Տոմարագիտական աշխատութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Զհրաման հարկի րաբունւոյդ իմոյ եւ զվարդապետաց պետի քաջ փաղերայի Գէորգ վարժապետի Թորգոմեան տոհմի եւ հայկազեան սեռի, մանաւանդ Եկեղեացս գաւառի եւ Դարանաղեացս նահանկի, ընկալայ հնազանդ ծառայս քո եւ աշակերտ Յակոբս Ղրիմեցի եւ ներգեւեալս ոգի յաղագս աւուրց հնգից ստուգութեամբ քննել ըստ տումարական արհեստիս եւ անսխալ ցուցանել զաւուրցն պատկեր, զոր անհնար է ըստ բազում ջանից այլոց ազգաց քրիստոնեական տոհմից անսխալ բերել զաւուրցս պատկեր, վասն որոյ յոյժ շառագունին ի յաղթիլ սմին:

Ծանիր, րաբունի իմ, զի ոչ եթէ աստ զիմ ջանից ցուցանեմ զքաջութիւն, այլ զՍարկաւագ վարդապետին, որ հասարակ ամենեցուն յայտնի է առն քաջութիւն ի գիտութիւն մակացութեանս այս: Զնորայն աշխատասիրութիւն եւ զվաստակ ջանից, զոր փարթամ եւ երկար բանիւք շարագրեալ է զաւուրցս ստուգութիւն. մեք զայն ջանիւ համառոտեցաք վասն ուսումնասէր անձանց, զի առ ձեռն պատրաստ եւ դիւրին լիցի ի տրամաբանութիւն անիրաւ հակառակորդաց յաղագս այսմ իրի:

Բայց նախ գիտելի է ի սկիզբն խնդրոցս, քանզի բազումք յառաջնոց վարդապետաց անտի գրեցին ըստ իւրաքանչիւր դիտման քննութեամբ ի կիր առեալ վասն ստուգելոյ ամացն անցելոց, սակայն ոչ միաբան հանդիպին միմեանց: Նաեւ Եւսեբի վկայէ այսմ` յաղագս ոչ գիտելոյ ստուգիւ զանցեալ ժամանակսն եւ հաստատէ զայս բանիւ Տեառն, որ ասաց, թէ «ոչ է ձեզ գիտել զժամս եւ ժամանակս, զոր Հայր եդ յիւրում իշխանութեանե, եւ զայս ոչ վասն հանդերձելոցն միայն, այլեւ վասն անցելոյն յայտնեաց: Զի ըստ Անդրէասայ ժամանակագրութեան լինի յԱդամայ մինչեւ ի Հայ թուականն ՑՃԾԵ. (6155), եւ ըստ կայսերական պատմութեան` ՐՉԿԱ. (5761), եւ ըստ Անանիայ Շիրակունւոյ ՐՃՂԸ. (5198), եւ ըստ եբրայականին` ՑՄՁԸ. (6288), եւ ըստ հրէիցն, որով մեք վարիմք ՐՊԻԸ. (5828), եւ ըստ շամարտացւոց ՐՊԻԸ. (5828), եւ ըստ Շ. (500) եկին` ՐՋՀԶ. (5976): Նաեւ այլք բազումք գրեցին վասն ժամանակացն անցելոց եւ ամենեքեան անմիաբան հանդիպին գոլ, զի որպէս արուեստ բժշկութեան ոչ ի սկզբանց ամենայնի ճշմարտիւ ամենայն գիտացեալ եղեւ, այլ առ սակաւ սակաւ, նոյնպէս եւ շրջաբերութիւն Արեգական եւ Լուսնի առ սակաւ սակաւ գիտացեալ եղեւ ի ձեռն Շ. (500)եակ բոլորիդ, այլ ոչ թուականաւ յԱդամայ: Եւ այս գիւտք աւուրցս ըստ Շ. (500)եակ թուականին է Էասանցն յԱղեքսանդրիայ անտարակոյս բոլորին, որ զանցեալն եւ ի հանդերձեալն ունի զստուգութիւն եւ ոչ ըստ այլոց անմիաբան թուականաց:

Արդ, յորժամ կամիցիս գիտել զպատկեր հնգիցս աւուրցս այսոցիկ, որոց առաջինն է յղութիւն Եղիսաբեթի, եւ երկրորդ` Աւետեաց Աստուածածնին, երրորդ` Ծննդեանն Փրկչին, չորրորդ` Մկրտութեան, հինգերորդ` Խաչելութեան, զոր ոչ կարեն այլ ազգ քրիստոնէից հաւաստի բերել զաւուրցն զպատկեր, որք դեկտեմբերի ԻԵ. (25) առնեն տօն Ծննդեան, եւ յոյժ սխալեն հետեւելով պիղծ Արտեմոնի:

Եւ արդ այս է աւուրցն պատկեր. յղութիւն Եղիսաբեթի յաւուր շաբաթու, Աւետիք Աստուածածնի` յաւուր չորեքշաբթի, Ծնունդն Քրիստոսի` յաւուր հինգշաբթի, Մկրտութիւն` յաւուր կիրակէի, Խաչելութիւն` յաւուր ուրբաթի: Եւ զայս ցուցից անսխալ երկու կերպիւ: Առաջինն ըստ վկայութեան Զ. (6)ից. զի իւրաքանչիւր ամի, յորս դիպեցաւ օրն, նախ թէ ի նոյն ամին Բուն թուականն Շ. (500) եկին քանի էր, երկրորդ` զՀային եւ զՀոռոմին, երրորդ` զամիսն, չորրորդ` զԱւագ լրումն, հիգերորդ` զվերադիրն, վեցերորդ` զեօթներեակն եւ ապա օրագիւտ առնելով գտցուք զճշմարիտն: Երկրորդ` կերպիւ զայն ցուցից, թէ ի Շ. (500) եկին շրջանսն, որ է յապրիլի Դ. (4) գլուխ բոլորին միոյն եւ միուսոյն` յապրիլի ԺԳ. (13), թէ յորում խորանի դիպեցաւ աւուրքս այս, զորս բազումք ոչ գիտելով զխորանն սխալ նշանեցին վասն թուոյ եօթներեկին: Զի ոչ ճշմարտիւ ճանաչեցին զամն, թէ նահանջ էր, թէ ոչ, այլ միայն զորքանութիւն եօթներեկին գիտելով, վասն որոյ սխալեցան: Եւ այս յայտնի ի տումարատետրերդ է, զի յոյժ պակասութիւն է այս` ազգիս մերոյ, զի սխալէ զաւուրքս զայս, եւ ոչ բերէ ճշմարիտ զաւուրցն պատկեր: Զի այս յայլոց ազգաց քրիստոնէից է սխալել զպատկեր աւուրցն, որ թէ շատ հնարին եւ թէ սակաւ, ոչ կարեն զպատկեր աւուրցն անսխալ բերել, վասն այն ճշմարիտ գիտեմք, զի սուտ են նոքա, որ ի դեկտեմբերի ԻԵ. (25) տօնեն զօր Ծննդեանն:

Արդ, ասասցուք այժմ ըստ առաջին կերպին յաղագս հնգիցս աւուրցս այս, որպէս վերագոյն խոստացաք: Եւ զայս նախ վասն յղութեան Եղիսաբեթի: Ծանիր վասն առաջին աւուրն, որ է յղութիւն Եղիսաբեթի, զի Բուն թուականն ի նմին ամին էր ՐՆԺԸ. (5418): Արդ, այսու գիտացիր զՀոռոմին. կալ զԲուն թուականդ Շ. (500) եկին ՐՆԺԸ. (5418) եւ բեր ի վերայ ՃՁ. (180), լինի ՐՇՂԸ. (5598), որոշեա Շ. (500)եակ շրջանիւդ, մնայ ՄՀԸ. (278), եւ այս էր թուական Հոռոմին: Եւ այսու գիտ զթուականն Հայուն. ի վերայ ՄԻԸ. (228) կալ, առնէ ՇԶ. (506), եւ այս է թուականն Հայոց: Ապա եւ յայտնի եղեւ, զի ի յղութեանն Եղիսաբեթի Բուն թուականն էր ՐՆԺԸ. (5418) եւ Հոռոմին ՄՀԸ. (278), իսկ Հայուն` ՇԶ. (506): Ասասցուք եւ զայլսն. վերադիր հոռոմին` Գ. (3), Աւագ լրումն` յապրիլի ԺԲ. (12), եօթներեակն` Դ. (4): Իսկ եբրայեցւոց վերադիրն` ԻԴ. (24), Աւագ լրումն` նիսան ԻԲ. (22), եօթներեակն` Է. (7): Ցուցցուք եւ զամիսն. արդ, ի թշրին ամսոյ ի Ժ. (10) եւ սեպտեմբերի ԻԷ. (27) եւ մարգաց ի Դ. (4) էր սկիզբն տօնից, յորում մտանէր քահանայապետն ի սրբութիւն սրբութեանցն Ե. (5) օր, որ թագաւորութեանն տօնէին եւ Է. (7) օր տաղաւարահարացն, որ է ԺԲ. (12) օր, եւ ամենայն ժողովուրդն ժողովէր յԵրուսաղէմ կատարել զտօնն եւ չէր հնար ումեք երթալ ի տուն իւր մինչեւ ի կատարումն տօնիցն: Եւս առաւել քահանայապետին ըստ վկայութեան Աւետարանին Ղուկասայ, զի ասէ, թէ «իբրեւ լցան աւուրք պաշտաման նոցա գնաց Զաքարիայ ի տուն իւրե: Եւ ոչ եզական անուամբ օր պաշտաման ասէ, այլ թէ աւուրք պաշտամանց, որ է բազմաւորական անուն, զի զոքունց աւուրց յայտ առնէ, զորս ցուցանեմք օրագիւտիւ երեքումք ամսօքս զաւուրսն միահաղոյն. զսկզբան տօնիցն եւ զելիցն եւ Զաքարիայի գնացմանն եւ ապա զյղութեանն: Կալ զթշրին Ժ. (10), յորում սկիզբն էր տօնին, կրկնակն Ե. (5)` լինի ԺԵ. (15), եօթներեակն Է. (7)` լինի ԻԲ. (22), երթ Է. (7), Է. (7), մնայ Ա. (1), որ է կիրակի սկիզբն տօնին: Կալ զսեպտեմբեր ԻԷ. (27), կրկնակ` Ե. (5), լինի ԼԲ. (32), եօթներեակն` Դ. (4), լինի ԼԶ. (36), երթ Է. (7), Է. (7), մնայ Ա. (1), որ է կիրակի: Կալ զմարգաց Դ. (4), կրկնակ Զ. (6), լինի Ժ. (10), եօթներեակն Ե. (5), լինի ԺԵ. (15), երթ Է. (7), Է. (7), մնայ Ա. (1), որ է կիրակի: Եւ թշրին ԺԵ. (15) եւ հոկտեմբերի Բ. (2) եւ մարգաց Թ. (9) էր սկիզբն տօնի տաղաւարահարացն եւ օրն ուրբաթ: Օրագիւտ արա եւ տես: Կալ զթշրին ԺԵ. (15) եւ կրկնակն Ե. (5), լինի Ի. (20), եօթներեակն Է. (7)` լինի ԻԷ. (27), երթ Է. (7), Է (7), մնայ Զ. (6), որ է ուրբաթ: Կալ զհոկտեմբեր Բ. (2), եւ սորա կրկնակ չկայ, եօթներեակն` Դ. (4), առնէ Զ. (6), որ է ուրբաթ: Կալ զմարգաց Թ. (9), կրկնակն Զ. (6), լինի ԺԵ. (15), եօթներեակն` Ե. (5), լինի Ի. (20), երթ Է (7), Է. (7), մնայ Զ. (6), որ է ուրբաթ` սկիզբն տօնի տաղաւարահարացն: Եւ կատարումն տօնի տաղաւարահարացն լինի թշրին ԻԱ. (21) եւ հոկտեմբերի Ը. (8) եւ մարգաց ԺԵ. (15), օր հինգշաբթի: Եւ ի սմին աւուր ոչ կարաց գնալ Զաքարիայ ի տուն իւր, վասն զի յետին օր էր եւ յոլովագույն էր մատուցմունք զոհիցն եւ պատարագացն, եւ ոչ կարէր պարապել մինչեւ ցերեկոյ, որ ժամանէր երթալ ի տուն իւր: Բայց ի թշրին ԻԲ. (22) եւ հոկտեմբերի Թ. (9) եւ մարգաց ԺԶ. (16) գնաց ի տուն իւր, եւ օրն ուրբաթ, եւ եղեւ յղութիւն Եղիսաբեթի ի թշրին ԻԳ. (23) եւ հոկտեմբերի Ժ. (10) եւ մարգաց ԺԷ. (17): Բայց գիտացիր, զի ոմանք սխալեալ են եւ թշրին ԻԲ. (22) եւ հոկտեմբեր Թ. (9) ասացեալ են զյղութիւն Եղիսաբեթի, որպէս յայտ է ի տումարատետրերսն եւ ի տօնապատճառսն, ոչ գիտեմ, թէ հաշուողն է սխալել, թէ գրիչն: Բայց դու Աստուծոյ համար մի խաբեր, զի սխալ է եւ քեզ վկայ օրն, զի ուրբաթ կուգայ եւ ոչ շաբաթ, այլ այս է ճշմարիտն, զոր բազում հոգաբարձութեամբ քննեցաք. ի թշրին ԻԳ. (23) եւ հոկտեմբերի Ժ. (10) եւ մարգաց ԺԷ. (17): Կալ զթշրին ԻԳ. (23), կրկնակն Ե. (5), եօթներեակն Է. (7), լինի ԼԵ. (35), երթ Է. (7), Է. (7), մնայ Է. (7), որ է շաբաթ: Կալ զհոկտեմբեր Ժ. (10), կրկնակ չկայ, եօթներեակն Դ. (4), լինի ԺԴ. (14), երթ զԷ. (7), մնայ Է. (7), որ է շաբաթ: Կալ զմարգաց ԺԷ. (17), կրկնակն Զ. (6), լինի ԻԳ. (23), եօթներեակն Ե. (5), լինի ԻԸ. (28), երթ Է. (7), Է. (7), մնայ Է. (7), որ է շաբաթ:

Ասասցուք եւ վասն երկրորդ աւուրն, այսինքն վասն Աւետեաց Աստուածածնին: Արդ, յայսմ օրէ թուեա մինչեւ զԱւետիսն Սուրբ Կուսին, լինին աւուրք ՃՁ. (180), որ է Զ. (6) ամիս, եւ հանդիպի ի նիսանի ԺԷ. (17) եւ յապրիլ Է. (7) եւ քաղոց ԺԱ. (11): Թուական Շ. (500) եկին ՐՆԺԹ. (5419), Հոռոմին ՄՀԹ. (279), իսկ Հայուն` ՇԷ. (507): Վերադիր եբրայեցւոցն Ե. (5), Աւագ լրումն նիսանի ԺԱ. (11), եօթներեակն Ա. (1), պատկեր աւուրն չորեքշաբթի: Իսկ հռոմայեցւոց վերադիրն ԺԴ. (14), Աւագ լրումն յապրիլի Ա. (1), եօթներեակն Ե. (5): Արդ, արասցես օրագիւտ, կալ զնիսան ԺԷ. (17), իսկ սորա կրկնակ չկայ, զի առաջին ամիս է, բեր զեօթներեակն Ա. (1) ի վերայ, լինի ԺԸ. (18), երթ Է. (7), Է. (7), մնայ Դ. (4), որ է չորեքշաբթի: Կալ զապրիլի Է. (7), զկրկնակն Զ. (6), լինի ԺԳ. (13), եօթներեակն Ե. (5), լինի ԺԸ. (18), երթ Է. (7), Է. (7), մնայ Դ. (4), որ է չորեքշաբթի: Կալ զքաղոց ԺԱ. (11), կրկնակն Ա. (1), լինի ԺԲ. (12), եօթներեակն Զ. (6), լինի ԺԸ. (18), երթ Է. (7), Է. (7), մնայ Դ. (4), որ է չորեքշաբթի Աւետիք Աստուածածնին:

Բայց աստ գիտացիր, զի ոմանք սխալեալ ուսեն զԱւետիք Կուսին յապրիլի Զ. (6): Ես սխալումն սոցա լինի Գ. (3) կերպիւ: Նախ վասն ոչ ճանաչելոյ զմիտս բանին Աւետարանին, զի այն, որ ասէ Աւետարանն, թէ յամսեանն Զ. (6) երորդի, ոմանք սխալ իմանան զբանս հրեշտակին, զի վեց թիւս ի վերայ աւուրց ապրիլի ամսոյն իմանան, որ հրեշտակն աւետեաց Կուսին: Բայց ոչ է այսպէս, այլ Զ. (6)` յաղագս թուոյ Զ. (6) ամսոցն ասաց եւ ոչ վասն աւուրցն ապրիլի, զի կատարումն Զ. (6) երորդ ամսոյն առաքեցաւ հրեշտակն եւ ասաց ցՄարիամ, թէ «ահա Եղիսաբեթ, ազգական քո, եւ նա յղի է ի ծերութեան իւրումե: Եւ ապա Զ. (6) երորդ ամիս է, որ ամուլն կոչեցեալ է, ապա եւ յայտնի եղեւ, որ ապրիլի աւուրցն Է. (7) էր եւ կատարման ամսոցն Զ. (6): Երկրորդ, զի այնոքիկ, որ զյղութիւն Եղիսաբեթի ի հոկտեմբերի Թ. (9) ասեն, ի հարկէ սխալ են եւ զԱւետիքն ի Զ. (6) ասեն, զի հոկտեմբերի յԹ. (9) էն յորժամ հաշուին Զ. (6) ամիս, կուգայ մինչեւ յապրիլի Զ. (6), որ է երկոսեանն սուտ, զի սխալի աւուրցն պատկեր, քանզի յղութիւն Եղիսաբեթի գայ ի ուրբաթ, եւ Աւետիք Կուսին` երեքշաբթի: Երրորդ` ըստ առաւելութեան եւ նուազութեան ամսեացն, զի է, որ Լ. (30) է եւ է, որ ԼԱ. (31) եւ է, որ ԻԸ. (28), եւ խանգարի միտք հաշուողին եւ սխալի յոմանց եւ այնպէս գրի:

Եւ այսու յայտնի գիտացիր զսխալն, զի գտանի ի տօնապատճառերդ գրեալ, զոր զԱւետիք Կուսին ի նիսանի ԺԷ. (17) են գրել եւ յապրիլ Զ. (6). գնա տես ի խառնախորանքն եւ գտանես զճշմարիտն, զի այն խորանն, որ նիսանի ԺԷ. (17) է, նաեւ ապրիլ Է. (7) է: Բայց ես ցուցանեմ բազում վկայութեամբ զԱւետիք Կուսին յապրիլի Է. (7). նախ զի Սարկաւագ վարդապետն որ զիւր տումարն շինեաց, նա յապրիլի Է. (7) ասացեալ է, երկրորդ զի աւուրն պատկեր անսխալ գայ, այսինքն չորեքշաբթի, երրորդ` ըստ խառնախորանացն, յորս զուգաւորութիւն ամենայն ազգաց է, չորրորդ` ըստ թուոյ համարոյ ամսոց յայտնի ցուցանեմ զեբրայեցւոցն, զհոռոմին եւ զհայուն:

Արդ, թշրին ԻԳ. (23) էր յղութիւն Եղիսաբեթի, կալ Ը. (8) օր յայս ամսոյս եւ առ զմեհրշուան, զքասղեւ եւ զտբեթ, զշբաթ, զադար` ՃԾ. (150) օր, որ լինի ՃԾԸ. (158) եւ Ե. (5) աւել աւուրքն, լինի ՃԿԳ. (163) եւ ԺԷ. (17)` նիսան, լինի ՃՁ. (180), որ է Զ. (6) ամիս: Իսկ հոկտեմբերի Ժ. (10) էր յղութիւն, կալ ԻԲ. (22) օր յայս ամսոյս, նոյեմբեր Լ. (30), լինի ԾԲ. (52), դեկտեմբեր ԼԱ. (31), լինի ՁԳ. (83), յունուար ԼԱ. (31), լինի ՃԺԴ. (114) եւ փետրուար ԻԸ. (28), լինի ՃԽԲ. (142), մարտ ԼԱ. (31), լինի ՃՀԳ. (173), ապրիլ Է. (7)` լինի ՃՁ. (180), որ է Զ. (6) ամիս անսխալ մինչեւ յապրիլ Է. (7): Իսկ մարգաց ԺԷ. (17) էր յղութիւն Եղիսաբեթի. կալ ԺԴ. (14) օր յայսմ ամսոյս եւ առ զհրոտից, զնաւասարդի, զհոռի եւ զսահմի, զոր է ՃԾ. (150) օր, որ լինի ՃԿԴ. (164), Ե. (5) օր աւելիքն` լինի ՃԿԹ. (169) եւ ԺԱ. (11) քաղոց` լինի ՃՁ. (180), որ է Զ. (6) ամիս անսխալ: Այսքան վասն երկրորդ աւուրն:

Իսկ վասն երրորդ աւուրն այսպես գիտեա: Արդ, աստի մինչեւ ի Ծնունդն Քրիստոսի թուեա ՄՀԵ. (275) օր, որ է Թ. (9) ամիս եւ Ե. (5) օր, եւ գայ տբեթի ԻԱ. (21) եւ յունուարի Զ. (6) եւ հոռի Ժ. (10): Թուական Շ. (500) եկին ՐՆԻ. (5420) եւ Հոռոմին` ՄՁ. (280), իսկ Հայուն` ՇԸ. (508): Վերադիր եբրայեցւոցն` Ե. (5), Աւագ լրումն յաւելեացն Ե. (5) եւ եօթներեակն Ա. (1) եւ օր Ծննդեանն հինգշաբթի: Իսկ վերադիր հոռոմին ԻԵ. (25), Աւագ լրումն մարտի ԻԱ. (21), եօթներեակն Զ. (6), եւ ամն է նահանջ եւ եօթներեակն կրկին աճէ, զի յելն փետրուարի Է. (7) պիտի լինի: Օրագիւտ արա եւ տես. կալ զտբեթ ԻԱ. (21), կրկնակն Դ. (4), լինի ԻԵ. (25), եօթներեակն Ա. (1), լինի ԻԶ. (26), երթ Է. (7), Է. (7), մնայ Ե. (5), որ է հինգշաբթի: Կալ զյունուար Զ. (6), կրկնակ չունի սա, եօթներեակն` Զ. (6), լինի ԺԲ. (12), գնա զԷ. (7), մնայ Ե. (5), որ է հինգշաբթի: Կալ զհոռի Ժ. (10), եօթներեակն Է. (7), զի ի նաւասարդի էր նոր ամի սկիզբն, եւ կրկնակն Բ. (2), լինի ԺԹ. (19), երթ Է. (7), Է. (7), մնայ Ե. (5), որ է հինգշաբթի: Այսքան առ այս:

Եկեսցուք եւ զչորրորդ օրն ցուցցուք, որ է Մկրտութիւն: Իսկ ի Մկրտութեան Քրիստոսի էր թուականն Շ. (500) եկին ՐՆԾ. (5450) եւ Հոռոմին ՅԺ. (310), իսկ Հայուն Զ. (6), զի ի Ծննդեանն Քրիստոսի Հայոց թուականն ՇԸ. (508) էր, երթ Լ. (30) այլ հաշուիս մինչեւ ի Մկրտութիւն, լինի ՇԼԹ. (538), երթ զշրջանն ՇԼԲ. (532), մնաց Զ. (6), եւ այն է նոր սկսեալ շրջանէն, վասն այն զթուականն Հայոցն Զ. (6) ասեմք: Վերադիր եբրայեցւոցն ԺԸ. (18), Աւագ լրումն նիսան ԻԸ. (28), եօթներեակն Ե. (5), իսկ պատկեր աւուր Մկրտութեան կիրակի, օրագիւտ արա եւ տես: Իսկ վերադիր հոռոմին ԻԷ. (27), Աւագ լրումն յապրիլ ԺԸ. (18), պատկեր աւուրն հինգշաբթի, եօթներեակն Բ. (2): Կալ զտբեթ ԻԱ. (21), կրկնակն Դ. (4), լինի ԻԵ. (25), եօթներեակն Դ. (4), լինի ԻԹ. (29), գնայ Է. (7), Է. (7), մնայ Ա. (1), որ է կիրակի: Բայց չլինի, թէ տարակուսիս, թէ ի վերն զեօթներեակն Ե. (5) ասացի եւ յօրագիւտս Դ. (4) կալայ: Այսպէս գիտացիր, զի Ե. (5) Աւագ լրմանն էր եւ այն նոր եօթներեակն է եբրայեցւոցն, բայց դու զհինն կալ, որ է Դ. (4), զի յունուարի եօթներեակն եբրայեցւոցն դեռ հինն լինի եւ ոչ նորն: Կալ զյունուարի Զ. (6), կրկնակ չունի սա, եօթներեակն Բ. (2), լինի Ը. (8), գնա զԷ. (7), մնայ Ա. (1), որ է կիրակի: Այսքան յաղագս չորրորդ աւուրն:

Եկեսցուք ի տեսութիւն հինգերորդ աւուրն, որ է Խաչելութեան: Իսկ ի Խաչելութեան թուականն Շ. (500) եկին ՐՆԾԳ. (5453) եւ Հոռոմին ՅԺԳ. (313), իսկ Հայուն Թ. (9): Վերադիր եբրայեցւոցն ԻԱ. (21), Աւագ լրումն նիսան ԻԵ. (25), եօթներեակն Բ. (2), պատկեր աւուրն ուրբաթ: Իսկ վերադիր հոռոմին Լ. (30), Աւագ լրումն յապրիլի ԺԵ. (15), եօթներեակն Զ. (6): Օրագիւտ արա եւ տես. կալ զնիսան ԻԵ. (25), կրկնակ չկայ սորա, եօթներեակն Բ. (2), լինի ԻԷ. (27), երթ Է. (7), Է. (7), մնայ Զ. (6), որ է ուրբաթ: Կալ զապրիլի ԺԵ. (15), կրկնակն Զ. (6), լինի ԻԱ. (21), եօթներեակն Զ. (6), լինի ԻԷ. (27) գնայ Է. (7), Է. (7), մնայ Զ. (6), որ է ուրբաթ:

Ասացաւ Ե. (5) աւուրն միանգամայն, որպէս խոստացաք: Բայց արդ յայտնեսցեն մեզ պիղծ արտեմոնիքն եւ հերձուածող քաղկեդոնիքն զաւուրցն պատկերսն անսխալ, որք խելագարեալ ասեն զԱւետիք Աստուածածնին մարտի ԻԵ. (25) եւ զԾնունդ Փրկչին ի դեկտեմբերի ԻԵ. (25): Արդ, զինչ ասացից վասն առաւել ամբարշտութեան նոցա, զի ինքեանք են մոլորեալք ի ճշմարտութենէն եւ յետս դարձեալ զհայք բամբասեն, որ անսխալապէս տօնեմք ըստ Յակոբու` եղբոր Տեառն եւ ըստ սրբոյն Կիւրեղի հայրապետին, նաեւ ըստ տումարական արհեստին, զոր մի մի ցուցաք անսխալ:

Եկեսցուք եւ ասասցուք ըստ երկրորդ կերպին, որպէս յառաջագոյն խոստացաք, թէ ի Շ. (500)եակս շրջանս յորում խորանի դիպեցաւ: Արդ, յապրիլի չորիցն այսպէս գիտ. սկսիր յառաջմէ շրջանին, որ է սկիզբն եւ համարեա ՄԾ. (250) խորան, որ է Զ. (6) թուղթ եւ դէմ մի եւ Գ. (3) խորան այլ ի միւս դիմէն, եւ այն է խորան տարւոյն, յորում յղացաւ Եղիսաբեթ, եօթներեակն Դ. (4), վերադիրն Գ. (3), լրումն յապրիլի ԺԲ. (12), օրն կիրակի: Եւ անց ի միւս խորանն, զկնի սմին, այն է խորան տարւոյն Աւետեաց Կուսին, եօթներեակն Ե. (5), վերադիրն ԺԴ. (14), լրումն յապրիլի Ա. (1), օրն հինգշաբթի: Դարձեալ անցիր ի միւս խորանն զկնի սորին, եւ այն է խորան Ծննդեան Փրկչին եւ եօթներեակն Զ. (6) եւ Է. (7), զի ամն նահանջ է, եւ եօթներեակն կրկին աճէ, վերադիրն ԻԵ. (25), լրումն մարտի ԻԱ. (21), օրն երեքշաբթի: Դարձեալ համարեա ի խորանէ աստի ԼԱ. (31) խորան, եւ այս է խորան Մկրտութեան, եօթներեակն Բ. (2), վերադիրն ԻԷ. (27), լրումն յապրիլ ԺԸ. (18), օրն հինգշաբթի: Դարձեալ Գ. (3) խորան այլ անցիր զկնի սորա, եւ վճարի կանոնն, եւ այն է խորանն Խաչելութեան, եօթներեակն Զ. (6), վերադիրն Լ. (30), լրումն յապրիլի ԺԵ. (15), օրն ուրբաթ:

Իսկ յորժամ կամիցիս ի միւս շրջանն գտանել, որ Փոքր թուականաւ հայուն կուվարի եւ գլուխ շրջանին կանոնաց ապրիլի ԺԳ. (13) է, ի ՇԶ. (506) համարին յղութիւն Եղիսաբեթի, եւ ի ՇԷ. (507) Աւետիք Կուսին, եւ ի ՇԸ. (508) Ծնունդն Քրիստոսի է, եւ աստի մինչեւ ի Մկրտութիւն լրումն առնու շրջանն եւ նոր սկսանի: Եւ նորին ի Զ. (6) թուին է Մկրտութիւն Տեառն, եւ ի Թ. (9)` Խաչելութեան խորանն: Բայց դու, ով ուսումնասէր, մի խաբուիլ, թէ ի տումարատետրերն որ հանդիպի սխալ նշանած բերէ զայն, եւ զճշմարիտն գրէ, որպէս խրատս ցուցանէ, զոր բազում աշխատութեամբ հաւաստի գտայ ըստ առաջնոց սրբոցն աւանդութեանց զսխալեալսն յախմարաց:

Յաղագս տանուտէրացն: Արդ ի Ծննդեանն Քրիստոսի ամն նահանջ էր, եւ Կարիճն` տանուտէր: Կարիճն զսատանայ ցուցանէ բազում օրինակաւ, նախ զի խայթեաց զնա եւ զԱդամ` պտղոյն ճաշակմամբ եւ հանեալ ի դրախտէն մատնեաց ի ներքոյ մահու: Վասն այն Քրիստոս ի սոյն կենդանակերպի ծնաւ, զի աստուածային զօրութեամբն եւ չարչարանօք պտղոյն խայթեալ սպանցէ զնա: Երկրորդ, զի կարիճն զխայթոցն ի վերջին ծայր տտանն ունի, որ մահացուցանէ զմարդն, եւ Տէր մեր Յիսուս Քրիստոս ի վերջք տնօրենութեան եւ ի ծայր կատարման խաչին եսպան զնա: Երրորդ, զի կույր է կարիճն, սատանայ ի տեսանել զբարին, եւ Քրիստոս` ընդդէմ մեղաց, զի «ոչ արար զմեղս եւ ոչ գտաւ նենգութիւն ի բերան նորաե կնքեաց մարգարեն: Չորրորդ, զի կարիճն սատանայ յարաժամ շարժէ զտուտն առ ի հարկանել ներել մեղօք մինչեւ հարեալ ազդու մահու չափ մեղօք սպանանէ զմարդն, եւ Քրիստոս յարաժամ եհար զսատանայ, այսինքն ի Ծնունդն, ի Մկրտութիւն, ի լեառն փորձութեան եւ իշխանութեամբ սաստելն ի վերայ սոցա: Վասն այս աղաղակէին` մի յառաջ, քան զժամանակն խայթել տանջանօք զմեզ եւ ապա խաչիւն հարեալ ազդու եւ արար կոխանս որդւոց մարդկան` ըստ այնմ «ետու ձեզ իշխանութիւն կոխել զօձն եւ զկարիճնե: Հինգերորդ` զի սատանայ խաւարաւ գիշերանման մեղօք իբր զկարիճ ի գիշերի խայթէ զմարդ, եւ Քրիստոս ի գիշերի այժմու կենցաղոյս հարեալ սպան զնա:

Իսկ ի Մկրտութիւն Քրիստոսի Խոյն էր տանուտէր, որ եւ աստ երեւի յոյժ խորհրդաւոր: Նախ, զի որպէս Խոյն սկիզբն է ամենայն կենդանակերպից, նոյնպէս եւ Քրիստոս եկն ի մկրտութիւն եւ սկիզբն արար բանին եւ վարդապետութեան եւ նշանաց սքանչելագործութեան: Երկրորդ` զի որպէս Խոյն գլուխն է ամենայն կենդանակերպիցն, նոյնպէս եւ Քրիստոս գլուխ գոլով մեր եկեալ ի մկրտութիւն եւ ընկալեալ զՀոգին Սուրբ ոչ իբր զկարօտօք զի որդի է Հօր եւ էակից Սուրբ Հոգւոյն, այլ որպէս գլուխ մեր առեալ եւ ի յանդամս իւր սփռեալ յեկեղեցի սուրբ: Երրորդ զի զգալի Արեգակն յորժամ գայ ի կենդանակերպս յայս, առնէ հաւասարութիւն տուընջեանն եւ գիշերոյ, նոյնպէս իմանալ Արեգակն բանն Աստուած, որ միշտ լոյս է իբրեւ զտիւ միջօրեայ հաւասար եղեւ գիշերանման մարդկայինս բնութեան, մարդանալովն եւ խաւարանման մարդկային բնութիւնս միացուցանելովն ընդ ինքեան հաւասարեցոյց լուսոյ աստուածութեան, զի որքան Աստուածն մարդացաւ, այնքան մարդն աստուածացաւ ըստ Գրիգորի աստուածաբանի: Եւ դարձեալ որդեգրութեամբ աւազանին հաւասարեցոյց զմեզ ընդ ինքեան լինել որպէս Աստուծոյ Հօր, ըստ առաքելոց` «այսուհետեւ չեմք ծառայ, այլ որդի Աստուծոյ եւ ժառանգակից Քրիստոսիե: Չորրորդ, զի յորժամ Արեգակն գայ ի կենդանակերպս յայս, եռայ երկիր եւ շարժի ի ջերմութենէ նորա եւ արձակէ զբոյսս ի ներքուստ ի վեր եւ կանանչանայ ամենայն երկիր, ծաղկին ծառք եւ փթթին վարդք եւ բացուին երփներանգ գոյնք զանազան ծաղկանց: Նոյնպէս իմանալի Արեգակն` Քրիստոս եկեալ ի Յորդանան մկրտիլ ի Յովաննէ, եւ այնուհետեւ եռայ բանաւորս երկիր ի կենարար վարդապետութենէ նորա եւ ջերմութեամբ սիրոյն Քրիստոսի զարդարեցաւ մարդկայինս բնութիւն ի զանազան գոյնս առաքինութեանց եւ յորակս աստուածապաշտութեանց բազմազան եւ յոքնատեսակ դասք արդարոցն: Հինգերորդ, զի Արեգակն գոլով ի կենդանակերպս յայս, շարժին ամենայն կենդանիք եւ թռչունք ի ծնունդս իւրեանց եւ լնուն զերկիր, նոյնպէս եւ Քրիստոս մկրտութեամբն իւրով բազմացոյց զծնունդս սուրբ աւազանին եւ ելից զերկիրս անհամար քրիստոնէիւք:

Իսկ ի Խաչելութեան Քրիստոսի Առիւծն էր տանուտէր, որ եւս ունի բազում խորհուրդ. նախ զի առիւծն թագաւոր է ի վերայ ամենայն գազանաց, եւ Քրիստոս թագաւոր է ի վերայ ամենեցունց արարածոց, ըստ այնմ, թէ «ահա թագաւոր քո գայ նստեալ ի վերայ իշոյե: Երկրորդ, զի առիւծն արի եւ յաղթող է ի մարտ եւ ի կռիւ ի վերայ ամենայն կենդանեաց, եւ Քրիստոս քաջութեամբ արիութեան իւրոյ կապեաց զհզօրն սատանայ եւ աւար էառ զամենայն ինչս նորա: Երրորդ, զի առիւծն ժանեօքն փողոտէ եւ ճիրանեօքն պատառէ, նոյնպէս եւ Քրիստոս բանիւ բերան իւրոյ փողոտեաց զսատանայ, ըստ այնմ` թէ «իշխան աշխարհիս այսորիկ դատապարտեալ է եւ թէ իշխան աշխարհիս ընկեսցի արտաքս եւ ճիրանաւ խաչին պատառեաց զնաե: Չորրորդ, զի առիւծն քաղցր երեւի ի տես մարդկան, եւ տեսն Քրիստոսի ցանկալի եւ քաղցր երեւէր յաչս տեսողացն, ըստ այնմ «երանի որովայնին, որ կրեացն զքեզ եւ ստեանցն, որդիեցուցին զքեզե: Հինգերորդ, զի առիւծն ահարկու ունի զդեմս կերպարանացն, զի ի տեսանելն զնա ամենայն կենդանիք սարսին եւ դողան ի սմանէ, նոյնպէս Քրիստոս ահարկու է ի վերայ ամենայն դիւաց, վասն այն ի տեսանելն դողութեամբ սարսէին եւ ասէին` «գիտեմք զքեզ, ով ես Սուրբդ Աստուծոյ, մի յառաջ, քան զժամանակն տանջէր զմեզե:

Այսքան բացայայտութիւն սակաւուք ինչ յաղագս կենդանակերպից տանուտէրացդ ի սէր մակացու ուսումնասիրաց: