Գեղարուեստական արձակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Է

Ես չկամիմ նկարագրել ամուսնական գործերի գլխաւոր կառավարիչ դեւի արտաքին կերպարանքը. պատճառ, իմ գրածը կարդացող ամուսնացած մարդերի երեք բաժինը արդէն ծանօթ է նորա հետ. այսքան միայն պիտոյ է ասել, որ Ֆիֆիքոքոյ դեւը (այսպէս է ամուսնական գործերի գլխաւոր կառավարչի անունը), շատ լաւ դեւ է, շատ խորամանկ, բայց միեւնոյն ժամանակ շատ սիրելի է. հեզ, խոնարհ, հնազանդ, հնարագէտ է, որպէս յանցաւոր կին եւ յաջող փորձիչ: Սա էր, որ խաբեց Եւային, տալով նորան բարու եւ չարի գիտութիւնը. այն ժամանակներումը այս մի մեծ գաղտնիք էր, բայց մեր ժամանակներումը մինչեւ անգամ բոլոր աղախինքը գիտեն առանց սատանայի գործակցութեանը. բայց բոլորից գերազանցը այն է, որ նա բոլոր ամուսնաւոր կին մարդերի գաղտնիքը գիտէ, գիտէ նաեւ սատանայի կնոջ գաղտնիքը.... սատանան թէեւ կասկած ունի նորա վերայ, բայց բան չէ խօսում քաղաքավարութիւն պահելով. սատանան, մի նայէք, որ սատանայ է, նա շատ երեւելի դիպլոմատ է:

Ի՞նչ նոր բան կայ, հարց արեց դժոխքի թագաւորը, ինչպէ՞ս են քեզ յանձնած գործերը:

Շատ լաւ են, Ձեր մռայլութիւն, իմ գործերը երբեք այնպէս ծաղկեալ վիճակի մէջ եղած չեն, ինչպէս այժմ:

Ամուսնութեան մէջ թագաւորում է մի անսովոր սրտնեղութիւն եւ ձանձրոյթ. արք եւ կանայք ամենայն օր համարեա թէ երեք անգամ կռւում են միմեանց հետ, եւ ամենեքին կարօտում են մխիթարութեան.... այրը սպասում է իւր սիրականին եւ տեսած րոպէին ասում է, գոնէ այժմ մի փոքր հանգիստ վայելեմ, ապա թէ ոչ կեանք չունիմ կնոջս ձեռքիցը. կինը իւր կարգով սպասում է իւր սիրականին եւ եկածի պէս կրկնում է միեւնոյն խօսքերը: Իմ գլուխը պտոյտ է գալիս գործի շատութենից:

Ես գիտեմ քո հարազատութիւնը եւ գործունէութիւնը, ասաց սատանան, ցոյց տուր ինձ քո ցուցակը:

Ֆիֆիքոքոն տուեց նորան ամուսնական գործերի ցուցակը մի երկայն թղթի վերայ. այս միայն վերջին ամսի ցուցակն էր, այն գործերի, որ պատահել էին բովանդակ երկրագունդի վերայ:

Որքա՜ն խարդախութիւն է, բացագանչեց սատանան, որքա՛ն պատերազմ մարդ ու կնոջ մէջ, շարունակեց նա կարդալով ցուցակը, այս որքա՞ն սիրոյ նամակներ են գրուած մի ամսի մէջ.... ասա խնդրեմ, միթէ՞ այս կարճ ժամանակում դու այսքան ամուսնութիւն խանգարեցիր` 777 , 777. այս զարմանալի մեծ գումար է:

Արդարեւ այդքան, Ձեր մռայլութիւն, պատասխանեց դեւը:

Գովելի է, գովելի է, բացագանչեց սատանան նայելով ցուցակին մեծ ուշադրութեամբ. ես պիտոյ է ճշմարիտը ասեմ, որ իմ կառավարութեան բոլոր մասներից քո դէպարտամենտը սռաւել բարեկարգ է:

Ձեր մռայլութիւնը մեծ շնորհ ունի իմ վերայ:

Ես ճշմարիտ եմ ասում, որովհետեւ քո գործերի ընթացքը շատ արագ է:

Ձեր մռայլութիւն, կանայք չեն սիրում երկար բարակ քննութիւն:

Իմ ծառայողներից ոչ ոք քո չափ չէ տալիս ինձ այդքան նզովեալ հոգի. որքա՛ն շատ են այժմ դժոխքի մէջ երեւելի մարդիկ, խորիմաստ փիլիսոփաներ, աստուածաբաններ, իմաստուններ, կրօնամոլներ, որոնց եւ ոչ ոք իմ դեւերից չէր կարող հրապուրել․ բայց դու ընկար թէ չէ քամակներից, իսկոյն ամուսնացուցիր. փոքր ժամանակից յետոյ ահա կռուեցին, ջարդուեցան եւ այր եւ կին եկան մեր մօտ:

Եթէ շատ հեշտ է որոգայթ լարել նոցա:

Ինչպէս եւ իցէ, բայց ես պարտական եմ գնահատել քո արժանաւորութիւնը եւ արժանի վարձ տալ քեզ, ասաց սատանան պայծառ երեսով: Ասմոդե՛յ, գանչեց սատանան (Ասմոդեյը վերակացու էր այն օրը դժոխքի մէջ), Ասմոդե՛յ, որպէս վարձ երկրի վերայի ամուսնական գործերի գլխաւոր կառավարչի աշխատութեանը, հրամայիր ոսկեզօծել սորա կոտոշները:

Դեւերը, որ կանգնած էին այնտեղ որպէս պահակ, վեր առեցին Ֆիֆիքոքոն, տարեցին նորան գեհեանը եւ այնտեղ գլուխը կոխելով հնոցի մէջ, փառավար կերպով ոսկեզօծեցին նորա կոտոշները, յետոյ արձակեցին դարձեալ աշխարհի երեսը` սերմանել անդադար մարդկային ազգի երկու ցեղի մէջ վէճ եւ խռովութիւն: