Տոմարագիտական աշխատութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Գիտելի է, զի նախ ի նախամարգարէէն Մովսիսէ օրինադրեցաւ, զի նա կարգեաց զլրմունս Զատկաց հինն Իսրայէլի յօր ելիցն, որ յԵգիպտոսէ: Զի ի գիշերին յայն արարին զԶատիկն եւ կերան զգառն խորովեալ եւ ելին յեգիպտական ծառայութենէն:

Երկրորդ` յետ սորա նորոգեաց Եզրաս` որդի Սարսոնի, զԺԹ. (19) երեակն, զտումար եբրայեցւոց Լուսնի` յետ Ռ. (1000) ամի յելիցն յԵգիպտոսէ: Եւ յետ Շ. (500) ամի դարձի գերութեան, յորժամ պատարագեցաւ Քրիստոս ի վերայ խաչին, եղեւ կատարումն օրինաց մարգարէից:

Երրորդ` յետ սորա Ըռըստակէս Աթենացի արար տումար հռոմայեցւոց աշխարհին եւ թուեաց, թէ առաջին ապրիլի է սկիզբն արարչութեան, վասն զի ի չորրորդումն աւուր ստեղծ Աստուած զԱրեգակն եւ զԼուսին,, եւ վասն այնորիկ ի չորիցն ապրիլի է սկիզբն: Եւ ի ԺԴ. (14)իցն նիսանայ կարգեցին զԺԹ. (19) երեակ բոլորին, որ ի միում աւուր սկիզբն առնուն եւ ի միում աւուր կատարին:

Չորրորդ` զկնի սորա Ղեւոնդ` հայրն Որոգինէի, արար զլրումն Զատկաց եթովպացւոց եւ եգիպտացւոց:

Հինգերորդ` յետ սորա, որդի նորա արար զլրումն Զատկաց արաբացւոց եւ մակեդոնացւոց:

Վեցերորդ` Անատոլիս Արիոպագացի արար զլրումն Զատկաց յունաց եւ ասորւոց:

Եօթներորդ` յետ սորա Անղէս արար զլրումն բիւթանացւոց եւ կապադովկացւոց:

Ութերորդ` յետ սորա Դիոնեսիոս Արիոպագացի արար զլրումն աթենացւոց:

Իններորդ` յետ սորա Անդրէաս Բիւզանդացի, եղբայր Մագնոսի եպիսկոպոսի, արար միաբանութիւն ամենայն տիեզերաց լրմանց ԺԹ. (19) երեկաց, կրկնակաց, վերադրաց եւ տարեւմտից եւ այլ զանազան խորհրդոց: Վասն զի գայր առ նա Հոգին Սուրբ եւ աղբիւրացուցանէր զնա քան զծովն ովկիանոս, որ քննէր զվերին կիսագունդն եւ զներքին կիսագունդն:

Տասներորդ` յետ սորա Անանիա Շիրակացին արար զլրումն Հայոց Մեծաց:

Իսկ ի ժամանակս ամբարիշտ թագաւորին Յուստինիանոսի եղեւ լրումն Մ. (200) ամի կարգացն Անդրէասայ: Եւ սկսան շփոթել լրմունք Զատկաց եւ գիրք արուեստական տումարաց: Իսկ այր մի ի ճշմարտագունիցն ուսումնասիրաց յեգիպտական մայրաքաղաքէն յԱղեքսանդրեայ` Էաս անուն կոչեցեալ, ձայն արկեալ առ ինքն ժողովէ եւ հավաքէ զայրս կորովամիտ` զԱդդա ի Գամրաց, զՓենեհեզ ի Հրէաստանէ, զՅոհան ի Արաբիոյ, զՅովբել յԵթովպիոյ, զՍերգ ի Մակեդոնիոյ, զԳիգան յԱսորոց, եւ այլ ԼԶ. (36) արամբք հաւատարմօք խորհէին գտանել զդարձ Արեգական եւ Լուսնի ի միում ամի: Եւ գտին զայս լեալ ի ԻԸ. (28) ԺԹ. (19) երեակսն: Ապա դնեն զօր լրմանն ՇԼԲ. (532) ամի անսխալ` զաւարտն գտեալ ի մարտի ԻԵ. (25) եւ սկզբնաւորեալ յապրիլի ԺԳ. (13)-իցն: Եւ վասն զի անցեալ էր Թ. (9) ամ ի սկզբանէ բոլորին` կարգեցին զապրիլի Դ. (4)ն եւ ասացին թուական Հայոց` Ժ. (10): Ուստի եւ սահմանեցին երթալ ի թուէն Թ. (9) եւ զայլն երթալ` ԺԹ. (19), ԺԹ. (19) եւ ի Դ. (4)իցն ապրիլի գտանել զօր լրմանն:

Իսկ այր ոմն` Իրիոն անուն, ի դրան ամբարշտին Յուստինիանոսի, քամահանս վարկուցեալ զոչ կոչելն զնա ի ժողովն, կամեցաւ տապալել զկանոնեալ արհեստն: Խախտեաց զապրիլի ԺԷ. (17)ն ի ԺԶ. (16) եւ զապրիլի Զ. (6)ն` ի Ե. (5), որով գտանի սխալ պասեքն Սուրբ` յառաջեալ միով շաբաթով: Եւ այս ոչ յամենայն ԺԹ. (19) երեակ բոլորի, այլ Ը. (8) անգամ պատահեալ ի շրջանին` պատճառելով զժողովումն Ե. (5) եկի մասանց, զոր կոչէ «օր եկամուտե եւ դնէ ի վերայ յարակային: Եւ այսպէս ընդ սխալանօք գայ եւ հանդիպի ի ներքոյ հասարակածին եւ փակի ընդ նզովիւք գրելեացն, զի գրեալ է, թէ անիծեալ է, որ առնէ զլրումն յառաջ, քան զհասարակածն: Արդ` Իրիոն թէպէտ եւ բազում անգամ կարծէր ճարտարանալ, սակայն ոչ զերծանի ի նզովից` նմանեալ յայնմ, որ սակաւ աղօթէ եւ բազում հայհոյէ:

Արդ` եդաւ Շ. (500)-եակ բոլորն յԼԱ. (31) ամի թագաւորութեան Յուստինիանոսի կայսերն եւ ի ԻԸ. (28)` Խոսրովու պարսից արքային, զի յԼ. (30) ամին Մ. (200)եակն Անդրէասայ կատարեցաւ եւ աւարտեալ վճարեցաւ: Եւ յԼԱ. (31)` Շ. (500)եակ շրջանն ի Աղեքսանդրացւոց եդաւ, զի ընդ լինել վախճանի Մ. (200) եկին Անդրէասայ եղեւ սկիզբն Շ. (500) եկին: Եւ գլուխ շրջանին Մ. (200) եկին Անդրէասայ ապրիլի Դ. (4)ն է: Եւ Ժ. (10) անգամ ԺԹ (19) երեակն պատեալ զանձամբ յապրիլի չորիցն եւ ի ԺԱ. (11) անգամն ընթացեալ այլեւս Ժ. (10) ամ եւ հասեալ ի մարտի ԻԵ. (25), վճարեցաւ Մ. (200)եակն Անդրէասայ:

Եւ թուականս Հայոց եդաւ ի մարտի ԻԵ. (25)ն, որ վերջին ամ էր երկերիւրին Անդրէասայ:

Բայց ծանիր, որդի, զի յախմար գրչէ ապականեալ է բազում ինչ ի մասանց տումարական արհեստիս, նաեւ ի մեկնութիւնս վասն զթիւսն յաւել եւ պակաս գրելոյ: Զի տումարի գրողն պարտ է, զի քաջ վերահասու լինի տումարական մակացութեան եւ ապա համարձակի ի գրելն, զի տումարս ոչ է իբրեւ զայլ գրեանս: Թէպէտ եւ սխալն յամենայն գիրս ոչ մեկնի, բայց թէ պատահէ յայլսն, կարողութիւն է վարդապետաց այլ իմն մտօք ուղղել զայն, բայց ի տումարական գիտութիւնս անկարելի է. զոր օրինակ` մէկն անկարելի է լինել Բ. (2) կամ Բ. (2)ն` Ա. (1): Այսպէս անկարելի է թիւ մի աւելի կամ պակաս գրել, թէ ոչ` սխալէ զարուեստն:

Եւ օրինակ քեզ Իրիոն. արդ` յորժամ երանելին Եւսեբի ժամանակագիրն ժողով արար ԾԲ. (52) իմաստասիրօք ի Կոստանդնուպօլիս, որ է մայրաքաղաք ամենայն իմաստասիրաց, եւ կարգեաց զՇ. (500)-եակն, իսկ Իրիոն աւարիկ գիտնականն հոռոմոց, ոչ կոչեցաւ ի ժողովն յայն: Այլ յորժամ եկն ի հեռի ճանապարհէն, յոր եւ երթալն էր, մախացեալ ըստ իրսն այն եւ զապրիլի Զ. (6)ն Ե. (5) ասաց եւ ելից զԿոստանդնուպօլիս: Իսկ ապրիլի Զ. (6)ն յայնմ ամի կիրակի հանդիպի, բայց մեք ի միւս այլ կիրակին անցուցանեմք զԶատիկն, իսկ Ե. (5) երորդ օրն շաբաթ լինի, եւ նոքա զլրումն ի տեղին առնեն եւ ուտեն զԽաչելութեան շաբաթն: Ահա տես, զի թէ մէկ թիւն զնա անիծից մատնեաց քան եւս առաւել այլ յոլովն:

Վասն որոյ մեծաւ աշխատութեամբ մեք զթիւրեալսն ուղղեմք, բայց ոչ սակաւ երկիւղ է մեզ ի վերստին թիւրելոյ յախմար գրչաց:

Եւ վասն Հայոց թուականիս իմա, զի ոմանք գրեալ են զվախճան Մ. (200) եկին Անդրէասայ եւ սկիզբն թուականիս Հայոց եւ զՇ. (500)եակ բոլորին` լինել յԼԱ. (31) ամի թագաւորութեան Յուստինիանոսի ամբարիշտ կայսերն եւ ի ԻԸ. (28)` Խոսրովու պարսից արքային: Եւ այլք յԼԴ. (34)ն եւ ոմանք` յԼԶ. (36)ն եւ այլք` աւելի եւ նուազ: Եւ ով ոք որ զարհեստն ոչ գիտէ, սոցա զթիւրն եւ զուղիղն ոչ ճանաչէ, նաեւ ոչ` զվնասն: Արդ` ամենայն թիւր եւ սխալ ի բուն սկզբանէն ճանաչի եւ անդ ուղղի: Եւ ի բուն եւ սկիզբն սոցա` Հռոմայեցւոց թուականն, եւ վկա` ամք Ծննդեանն Քրիստոսի:

Արդ` յառաջնումն ամի թագաւորութեան Փիլիպոսի կայսերն լցաւ Ռ. (1000) ամ շինութեան քաղաքին Հռոմայ: Եւ յերկրորդ ամի նորին Փիլիպոսի եդին թուական Հոռոմոց երկրորդումն Ռ. (1000) եկին, եւ էր ի Քրիստոսէ ՄԽԹ. (249) ամ:

Եւ սկիզբն թուականիս մերոյ էր ՇԾԳ. (553) թիւն, որ ի Քրիստոսէ, բայց ոչ ըստ դրութեան, այլ ըստ թուելութեան, զոր յետոյ բացայայտեցից: Եւ էր թուական Հոռոմոց յայսմ ամի ՅԵ. (305): Արդ` արա Հոռոմ թուական եւ տես. կալ զՀայ թուականն Ա. (1) եւ բեր ի վերայ ՅԴ. (304), լինի ՅԵ. (305) ամ, որպէս եւ այժմ եւ առ յապայ:

Յորժամ Հոռոմոց թուական առնեմք, կալնումք զՀայ Մեծ թուականն եւ ՅԴ. (304) ի վերայ բերեմք, Հոռոմոց Մեծ թուական է, եւ զշրջանսն ի բաց գնամք` Փոքր թուական է:

Եւ աստ լինի Յուստինիանոսի կայսերն ԻԱ. (21) ամ եւ Խոսրովու` ԺԸ. (18) ամ:

Իսկ Մ. (200)եակն Անդրէասայ առնու վախճան եւ կատարումն յԼ. (30) ամին Յուստինիանոսի եւ ի ԻԷ. (27)` Խոսրովու: Եւ էր ապրիլէանց խորանն մարտի ԻԵ. (25), որպէս վերագոյն ասացաք:

Եւ դիր թուականիս մերոյ աստ եղեւ` ի լրումն Մ. (200) եկին, որ էր մարտի ԻԵ. (25): Եւ զի ինն ամ անցեալ էր յապրիլի չորիցն, անուանեցին զթուականն մեր իսկ եւ իսկ ի նոյն կէտն, յորում պահու եւ եդին` Ժ. (10), զի յապրիլի չորիցն մինչ ի մարտի ԻԵ. (25)` Ժ. (10) ամ է եւ Ժ. (10) խորան:

- Եւ թէ զայս վասն է՞ր արարին, զի զթուականս ի մարտի ԻԵ. (25) եդին եւ զսկիզբն թուելոյն յապրիլի չորիցն սահմանեցին:

- Այս է պատճառն, զի գլուխ լրմանց շրջանին, նաեւ Շ. (500) եկի` ապրիլի Դ. (4)ն էր: Եւ կամեցան, զի թուականս մեր զսկիզբն ի գլխոյ լրմանց շրջանին ունիցի, որ է ապրիլի Դ. (4), եւ ոչ յապրիլի ԺԳ. (13) իցն, զոր նոքա Շ. (500)եկ բոլորին սկիզբն եդին եւ վերջք` զմարտի ԻԵ. (25) արարին, եւ զնա ԺԹ. (19) երեկի ամ անուանեցին:

Եւ ԺԹ. (19) երեկի մասունսն, որ ի ԺԹ. (19) ամն օր մի պակասի, զայն ի մարտի ԻԵ. (25)ն ի վերադիրն յաւելին, զի զԺԱ. (11) թիւն, որ հանապազ յամենայն ամի ի վերայ հին վերադրին բերէին, նա ի մարտի ԻԵ. (25)ն ԺԲ. (12) բերէին: Զի որպէս գլուխ շրջանին, որ յապրիլի Դ. (4)ն էր, յապրիլի ԺԳ. (13) փոխեցաւ, նոյնպէս եւ ԺԹ. (19) երեկի ամն, որ յապրիլի ԺԵ. (15)ն էր, նա մարտի ԻԵ. (25) փոխեցաւ:

Եւ զայս զի փոխեցին Էասանքն ոչ եթէ զստոյգն ոչ գիտէին, որ սկիզբն լրմանց շրջանին ապրիլի Դ. (4) էր եւ կամ զապրիլի ԺԳ. (13) սկիզբն ստոյգ գիտացին: Կարի քաջ գիտէին զի ապրիլի Դ. (4)ն է իսկապէս գլուխ շրջանին լրմանց, նաեւ Շ. (500) եկի, ուստի եւ ինքեանք ի չորիցն ապրիլի քննեալ գտին զՇ. (500) եկ բոլորին, այլ յակամայ կամօք զայս արարին, զի երբ Մ. (200)եակն Անդրէասայ ի Ժ. (10) խորանն ապրիլի էառ զլրումն, որ էր մարտի ԻԵ. (25), յայնժամ ի հարկէ Շ. (500)եակ բոլորին սկիզբն ապրիլի ԺԳ. (13) էր եկ, եւ ԺԹ. (19) երեկի ամ` մարտի ԻԵ. (25)ն: Եւ սկսան յապրիլի ԺԳ. (13) իցն ՇԼԲ. (532) ամաց լրումն առնել եւ վերադիր եւ Է. (7) երեակ եւ զաւուրն պատկերն, զի յորժամ վճարի, դարձեալ յառաջինն դառնայ:

Եւ թէ ոք ասիցէ, - ապա ընդ է՞ր, յորժամ այժմ Հոռոմոց թուական առնեմք զհանապազորդն ոչ ՅԴ. (304) ի վերայ բերեմք, այլ ՅԳ. (303), եւ յորժամ զթուական Ծննդեանն Քրիստոսի առնեմք, նա զհանապազորդն ՇԾԲ. (552) ոչ բերեմք, այլ ՇԾԳ. (553), - զայս յաւելեալ թիւն արար, յորժամ նաւասարդն զՅայտնութիւն կոխեաց, որպէս բացայայտեցաք ի մեկնութիւն թուականին: Զի ՅԴ. (304) էն թիւ մի պակասեցուցին եւ ՅԳ. (303) արարին, եւ այսու` զաւելի թիւն հանին, զի մի խանգարեսցի արուեստն հոռոմոց: Նոյնպէս եւ զՇԾԲ. (552)ն ՇԾԳ. (553) արարին, զի թուականն Քրիստոսի ըստ մեր յաւելեալ թուոցս հաւասար գտցի:

Ապա եւ յայտնի եղեւ, զի սկիզբն դրման թուականիս մերոյ եւ լրման Մ. (200) եկին` յԼ. (30) ամին Յուստինիանոսի եղեւ եւ ի ԻԷ. (27)` Խոսրովու, որ էր մարտի ԻԵ. (25)ն: Բայց թուելն թուականիս մերոյ ի ԻԱ. (21) ամէն Յուստինիանոսի եղեւ, ի ԺԸ. (18) էն Խոսրովու յաղագս յապրիլի չորիցն, զի նա եղիցի սկիզբն թուականիս մերոյ, որ գլուխ լրմանց շրջանի է, նաեւ ամենայն Շ. (500)եակ շրջանի:

Իսկ սկիզբն Շ. (500)եակ բոլորին Աղեքսանդրացւոց յԼԱ. (31) ամին Յուստինիանոսի եղեւ եւ ի ԻԸ. (28)` Խոսրովու, զի լրումն Մ. (200) եկին յԼԱ. (31) ամին եղեւ:

Արդ` զայս վասն այն ցաւակցաբար բացայայտեցաք զստոյգն, զի հարքն այսպէս կանոնեցին, զի յորժամ Զատկաց լրումն առնիցեմք, ի թուականէն պարտիմք Թ. (9) թիւ ի բաց գնալ եւ զայլն երթալ ԺԹ. (19), ԺԹ (19) եւ զմնացեալն յապրիլի ի չորիցն սկսանել եւ գտանել զլրումն Զատկին: Վասն զի անցեալ Թ. (9) ամն ի սկզբանէ բոլորին կարգեցին զապրիլի Դ. (4)ն եւ ասացին թուական Հայոց` Ժ. (10): Եւ թէ զԹ. (9) ոչ երթամք նա, յայնժամ գլուխ թուականիս մերոյ մարտի ԻԵ. (25)ն լինի: Եւ այս մեզ յոյժ նախատինք եւ երես ծեծանք լինէր ի մերոց եւ յօտարաց հանել զթուականս մեր յերկուց սկզբանց ապրիլէանց` ոչ ունել զսկիզբն յապրիլի չորիցն եւ ոչ` ի ԺԳ. (13)իցն:

Վասն այն կամեցան, զի սկիզբն թուականիս մերոյ ի գլուխ շրջանացն լիցի եւ մանաւանդ զի` յապրիլի չորիցն:

Իսկ վնաս այս է. յորժամ զթիւն առաւել եւ նուազ գրեն, քան զորս գրեցաք, կրկին է վնասն` նախ զի արուեստ լրմանցն սխալի եւ ոչ գայ ուղիղ եւ երկրորդ` զի թուականս մեր յապրիլի չորիցն ի դուրս անկանի, յորժամ յԼԴ. (34)ն եւ կամ այլ առաւել եւ նուազն Յուստինիանոսի ասեն:

Այլ եւ զայս գիտելի է, զի յոյնք եւ ասորիք եւ եգիպտացիք եւ եթովպացիք զհանապազորդն Զատկաց քան զԽԶ. (46)ն ի վայր գրեցին: Եւ զայս վասն առաւելութեան կիսակացն արարին ասեն, զի մի յաւելոյն ի բաց երթիցեն զկիսակսն, բայց միայն` զվերադիրն, վասն այն զհանապազորդն պակասեցուցին: Բայց ոչ հաճելի թուեցավ, որպէս եւ ոչ` Խ. (40)ն Հայոց:

Փառք անբաժանելի երրեակ անձնաւորութեան եւ միակ բնութեան` Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, յաւիտեանս յաւիտենի, ամէն:

Արդ, ով րաբունի եւ աստուածային իմաստութեան ցանկացող, հոգեւոր որդեակ իմ եւ եղբայր բաղձալի վարդապետ Թովմա` Առաջնորդ աստուածաբնակ քրովբէագումար հռչակաւոր սուրբ ուխտի Մեծոփոյ վանք անուանելոյ, ահա եւ զայս եւս զխնդիր քո կատարեցի բազում աշխատութեամբ: Եւ առցես զսա եւ ըստ ուշիմ եւ նրբահայեաց մտաց քոց որոնեսցես, զպակասն լցուսցես եւ զաւելորդն կշռեսցես, եւ զոր ինչ հաւանական գտցես, Տեառնն մատուցանիցես զշնորհս եւ զփառս, զի նորա են գանձք իմաստութեան: Եւ յոչ հաւանականսն տկարութեանս մեր ներեսցես, զի խնդիր քո ի վեր է, քան զկար մեր: Այլ սիրով քո խնդրելոյդ յաղթեալ` ձեռն արկեցաք օժանդակութեամբ Հոգւոյն Սրբոյ, որ ոչ անտես առնէ զշահս հասարակաց օգտութեան:

Վասն որոյ աղաչեմ զքոյին հեզութիւնդ սիրով բաղձանաց, զի յիմաստասիրելն քո քոյովդ հանդերձ, զհոգւոյ աղքատս քո` զՅակոբ Ղրիմեցի սոսկ անուամբ վարդապետս եւ ի հառաչալիր յաղօթս քո մի մոռասցես, այլ ի յիշելն քո եւ զԱստուած ողորմին յիշեսցես: Ողջ լեր ի Տէր: