Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
24. ՆԵՐԱ ՀԵՏ
       Համբոյր մ՚առի ներանէ,
Համբո՜յր մ՚անհուն գորովի,
Երբ կարմիր շողք մարէին
Հորիզոնին վերեւի:
       Ձեռքըս տարաւ կուրծին՝ հոն
Սիրոյ երկին մ՚որոտար .
Թօշնեցայ գիրկն ես իբրեւ
Համբոյր մ՚անհուն, դալկահար :
       Նէ զ՚իս իր քով նըստեցուց
Գորգի վըրայ դալարեայ .
Հուսկ ճաճանչ մը կ՚պլպլար
Ներա դիմացը վըրայ:
       Թոթովեցի դողացի
Առի համբոյր անհամար.
«Խօսի՜նք » ըսաւ ո՜հ, խօսի՜լ ,
Հատնիլ է լոկ ինձ համար:
       Աչերու բոցն երբ մարի,
Դադրի տըրոփն երբ սրտին,
Լոկ այն ատեն հարկ է որ
Անզօր շուրթերը խօսին:
       Հուր հորիզոնն մարեցաւ ,
Երկինքն աստղեր փթթեցան ,
Համբոյր մ՚առի դարձեալ ես
Հ՚անուն աստեղց ցիրեւցան:
       Նէ թողուց որ վարսքն ազատ
Սիւքը դէպ յ՚իս բերելով
Միշտ հովահրէ բըռընկած
Ճակատըս զով բոյրերով:
       Ո՜հ, այն ժամը ոսկեզօծ
Անշուշտ սահած , թըռած է
Ճակատագրին անողորմ
Սեւ ձեռքերէն երկաթէ:
       Մեր համբոյրներն պահեցին
Տերեւները խարշափմամբ,
Եւ շողերու տըւին շուք
Աստղերն երկնից այս անամպ:
       Ձեռք վերցուցինք աստղերուն,
Սէր ուխտեցինք իրարու,
Դողդըղացին աստղերն ալ
Մեր երդումէն ահարկու:
       Լըսեց երկինք մեր ջերմ ուխտ,
Աստղեր սրսկեց ի գորով,
Բնութիւնն եղաւ պըսակիչ,
Մեզ պըսակեց աստղերով…:
       1871