Գեղարուեստական արձակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

VIII

Քանի օր անցաւ այն օրից, երբ Աղուանեանցը եկել էր Թիւթիւնճի-օղլուի տուն հարսանիք խնդրելու, բայց ոչինչ պատասխան չստացաւ հարսնացուի ծնողքի կողմից․ նա անհանգիստ էր այս բանի մասին մանաւանդ որ Ղրիմ գնալու օրերը մօտենում էին: Վերջապէս նա մտածում էր, թէ պատասխանի այսքան ուշանալը յայտնի նշան էր բացասութեան. վասն որոյ սիրտը դադար չունէր ո՛չ թէ այն մասին, որ շուտով կամենում էր ամուսնանալ, այլ մանաւանդ նորա համար, որ ամուսնանալով Թիւթիւնճի-օղլուից դստեր հետ, պիտոյ է Թիւթիւնճի-օղլուից ստանար հինգ հարիւր մանէթ, որ շատ օգտակար կարող էր լինել նորան իւր առուտուրի մէջ Ղրիմ գնալու միջոցին: Նորա ցաւը հարսանիքի ուշանալը չէր, այլ այն, որ արծաթի կարօտութիւն ունէր, այս միջոցին Թիւթիւնճի-օղլուի նամակը, որ տուեցին Աղուանեանցին, հաստատեց նորա կարծիքը. Թիւթիւնճի-օղլուն բոլորովին հրաժարւում էր շուտով հարսանիք կատարելուց․ նա ասում էր, որ յառաջ, քան թէ ամառը, չէ կարող լցուցանել Աղուանեանցի փափագը:

Աղուանեանցը կարդալով այս նամակը բարկացաւ, եւ ճակատը շփելով սկսեց ճեմել տան մէջ: Աւելորդ եմ համարում նկարագրել նորա փոքրիկ փայտեայ տունը, որի մէջ բնակում էր նա իւր հօր եւ մօր մահից յետոյ, այրիացած Վարդ-խաթուն քրոջ հետ, այլ այսքան պիտոյ է ասել, թէ բաղկանում էր երկու սենեակից, որի մինը առանձնապէս պատկանում էր նորա քրոջը:

Աղուանեանցի քոյրը շիլ աչքերով, թուխ եւ երկայն երեսով, արծուի քթով քառասուն եւ հինգ տարեկան կին էր, եւ, ինչպէս կը տեսանենք, մեծ ազդեցութիւն ունէր իւր եղբօր վերայ իբրեւ երէց քոյր: Այն միջոցին երբ Աղուանեանցը բարկացած ճեմում էր, երբեմն-երբեմն բացականչելով, քոյրը բացեց իւր սենեակի դուռը եւ ներս մտաւ եղբօր մօտ: Նա զարմացաւ տեսանելով եղբօր դէմքի փոփոխութիւնը եւ առաւել եւս զարմացաւ, լսելով այս փոփոխութեան պատճառը, ըստ որում անհնարին բան էր համարում, որ Թիւթիւնճի-օղլուն համարձակուի այսպիսի բացասական պատասխան տալ իւր եղբօր առաջարկութեանը, որ նոյնպէս համաձայն էր իւր մտքին:

Վարդ-խաթունը այսպէս սկսեց խօսել:

Եթէ պարոն Թիւթիւնճի-օղլուն այժմ չէ կամենում տալ իւր աղջիկը, թող թթու դնէ նորան, մեզ հարկաւոր չէ. ես քեզ ուրիշ աղջիկ կը գտտնեմ, Նախիջեւանը մեծ, դո՛ւ կտրիճ տղայ, ի՞նչ կայ. մի՞թէ այժմեան ժամանակումը պիտի կտրիճը խնդրէ աղջիկ, աղջի՛կը կտրիճ պիտի խնդրէ, մէք կամեցանք բաղդաւոր առնել Թիւթիւնճի-օղլուի աղջիկը, իսկ պարոն հայրը նա՞զի նստեց, ես մի քանի օր յառաջ, եւ առանց այս բանին եւս, կամենում էի ասել քեզ, որ ինքդ հրաժարուէիր այդ ամուսնութենից. պատճառ, լաւ բաներ չեն խօսում այդ աղջկայ մասին, ասում են որ շատ բաց [1]  աղջիկ է... Ահա մեր դրացի Գասպարի աղջիկը, թէպէտ շատ սիրուն չէ, բայց ի՞նչ հարկաւոր է գեղեցկութիւնը, հացով ուտելու չես, գոնէ արծաթը շատ է, երկու հազար մանէթ... Ասելը հեշտ է:

—Լաւ ես ասում, քուրիկ, միայն Գասպարի աղջկայ աչքերը...

—Ի՞նչ է, շի՞լ է փոքր ինչ, իմը եւս այդպէս էր, բայց իմ ողորմած հոգի մարդը ամուսնացաւ, վա՞տ օր տեսաւ. թէեւ Աստծու կամքն էր, որ վեց ամսից յետոյ չգիտեմ ինչ տեղից բարակացաւ ստանալով ութ ամսից մեռաւ. եթէ նա կենդանի լինէր, ինքը քեզ կը վկայէր, որ աչքի փոքր ինչ շիլ լինելը ոչինչ արգելք չէ ամուսնական սիրուն... թող սիրտը կատարեալ լինի, աչքը դուրս չլինի... Կնոջ առաջին արժանաւորութիւնը․ ճշմարիտ է, դրացու աղջիկը գրել, կարդալ չգիտէ, բայց առաւել լաւ. մայրս ասում էր, որ կնիկ մարդերու համար առաւել լաւ գիր կարդալ չիմանալը, քան թէ իմանալը, պատճառ, նորանից լաւ բան դուրս չէ գալիս: Պէտք է ասես, թէ նորա ցեղը շատ խելօք չեն, եթէ այդպէս դատելու լինիս, դու եւ մի աղջիկ եւս չես գտանելու. պատճառ, մեր ցեղից խելօքը չկայ, մեր ցեղապետը Ղրիմումը թաթարի իշխանութեան ժամանակին մեծ անուն է ստացել Գիրէյ-խանից, նա իւր խելքովը շատ հարստութեան տէր է դարձած ճշմարիտ է, մի քանի մարդ կախել տալու պատճառ է եղել, որոնք անմեղ են եղած, բայց ի՞նչ առնես, այդպիսի բռնակալ մարդերի չէ կարելի հաճոյանալ առանց մի քանի զրպարտութիւն գործելու, առանց մահապարտ լինելու... Այժմ եւս կան մարդիկ, որ հայհոյում են մեր ցեղապետի յիշատակը, բայց այդ բոլորը զուր է, ողորմած հոգին լաւ է իմացել աշխարհիս բանը, եւ մեծ խելք բանեցնելով ճարել է այնքան հարստութիւն, որ յետոյ մեր պապը եւ հայրը ողջ փչացուցել են, ասելս այն է, թէ մեր ցեղի նման խելօք ցեղ չկայ, եւ եթէ խելքի արժանաւորութեանը նայելով պիտի քեզ հարս ընտրես, ուրեմն առանց կին կը մնաս:

Խելքի մասին հարկաւոր չէ քննութիւն, եւ ինչի՞դ է հարկաւոր կնոջ խելքը, մարդը պէտք է որ խելօք լինի, եւ պէտք չէ, որ կինը իւր սեփական խելքը ունենայ, նորա խելքը մարդն է, եւ մարդը պէտք է կառավարէ իւր կնոջը:

Վարդ-խաթունի խօսքերը մի անորոշ տպաւորութիւն գործելով Աղուանեանցի վերայ, կարծես թէ խելքին նստում էին. պատճառ, ինչպէս Վարդ-խաթունը, այնպէս, եւ սա խելքի կողմից մեծ կարօտութեան մէջ  էին. նոքա իւրեանց ցեղով մի օր մի խելօք բան չէին գործել. մանաւանդ երկու հազար մանէթը Նախիջեւանի հասարակ մարդերի հայեացքով այնպիսի զօրութիւն է, այնպիսի ոյժ է, որ ոչ եթէ շիլ աչքը կարող է ուղղել, այլեւ կտրիճի աչքը անգամ շլացուցանել, որ չկարողանայ տեսանել կնոջ աչքը շիլ լինելը...

Եթէ դու այդպէս մտածում ես, խօսքը վեր կալաւ Աղուանեանցը, ես բոլորովին համաձայն եմ քեզ ուրեմն խնամախօսութիւն բաց դրացու հետ, միայն աշխատիր, որ Թիւթիւնճի-օղլույեանք չիմանան այս բանը, որպէսզի յետոյ յանկարծ լսելով խորտակուին միանգամայն:

Շատ բարի, եղբայր, կարող ես հաստատ յոյս եւ հաւատ ունենալ իմ վերայ, ես իսկոյն կ՚երթամ դրացու տուն եւ կը խօսեմ:

Բացի դորանից այնպէս արա՛, որ երկու հազար մանէթի հազարը յառաջուց տայ. իսկ միւս հազարը ամուսնութեան օրը, եթէ այդպէս համաձայնի, պսակը կարող է յետացնել մինչեւ մի երկու տարի, փոյթ չէ. իմ հայրը եւս քառասուն եօթն տարեկան ամուսնացած է, ուրեմն ես եթէ երկու տարուց յետոյ եւս պսակուիմ, դէռեւս հօրիցս կանուխ ամուսնացած պիտոյ է լինիմ: Եթէ այդպէս յօժարի, եւս նամակ կը գրէմ Թիւթիւնճի-օղլուին եւ կը հրաժարուիմ նորա դստեր ամուսնութենից. ո՜հ, ինչպէս լաւ կը լինէր իմ բանը, եթէ այժմ տար ինձ մի հազարը, ա՜խ հազարը... Ի՞նչ կախարդական ոյժ ունի այդ անիրաւը, ճշմարիտ, իմ առ ու տուրը կարող է լաւ կանգնել, եթէ երկու հազար մանէթ ձրի արծաթ մտանէ իմ գումարի մէջ, ի՜նչ ուրախութիւն պիտի առնեմ, առաջին գործս քեզ մի թաւշեայ վերայնոց...

Ո՞հ, եղբայր, ճշմարիտ է ասածդ հազարի մասին, եւ ես շատ ուրախ կը լինեմ, ոչ թէ վերայնոցի համար. Աստուած մի արասցէ, իմ հարսնութեան ատլաս վերայնոցս սառոյցի նման ժապաւէնով դրած է պահարանումը. եւս ուրախ կը լինիմ, որ դու կ՚ազատուիս Թիւթիւնճի-օղլուի աղջկանից, ինչպէս ես լսել եմ, նա ոչ թէ իմ հրամանովը պիտոյ է վարուէր, այլ քեզ, եւ գլխաւորը ինձ եւս պիտոյ է աշխատէր իւր հրամանովը վարել: Եթէ Աստուած յաջողէ այս դրացու աղջկայ մասին մեր մտադրութիւնը, եթէ Աստուած տայ ինձ այն օրը, որ ես խունկ ծխեմ դրացու աղջկանը մեր շեմքի վերայ, իբրեւ քո հարսի [2]  ապայ այն օրից պիտի փոխեմ նորա վարքը, բարքը, մտածութիւնը, ապրելու կերպը, եւ հոգին էս. մի խօսքով, բացի մարմնի կերպարանքից, որ Աստծուց է կախուած  ես այն աղջկանից այնպիսի կին շինեմ քո համար, որ տեսանողը զարմանայ, քաղաքավարի, հնազանդ: Առաջինն ես նորա մի տարի լեզու պահել կը տամ [3], բայց դորայ փոխանակ խօսելու վարձ մի տարուց յետոյ կ՚ընծայեմ նորան այն մատանին, որ հայրս ընծայել էր իմ ամուսնուն փեսայութեան ժամանակ:

Բոլորը լաւ է, քուրիկ, բայց այդ մատանին... Ա՜խ... Խնդրում եմ. մի այլ բան ընծայիր, եւ ոչ մատանին...

Ի՞նչ պատճառով մատանին ոչ. շատ գեղեցիկ շինուած է, քարը թանկագին...

Գիտեմ, ընդհատեց խօսքը Աղուանեանցը, բայց դու չգիտես, թէ ինչ ապաբախտութիւն կապած է այդ մատանու հետ:

Ապաբախտութի՞ւն:

Այո, ապաբախտութիւն, այդ մատանու պատմութիւնը յայտնի չէ քեզ, բայց ես գիտեմ․ հայրս ասել էր ինձ, բայց եւ հրամայել, որ ոչ ոքի չբանամ այս գաղտնիքը:

Իմ խելքս բան չէ հասանում, արդեօք քո խելքը վերադ է, թէ՞ ջերմախտ ունիս, մի՞թէ հայրս իմանալով այդ գաղտնիքը, այն դատապարտութիւնը, որ կապած էր այդ մատանու վերայ, կ՚ընծայէր իմ փեսային:

Ճշմարի՛տ է քո ասածը, բայց մեր հանգուցեալ հայրը չգիտէր, թէ ո՛ր մատանին էր այն. պատճառ, երկու հատ էին նոքա. ինչպէս քեզ եւս յայտնի է, ամենեւին միմեանցից անզանազան, որոնցից մինը կրում էր իւր վերայ դատապարտութիւն, անէծք եւ նորանց պտուղ ապաբախտութիւն:

Քո ամուսնու մահը չիմանաս այլ պատճառից, եթէ ոչ մատանուց, քո ամուսինը փեսայանալուց յառաջ, ինչպէս առողջ, քաջ եւ ուժեղ տղայ էր, մի ոչխարը նորան հազիւ թէ նախաճաշիկ կը լինէր, բայց յետոյ ընկաւ բարակացաւի մէջ. այս բոլորի պատճառը էր մատանին, հայրս տանջուելով խղճմտանքից, որ իւր ձեռքովը պատճառ էր եղած քո ամուսնու մահին, ինքը եւս հիւանդացաւ եւ մեռաւ, որով երկու եղան մատանու զոհերը մեր ցեղից, բայց աւանդութիւնը ասում է, որ դա եօթն մարդ պիտի տանի միւս աշխարհ այն ցեղից, որի ձէռքումն էր մատանին, այս պատճառով աղաչում եմ, եթէ բարով ամուսնանամ, այդ մատանին չտալ իմ կնոջը խօսելու վարձ, մի՛ ցանկանար իմ անբախտութեանը

Վարդ-խաթուն քոյրը նայում էր եղբօր վերայ մի անորոշ զգացմունքով, նորա կերպարանքից կարելի էր եզրափակել, թէ սառել ու կապուել էր նորա զգայականութիւնը: Նա մի փոքր ժամանակ այս անորոշ դրութեան մէջ մնալուց յետոյ, ցոյց տուեց իւր բերանի վերայ մի խորամանկ ժպիտ, որով նորա առհասարակ տգեղ կերպարանքը, առաւել եւս այլանդակուեցաւ, մանաւանդ երբ երեւեցան նորա երկայն եւ կանաչ ժանգով պատած ատամները: Այս ժպիտը նախընթաց էր այն կատաղութեանը, որ երբեմն երեւում է կին մարդերի մէջ. նորա մազերը կարծես թէ պատերազմի բարձրացան գլխի վերայ, մկնակները լարուեցան եւ երեսի ցնցողական շարժուածքը ցոյց էր տալիս նորա հոգու վերին աստիճանի ամբոխմունքը: Նա մի քանի քայլ առաջ եկաւ եղբօր առաջեւ եւ ընդհատուած խօսքերով ասաց դրականապէս:

Այս րոպէիս պահանջում եմ քեզանից այդ խորհրդական մատանու պատմութիւնը, եթէ չես ասել, իմացած եղիր, որ կեանքդ վտանգի մէջ կը ձգես, ես այժմ հասկացայ, որ այդ մատանին ընծայել էր հայրս իմ ամուսնուն նորա համար, որ նա մեռանի եւ համարուի այն եօթնի կարգում, որ մեռանելու էին մատանու տիրոջ ցեղից, սոսկալի՜ եղեռնագործութիւն. եւ ինչպէ՞ս կարելի է, որ մի հայր այդպիսի կամեցողութիւն ունենայ դէպի իւր աղջիկը... Ասա՜, ստիպում եմ քեզ, ասա՛ մանրամասն այդ մատանու պատմութիւնը, ապա թէ ո՛չ...

Վերջին խօսքը ասելու ժամանակ Վարդ-խաթունը հափշատկել էր սեղանի վերայից ջրի շիշը եւ սպառնալով շարժում էր նորան, երեւի թէ եղբայրը, եթէ բացասական պատասխան տալու լինէր, պիտի ուտէր քրոջ ձեռքից այդ հարուածը, այն պատճառով Աղուանեանցը շտապեց կտրել քրոջ խօսքը, եւ որքան կարելի է հանդարտեցնել նորա ալեկոծուած բանականութիւնը:

Հանգի՜ստ կացիր, քուրիկ, կը լցնեմ քո ցանկութիւնը, որքան կարող եմ, կը հաղորդեմ քեզ այդ խորհրդական մատանու պատմութիւնը, որքան ինձ յայտնի էր այն, միեւնոյն ժամանակ երաշխաւոր եմ, որ հայրս անգիտութենով նուիրել էր նորան քո փեսային, չկարողանալով որոշել, թէ երկու մատանիներից, որ բոլորովին նման էին միմեանց, ո՞րն էր արդեօք, որ կրում էր իւր վերայ այդ սարսափելի դատապարտութեանը:

Այս խօսքերի վերայ Վարդ-խաթունը ցած դրեց ձեռքից ջրի շիշը, բայց նորա կատաղութիւնը չէր նստել բոլորովին:

Վարդ-խաթունը այն վերին աստիճանի կարճամիտ եւ անզգամ կին մարդերից մինն էր, որ համարում էին, թէ աշխարհը պարտական է շարժուիլ նոցա չնչին եւ խելացնոր կամքով, եւ թէ նոքա կարող են ամենայն մարդու վերայ դատաստան կատարել, իսկ ուրիշները նոցա վերայ բացի  լաւ խօսելուց չեն կարող վատ խօսել, այսինքն ճշմարտապէս նկարագրել նորանց․ վերին աստիճանի անզգամ, ասում եմ այն պատճառով, որ եթէ աշխարհի երեսին լինէր մի այնպիսի կառավարութիւն, որ աստիճան տար անզգամութեանը, այն ժամանակ Վարդ-Խաթունը ոչ եթէ միայն կը ստանար Անզգամութեան վարդապետ աստիճանը, այլեւ անզգամութիւն ուսուցանելու ամբիոնը: Փառք Աստուծոյ, որ այդպիսի բան չկար աշխարհի երեսին եւ Վարդ-խաթունը հերիքացած էր Անզգամ պատուանունովը, որ ստացել էր հասարակաց վկայութենով: Այս անզգամը ամիսը երկու անգամ հիւանդանում էր, բայց ի՞նչ պատճառով. սաստիկ բարկութենից կապւում էր նորա մաղձատար խողովակի ճանապարհը, վասն որոյ մաղձը մտանելով ստամոքսի եւ արիւնի մէջ, նախ եւ յառաջ պատճառում էր փսխողութիւն եւ լուծողութիւն. երկրորդ, ներկում էր երեսը կանաչ-դեղին գունով: Թշուառ Մկրտիչը գերի էր իւր քրոջ ձեռքին, քոյրը գիտէր նորա բոլոր առեւտրական հաշիւները անգամ եւ շատ էր պատահում, որ կին միջնորդի ձեռքով ինքը վաճառում էր իւր եղբօր ապրանքը կամեցածի պէս: Այսպիսի անզգամ կնոջ, այնպիսի տխմար եղբայր. բերան կար, լեզու չկար․ նորա սաստիկ բարկանալը երեւում էր նորանից, որ անդադար ծխում էր թաբակը, փակուած իւր սենեակի մէջ, եւ դողում էին ոչ թէ միայն ձեռք ու ոտքը, այլեւ բոլոր մարմնի մկնակները եւ ջլերը. այսպիսի կեանքը էր պատճառը, որ նա, դեռ երիտասարդութեան մէջ, ստացել էր խորտակուած պառաւի կերպար:



[1]     Այնտեղի բարբառով «բաց աղջիկ» կամ «բաց կին» նշանակում է համարձակ, որ ամենայն մարդու հետ կը խօսի, եթէ պատահի, մի խօսքով եւրոպացի կանայք համարւում են «բաց»:

[2]     Նախիջեւանումը սովորութիւնը կայ, որ նոր պսակուածները եկեղեցու տուն դառնալու. ժամանակ, փեսացի մայրը, կամ թէ մայր չունի, քոյրը եւ եթէ քոյրը եւս չունի, այն ժամանակ մի այլ ազգական կին խունկ կը ծխի հարսին, դուռի շեմքի վերայ, եւ սորա համար մի մատանի կամ մի այլ ոսկեղէն կամ գոհարեղէն ընծայ կը տայ հարսին:

[3]     Նախիջեւանի մէջ մի ասիական անտեղի սովորութեան կայ, եւ նորահարսը երկար ժամանակ չէ խօսում իւր զոքանչի, կամ սկեսրի կամ տան մէջ գտանուած մի հասակաւոր մարդու հետ: Վեց ամսից կամ մի տարուց յետոյ այդ մարդիկը մի բան ընծայելով հարսին, հրաման կը տան խօսելու: