Գեղարուեստական արձակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Զ.

Վէզիրը նրան տուեց կոտոշով, եւ գրականութեան դիւապետը յայտնուեցաւ: Սա չէ նմանում ուրիշ դեւերի. սա կրթուած եւ ուսումնական դեւ է. հասակի բարձրութիւնը հինգ ոտնաչափ, բաւական հաստ, երկայն ճանկերով, սեւ երեսով եւ ճաղատ ճակատով. չարչարւում է մելամաղձութեամբ եւ արհամարհում է բոլոր դեւերին: Չնայելով, որ սատանան ներկայ էր այնտեղ, գրականութեան դիւապետը երգում էր անհոգաբար Յօղակն ի ճախրը եւ այլն, եւ պոչովը զարկում էր յատակին խազերը: Առաջին անգամ, որ տեսանէիք դուք նորան, կը կարծէիք երեւելի պատմաբան. բայց նա այնպիսի պատմաբան չէ, ինչպէս Բուբանդուսն էր, այլ պատմաբան վերին աստիճանի: Սա շատ հին բաներ է պատմում. գիտէ մինչեւ անգամ Նոյից յառաջ անցած բաները եւ ծանօթ է այն լեզուներին, որ ջրհեղեղից յառաջ խօսում էին:

Ինչպէ՛ս է առողջութիւնդ, կէտադիր դեւ, ասաց սատանան:

Մտերիմ ծառայ Ձեր դժոխային մռայլութեան....

Շատ ժամանակ է, որ տեսած չէի քեզ:

Աւա՜ղ... տառապեցայ, եւ տառապեցայ չարաչար...

Արգնաթոյր հիւթ ինչ թափանցեալ յակաստան հոգւոյս, զիճութիւն գոգցես գերեզմանական ազգոյ իմն արագութեամբ լնանիւր յուղեղ իմ. երեւակայութիւն իմ կաշկանդեալ արձանացեալ ի ցուրտ եւ ի խոնաւ մառախղի հիւանդութեան հազիւ երբեմն երեւեցուցանէր զկենդանութիւնաբեր լոյս իւր. գունաթափ եւ ընդհատեալ վառմամբն նման էր նա վառման կանթեղին, զօր ունիցի հալածեալ ոք ի դողդոջուն ձեռս իւր: Ի միջոյ մահառիթ եւ զարհուրելի օդոյ անընդհատ թռչէին ի խորոց սրտիս մղձկմունք, որոց յիշատակք, տարժանականք եւ անըմբերելիք....

Ին՞չ բաներ են, ինչ ես ասում, բացագանչեց սատանան:

Կամիմ ասել... կամիմ ասել... թէ ախտոտեալ էր իմ հարբղխով, պատասխանեց կէտադիրը:

Ա՛յ դու խելագար, գոռաց դեւերի թագաւորը սաստիկ բարկացած. կը վերջացնե՞ս մի օր քո այդ զզուելի դատարկաբանութիւնը, որի մէջ, բացի մի քանի մեռեալ բառերից եւ ժանգոտած ոճերից, այլ բան չկայ, քանի՛- քանի անգամ ասացի ես քեզ, թէ ականջ չունիմ լսելու այդ տեսակ խօսակցութիւն: Բայց զգուշանալով, որ մի գուցէ, քո վերստին բանդագուշելովը, ինձ պատահի սրտնեղութիւն կամ փսխել, այս պատճառով գործ կը դնեմ իմ թագաւորական վճռական հնարները:

Եւ զի՞նչ արդէօք գործեցի... հարց արեց կէտադիրը անհանգստութեամբ:

Անզգա՛մ... եւ ի՞նչ կարող էիր գործել... ես յաւիտեան վերջացնում եմ իմ թագաւորութեան մէջ այդ հին եւ մեռեալ ձեւը խօսելու. դորա մէջ չկայ այլ խորհուրդ, բացի չար եւ տղայական անմտութենից: Տե՛ս ամբողջ աշխարհը, քննիր նոցա լեզուախօսութեան ձեւ ու ոճը եւ վերահասու եղիր, որտե՛ղ եւ ո՛ր ազգ խօսում է մի այնպիսի լեզուով, որ ժամանակը դատապարտել էր եւ թաղել էր հազարաւոր տարիների փոշիներով:

Նա աւանիկ գիտուն ասացեալքն հայոց, եւ յարդի ժամանակս երկիր առնուն զհին ձեւ խօսից, որով երբեմն, մանաւանդ թէ, յունաբանեցին նախնիք, ի լեզու պանծալի, եւ ստոյգ յօդացեալ ճեմարանին վերաբերութեան:

Ինձ ի՞նչ օրինակ են մի քանի հայ դպրոցականք, որ քեզ նման խելքերը կորուսած ընկել էին ձեւի քամակից, անփոյթ առնելով իրի կորուստը. ժամանակի անհարազատ որդիք են դոքա, կամ խաղ բնութեան, որ երբեմն դուրս է երեւեցնում այդպիսի այլանդակութիւնք, որպէս բացառութիւն ընդհանուր կանոնից: Նոր ժամանակին հարկաւոր է եւ նոր լեզու, հին ժամանակը տարաւ իւր հետ հին լեզուն:

Եւ ո՞ր յայսմհետէ այն բարբառ իցէ, յոյս արժան էր խօսել ընդ մռայլութեանդ մեծի... իմ ուսեալ է ըստ հնոցն բարբառիլ յոճ համեղական ազդոյ եւ հարազատ:

Ես մեղաւոր չեմ, եթէ դու, թէեւ պաշտօն ունէիր գրականութեան դեւապետի, քո տգիտութեամբը, ծուլութեամբը եւ եսական անխորհուրդ կամակորութեամբ, չգիտէիր ոչինչ լեզու եւ ոչինչ բարբառ, բացի մի մեռած բարբառից, որի գերեզմանի վերայով հազարաւոր անգամ ահա կատարել է արեգակը իւր տարեկան շրջանառութիւնը. ինձ հարկաւոր չէ քո բարբառի նեղսիրտ ձեւը, այլ այն միայն, որ հասկանալի լինի քո խօսածը, ուրեմն պիտոյ էր խօսել պարզ եւ կենդանի բարբառով, եթէ կամք ունէիր կենդանի էակների հետ խօսել, եթէ քո խօսակցութիւնը ունէր մի իրական խորհուրդ եւ ո՛չ գաղափարական միայն:

Պարզ եւ կենդանի բարբառով, կրկնեց ինքը ինքեան գրականութեան դեւը, միանգամայն քարացած, պարզ եւ կենդանի բարբառով... բայց զրկեալ է դա ի կարի կարեւորացն կանոնաց ուղղախօսութեան, եւ որչափ համեղական եւ ազդոյ հինն է, այնչափ անհամ է նորն, թոյլ, տգեղ, անհեթեթ, աղխազուր... ։ Տեսանել տեսանեմ, զի մռայլութիւն ձեր մոռացեալ է զգեղեցկախօսութիւն իմ, գեղեցկախօսութիւն զոստիկանի գրականութեան, որոյ ամենախոնարհ յայտնութեանց ունչս առնէ այժմ, մինչ երբեմն զնոսա իսկ ի հրովարտակս վաւերացուցանէր:

Բաբէ՛ չարաբաղդութեան հիքացելոյս. թերեւս աղաչէի զմեծիդ մռայլութիւն, ներել յանդուգն առաջարկութեանս, թոյլ տալ ինձ ի գրի հարկանել զոր ինչ շրթունք իմ չզօրին ըստ ամենայն արժանեաց գեղեցկախօսել...

Դարձեալ յիմարութիւն. յիմարութիւն յիմարութեան վերայ: Եթէ մի մարդու պատահէիր, որ խօսում էր քո հետ, փոխանակ նորա խօսքին պատասխանելու, պիտո՞յ է ասէիր, թէ գնա դու այժմ, եւ ես խօսքիդ պատասխանը կը գրեմ նամակով այն պատճառով, որ բերանով խօսելու ժամանակ այնպէս գեղեցիկ բացայայտելու չէիր քո միտքը, որքան գրելով միեւնոյն բանը:

Մինչդեռ սատանան կարդում էր գրականութեան դեւի դատարկ գլխին այս քարոզը, դեւը պինդ սեղմած ճանկերի մէջ գրիչը, եւ ահաբեկ լինելուցը բոլորովին դողդոջուն գլխով ու ձեռքով մի բան գրում էր ծունկի վերայ մի տետրակի մէջ:

Սատանան չնկատեց այս գործողութիւնը իւր խօսելու ժամանակ, բայց երբ աւարտել էր իւր խօսքը, պատասխան չստանալով գրականութեան դեւից, աչքը ձգեց նորա վերայ եւ տեսաւ, որ գուճ եկած գրում է այնպէս դողդողալով եւ բոլոր մարմնով թռչոտելով, ինչպէս դողում է եւ թռչոտում է սնդիկը, եթէ լցած մի դատարկ կաղինի մէջ ձգէիր եռացող ջրի մէջ:

Ի՞նչ բանի վերայ ես, հարց արեց սատանան:

Այս հարցմունքին պատասխան չեկաւ: Սատանան առաջին անգամ նկատում էր մի այսպիսի լրբութիւն իւր գրականութեան դեւի կողմից:

Ին՞չ ես շինում այդտեղ, կրկնեց խաւարի սարսափելի թագաւորը այնպիսի ահագին ձայնով, որից սասանեցան դժոխքի պատերը: Այս ձայնի վերայ վեր թռաւ նստած տեղից գրականութեան դեւը, եւ այս շփոթութեան մէջ շրջեց թանաքամանը տետրակի վերայ, որով ապականեց գրածի մեծ մասը: Որքան տեղ մնացել էր մաքուր, նոյնքանը դողդոջուն ձայնով սկսեց կարդալ:

Կացցէ մնասցէ այս արձան յիշատակի երախտապարտու...

Գրականութեան դեւը չկարողացաւ յառաջ տանել իւր հռետորութիւնը, պատճառ, մի մեծ ամբոխ դեւերի, դուրս պրծած դժոխքի աջ կողմից, խառն ի խուռն աղաղակով գալիս էին դէպի սատանայի գահը: Նոցա մէջ երեւում էր Լուկուլլոսը, որ ինչպէս ասացինք, տնտես էր տէր սատանայի մօտ: Սատանան նկատելով Լուկուլլոսի դէմքի փոփոխութիւնը, իսկոյն հարց արեց.

Ի՞նչ լուր է այդ, ի՛նչ ամբոխ է, ի՛նչ խռովութիւն:

Անբաղդութիւն, Ձեր մռայլութիւն. մեղաւոր եմ. պատժեցէք, բայց եւ գթացէ՛ք...

Ին՞չ բան է, ի՛նչ կայ:

Ձեզ յայտնի է, մռայլագոյն սատանայ, որ անցեալները Ձեր նախաճաշիկի համար բերել էին մի քանի նորատիպ պաքսիմատներ, որոնց մէջ Ձեր մռայլութիւնը շատ տտիպային նիւթ տեսանելով թողել էր նորանց, ուտելու համար այն ժամանակ, երբ կը շատանար Ձեր ստամոքսում մոխրային.... սխալմամբ թէ թշնամութեամբ այդ պաքսիմատները ձգել են այն գինու ծովակի մէջ, որ Ձեր ամբողջ տարեկան պաշարն էր, այդ պաքսիմատների թթու եւ տտիպ նիւթը խմորել է գինին եւ այնպիսի թունդ քացախ է դարձել, որ բերան է այրում... ճշմարի՛տ, կարծեմ դեռ քացախի թթուուտ է դարձել... Այժմ հոկտեմբերը վերջանում է համարեայ, ամենայն տեղ գինիները վաճառուած են, չգիտեմ, թէ ի՞նչ կերպով կարողանամ գինի ճարել Ձեր մռայլութեան համար:

Սատանան թէպէտ խիստ պահպանում էր ամենայն բանի կարգը իւր տէրութեան մէջ եւ անխնայ պատժում էր ամենայն որեւիցէ անկարգութիւն, բայց երբեմն, մանաւանդ եթէ սեպհական իւր անձին էր վերաբերւում եւ ոչ կառավարութեանը, գիտէր եւս մեծահոգութիւն ցոյց տալ:

Ֆրանսիայի մէջ կան լաւ այգիք, արեւելքում, Հայաստանում եւս պակաս չէ, կարող էք գնել քանի մի այգու խաղող եւ ճմլել նորանց, ձեր ձեռքով պատրաստելով մի քաղցրահամ խմելիք

Ձեր մռայլութիւն, դժբաղդութիւնը այս է, որ Ֆրանսիայի այգիքը մեզ անմօտենալի են, ուրիշ աշխարհների այգիքը նոյնպէս. Հայաստանի այգիքը, ուր կարող ենք մտանել, վաղուց ահա քաղել են, ամենայն թփի վերայ հազիւ գտանուին մի երկու ճիռ։

Ճռաքաղ արեցէք, մնացորդը քաղցր է լինում, ասում է առակը, գոնէ այդ չնչին գործողութիւնովը կը կարողանաք հաւատացնել թեթեւահաւատ մարդերի, թէ դատարկապորտ չէիք, ճռաքաղ առնելով գինի պատրաստել բաւակա՜ն մեծ բան է։ Ո՞վ է աշխատութեան չափողը նորա արժանաւորութեամբը եւ որակութեամբը, քանի՛ մարդիկ կային ճանաչող ինչպէս վայել էր. շատերը միմիայն լսել են աշխատել, բայց ինչպէ՞ս, ի՞նչ պայմաններով, հասկացողութիւն եւս չունին դոցա վերայ, այլեւ թեթեւամտելով բոլորովին, համարում էին, թէ իւրեանց ճիռերը լաւ են քան թէ ուրիշի ողկոյզքը...:

Ճշմարի՞տ է, ասաց վէզիրը, որ երբեք բացասաբար չէր պատասխանում նորին մռայլութեանը: `

Այս անցքի միջոցում, գրականութեան դիւապետը ժամանակ ունեցաւ մի ստորակէտի փոխանակ բութ դնել, որովհետեւ այլք չէին գործածում այդ նշանը եւ երբ Լուկուլլոսը հեռացած էր տէր սատանայից, գրականութեան դեւը նոր ի նորոյ սկսեց.

Կացցէ մնասցէ այս արձան յիշատակի երախտապարտութեան իմոյ առ տէրդ՝ ի ժամս եւ ի ժամանակս: Լեզու իմ ծանրաշարժ, այլ ոչ եւ գրիչս, զի նման է լեզուի ճարտար խօսողի, որպէս եւ մարգարէին լեզու գրչի արագագիր դպրի...

Ձայնդ կտրի՛ր, լի՜րբ, անզգամ. դու այժմ կամիս նոյն բանը ինձ ասել, թէ քո լեզուն թէեւ ծանր էր, այլ գրիչդ ոչ, եւ դեռ համարձակւում ես մարգարէի լեզուն բերան առնուլ, որի անունը արտաբերելու ժամանակ իմ գահը դղրդում է. դու ինքդ գրականութեան դեւ ես, ի՞նչ տրամաբանութեամբ մտածում ես. նա, որ չգիտէ խօսել, ինչպէ՞ս կարող է գրել. եւ միթէ՞ լեզուն կամ գրիչը ջոկ բաներ են: Անզգամնե՛ր, մինչեւ այն աստիճան լրբացաք, որ ինձ եւս կամիք խելքից հանել.... Ո՛չ, այդպէս չէ: Ես քեզ հրամայում եմ իմ ասածի նման գրել, պարզ, առողջ, բնական, հասկանալի, առանց դպրոցական նեղ սահմանների, առանց ճարտասանական դիմակների, հասկանո՞ւմ ես թէ չէ:

Գրել առողջ, պարզ, խելացի... կրկնեց քթի տակին գրականութեան դեւը. մռայլութիւն Ձեր հետամուտ լինի հնար դիւականս հնարել առ ի չարչարել զմեզ եւ թափուր ի փառաց հեղինակի կացուցանել: Մեք գիտենք միայն գրել վիպասանական եւ ճարտասանական ոճով եւ այլն հին լեզ....

Լսեցի՞ր դու իմ կամքս, թէ չէ՞....

Լուայ, Ձերոյին մռայլութիւն. բայց զայդ ամենայն հողմոց հնչիւնք համարիմ ես. զայս ասեմ համարձակապէս, միտ դնելով Ձերոյդ մռայլութեան օգտի, որ ի մերոյս անհասկանալին խօսելոյ, եւ վնասուն, որ ի մերոյս յայտնութեամբն խօսելոյ:

Այդտեղ ի՞նչ օգտի կամ ինչ վնասի բան կայ վերաբերութեամբ դէպի իմ խաւար գահը:

Ի խօսելն մեր հասկանալի ոճով, ժողովուրդն ամենայն զչափ առցէ զմերոյ տգիտութեան, ծանիցէ զճշմարտութիւնն եւ զմեր ստութիւն, պաշտօնն այն, զոր մեք մատենագիրքս առնումք այժմ ի ժողովրդենէն, կարճեսցի անշուշտ, ընդ շօշափել նոցա զմեր ամենեցուն զանօգուտ եւ անշահ արարս: Յայնմհետէ իմաստնասցի ժողովուրդն. իսկ յիմաստնանալ նորա, յերկիր կործանին փառք մեր ամենեցուն: Ճիգն, զոր եսն ճգնիմ ընդ Ձերով թեւարկութեամբ` յառեալ է յայն, զի բազմասցին երկրպագուք Տէրութեան Ձերոյ, որով եւ մերս փառաւորեսցի անուն, այսմ ամենայնի մարթ է հասնել միայն, առ խարխաբ զժողովուրդն ընթացուցանելով ի տգիտութեանն աղջամուղջ գիշերի: Զարդիս խօսիմ ես, եւ ժողովուրդն յակճիռս կայ անշարժ, լսէ զձայն իմ, դողան ջիլք լսելեաց, այլ ուղեղն ըմբռնէ եւ ոչինչ, վասն զի անկարող են ջիլքդ զտպաւորութիւն խօսիցն հասուցանել ի նպատակ իւր, այսինքն յիմացարան ուղղոյ:

Միթէ՞:

Այո՛, Ձերոյին մռայլութիւն, այժմ Ձերումդ մեծ եւ ազատ հրամանի ունկն դնէ գրականութիւն, Դուք թագաւորէք ի վերայ բովանդակ գիւտից մարդկային հանճարոյ: Գրականութիւնն ողջոյն ի ժամուս ոգեւորեալ գտանի անսուրբ ազդեցութեամբ. նա շնչէ զօդ դիւական. Ոլիմպոսն յունական տապալեալ է հիմն ի վեր, կործանեալ է Արամազդ եւ ի գահ նորա ամբարձեալ էք Դուք, մռայլագոյն սատանայ: Առ ի բարւօք եւս յապահովի կացուցանելոյ զիշխանութիւն Ձեր ի վերայ տգիտաց, խորհուրդ բարի տամ Ձերոյն մռայլութեան հալածել եւ բառնալ ի միջոյ զգիտունսն եւ զիմաստունսն, որք զրահաւորեալ ընդդէմ դժոխաց փոքր մի եւս ի հող բնակեցուցին զփառս նորա: Ձերում հրամանի անսան տպագրատունք, պատուէր տուք եւ կատարեսցի վաղվաղակի, զամենայն զհասկանալի եւ զիմաստալից գործս որք նկրտին ի լուսաւորել զմարդիկ, անտես առնել եւ չտպել երբեք: Այսու կարկեսցին բերանք բացեալք ի վերայ մեր:

Այդ խելքի մօտ բան է. շատ լաւ: Վէզիր, բացագանչեց սատանան, հրամայիր քարտուղարին գրել մի շրջաբերական հրովարտակ իմ անունով, որ ոչ ոք չհամարձակուի տպել մի խելացի, հասկանալի եւ իմաստուն գործ, որպէսզի տգէտ մնալով ժողովուրդը, շատանայ մեր զոհերի թիւն եւ բարձրանայ խունկերի ծուխը:

Շատ բարի, մռայլագոյն սատանայ, ինքս կը գրէմ այդ հրովարտակը...

Հերի՛ք է, գոռաց սատանան, դու քո օրումդ քո խելքից մի բան գրած չես, ինչ որ ցոյց ես տուել քո անունով, այդ բոլորը օտարի վաստակ է եղել. դու եւ բուն գրող կամ կարդացող․ ես շատ լաւ ճանաչում եմ քեզ, քո սիրտը կը ճայթէ մի երես բան կարդալու ժամանակ. քո գրիչները այնքան չորացել էին, որովհետեւ երբեք թանաքի երես չեն տեսնում, որ անցեալներումը երկու չարագործ մարդ գողացել էին, որ մի տուն այրելու ժամանակ, գործ դնեն նորանց լուցկիքի տեղ: Ես վաղուց կը փոխէի քեզ, բայց համադիւական ապաբաղդութեամբ արժանաւոր դեւ չունիմ... գնա՛:

Վէզիրը գլուխ տուեց եւ դուրս գնաց հանդիսից, որ հրովարտակ պատրաստել տայ։

Սատանան դարձաւ դէպի գրականութեան դեւը ասելով. Տեսանում ես ինչպէս կատարում եմ քո առաջարկութիւնքը, եթէ հիմնած էին առողջ դատողութեան վերայ:

Եւ զտկար դատողութիւնս մարթ է սատանայական հայեցուածով առողջն տեսանել:

Դու դարձեա՞լ խօսում ես այդ լեզուով:

Ո՛չ ապաքէն համոզեցայք Դուք ինքնին։

Ես թոյլ տուեցի միայն գրել եւ ո՛չ խօսել:

Այս է ահա պատճառը, որ խելացի մարդիկ հարցանում էին, թէ ինչու համար հնամոլ հեղինակները չէին խօսում հին լեզուով եւ այդ լեզուն երեւում էր միմիայն գրչի տակից. սատանան արգելել է խօսել, թոյլ տալով միայն գրել:

Սատանան ոչինչ այլ բան չխօսեց գրականութեան դեւի հետ: Վէզիրը, որ հրովարտակ ապսպրելով վերադարձել էր սատանայի մօտ, յայտնեց թէ հնդկական գլխաւոր եւ ծայրագոյն Բրամինը. որ շատ տարիներով ահա ծառայում էր աշխարհի երեսին դժոխքի օգտի համար, վախճանել է: Սատանայի դէմքի վերայ փայլեց մի ժպիտ եւ ետեւի ոտքով ականջը քորելով ասաց. Հրամայիր դժոխքի առաստաղից կախած մեծ կոչնակը զարկել, հանդէս պատրաստիր ընդունելու համար այդ ծայրագոյն Բրամինը, մինչեւ ես լսեմ ամուսնական գործերի գլխաւոր կառավարչի յայտարարութիւնը: