Գեղարուեստական արձակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Թ․

Մահտեսի Թովմասի տանը կային շատ հիւրեր, արք եւ կանայք, երբ ներս մտաւ կոմս էմմանուէլը: Մի փոքրից յետոյ կը ծանօթացնեմ իմ ընթերցողքը Մահտեսի Թովմասի տան հետ, այժմ թողէ՛ք, որ չկտրեմ բանի թելը:

Կոմսը ներս մտած, չմտած, բոլորեքեան ամբոխուեցան, վեր կացան տեղերից եւ օրիորդ Մարիամը նոյնպէս դադարելով երգելուց եւ ածելուց, սկսեց ողջունել նորեկ հիւրը: Կոմս էմմանուէլին շատ անախորժ երեւեցաւ այս․ ըստ որում այնտեղ, ուր մտանում ես, որպէս մի մօտ ծանօթի տուն, շատ անտեղի են արտաքին քաղաքավարական արարողութիւնքը:

Կոմս էմմանուէլը բոլորին ողջունելուց յետոյ դէմքը դարձուց դէպի օրիորդ Մարիամը եւ ասաց․ Ես յատկապէս ներս մտայ, որ լսեմ «Տէր կեցո»ն, բայց դուք դադարեցաք իսկոյն: Այժմ կրկնապատիկ եղաւ իմ ցաւը, նախ, որ ես չեմ լսում, երկրորդ, որ իմ անակնկալ ներս մտանելու պատճառով այս արգոյ հիւրերը եւս զրկուեցան այդ քաղցր երգի վայելքից, որ շատ գեղեցիկ երգում էք:

Խնդրեմ, առանց հաճոյախօսութեան... ես ի՛նչ երգող իմ, այսքան հրապարակի մէջ, ամօթ է մինչեւ անգամ իմ պէսին երգել, պատասխանեց օրիորդը մի փոքր կարմրելով: Բայց բոլորովին սուտ էր խօսածը. նորա կարծիքը իւր երգածի մասին ամենեւին այնպէս չէր, ինչպէս կամէր հաւատացնել Կոմսին: Այս էր լաւը, որ նորա առաջեւ կանգնողը եւս շատ խաբուելու պտուղ չէր. նա ինքը մի բան սրտի վկայութեամբ ճանաչելուց եւ գնահատելուց յետոյ, հազար պարկեշտութիւն, հազար չքմեղութիւն չէին կարող փոխել նորա կարծիքը:

Ամենեւին զուր էք խօսում, պատասխանեց կոմս էմմանուէլը, եւ ես չէի կարող երբեք երեւակայել, որ Դուք ընդունակ էիք հանել բերանից` երբեւիցէ, մի անարդար վկայութիւն ձեր մասին: Առանց կեղծաւորութեան ասում եմ, դուք շատ գեղեցիկ երգում էք, եւ ոչ միայն ձեր, այլ եւ ձեր բարեկամների տան մէջ եւս կարո՛ղ էք երգել, եթէ մի խնջոյք կամ մի բան պատահի:

  Շատ շնորհակալ եմ. բայց չեմ կարող ընդունել ձեր ասածները հալած իւղի տեղ, ըստ որում ես ինքս նկատում եմ զանազան թերութիւնք իմ երգեցողութեան մէջ:

Ա՛, ա՛, ես այժմ տեսանում եմ, որ դուք կամէիք ոչինչ թերութիւն չունենալ երգելու մէջ, այդ այլ բան է. ես խօսում եմ համեմատաբար: Այո՛, կատարելութեան ցանկութիւնը մի գեղեցիկ առաքինութիւն է եւ եթէ դուք այդ աչքով նայում էք խնդրի վերայ, ուրեմն թոյլ տուեցէք ինձ ասել ձեզ իմ կարծիքը եւ խորհուրդը: Ինչքան, այսօր առաւօտ ձեր տան մէջ, եւ այժմ փողոցից լսելով, նկատեցի ձեր երգածը, ձեր կոկորդային լեա խազը կարօտ է մի փոքր մշակութեան: Եւ առ ժամանակ ես խորհուրդ չեմ տալիս ձեզ երգել այնպիսի բաներ, ուր շատ կային ցած խազեր, այդ կարող է, վնասակար լինել ձեր ձայնին: Խնդրեմ այս ասածներս ընդունել, որպէս մի բարեկամի խորհուրդ, եւ ոչ որպէս պատուէր կամ խրատ, ես առհասարակ սովորութիւն չունիմ իմ խրատնելով գլխացաւութիւն պատճառել օրիորդներին, հաւելացոյց կոմսը ծիծաղելով:

Շատ շնորհակալ եմ. ես ինքս բաւական նեղութիւն զգում եմ ցած խազեր երգելու ժամանակ, վասն որոյ իրաւունք տալով ձեր դիտողութեանը, կ’աշխատեմ օգուտ քաղել նորանից, սակայն այս է բանը, որ չեմ հաւատում, թէ կարող էի երբեւիցէ հասանել այն աջողակութեանը, որ տանելի կերպով երգէի:

Յուր անձին վերայ հաւատ չունենալը ասել է անարգել իւր անձը. իսկ իւր անձը ինքը անարգողը կորուսանում է ուրիշներից յարգանք պահանջելու իրաւունքը: Գիտէ՞ք այս, օրիորդ Մարիամ, ասաց կոմսը ծիծաղելով:

Օրիորդը շառագունեցաւ եւ զգաց վէճի աւելորդութիւնը, տեսանելով, որ բանի տեղ չէ անցնում իւր կոտրատուիլը:

Միւս կողմում, բոլոր հիւրերը կանգնած լսում էին այս խօսակցութիւնքը. երբ որ վերջացան, իսկոյն բոլորեքեան նստան իւրեանց տեղերը եւ կոմսը աթոռը մօտ քարշելով, Մահտեսի Թովմասին ասաց. Օրհնած, եթէ օրիորդ Մարիամը ունէր «Տէր կեցո»ի նօտերը, ինչո՛ւ չասացիք առաւօտ, որ մի րոպէ աւելի յառաջ վայելած լինէի այդ երգը լսելու երջանկութիւնը:

Առաւօտուն չկար, եւ մի օտարոտի բան պատճառ եղաւ, որ գնեցի երգարանը։ Մի մարդ, այսօր առաւօտ, ձեր քամակից ներս մտաւ մեր տուն, լաւ որ Մարիամը տանն էր, որ կարողացաւ ֆրանսիարեն խօսել, ապա թէ ոչ, անհնարին պիտի լինէր միմեանց հասկանալ:

Կոմս էմմանուէլը լարեց իւր ուշադրութիւնը այս պատմութիւնը լսելու համար:

Եում է այդ մարդու ազգը, շարունակեց Մահտեսի Թովմասը, բոլոր Եւրոպա ման է եկած, վերջումը պատահել է Պետերբուրգ, կարծեմ Մոսկուա եւս, այժմ ճանապարհի վերայ անցանելով այս քաղաքից, բայց ոչինչ ծանօթ չունենալով, այլեւ ստուգած լինելով, որ այստեղ շատ սակաւ մարդ կար ֆրանսիագէտ, եկել էր մեր տուն, որ ինչ ասես բաների մասին խոսէ:

Բայց նա ուստի՛ գիտէր, որ ձեր տանը կայ ֆրանսիագէտ, հարց արեց կոմս էմմանուէլը. այս շատ զարմանալի բան է, յանկարծ, ոչ այն, հազարաւոր ֆրանսիարեն չիմացող տուներից ուղղակի մեր տուն մտանել, ուր խօսում էին այդ լեզուով:

Ես եւս զարմացայ, երեւի այդպէս պատահել է... ինչեւիցէ, խնդրեցի որ նստի, արդէն ժամը տասներկուսն էր, իսկոյն ղահուէ մատուցինք, խմեց եւ խօսեց երկար միջոց Մարիամի եւ իմ հետ (Մարիամի թարգմանչութեամբ): Ինձ ասաց, որ շատ կը ցանկանար լսել մի Հայոց երգ, փորձելու համար, թէ ի՞նչ տպաւորութիւն կը գործէր իւր վերայ Հայոց երգը, ես խոստացայ լցուցանել նորա ցանկութիւնը: Մի փոքր նստելուց եւ քաղաքի որպիսութեան մասին այս եւ այն տեղեկութիւնքը հարցանելուց յետոյ, գնալու ժամանակ խնդրեց ինձանից, թէ երբ կարող էր գալ մեր տուն մի հայոց երգ լսելու համար: Ես ժամանակ նշանակեցի էգուց առաւօտ դարձեալ տասներկու ժամը, եթէ կարո՛ղ էք, դուք եւս շնորհ բերէք:

Մեծ ուրախութեամբ կը գայի, բայց կարող չեմ, որովհետեւ այդ ժամին հիւր պիտի ընդունեմ իմ մօտ, պատասխանեց կոմսը:

Ահա այս պատճառով գնացի գնեցի Հայոց երգարանը, որի մէջ Մարիամս որոնեց, որոնեց, այդ տաղից աւելի ազնիւը, աւելի հաւանելին չգտաւ:

Օրիորդ Մարիամը ցոյց է տուել դորանով իւր ճաշակագիտութիւնը, ասաց կոմսը: Ուրեմն այս սերտողութի՛ւն էր, որ կատարում էիք, շարունակեց նա դաոնալով դէպի օրիորդ Մարիամը:

Այո՛, պատասխանեց օրիորդը:

Չէ՞ կարելի, որ վերստին կրկնէք. աւելի լաւ է. Repetitio est mater studiorum [1], ասում է առածը, հաւելացուց կոմսը, ժպտելով

Ինչու՛ չէ կարելի, ասաց իսկոյն Մահտեսի Թսվմասը եւ նշանացի արեց դստերը, որ մօտ գնայ ֆօրտօպիանին:

Օրիորդ Մարիամը սկսեց ածել եւ երգել:

Երգեցողութեան ժամանակ, մի բան շատ անախորժ տպաւորութիւն գործեց կոմսի վերայ, այդ էր, որպէս հիւր նստած կանանց միմեանց հետ բարձր ձայնով խօսելը եւ ծիծաղելը, մինչեւ երբեմն երբեմն խափանելով ոչ թէ միայն երգողի այլեւ ֆօրտօպիանոյի ձայնը: Այս յառաջանում էր նորանից, որ իբրեւ ասիացիք ոչինչ հասկացողութիւն եւ համակրութիւն չունէին կանոնաւոր երաժշտութեան հետ, այլեւ չէին հասկանում տաղի խօսքերը նորա լեզուի հնութեան պատճառով [2] ։

Ցաւելի է մեր ազգի դրութիւնը ընդհանրապէս, բայց մասնաւոր արտասուքի արժանի են Հայ կանայքը: Խեղճերը բոլորովին անկիրթ եւ անդաստիարակ, համարեա թէ ապրում են միմիայն բուսական եւ շնչական կեանքով, իմացականի մասին գաղափար եւս չունին: Կարդալ, գրել, ընդհանրապէս չգիտեն, շատ չնչին բացառութեամբ: Իւրեանց տանից կամ իւրեանց բնակուած քաղաքից դուրս աշխարհ կա՞յ, չկայ, այդ մասին եւս չունին ոչինչ տեղեկութիւն: Այսպէս լինելով նոցա դրութիւնը, ի՛նչ զարմանք, որ մի տաղ կամ մի կանոնաւոր երաժշտութիւն տեղ չգտանէ նոցա սրտումը. ի՛նչ զարմանք, եթէ սառն աչքով նայեն այսպիսի բանի վերայ, առանց որեւիցէ գաղափար ունենալու ազատական արուեստների մասին: Նոքա ինչո՛վ մեղաւոր են, ո՛վ կրթեց ու դաստիարակեց նորանց, եւ նոքա իւրեանց անընդունակութեամբ չլուսաւորուեցան, կամ մնացին վայրենի հասկացողութեան վիճակի մէջ [3]: Կոմսը, իւր մի րոպէ նեղանալը դատապարտեց իսկոյն, աչքի տակ առնելով այս բոլորը: Եթէ այնքան ուժ եւ զօրութիւն ունենար մարդկային բնաւորութիւնը, որ իւր կրքի սանձը միշտ ամուր պահէր ձեռքում եւ ամենայն բանի վերայ դատաստան կատարելու ժամանակ անտես չառնէր այն հանգամանքները, որոնց մէջ գոյացել ու աճել էր դատաստանի տակ ընկած իրողութիւնը կամ անհատը, ապա ուրեմն, անտարակոյս, հարիւրին եօթանասուն պիտի փոքրանար նեղսրտելու եւ բարկանալու պատճառների թիւը:

Վերջապէս, օրիորդ Մարիամը աւարտեց իւր երգելը եւ ածելը, եւ վերստին լսելով կոմս էմմանուէլի գովեստը, շնորհակալ եղաւ նորանից, կատարելով մի խորին րեւերանս:

Տեսանենք, ասաց Մահտեսի Թովմասը, ի՛նչ ազդեցութիւն կը գործէ այս տաղը պ. Եումի վերայ:

Ի՛նչ ազդեցութիւն պիտի գործէ. նա չէ կարող ընդունել դորան, որպէս բուն հայկական ազգային երգ:

Ի՛նչ պատճառով:

Այն պատճառով, որ տաղի բովանդակութիւնը նա չէ կարող հասկանալ, ըստ որում նա չգիտէ հայերէն [4] միակ տպաւորութիւն, որ պիտի գործէր նորա վերայ, այդ էր տաղի երաժշտութիւնը եղանակը, բայց դուք եւս, ինչպէս ես, գիտէ՛ք, որ նորա եղանակը հայկական չէ: Անտարակոյս, նա ցանկացած էր լսել մի այնպիսի երաժշտութիւն, որից կարող էր մի գաղափար ծնուցանել իւր մէջ Հայոց ազգի երաժշտական ճաշակի կամ հասկացողութեան վերայ, բայց բանը այս է, որ մեք ամենեւին չունինք երաժշտութիւն:

Ապա հնուց մնացած տաղերը՞ եւ խաղերը՞:

Նոցա եղանակների մեծ մասը թուրքերից է առած․ միւսները, նայելով թէ ժողովուրդը ինչ ազգերի մէջ բնակուել էր, ուրիշներից: Ես ման գալով շատ հայաբնակ տեղեր, շատ աշխատել եմ, որ բուն հայկական մի բան կարողանամ լսել, բայց այդ բանը մինչ այժմ էլ չի յաջողուել ինձ

Եկեղեցական երգերի կամ շարականների մասին ի՛նչ է ձեր կարծիքը:

Նոցա բոլորի արմատական բնաւորութիւնը բիւզանդական է, որ եթէ այժմ, մի փոքր դուրս եւս եկել է բիւզանդական ճշտութենից, այդ պատահել է բոլորովին ակամայ: Պատճառ, երգեցողութեան դպրոց չլինելով, ամէն մարդ իւր կարողացածի կամ իւր հասկացողութեան պէս երգելով, փոքր ի շատէ հեռացել են այդ եղանակները յունական գաղափարից, թէեւ կան նոյնպէս մի քանի ձայներ, որ մինչեւ այժմ հարազատ են յունականին, զօրօրինակ երկրորդ ձայնը:

Միթէ՞ հայերը չունէին յառաջուց կրօնական երգեցողութիւնք:

Տարակոյս չկայ, որ մի բան ունեցել են, բայց հեթանոսութեան ժամանակ: Ձեզ յայտնի է, որ Հայաստանի կրօնական լուսաւորութիւնը, չորրորդ դարում կատարուած սուրբ Գրիգոր Լուսաւորչի ձեռքով, ծագում էր յունական աղբիւրից: Լուսաւորիչը մեծ եռանդով քրիստոնէութիւնը վերստին հաստատելով Հայերի մէջ, Տրդատ թագաւորի հրամանով եւ զօրքով ման էր գալիս Հայաստան, մեհեանները կռքատունները, կուռքերը քանդելու եւ կործանելու համար, մեհենական գրքերը այրելու եւ չքացնելու համար, որ հեթանոսութեան յիշատակը ես չմնայ Հայերի մէջ: Եթէ նա չէ խնայել այս պատմական յիշատակարանքը, այն հոյակապ արձանները եւ մեհենական դպրութիւնը, որ այժմ մեծ լոյս կարող էին ծագել այն խնդրի վերայ, թէ ինչպէ՛ս էր նախնի Հայկազանց հայկաբանութիւնը, կարելի՞ է, որ թոյլ տար հիմնուած եկեղեցիների մէջ, քրիստոնէական ունենար մշտելութեան յարակից եղած աղօթքները եւ միշտ երգել թէեւ հեթանոսական ժամանակից մնացած, այլ բուն ազգային եղանակներով: Եւ անհնարին էր թոյլ տալ, որ ժողովուրդը լսէ վերստին այն ձայները աղօթքի, որ դատապարտուած էին, անհնարին էր թոյլ տալ մանաւանդ այն պատճառով, որ շատ տեղեր Հայաստանում քրիստոնէութիւնը ներս մտաւ թագաւորական հրամանի ուժով, շատ տեղ սուր եւս գործ դրուեցաւ եւ մի փոքր յառաջ քրիստոնեայ կոտորող ու հալածող հեթանոս Հայերը կոտորուեցան ու հալածուեցան քրիստոնեայ Հայերից: Մի կողմից հեթանոսականը բաց ձգելով, միւս կողմից հարկաւորաբար քրիստոնէականը Յունականը պիտոյ էր ներս բերել: Բացի սորանից, շարականները կամ եկեղեցական երգերը, որ լսում ենք այժմ եկեղեցու մէջ, կէս մի գրուեցան թարգմանչաց ժամանակին, թարգմանչաց ձեռքով եւ կէս մի յետոյ․ մինչեւ տասներեքերորդ դարը յաւելանում է շարականների թիւը: Մեր թարգմանիչքը ստացան Յունաստանում, եւ ինչպէս նոցա բոլոր գրուածների ու թարգմանութենների մէջ տեսանւում է յունական հոգու ներկայութիւնը, այսպէս եւս եկեղեցական երգերի ճակատագիրը Վերջին ժամանակների երգերը. բովանդակութեամբ միայն զանազանւում են, ըստ որում ութ ձայները, ինչպէս ունի Յունաց եկեղեցին, վաղուց ահա ներս էին մտած մեր եկեղեցու մէջ: Հարկաւոր է առանց ուշադրութեան չթողուլ այն եւս, որ եթէ հայերի հեթանոսութեան ժամանակ կային մեհենական երգեր ու երաժշտութիւնը, ապա ուրեմն խեղճ ողորմելի բաներ, ըստ որում օրինաւոր բան չէին կարող ունենալ:

Ի՛նչ պատճառով:

Ո՛հ, շատ խո՛ր է դորա պատճառը, եւ որքան խոր, այնքան եւս խորին ցաւակցութեան արժանի: Ի՛նչ հարկաւոր է այժմ դորա մասին խօսք բանալ եւ տխուր մտածութեններով կամ քննութեններով ձանձրացնել եւ այս պատուելիքը, որոնք առանց տարակոյսի ախորժակ չունին տխրելու:

Ոչի՛նչ, ոչի՛նչ. մեզ ամենեւին ձանձրութիւն չէ լսել ձեր խօսակցութիւնը, պատասխանեցին մի քանի ձայներ հիւրերի միջից:

Տեսանո՛ւմ էք, ասաց Մահտեսի Թովմասը, ահա նոքա եւս ցանկանում են լսել, Մարիամս եւս հեռի չէ փախչելու լսելուց:

Այս մասին բոլորովին անընտրող էր օրիորդ Մարիամը, ըստ որում գաղափար եւս չունէր ազգութեան մասին, իւր փոքր ի շատէ կրթութիւնը ստացած լինելով մի օտար ազգի դպրոցում:

Բացի դորանից, յաւելացուց Մահտեսի Թովմասը, դեռեւս տասն ժամը չկայ, թէ տուն գնաս ի՛նչ պիտոյ է առնես, ո՛չ ապաքէն ժամանակ է, որ անցուցանում ենք, եթէ միայն ձանձրալի չէր ձեզ մեր ընկերակցութիւնը:

Բայց դուք այժմ մի՛ կարծէք, թէ ես ժամերով քարոզ ունէի այդ մասին ասելու... ո՛ւր էր այն երանութիւնը, որ հնար լինէր սրտիս վերայի եղածը դուրս տալ եւ թեթեւանալ այն անտանելի ծանրութենից, որ ճնշում է հոգիս... բայց ինչ... առայժմ այսքան ասեմ ձեզ, որ ազգային երգ, կամ առհասարակ ազգային երաժշտութիւն ասած բանը պատկանում է բանաստեղծութեան:

Անտարակոյս, պատասխանեցին մի քանի մարդիկ Մահտեսի Թովմասի հետ միասին, որով խօսակցութիւնը դարձաւ հասարակաց:

Յառաջ գնանք եւ չդադարենք սորա վերայ, շարունակեց կոմսը: Ազգերի բանաստեղծութեան միակ աղբիւրը է նոցա ազգային պատմութիւնը, այսինքն ազգի կեանքը: Ազգային է բանաստեղծութիւնը, եթէ բովանդակում է իւր մէջ ազգին պատկանած բաներ, եթէ այդ բանաստեղծութեան սկզբնական տարրը է մի իրողութիւն կամ թէ անձն, ազգին պատկանած. նոյնպէս, ազգային է բանաստեղծը, եթէ երգում էր կամ գրում էր մի այնպիսի բան, որ անմիջական յարակցութիւն ունէր ազգի հետ, ազգի իմացական եւ բարոյական կեանքի հետ. այս չէ կարելի  հերքել: Բանաստեղծութիւնը պիտի որ հոգի ունենայ, կեանք ունենայ, եւ այս կեանքը նա կարող է ստանալ մի այնպիսի բանից, որ կեանք ունէր, որ ապրում էր ոչ որպէս մի հանք կամ մի եգիպտական մումիա [5], այլ որպէս գործարանաւոր էակ յառաջ էր գնում իւր կերպարանագործութեան մէջ: Ինչպէս ազգն է, ազգի կեանքն է, այնպէս է եւ նորա պատմութիւնը, իսկ ինչպէս պատմութիւնն է, այնպէս է եւ նորա բանաստեղծութիւնը:

Մի՛ նայէք այն արտաքին զանազանութեանը, պատմութեան եւ բանաստեղծութեան մէջ, որ երեւում է մի անփորձ աչքի, թէ պատմութիւնը մի յիշատակարան է ստուգապէս կատարուած իրողութենների, կամ այդ գործերի մէջ գտանուած մարդերի, իսկ բանաստեղծութիւնը դուրս է գալիս իրական ճշգրտութենից: Այո՛, պատմութեան ասպարէզը է միմիայն իրական աշխարհը, բայց բանաստեղծութիւնը չէ կարող դորանով բաւականանալ: Նա բարձրանում է իրականից դէպի մի այլ անչափելի տարածութեամբ լայն աշխարհ մի աննիւթ կամ հոգեկան աշխարհ: Պատմութիւնը աւանդում է մեզ ամբողջ կարգ իրողութենների, որ կատարուեցան որպէս հետեւանք ազգերի կեանքի պահանջողութեան, որպէս հետեւանք այդ ազգերի կերպարանագործութեան քաղաքական հանդիսում: Պատմութիւնը քննում է այդ անցքերի բնական եւ լոգիկական պատճառները, առանց տեղ տալու իւր էջերի վերայ վերացականութեան. եւ մի իրողութեան ստուգութիւնը հաստատում է ուրիշ յարակից կամ երկրորդական իրողութենների վկայութեամբ: Իսկ բանաստեղծութիւնը օգուտ է քաղում մի ծայրացեալ ազատութենից եւ ստիպուած չէ ենթարկուիլ տեղագրական, ժամանակագրական կամ իրողութենների կատարուելու համար հարկաւոր եղած մեքենականութեան կանոններին: Արդարեւ պատմութեան եւ բանաստեղծութեան մէջ կայ այս զանազանութիւնը, բայց դա մի արտաքին բան է, եւ խոր քննելով խնդիրը, կը տեսանենք, որ բանաստեղծութիւնը եւս նոյնպէս ճշգրիտ յիշատակարան է, ինչպէս պատմութիւնը: Պատմութիւնը նկարագրում է մեզ ազգի հոգեկան կեանքի այն երեւոյթքը, որ մարմին առան ու երեւեցան իրական աշխարհի մէջ այս եւ այն կերպարանքով, բայց բանաստեղծութիւնը մարմնաւորում է, տեսանելի եւ շօշափելի կացուցանում է մեզ ազգի հոգեկան կեանքի այն երեւոյթքը, որ առանց մարմին ստանալու մնացին ազգի հասկացողութեան  մէջ որպէս լոկ գաղափար, բայց որպէս մի անհերքելի եւ որոշեալ դրոշմ ազգի բնաւորութեան վերայ:

Բանաստեղծութիւնը կատարելագործում է մեր հասկացողութիւնը ազգի հոգու կամ հոգեղէն կեանքի մասին, որ պակաս էր թողել պատմութիւնը [6]: Դիցուք թէ բանաստեղծութիւնը, պատմելով մի անցք կամ  խօսելով մի մարդու մասին, չէ պահում այդ անցքերի կարգը, գործ է դնում զանազան կամայական եւ հնարաստեղծեալ հանգամանքներ, նկարագրում է երբեմն գերբնական անցքեր ու տեսարաններ եւ այլն, բայց այս է խնդիրը․ կատարուե՞լ են այդ իրողութիւնքը, կամ, եթէ չեն եւս կատարուած, ապա, կարո՛ղ էին կատարուիլ, թէ ո՛չ: Այն գերբնական տեսարանքը, որ ո՛չ եղած են, ո՛չ կան եւ ո՛չ եւս լինելու են, բայց համաձա՛յն էին նոքա ազգի հասկացողութեանը, եւ այդ ֆանտաստիկական  գաղափարների սերմը խոր դրա՞ծ էր ազգի ուղեղի եւ արիւնի մէջ, ահա խնդիրը:

Այժմ աչքի տակ առնունք մեր ազգի կեանքը ամայի՛ անապատ, կամ ձոր Յովսափատեան տրտմութեան հովիտ․ աչքի տակ առնունք մեր ազգի պատմութիւնը, քննենք նորա քաղաքական եւ հոգեբանական կողմերը: Բայց արի տե՛ս, որ մեր ժողովուրդը պատմական ժողովուրդ չէ եւ նորա կեանքը չէ եղած պատմաբանական, կապակից եւ լոգիկական, այլ կցկտուր․ եւ այդ կեանքի շարունակութիւնը եւ ապահովութիւնը բոլորովին ապաստան մնացած արտաքին պատահմունքի: Այն փոքր ի շատէ աշխարհակալութիւնքը մեր Արշակունի թագաւորների, Հայաստանի սահմանագլխեան ցիցերի մինչեւ օտարների հողերի վերայ զարկուելը, որ մեծ խորհուրդ եւ արժէք ունին մեր գիտուն անուանուած պարոնների աչքում, ոչինչ են վերաբերութեամբ դէպի ազգի քաղաքական կեանքը: Տէրութեան սահմանագլխի այս կամ այն տեղ լինելը, օտար ազգեր իւր գայիսոնի տակ խոնարհեցնելը պատահական բաներ են, ոչ բղխում են ազգի կեանքի բնաւորութենից եւ ոչ կարող են պահպանել ազգը կամ տէրութիւնը: Սորա ոյժը եւ կեանքը երեւում է միմիայն ազգութեան մէջ, զանազան անհատներ դէպի մի ամբողջ հաւաքող զօրութեան մէջ. եւ օտար ազգերի տիրելը ասել չէ նորանց սեփականել իւրացուցանել բարոյապէս: Այդ մի ֆիզիկական միաւորութիւն է, ոյժի զօրութեամբ կատարուած, լոկ մեքենական մօտաւորութիւն, այդտեղ չէ երեւում քիմիական միաւորութիւն, որ միաւորուածքը կորուսանէին իւրեանց առաջին տիպը եւ որակութիւնքը եւ կազմէին մի նոր մարմին: Ֆիզիկապէս միաւորուածքը, եթէ բաղկանում են հազար մասնից, ապա այդ հազարը եւս պահում են իւրեանց արմատական կամ բնական բնաւորութիւնը: Հայոց կցկտուր քաղաքական կեանքը վարելով իւր քաղաքականութիւնը լոկ, ֆիզիկապէս մեքենականութեան վերայ հիմնուած լինելով նորա տեսութիւնքը, կեանք տեսանել համարելով միմիայն սահմանների գլխում, չէ մտածել երբեք իւր ուժը եւ զօրութիւնը ամփոփել իւր բարոյական կենտրոնում, չէ մտածել աճեցնել իւր զօրութիւնքը եւ ազգութեան տունկը որպէս մի գործարանաւոր էակ, այլ հանքերի նման, առանց ներքին զօրութեան, առանց գործարանների, միմեանց վերայ բարդելով կուտակելով եւ նորա միաւորութեան ապահովութիւնը այդ միաւորուածների քարշողական յատկութեան մէջ տեսանելով: Այսպիսի սխալ եւ անբնական ճանապարհներով յառաջ գնալով քաղաքականութիւնը, չէր կարող ապրել որպէս մի բարոյական էակ. ամենայն էակ ապրում է պայմանների տակ, բայց Հայոց համար պակաս էին այս պայմանները, վասն որոյ եւ չդիմացաւ հին կամ միջին դարերի քաղաքական փոթորիկներին եւ թագաւորը  փոխեց իւր գայիսոնը դէպի մի թափառական թշուառի գաւազան: Կառավարութեան հայեացքի նիւթական բնաւորութիւնը խոր արմատացաւ ազգի մէջ, կառավարութիւնը կործանուեցաւ, բայց նիւթականութեան դրոշմը մնաց տպաւորուած Հայերի վերայ: Այս շատ խորախորհուրդ վնաս էր, բայց իմ մտքերը կերպարանագործելու եւ այս մասին երկար խօսելու համար հարկաւոր է ժամանակ... մանաւանդ այստեղ յարմար չէր երկարաբանել... գուցէ աւելորդ եւս խօսեցի...

Ահա այսպէս լինելով Հայերի կեանքը, բանաստեղծութիւնը եւս աւելի չէր կարող լինել, քան թէ եղած է: Բայց ինչ կար. ոչի՜նչ: Ասացի մի անգամ, երանի՜ թէ քանի չեմ մեռած, թափէի սրտիս եղածը մեր ազգի առաջեւ, պատառէի մի քանի կախարդական վարագոյրներ... բայց դժուար թէ յաջողի ինձ այս եւ ես վախում եմ, որ այն բաները ինչ որ այժմ ճնշում են հոգիս, պիտի ճնշեն եւ ոսկերքս գերեզմանի մէջ․․․․․․․․․․․․․․․

Մեք չունինք ազգային երգեր, չունինք ազգային երաժշտութեան, չունինք բանաստեղծութիւն, որովհետեւ ապրում ենք միմիայն բուսականաբար եւ շնչականաբար: Հաւը կորեկ է տեսանում երազում, իսկ Հայը նի՛ւթ: Հատ ու կոտոր բաներ, որ այժմ անփորձ մարդիկ ազգային են համարում, ժողոված են Թուրքից, Թաթարից, Պարսից, Յոյնից եւ ուրիշներից, որոնց ժամանակ առ ժամանակ հպատակեցան Հայք: Նորերումս դուրս եկան ազգային երգերի անունով մի քանի անալի ոտանաւորք, Սայաթ-Նովա, Ադամ աղբար, Շիրին եւ այլն [7], բայց նորանց ազգային երգ անուանողը եւ այդպիսի մտաւորական հրէշների վերայ, անդատաստան երեխայի պէս ուրախացող պարոնները ինքեանք չգիտեն, թէ ի՛նչ պայմաններ էին հարկաւոր, որ մի երգ լինէր ազգային: Նոքա ունին միայն մի պայման եւ համարում են, թէ դորա մէջ էր ամէն բան երգիչը Հայ է: Բայց Հայ է միայն նորանով, որ ծնել է հայ ծնողներից, նորա երգը չէ եւ չէ հայերէն, երեք բառ Թուրքի, Թաթարի եւ չգիտեմ, ինչի իսկ Հայի մի երկու աղճատուած կամ ճղակոտոր բան: Երգերի կազմակերպութիւնքը հետեւած թուրքի ոտանաւորներին, հիմնած միմիայն ոտքերի եւ վերջերի նոյնայանգութեան վերայ առանց ամենայն մտքի, բովանդակութեան, խորհրդի եւ բանականութեան: Ազգային են այն երգերը եւ պիտի համարուին ազգային, քանի որ կայ Հայերից ինչ ինչ մարդերի մէջ այն սխալ եւ վնասակար վարդապետութիւնը թէ ամենայն բան որ երեւում էր Հայոց ազգի վերայ, անշուշտ պիտի ազգանայ․ ազգի յանցանքը եւս առաքինութիւն է, այն տիղմը եւ հոտած ճահիճը, որի մէջ պարանոցաթաղ խեղդւում ենք, նուիրական է, որովհետեւ մեք նորա մէջ ենք... Ո՛վ բաբելոնեան խառնակութեանս մտքերի. բայց փոքր է այս, մտաւորական կամ բարոյական հարինք:

Թէպէտեւ ես շատ գլուխ չունիմ ուսումնական բաների, ասաց Մահտեսի Թովմասը, երբ կոմսը աւարտեց իւր խօսքը, բայց ասես թէ ասածներդ խելքիս նստում են. ինչեւիցէ, դոքա ուսումնական բաներ են եւ դուք ձեր մէջ ինչ կամիք արեցէք, մեզ չեն վերաբերւում սոքա:

Կոմսը կամէր մի բան ասել, բայց Մահտեսի Թովմասը յառաջ տանելով իւր խօսքը չթողեց նորան բերան բանալ:

Ձեր խօսակցութիւնը, որի մէջ յիշեցիք գերբնական ու ֆանտաստիկական բաներ, մի բան միտքս ձգեց: Ես մի դրացի ունիմ, ահա, այս կապոյտ պատուհաններով միայարկ տանն է բնակւում, այս ասելով Մահտեսի Թովմասը մատով ցոյց տուեց պատուհանից մի տուն, որի բնակիչը ծանօթ է արդէն իմ ընթերցողներին: Շաքարեանց է նորա ազգանունը, յաւելացրեց Մահտեսին, մի վերին աստիճանի ողորմելի մարդ։ Գլխին դրել է, թէ աշխարհի երեսին կար մի առանձին գիտութիւն թալիսմանական, վհկութիւն, եւ թէ ամենայն բան կարելի էր յառաջացնել չար ոգիների գործակցութեամբ: Միշտ պարապում է խեղ եւ խելառ բաներով, գիծեր է քարշում ախոռի մէջ, սեւ հաւեր է մորթում: Սեւ կատու, մարդու գանգ, չորացուցած գորտ ու չղջիկ, բու եւ այլ այսպիսի բաներ լի են դորա ախոռի մէջ...

Ձեր պատմելով, խօսքը ընդմիջեց կոմսը, դորա ախոռը բաւական նմանութիւն ունի Ֆաուստի սենեկին:

Ես չգիտեմ Ֆաուստի ով կամ ինչ եղածը, միայն ճշմարիտ է այն, ինչ որ ասացի: Այս քանի օր է, դարձեալ, վեր ու վայր էր այդ պարոնը, իսկոյն հասկացայ, որ մի փորացաւ ունի, մի նոր խելագարութուն մտել է գլուխը, ըստ որում, երբեմն ամիսներով, ամենայն ինչ հանդարտ է եւ ոչինչ չկայ. մարդ է մարդու պէս: Երեկեան երեկոյին, երկինքը պայծառ էր, դուրս եկայ բակը մի փոքր ման գալու: Տեսանեմ որ այդ պարոնը եւս ման է գալիս իւր բակում, որ բաժանւում է իմից միայն մի բարակ տախտակեայ պատով: Ման է գալիս, բայց, բարձրաձայն խորհելով ինքը իւր հետ խօսակցելով: Ին՞չ մեղքս պահեմ, հետաքրքրութիւնս բռնադատեց ականջ դնել: Մօտեցայ պատին, եւ ահա լսում եմ, որ շաղփաղփում է մի գեղեցիկ օրիորդի մասին, որ չգիտեմ թէ ուր տեսել էր, եւ այնուհետեւ շատ եւ շատ որոնելով ու չգտանելով, այժմ վհկական արարողութեամբ, չար ոգիների փերիների գործակցութեամբ պիտի տեսաներ  նորայ պատկերը կամ ուրուականը, մի ջրով լցուած պտուկի մէջ, որ դրած էր նորա ախոռում, այլ եւ պիտի խոսէր նորա հետ եւ այլն: Ես, որովհետեւ չեմ հաւատում այդպիսի բաների, վասն որոյ մտքումս դրեցի մի խաղ խաղալ դորա հետ: Խոր գիշերի մէջ, մինչ ամենայն մարդ քնեց ու չորս կողմը հանդարտեց, առայ թղթերիս միջից Յուլիա Պաստրանայի պատկերը, ցած իջայ պատից նորա բակը եւ որովհետեւ միշտ համարեա բաց են նորա ախոռի դուռերը, խնամով ընկղմեցի պատկերը պտուկի մէջ եւ լաւ զետեղեցի նորա պտուկի յատակի վերայ: Չգիտեմ տեսաւ թէ չէ, կամ թէ ինչ ազդեցութիւն գործեց այդ պատկերի յայտնութիւնը, եթէ տեսաւ:

Ի՛նչ պիտոյ է առնել, ասաց կոմս էմմանուէլը, նանրահաւատութիւնը եւ նախապաշարմունքը, անկիրթ ժողովրդի համար, վաղուց դարձել է հոգեղէն կամ իմացական կեանքի մի մասնը: Դոյն այդ բանը երբեք դուրս գալու չէ Հայոց ազգի սրտից, քանի նորա լուսաւորութիւնը գտանւում է այդպիսի վիճակում, ինչպէս այսօր: Թողած ուսանել բնութիւնը, որով պիտի մեկնուէր նոցա մի ամբողջ կարգ հրաշքների եւ պիտի փարատուէին այնուհետեւ այսպիսի մոլորութեան ամպերը պղտորուած հայկական հորիզոնից, աշխատում են ուսանել մի այնպիսի բան, որ չկայ, եւ որի գոյութեանը երաշխաւոր է միայն անհիմն, չնչին եւ պառաւական աւանդութիւնը:

Ես, որ մտայ նորա ախոռը, հերիք չէր, որ դրեցի վերասացեալ պատկերը, այլ եւ մի բան եւս գողացայ:

Գողացա՞ք, ընդհատեց կոմսը:

Այո՛, պատասխանեց Մահտեսի Թովմասը, գողացայ ահա այս թուղթը, որ դրած էր սեղանի վերայ, պտուկի մօտ, եւ որ տեսայ, մինչ զննեցի չորս կողմս փոքրիկ լապտերի լուսով, որ ունէի ձեռքումս:

Այս ասելով մի թուղթ հանեց ծոցից եւ տուեց կոմս էմմանուէլին:

Կոմսը վեր առաւ եւ սկսեց կարդալ.

ՓԵՐԻՆԵՐ ՀՐԱՒԻՐԵԼՈԻ ԽՐԱՏ

«Եթէ կամենաս փերիները հրաւիրել, հարկ է, որ սուրբ մնաս անկողնուց: Առ մի կլայեկած աման, դի՛ր նորա մէջ մի հայելի, յետոյ այնքան ջուր լի՛ց ամանի մէջ, որ հայելին ծածկուի: Առ մի ութ կամ տասն տարեկան տղայ, բայց հարկաւոր է, որ նոր եւ մաքուր լինին տղայի հանդերձքը, սկսած շապիկից մինչեւ վերարկուն. ծածկիր տղայի գլուխը մի կարմիր թաշկինակով, իսկ ինքդ սկսիր կարդալ: Եւ ահա կարդալու  բաներդ, ծննդեան ճրագալուցի գրքերը բացի առաջինից, «Ի սկզբանէ արար Աստուած» եւ բացի վերջինից «Յամին ութուտասաներորդի»: Երբ որ աւարտել էիր այս ընթերցմունքը, հրաւիրուած փերիքդ կը գան, եւ տղան կը տեսանէ նորանց հայելու մէջ: Իսկ թէ չգան, միւս անգամ կրկնիր ընթերցմունքը. եւ եթէ այս անգամ եւս չգան, ապա ուրեմն տղայի անձնաւորութեան մէջ կայ մի ներհակութիւն դէպի փերիները, ուստի փոխի՛ր տղան եւ երրորդ անգամ կարդայ, անպատճառ կը գան: Ինչ որ ունիս հարցանելու նոցանից, պիտի լինի տղայի միջնորդութեամբ, դու կ’ասես տղային, իսկ սա կը հարցանէ փերիներից, որոնց պատասխանը նոյնպէս կը ստանաս տղայի միջնորդութեամբ: Բայց գիտելի է, որ երբ երեւին փերիքը, առանց ուրիշ բան հարցանելու, պիտոյ է հարցանել, ինչ ազգից էք: Նոքա կը յայտնեն իւրեանց, որ ազգից լինելը, այն ժամանակ, այն ազգի թղթով երդում տալ տուր եւ ապա հարցրու հարցանելիքդ, որ պատասխանեն եւ ամենայն ճշդութեամբ եւ հաւատարմութեամբ: Երբ աւարտեցիր հարց ու փորձդ, պիտոյ է նորանց արձակել, որ գնան, ապա թէ ոչ, պարտակա՛ն են մնալու մինչեւ որ հրաման տաս: Արձակելու մասին կարդալիքդ այս է. «Եւ ի կատարել ամացն քառասնից» վերջն «Ի լեառն Սինայ», Սուրբ Ստեփանոսի գրքից: Այս կը կարդաս կ’աւարտես եւ երեք անգամ կը փչես ջրի երեսը եւ ջուրը մի ոտք չկոխած տեղ կը թափես, ահա բոլորը»:

Մինչդեռ կարդում էր կոմսը այս յիմարական խրատը, բոլոր հիւրերը, որ կային Մահտեսի Թովմասի տանը, մեծ ուշադրութեամբ եւ մասնակցութեամբ ականջ էին դնում: Կոմսը կարդալով ասաց, Խեղճ մարդ, ամենայն կարեկցութեան արժանի. ճշմարիտ, եթէ պատահէի նորան, կը խրատէի, որ հետ կենար այսպիսի անօգուտ եւ յիմարական բաներից, եւ եթէ կամէր մի բան ուսանիլ, պարապէր բնական գիտութեամբ, այդ մանաւանդ հարկաւոր է, որովհետեւ ժողովրդի կեանքը միշտ գործ ունի նիւթի հետ:

Օրիորդ Մարիամը այս թղթի կարդացուելու ժամանակ դուրս էր գնացել հիւրընդունարանից եւ արդէն կոմսը խօսելու վերայ էր, երբ ներս մտաւ: Ձեռքում բռնել էր մի թուղթ: Կոմսը վերջացնելով իւր խօսքը, դարձաւ դէպի օրիորդը հարցանել, թէ ինչ թուղթ էր այն: Օրիորդը պատասխանեց, թէ մի տաղ է, եւ թէ պատրաստ է երգել այն եւս, եթէ, դորա փոխանակ, կոմսը խոստանար Եումի սոցա տուն գալու ժամանակ ներկայ լինել:

Ինչպէ՞ս անգութ էք, ասաց կոմսը, իմանալով, որ չեմ կարող խոստանալ, պահանջում էք. միթէ՛ չէ կարելի խնդրել, որ առանց փոխարինի երգէք:

  Միթէ՛ չէ կարելի, պատասխանեց օրիորդ Մարիամը, որ դուք մի փոքր վաղ ճանապարհ ձգէք ձեր հիւրը, իսկ ես մի փոքր երկար պահեմ Եումը մեր մօտ, այնպէս որ դո՛ւք հանդիպէք նորան այստեղ:

Լսելու համար այդ երգը, ինչ պիտոյ է առնել, հարկաւոր է յանձն առնուլ այդ թէեւ ծանր պայմանը:

Օրիորդի շրթունքի վերայ խաղաց մի խորամանկ, բայց ինքնաբաւական ժպիտ:

Բայց ասացէք խնդրեմ, հարց արեց կոմսը, ի՛նչ ոտանաւոր է այդ եւ ովի՛ շինած:

Այն ժամանակ կ’ասեմ, երբ լսեմ ձեր կարծիքը նորա մասին:

Այս ասելով օրիորդ Մարիամը մօտ քարշեց աթոռը ֆորտօպիանօին, զարկեց մատները կլաւիշներին եւ սկսեց երգել.

Ո՛հ, լոկ երազ էր, մի խռովէք ինձ,

Իմ մոլորութեան քաղր պատկերներ․

Ինձ չէ թոյլ տուած երկաթի կեանքում

Խնդալ, վայելել ոսկի րոպէներ։

 

Մի յիշեցնե՛ք, մի՛, այն զգացմունքը,

Որով լցուած էր սիրտս եւ հոգիս․

Որով շնչեցի, որով ապրեցայ,

Ինչպէս մի ծաղիկ գգուած զեփիւռից։

 

Այդ մի երազ էր․․․ կամ գէթ առաչօք,

Որ կրակ ձգեց սրտիս մէջ անմար․

Թշնամի վհուկ, երեւի, կախեց

Աչքերիս վերայ բժժանք անհամար։

 

Ինձ այն ժամանակ քանի ու քանի

Երեւեցաւ նա այն ծառերի տակ,

Մինչ, լիալուսին խոր գիշերի մէջ,

Երգում էր ուրախ, անհոգ, միայնակ։

 

Ես տեսայ նորան, բայց մի այլ տեղում,

Յաւերժահարսնի ունէր կերպ ու ձեւ,

Թռչում էր, շարժում օդի մէջ, այնպէս,

Ինչպէս մի փետուր․ առաւե՛լ թեթեւ։

 

Մի անգամ տեսայ Աթենասի պէս

Զրահաւորուած զինուորի զէնքով,

Մի ամբողջ խմբի տալիս էր հրաման,

Իւր ձեռքի բռնած թեթեւ հրացանով։

 

Ես տեսայ դարձեալ, մի ուրիշ անգամ,

Մինչ անհոգ, ուրախ խաղացած տեղից

Նորան բռնեցին, որպէս մահապարտ․

Ինչ անմեղութիւն, ինչ հայեացք աչքից։

 

Մինչ ոտքից գլուխ սպիտակ հագած

Դիմում էր տխուր դէպի պատժարան,

Անհոգ արձակած սաթի պէս մազերը,

Արտասուք թափելով հեղեղի նման:

 

Մինչ զրպարտողը խոստանում էր կեանք,

Թէ միայն հաճէր... լինել համաձայն․

Այն ի՛նչ շնորհք էր, որ կաթեց մատից,

Որով ցոյց տուեց երկինք ժանտին այն:

 

Ո՛հ, մի այլ անգամ, ինչպէ՜ս փրկեց նա

Աւազակներից մի անմեղի կեանք․

Առանց խօսելու, համր նշանով,

Վտանգի ժամը յայտնեց բացարձակ:

 

Ին՜չ կարեկցութեամբ, ի՛նչ անմեղ սիրով

Թունալի բաժակը տեղափոխեց նա,

Որով դաւաճանը թունաւորուելով,

Թմրեցաւ մնաց, աթոռի վերայ:

 

Ո՛ր մինը յիշեմ. ես տեսայ դարձեալ,

Մինչ դուրս էր գալիս ծովից լայնարձակ.

Հազար պչրանքով, քնքուշ շարժմունքով,

Ձկնորս էր որսում, սրտով համարձակ:

 

Նա խոստանում էր նորան անմահ կեանք.

Նորան սիրելը էր անմահութիւն.

Ես տեսայ, ինչպէս ձկնորսը ուրախ

Վայելում էր մի ճոխ արքայութիւն:

 

Վերջին անգամն էր, աւել չտեսայ,

Գնում էի ծովով հեռաւոր աշխարհ․․․

Երկինքը մթնեց, մրրիկը սուլեց,

Որոտ, փայլակը անթիւ փայլակեց:

 

Սարերի նման մեծամեծ ալիքի

Կատաղած ծովին եղած խաղալիկ,

Գալիս էր մի նաւ, ջարդուած կայմերով,

(Յառաջ մեր նաւից տեսան նաւաստիք):

 

Եկաւ մօտեցաւ նաւը մեր նաւին.

Ի՛նչ սիրտ կտրատող մի պատկեր էր այն,

Թշուառ յուսահատ իբր անխել նաւորդք

Կորուսել էին եւ յոյս փրկութեան:

 

Նաւորդների մէջ ես տեսայ նորան,

Բռնել էր կայմից խելքը կորուսած,

Ինչպէս յուսահատ անմեղ աղաւնին,

Բազէի աչքից անգութ հալածուած:

 

Անդունդի վերայ այսպէս քանի ժամ,

Օրօրաց ճօճաց տարաբախդ նաւը.

Գիշերը կոխեց... կայծակը թնդաց...

Կուլ տուեց բոլոր անյատակ ծովը...

 

Կայծակի թունդը, մրրկի ձայնը.

Խուլ աղաղակը կատաղի ծովի

Միախառնուեցան վերջին ձայնի հետ,

Որ արձակեցին այնքան շատ հոգի:

 

Մրրիկը անցաւ, ծովը հանդարտեց.

Շատ հեռի չէինք մեք ծովեզերքից ...

Ջրեղէն դաշտում, դեռ նոր խաղաղած

Մի ապառաժուտ կղզի երեւեց:

 

Ահա՛, նա դարձեալ ծովում լողալով

Դիմում է դէպի քարքարուտ կղզին.

Մեք տեսանում ենք... բռնեց քարերից

Եւ շուտ վեր ելաւ իբր աննիւթ մարմին:

 

Հոգնած, ուժաթափ, մինչ վեր բարձրացրեց

Իւր արտասուքով լցուած աչքերը,

Եւ ահա լուսին ամպերի տակից

Դուրս սողաց տեսնել նորա երեսը:

 

Ես շատ նայեցայ... բայց մեր նաւն արագ

Վազեց դէպ յառաջ... կորաւ իմ աչքից...

Եւ այլ միւս անգամ մինչեւ այս րոպէս,

Կամ գուցէ յաւէրժ զրկուեցայ բախտից:

 

Չէ՛. այն երա՛զ էր... հեռի ինձանից,

Խոլական ցնորք, հոգի գիշատող.

Թողէ՛ք ինձ հանգիստ մաշել իմ կեանքը

Եւ խաղաղ սրտով մտնել դէպի հող [8]

 

Երբ աւարտեց երգը օրիորդ Մարիամը, ամենի, աչքը դարձան կոմսի վերայ, որ լսեն նորա կարծիքը այդ երգի մասին: Բայց կոմսը ոչինչ չասաց, միմիայն շնորհակալ եղաւ օրիորդից, որ զուարճութիւն պատճառեց, երգելով ու ածելով, սակայն կոմսի երեսը չէր ցոյց տալիս, թէ նա զգացած լինէր զուարճութիւն, դորա հակառակ մթնում եւ մթնում էր նորա դէմքը, որքան երգը մօտենում էր վերջանալուն: Նորա հեղինակը էր ինքը կոմսը, եւ երգի բովանդակութիւնը առած էր ստուգապէս պատահած անցքից...

Արդէն ժամանակ է դէպի տուն դառնալու, ասաց կոմսը եւ հրաժարական ողջոյն տայով բոլորին, խոստացաւ օրիորդ Մարիամին ներկայ լինել Եումի գալու ժամանակ: Կոմսը, անձնատուր լինելով տխուր մտածութենների, դուրս գնաց Մահտեսի Թովմասի տանից:



[1] (Լաթ․) Կրկնողութիւնը մայրն է ուսման:

[2]   Ես մինչեւ այժմ չեմ հասկանամ, թէ Թաղիադեանցը ի՛նչ խորհուրդով գործածական լեզու շինեց իւր մատենագրութեան հանդիսում հին եւ մեռած լեզուն: Ազգասէր Օրագիրը եւս հրատարակւում էր այդ լեզուով: Դժուար է հասկանալ այսպիսի անբնական գործը, մանաւանդ Թաղիադեանցի կողմից, որ եւրոպական կրթութիւն ստացած լինելով եւ այն մի գործական ազգից, ինչպէս Անգլիացիք են, չէ մտածել, թէ խօսելու կամ գրելու խորհուրդը այն է, որ ժողովուրդը կարդայ եւ բան հասկանայ: Ինձ շատ ծանր է թուել Թաղիադեանցը այն Հայերի կարգում, որ մտածում էին մեռեալը գործիք շինել, ժողովրդի մէջ կեանք ներս բերելու համար:

[3] Ներկայումս փոքր ի շատէ զգացել են Հայք կանանց սեռի դաստիարակութեան կարօտութիւնը, եւ այս ու այնտեղ սկսել են երեւել մասնաւոր դպրոցներ օրիորդների համար: Բայց որովհետեւ մի անկարգ ազգի ամենայն բանը անկարգ կը լինի, վասն որոյ եւ Հայերը եւս չեն կամեցել դուրս մնալ այս կատեգորիայից: Դպրոց պահողքը առհասարակ օտարազգիք են եւ Հայ աղջիկները օտարի լեզուով պիտի լուսաւորուին, որովհետեւ Հայոց լեզուն հոտած է: Դատապարտելի՜ ձգտողութիւն եւ անխել գործ: Լսեցէք, սիրական Հայեր, սո՛ւտ է այն լուսաւորութիւնը, որ պիտի լինի օտարի լեզուով, այդպիսի դիպուածում դուք ձեր զաւակները օտարացնում էք ձեզանից, նոքա օտարի լեզուով դաստիարակուածք, անունով միայն կը լինին Հայ․ բայց ձեր թոռները գուցե այդ անունը եւս աւելորդ համարեն կրել իւրեանց վերայ։ Խելացի եղիք, եւ ձեր դպրոցների մէջ թող լսուի ձեր մայրենի, կենդանի եւ նուիրական խօսքը։ Երանի թէ ձայնս տեղ հանէր:

 

[4] Ին՛չ կայ Հայերի դպրութեան մէջ, որ օտարազգին ցանկանայ Հայոց լեզուն ուսանել։ Մի չար բախտով Հայկական մատենագրութիւնը, այս րոպէիս, չէ կարող Հայերին եւս ծառայել, որպէս կամուրջ լուսաւորութեան, թէեւ Հայերը չկամին այս բանի վերայ մտածել, չկամին վաստակել մի պարծանք, Հայկական խոպան եւ անշէն անապատը մշակելով Հայկական դպրութեան մէջ ուղ եւ ծուծ դնելով, որ ազգի գաւակը կարողանար իւր իմացական քաղցր կշտացնել իւր յատուկ ազգային հացով: Հ )

 

[5] Կարելի էր հարցանել, միթէ՛ հանքերը կամ եգիպտական հազարամեայ մումիայքը ապրում են. սորան կարելի է պատասխանել, թէ անգործարանաւոր էակների կեանքը երեւում է նոցա անձնապահութեան մէջ: Որքան ժամանակ կայ նոցա մէջ արտաքին ներգործող ուժերի դիմացող զօրութիւն, որով պահպանւում էր այդ հանքերի կամ մումիաների կերպարանքը, այնքան ժամանակ ես ապրում են նոքա: . Հ․):

 

[6] Բարի յիշատակի արժանաւոր Աբովեանի Վէրք Հայաստանի անունով գործը է ազգային բանաստեղծութեան մի հարազատ գաղափար: Ինձ մինչեւ այժմ չէր յաջողուել մի քանի բառ խօսել այդ աշխատութեան մասին: Ահա այդ աշխատութեան մէջ մարմին է առել ազգի հոգին, ազգի ներկայ վիճակը, ազգի հասկացողութիւնը: Այստեղ, որպէս մի կախարդական հայելու մէջ ցոյց է տալիս բանաստեղծը Հայոց ազգի ընտանեկան կեանքի անշուք եւ անմխիթար պատկերները, այնտեղ տեսանում ենք գիւղերի Տանուտեարքը, ծանօթանում ենք նոցա Հասկացողութեան հետ: Բարեխիղճ բանաստեղծը հանդիպեցնում է մեզ հոգեւոր մարդերի, խօսեցնում է նոցա իւրեանց հասկացողութեան պէս այս եւ այն բանի մասին, պատկերացնում է մեր առաջեւ նոցա ունկնդիրների Հասկացողութեան վիճակը, սահմանում է այն տխուր յարաբերութիւնը, որ կար նոցա մէջ: Մեք տեսանում ենք այդ Ապոլոնեան հայելու մէջ հայկական կեանքի մեռած պատկերը, տեսանում ենք, թէ, ինչպէս այդ մեռելային դաշտի զանազան կէտերում խլրտւում է առաքինութիւնը եւ հովուական կամ նահապետական ժամանակների Հասկացողութեամբ ընդդէմ է զինուորւում այս կամ այն անիրաւութեան, թէ ինչպէս հալածւում է այս առաքինութիւնը եւ պատճառ է լինում բիւր կաթիլներով արտասուքի: Նա ցոյց է տալիս Աղասու ընկերներով, թէ ո՛չ բոլորովին սառել է հայկական արիւնը Հայաստանի զաւակների երակներում, ցոյց է տայիս, թէ մի Հերոսի Հրաւէր, ազգի իրաւունքների, կրօնի եւ ազատութեան անարգուելու վրէժը մի թշնամուց հանելու համար, դեռեւս տեղ գտանում է ազգի երիտասարդների սրտի մէջ: Ցոյց է տալիս մեզ ազգի ընդհանուրի վհատեալ եւ յուսահատ դրութենից յառաջացած սառնութիւնը դէպի Աղասու ընկերքը, նոցա կիսասիրտ կանացի ցաւակցութիւնը այս կտրիճներին, որով հասկացնում է Աբովեանը, թէ Աղասու ընկերների հոգին ընդհանրական չէ բոլոր ազգին, թէ այս ջերմարիւն տղամարդիկը շրջապատուած էին սառնարիւն մարդերից, որոնց աչքում ամենայն բարոյական խնդիր կորուսել էր իւր արժանաւորութիւնը, եւ որոնց միակ քաջութիւնը ամփոփւում էր այն բանի մէջ, որ կարող էին լալ, ողբալ եւ մորմոքուիլ, առանց որոնելու այդ դրութենից դուրս գալու հնարը: Տեսանում ենք այն Հայելու մէջ Պարսիկների բարբարոս վարուեցողութիւնը մեր խեղճ ազգի հետ, մեր ազգի հարստահարուած վիճակը, այստեղ ցոյց է տալիս բանաստեղծը այն յարաբերութիւնը, որ մի անկիրթ ազգ կարող էր ունենալ դէպի մի բռնակալ իշխանութիւն:

Փարիզի «Արեւմուտք » անունով հայկական օրագիրը, որ հրատարակւում է ներկայ 1859 յունուարից, Արգոյ Ստեփանոս Ոսկանեան գիտնական պարոնի ձեռքով, իւր 8 համարի մէջ առիթ ստանալով այս գրքի յայտնութենից խօսում է Աբովեանի վարքի վերայ, իսկ 7 համարի մէջ յայտնում է իւր կարծիքը «Վէրք Հայաստանի » անունով գործի մասին: Առհասարակ գիտուն հրատարակողը Արեւմուտքի գովութեամբ խօսում է Աբովեանի մասին եւ հասկացել է բոլորովին թէ գրքի խորհուրդը եւ թէ հեղինակի արժանաւորութիւնը, բայց այդ աշխատութեան մասնաւոր կողմերին վերաբերուած մի քանի կարծիքների մէջ, չեմ կարող համաձայնիլ պ. Ոսկանեանի հետ: Ես տարակոյս չունիմ, որ ամենայն բարեմտութեամբ կ ընդունէ պարոնը իմ այս համառօտ նկատողութիւնքը: Ասում է. «Անհնարի՛ն է այս գիրքը դատել եւրոպական կանոնով, վասնզի, ինչպէս ըսինք, ռամիկներու համար եւ ռամկի ոճով գրուած է այն, եւ իբրեւ գրական շէնք մը չ ընծայուիր մեր առջեւ:

Եթէ Աբովեանի «Վէրք Հայաստանին » ունի արժանաւորութիւն, եւ եթէ այդ արժանաւորութիւնը կարելի է գնահատել, ապա ուրեմն միմիայն եւրոպական կանոնով, որ նայում է միշտ գործի խորհրդին եւ թէ հեղինակը մինչեւ ո՛ր աստիճան կարողացել էր հասկանալ եւ լուծանել իւր առաջեւ դրած խնդիրը: Եթէ եւրոպական կանոնքը թողունք ու ասիական աչքով նայենք այդ գործի վերայ, այն ժամանակ նա երեւում է մեզ որպէս մի առասպել (Հէքեաթ): «Ռամկի համար եւ ռամկի ոճով գրուած է այն », ասում է պարոնը, համաձայն չեմ. Բոլոր ազգի համար է գրուած, այնտեղ կայ ուսանելիք ոչ միայն շինականի համար, այլեւ քաղաքացու, այլ եւ Հայոց կիսատ թէրատ ուսումնականների համար եւս: Հայոց ազգը կորուսած լինելով իւր քաղաքականութիւնը, անհետացած լինելով տոհմական ազնուականութիւնքը տուների, ռամիկը եւս չկայ, որ կարող է լինել այնտեղ միայն, ուր կայ ազնուութիւն։ Ազնուութիւնը հարստութեան վերայ չէ, եւ ոչ նաեւ ռամկութիւնը աղքատութեան վերայ, այս րոպէիս մեր ազգի ամէն մի անդամք հաւասար են իւրեանց մէջ: Ազնուական եւ ռամիկ չլինելով մեր ազգի մէջ, չունինք եւ այդ կացութենների սեփական բարբառներ, հին եւ մեռած գրաբառ լեզուն ազնուական չէ, եւ ոչ կենդանի ժողովրդականը ռամկական, ինչպէս մի քանի վայրիվերոյ մարդիկ ասում են, որոնց մէջ եւ պ. Դիւլորիե ֆրանսիացին, որ մեր ժողովրդական լեզուն եւ առհասարակ կենդանի հայկական խօսքը անուանում է jargon: Աբովեանի լեզուի համար կարելի է ասել այս միայն, որ շատ յաղթահարուած է տեղական բարբառից, բայց այդ բանում Աբովեանցը ունեցել է իւր մասնաւոր խորհուրդը: Բայց այս պատճառով անիրաւութիւն կը լինի չընդունել այդ գրքի խորին արժանաւորութիւնը, որ է պատկերացնել ազգի կեանքը նոյնիսկ ազգի առաջեւ: Այո՛, Աբովեանցը իւր բանաստեղծութեանը չէ տուել այնպիսի ընթացք կամ վերջ, որ սովորական է եւրոպական բանաստեղծներին, չէ երեւում նա որպէս մի անհատ կազմած, այլ որպէս մի հանդիսարան որոշ որոշ պատկերների, բայց դորա առաջը ասել է նա մի ընդհանուր անուն տալով իւր աշխատութեանը Վէրք Հայաստանի: Լեզուի եւ ոճի ճապաղութիւնը հետեւանք չէ բանաստեղծի գերմանագիտութեանը, այլ բուն ազդեցութիւն տեղական ժողովրդի կեանքին եւ միտք յայտնելու ձեւերին: Նոյնանշան բառերի անհամ կրկնութիւնք տեսանում ենք, այո՛, բայց չմոռնանք, որ Աբովեանցի խորհուրդը է գրել այնպէս, որ անկիրթ ժողովուրդը չկարծէ թէ գիրք է կարդում, այլ կարծէ թէ մի մարդ խօսում էր իւր հետ. ինչ առնէ Աբովեանցը եթէ Ասիացին չափազանց է ամենայն բանի մէջ: Առհասարակ շնորհակալութիւն Արեւմուտքին. շատ բարեխղճութեամբ կատարել է իւր պարտականութիւնը եւ մեր արած ծանօթութիւնքը չեն պակասեցնում նորա յօդուածի արժանաւորութիւնը: . Հ. ):

 

[7] Մ Նալբանդեանը յետագայում, բանտից` Ղ Նալբանդեանին գրած նամակում միանգամայն դրական է արտայայտւում Սայաթ-Նովայի երգերի մասին, նա գրում է. «Սայաթ-Նովան կարգին գիրք է, տպագրուած Մոսկուայում, 1853 կամ 1854 թուին » (տե՜ս Դ. հատ., էջ 194):

 

[8] Միքայէլ Նալբանդեանի կազմած «Քնար Հայկականում» այս բանաստեղծութիւնը զետեղուած է իբրեւ թարգմանութիւն, կատարուած Մ. Նալբանդեանի կողմից: