Գեղարուեստական արձակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

IX

Թէեւ Աղուանեանցի հայրը մեռանելու ժամանակ նզովքով պարտաւորել էր իւր որդին, ոչ ոքի չբանալ մատանու գաղտնիքը, թէեւ չնայելով Աղուանեանց Մկրտիչի ցած եւ ստորաքարշ բնութեան կամ առաւել լաւ ասել, անբարոյականութեան վերայ, խեղճ ողորմելի թշուառականը իւր բոլոր կեանքումը կատարելու էր հօր այս պատուերը, բայց հարկը ի՜նչ բաներ չէ ստիպում կատարել մեր սրտի յօժարութեան ընդդէմ․ ես ասացի միայն հարկը, դեռեւս հարկաւոր էր ասել, թէ մի անզգամ կին ի՛նչ բաներ չէ ստիպում իւր մարդին կատարել, եւ քանի՛ արդեօք կը գտանուին այնպիսի մարդիկ, որ հաստատ բնաւորութիւն ունենալով, կարողանան մերժել այնպիսի անզգամների հրամանը, այո՛, հրամանը․ պատճառ, անզգամ կինը չէ խնդրում իւր ամուսնուց կամ եղբօրից եւ այլն, եւ այլն, այլ հրամայում է. նա կարծում է, ո՛չ եթէ միայն իւր ամուսնուն, որդուն, մերձաւորին, այլեւ աշխարհին կարող է հրամայել...  այսպէս ահա Մկրտիչը, հարկադրուած քրոջից, սկսեց մատանու պատմութիւնը:

Շատ տարիներ են անցել նորանից յետոյ, երբ մեր ցեղապետը ապրել է աշխարհի երեսին Ղրիմի Թաթարի իշխանի իշխանութեան ժամանակին. շատ տարիներ եմ ասում եւ ո՛չ թուականը իսկապէս, այն պատճառով, որ չգիտեմ․ միայն այս քան կարող եմ ասել, որ այն տարում Գիրեյ-խանը միաւորուած փոքր-ռուսիացոց եւ լեհացոց հետ, պատրաստւում է եղած յարձակուել Մեծ-Ռուսիայի վերայ:

Այս միջոցին Բաղչէ-սարայի մէջ երեւում է մի դերվիշ Շեյիխուլիսլամ, որպէս թէ եկել է Մէքքէից, ուր գնացած է եղած Մէհէմմէդի գերեզմանը համբուրելու․ այս դերվիշը տեսանելով Գիրէյ-խանի պատերազմական պատրաստութիւնը, մի օր գնում է նորա փառաւոր, ծառերով եւ շատրուաններով զարդարած պալատը, օրհնելու նորան: Խանը ընդունում է այս հոգեւոր անձը բաւական յարգութենով, եւ հրամայում է թաբակ եւ ղահուէ բերել նորան:

Դերվիշը, սիրտը շարժուելով Խանի այսպիսի բարեհոգութենից, կամենում է վարձատրել նորա այս հիւրասիրութիւնը մի թանկագին բանով. նա ընծայ է տալիս նորան մի մատանի եւ ասում է, քանի այդ մատանին խանի մատումն է, թշնամիք չեն կարողանալու յաղթել նորան, եւ եթէ այս բանը իմանալով մի մարդ չարագործութենով գողանայ այս մատանին, այն ժամանակ գողացողը պիտի մեռանի կայծակից, եւ ովի ձեռքում որ մնայ մատանին, այն ցեղից եօթն մարդ պիտի տարաժամ մեռանին անպատճառ, բայց քանի՞ տարուց յետոյ, կամ ե՞րբ, այդ մասին ոչինչ չէ ասել դերվիշը:

Խանը, ընդունել է այս հոգեւոր պարգեւը շատ սիրով, եւ հրամայել է գանձապետին մեծ արծաթ վճարել բարերար դերվիշին նորա այս նուէրի փոխանակ:

Խանը, վահանափակելով իւր անձը այս կէս հոգեւոր, կէս դիւթական պարգեւովը, յաւելացրել է ուր սեփական խստութիւնը այնպէս, որ ասպատակութեան ժամանակ նորա ճանապարհը լուացւում է եղած արիւնով:

Մի օր մեր ցեղապետը Խանի ուրախ ժամանակը ահ ու սարսափով մօտեցած խնդրում է նորանից մի շնորհ, պատճառելով նորա այսքան յաղթութիւնքը, որ տարել էր թշնամիների վերայ:

Խանը պատասխանում է այսպէս.

Ես էգուց պիտի հրամայեմ թշնամիների գլխից աշտարակ շինել, քեզ այն շնորհը կ՚առնեմ, որ քո գլուխը կը դնեմ աշտարակի ծայրումը, այնպէս, որ քո գլուխը կը կազմէ նորա սրածայրը

Մեր ցեղապետը սարսափած այս մահագուշակ պատասխանից, խորհուրդ է կատարում Խանի կերակուր պատրաստողի հետ, սպանել Խանը գիշերով, մինչ նա քնած էր անկողնի մէջ:

Գիշերը կոխում է, ապարանքի մէջ հանգչում են ճրագները, պալատականներից ամէն մարդ գնում է իւր տեղը, ներքինապետը եւս տանելով Խանի սենեակը վրացի Մարիան, գնում է կանանոցը հանգստանալու:

Կէս գիշերին մեր ցեղապետը խոհարարի հետ զրահաւորուած դաշնակներով, մտանում են Խանի սենեակը, այստեղ երկիւղ է տիրում խոհարարին, այնպէս, մինչեւ որ կամենում է թողնել ու փախչել, բայց մեր ցեղապետը քաջալերում է նորան եւ ասում է, թէ մտանելուց յետոյ դատարկ դուրս գնալը մեծ յիմարութիւն էր, եւ թէ ստորագրել էր իւրեանց մահու դատակնիքը, այս խօսքերով համոզում է խոհարարը եւ երկու դաշնակը ցցւում են Խանի կուրծքի մէջ: Մարիան շփոթուած այս սպանութեան երեսից, կամենում է աղաղակ բառնալ, բայց սրածայր դաշնակը կապում է նորա լեզուն:

Մեր ցեղապետը եւ խոհարարը կողոպտում են Խանի բոլոր գոյքը, որոնց մէջ լինում է եւ շատ անգին գոհարներ եւ այս մատանին եւս, իսկ խանի մարմինը գորգերի մէջ փաթաթած տանում են, դնում են այն նեղ վանդակապատ տեղը, որի դուռը յայտնի էր միայն պալատականներին եւ Խանին, եւ ուր Խանը նստելով լսում էր իւր դատաւորների կատարած դատաստանը փառաւոր դահլիճի մէջ. այս դահլիճը եւ այս գաղտնի դուռը իւր վանդակապատ շէնքովը, տեսանւում է մինչեւ այսօր եւս Բաղչէ-սարայում Խան-սարայի մէջ:

Մեր ցեղապետը եւ խոհարարը լաւ հասկանալով, որ այս սպանութենից յետոյ անհնարին պիտի լինի մնալ Ղրիմի մէջ առանց իւրեանց անձը վտանգի տակ ձգելու, իսկոյն գրում են մի ճանապարհաթուղթ, եւ կնքելով նորան Խանի կնիքով, անյայտանում են նոյն գիշերը Բաղչէ–Սարայից: Հետեւեալ օրը մտանում են նաւ, եւ փախչում են Կոստանդնուպոլիս, մանաւանդ այն մտքով, որ թանկագին գոհարները վաճառեն տաճկի սուլթանին:

Բայց ագահութիւնը յղացնում է ճանապարհին մեր ցեղապետը մի նոր մարդասպանութենով. նա միտքը դնում է սպանել խոհարարը, որպէսզի ինքը տէր մնայ բոլոր հարստութեանը: Այս խորհրդով, Կոստանդնուպոլսի մէջ, չնչին արծաթ վճարելով մի ենիչերու, սպանել է տալիս խոհարարը փողոցի մէջ անողորմաբար, եւ ինքը մնում է տէր բոլոր կայքին: Այստեղ իւր գոհարների միջից մի ամենաթանկագին ադամանդ, շատ հազուագիւտ իւր գնովը, նուիրելով Սուլթանին, ստանում է Բասրայի  մօտ շատ գիւղեր, երկիրներ եւ ստրուկներ, այնպէս, որ շուտով դառնում է Տաճկաստանի երեւելի մարդերից մինը...

Մի օր մեր ցեղապետի սրտի անդորրութիւնը վրդովուում է մի դերվիշ, սա գալիս է Կոստանդնուպոլսում նորա մօտ եւ ասում է, թէ երկինքը բարկացած է նորա վերայ, եւ թէ նա պիտի պատժուի չարաչար իւր եղեռնագործութեան մասին: Այստեղ դերվիշը մանրամասն պատմում է մեր ցեղապետի սպանութիւնքը, այնպէս, որպէս թէ ինքն եւս գործակից եղած լինէր: Մեր ցեղապետը զարմացած եւ զարհուրած դերվիշի այս տեղեկութենների վերայ, հարցանում է գալուց պատիժների որպիսութիւնը եւ պատճառը: Դերվիշը պատասխանում է, թէ քանի այն մատանին գտանւում է մեր ցեղապետի մօտ, եօթն մարդ պիտի մեր ցեղից ժամանակ առ ժամանակ մեռանին տարաժամ, վերջին զոհը պիտի լինի մեր ցեղի մի միայն արու ժառանգը, որով պիտի ջնջուի մեր ցեղի յիշատակը աշխարհի երեսից․ իսկ թէ կամենալով փրկուիլ այս պատիժներից մեր ցեղապետը մի կերպով ոչնչացնէ այս մատանին, այն ժամանակ իսկոյն միանգամից պիտի ջնջուի մեր ցեղը տարաժամ մահով:

Այս պատճառով մեր ցեղապետը պահում է իւր մօտ այս մատանին, որպէսզի գոնէ ժամանակ անցանէ մինչեւ մեր ցեղի ջնջուիլը:

Ահա՛, քուրիկ, մատանու ողբալի պատմութիւնը․ ահա այս պատճառով խնդրում եմ քեզանից, որ չընծայես այն իմ հարսին խունկ ծխելու վարձ, որպէսզի նորան չպատժի այդ մահը իսկոյն հարսնացած:

Վարդ– Խաթունը աչքերը բացած լսում էր այս պատմութիւնը: Երբ որ աւարտեց եղբայրը իւր խօսքը, քոյրը մի գազանական լացով ողբաց իւր ամուսնու մահը, եւ նզովեց հօր ոսկերքը...

Այս լացախառն նզովքից յետոյ, կարծես թէ, հանդարտեց Վարդ-խաթունի սիրտը, բայց երեսը ծածկեցաւ կանաչ-դեղին վարագուրով, որ, ինչպէս ասացինք, պատճառւում էր մաղձից: Նա խոստացաւ խօսակցութիւն բանալ դրացու հետ աղջկայ մասին միւս օրը. պատճառ, այն օրը անցած գնացածի յիշատակութիւններով վրդովուած լինելով չէր կարող բան յառաջացնել:

Չգիտեմ ի՛նչ էր պատճառը, երեւի թէ յաջող չգնաց այս խնամախօսութիւնը, որ Մկրտիչը ճանապարհորդեց շուտով ղեպի Ղրիմ, այնքան արծաթով, որքան ունէր, առանց դուրսից մի բան ստանալու: