Գեղարուեստական արձակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

III

Այն, որ չգիտէր Մանուշակը, թէ ի՞նչ էր մօր խօսակցութիւնը Աղուանեանց Մկրտչի հետ, չարչարում էր նորան, բայց մի բնական ազդեցութեամբ հասկանալով, որ բանը իւր վերայ է առաւել եւ առաւել զայրանում էր նորա սրտի ցաւը

Մանուշակը Աղուանեանց Մկրտչի երկչոտութենով ներս մտանելուց հասկացել էր, որ նա մի խնդիր ունի. պատճառ, եթէ այդպէս չլինէր փեսացուն, փոքր ինչ ազատ կը մտանէր իւր հարսի տուն, մանաւանդ Աղուանեանց Մկրտչի նման մարդը, որ քիչ շատ վաճառական անունը վերան էր եւ Ղրիմ գնալ-գալ ունէր: Այս հիման վերայ Մանուշակը եզրակացնում էր, որ իւր փեսայացուն խնդրում էր շուտով ամուսնութիւն:

Ի՛նչ ատելի եւ արհամարհելի մտածութիւն էր այս խեղճ Մանուշակի համար, եւ ո՞վի համար ատելի չէր լինելու, եթէ մեզանից մինին ընդդէմ մեր կամքին եւ յօժարութեանը կապելու լինէին մահով միայն վերջանալու կապով մի այնպիսի մարդու հետ, որի երեսը չկամէինք տեսանել:

Մանուշակը մտածեց վճռական հնարք գործ դնել այս անհաւասար ամուսնութենից ազատուելու համար: Նա, մինչ տանը ոչ ոք չկար, ինչպէս ասացինք, ոչ հայրը եւ ոչ մայրը, հանեց սեղանի արկղից բարակ եւ կապտագոյն թուղթ, առեց գրիչը եւ գրում էր: Երկու անգամ հարկադրուեցաւ խեղճ Մանուշակը թուղթ փոխել. պատճառ, արտասուքը աչքերից եւ քթից թափուելով նամակի վերայ, ապականեցին նորան:

Վերջապէս յաջողեցաւ նորան աւարտել իւր նամակը: Աւարտելուց յետոյ մի անմեղ ժպիտ փայլեցաւ նորա փոքրիկ բերանի վերայ, եւ մաքուր սպիտակ մարգարիտները կիսով չափ երեւեցան բերանի միջից. նա համբուրում էր նամակը, փայփայում էր նորան, մի խօսքով, այնպէս էր վարւում այն անշունչ նամակի հետ, ինչպէս մի մարդ իւր շատ սիրելի բարեկամի հետ: Նամակը գրելուց յետոյ վազեց ննջարանը, որ զմուռ եւ կնիք բերէ կնքելու համար:

Բայց մինչդեռ նա չէ կատարել այս գործը, մէք նորանից ծածուկ կարդանք նորա նամակը եւ տեղեկանանք կուսական գաղտնիքին:

 

Ազնուասիրտ եւ մեծահոգի Գ...

Սրտիս հրամայող.

Այսօր այն պարոնը մեր տուն գալով, ինչ ժամանակ տանը ոչ ոք չկար, վրդովեց իմ սրտի ուրախութիւնը. նորա անհամարձակ եւ ստորաքարշ ներս մտանելը զօրացուց իմ ատելութիւնը եւ արհամարհանքը դէպի նա. ի հարկէ հասկանում ես, թէ ո՛վի մասին խօսում եմ, չկամիմ եւ նորա անունը գրել, եւ երանելի կը լինէի, եթէ հարկադրուած չլինէի նորա մասին եւս գրել. բայց ես շատ թշուառ եմ, ձուկի նման մունջ. ձայն չունիմ, որ ասեմ ծնողքիս, թէ ես չեմ կարող կին դառնալ այդպիսի մարդու, որի մտածութիւնքը, ապրելու կերպը, պարապմունքը եւ այլ անհամար  պարագաները հակառակ էին իմ մտածութեանը, ապրելու կերպին եւ այլ հանգամանքներին, այստեղ իմ յոյսը դու ես... Բայց ինչպէ՛ս անխելք եմ ես... Ինչպէ՛ս համարձակւում եմ մտածել, որ դու անպատճառ պարտական էիր ինձ ազատել... Թէեւ դու ազնիւ սիրտ ունենալով բիւր անգամ խոստացել էիր այդ... Չէ՛, ես չեմ սխալուած... Աստուա՛ծ իմ, դու կը կատարես քո խոստմունքը... Այնպէս չէ՞: Ի՛նչ եւ իցէ, բանը մի կերպ պիտի շուտով աւարտել, որ մի՛ գուցէ յանկարծ ծնողքս, մի երկու օրուայ մէջ ձեռքս ոտքս կապած, վեր առնուն ու տան... Յոյս ունիմ քո վերայ, համբուրում եմ քեզ. մնաս բարեա՜ւ.

 

Քո սիրական Մանուշակը:

 

Մանուշակը շուտով առեց մկրատը եւ շինելով մի քնքուշ ծրար, կընքեց նորան եւ հրեց հասցէն այսպէս.

 

Պարոն Գէորգի Բալդազարեան

Շահումեանց.

Նախիջեւանի մէջ:

 

Կը մտածէք, սիրելի՛ ընթերցող, թէ Մանուշակը ի՞նչ կերպով պիտոյ է իւր նամակը տեղ հասուցաներ. ծառայ չունէր հաւատարիմ, որին կարողանար այսպիսի գաղտնիք հաւատալ, աղախնի հետ չէր կարող ուղարկել, որովհետեւ մօր հետ պարապած էր նա. եւ թէ այդպէս եւս չլինէր, ո՞վ գիտէ, կարելի է, որ մայրը, որոնելով աղախինը նորա բացակայութեան ժամանակ, հարցանէր նորանից նորա գալուց յետոյ, եւ աղախինը սխալմամբ, կամ իւր անձը արդարացնելու համար ասէր, թէ նամակ էր տարել պարոն Շահումեանցին. Յայտնի էր, որ Նախիջեւանումը չկար քաղաքական սուրհանդակ, ուրեմն ի՞նչ պիտոյ է առնէր:

Այսպիսի դիպուածներում այր մարդերի բոլոր հնարագիտութիւնը հեզ եւ խոնարհ կերպով երկրպագութիւն կը տայ կին մարդերի հնարագիտութեանը, որ շատ եւ շատ է: Կին մարդը հարիւր անգամ իւր հնարագիտութենով կարող է խաբել մի այր մարդ, եւ այն մի օրուայ մէջ. կին մարդու սիրտը շատ քնքուշ է եւ դիւրաշարժ, ճշմարի՛տ է, կանայք երկչոտ են, բայց թէ բանը հասաւ յուսահատութեան, որտե՞ղ կը դիմանայ նորան այր մարդը:

Նամակը կնքելուց յետոյ, մէք ոչինչ նշան չտեսանք Մանուշակի մէջ, որ ցոյց տար նորա նամակը ուղարկելու պատրաստութիւնը, նա թէեւ ամբոխուած, այնուամենայնիւ կարում էր իւր կարը, նստած պատուհանի տակ:

Ողորմութիւ՜ն արէք, ողորմաթեօ՜լն արէք, ասաց մի ձայն փողոցից, պատուհանի տակում

Մանուշակը դուրս նայեց պատուհանից եւ տեսաւ մի աղքատ պառաւ կին:

Ողորմութի՛ւն արա, զաւա՛կս, ողորմութի՛ւն, կրկնեց պառաւը, Աստուած բարի դուռ բանայ քեզ [1]:

Մանուշակը նշանացի արեց աղքատին, որ կանգնի ու չգնայ, իսկ ինքը վազեց խոհարանը, կտրեց մի պատառ հաց եւ բերեց, բայց անձրեւից գիճացած եւ ուռած պատուհանը չբացուեց ամենեւին, Մանուշակի քնքուշ ձեռքերը ցաւեցին զարկելով: Նա իսկոյն վազեց բակը եւ կանչեց աղքատին բակի մէջ, աղքատը քթի տակից օրհնութեան խօսքեր ասելով, մտաւ բակը:

Ահա՛ քեզ ողորմութիւն, ասաց Մանուշակը, եւ եթէ իմանայի, որ դու հաւատարիմ պառաւ ես, այսինքն, խաբեբայութիւն չես առնում, ես քեզ աւելի կը տայի, եւ ոչ միայն ես, այլեւ ցոյց կը տայի քեզ մի տուն, ուր միշտ կարող էիր մտանել ողորմութիւն ստանալու համար:

Մարիկս, պատասխանեց աղքատը, Աստուած օրդ երկայն առնէ․․. Բայց ես խաբեբայ չեմ, եւ Աստուած վկայ է, որ խաբեբայ չեմ:

Երդում պէտք չէ, ասաց Մանուշակը, ա՛ռ այս տասն կոպեկը քեզ վարձ, տեսանո՞ւմ ես այս նամակը, շարունակեց նա, հանելով գոգնոցի գրպանից, եղբայրս բերել է սորան Մոսկուայից... ճանաչու՞մ ես եղբօրս...

Չէ՛, ասաց պառաւը, եւ քեզ եւս չեմ ճանաչում, միայն գիտեմ, որ բարի աղջիկ պիտոյ է լինիս․ Աստուծոյ օրհնութիւնը անպակաս լինի վերայիցդ:

Այս նամակը տար Աստուածածնի թաղը, գիտե՞ս:

Գիտեմ, պատասխանեց պառաւը, ամենայն չորեքշաբաթ օր ես գնում եմ Աստուածածնի դուռը:

Այն թաղի մէջ հարցրո՛ւ պարոն Շահումեանց Գէորգի տունը, բայց նամակը ցոյց մի՛ տուր ոչ ոքի․ պատճառ, ամենայն տղայ գիտէ պարոն Շահումեանցի առատութիւնը, այս պատճառով կը ցանկանայ, որ ինքը հասուցանէ, դու պառաւ կին ես եւ անզօր, կը խլեն նամակը ձեռքիցդ եւ ինքեանք կը տանեն, իսկ դու, քո անզգուշութենովը կը զրկուիս ժամուցիցդ որ առատութեամբ կը տայ քեզ պարոն Շահումեանցը:

Ոչ ոքի չեմ ցոյց տալ գիրը, ասաց պառաւը, ես միայն տունը կը հարցնեմ, միամիտ կացի՛ր, մարիկս, մէք եթէ մեր վնաս-օգուտի բան լինի, խելք ունինք, թէեւ մարդիկ մեզ անխելք են կարծում. շնորհակալ եմ, որ ինձ բարի կամենալով, զգուշացնում ես ինձ. ճշմարի՛տ է, շատ չար են ժամանակիս տղայքը:

Ուրեմն առ այս գիրը եւ հասցրո՛ւ, ինչպէս ասացի, պարոն Շահումեանցին. իւրեան ձեռքը, գիտե՞ս․․․ չիցէ՛ թէ ծառայի կամ մի այլ նորա տանը եղող մարդու տաս, ժամուց չի լինի:

Շատ բարի, հոգիս, Աստուած օրդ երկայն առնէ...

Նա երկար հասակով երիտասարդ է, փայլուն աչքերով եւ լաւ հագնուած:

Շատ բարի, պատասխանեց պառաւը, Աստուած անփորձ պահէ, շատ խնդաս:

Աղքատը հեռացաւ: Մանուշակը մտաւ ներս:

Մանուշակի մի ժամ առաջ ունեցած ուրախութիւնը եւ սրտի ցաւը ուրախութիւն էր դարձած միայն այս յաջողութեամբ, որ նամակը կարողացաւ ուղարկել, առանց մի մարդու իմացնելու իւր կարծիքը:



[1]     «Բարի դուռ բանայ» նշանակում է լաւ մարդու կին դառնաս։