Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

Է․

Շատ ժամանակ չէր, որ կոմս էմմանուէլը բնակւում էր այս քաղաքի մէջ, ուր անցան նախընթաց գլուխներում պատմած անցքերը: Նորա անձնական տկարութիւնքը հարկադրել էին նորան, օդափոխութեան համար դուրս գալ իւր մռայլոտ բնակարանից, ուր շատ տարիներ անցուցել էր մելամաղձական եւ տխուր միայնութեան մէջ:

Դպրութեան կանոնքը արգելում են մեզ, առանց որեւիցէ մարդու կամք ստանալու, տպագրութեամբ հրատարակել նորա վարքագրութիւնը. այս պատճառով համարձակութիւն չունիմ խօսել հրապարակով իմ ընթերցողների հետ կոմս էմմանուէլի անձին վերայ, հերիքանալով, որ թոյլտւություն ունիմ նորա կողմից ասել այնքան, որքան ասացի կամ որքան դեռեւս պիտի ասեմ:

Բացի սորանից, կոմս էմմանուէլը մի նոր մարդ չէ մեր ազգի համար. նա փոքր ի շատէ յայտնի է ընթերցող հասարակութեանը իւր Յիշատակարաններով եւ ոտանաւորներով, որ տպւում են Հիւսիսափայլ  օրագրի մէջ. այս պատճառով եւս իմ ընթերցողքը չեն կարող ասել ինձ, թէ խօսում էի մի բոլորովին նոցա անծանօթ մարդու մասին: Ինչեւիցէ:

Ահա այս քաղաքը գալով կոմս էմմանուէլը ման էր եկել համարեա թէ բոլոր փողոցները, տեսել էր բոլոր եկեղեցիքը, վաճառանոցները, ըստ որում հայաբնակ քաղաքներում սոցանից աւելի բան չկայ, որ կարողանար գրաւել մի եկաւոր կամ հարցախնդիր մարդու ուշադրութիւն: Առհասարակ շատ տխուր երեւոյթ է այս, բայց անմիջական հետեւանք Հայերի կեանքի ասիական բնաւորութեանը: Այնտեղ, ուր չկայ կրթութիւն եւ դաստիարակութիւն, չէ կարող լինել ընկերական կեանք. իսկ ուր չկայ ընկերական կեանք, այնտեղ թագաւորում են միմեանցից բաժանող եւ հեռացնող եսական սկզբունք, որի հիմքի վերայ ոչ թէ միայն բան չէ շինւում, այլ յառաջուց շինուածները եւս քանդւում են: Որեւիցէ գործ, որ պիտի պատկանէր ամբողջ ազգին, հարկ է որ կատարուի հասարակաց ձեռքով, հասարակաց հոգու միաբան գործակցութեամբ. բայց ուր իշխում է եսականութիւն, այնտեղից հալածական է միաբանական աստուածային հոգին: Եսական հոգով բան չէ յառաջանում նորա համար, որ նա կենդրոնացած է իւր մէջ. նա մեռած է շրջակայքի համար, թէեւ գտանւում էր մի կենդանութեան պատկեր ունեցող կեղեւի մէջ: Մի այդպիսի մարդու վարդապետութիւնը զոհաբերութեան մասին (առանց որին ոչինչ առաքինութիւն չկայ) այսպէս է, թէ այն զոհն է արժան եւ ընդունելի, որ վարձատրւում է իսկոյն նիւթական ճանապարհով: Նա չկամի եւս հասկանալ, թէ առաքինութիւն ասածը մի վերացական բան է եւ չէ երեւում նիւթական կերպարանքի տակ: Հեռի է նորանից այն հասկացողութիւնը եւ վարդապետութիւնը, թէ ամենայն զոհ, որ վարձատրւում էր մաքուր խղճմտանքի գիտակցութեամբ, արդէն ամենալաւ աղբիւրն էր մխիթարութեան: Ո՛հ, արեւը շատ անգամ դեռեւս պիտի մտանէ Հայերի ասիական պղտոր հայեացքի վերայով... գնայուն մեռեալները (ходячие трупы) դեռեւս շատ ժամանակ պիտի կենդանի մարդիկ թուին մեր արտասուելի ազգի աչքում: Երեւում է, որ մեք տեսանելու չէինք Նախախնամութեան այցելութիւնը այս ազգին հասած, բայց արդեօք պիտի տեսանէի՞ն մեր որդիքը կամ թոռները, դժուար է հաւատալ: Չսերմանած, հնձելու յոյսը չար անձնախաբէութիւն է. եթէ մեր պապերը եւ հայրերը սերմանած լինէին, մեք այժմ կը հնձէինք, ներկայումս չենք հնձում նորա համար, որ մեր նախնիքը չեն սերմանած, բայց մեք եւս չենք սերմանում, ինչպէ՛ս ուրեմն կարող են հնձել մեր որդիքը եւ թոռները: Հայերի համար, երէկ եւ այսօր նոյն եւ միշտ. չեմ ասում յաւիտեան, որովհետեւ այդ ազգի բռնած ճանապարհը այնպէս է, որ դարերի եւս դժուար թէ կը դիմանար, ուր մնայ յաւիտեանը

... Երեկոյեան ժամանակ, կոմս էմմանուէլը հեռացաւ դէպի քաղաքի ծայրը, դէպի մի պարսպաւոր եկեղեցի, որի բակը էր միեւնոյն ժամանակ եւ գերեզմանատուն:

Կանաչապատ էր բոլորովին այդ եկեղեցու բակը, եւ շատ ծառեր տնկած կային պարսպի հետ զուգահեռաբար, որոնց ստուերքը ստանում էին առաւել եւ առաւել հսկայական երկայնութիւն, որքան արեւը խոնարհւում էր դէպի մուտ: Թեթեւ քամին, խաղալով ծառերի տերեւների հետ, պատճառում էր մի ախորժելի խշխշոց. ծաղիկները եւ արօտները սկսանում էին առուգանալ, թարմանալ եւ բարձրացնել իւրեանց գլուխը, ազատուելով արեւի ուղղահայեաց այրող ճառագայթներից, որ խաղում էին այժմ կաթողիկէի ոսկեզօծ խաչի վերայ:

Այցելուն աչքը ձգեց լայնարձակ, գեղեցկանիստ բակի վերայ. ոչի՛նչ, եւ ո՛չ ոք... Այնտեղ ապրում էր միայն անշունչ բնութիւնը. այնտեղ, քամին միայն, որոտը, է նշանակեալ ժամերում, եկեղեցու տխուր հնչող զանգակը կարող են ընդհատել միշտ թագաւորող լռութիւնը: Գերեզմանները, որը կարգով, եւ որը անկարգ, շարուած էին կանաչ, թավիշապատ յատակի վերայ: Ասես թէ մարդերի գերեզմանքը ծառայում են բնութեան ձեռքում Շախմատի քարերի տեղ: Բնութիւնը խաղում է այս խաղը ժամանակի հետ: Ամէն մի նոր գերեզման նոր քար է, որ ստանում է բնութիւնը եւ դնում է եւ զանազան ուղղութիւններով շարում է իւր խաղակից ժամանակի առաջեւ: ժամանակը տանում է այդ քարերը յատակից...

Երբ կոմս էմմանուէլը ման գալով գերեզմանների մէջ եւ կարդալով տխուր եւ սխալներով լի տապանագիրքը, որոնց ե՛ւ գրել տուողը, ե՛ւ գրողը, ե՛ւ փորողը չեն գիտեցած հայերէն, անցաւ դէպի եկեղեցու սեղանի քամակը, այսինքն, արեւելեան կողմը. այստեղ տեսաւ նա մի կենդանի էակ. բայց եւ սա սպասաւոր էր մահու թագաւորութեանը...

Մի վաթսունամեայ, բայց առոյգ ծերունի, ճաղատ ճակատով եւ սպիտակ մազերով, բահը ձեռքին փորում էր... Նորա խոշոր դէմքի գծագրութեան հանդարտութենից երեւում էր, որ շատ սառնութեամբ կատարում էր այդ գործը, եւ ամենեւին մեքենաբար, առանց մտածելու եւ իւր գործի հետեւանքից կամ շարժառիթից մի տպաւորութիւն ներս ընդունել իւր հոգու վերայ:

Կոմս էմմանուէլը մօտեցաւ այս մարդուն:

Բարեւ, ծերունի, ասաց նա:

Աստուծոյ բարին, պատասխանեց խօսակիցը:

Դարձեա՞լ գերեզման...

Օրհնած, այս տարի դեռ տասներորդն է, որ փորում եմ, միթէ շա՞տ է։ Եթէ այսքան եւս չլինի, ասե՞ս որ պիտեր քաղցած մեռանել: Ինչ  է իմ ստացածս եկեղեցուց, որպէս տարեկան ռոճիկ, երեսուն մանէթ. Աստուծոյ համար ասա՛, կարելի՞ է այդքան գումարով ապրիլ, տուն տեղ եւ ընտանիք պահել: Մեզ ասում են, թէ արդիւնք ունէինք ժողովրդից. ի՛նչ տեղից է մեր արդիւնքը: Մկրտութենից, պսակից եւ մեռեալից, բայց մկրտութիւնը եւ պսակը, համարեա թէ ոչինչ արդիւնքի աղբիւր չեն. քսան կոպեկ, երբեմն երեսուն եւ երբեմն կէս մանէթ: Ամբողջ մանէթ տասն տարին մի անգամ չէ պատահում: Մնում է մեռեալը. գերեզման փորելուց ստանում եմ երկու մանէթ, լուանալու համար, եթէ արական է, տալիս են մի բան. մնաց որ մեռեալի շապիկը, վերայի գտանուած հանդերձեղէնը կամ մահիճը, որի մէջ հանգուցեալը փչել էր իւր հոգին, նոյնպէս պատկանում է մեզ. նոր հանդերձը իբրեւ կողոպուտ [1] կպատկանի ծխատէր քահանային, այս պատճառով ահա մեռեալից աւելի եկամուտքի արդիւնաւոր աղբիւր չունինք:

Ուրեմն, դու ուրախանում ես, եթէ մեռանում է մի մարդ:

Ինչ մեղքս պահեմ, այո՛. իմ աղքատութիւնը ստիպում է ուրախանալ: Չքաւորութիւնը, աղքատութիւնը, ապրելու եւ ընտանիք պահելու հոգսը, շատ անգամ խտրութիւն չունին հնարների մէջ, որոնցով կարելի էր արծաթ վաստակել, կեանքի անհրաժեշտ պիտոյքը հոգալու համար: Բացի սորանից, այս եւս կայ, որ իմ ուրախանալուցս չէ, որ մարդիկ մեռանում են: Խոլերայի ժամանակ [2] ճշմարի՛տ աւելի պատճառ ունէի տրտմելու, ըստ որում երկիւղ կար սրտիս մէջ, որ մի գուցէ ես եւս, կամ իմ ընտանիքիցս մի մարդ մեռանի. բայց դորա փոխանակ, այն ի՛նչ արդիւնք էր այն տարում...

Բայց, մի կատարուած գործողութեան վերայ մեծ ուրախութիւն ցոյց տալը, ասել է, թէ պատրաստութիւն կար ձեռնտու լինել, եթէ միայն հնար լինէր, որ այդպիսի գործողութիւնք կատարուէին առաւել ստեպ:

Ճշմարի՛տն ասեմ, ցաւելու չեմ, եթէ ամենայն օր գերեզման փորեմ այնպիսի մարդերի համար, որպիսու համար փորում եմ այս գերեզմանը:

Ուրեմն կան մարդիկ, որոնց մեռանելը այնքան ախորժ չէր քեզ, չնայելով, որ պիտի արդիւնաւորուէիր:

Ինչպէս չէ: Զօրօրինակ երիտասարդ մարդիկ, նոր դեռեւս  ընտանիքի տէր դարձած, նոր տեսած կեանքի արեւը, որոնք դուռը միշտ բաց է իմ պէս աղքատների համար. տօնի, զատկի, տալիս են մի բան, եթէ մկրտութիւն կամ մի այլ հոգեւոր պէտք կատարուի նոցա տանը, նոյնպէս չեն մոռանում ժամակոչը: Որքան եւ իցէ, այդպիսի մարդերից տարու մէջ ստանում եմ գոնէ՛ մի մանէթ. ճշմարի՛տ, եթէ այդպիսիք մեռանին, մինչեւ չորս հինգ մանէթ կը ստանաս, բայց, բանը այս է, որ այդ չորս կամ հինգ մանէթով բոլոր հաշիւդ կը վերջանայ մեռանողին հետ: Ահա այսպիսի մարդիկ, եթէ մեռանին, ափսոսում եմ. բայց այն միւս մարդիկը, որոնցից ոչինչ արդիւնք չունինք, որոնց շեմքը երբեք չենք կոխած, որք հացը մի անգամ ուտում են, միւս անգամ կշռում, թէ մի՛ գուցէ պակաս էր, որ բոլորովին նման են անպիտան ձիու, որի տէրը միմիայն օգուտ, որ կարո՛ղ էր քաղել նորանից, այդ էր նորա կաշուցը, որ սատակելուց յետոյ կարող էր վաճառել, ըստ որում նորա կենդանութիւնը չէր արժում եւ նորա կաշուն:

Այն մարդը, որի համար փորում ես այդ գերեզմանը, նոյնպէս պատկանում է այս վերջին տեսակի մարդերին:

Աւելի վատթար: Սա, մեր եկեղեցու նախկին երեսփոխանն էր, տասն եւ հինգ տարի կատարեց այս պաշտօնը, բայց ինչպէ՛ս, մի հարցրու:

Տարին մի անգամ մի քանի քահանայք գալիս էին հաշիւ տեսանելու, բայց ի՛նչ հաշիւ, ի՛նչ քննութիւն: Հանգուցեալը լաւ գիտէր իւր բանը: Հաշիւը սկսանելուց յառաջ, պատրաստում էր, ահա այն ծառերի տակ, խորովածը, գինին եւ արաղը: Անտարակոյս, յառաջ գնում էին այդ բարութիւնքը վայելելու, որ մի փոքր ոյժ ստանան այն մեծ եւ երկար, ամբողջ տարու մանրամասն հաշիւը քննելու համար: Խելացի էր շատ մեր երեսփոխանը, նա սկսանում էր մի մի արաղից եւ բանը բերում էր հասցնում էր այնտեղ, որ հաշուատեսքը տաղ չէին թողնում, մեղեդի, շարական չէին թողնում, որ չերգէին... Սովորաբար առաւօտեան տասն ժամից կը սկսուէր այս բանը եւ կը տեւէր մինչեւ ժամը երկու կամ երեքը ճաշից յետոյ. այս միջոցին երեսփոխանը ասում էր. «Այժմ սկսենք հաշուի բանը, որովհետեւ մի երկու ժամից երեկոյեան զանգակը կը զարկեն, ժողովուրդ գուցէ սկսանի գալ եկեղեցի եւ խափան լինել մեր գործին»: Առհասարակ շատ բարեսիրտ են մեր քահանայք, այս չէ կարելի ուրանալ. երախտագիտութեան մասին եւս հետ չեն ժողովրդից. այս պատճառով եւս ասում էին. օրհնա՛ծ, այսքան տարի եկեղեցու դրանը ծերացար, այժմ պիտի խարդախութի՛ւն գործէիր հաշիւների մէջ. միթէ՛ մեք չենք հաւատում քեզ: Մեր գալը մի օրէնք է, որ կատարում ենք, լցուցանում ենք առաջնորդի հրամանը, որ սաստիկ պատուիրում է ուշի ուշով քննել  հաշիւները, որպէս թէ գողերի եւ աւազակների ձեռքում էր եկեղեցին: Հանճարեղ երեսփոխանը պատասխանում էր. «Չէ՛, տեարք հարք, ես խնդրում եմ, որ հաշիւներիս վերայ աչք դարձուցանէք, եկեղեցու մի կոպեկը եւս կրակ լինի իմ համար, եթէ խառնել եմ իմ գոյքի մէջ»: Թէ Աստուած սիրում ես, ձեռք վեր առ այդ բաներից, մեք լաւ ճանաչում ենք քեզ, Աստուած տայ, որ բոլոր երեսփոխանք այն հոգին ու հաւատը ունենային, ինչ որ դու ունիս. բե՛ր մատեանները, շարունակում են քահանայք: Երեսփոխանը բերում է. եւ ահա, եկեղեցու տարեկան ելից եւ մտից տակը գրւում է գեղեցիկ գրչով. «Հոգեւոր կառավարութիւնս վերահասու եղեալ ստուգութէան հաշուոց, ելից եւ մտից եկեղեցւոյն, եգիտ զայնս ի պատշաճեալ կարգի, ըստ օրինացն հրամայելոյ, զորմէ ստորագրութեամբ անդամոց եւ դրութեամբ կնքոյ վկայէ»:

Այնուհետեւ մի ամբողջ տարի ո՛վ էր եկեղեցու մօտ եկողը, ո՛վ էր հաշիւ հարցնողը: Տարեգլխին, նոյն քահանայքը, նոյն խորովածը, նոյն պատիւը, տաղը եւ շարականը, հետեւաբար եւ նոյն վկայութիւնը «ստորագրութեամբ անդամոց գրութեամբ կնքոյ»:

Ահա այս կերպով տասն եւ հինգ տարի վարեց հանգուցեալը երեսփոխանութեան պաշտօնը: Բայց երբ սորանից հինգ տարի յառաջ հիւանդանալով հարկադրուեցաւ թողուլ իւր արհեստը, եկեղեցին, բացի քանի մի փուդ մոմից, կոճատից եւ խունկից այլ բան չունէր...

Ապա ժողովուրդը՞, հարց արեց կոմս էմմանուէլը:

Հը՛մ, ժողովրդին ի՛նչ. եկեղեցական գործերի մէջ ի՛նչ գործ ունի ժողովուրդը. այստեղ հոգեւոր իշխանութիւն կայ, կառավարութիւն եւ առաջնորդ, պատասխանեց ժամակոչը, ճակատի քրտինքը սրբելով:

Շատ բարի. բայց եկեղեցին ո՛չ հոգեւոր կառավարութեանն է եւ ոչ առաջնորդին. եկեղեցին պատկանում է ժողովրդին եւ դեռ օրէնքի զօրութեամբ եւս ժողովուրդը պիտի վերահասու լինի եկեղեցու տարեկան արդիւնքին եւ ծախքին: Երեսփոխանը ի՛նչ է. ովի՛ երեսփոխանն է նա. ո՞չ ապաքէն ժողովրդի եկեղեցու մէջ, ժողովրդի գործակատարը: Ժողովուրդը դնում է մի մարդ եկեղեցու մէջ, որ նա տնտեսէ տարեկան արդիւնքը եւ ծախքը, այլեւ հոգաբարձու լինի եկեղեցու պիտոյքին:

Մեր ժողովուրդը այդպիսի բան չգիտէ: Նորան վաղուց արդէն հաւատացուցել են, որ ժողովուրդը, ազգը հոգեւոր բաների մէջ իրաւունք չունի խառնուելու, որովհետեւ այդ բոլորը պահուած է հոգեւոր իշխանութեան:

Եկեղեցու ել ու մուտը հոգեւոր պաշտօն չէ, մի սրբազան խորհուրդ չէ, որ սոսկական մարդը համարձակութիւն չունենար մերձենալու: Հոգեւոր իշխանութեան գործը է հոգաբարձու լինել եկեղեցու կրօնական  մասին եւ ոչ եկեղեցու տնտեսութեանը, որ հասարակաց ոչինչ չունի կրօնի հետ: Եկեղեցին շինողը եւ պահողը է ժողովուրդը, սորա վերայ է նորա ծանրութիւնը. եթէ եկեղեցին քանդուի, ժողովուրդն է շինում, դարձեալ եկեղեցու արդիւնքը ժողովրդիցն է:

Ոչխարը, բուրդը եւ կաթը իւր տիրոջը տալով, իրաւո՛ւնք ունի պահանջելու, որ տէրը հաշիւ տար նորան, թէ որքա՛ն արդիւնք էր ստացել նորա բուրդից եւ կաթից, եւ թէ ո՛ւր, կամ ի՛նչ բանի համար ծախք էր արել:

Ոչխարը անբան անասուն է. բայց ժողովուրդը բաղկանում է բանական մարդերից. միթէ՛ ընդունում է ժողովուրդը, որ վարուէին իւր հետ, որպէս անբան անասունի հետ: Ես շատ զարմանում եմ ձեր ժողովրդի վերայ:

Եթէ զարմանում ես, ապա ուրեմն ոչինչ հասկացողութիւն չունիս մեր ազգի մասին: Ժողովուրդ ասացեալը բաղկանում է զանազան առանձին առանձին մարդերից, այնպէս չէ՞:

Անտարակոյս:

Ուրեմն ժողովուրդը խօսելու համար, հարկաւոր է, որ այդ առանձին առանձին մարդիկը միմեանց մօտենան, խորհուրդ կատարեն, եւ իւրեանց մասնաւոր ձայները, դէպի մի ամբողջ հաւաքելով, լսեցնեն որպէս մի հասարակաց ձայն, այնպէս չէ՞:

Ամենեւին այդպէս:

Բայց դու, տեսա՞ր, երբեւիցէ քո կեանքում, երկու Հայ, մաքուր խղճմտանքով եւ անկեղծ սրտով միմեանց մօտ եկած մի ազգային գործի համար, որի օգուտը անմիջական յարակցութիւն չունէր նոցա անձնական շահասիրութեանը: Տեսուա՞ծ բան է Հայերի մէջ բարոյական մօտաւորութիւն, կա՞յ Հայերի համար մի սուրբ առարկայ, որի անունով ամենայն երկրորդական պղտորութիւնք հետ դնելով բարեկամական ձեռք պարգեւին միմեանց: Ախ, պարո՛ն, երեւում է, որ դեռ անփորձ ես եւ երիտասարդ, արիւնդ տաք, ինչ ասես մտածել է տալիս, առանց կշռելու այն հանգամանքը, որոնց թոյլտուութենից կախ էր այդ գեղեցիկ գաղափարների իրագործութիւնը: Իմ այս մազերը չեն սպիտակացել ջրաղացի դռնում, այլ ժողովրդի մէջ. եւ ես մտել եմ ժողովրդի ամէն մի կարգի մէջ, սկսած յետին աղքատից մինչեւ երեւելի պարոնը: Տարու մէջ, ես տեսանում եմ շատ տեսակ հասարակութիւնք: Ամէն մի թաղումի, կիրակամտի կամ այլ այսպիսի բաների ժամանակ` ըստ մեծի մասին մի տան մէջ հաւաքուած են լինում երեսուն, քառասուն եւ երբեմն յիսուն կամ վաթսուն հոգի: Այդ տեղերում լինում են շատ խօսակցութիւնք, եւ այդպիսի տեղերում կարելի է ճանաչել ժողովրդի ստոյգ  բնաւորութիւնը: Նա այստեղ ազատ է, չէ հաւաքուել պաշտօնական խորհրդով, որ միտքը փոքր ի շատէ լարուած կամ նախապաշարուած լինի, չէ սերտել խօսելիքը, ինչպէս պաշտօնական ժողովների ժամանակ. բացի սորանից, նա անվաւեր է համարում այն բոլոր խօսք ու զրոյցքը, որ լինում էին այսպիսի տեղերում, եւ այս պատճառով եւս ցոյց է տալիս իւր հոգու միջինը ամենայն միամտութեամբ, եւ խելացի կամ զննող մարդը, որ կամէր, շատ բան կարող է իմանալ այսպիսի ժողովներից: Իմ կոչումը եւ պաշտօնը այնպէս է, որ ոչ ոք արժանի չէ համարում խօսել իմ հետ. աղախինքը կամ սպասաւորքը զզուելով տալիս են ինձ մի բաժակ արաղ, կամ առաջեւս դնում են կերակուրը. շատ անգամ տեսել եմ, որ բաժակը կամ ամանը, որ եւս գործ էի դրել, իսկոյն կոտրում էին, որպէս թէ նա պղծուել էր: Այսպէս լինելով իմ դրութիւնը ժողովրդի մէջ, ինքս ոչինչ չխօսելով հարկադրւում եմ ականջ դնել ուրիշների խօսածին: Մի անգամ մի տան մէջ հաւաքուած կային մօտ իբր իննսուն հոգի, կիրակամուտ էինք կատարում մի հանգուցելու: Այդտեղ սկսուեցաւ մի խօսակցութիւն հասարակաց եւ մասնաւոր խնդիրների վերայ, որ տեւեց ամբողջ երեք ժամ: Բայց չկարծէք, որ իննսուն հոգին եւս խօսում էր, թէպէտ գործը իննսունին եւս վերաբերւում էր: Այնտեղ երեսուն հոգու չափ յետին դասակարգից, այսինքն չունեւորք, կային, որոնք ոչ լեզու ունին եւ ոչ բերան, ձուկի նման մունջ են: Այս դասակարգը պարկեշտ է, եւ գիտելով իւր աղքատութիւնը, որովհետեւ խօսելու կամ բանի մէջ խառնուելու իրաւունքը շատ կամ սակաւ կարողութեան տէր մարդն ունի, ոչինչ չէ խօսում, թէպէտ եւ խօսել եւս չգիտէ, ինչպէս նաեւ շատերը... եւ թէ ի՛նչ բանի վերայ խօսում էին, նոյնպէս չգիտէ. նորա խելքը չէ հասանում այդպիսի բաների: Նա ապրում է քաղաքի մէջ իւր չքաւորութեամբ եւ յոյս ունի հարուստների վերայ, որ կը հոգան քաղաքի բոլոր պիտոյքը: Այսպէս ահա, իննսունից երեսունը դուրս եկաւ, մնաց վաթսուն: Բայց այս վաթսունը եւս չէ խօսում: Վաթսունի մէջ կան քառասուն եւ հինգ կամ յիսուն միջակ մարդիկ, որոնց ամօթ է հարուստի ներկայութեամբ խօսել, կամ հրատարակել իւրեանց կարծիքը. պատճառ, միանգամ հաւատացած են, թէ կարծիք յայտնելու իրաւունքը պատկանում է միայն պարոնների, այսինքն նոցա, որ շատ արծաթ ունին: Միջին դասակարգի մարդիկը, եթէ հաւաքուին մի այնպիսի տեղ, ուր չկան հարուստ մարդիկ, այնտեղ խօսում են, քննում են եւ շատ անգամ աւելի առողջարար մտածում են, քան թէ մի ութսուն տարեկան ջախջախած ծեր, որ միշտ կանչւում է ժողով, որովհետեւ հարուստ էր: Այս կերպով մնացին մէջ տեղում տասն կամ տասն եւ հինգ հոգի հարուստքը, որ խօսում էին: Բայց պիտի այս եւս ասել, որ այս մարդիկը եւս բաժանւում են զանազան  դասակարգ: Ծեր կամ հին ժամանակներից հարուստ տան ժառանգը աւելի պատուաւոր է, քան թէ մի երիտասարդ կամ նոր հարստացած մարդ․ այս պատճառով եւս, նորա կարծիքը կամ խօսքը աւելի մեծակշիռ է: Սակայն այս է բանը, որ այդ ծերերը անցուցած լինելով, ինչպէս ես, իւրեանց ժամանակները, ամենայն բանի վերայ նայում են այն աչքով, ինչ աչքով նոցա հայրերը նայում էին, կամ ամենայն բան չափում էին հին չափով: Այժմեան ժամանակիս տղայքը բոլորովին ուրիշ կերպով են նայում եւ հաւան չեն ծերերի կարծիքին: Ծերերը պահանջում են, որ ամենայն բան կամաց կամաց լինի, համբերութեամբ լինի, առանց մի մարդու անձնասիրութեան մօտենալու, բայց երիտասարդքը պահանջում են, որ վճռաբար կատարուի ամենայն գործ, յետ դրուի դանդաղկոտութիւնը եւ չխնայուի մի մարդու անձնասիրութիւն, եթէ այդ մարդը իւր անձնասիրութեամբ կապում էր ազգի կամ քաղաքի յառաջադիմաթեան ընթացքը: Խօսակցութեան ձայնը սկսանում է այնուհետեւ բարձրանալ, հասանում է մինչեւ միմեանց պատուի ձեռնամերձ լինելու, ծերը ազդում է երիտասարդին, դու դեռ տղայ ես, ի՛նչ մարդ ես որ մէջտեղ ես եկել, քո խելքի բան է այսպիսի բաների վերայ խօսել: Երիտասարդը առաւել է զայրանում եւ պատասխանում է. ժամանակը մեզ է պատկանում, եւ մեք աւելի լաւ ճանաչում ենք նորան քան թէ դուք, ձեր ժամանակը անցաւ, հերիք է որ ձեր պէսների անխել կարծիքները երեսուն քառասուն տարի պաշտուեցան քաղաքի կամ ազգի վնասի համար: Միւս մնացող հարուստներից ոմանք նոյնպէս խօսում են իւրեանց մէջ: Նոցանից մինը կամ երկուքը պահում են երիտասարդի կողմը, միւսքը պաշտպանում են ծերի կարծիքը. բաբելոնեան խառնակութիւն: Բայց այս բոլորը չէ դեռեւս․ այնտեղ երկու երեք մարդ, միօրինակ դատապարտում են երկու կողմը եւս, այլեւ արտաքին կերպով ցոյց են տալիս, որ ոչ մի կողմին կուսակից չեն, բայց եթէ առանձնապէս պատահեն երիտասարդին, գովում են նորա կարծիքը եւ համաձայնում են նորա հետ. իսկ թէ բախտը բերէ պատահել ծերին, նորանից եւս չեն հրաժարւում, նորա ասածները եւս ճշմարիտ են, եւ այս պարոնները պատրաստ են ստորագրութեամբ հաստատել ծերի խօսքերը: Այս տեսակ չէզոքական մարդիկը այսպէս մտածում են. թէ հարկաւոր չէր հասարակաց օգտի համար ստանալ անձնական թշնամիք. ինչ որ պիտի մտանէ հասարակութեան գանձարանը, միթէ օգո՞ւտ ունի նոցա անձնական շահասիրութեանը, ուրեմն ի՜նչ հարկաւոր է ամէն մարդու հետ կռիւ վէճ բանալ: Քաղաքը մինչեւ այժմ կառավարուել է, այսուհետեւ եւս կը կառավարուի, մեք մեր կեանքի շատ մասը անցուցել ենք, թող մեր որդիքը ինչ կամին առնեն:

Ահա քեզ, պարոն, մի անշուք, բայց ճիշտ պատկեր մեր հասարակութեանը․  այսպէս լինելով բանը, ո՞ւր կը մնան ձեր պահանջողութիւնքը եւ խօսքերը:

Շատ տխուր տպաւորութիւն, գործեցին այս բաները կոմս էմմանուէլի վերայ. նա, որ քաջ գիտէր այս բոլորը, վերստին լսում է մի ժամակոչի բերանից...

Արեւը յետ քարշեց իւր վերջին ճառագայթքը, եւ ժամակոչը երկու ձեռքը դնելով գերեզմանի ափերին, դուրս եկաւ նորա միջից:

Հերիք է այսքանը, ասաց նա ինքն իւրեան, բայց այնպէս, որ լսեց կոմս էմմանուէլը:

Ինչպէս թէ հերիք է, հազիւ մի եւ կէս կանգուն կայ փորածի խորութիւնը, այդպիսի գերեզմա՞ն կը լինի, պատասխանեց կոմս էմմանուէլը:

Ի՛նչ է, մտածում ես, որ դուրս կը փախչի մեռեալը, այդ երբեք լինելու չէ: Քահանայն անշարժ եղիցի ասելով խաչի կնիքը դնելուց յետոյ, եթէ մի կանգուն եւս խորութիւն չունենայ փորածը, մեռեալը չէ դուրս գալու:

Ես գիտեմ, որ մեռեալը չէր դուրս գալու, բայց փոքր հողի տակ ծածկուելով մարմինը, երբ որ սկսանում էր փտել, իւր վերլուծութեան միջոցին, օդը կ’ապականէ անպիտան արտաշնչութեամբ, որից յառաջանում են զանազան վատ հիւանդութիւնք: Եւ այս է պատճառը, որ օրէնքը եւս հրամայում է երեք կանգուն խորութեամբ փորել գերեզմանը, այս պահանջում են առողջապահական կանոնք:

Բայց ժամկոչը ուշադիր չեղաւ այս խօսքերին. նա իւր կեանքում չէր փորել այդպիսի խոր գերեզման:



[1] Ցաւելով մտաբերում եմ այստեղ մի քանի քահանայք, որ ժողովրդի հետ կռիւ ու վէճ էին բանում կողոպուտ պահանջելով, թէ արժան է, որ այս հանգուցելու այսինչ եւ այնինչ հանդերձները եւս տային նոցա: Զզուելի՜ իրաւունք: . Հ. ):

 

[2] 1847 թ. Նոր-նախիջեւանում տարածուեց խոլերայ: Հիւանդանում է նաեւ պատանի Նալբանդեանը եւ մեծ դժուարութեամբ առողջանում: