Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
20. ՍԻՐԵԼ
       Բոյլ մը նայուածք , փունջ մը ժըպիտ,
Քուրայ մը խօսք դիւթեց իմ սիրտ:
       Ես ուզեցի լուռ մենանալ ,
Սիրել փըթիթք, խորշեր թաւուտ,
Սիրել կայծերն երկնի կապուտ,
Առտըւան շաղն, իրիկուան բալ,
Ճակատագրիս սեւ գիծ կարդալ ,
Խոկալ, սուզիլ, ըզմայլիլ սուտ:
       Ո՜հ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ,
Շրջազգեստ մը շրշեց իմ շուրջ:
       Ես ուզեցի լոկ ու մինակ
Սրտակցիլ ջինջ վըտակին հետ.
Յիշատակի չ՚ունի նա հետ,
Սի՜րտ մ՚որուն մինչ սուզիմ յատակ,
Գտնեմ զ՚իս հոն դժգոյն, յստակ ,
Գաղտնի՛ք մ՚ունի այն ՝ անթիւ վէտ:
       Եթեր մը տրոփ սրտի լսեցի,
Հծծեց . կ՚ուզե՞ս սիրտ, ե՛կ ինծի»:
       Ես ուզեցի սիրել զեփիւռ,
Որ երկնքէն թռչի բեկբեկ,
Նա չը սիրեր խոցել երբե՛ք,
Հոգի՛ մ՚որուն գաղտնիքն է բոյր,
Գիտէ շոյել երազներ բիւր,
Երկնի բոյրն յ՚ուշ կ՚ածէ առ հէք:
       Ո՜հ փունջ մը բոց փըսփըսաց ինձ,
—Կ՚ուզե՞ս պաշտել հոգի մ՚անբիծ»:
       Ես ուզեցի քընարով մի
Լոկ սիրել հոս, հոս դալկահար,
Պաշտել, գրկել միայն քընար,
Սիրող էակ ճանչել զ՚անի,
Ըստ իմ քըմաց լարել աղի ,
Եւ սրտակցիլ սիրողաբար:
       Նէ մօտեցաւ յուշիկ , ըսաւ,
—Քնարդ է ցուրտ սիրտ եւ սէրըդ ցաւ»:
       Թօթուեց թեւերն հոգիս մոլար,
Ճանչեց ըզնէ գեղ ու կըրակ,
Սիրտն անապակ՝ ինչպէս վըտակ,
Անմե՛ղ՝ ինչպէս սիւք դալկահար,
Հաւատարի՛մ՝ ինչպէս քընար,
Հրաժեշտ տըւաւ կեանքի մենակ:
       Բոյլ մը նայուածք , փունջ մը ժըպիտ,
Քուրայ մը խօսք դիւթեց իմ սիրտ:
       1871