Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա
91. ԼԵՒՈՆ ԶՕՀՐԱՊԻՆ

Թարգմանութիւն


[Փարիզ, 1 յունիսի, 1908], երկուշաբթի, կէսգիշեր

 

Շատ սիրելի զաւակս,

Այս պահին հիւրանոց գալով ստացայ մայիսի 31-ի նամակդ: Գրում ես վաճառատնից ստացած նամակի մասին եւ որ աճապարանքից մոռացել ես այն ուղարկել ինձ: Ուղարկիր այդ նամակը` պատճէնը պահելով մօտդ:

Վաղը քեզ կ՚ուղարկեմ հետեւեալ գործերը.

1. Ծարրաքարի գործի թղթածրարը:

2. Ծծմբասնդիկի (սնդիկի) գործի թղթածրարը:

3. Ցինկի արտօնագրի թղթածրարը, որի մասին առ այսօր քեզ ոչինչ չեմ ասել եւ որը պատկանում է Սուլթանից յետոյ Թուրքիայի ամենաազդեցիկ մարդուն` Ս. Մ. անձնական քարտուղար Թահսին փաշային:

Դու կարող ես այս երրորդ գործով զբաղուել:

Ինչ վերաբերում է գնին ու պայմանագրեր կնքելուն, գերադասելի է, որ սպասես իմ Բեռլին գալուն: Մինչ այդ, ջանա գործը գլուխ բերել սկզբունքօրէն:

Ծարրաքարի համար քո նախատեսած պայմաններն ու գինը հրաշալի են: Երբ բանը կը հասնի վաւերացնելուն, իմ ներկայութիւնը անհրաժեշտ կը լինի:

Ուշադրութիւն դարձրու. տեղեկագրի, ինչպէս նաեւ գործերի նախագծի մէջ կայ «Զօհրապ» կոչուած մի կէտ, որից գնորդը կ՚իմանայ, որ արտօնագրի մէջ սեփականատէրը մենք ենք: Բայց դա ոչինչ չի նշանակում:

Ինչ վերաբերում է ծծմբասնդիկին` սեփականատէրը պահանջել է երկու միլիոն ֆրանկ. կէսը` թղթադրամով, կէսը` արժեթղթով: Ուրեմն դու կը պահանջես երկուսուկէս միլիոն:

Ցինկի մասին. եթէ գտնես շահագրգռուած մի վաճառատուն` գնի մասին կը խօսենք: Այս արտօնագիրը շատ մօտ է «Կարասու» ընկերութեան արտօնագրին:

Կ՚ուղարկեմ նաեւ մի նմուշ:

Շարունակ մեծ անհամբերութեամբ եմ սպասում Հալէպի գործի նորութիւններին եւ ամուր համբուրում եմ քեզ`

Գ. ԶՕՀՐԱՊ

 

Յ. Գ. Եթէ լաւ լուր ստանաս «Սիմէնս եւ Հալսկէից» եւ եթէ կ՚ասեն, թէ հետաքրքրւում են այդ գործով, ինձ հեռագրիր` դրական է:

Հասցէագրիր` Զօհրապ, «Կօնտինենտալ», Փարիզ:

Յ. Գ. Երեքշաբթի առաւօտեան։ Այս առաւօտ ստացայ մայիսի 31-ի երկրորդ նամակդ, ինչպէս նաեւ երկու նամակ… Այսօր իսկ քեզ եմ ուղարկում փաստաթղթերը:

Գ. ԶՕՀՐԱՊ