սուտ եւ անիրաւ կարգը մեր երկուքի մէջ այնպիսի մեծ փոս է փորել, որ ես շատ հեռի եմ քեզանից եւ չեմ կարող համարձակուիլ անցնել այդ փոսը, որ միշտ քեզ հետ լինէի, եւ այսչափիցը եւս շնորհակալ եմ, որ դու արժան ես համարում քեզ մտանել իմ խաղաղ եւ հեզ բնակարանը:

Դու եթէ հաւատաս բնութեան հրաշքներին, կը տեսանես, որ այդ քո շատ մեծ կարծած փոսը նա մի րոպէում կը լցնէ, եւ քեզ դժուար չէ լինելու այսուհետեւ ազատ ընթացք ունենալ դէպի ինձ...

Այսուհետեւ հաւատում եմ ամենայն բանի, ինչ որ կը քարոզեն ինձ բնութեան անունով, գոռաց Թիւթիւնճի-օղլուն զմայլած այս խոստմունքի վերայ, որ ամենեւին չէր հասկանում:

Տան դուռը բացուեց եւ ներս մտան տիկին Թիւթիւնճի-օղլուն եւ նորանց մի հատիկ Մանուշակը: