Գեղարուեստական արձակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

VII

Նախիջեւան քաղաքի շրջակայքումը, որոնք նոյնիսկ քաղաքի բաժիններն են, կան զանազան տեղեր, որոնց անունը մի արհաւիրք է բերում այնտեղի բնակիչների վերայ:

Այն տեղերումը շատ անգամ պատահել են մարդիկ, որ տեսել են մեզիմեն աղէկների հարսանիք կամ մի այլ հանդէս կատարելը: Շատ անգամ նոքա իւրեանց նուագարանների անուշ ձայնով մոլորեցրել են մօտից անցանողքը եւ քարշած իւրեանց մէջ, ծռել են որի աչքը, որի ծնօտը, որի ոտք ու ձեռքը: Այս մարդիկը ինքեանք պատմում են, թէ կենդանի մարդը, ինչպէս եւ այլ արարածները, մեզիմեն աղէկների առաջեւ մոմի նման կակուղ են. եւ թէ մեզիմեն աղէկները ինչ ձեւ եւ կամենան կարող են տալ զանազան զգայարանքների:

Առաւել լաւ հաստատութիւն: Մի գիշեր գալիս են եւ բախում են Մանուշակ դայեկի [1]  դուռը. դայեկը վեր է կենում, ճրագ է վառում, տեսանում է, որ երկու լաւ հագնուած մարդիկ նայում են պատուհանից եւ նշանացի են առնում, որ դուռը բանայ:

Դայեկը բացում է դուռը. մարդիկ առանց ներս մտանելու, կարճ խօսքերով խնդրում են նորանից, որ շուտով պատրաստուի եւ գայ իւրեանց հետ, մի ծննդկանի երեխան ընդունելու: Խեղճ դայեկը, որ շատ բարեհոգի կին է եղած, որին մինչեւ այսօր օրհնում են Նախիջեւանի ծեր ծնողքը, հագնում է իսկոյն հանդերձը, առնում է իւր հետ մետաքս երեխայի  պորտը կապելու համար [2], եւ նուիրական արօտը [3], նստում է սայլը եւ գնում են... Գնում են, բայց արդէն դուրս են գալիս քաղաքից, դայեկը հարցնում է, թէ ո՞ւր էին տանում իւրեան կամ ո՞րի տուն, պատասխանում են, թէ փոյթ չէ նորան եւ թէ նա ստանալու էր իւր կրկին վարձը:

Վերջապէս հասանում են քաղաքից դուրս, մի աւէր ջաղացի մօտ, ուր երկու մեծ ուռիների տակ տեսանում է դայեկը շատ ճրագներ, բազմութիւն, սեղանի պատրաստութիւն, երաժիշտներ, բայց ձայն, աղաղակ, ամենեւին:

Տեսանում է մի գեղեցիկ կին, պառկած փափուկ փետրալից անկողնի վերայ, ծննդական ցաւի մէջ:

Սորան տեսանելով, ծննդականի շրջակայ բազմութիւնը, ճեղքւում  է իսկոյն, դայեկին ճանապարհ տալու համար: Մօտ է գալիս դայեկը եւ տեսանում է, որ մի քանի վայրկեան ժամանակ կայ մինչեւ երեխայի ծնանելը, խնդրում է մի ջրով լցրած աման, բերում են նորան մի արծաթի ոսկեզօծ աման, ջրով լիքը: Դայեկը ձգում է նորա մէջ արօտը եւ նայելով նորան աւետիք է տալիս, թէ ծնանելու զաւակը արու էր:

Իսկոյն մի ուրախացուցիչ էլեկտրականութիւն անցանում է բոլոր հանդիսականների մէջ, եւ սկսում են նոքա մինը միւսի ականջին շշնջել Մանուշակ դայեկի վարժ լինելը իւր գործի մէջ: ժամանակը գալիս է, երեխայն ծնանում է արդարեւ արու:

Երեխայի առաջին ձայնի հետ միասին սկսանւում են երաժշտութիւնքը, բացւում է շնորհաւորական հացկերութիւնը: Բայց դայեկը վերմակ կամ այլ պաստառներ խնդրելով նորածինը փաթաթելու համար, բերում են նորան թանկագին դիպակից վերմակներ, հոլանդեան կտաւից սփռոցնէր եւ այլն, եւ այլն: Դայեկը իսկոյն ճանաչում է այս բաները, թէ որը՞ նոցանից տեսել է որ ծննդկանի մօտ… [4] 

Փաթաթում է երեխան, աւարտում է իւր գործը եւ կամենալով գնալ, ահա մի պառաւ, ինչպէս Մանուշակ դայեկը համարել է ծննդականի մայրը, գալիս է նորա մօտ, ասում է, բռնի՛ր գոգնոցդ, եւ ածում է նորա մէջ սխտորի փեճեկներ շատ. յետոյ, այն երկու լաւ հագնուած մարդիկը, որ բերել էին դայեկին այստեղ, գնում են սայլի մէջ եւ անվնաս հասուցանում են նորան իւր տուն:

Դայեկը հասկացած լինելով, թէ ընկած էր մեզիմեն աղեկների մէջ, սայլումը դեռեւս նստած, առանց ձայն հանելու, կամաց թափում է գոգնոցից սխտորի փեճեկները... Բայց ինչպէս եւ իցէ պատահում է, որ երկարը ամրացած մնամ են գոգնոցի վերայ, որ նա չէ նկատում մութ տեղը: Հասանում է տուն, եւ մինչ դուռը կամենում է բախել, իսկոյն անյայտանում են եւ բերողքը եւ ձին եւ սայլը, պատճառ, աքաղաղը լուսադէմին սկսած է լինում խօսել...

Խեղճ դայեկը երեսը խաչ հանելով, մտանում է տուն եւ քնում է: Առաւօտուն հանդերձ հագնելու ժամանակ, տեսանում է, որ գոգնոցի  վերայ կախուած էին երկու հոլանդեան ոսկիք, իսկոյն հասկանում է բանի զօրութիւնը... Բայց ի՛նչ առնես, որ միւսները թափել էր ճանապարհին:

Մէք այսպիսի անցքեր նկարագրելու միտք չունինք այստեղ, այլ այս մի քանիքը այն պատճառով յիշեցինք, որ մեր ընթերցողը մի փոքր ծանօթութիւն ունենան այսպիսի ոգիաբնակ տեղերի մասին, որոնցով շատ առատ է Նախիջեւանը, եւ որոնց ճիշտ նկարագիրը պատկերացնելու համար, պիտոյ են էժեն Սիւ եւ Դիւմայ, ֆրանսիական բանաստեղծների գրիչը եւ քանքարը:

Այսպիսի տեղերը յայտնի են Նախիջեւանի բոլոր բնակիչներին այս անուններով, Խանլը-դերէ, աւէր կամուրջ, աւէր ջաղաց, բաղանիք, աղբիւրներ, խոր ձորեր, որոնց մէջ վազում էին վտակներ, մեծ-մեծ ծառեր, որ բուսած էին մի գնացական ջրի եզերքում:

Նախիջեւանի մէջ միայնակ մարդը, եթէ մահի երեսից եւս փախչելու լինի, չէ գնում դէպի այս տեղերը գիշերով:

* * *

Ուրբաթամուտ:

Մութ գիշեր:

Մրրիկը փչում էր ամենայն կատաղութենով, անձրեւը գետի նման թափւում էր երկնքից, ոչինչ տեղից չէր լսւում ձայն, աղաղակ, բացի անձրեւի պղպջակների պատառուելու ձայնից: Առանց որոտմունքի փայլակը երբեմն-երբեմն ներկում է դաշտը դեղնախառն, կարմիր գունով, Խանլը-դերէն, առհասարակ դատապարտուած իբրեւ ոգիաբանի, զարհուրելի տեղ, այս գիշեր առաւել զարհուրելի էր...

Երեք հատ եօթանասուն, ութսուն տարեկան, քրքրուած պառաւներ ձորի խորքի մի անկիւնում շարուած վհկական խարուկի չորս կողմում, անընդհատ նայում էին մի պտուկի վերայ, որ հեղանիւթով լիք դրուած էր կրակի մէջ:

Պառաւները մինը միւսից այլանդակ:

Գլխի խառնիխուռն մազերը ասես թէ պատերազմ էին կանգնել միմեանց ընդդէմ, երեսները չոր, վատուժ, անհնարին խորշոմած, խոր ներս ընկած մանր աչքերը զրկուած թերթերուկից եւ յօնքից, հազիւ հազ երեւում էին դուրսից․ ճակատի ոսկրը, որպէս մի հովանոց, ծածկում էր նորանց: Աչքերի կոպերը, ծածկած սպիտակ-դեղնագոյն ճպռով, որ եւ  փոքր ինչ յառաջ վազել էր թշերի եւ քթի մէջտեղում, պատճառ, խարոյկի լուսովը երեւում էր փայլուն թաց գիծը, որ այս խեժային եւ մածուցիկ հիւթը թողնում է իւր հետքից:

Բերանները մեծ, համարեայ թէ մինչեւ այնքան, ուր ծնօտը կապւում է գանգի հետ: Շրթունքը բարակ, չոր, քարշուած ինչպէս թմբուկի կաշի եւ բոլորովին կապոյտ, լերդագոյն, երեքի բերանի մէջ ոչ մի ատամ չկար: Երկայն եւ չոր քթերը, համարեայ թէ կցած էր կզակներին, ականջների վերայ երեւում էին օղեր, օձի զանգերից: Հագուստները եւս, երկայն, իւղոտ:

Այս պառաւներից մինի մէջքը կապած էր յարդից հիւսած գօտի: Երեւում էր, որ սա ամէնից մեծն էր. պատճառ, միւս երկուքի մէջն էր կանգնած եւ այն երկուքը երբեմն նայում էին պտուկին, որի մէջի հեղանիւթը եփւում էր ահա, եւ երբեմն երրորդ պառաւի երեսին, հասկանալ կամելով նորա միտքը նորա դէմքի շարժողութենից:

Նոցա ձեռքի թաթերը, չոր, ինչպէս ոսկր, մատննրը եւ եղունգները երկայն, որոնց տակի կեղտը մի զզուելի կապոյտ գոյն էր տալիս երկայն ու կորացած եղունգներին, որ առաւել նման էին գիշատող թռչունների մագիլների:

Մի մեծ սեւ կատու, անդադար մռմռալով, քծնում էր պառաւների ոտքերին եւ աչքը չէր հեռացնում նոյնպէս պտուկից, որ համարեայ թէ կրակ էր դարձած, եւ որի միջի հեղանիւթի եռալու ժամանակ երեւում էին գնդակներ:

Այս գնդակների միջին էր ահա բոլոր վհկական արարողութեան խորհուրդը: Գնդակները բաղկացած էին եօթն բլրի հողից եւ եօթն աղբիւրի ջրից․ թուով երեք հատ էին նոքա. որոնց մէջ ամփոփուած էին թալիսմանական հրաւիրանք: Առաջին գնդակի մէջ դրած էր օդում բնակուող մեզիմեն աղեկներին հրաւէր, երկրորդում` ցամաքում բնակուողներին, իսկ երրորդում` որոնք ծովերում էին բնակւում:

Յանկարծ կատուն մլաւեց:

Պառաւները սկսեցին շուրջանակի պտոյտ գալ խարուկի չորս կողմով, կամաց, բայց զզուելի եւ դողդոջուն ձայնով երգելով.

 

Հասիք, հասիք, քուրիկներ.
Մեզ աշխարհի չորս կողմից.
Անտառներից, ձորերից,
Խոր ծովերի տակերից:

Դուք, որ օդումն էք լինում,
Կամ եօթն կարգ գետնի տակ,

Երկնքում կամ դժոխքում,
Կառած, կապած, թէ արձակ:

 

Երէք անգամ պտոյտ գալով խարուկի չորս կողմը, այս երգը ասելու ժամանակ, դադարեցան իսկոյն, երբ աւարտուել էր երգը, եւ իւրաքանչիւրքը կանգնեցան դարձեալ իւրեանց տեղերում ինչպէս յառաջ: Մի փոքր ժամանակ պտուկին նայելուց յետոյ, գլխաւոր պառաւը ասաց մի զզուելի ձայնով, «առաջին գնդակը հալուեցաւ», իսկոյն այս խօսքի վերայ կատուն, որ քծնում էր նոցա ոտքերին, երկրորդ անգամ մլաւեց: Պառաւները այս մլաւելու վերայ, դարձեալ սկսեցին պտոյտ գալ խարուկի չորս կողմով եւ երգել նոյնպիսի զզուելի ներդաշնակութեամբ:

 

Հաստատ կացանք մեր ուխտին,
Հաւատարիմ պաշտօնին.
Հետեւեցէք, քուրիկներ,
Եւ դուք մեր օրինակին:

Հասիք, հասիք, քուրիկներ,
Մեզ աշխարհի չորս կողմից.
Անտառներից, ձորերից,
Խոր ծովերի տակերից:

Դուք, որ օդումն էք լինում,
Կամ եօթն կարգ գետնի տակ,
Երկնքում կամ դժոխքում,
Կառած, կապած, թէ արձակ:

 

Առաջին անգամի նման, պառաւները աւարտեցին պտոյտ գալը, երգի վերջանալով, եւ իւրաքանչիւրքը կանգնեցան իւրեանց տեղերում, նայելով պտուկին:

Մի քանի վայրկեան անցանելուց յետոյ, գլխաւոր պառաւը ասաց, «երկրորդ գնդակը հալուեցաւ»: Այս միջոցին կատուն դարձեալ մլաւեց, եւ պառաւները առաջին երկու անգամի պէս, սկսեցին պտոյտ գալով երգել.

 

Մեզ մոռանում չէ աշխարհ,
Դարձեալ ունենք մեզ պաշտող.
Վստահ եղէք, քուրիկներ,
Մեր գործը կ՚երթայ յաջող:

Հասիք, հասիք, քուրիկներ,
Մեզ աշխարհի չորս կողմից,
Անտառներից, ձորերից:
Խոր ծովերի տակերից:

Դուք, որ օդումն էք լինում,
Կամ եօթն կարգ գետնի տակ,
Երկնքում կամ դժոխքում,
Կառած, կապած, թէ արձակ:

 

Պառաւները երրորդ անգամ աւարտեցին իւրեանց երգը եւ պտոյտ գալը, եւ իւրաքանչիւր ոք կանգնեցաւ իւր տեղում: Այս անգամ անթարթ աչքերով նայում էին երեքը միասին պտուկին. գլխաւոր պառաւի դէմքը առաւել զարհուրելի էր նորա գլխի անդադար ցնցուելուց: Նա մի քանի վայրկեան նայելով պտուկին, ասաց դժոխային ձայնով. «վերջին գնդակը հալուեցաւ»: Հազիւ թէ ասել էր նա այս խօսքը, կատուն մլաւեց դարձեալ, եւ ամենակործան կայծակը դղրդեց Խանլը-դերէն, որ լցուած էր նոյն իսկ րոպէին անհամար քուրերով, որոնց հրաւիրում էին երեք պառաւները. .

Չկային այնուհետեւ մէջտեղումը ոչ ձոր, ո՛չ պառաւներ, ո՛չ խարուկ, ո՛չ պտուկ եւ ո՛չ կատու:

Անձրեւը կտրած էր բոլորովին, խաղաղ քամին, որ հազիւ թէ շարժեցնում էր ծառի ամենաթեթեւ տերեւը, զովացնում էր ամառային տօթը:

Մի մեծ եւ անծայր սեղան, լուսաւորուած անհամար մոմերով, որ տնկած էին արծաթի եւ շափիւղեայ մոմակալների վերայ, զարդարած ոսկի, արծաթ սպասներով եւ առատ, եօթը տեսակ մրգերով... Դրած էր մի ծառազարդ այգու մէջ: Սեղանի ճակատում առաջին տեղում, երեք ոսկեզօծ եւ թաւիշով կարած աթոռներ, որոնց վերայ երեւում էին նստած երեք այնպիսի գեղեցիկ, մատաղահաս, տասնեւուեց կամ տասնեւեօթն տարեկան աղջիկներ, որ մարդու աչքը կուրանում էր նոցայ վերայ նայելով․ մանաւանդ նորա մէջտեղում նստածը փայլում էր մի առանձին, սքանչելի գեղեցկութենով, որի նմանը դեռեւս չէ ստեղծել մարդկային ճարտարութիւնը: Երեւում էր, որ նա երեքից մեծն էր: Նոցա մազերը խարտեաշ, երկայն, թափւում էր գանգուրներով ուսերի վերայից մինչեւ գօտին: Սպիտակ, թափանցիկ, մարմարիոնեայ մարմինները մերկ էին մինչեւ մէջքերը իսկ մէջքերից ցած, հագած էին մի սպիտակ փրփուրի նման անթափանցիկ պաստառից լայն զգեստ, որ երբեք չէր ծածկում աչքից նոցայ մերկութիւնը...

Աջ ուսերի վերայից դէպի մէջքի ձախ կողմը, ձգած է. ուրարաձեւ նոյնպիսի պաստառից շղարշ, բաց կապոյտ գունով, որ յետոյ մէջքի վերայով դարձեալ աջ կողմը բերած, կապած էր այնպիսի ճարտարութենով, այնպէս քնքուշ, որ պատճառ ունէին օրինակ առնուլ Փարիզի տարազահնարքը, այդ շռայլութեան հեղինակքը:

Բոլորի գլխին դրած էին սպիտակ եւ անուշահոտ շուշանի պսակներ`  կուսութեան նշան, որ միայն արգելք էին արձակ մազերին, որ նոքա չէին ծածկում հրեշտականման երեսները: Իւրաքանչիւրք աջ բազուկների վերայ ունէին ոսկի ապարանջան հիանալի քանդակած:

Հրաւիրուած քուրերը, ամէն մինը հրեշտակի գեղեցկութեամբ, հագնուած էին միակերպ, եւ մին-մին գալով ողջունելով երեք օրիորդքը, նստում էին իւրեանց տեղերը: Բայց այնքան շատ էին նոքա, որ եւ այսպէս թափանցիկ մարմիների շարժողութեան համար եւս, հարկաւորեցաւ հարուստ ժամանակ, մինչեւ որ բոլորը, կարգով ողջունած երեք օրիորդքը, նստեցին իւրեանց տեղը:

Երբ բոլորը նստած էին, երեք օրիորդներից մեծը վեր կացաւ տեղից եւ ասաց քաղցր եւ ներդաշնակ ձայնով.

Քուրիկնե՛ր, մէք հրաւիրեցինք ձեզ խնջոյք, որ պատրաստել էր մեզ Հոլոյին կինը, Թիւթիւնճի-օղլուի դստեր անունով. ուրեմն, վայելեցէ՛ք եւ ուրախացէք:

Այս խօսքից յետոյ ամենայն ոք, սկսեց ուտել իւր ամանից զանազան մրգեր եւ այլ կերակուրներ, նոցանիցը իւրաքանչիւրքը խօսում էին միմեանց հետ. ծիծաղում էին, զուարճանում էին, մինչեւ հացկերոյթի աւարտը:

Երբ ամենեքեանքը, վայելած ու լիացած էին, գլխաւոր օրիորդը, վեր կանգնեցաւ իւր տեղից եւ չցրեց իւր բաժակը պատուական, մաքուր սառն ջրով, ամենեքեան հետեւեցան նորա օրինակին, նա բարձրացրեց բաժակը օդի մէջ եւ ասաց.

Խմելով այս բաժակը օրիորդ Թիւթիւնճի-օղլուի անունով, ես պարգեւում եմ նորան առողջութիւն: Խմեցին եւ միւս բոլոր օրիորդները, կրկնելով այս խօսքերը:

Սորանից յետոյ սկսեցին նոքա բոլորը միասին քաղցր եւ զմայլեցուցիչ երգեցողութիւն: Լուսաբացը արդէն մօտ էր: Հազիւ թէ աւարտել էին սոքա իւրեանց երգը, աքաղաղը խօսեց...

Երեւում էր դարձեալ Խանլը-դերէն, իւր տխուր եւ զարհուրելի կերպարանքով. անձրեւը գետի նման թափւում էր երկնքից, բայց Խանլը-դերէի մէջ ոչինչ չկար:



[1]     Մանկաբարձը, ծնուցիչը Նախիջեւանում դայեկ է կոչւում:

[2]     Ոչ ոք բան չունի ասելու պորտ կապելու ընդդէմ, պատճառ, այլապէս բոլոր արիւնը դուրս հոսելով պորտի երակից, անտարակոյս մահ կը պատճառէր մանուկին, բայց մի այլ աւանդութիւն ստիպեց մեզ ծանօթութեան դնել այստեղ, Նախիջեւանումը երեխայի պորտը կարմիր կամ կանաչ մետաքսով կապելուց յետոյ, որովհետեւ մի քանի ժամանակից, այո մարմնից դուրս մնացած երակը չորանում է, վառն որոյ կտրում են նորան վէրքոտին. բայց այդ երակները, որ կապած էին մետաքսով, նախ եւ յառաջ երեք օր ժամանակով, երեխայի մայրը պահում է իւր գլխի վերայ այն խորհրդով, թէ ինչպէս մայրը պահում էր երեխայի պորտը իւր գլխի վերայ, նոյնպէս մանուկը իւր գլխի վերայ պահելու էր, այսինքն յարդելու, իւր ծնողը, եւ այս մտքով պահում են մինչեւ երեխայի չափ հասանելը:

      Երբ երեխան բաւական զարգացած էր, կը տան նորան իւր պորտը եւ կ'առաջարկեն քակել այն մետաքսեայ կապը: Որպէս թէ երեխան, որ քակել էր իւր պորտը, եթէ աղջիկ է, պիտոյ էր շատ բաղդաւոր լինէր, իսկ եթէ արու, շատ ճարտարութիւն էր ստանալու իւր ձեռքերում, եւ այս կանոնը, մանաւանդ ճիշտ է աղջիկների համար, որոնցից շատ է պահանջւում ձեռքի ճարտարութիւն. Երեւի թէ այս ժամանակներում Նախիջեւանի մէջ, իւրեանց վերին աստիճանի ձեռքի ճարտարութենով յառաջացած մարդիկը, քակել են մի ժամանակ իւրեանը պորտի կապը...

[3]     Այս արօտը Նախիջեւանի դայեկները ստանում են Երուսաղէմից: Մի աւանդութիւն կայ նոցայ մէջ այս արօտի վերայ, որ պատճառ տուեց մեզ նուիրական անուն տալ նորան: Որպէս թէ Աստուածածինը, Բեդլեհեմի մօտ ծննդական ցաւով շատ տանջուելով ձեռքը ձգել է դէպի արօտները եւ ցաւի սաստկութիւնից սեղմել է նորանց, եւ թէ այս այն արօտիցն է, որ ընկել էր նորա ձեռքի տակ: Եւ այս օրից այս արօտը սկսել է բուսանիլ այնպէս, որպէս թէ սեղմուած էր ձեռքով: Դայեկների եւ առհասարակ նախիջեւանցի կին մարդերի հաւատալով, այս արօտը գուշակական զօրութիւն ունի իմանալու, արդեօք ծնանելի մանուկը արու՞ էր թէ էգ: Հետեւեալ կերպով կատարւում է այս գուշակութեան արարողութիւնը. մի ամանով ջրի մէջ ձգում են այո արօտը, եթէ ծնանելին արու է, նա եւս առաւել կը կաշկանդուի. իսկ եթէ էգ, կը բանայ թերթերը:

      Արօտը ինքը բաւական չոր բան է, գոյնը անորոշ, գորշի եւ մուգ կանաչի մէջ: Երեխայ էի, երբ տեսած եմ այս արօտը, եւ շատ տարիներ են անցած նորանից յետոյ, այո պատճառով չեմ կտրող անուանել արօտը եւ բացայայտել, թէ բուսականների որ կարգին է պատկանում:

[4]     Նախիջեւանցիք, մանաւանդ կանայք, հալած իւղի տեղ ընդունում են մեզիմեն աղեկների գոյութիւնը, եւ մեծ վարկ եւս ունին նոցայ վերայ: Եթէ պատահի խօսակցութեան մէջ արտաբերել մեզիմեն աղեկ բառը, իսկոյն սորանից յետոյ կը յաւելացնեն. «կանաչ ու կարմիր կենայ թաթն ետեւը, կրունկն առջեւը»:

      Առաջին նախադասութիւնը, որպէս թէ բարեմաղթութիւն է, իսկ երկրորդը մի թալիսմանական դատապարտութիւն, այնպէս, որ թէ կամենար եւս մեզիմեն աղէկը վնասել, չէր կարող, պատճառ, նորան բարի էր մաղթել խօսողը: Իսկ թէ մեզիմեն աղէկը ապերախտ գտանուելով, այնուամենայնիւ, ցանկանար մի վնաս տալ, այն միջոցին, իսկոյն, ոտքի թաթը ետ կը դառնար եւ կրունկը յառաջ, որով եւ կը կապուէր նորա ընթացքը:

      Այսպիսի հասկացողութեան մէջ ծնած օրերից տոգորուած լինելով, նախիջեւանցի կանայքը, շատ անգամ նկատում են իւրեանը արկղների մէջ պահած հանդերձեղէնների վերայ, կամ նորածին մանուկի հարկաւորելու պաստառների վերայ դեղին բծեր (լեքէ) իսկոյն ասում են, երբ տեսանում են այս բիծը, թէ այն հանդերձը կամ պաստառը գործ են ածել մեզիմեն աղէկները:

      Նոցայ հաւատալով, մեզիմեն աղէկներր գալիս են գիշերով, հանում են այդ հանդերձքը, գործածում են նորանց, եւ աքաղաղը չխօսած ետ են բերում դարձեալ: Ինչպէս չհաւատան այսպիսի բաների նախիջեւանցի կանայք. այն անմեղ եւ անկիրթ արարածքը, մինչեւ ծնած օրերից սկսած դաստիարակւում են այսպիսի նախապաշարմունքների եւ նանրահաւատութեան մէջ իւրեանց պառաւների ձեռքով, երբ յարգելի Մանուշակ դայեկի նման շատերը, պատահելով մեզիմեն աղէկների մօտ, եւ ճանաչելով այս կամ այն տիկինին պատկանած հանդերձը կամ պաստառը,. իսկոյն ասում էին նորանց, թէ տեսել էին այն բաները մեզիմեն աղէկների մօտ. եւ տիկինները հանելով արկղից անուանուած իրը, արդարեւ նկատւմ էինք դեղին բիծը, անտարակոյս նշանը...

      Գոնէ այսքան մտածէին, եթէ մեզիմեն աղէկները, ինչպէս նոցայ հաւատում են, աներեւոյթ եւ անմարմին էակներ են, ինչպէ՞ս է ապա, որ երեխայք են ծնում, եւ ծնելու ժամանակ դեռեւս կարօտում են մարդկային ձեռքի ճարտարութեանը, մինչեւ ինքեանք մեզիմեն աղեկները իշխում էին մարդերին. ինչպէս է, որ հանդերձի կարօտութիւն ունին, եւ այն ցերեկը մերկանում են, որովհետեւ աքաղաղը չխօսած, ասում են, թէ ետ էին բերում. ինչպէ՞ս է, որ մի տիկին ամենայն ժամանակ գիշերով եթէ կամեցել է բանալ իւր արկղը, ոչինչ պակասութիւն նկատած չէ արկղի միջի դրուած բաներում: Թող նոքա չգանգատեն մեզիմեն աղեկներից նկատուած դեղին բծերի համար, այլ մանաւանդ թող մեղադրեն իւրեանց լուացարարութեան անկատարութիւնը եւ տհասութիւնը. Սապոնի մէջ շատ անգամ պատահում է մոխիր եւ այս մոխիրը ստանում են այնտեղ մի առանձին արօտից որ սաստիկ մոխրային սկիզբն ունի իւր մէջ: Ջուրը շատ անգամ շինում է ջրհորի լեղի ջուր, որ առատ է կրով, երկաթով եւ երբեմն ծծմբով եւս: Կտաւիքը չորացնում են լաւ չքամած, որից առաջանում է ոչ միայն այն դեղին բիծը, այլն առհասարակ կտաւիքի օր ըստ օրէ դեղնիլը:

      Նախիջեւանցիք այնքան հաւատում են այս դեղին բծերի գերբնական բան լինելուն, մինչեւ որ եթէ երեւի մարդու մարմնի վերայ մաղձից պատճառուած դեղին բիծ, ասում են, թէ մեզիմեն աղեկները հինայ (china) են դրել:

      Ցաւելով խոստովանում եմ, որ իմ ազգակիցը առաւել մատնուած են այսպիսի նանրահաւատութիւնների, քան թէ այլ երկրացի հայերը: Նախիջեւանցոց մէջ մեծ համարում ունի թուղթ նայողը (գիր նայող, գուշակող чернокнижняк) եւ շատ անգամ այդ քաղաքի բնակիչքը, իւրեանց գործը ընթացնում են այսպիսի մի խաբեբայ մարդու առաջարկութեանը համեմատ:

      Այս ողբալի բանի աղբիւրը ի հարկէ պիտոյ է որոնել նոցայ անկրթութեան եւ ասիական տգիտութեան մէջ: Աստուած տար ինձ, տեսանել մի որ մեր ազգակիցքը ազատուած այս նանրահաւատութեան լուծի տակից եւ քաղաքացած Եւրոպական լուսաւորութենով: