Պատմագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Սատակումն Մուրատ Բէկին:


Յետ առնլոյ բերդին` կոչեաց զԹահմազ-ղուլին, եւ անուանեաց զնա Ուսուփ փաշայ, եւ Մուրատ բէկին` Մուրատ փաշայ, եւ առաքեաց ՚ի Ստամպօլ մինչ ՚ի գնալն իւր: Եւ նոքա ելին ամենայն աղխիւ իւրեանց` ծառայիւք եւ աղախնեօք, գնացին ընդ նոսա Մասում բէկն եւ Ասլան աղայն, եւ այլք աննշանք: Եւ յորժամ հասին ՚ի սահմանս Օսմանցւոց, ելանէին մարդիկք աշխարհին տեսանել զնոսա, եւ ոմանք ծաղր առնէին եւ հայհոյէին, եւ մականուն եդեալ կատականօք խօսէին: Եւ այն անարգանս վարկաւ ինքեան Թահմազ-ղուլին. յիշէր զմեծութիւն ժամանակին իւրոյ, եւ զանարգանս` զոր տեսանէր եւ լսէր, յոգւոց հանէր եւ փղձկէր, եւ ոչ կարէր առնել ինչ. եւ կայր լռեալ: Երթալով գնացին եւ հասին ՚ի պանդոկ մի, զոր ասէին Ալաճա-խան, եւ անդէն զետղ առին: Եւ ոչ ոք միաբանեցաւ ընդ Մուրատ բէկին` եւ ոչ եղբայր նորա Ասլան աղայ` եւ ո'չ այլ ոք. այլ ամենեքեանքն ընդ Թահմազ-ղուլուն միտեցան հացակից եւ համակամ: Իսկ Մուրատ բէկն կայր ուրոյն` իւր ծառայիւք, եւ կայր առ վրանաւ իւրով: Եւ յաւուր միում առաքեաց առ նա խանն զԱսլան աղայն` եւ ասէ, կոչեա զսեաւ էշ զեղբայր քո` գալ, զի ունիմ ինչ ասել նմա: Եւ գնացեալ Ասլան աղայն` եւ ասէ, կոչէ զքեզ խանն: Ասէ Մուրատ բէկն, միթէ ծառայ՞ իցեմ նմա, զի գնացից առ նա. փաշայ մի` նա, փաշայ մի` ես. եւ ոչ գնաց: Եւ եկեալ Ասլանն պատմեաց խանին: Ասէ խանն, կրկին կոչեա' զնա: Եւ գնացեալ դարձեալ կոչեաց: Եւ նա բարկացեալ` ասէ, փուշտն զի՞ կոչէ զիս, ես ոչ ունիմ ինչ ասել, զի գնացից առ նա. եւ թէ ինքն ունի ինչ ասել, եկեսցէ առ իս: Եւ գնացեալ պատմեաց նմա զամենայն: Եւ ասէ խանն ցԱսլան աղայն, ա'ծ զթուրն քո` ընդ մէջ քո, եւ ե'կ ընդ իս, եւ զոր ինչ ասեմ` արա'. եւ գնացին ՚ի վրան Մուրատ բէկին: Իսկ նորա ամբարտաւանութիւնն եւ կամապաշտութիւնն իւր ՚ի կորուստ եղեւ ինքեան, զի ո'չ յարեաւ ՚ի տեսանելն զնա, այլ սնոտի յուսով փքացեալ նստիւր: Ասէ խանն, սեաւ է'շ` դու բերիր զՕսմանլուն ՚ի վերայ իմ. դու աւերեցեր զերկիր իմ. դու ետուր զբերդն իմ. դու արկեր ՚ի գերութիւն զիս եւ զաշխարհս Եզտաց. եւ ահա' լսեմ` զի ոմանք` Աճամ ասեն, ոմանք` տինոզ, ոմանք` քաֆար ասեն, եւ այլք` ռաֆուզի. եւ այս վասն քո շնութեանդ եկն ՚ի վերայ իմ. եւ այժմ ա'յնքա'ն մեծ եղեր` որ փուշտ եւս կոչես զիս: Եւ ապա ասէ ցԱսլան աղայն, մո'ւտ առ շունդ այդ. եւ հանեալ զսուրն` եւ պատառ պատառ արար զնա. եւ այնպէս կորեաւ ՚ի փառս սատանայի. եւ թաղեցին զնա անդէն. եւ կանգնեցին ՚ի վերայ նորա արձան բռեայ: Իսկ վարիչք նոցա` պատմեցին զայս Խոնթկարին. եւ ասէ Խոնթկարն, բարւոք արար, զի ծառայն իւր սպան: Եւ ելեալ գնաց ՚ի Ստամպօլ. եւ կոչեաց զնա թագաւորն` եւ ասէ, ահա երկիրդ առաջի քո, եւ ուր հաճի սիրտ քո` անդ արա' քեզ բնակութիւն: Եւ նա գնացեալ ՚ի կողմն Քաղկեդոնի` ՚ի քաղաքն Ուսկուտար, եւ անդ շինեաց բնակութիւն ըստ շինուածոց Պարսիցն. եւ անդ եկաց մինչեւ ցօր մահուանն: Եւ մահ նորա ՚ի տեղի նորա պատմեսցուք: