Գեղարուեստական արձակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ը.

Այս միջոցին դժոխքի կամարների տակ լսւում էր կոչնակի անընդհատ ձայնը. դեւերը մեղուների նման ամենայն կողմից հաւաքւում էին դէպի դժոխքի դուռը, որտեղից պիտոյ է ներս մտանէր ծայրագոյն Բրամինը:

Բուն տէր սատանայի հանդիսաւոր յառաջ գնալը կատարուեցաւ հետեւեալ կարգով:

Ողջից յառաջ գնում էին հետեւակ դեւերը, նոցայ քամակից` ձիաւոր ասպետները, ձեռքերին բռնած այն կերոններից, որ սպանիական ինկվիզիցիոն պատրաստում էր աուտո—դա—ֆէ կատարելու համար:

Սորանից յետոյ խումբ-խումբ գնում էին կեղծաւորները, խաբեբաները, տիրադաւները, սեղանապղծողքը, գողերը, անառակ կանայքը, արբեցողքը, նախանձողքը, ծոյլերը, ագահները, որկրամոլները. մի խօսքով դժոխքի բոլոր փառքը: Երբ սոքա բոլորը անցել էին, երեւեցան մանկլաւիկները. բայց դժոխքի մանկլաւիկները աշխարհի երեսի մանկլաւիկների նման չեն, սոքա ծերունի, նիհար, տգեղ, խառն ի խուռն մազերով, աչքերը ներս ընկած, երեսները գունաթափ, ասես թէ դոքա կենդանութեան ժամանակ անապատականք լինէին. բայց ինչպէս եւ իցէ, ով եւ լինէին դոքա, դժոխքումը մանկլաւիկ լինել տէր սատանայի պալատումը` մեծ պատիւ է:

Մանկլաւիկներին հետեւում էին չորս դեւ ոսկեզօծ կոտոշներով, ուսերի վերայ բարձած մի ասորու սրածայր աշտարակ, որի մէջ նստած տէր սատանան գնում էր ծայրագոյն Բրամինի ընդառաջ: Ինչ կարգով որ գնում էին, նոյն կարգով դժոխքի դուռի երկու կողմումը շարուեցան: Դուռի մուտքին մօտ չորս ոսկեզօծ կոտոշներով դեւերը ցած դրեցին իւրեանց ուսի վերայից ասորու սրածայր եւ սեւացած աշտարակը, որի մէջ նստած էր տէր սատանան։ Իսկոյն վէզիր Բէհեղզեբուղը, եւ միւս ոստիկանքը յառաջ մտան սատանայի մօտ շնորհաւորել դժոխքի այս նոր եկաւոր հիւրը, որին այսպիսի փառաւոր հանդէսով սպասում էին:

Վէզի՛ր, բացագանչեց սատանան, յայտարարութիւն պատրաստիր շուտով այս ծայրագոյն Բրամինի բոլոր գործերի մասին, որ այնքան երկար տարի աշխատեցաւ դժոխքի օգտի համար, որպէսզի նա, ներս մտածի պէս, կարդաս այդ յայտարարութիւնը, եւ ես տամ նորան արժանի վարձը. թող չասեն մահկանացուք, թէ ես վարձ չէի տալիս:

Շատ բարի, Ձեր մռայլութիւն, ես երէկի արդէն յանձնել էի նորա գործերի մատեանքը քարտուղարին, որ ծանօթութիւնք հաւաքէ այնտեղից նորա մասին:

Ժապաւինա՞ծ են այդ մատեանքը, կամ ամբո՞ղջ են բոլոր թերթերը, գուցէ մտած լինի մի խարդախութիւն. վատ չէր լինելու քննութիւն կարգել այդ մասին յետոյ:

Մռայլագոյն սատանայ, միամիտ կացէք մատեանների ճշդութեան մասին, որովհետեւ այդ ծայրագոյն նզովեալը, որ գալիս է մեր մօտ, ինքը իւր ձեռքով ուղարկել է ամենայն տարի այդ մատեանքը, որ ժապաւինած ու կնքած են նորա կնիքով:

Ուրեմն քաղիր այդ մատեաններից ամենահարկաւոր ծանօթութիւնքը եւ համառօտապէս կը կարդաս. երբ նա կը ներկայանայ իմ խաւար զօրութեանը․ այդ անպատճառ հարկաւոր է, պատճառ, դա նոր է գալիս այստեղ, ուրեմն եւ արժան է ծանօթացնել նորան մեր դժոխային անիծեալների հետ:

Մռայլագոյն տէր, նա առաւել ճիշտ գիտէ, թէ ո՛վ կայ դժոխքումը. պատճառ, նա իւր ամբողջ կեանքը վարեց ընկերակցութեամբ մեր սիրական Ասմոդեյի, որին Աղմոդեւս էր կոչում ինքը՝ այդ Բրամինը:

Այսուամենայնիւ պիտոյ է կարգը պահել. ի՞նչ կասէ, եթէ տեսանէ անկարգութիւն, անվայելչականութիւն եւ անարժանութիւն, տարակոյս չկայ, որ կը բողոքէ ընդդէմ իմ, թէ ո՛չ, տէր սատանայ, դուք թէեւ այսպիսի անկարգութեան մէջ պահում էք դժոխքը, բայց անարժան էր, պիտոյ է քննութիւն բանալ:

Այս միջոցին անիծեալների բազմութեան միջից դուրս եկան երեք ուրուականք, հայր, որդի եւ թոռն, որ իւրեանց անունը յայտնելով Քամ, Քանան եւ Նեբրովթ, յայտնեցին եւս, որ ծայրագոյն Բրամինը շառաւիղում էր իւրեանցից. բացի սորանից, ծերունի Քամը թոյլտւություն խնդրեց սատանայից մի արձակ կամ ոտանաւոր ճառ կարդալ այն հանդէսի մէջ, ուր պիտոյ է երեւէր առաջին անգամ ծայրագոյն Բրամինը: Սատանան մեծ հաճութեամբ ընդունեց այս առաջարկութիւնը:

Կարդացողը անտարակոյս պիտոյ է զարմանայ, որ մի քանի թերթ յառաջ նկարագրուած խիստ, անողորմ, բարկացող եւ աներկիւղ սատանան ինչպէս այժմ նկարագրւում է որպէս թէ վախեցող, որովհետեւ այս եւ այն բաների մասին հոգաբարձութիւն է առնում, որ լաւ կերպով ընդունելութիւն առնէ ծայրագոյն Բրամինին: Ճշմարիտ է այդ խնդիրը, բայց եւ այն ճշմարիտ, որ այդ յեղափոխութիւնը կատարուեցաւ տէր սատանայի վերայ: Սորա պատճառը իմանալու համար հարկաւոր է յառաջուց ծանօթանալ այն աւանդութեանը, որ պաշտօնական կերպով ընդունուած է դժոխքի միմիայն իշխանների մէջ. պատճառ, խաժամուժ ամբոխը դեւերի չգիտէ ոչինչ թաքուն բան:

Իբր թէ ժամանակով մահկանացու մարդերի միջից այնպիսի մի նզովեալ պիտոյ է դուրս գայ, որ իւր աշխարհի երեսին արած չարութիւններովը գերազանցելով տէր սատանայից, պիտի գնայ դժոխք եւ գահավիժելով դժոխքի թագաւորը իւր գահի վերայից, ինքը պիտի թագաւորէ:

Սատանան միշտ վերահասու եղած լինելով, իւր ոստիկանների եւ լրտեսների ձեռքով, հնդկական ծայրագոյն Բրամինի չարութեններին եւ աւերածքին, որ բերեց իւր ազգի վերայ, ճշմարիտը պիտոյ է խոստովանել, երկիւղ ունէր, որ միգուցէ դա լինի այն խոստացած սատանայապետը:

Յանկարծ լսուեցաւ սաստիկ դղրդիւն եւ յետոյ մի բան ընկաւ դժոխքի դուռից ծծումբի լճի մէջ նոյն աղաղակը գործելով, որ պատճառում է մի գերան, ջրի մէջ ընկնելու ժամանակ:

Բերում են, բերում են, կրկնեցին շատ դեւեր միաձայն: Բէհեղզեբուղը պատրաստուեցաւ յայտարարութիւնը կարդալու, սատանան ահուդողով, որ ոչ ոքին չէր յայտնում, նստած էր գահի վերայ:

Երկու դեւ մտած երկու թեւերի տակ, բերում էին ծայրագոյն Բրամինը, կրակուած ծծմբալճի վերայով. դեռեւս այնքան մօտ չէր, որ կարելի լինէր միմեանց երես տեսանել:

Քամը, որ թոյլտւություն էր ստացել տէր սատանայից մի արձակ կամ ոտանաւոր շնորհաւորութիւն կարդալ իւր զաւակի գալստեանը, կանգնած էր թուղթը ձեռքին:

Վերջապէս յայտնուեցաւ Բրամինը, կարճահասակ, մօրուքը մինչեւ ծունկը, չոր, աչքերը ներս ընկած, ժանգոտ ատամներով եւ անտանելի բերանի գարշահոտութեամբ, դէմքը կնճռuծ, ունքերը կիտած: Գլուխ տուեց սատանային եւ կամենում էր մի բան ասել, բայց մօտի կանգնած դեւերը նշանացի արեցին նորան, թէ մինչեւ ինքը սատանան չհարցանէ, չէ կարելի բան խօսել:

Հանդէս դուրս եկաւ Բէհեղզեբուղը յայտարարութիւնը ձեռքին, գլուխ տուեց տէր սատանային, համբուրեց պատկառանքով նորա պոչի ծայրը եւ սկսեց կարդալ: