Գեղարուեստական արձակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

IV

Երեկոյացել էր․ Թիւթիւնճի-օղլուի հիւրընդունարանի անկիւնում պատկերի առաջեւ վառած կանթեղը սկսել էր արձակել մի նուազ եւ գունաթափ լոյս շրջակայ առարկաների վերայ:

Մանուշակը վեր կացաւ տեղից, ճրագ վառեց եւ ցած թողեց պատուհանների սպիտակ կը տաւեայ վարագոյրները: Տիկին Թիւթիւնճի–օղլուն աւարտելով իւր գործը գետնատնումը եւ հրամայելով աղախնուն դնել թէյի մեքենան, վեր ելաւ սանդուղքից լերդագոյն երեսով, պատճառ, խոնաւ տեղում երկար ժամանակ կորացած նստելուց արիւնը թանձրացել էր գլխի մէջ: Նա բանալով դուռը, հարցրեց Մանուշակից, «հայրդ չէ՞ եկած դեռեւս»:

Ոչ, պատասխանեց Մանուշակը:

Զարմանք է, շարունակեց մայրը, ի՞նչ պատահեց այս մարդու հետ, որ այսքան ուշացաւ: Է՜հ, այր մարդիկ չե՞ն, նոցայ ի՞նչ փոյթ է, բոլոր տան կառավարութիւնը մեր գլխին է, նոքա միայն գնելը գիտեն, բայց այդ գնած բաները ինչո՞վ գլուխ կը գան, ամենեւին եւ մտածել չկամին, պատահած ժամանակը ասում են, թէ հոգս ունէին եւ մտածութիւնք, բայց մերն է հոգսը, ինչպէս մազերս, այնպէս եւ հոգսերս երկայն է:

Բայց սատանայական, այսօր պէտք էր որ ուշանար այդքան, մինչ հարկաւորութիւն կար շուտով խօսելու նորա հետ: Մկրտիչը եկել էր... 

Մանուշակը դողաց այս անունը լսելով. նա յառաջ կարմրեցաւ, յետոյ գունաթափուեցաւ ինչպէս մարմարիոն:

Մկրտիչը եկել էր, շարունակեց իւր խօսքը մայրը, որ շուտով հարս առնենք քեզ, զաւա՛կս, ի հարկէ Աստուած բարի պսակի արժանի առնէ, բայց ես չգիտեմ, այժմ մէք պատրաստութիւն չունէինք, հայրդ մտածում էր, որ ամառը լինի այդ եւ ինձ եւս այդպէս ասել էր, բայց Մկրտիչը շուտով կամենում է. այս շաբաթներս...

Բայց եթէ պատրաստութիւն չկայ, մայրիկ, ի՞նչ կ՚առնու նա պահանջելով. կարող է սպասել մինչեւ որ...

Այդ տեսակ խօսակցութիւն քեզ չի վայելում, Մանուշակ. վայ գլխիս, ո՞վ էր տեսել, որ աղջիկը մօր հետ իւր հարսանիքի վերայ խօսի, մեր տեսածը, եթէ ծնողքը խօսում էին այդ մասին, աղջիկը լուռ եւ տրտում կը նստէր, կամ, եթէ կամենար առաւել ցոյց տալ ծնողքին իւր պարկեշտութիւնը եւ տխրութիւնը նորանցից բաժանուելու համար, լաց կը լինէր. լաւ որ մի օտար մարդ չկայ, եթէ ոչ, խայտառակ կը լինէինք քաղաքի մէջ, թէ Թիւթիւնճի-օղլուի Մանուշակը իւր հարսանիքի վերայ դատողութիւն է առնում մօր հետ: Այդ լաւ չէ՛, զաւա՛կս, քեզ ի՞նչ փոյթ մտածել, մեք ամենայն բան կը հոգանք, հայրդ կը գայ, նորա հետ կը խօսենք, տեսանենք ի՞նչ կը տայ Աստուած:

Մանուշակը կարմրեց եւ սրտիցը ծածուկ բարկացած մտածում էր, եւ որպէս թէ առանց ձայնի եւ խօսքերի պատասխանում էր մօրը, եթէ առաջուայ աղջիկները ոչինչ չէին խօսում, այն էր պատճառը, որ ծնողքը կապում էին նոցայ բերանը, ինչպէս այս րոպէիս դու, մինչդեռ ոչինչ խօսած չէի. եթէ լաց էին լինում, ոչ թէ կամենում էին իւրեանց պարկեշտութիւնը ցոյց տալ դորանով, այլ խեղճ ողորմելիքը լաց էին լինում իւրեանց անբախտ գլուխը, ով գիտէ, ինչ մարդու հետ էին ամուսնանում, չտեսած, չխօսած, չիմացած նորա բնաւորութիւնը, վարքը, բարքը, մի խօսքով որպիսութիւնը, անունը միայն լսում էին եւ պսակուած ժամանակները, դեռեւս, մինչ Աստուածային տաճարի մէջ, այն ահարկու դատաւորի առաջեւ, խոստանում էին հնազանդուիլ եւ հետեւիլ, խաչը, աւետարանը, սարքերը, քահանայքը եւ ժողովուրդը վկայ բռնելով իւրեանց ուխտին, այսուամենայնիւ չգիտէին, թէ ո՞վին էին տալիս այդ խոստմունքը, այստեղ եւս չէին տեսանում փեսայի երեսը, ոտքից մինչեւ գլուխ ծածկուած լինելով քօղով, գիտէին միայն, թէ այն մարդուն է, որ քահանան մի փոքր յառաջ բռնել էր աղջկայ ձեռքը եւ Առէալ զձեռն Եւայի ասելով, տուել էր մի մարդու ձեռք:

Բայց այդ ի՞նչ պսակ է, շարունակում էր նա իւր մտքիցը, որ երկու կողմից հաւանութիւն չկայ, այդ ի՞նչ երդում է, որ սիրտը չէ  տալիս, այլ բերանը միայն, եւ այն ամաչելուց եւ այլ հազար տեսակ հարկադրող պատճառներից, ի՞նչ ուխտ է, որ դնում է աղջիկը մի մարդու հետ առանց նորա երեսը անգամ տեսանելու: Մարդ, մի ասեղ, մի մատնոց գնելու լինի, հարիւր անգամ կը նայի, որ չխաբուի, որ դեռեւս չնչին արժէքի բան է, որ կարող էր վատ եղած ժամանակը դուրս ձգել բոլորովին, իսկ ամուսնութիւնը մի՞թէ մի ասեղի, մի մատնոցի չափ արժանաւորութիւն չունի, որ առանց նայելու, տեսանելու եւ քննելու պիտոյ է լինի, եւ այն այնպիսի ժամանակ, մինչ ո՛չ փոխել կարելի էր, ո՛չ վաճառել եւ ո՛չ դուրս ձգել:

Մինչդեռ Մանուշակը այս մտածութիւնների վերայ էր, դուռը բացուեցաւ Թիւթիւնճի-օղլուի ձեռքով:

Այս ուրախ եւ անհոգ մարդը ներս մտանելով կարծես թէ հոտով իմացաւ, որ իւրեանից յառաջ մի տխուր բան անցել էր այդ տեղ, եւ այս պատճառով շուտով հարցրեց կնոջից:

Ի՞նչ կայ. ի՞նչի է քիթդ կախած:

Ամբողջ օրը տուն չես եկել, այժմ եկած չեկած, այդ է քո քաղաքավարական խօսքը, պատասխանեց կինը:

Թիւթիւնճի-օղլուն ժպտեցաւ եւ ասաց.

Եթէ բանը քաղաքավարութեան մնայ, մեք երկուսս եւս միմեանցից պակաս չենք, ո՞վ է տուել մեզ քաղաքավարութիւն, ծնողքս մի կին մարդու մօտ տուել էին ինձ կարդալու 9 տարեկան հասակումս, հազիւ թէ քերականը աւարտել էի, հէգ սաղմոսը սկսել, վեր առեցին տուեցին վաճառականի մօտ աշակերտ, փոքր ի շատէ եթէ եւ անունս գրել գիտեմ, այդ ինքս իմ աշխատութենովս սովորել եմ. իսկ դու այդ եւս չգիտես, յաւելացրեց նա մի տեսակ կատակով:

Ուրեմն թէ այստեղ մի քաղաքավարի մարդ կայ, այդ իմ Մանուշակս է, որ ջրի նման կարդում է աշխարհաբար Աւետարանը եւ ուսանում է միշտ, եթէ ունէր պարապ ժամանակ: Բացի դորանից մեր քաղաքավարութեան ժամանակը անցել է, այժմ թող մատաղահասքը նային, նոքա թող աշխատին, որ լինին քաղաքավարի, խելօք, ուսումնական, բարոյական եւ այլն:

Քաղաքավարի եւ պատուական մարդ կամի՞ս, ասաց Թիւթիւնճի-օղլուն` հանելով վերարկուն եւ տալով Մանուշակին, ահա պարոն Շահումեանցը:

Այս խօսքի վերայ փոքր մնաց, որ Մանուշակը ձէռքիցը ցած ձգէր հօր վերարկուն:

Ես այսօր, շարունակեց Թիւթիւնճի-օղլուն, ղահուէտնից դուրս եկած տուն էի գալիս, յանկարծ պատահեց պարոն Շահումեանցը բռնեց եւ բաց չթողեց, «գնանք մեր տուն, գնանք մեր մօտ ճաշի» ասելով, վեր առեց եւ արդարեւ տարաւ իւր մօտ, տան մէջ ի՞նչ մաքրութիւն, ի՞նչ կարգ, թէեւ կին չունի, մայր չունի, ոչինչ չունի, այլ միայն մի չոր գլուխ, ծառայքը կանգնած պատրաստ սպասում են նորա մի նշանացի առնելուն, որ իսկոյն կատարէին նորա հրամանը:

Շատ խօսակցութիւնք արեցինք այնտեղ, ճաշ կերանք, չէր կամենում երկար ժամանակ թողուլ եւ ճաշից յետոյ, բայց ես նորան խնդրեցի, որ ինքը այս երեկոյ մեր մօտ շնորհ բերէ թէյի...

Մանուշակի ուրախութիւնը ոչինչ չափով չէր չափւում:

Դուրս էի գալիս այնտեղից, ահա մի պառաւ աղքատ կին մի նամակ ձեռքին մտած պարոն Շահումեանցի տուն, հարցանում է ինձ, թէ ե՞ս էի արդեօք պարոն Շահումեանցը. ես ասացի, այո՛, ես եմ, տուր նամակը եւ կամենում էի առնուլ նամակը ձեռքից եւ տանել, բայց անպիտան պառաւը սկսեց հազար տեսակ ապացոյցներ պահանջել, հարցրեց, թէ ո՞ր տեղից նամակի եմ սպասում, ո՞վ ունիմ Մոսկուայի մէջ. սիրտս նեղացաւ, ասացի ես չեմ, ահա մտի՛ր այս տունը եւ հարցրու ծառաներից, քեզ ցոյց կը տան նամակի տէրը:

Գիտէի, ասաց պառաւը, որ դու չէիր, պարոն, բայց մի՛ բարկանար իմ վերայ, Աստուած մի օրդ հազար առնէ, ես աղքատ կին եմ...

Հետաքրքրութիւնս ստիպեց հարցնել նորանից, թէ ինչի՞ց գիտէր, որ ես չեմ Շահումեանցը:

Ինձ, ասաց, պատմել էին նորա հասակը, աչքերը... Հագուստը:

Ո՞վ էր պատմել, հարցրեցի ես:

Ամենայն բան իմանալը լաւ չէ, շուտ կը ծերանաս, հայրս, պատասխանեց պառաւը, եւ նշան տուեց, որ կամենում էր գնալ, ես եւս չկամեցայ այլեւս բռնել նորան, թողեցի, որ տանի ինքը տայ նամակը: Բայց նամակ... Աղքատ պառաւի ձեռք... Որտեղի՞ց, որտե՞ղ:

Երեւի մի բարեհոգի մարդ բերած լինելով նամակը, գիտութեամբ յանձնել է այդ աղքատին, որ պատահմամբ գնացել էր նորանց տուն, որ նա տանի եւ քանի կոպեկ շահուի, պատասխանեց կինը:

Եւ ինչպէ՞ս խորամանկ պառաւ էր, այնպիսի հարցմունքներ արեց, որ չկարողացայ պատասխան տալ:

Մանուշակը դողում էր վախեցածից, բայց որքա՞ն շնորհակալ էր պառաւից, որ նամակը չէր տուել իւր հօրը, որով անտարակոյս պիտի իմացուէր բանը:

Շուտով թէյի պատրաստութիւն տեսէք, ասաց  Թիւթիւնճի-օղլուն, վեցերորդ ժամն է, կարելի է որ շուտով գայ պարոն Շահումեանցը:

Ես վաղուց արդէն հրամայել եմ թէյի մեքենան դնել, պատասխանեց կինը, կարծելով, թէ դու տանն էիր, բայց լաւ եղաւ, որ շուտով եկար:

Թիւթիւնճի-օղլուն առեց ծխաքարշը, լցրեց թաբակով եւ սկսեց ծխել. նորա դէմքի վերայ երեւում էր իսկոյն մի տղայական հպարտութիւն, մի բարակ ժպիտ պատճառուած այն բանից, որ պարոն Շահումեանցի նման մարդը ճաշով պատուասիրել էր նորան: Թէպէտ Թիւթիւնճի-օղլուն շատ այն տեսակ մարդերից չէր, որ ամենայն բան զոհում են մի հարուստի ժպիտին կամ կիսաքաղցր, կիսաթթու խօսքին, չեմ ասում, դեռ եթէ մի այդպիսի պարոն ճաշի կանչէ իւր մօտ, մեծ շնորհ է ռամկական կարծիքով. ճշմարիտ է. Թիւթիւնճի-օղլուն, եթէ մի րոպէ ուրախանում էր, կամ այս մտածութիւնը եւս գալիս էր միտքը, որ արժանի է եղել պարոն Շահումեանցի սեղանին, միւս րոպէումը իսկոյն անձնաճանաչութիւնը հրամայում էր լափ դնել այդ ուրախութեանը, զգացուցանելով, թէ այդ մի մեծ արժանաւորութիւն չէր մի մարդու համար, եթէ նա սեղանակից էր եղած մի հարստականի:

Թիւթիւնճի-օղլուն լաւ գիտէր, որ մարդու արժանաւորութիւնը ժանգոտ ոսկու ու արծաթի վերայ չէր, այլ մաքուր սրտի եւ առողջ բանականութեան վերայ, որի առաջնորդը էր խղճմտանքը, բայց ի՞նչ առնես, կան րոպէներ մարդու կեանքի մէջ, որ նման չէին նորա ամբողջ կեանքի բնաւորութեանը:

Այսօր մեր փեսայ Մկրտիչը եկել էր մեր մօտ, վեր առեց կինը, եւ գիտե՞ս ինչ պատճառով:

Գալը եւս չգիտեմ, ոչ թէ պատճառը, պատասխանեց Թիւթիւնճի-օղլուն ժպտելով եւ միտքը ամենեւին չհեռացնելով այն օրուայ ճաշկերութենից:

Նա եկել էր, շարունակեց կինը, որ խնդրէ քեզանից, որ դու այս եօթն շաբաթի մէջ ամուսնացնես Մանուշակը նորա հետ:

Ի՞նչ շտապելու բան կայ, հարցրեց Թիւթիւնճի-օղլուն, փոքր ինչ անհանգստացած:

Ասում է, թէ Յիսնակին Ղրիմ պիտի երթայ եւ մինչեւ զատիկ այնտեղ պիտի մնայ, իսկ առաջի պսակներին Սուրբ Կարապետ պիտի երթայ:

Լաւ հաշիւներ են. այսպէս պիտի առնէ, այնպէս պիտի առնէ, բայց հարցրե՞լ է ինձ, խնդրե՞լ է իմ համաձայնութիւնը: Ես գալոց ամառից յառաջ, չեմ կարող հարսանիք առնել, ինչպէս կամի, թո՛ղ գնայ գայ երթալու տեղերը, յետոյ տեսանենք Աստուած ի՛նչ կը տայ, ասաց Թիւթիւնճի-օղլուն համարեայ թէ բարկացած, դու ի՞նչ ասացիր, յաւելացրեց նա:

Ես ասացի, որ առանց քո հետ խօսելու չեմ կարող կտրական բան ասել:

Շատ լաւ ես ասել. եթէ միւս անգամ գայ, ասա՛ նորան, որ ամառից յառաջ չենք կարող, եւ արդարեւ չենք կարող, արծաթ չկայ. ես ստանալիքներ ունիմ, որոց ժամանակը յուլիսին է, դու այս մասին բան մի՛ ասա, միայն թէ ժամանակ չունինք այժմ, թո՛ղ փոքր ինչ համբերէ, երբեւիցէ Մանուշակս նորանն է:

Այս խօսքերի վերայ Մանուշակի կուրծքիցը դուրս թռաւ մի խոր հառաչանք, որ ծնողքը չնկատեցին, խորացած լինելով իւրեանց առարկայի մէջ, որի մասին խօսում էին:

Այս միջոցին աղախինը ներս բերեց թէյի մեքենան. Մանուշակը վեր կացաւ տեղից թէյ պատրաստելու համար:

Հազիւ թէ անցել էր քառորդ րոպէ, պարոն Շահումեանցը ներս մտաւ: Թիւթիւնճի֊օղլուն տեսածովը իսկոյն յառաջ գնաց, «հրամայեցէ՜ք, հրամայեցէ՜ք, պարոն Շահումեանց»:

Շահումեանցը առանց խօսքի, միայն գլխի շարժելովը շնորհակալ լինելով Թիւթիւնճի-օղլուցը, աչքը մին ձգեց Մանուշակի վերայ, որ հանդիպելով նորա հայեացքին իմաց տայ, թէ ամբողջ ստացած էր նորա նամակը. այնպէս եւս պատահեցաւ, թէեւ Մանուշակը տարակոյս չունէր նորա ստանալու վերայ, պատճառ, հայրը պատմել էր աղքատ պառաւի անցքը, բայց Շահումեանցը չգիտէր Մանուշակի գիտենալը եւ այս յամրախօսութիւնը այնպէս շուտով կատարուեց, որ ոչ ոք ոչինչ չհասկացաւ, պատճառ, Շահումեանցը համարեայ թէ ներս մտածովը ողջունեց եւ տիկին Թիւթիւնճի-օղլուն եւ Մանուշակը:

Ինչպէ՞ս է ձեր առողջութիւնը, հարցրեց Շահումեանցը տիկին Թիւթիւնճի-օղլուից:

Փառք Աստուծոյ:

Շատ ուրախ եմ:

Այդ դատարկ բաներ են, կտրեց խօսքը Թիւթիւնճի-օղլուն, թող նոքա իւրեանը թէյովը պարապին, մէք մեր բաներիցը խօսենք եւ ժամանակը չկորուսանենք զուր տեղը:

Թող այդպէս լինի, պատասխանեց Շահումեանցը:

Մանուշակը ժպտեցաւ քթի տակից, չգիտեմ հօր քաղաքավարութեան վերայ, թէ Շահումեանցի յանձնառութեան վերայ, բայց առաւել հաւանական է վերջինիս, պատճառ, Մանուշակը մահացու մեղք էր համարում ծիծաղել ծնողքի վերայ, թէեւ որչափ ես պակասութիւնը ունենային Ճշմարի՛տ է, նա երբեմն մեղադրում էր նորանց վատ սովորութիւնքը, բայց այդ սովորութիւնքը Թիւթիւնճի-օղլուի անձնական սովորութիւնքը չէին, այլ քաղաքի սովորութիւնքը. այս պատճառով Մանուշակը մեղադրելով իւր ծնողքը, չէր դատապարտում իւր անձը ստահակութեան մէջ, որովհետեւ նա մեղադրում էր քաղաքի սովորութիւնը:

Ի՞նչ է մարդը, հարցրեց Շահումեանցը, այս երեկոյ ես կամենում եմ խօսել այս հարցմունքի վերայ, պատճառ, առաւել մօտ է մեզ, եւ ամենայն բանից հարկաւոր է իմանալ, թէ ինչ էինք մէք:

Ի՞նչ կողմից կամենում ես, որ պատասխանեմ քեզ, ասաց Թիւթիւնճի-օղլուն, այսինքն...

Ամենայն կողմից, կտրեց խօսքը Շահումեանցը, տեսանելով, որ կակազում է Թիւթիւնճի-օղլուն, պատճառ, մինը առանց միւսին անկատար էր:

Չէ, ասաց Թիւթիւնճի-օղլուն, ես կամեցայ ասել, թէ մարդու արժանաւորութեան վերայ է հարցմունքդ, թէ նորա կազմուածքի:

Ես հարցանում եմ մարդը, նորա ինչ լինելը, նորա կազմուածքը քեզ պէտք չէ եւ հանդէս չունի մեր խօսակցութեան մէջ. ի հարկէ, եթէ դու ասես մարդու ինչ լինելը, այն ժամանակ պիտոյ է ասես նորա եւ արժանաւորութիւնը եւ պակասութիւնը:

Իմ կարծիքով, սկսեց Թիւթիւնճի-օղլուն, մարդը կենդանի է, բայց հոգի ունի, բանականութիւն ունի եւ նորա արժանաւորութիւնը այս է գլխաւորապէս, այլեւ պատկեր է Աստուծոյ:

Փոքր ինչ նման պատասխանեցիր, բայց ոչ կատարեալ. պատճառ, մարդու հոգի ունենալը, բանականութիւն ունենալը մի յարաբերական արժանաւորութիւն է, եթէ համեմատելու լինենք նորան այլ կենդանիների հետ, որ չունէին այդ բաները, բայց ինքն ըստ ինքեան դեռեւս չկայ դորայ մէջ մի ընդհանուր արժանաւորութիւն, պատճառ, դու չես ասում այդ արժանաւորութիւնների որակութիւնքը:

Որովհետեւ դու հարցրեցիր ինձանից, թէ ի՞նչ է մարդը ընդհանրապէս, ես եւս քեզ նոյնպէս պատասխանեցի:

Ես սկզբումը եւս ասացի, թէ մարդ հարցանելով, կամենում եմ, որ դու պատասխանես ինձ նորա մասին կատարելապէս, նորա արժանաւորութիւնքը եւ պակասութիւնքը, ոչ թէ համեմատելով այլ կենդանիների հետ, որոնք ստոր էին, քան թէ մարդը, այլ ընդհանրապէս, նորա վախճանը եւ նպատակը, մի խօսքով մարդը ամենայն կողմից, դարձեալ կրկնւմ եմ` ոչ ֆիզիկական կողմից, այլ բարոյապէս եւ հոգեբանաբար:

Ես շատ խորունկները չեմ մտանում, պատասխանեց Թիւթիւնճի-օղլուն ես միայն գիտեմ վերջապէս, որ մարդը պատկեր է Աստուծոյ:

Եւ այդ պատկեր լինելը դու ի՞նչ տեսակ ես հասկանում, մարդը նման է Աստուծո՞յ. այդ անկարելի է, եւ ապացոյց չկայ. եթէ հոգու կողմից ես ասում, ես մասնաւորապէս ընդունում եմ, իսկ ընդհանրապէս ո՛չ: Մի՞թէ քո կարծիքներով ամենայն մարդ որ հոգի ունի, պատկեր է Աստուծոյ. մի՞թէ մի չարագործ, մի աւազակ, մի մարդասպան կարող է համարձակուիլ ասել, թէ Աստուծոյ պատկեր էր:

Չարագործութիւնը եւ յանցանքները այլ բաներ են, պատասխանեց Թիւթիւնճի-օղլուն. նա նորանց փոխանակ պատիժ կը ստանայ, բայց Աստուծոյ պատկեր լինելը ես միշտ ընդունում եմ:

Սխալ է, ասաց Շահումեանցը, եւ դորայ պատճառը այն է, որ դու չգիտես, թէ ի՞նչ է մարդը, նորա արժանաւորութիւնը եւ պակասութիւնը. եթէ այս գիտենայիր, ապա դու ինքդ կ՚ասէիր, թէ արժանաւոր մարդը միայն պատկեր է Աստուծոյ, իսկ անարժանը ամենեւին ոչ:

Այս միջոցին Մանուշակը, հասարակ սկուտեղի վերայ դրած թէյի բաժակները, բերեց Շահումեանցին. սա պատուել կամենալով տանուտէրը առաջարկեց, որ յառաջ Թիւթիւնճի-օղլուն առնու:

Այդ ի՞նչ բան է, կանչեց Թիւթիւնճի-օղլուն, ես տան մարդ եմ. խնդրե՛մ հրամայեցէք, ի՞նչ ասել է փոխանակ տան տէրը հիւրին պատիւ տալու, հի՞ւրը պիտոյ է պատուէ տան տիրոջը:

Չէ՞, ասաց Շահումեանցը, ես պատւում եմ քեզ. ո՛չ թէ իբրեւ տան տէր, այլ իբրեւ ինձանից առաւել հասակաւոր, մէք հրաման ունինք Աստծուց ծերը պատուելու:

Թիւթիւնճի-օղլուն ուրախացաւ եւ մի փոքր փչուեց եւս իւր միջում: Բայց չկարծեմ, թէ Շահումեանցը այս մտքով ասած լինէր, այլ առաւել շուտ կարելի էր կարծել, որ եթէ Թիւթիւնճի-օղլուն երբեմն կարծիքների անհամաձայնութեան վերայ հեռանում էր սրտով Շահումեանցից, թէեւ ակամայ, որպէսզի վերջինս այսպիսի քաղաքավարութենով ներկէ նորա աչքերը:

Մէք միշտ պարտական ենք հասակը պատուել, եւ այս բնական օրէնք է, պատճառ, ծերը երիտասարդից կանուխ է, եւ ծերերն էին երիտասարդների գոյութեան պատճառը, շարունակեց Շահումեանցը:

Յատուկ շնորհակալ եմ, որ այդպէս սէր ցոյց ես տալիս ինձ, պատասխանեց Թիւթիւնճի-օղլուն, եւ մանաւանդ շնորհակալ եմ, որ հիւրի նման չես վարւում իմ տանս, այլ իբրեւ քո տանը:

Եթէ թոյլ կը տաք, ասաց Շահումեանցը, ես պատիւ կը համարիմ, խօսքը եղաւ սորա պատասխանը

Բայց այս խօսակցութեան մէջ արդէն սկսած լինելով խմել թէյը, խօսակցութիւնը կտրուելուց յետոյ, մի երկու վայրկենում աւարտեցին:

Մանուշակը, որ աչքերը տնկած նայում էր հօր եւ Շահումեանցի բաժակներին, իսկոյն վեր առեց, երբ աւարտել էին խմելը: Երկու րոպէ չքաշեց նոր լցրած բաժակներ յայտնուեցան երկուքի առաջեւում եւս:

Ուրեմն, պարոն Շահումեանց, ասաց Թիւթիւնճի–օղլուն, հասկացո՞ւր ինձ մարդու ինչ լինելը:

Շատ բարի, պատասխանեց Շահումեանցը, փոքրիկ արծաթի դրգալով թէյը խմելով, նորա քաղցրութիւնը փորձելու համար. բայց երբ խմեց, խնդրեց Մանուշակից, որ փոքր ինչ ջուր յաւելացնէ վերան․ պատճառը, շատ քաղցր էր:

Իմը քաղցր չէ, ասաց Թիւթիւնճի—Օղլուն, ուրեմն եւ քոնը քաղցր չէ: Մանուշակը երկուքի մէջ եւս հաւասար շաքար էր ձգած, այնպէս չէ՞, Մանուշակ:

Հրամերէ՛ք, հայրի՛կ, ասաց նա, բայց կարմրեց սաստիկ, երբ մտածեց, թէ արդարեւ գիտութեամբ քաղցր էր շինել Շահումեանցի թէյը: Բայց Շահումեանցը վերստին խնդրեց, որ փոքր ինչ ջուր յաւելացնեն, պատճառելով, թէ ատամները ցաւում էին, եւ չէր կարող քաղցր բան գործ ածել:

Այդ ուրիշ բան է, ասաց Թիւթիւնճի–օղլուն, ա՛ռ Մանուշակ եւ յաւելացուր փոքր ինչ ջուր:

Շահումեանցը քաղաքավարի կերպով շնորհակալ եղաւ Մանուշակի աշխատութեան մասին, եւ համը նայելով թէյին, ասաց.

Ահա այժմ լա՛ւ է:

Եւ ճշմարիտ, որ կիսով չափ դատարկել էր Մանուշակը բաժակը, եւ նորա փոխանակ յաւելացրել էր ջուր եւ թէյ, որով հազիւ թէ գտել էր իւր կարգը, նշանակում է թէ որքա՞ն շաքար պիտոյ է ձգած լինէր, մի՞թէ մօտի մարդիկը չէին նկատում այս բանը:

Ո՞վ կար, որ նկատէր: Հայրը Շահումեանցի հետ նստած էին սեղանի մի ծայրը սոֆայի վերայ, իսկ Մանուշակը իւր մօր հետ միւս ծայրը աթոռների վերայ․ թէյի մեքենան խափանարկու էր Թիւթիւնճի–օղլուին տեսանել այս շռայլութիւնը, իսկ Մանուշակի մայրը վաղուց ահա աչքերը փակում էր, մինչ սկսել էին Շահումեանցը եւ Թիւթիւնճի-օղլուն խօսել իւրեանը սովորութենով: Թիւթիւնճի–օղլուի կինը, ինչ մեղքս պահեմ, շատ զզուած էր այս բանից, բայց ո՞վին ասէ․ եթէ մի խօսք եւս ասել էր Թիւթիւնճի–օղլուին, նա կատաղելու էր, իսկ աղջիկը ընդունելու չէր այս քամահրանքը այն խօսակցութեան վերայ․ այս պատճառով միշտ երբ սկսում էին այսպիսի խօսակցութիւնք, նա վրէժը հանում էր նորանով, որ չէր լսում, այլ քանի մի անգամ բերանը բանալուց եւ փակելուց յետոյ, վեր էր կենում եւ գնում իւր ննջարանը քնելու:

Մարդը մի այնպիսի էակ է, սկսեց Շահումեանցը, որ կարողութիւն ունի ճանաչել եւ քննել ինքը իւր անձը, ուրիշները եւ ամբողջ աշխարհը: Մարդը հոգի ունի, ինչպէս ասացիր, բանականութիւն ունի եւ գլխաւոր սոցայ մէջ, սոցայ դատաւոր եւ առաջնորդ, խիղճ ունի: Մարդը ազատ է ճանաչել բարին եւ չարը, գործել մինը եւ հեռանալ միւսից, կամ ընդհակառակը: Բայց եթէ դէպի չարը գործ գրեց իւր ազատութիւնը, եթէ ճանաչելով չարը հետեւեցաւ նորան, այն ժամանակ մարդ չէ, այլ գազան, պատճառ, գազանները իւրեանը բնական ազդեցութեանը հետեւելով, գործում են ամենայն ինչ առանց այս եւ այն կողմը նայելու: Մարդը կը լինի արժանաւոր, եթէ նա Աստուծուց ստացած քանքարը աճեցնէ, եթէ նա այն բանական հոգին, որ ստացել էր Աստուծուց, լուսաւորէ. եթէ նա այն մտքի անդաստանը, որ նոյնպէս Աստուծոյ տուրքն էր, մշակէ եւ պտղաբեր շինէ. եթէ նա վերջապէս հնազանդ մնայ եւ ականջները սուր պահէ խղճմտանքի ձայնի առաջեւ, եւ ոչինչ այնպէս բան չգործէ, որ խղճմտանքը խածատէր եւ վիրաւորէր նորա հոգին:

Այս բոլոր կանոնները ծնուցանում են մի կանոն, որ ողջից մեծն է, սէր, այս է մարդուս արժանաւորութիւնը, մէք գիտենք, որ Աստուած սէր է, եւ ով որ սիրու միջում է բնակում, Աստուծոյ մէջ է բնակւում, ով որ սէր ունի իւր սրտում, Աստուած ունի իւր մէջ: Մարդը պատկեր է Աստուծոյ այն պատճառով, որ կարող է սիրել, եւ այս ոչ այնպիսի սէր է, որ գազանք եւս ունէին իւրեանց ձագերի վերայ, այն բնական ազդեցութիւն է, այլ այս մի անսահման բան է, այնպէս, որ շատ անգամ հարկաւոր կը լինի արժանաւոր մարդուն կեանքը դնել սիրու համար: Մէք ինչպէ՞ս կը լինէինք Աստուծոյ պատկեր, եթէ նա սէր է, իսկ մէք միանգամայն մարմնացեալ ատելութիւն, եթէ կամենում ենք նմանել Աստուծոյ, ապա պիտոյ է եւ նորա գործերը եւս գործէինք: Մարդը կը հասանէ եւ կը ճանաչէ այս սիրու խորհուրդը այն ժամանակ, երբ լուսաւորել էր իւր հոգին եւ աճեցուցել էր Աստուծուց ստացած քանքարը, առանց լուսաւորութեան սէր չկայ, եւ այս բարոյական լուսաւորութեան աղբիւրը Աւետարանն է: Եթէ մի մարդ մի գաղափար կամի ստանալ սիրու, ընկերասիրութեան, մարդասիրութեան եւ միաբանութեան վերայ, թո՛ղ կարդայ Աւետարանը․ նա կը տեսանէ այնտեղ, որ այն Աւետարանի հեղինակը ինքը, այն մարդկութեան Փրկիչը, այնքան սիրել է մարդկային ազգը, որ նորան ծառայութենից փրկելու համար չէ խնայել իւր արիւնը եւ կեանքը, եւ մարդկային ազգը ազատ կացուցանելու աղագաւ, ինքը մեռել է խաչի վերայ աւազակների  մէջ: Նորա քարոզութիւնը, աւանդած կրօնը հիմնուած է սիրու վերայ: Բայց սիրել միայն իւր մերձաւորքը, ազգականքը, հայրը, մայրը, կինը, որդին եւ այլն, այդ չէ միայն քարոզում Քրիստոս, եւ այդ դեռ կատարեալ սէր չէ. մէք պարտական ենք սիրել մեր ընկերը, պարտական ենք սիրել ամբողջ մարդկութիւնը, առանց խտրելու, թէ այս ոք հեթանոս էր, միւսը հրէայ, միւսը մահմեդական եւ այլն, եւ այլն, բոլորն ի միասին մի հօր որդիք ենք. բոլորն ի միասին մարդկութեան անդամ, լաւ կամ վատ անդամ եւ այս լաւերի վերայ պարտականութիւն կայ այն վատերը եւս լաւ շինել: Ինչո՞վ, ի՞նչ կախարդական գաւազանով: Կախարդական գաւազանո՞վ. գաւազան պէտք չէ մարդկութեանը, նա գազան չէ, այլ սէր. սէր, որ աստուածային հոգի է, որ քարը եւս կը հալեցնէ, որի ընդդէմ սուրերը բթանում են, կրակները շիջանում: Իւրաքանչիւր մարդ, եթէ նա կամենում էր յարգելի կացուցանել իւր մարդկութիւնը, պիտի սէր ունենայ, պիտի սիրէ իւր ընկերը, ազգը եւ մարդկութիւնը առհասարակ: Ապրել միմիայն իւր համար, գազանին է սեփական, արծաթ հաւաքել, հարստութիւն ճարել, այդ եւ մրջիւնն է առնում, նա ամբողջ ամառը սերմեր է հաւաքում իւր ամբարի մէջ ձմեռուայ համար, եւ դեռեւս այնքան, որքան հարկաւոր էր, եւ ոչ արծաթասէր մարդերի նման, որոնց հաւաքելուն մի չափ ու սահման չկայ, այնքան կը հաւաքեն, որքան կարող էին: Արծաթ հաւաքելը մեղք չէ, եթէ նա դէպի չարը գործ չդնէ այն, եթէ նա օգնէ իւր ընկերին, եթէ նա այն արծաթովը օրհնութիւն դնէ եւ բարի յիշատակ ժառանգէ, եթէ նա խնամակալ լինի իւր աւելորդ արծաթը գործ դնել չքաւորների անտէր եւ անտիրական զաւակները սնուցանելու եւ կրթելու, եթէ նա աշխատի նուիրաբեր լինել մարդկութիւնը լուսաւորող գանձանակին:

Այս ամենայն բանը մարդ կարող է առնել, եթէ կամենայ, բայց շատ անգամ մի մարդ չէ կարող մեծ գործ կատարել, դորայ ճարը կայ` սէրը, միաբանութիւնը: Այն, ինչ որ մինը չէ կարող, տասը կարող են եւ կայ մի այնպիսի բան, որ տասին եւս կարող է մի շինել, սէրը եւ միաբանութիւնը, այս է մարդը եւ նորա արժանաւորութիւնը․ այսպիսի դիպուածում նա Աստուծոյ պատկեր է, ապա թէ ոչ, առանց Աստուծոյ գործերը գործելու եւ դեռեւս լցուելով ամենայն տեսակ մոլութեններով ասել, թէ «աստուծոյ պատկեր եմ» սուտ բան է, եւ այդտեղ պատկերի բան չկայ: Ահա մեր հայեացքը մարդու եւ մարդկութեան վերայ, վերջացրեց խօսքը Շահումեանցը, տեսանելով, որ տիկին Թիւթիւնճի—օղլուն վաղուց ահա գնացել է քնելու:

Այս խօսակցութիւնից յետոյ խմեցին թէյի վերջին բաժակը, եւ Թիւթիւճի–օղլուն նոյնպէս, ինչպէս առաջ, ուրախ էր այս խօսքերի  բայց Շահումեանցը քիչ մնաց, որ պիտի բարկացնէր նորան մի բանով, բայց այդ բանի մէջ արդարեւ մեղաւոր չէր Թիւթիւնճի–օղլուն, նա այնպէս մարդ չէր, եւ աշխարհը կը վկայէր, որ նա կեղտոտ բաներ չէր սիրում:

Կան մարդիկ, խօսեց Շահումեանցը, որ միմեանց բարեւ տալ–առնուլը, կամ ղահուէտնումը թուղթ խաղալը միմեանց հետ, սէր են համարում, եւ կարծում են դեռեւս, թէ շատ սէր հասկացող մարդիկ լինելով, իրաւունք ունէին Աստուծոյ նմանել: Այդ ի՞նչ սէր է, որ դուք դնում էք այդտեղ ժամանակը մի կերպ կորուսանելու համար նստում էք թուղթ խաղալու, կամ միւսները որպէս թէ չունէին այդ կեղտը եւ սուրբ ձեւանալով նստում են մի անկիւնում եւ, գլխներին հաւաքելով մի քանի թերահաւատ մարդիկ, ծակ մարգարէութիւններ են առնում, գուշակում են հազար վերստերով հեռի քաղաքների մէջ պատահելու անցքը... Եւ դրականապէս սպասում են այդ անցքին եւ ուրիշներին եւս համոզում են սպասել, ինչպէս աստղաբաշխքը իմանալով մի մոլորակի մի նշանակեալ տեղ գալը, սպասում են րոպէ առ րոպե․ սպասում է եւ ամբողջ քաղաքը նոցայ հետ: Մի՞թէ այդպիսի դատարկաբանութիւնը սէր է, քաւ լիցի․ սէրը այդպէս յիմար բան չէ, նա Աստուած է, ուրեմն այդպիսի կեղտոտ եւ մրոտ բաների մէջ սէր չէ կարող լինել:

Դու կարելի է ունիս հիմնաւոր պատճառ խօսելու ուրիշ մարդերի վերայ, բայց ինձ ինչո՞ւ ես մէջ խառնում, դուք ասելով, որպէս թէ ես եւս այդ դատարկաբան մարդերից էի:

Ճշմարի՛տ է, այնտեղը, ղահուէտունը մի այնպիսի դատաստան է, ուր դատւում են ամենայն մարդիկ, շատ մեծերից բռնած մինչեւ վերջը: Ամենայն մարդ իւր կարծիքն է ասում․ ի հարկէ նոցայ աչքով խելօքը նա է, որ մի նոր եւ դժուարահաւատալի բան ասէ. բայց հաւատա՛յ ինձ, պարոն Շահումեանց, ես այն մարդերից չեմ. ես, թէ գնում եմ այնտեղ, գնում եմ մի քանի պատուելի ծերունիների հետ տեսութիւն առնելու, կամ մի անմեղ թղթախաղ խաղալու առանց վճարի, կամ թէ շատ շատ մի բաժակ ղահուէով, որի արժողութիւնը գիտես: Ես ինքս, շատ ժամանակ, լսելով մի քանի մարդերի խօսակցութիւնները, որ իւրեանց շատ վեր մարդ են համարում եւ այնպէս բարակ, որ եթէ դորանց հրաւիրէին տէրութենական գործով մի այլ թագաւորութիւն դեսպան գնալու, հրաժարուելու չէին այդ ծանր պաշտօնից, այդպիսիներին շատ անգամ ասում եմ, որ ձեռք վեր առնուն իւրեանց սուտ փիլիսոփայութենից, եւ քան թէ այդպիսի բաներով, այսինքն սորան նորան բամբասելով, մանաւանդ պարապին մտածելով օգուտը իւրեանց ազգի եւ եկեղեցու, այլեւ աշխատին ճանաչելով իւրեանց տգիտութիւնը, ճանաչել եւ իւրեանց չափը եւ չմոռանալ պատշաճը:

Մօտաւորութիւնը, առանց բարոյական եւ օգտակար խորհրդի, որ լինում է ղահուէտան մէջ, սէր կամ ընկերասիրութիւն չէ: Նոքա հաւաքուած են այնտեղ, դատարկարանութենով, բամբասանքով վատնելու այն ժամանակը, որ տուել է Աստուած բարի առնելու, Աստուած սիրելու, մարդկութիւնը սիրելու համար, նոցայ խորհուրդը այն չէ, որ այդ մտաւորութենից մի բարոյական օգուտ ծնանէր. եթէ դոցայ այդ տեղ ժողովուիլը սէր կամ ընկերասիրութիւն պիտոյ է ասուի, ուրեմն սէր եւ մարդասիրութիւն է, եթէ ես, մի գաւաթ արաղ խմելու համար մտանեմ գինետուն եւ խօսիմ արաղավաճառի հետ... Ուրեմն այդ Աստուծոյ պատուէր կատարե՞լ է, քա՛ւ լիցի:

Ճշմարիտ է ասածդ, խօսեց Շահումեանցը, բայց ես դուք ասացի նորա համար, որ դուք եւս գնում էք ղահուէտուն, եւ ոչ նորա համար, որպէս թէ դուք եւս կցորդ էիք այդ դատարկաբանելու խելագարութեանը, որ մի տեսակ տենդի նման տարածուած է մի քանի վայր ի վերոյ մարդերի մէջ: Չասացի դարձեալ ձեր այնտեղ գնալը դատապարտելու մտքով, պատճառ, հասարակութեան մէջ երեւել, դատապարտութեան արժանի գործ չէ, թէեւ գտնուէին այդ հասարակութեան մէջ, որ ժողովում էր ղահուէտնում, մի քանի անբարոյական մարդիկ, բայց մի՞թէ չկային այնտեղ եւ լաւ մարդիկ, շա՜տ, եւ ի՞նչ իրաւունք է ասել, թէ ամենեքեան անարժան էին, թէ ամեններից եւս փախչել էր հարկաւոր:

Բայց այս երեկոյ մեր խօսակցութիւնը փոքր ինչ երկարեց․ արդէն իններորդ ժամն է. ներեցէ՛ք, որ գլուխ ցաւեցուցի...

Ի՞նչ էք հրամայում, կտրեց խօսքը Թիւթիւնճի-օղլուն, ես շատ ուրախ եմ, եւ ցանկանում էի միշտ միասին լինել ձեր հետ, եւ խօսել այսպիսի բաների վերայ․ չգիտէք, թէ որքան ուրախացուցիք ինձ ձեր գալովը:

Յոյս Աստուած, որ մեր խօսակցութիւնը եւ բարեկամութիւնը լինի յարատեւ... Բայց այժմ, ներեցէք ինձ, ժամանակն է գնալու:

Ես չեմ համարձակւում ձեզ արգելք լինել․ ինչպէս ձեզ հաճոյ է:

Ուրեմն, մնացէք բարեա՛ւ:

Երթաք բարեաւ, շատ շնորհակալ եմ:

Այս ասելով, մի ճրագ Թիւթիւնճի-օղլուն, միւսը Մանուշակը ձեռքերը առած, ճանապարհ էին ձգում Շահումեանցը. բայց վերջինս, ամենեւին չհամաձայնեցաւ, որ Թիւթիւնճի-օղլուն, աշնան խառն եղանակներում դուրս գայ, թէեւ շատ ցանկանում էր:

Ուրեմն, Մանուշակ, լոյս արա այստե՛ղ, սանդուղների վերայ

Մնացէք բարեա՛ւ, լսուեցաւ Շահումեանցի ձայնը վերջին անգամ։

Երթաք բարեա՛ւ, պատասխանեց նորան Թիւթիւնճի-օղլուն, դուռը փակելով:

Մանուշակը ճանապարհ ձգած Շահումեանցին, ճրագը ձեռքին ետ դարձաւ. նամակի պատասխանը գոգնոցի գրպանում էր:

Երբ նա ներս էր մտած, Թիւթիւնճի-օղլուն պատրաստւում էր արդէն գնալ անկողին․ այս պատճառով եւ Մանուշակը միւս ճրագը առած ձեռքը, գնաց իւր ննջարանը, անորոշ զգացմունքով:

Մտանելով իւր ննջարանը, դուռը փակեց իսկոյն, եւ սկսեց կարդալ Շահումեանցի նամակը, այսպէս.

 

Օրիորդ Թիւթիւնճի–Օղլու Մ...

Հոգուս ցանկալի.

Աղքատի ձեռքով ուղարկած նամակդ կարդացի եւ շատ ցաւեցայ, որ այդպէս վրդովուած էր քո հոգու խաղաղութիւնը: Ես քեզ խօսք տուել եմ եւ հաստատ եմ իմ խօսքիս․ եթէ դու եւս հաստատ ես քո վերայ, ուրեմն էգուց երեկոյ, տասն եւ մի ժամին, ես կը գամ ձեր պարտէզը եւ կը սպասեմ քեզ, մի վճռական խօսք լսելու համար:

Որովհետեւ մի քանի բան ունէի քեզ ասելու յառաջ, քան թէ ամուսնացած էինք, այս պատճառով անհրաժեշտ հարկաւոր է մեր առանձնախօսութիւնը, որից յետոյ պիտոյ էր ինձ առարկայ բանալ իսկոյն քո հօր հետ այս մասին, եւ պսակել մեր փափագը:

Քեզ միշտ սիրող ու սրտով պաշտող

Գ. Շահումեանց:

 

Մանուշակը, կարդալը աւարտելով, համարեայ թէ գունաթափուեցաւ. նամակը չէր պարունակում իւր մէջ սիրայայտ խօսքեր եւ դարձուածներ: Նա տեսանամ էր այստեղ մի սառնութիւն, եւ Շահումեանցի խօսել եւ լսել կամենալուցը եզրակացնում էր, թէ նա պատճառների էր ման եկել իւրեան (Մանուշակը) մի կերպով գլխից ցանելու. պատճառ, Մանուշակը մտածում էր, թէ յայտնապէս հրաժարուիլ եւ ստել իւր խոստմունքը, չէ՛ր կարող Շահումեանցի նման ազնիւ սիրտ ունեցող մի մարդ:

Մանուշակը կէս երկիւղի եւ կէս յոյսի մէջ քնեցաւ, ամենակալ տիրոջը յանձնելով իւր անձը: